Դիլիջան համայնք

Դիլիջանը խոշորացված համայնք է Տավուշի մարզում, ձևավորվել է 2016 թվականին։

Համայնքի կազմում միավորվել են հետևյալ համայնքները․

  • Հաղարծին ,
  • Թեղուտ,
  • Հովք,
  • Գոշ,
  • Խաչարձան,
  • Աղավնավանք      

Դիլիջանի համայնքապետի պաշտոնակատարը Դավիթ Սարգսյանն է։

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։   Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։   Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:   Փակ են Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք), Բերդ-Ճամբարակ (բուք է) և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհները:   Դիլիջանի, Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները, Սյունիք գյուղից «Զանգեր» կոչվող հատվածը (միակողմանի) փակ են կցորդիչով բեռնատարների համար: Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար (անվաշղթաների կիրառման դեպքում):   Գյումրի-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Գոգավան-Ստեփանավան և Բլագադարնոյե-Կաթնառատ ավտոճապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի, Ափնա-Ծիլքար, Մաստարա-Լանջիկ ավտոճանապահները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:   Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի (բացառությամբ Բերդ քաղաքի) մարզերում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Ստեփանավան, Վանաձոր, Տաշիր, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն:   Շիրակի մարզի «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Ծաղկահովիտ գյուղում բուք է:   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:11 - 27 հունվարի, 2024
Վարչապետը ներկա է գտնվել Դիլիջանի մարզահամալիրի բացման արարողությանն ու ծանոթացել քաղաքում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետը ներկա է գտնվել Դիլիջանի մարզահամալիրի բացման արարողությանն ու ծանոթացել քաղաքում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում ներկա է գտնվել Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին մարզահամալիրի բացման առիթով և նշել. «Այն, ինչ լսեցի քիչ առաջ, մի փոքր դառնացնող է, որովհետև հնչեց Դիլիջանի միակ մարզադպրոց արտահայտությունը: Այսինքն այս արտահայտությունը կարող է ցույց տալ ինքնին, թե մենք ինչ ծավալի խնդրի առաջ ենք կանգնած և ինչ խնդիրներ պետք է լուծենք, բայց իմ ասածը նրա մասին չէ, չեմ ակնարկում, որ դժվար է: Ինչքան էլ դժվար լինի, այդ խնդիրները մենք պետք է լուծենք: Ընդամենը երկու օր առաջ կառավարության նիստում ընդունեցինք «Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2024-2030թթ. ռազմավարությունը»: Այդ ռազմավարությունը, մեծ հաշվով սրա մասին է, որ մենք Հայաստանում սպորտային ենթակառուցվածքը պետք է զարգացնենք, բայց շատ կարևոր է, որ այս ճանապարհին կառավարությունը միայնակ չլինի: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել GreenRock ընկերությանը՝ նման նախաձեռնության համար»: Նրա խոսքով Կառավարության օրակարգը և խնդիրը շատ պարզ է. պետք է այնպես անել, որ յուրաքանչյուր երեխա, նույնիսկ յուրաքանչյուր մեծահասակ, սպորտով զբաղվելու ենթակառուցվածքին հասանելիություն ունենա: «Եվ մենք հիմա էլ բավականին մեծ թվով մարզական ենթակառուցվածքներ ենք ստեղծում՝ դպրոցների տեսքով: Երկու օր առաջ նորից կառավարության նիստում հնչեց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում 25 մարզադահլիճներ շահագործման կհանձնենք այն դպրոցների համար, որոնք չունեն նման մարզադահլիճներ: Կարևոր է, որ այս պրոցեսը շարունակվի և մասնավոր հատվածն էլ կառավարության ռազմավարություններին համահունչ ներդրումներ անի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ Կառավարության դերն է ուղղորդել մասնավոր այն ներդրումները, որոնք սոցիալական պատասխանատվության շրջանակում են: «Բոլոր այդ ներդրումները պետք է լիարժեք համապատասխանեն կառավարության կողմից ընդունված ռազմավարություններին, որպեսզի մենք կարողանանք սիներգիա ստանալ»,- ասել է նա։ Վարչապետը շրջել է մարզահամալիրում, ծանոթացել իրականացված շինարարական աշխատանքներին: Վարչապետին ներկայացվել է, որ Դիլիջանի մարզահամալիրը վերջին անգամ նորոգվել էր 2006 թվականին։ Ծրագիրն իրականացվել է Դիլիջանի համայնքապետարանի և GreenRock Management Group միջազգային կառուցապատող ընկերության հետ համագործակցությամբ։ Փոխվել է շենքի արտաքին և ներքին դիզայնը։ Ձեռք են բերվել նոր մարզական գույք և սարքավորումներ։ Պատասխանատուների ներկայացմամբ դպրոցում գործելու են ըմբշամարտի, բռնցքամարտի, բազկամարտի, ֆուտբոլի, սեղանի թենիսի և գեղարվեստական մարմնամարզության խմբակներ։ Այժմ դպրոցում կարող է մարզվել ավելի քան 500 մարդ։ Մարզահամալիրն ապահովված է նաև աղջիկների մարզվելու համար նախատեսված գույքով։ Դիլիջանում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Հովհաննես Շարամբեյանի անվան թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի՝ տարեսկզբին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներին։ Հուշարձան շենքը նախկին տեսքին բերելու համար ամրակայման, հիմնանորոգման աշխատանքների համար Կառավարությունը մոտ 20 մլն դրամ է հատկացրել։ Փոխվել են կոնստրուկցիաները, տանիքը, հիմնային պատերը և այլն։ Վերակառուցումից հետո շենքը կունենա նույն արտաքին տեսքը, սակայն ավելի հարմարավետ նոր ու ժամանակակից ցուցադրություններ անցկացնելու համար։ 2024 թվականին՝ թանգարանի 45-ամյակին, նախատեսվում է թանգարանի վերաբացումը: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Դիլիջան քաղաքի Կալինինի 256 հասցեից մինչև Այգեստան 1/1 հասցեն ընկած հատվածի ասֆալտապատման աշխատանքներին, որոնք արդեն ավարտվել են: Ներկայացվել է, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմել է 128 մլն դրամ, որի 60%-ը համաֆինանսավորել է Դիլիջանի համայնքապետարանը, իսկ 40%-ը՝ Կառավարությունը:  
18:19 - 09 դեկտեմբերի, 2023
Հրդեհ «Դիլիջան» ազգային պարկում. քամու ուժգնության հետևանքով այն շարունակում է տարածվել Հաղարծնի տեղամասում

Հրդեհ «Դիլիջան» ազգային պարկում. քամու ուժգնության հետևանքով այն շարունակում է տարածվել Հաղարծնի տեղամասում

Նոյեմբերի 6-ին` ժամը 13:30-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։51-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 10 փրկարարական ծառայող, «Դիլիջան» ազգային պարկի 15 և Դիլիջանի ոստիկանության 1 աշխատակից։ Ժամը 20:07-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են․ «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։ Նոյեմբերի 7-ին` ժամը 07:00-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Նոյեմբերի 7-ին` ժամը 15։00-ին, քամու ուժգնության հետևանքով հրդեհը շարունակում է տարածվել «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծնի տեղամասում։  
16:01 - 07 նոյեմբերի, 2023
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ, Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը: Մրցաշարը տեղի է ունենալու մայիսի 20-ի առավոտյան: Միջոցառմանը կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 12 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք կհաղթահարեն 5000 մետր մրցատարածությունը: Հանդիպման ընթացքում վարչապետը մասնակիցների հետ քննարկել է մրցաշարի կազմակերպմանը, ձևաչափին, մարզերում անցկացված նախնական փուլերի արդյունքներին վերաբերող հարցեր, պատասխանել տարբեր հարցերի: Մրցաշարի մասնակիցները և նրանց մարզիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին նման նախաձեռնության համար և հավելել, որ այն բավականին մեծ հետաքրքրվածություն ունի դպրոցականների շրջանում: Նիկոլ Փաշինյանը բոլորին մաղթել է հաջողություններ և հորդորել շարունակել զբաղվել սպորտով, իսկ Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի համայնքներում ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ:
10:17 - 20 մայիսի, 2023
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լոռու մարզում, Սյունիքի մարզի Գորիս, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գորիս քաղաքում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:14 - 03 դեկտեմբերի, 2022
Մեկնարկել է «Ներուժ 3.0» ծրագիրը. Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է մասնակիցներին

Մեկնարկել է «Ներուժ 3.0» ծրագիրը. Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է մասնակիցներին

Դիլիջանում հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի 5-օրյա միջոցառման պաշտոնական բացումը, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը և այլ պաշտոնատար անձինք: Այս մասին հաղորդում է Բարձր տեխնոլոգիական արդունաբերության նախարարությունը։   Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է ծրագրի մասնակիցներին և հյուրերին, անդրադարձել ծրագրի նպատակին ու կարևորությանը, այն ակնկալիքներին, որ ունի նախարարությունը ծրագրի յուրաքանչյուր մասնակցից։   «Ծրագրի հիմքում շատ կարևոր բաղադրիչ է` մասնագիտական հայրենադարձությունը: Այս համատեքստում դուք կարող եք Հայաստան բերել աշխարհի փորձը: Ապրելով, սովորելով և աշխատելով աշխարհի տարբեր վայրերում, դուք դարձել եք տվյալ երկրի մշակույթի, կենսակերպի, մտածողության կրողը։ Իսկ այստեղ, այս ծրագրի շրջանակներում՝ այժմ հանդես եք գալիս նաև այդ երկրների տեխնոլոգիական ոլորտի դեսպաններ:    Սիրելի՛ մասնակիցներ, ձեզանից  յուրաքանչյուրը՝ դիմելով այս ծրագրին, կարևոր առաքելություն է ստանձնել. վերադառնալով հայրենիք, ձեր նորարարական գաղափարներն ու նախագծերը հայրենիքում կյանքի կոչելով՝ ներդրում ունենալ մեր երկրի առաջընթացին ու զարգացմանը: Մեր սպասելիքներն այս ծրագրից շատ են. ձեզանից ակնկալում ենք նոր, հետաքրքիր գաղափարներ և մոտեցումներ, մշակումներ ու լուծումներ:    Եվ հավատացած ենք, որ «Ներուժ 3.0»-ի ավարտին հայկական տեխնոլոգիական ոլորտում ստեղծվելու են նոր արժեքներ, որոնք կարող են լուրջ նախադրյալ լինել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը՝ հավելելով, որ նախարարությունը պատրաստ է իր բոլոր ռեսուրսներով աջակցել ծրագրի մասնակիցներին, որպեսզի նրանք շատ արագ հաստատվեն Հայաստանում և իրենց ստարտափը վերածեն կայուն զարգացող բիզնեսի:     Մխիթար Հայրապետյանը նշել է, որ «Իմ քայլը» հիմնադրամը չափազանց կարևորում է սփյուռքի համահայկական մարդկային կապիտալի կենտրոնացումը Հայաստանում, և, առհասարակ, համահայկական ծրագրերի շուրջ: «Հայ ժողովրդի մեծագույն ազգային հարստությունը մարդկային կապիտալն է, որի միջուկը հենց ինքը մարդն է: Ի տարբերություն բնական ռեսուրսների՝ մարդկային կապիտալը և հատկապես սփյուռքի ներուժը ճիշտ, նպատակային օգտագործելու դեպքում այն կարող է շարունակաբար վերարտադրվել:   Դեռևս 2018-ին, երբ առաջին անգամ անցկացվում էր այս ծրագիրը, մենք նպատակ ունեինք խթանել մասնագիտական հայրենադարձությունը, նպաստել Հայաստանի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։ Այսօր էլ նոր մասնագետների ներգրավման կարիք ունենք: Կարող ուժերը, նոր գաղափարները, թարմ մոտեցումները կբերեն աշխատանքի նկատմամբ մեր վերաբերմունքի փոփոխությանը և նոր մշակույթի ձևավորմանը: Սիրելի՛ ներուժցիներ, մենք պետք է ուժ գտնենք մեր մեջ ու նայենք իրականության աչքերի մեջ, իսկ այդ իրականությունը լի է փորձություններով և մարտահրավերներով։ Եվ փոխանակ առաջ շարժվենք՝ հայտնվել ենք մեղավորների հավերժ փնտրտուքի մեջ։   Եվ ուրեմն, առաջարկում եմ դուրս գալ մեղավորներ փնտրելու այս շրջափուլից, և մեր եռանդը, ջանքն ու կարողություններն ուղղենք մարտահրավերներին դիմակայելուն և զարգացման նոր հորիզոններ բացահայտելուն»,- նշել է Մխիթար Հայրապետյանը։   ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հաջողություն մաղթելով ծրագրի մասնակիցներին՝ համառոտ ներկայացրել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգը, այն զարգացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության ռազմավարությունն ու տեսլականը:    «Ներուժը» պետական ծրագիր է, որի նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը՝ նպաստելով Հայաստանի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը: Արդեն 3-րդ անգամ անցկացվող ծրագիրն այս տարի իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից՝ «Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ։   Ծրագրի շրջանակում այս տարի Հայաստանում հյուրընկալվել  են 22 ստարտափներ Կանադայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Տոգոյից, Կիպրոսից, Գերմանիայից, Ավստրիայից։    Լավագույն նախագծերն այս անգամ ևս կարժանանան դրամաշնորհի, ինչը հնարավորություն կտա մասնակիցներին զարգացնել իրենց գաղափարներն՝ այն վերածելով կայուն զարգացող բիզնեսի:    Ծրագրի մրցանակային ֆոնդը կազմում է 45 մլն դրամ:   Առաջին մրցանակի արժանացած ստարտափ նախագծին  կշնորհվի 20 մլն դրամ,  երկրորդ մրցանակակրին՝ 15 մլն դրամ, երրորդ մրցանակին արժանացած ստարտափին՝ 10 մլն դրամ։   Նշենք, որ դրամաշնորհ ստանալու կարևոր նախապայմաններից է Հայաստանում ստարտափ գրանցելը, գործունեություն ծավալելը և առնվազն մեկ տարի ՀՀ-ում բնակվելը:
15:17 - 22 հոկտեմբերի, 2022
Դիլիջանում սկսվել են վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքները

Դիլիջանում սկսվել են վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ այսօր մեկնարկել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքները, որոնք ընթանալու են օգոստոսի 6-7-ը, ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի մամուլի բաժնից։ «Նիստին մասնակցում են Նախագահ Վահագն Խաչատուրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի հարցերի նախարար Արտակ Քամալյանը, «Հայկական տնտեսագիտական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Գուրգեն Ասլանյանը, Եվրոպայի տնտեսական հետազոտությունների կենտրոնի անդամ Զարեհ Ասատրյանը, ԱՄՆ Կորնելիի համալսարանի պրոֆեսոր Լևոն Բարսեղյանը, ՌԴ տնտեսական դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Ենիկոլոպովը, Բարսելոնայի տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր Վլադիմիր Ասրիյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, ինչպես նաև տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները, Էկոնոմիկայի, Ֆինանսների և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարների տեղակալները, Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը, պաշտոնատար այլ անձինք։ Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, Հարգելի գործընկերներ, Նախ ուզում եմ ողջունել մեր փորձագետներին՝ Վարչապետին կից տնտեսական խորհրդի անդամներին և շնորհակալություն հայտնել այս ձևաչափով աշխատելու համաձայնության համար: Այս դահլիճում ամենատարբեր ֆորմատներով շատ ենք քննարկել Հայաստանում տնտեսական հնարավոր ուղղությունները, զարգացումները, և այդ քննարկումների մի մասն այս ընթացքում արդեն կյանքի է կոչվել: Ես հիշում եմ, երբ 2018 թվականին այստեղ քննարկում էինք համահարթ եկամտային հարկ ունենալու հարցը, և դա շատ լուրջ բանավեճ էր, կային շատ մեծ կասկածներ, դեմ և կողմ կարծիքներ: Ի վերջո, քաղաքական որոշում կայացվեց, որ մենք պետք է գնանք այդ ճանապարհով և համահարթ եկամտահարկ կսահմանենք՝ մի քանի տարվա ընթացքում հասնելով 20 տոկոսի: Այն ժամանակ երկու ակնկալիք ունեինք այդ որոշումից. առաջինը՝ ակնկալում էինք, որ աշխատատեղերը ստվերից դուրս կգան, և երկրորդը՝ ավելի ցածր դրույքաչափով ավելի մեծ հարկային եկամուտներ կապահովենք եկամտային հարկի գծով: Այդ կանխատեսումները, ըստ էության, այսօր իրականություն են դարձել. մենք շարունակական վճարվող և գրանցված աշխատատեղերի աճ ենք ունենում, եկամտային հարկի առումով՝ ավելի ցածր դրույքաչափով ավելի մեծ հարկեր ենք հավաքում, և այդ պրոցեսը շարունակական է: Սա ընդամենը մեկ օրինակ է։ Սա ինչի՞ համար եմ ասում: Անկեղծ ասած, ես շատ գոհ եմ, որ մենք այդ որոշումը կայացրել ենք, որովհետև քաղաքական իշխանությունը կամ գոնե ես, որ մասնագիտությամբ տնտեսագետ չեմ, լսում եմ տնտեսագետներին և փորձում եմ որևէ եզրակացության գալ՝ իհարկե, Կառավարության ձևաչափով, խորհրդարանական մեծամասնության հետ համատեղ: Հույս ունեմ՝ որոշ ժամանակ անց կհիշենք այսպիսի քննարկման արդյունքում կայացված որոշումները, որոնց առնչությամբ գոհունակություն կհայտնենք: Կրկին ողջունում եմ բոլորին և շնորհակալ եմ մասնակցության համար»: Նիստի օրակարգի շրջանակում քննարկման առարկա են ՀՀ տնտեսական քաղաքականությանը՝ ընթացիկ իրավիճակին և կանխատեսվող զարգացումներին վերաբերող հարցեր: Նախատեսված են քննարկումներ ՀՀ կառավարության ծրագրի, մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության, գյուղատնտեսության մրցունակության բարելավման, պարենային համակարգի զարգացման, և այլ թեմաների շուրջ: Զեկույցներով են հանդես եկել Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը։ Ֆինանսների նախարարն իր զեկույցում անդրադարձել է 2017-2021թթ. տնտեսական զարգացումներին, միջնաժամկետում բարձր տնտեսական աճի ապահովման համար հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթություններին, Կառավարության ծրագրով պլանավորված մակրոտնտեսական ցուցանիշներին, ընթացիկ ու կապիտալ ծախսերին և մի շարք այլ հարցերի։ Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է ամփոփ զեկույց ՀՀ կառավարության տնտեսական ծրագրի կատարման ընթացքի, տնտեսության և արտահանման վրա փոխարժեքի ազդեցության վերաբերյալ։ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարն իր զեկույցում անդրադարձել է դրամավարկային քաղաքականությանը, գնաճային և արժույթային զարգացումներին, համավարակով և պատերազմով պայմանավորված անորոշություններին ու կանխատեսումներին։ Նիստի մասնակիցները հանդես են եկել դիտարկումներով, ծավալվել է մտքերի փոխանակություն զեկույցներում արծարծված հարցերի, տնտեսության միտումների ու զարգացման հեռանկարների շուրջ։ Անդրադարձ է արվել նաև միջազգային իրավիճակով պայմանավորված տնտեսական մարտահրավերներին։ «Վարչապետը նշել է, որ Կառավարության առաջնահերթ նպատակը մարդկային կապիտալի զարգացումն է, և այդ նպատակով արմատական բարեփոխումներ են իրականացվում կրթության ոլորտում։ Այս համատեքստում անդրադարձ է եղել Կառավարության՝ տնտեսության արտադրողականության բարձրացմանն ու տնտեսության մեջ գիտելիքի ձևավորմանն ուղղված ծրագրերին։ Վարչապետին կից տնտեսական խորհրդի նիստի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 7-ին»,-նշված է հաղորդագրությունում։
16:27 - 06 օգոստոսի, 2022
STARMUS-ը երիտասարդներին քաջալերելու լավագույն ձևն է. ներկայացվել է STARMUS 6-րդ փառատոնը

STARMUS-ը երիտասարդներին քաջալերելու լավագույն ձևն է. ներկայացվել է STARMUS 6-րդ փառատոնը

Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, STARMUS փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարներ Վահագն Խաչատուրյանը և Վահրամ Դումանյանը հայտարարել են գալիք տարի Հայաստանում գիտության և արվեստի STARMUS 6-րդ փառատոնի անցկացման մասին։ Այս մասին հաղորդագրություն է տարծել ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նշելով, որ հաջորդ տարի ծրագրվում է անցկացնել չորրորդ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը և դրան զուգահեռ մեկ այլ խոշոր միջոցառում՝ STARMUS 6-ը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Հազարավոր մասնակիցների գալու են Հայաստան՝ մասնակցելու գիտության, արվեստի, երաժշտության փառատոնին։ 21-րդ դարում դրանք փոխկապակցված են։ Դա լավագույն ձևն է քաջալերելու մեր երիտասարդներին, որովհետև նրանց ապագան, նրանց ընտանիքների ապագան, Հայաստանի ապագան կապված է լինելու նոր տեխնոլոգիաների, գաղափարների, գիտության հետ։ Մեր երկրի ամենամեծ հարստությունը մարդիկ են, տաղանդավոր մարդիկ: Այդ մարդկանց պետք է աջակցել, օգնել, որպեսզի զարգանան։ Լավագույն ձևը երիտասարդ սերնդին կրթելն ու քաջալերելն է, որ նրանք իսկապես ապագա ունեն՝ և՛ Հայաստանում, և՛ աշխարհում։ STARMUS-ը մինչև հինգերորդ փառատոնը եղել է ռոք երաժշտության և աստղագիտության մասին, իսկ STARMUS վեցերորդը, որն անցկացվելու է Հայաստանում, տարբերվելու է։ Այն լինելու է փառատոն ընդհանրապես երաժշտության և արվեստի մասին՝ դասականից մինչև ռոք, լինելու է փառատոն ոչ միայն աստղագիտության, աստղագնացության, այլև ընդհանրապես ժամանակակից գիտության մասին՝ աստղագիտությունից, ֆիզիկայից մինչև կենսաբանություն, մինչև արհեստական բանականություն»: Նախագահ Սարգսյանը նշել է, որ ուրախ կլինի բոլորին հյուրընկալել «Մտքերի հայկական գագաթնաժողովին», որը մաս կկազմի ավելի խոշոր՝ STARMUS 6-րդ փառատոնի։ Ներկայացնելով STARMUS-ը՝ փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանն ասել է, որ այն արդեն իսկ երկու անգամ ճանաչվել է որպես աշխարհի լավագույն գիտական փառատոն։ «Մենք հպարտանում ենք դրանով, որովհետև աշխարհում 50-ից ավելի գիտական փառատոններ կան։ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ավստրալիայում գիտական ֆորմատը շատ լավ ճանաչված է, սակայն Հայաստանում ոչ մի անգամ չի եղել գիտական փառատոն: Փառատոնի հիմնական նպատակը հասարակությանը և գիտությանը միացնելն է, որովհետև շատ մեծ անջրպետ կա, որը գնալով մեծանում է։ Եթե մենք ցանկանում ենք կապ ստեղծել հասարակության, գիտության, տեխնոլոգիաների միջև, շատ բարդ բանաձևեր ենք մտածում, որոնցից մեկը STARMUS -ն է։ Ցանկանում ենք, որ այդ կապը հաստատվի, ուժեղանա և միշտ շարունակվի։ Այսօր մենք հայտարարում ենք առաջին 30 մասնակիցներին, որոնց մեջ են 8 նոբելյան մրցանակակիրներ, առաջին հայ աստղագնացը NASA-ից՝ Ջիմ Պաղյանը, որն առաջին անգամ կայցելի Հայաստան, Ipod-ի ստեղծող Թոնի Ֆադելը և այլոք: Թեման շատ հետաքրքիր է՝ 50 տարի Մարսի վրա։ Դա չի նշանակում, որ ամբողջ փառատոնը Մարսի մասին է։ Աստղագիտությունը փառատոնի 20 տոկոսն է զբաղեցնում, մնացածը՝ բարձր տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, ֆիզիկայի, ծրագրավորման և այլնի մասին է»,- ասել է  Գարիկ Իսրայելյանը։ Գարիկ Իսրայելյանն ընդգծել է, որ STARMUS-ն օգտագործում է տիեզերքը և աստղագիտությունը, հետո միանում են բոլոր գիտությունները, ու փորձ է արվում գիտությունը կապել արվեստի հետ, որովհետև արվեստը շատ ավելի հասանելի է հասարակությանը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Դերենիկ Դումանյանը ևս կարևորել է Հայաստանում STARMUS-ի անցկացումը. «Ներկայումս մեր հասարակությունը բարձրացնում է անվտանգությանը վերաբերող շատ հարցեր։ Անվտանգության լավագույն երաշխիքը զարգացած գիտություն, կրթություն, մշակույթ ունենալն է և այս դաշտում առաջատար լինելը, ինչը կապահովի մեր հզորացումը, մեր անվտանգությունը։ Այս փառատոնը հասանելի կլինի բացառապես բոլորին, ովքեր կցանկանան մասնակցել այդ միջոցառումներին»: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը STARMUS-ը համարել է համագործակցության լավ օրինակ. «Սա լավագույն օրինակն է, թե ինչպես դրսում աշխատող մեր ընկերները, անձնական նախաձեռնությամբ եկել են Հայաստան՝ կառավարության համաձայնությամբ ու նախագահի հովանավորությամբ անցկացնելու հեղինակավոր այս փառատոնը։ Որպես կառավարություն մենք ուզում ենք հանրությանը ներկայացնել, որ մեր տրամադրությունները միտված են ապագային»:
16:15 - 23 հոկտեմբերի, 2021
Բազմաթիվ նորարարությունների համար Հայաստանը կարող է դառնալ տուն. ԿԲ նախագահ |armenpress.am|

Բազմաթիվ նորարարությունների համար Հայաստանը կարող է դառնալ տուն. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը համոզված է, որ Հայաստանը կարող է դառնալ տուն՝ բազմաթիվ նորարարությունների համար: Գալստյանը նման տեսակետ հայտնեց Դիլիջանում անցկացվող Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովում: «Ապագան հիմնված է գիտության և տեխնոլոգիաների վրա: Թվանշային տեխնոլոգիաները սրա կենտրոնում են: Հայաստանն  այն կատարյալ վայրն է, որտեղ փոխակերպմանն ուղղված լուծումները կարող են բացահայտվել և իրականացվել: Տաղանդաշատ մարդկային ռեսուրսներով, բաց մշակույթով, հզորագույն սփյուռքով Հայաստանը կարող է դառնալ տուն բազմաթիվ նորարարությունների համար»,-ասաց Գալստյանն ու հույս հայտնեց, որ մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու բարձր տեխնոլոգիաների արագ զարգացող ոլորտը ՀՀ-ում: Գալստյանը շեշտեց՝ ԿԲ-ն չեմպիոն է դարձել ֆինանսական ծառայությունների փոխակերպման գործընթացում: Ֆինանսական ծառայությունների թվային վերափոխումը Կենտրոնական բանկի համար առաջնահերթ է դարձել: ԿԲ նախագահը վստահեցրեց՝ նաև կարողանում են համապատասխան հենքեր ստեղծել թվային տնտեսության զարգացման համար, ակնկալում են համապատասխան մասնակցություն նաև մասնավոր ոլորտի կողմից, խոսքը նաև գլոբալ մակարդակով տաղանդների ներգրավման, նորագույն տեխնոլոգիաների ներգրավման, մարդկային կապիտալի ներառման մասին է: «Հաջորդ կարևորագույն քայլը վերաբերում է վճարման և հաշվարկային ծառայությունների թվանշավորմանը՝  ծառայությունների որակը բարելավելու համար հիմք ընդունելով նորարարական լուծումները: Դա նոր թվային ֆինանսական ծառայությունների համար կստեղծի նոր էկոհամակարգ»,-ասաց Գալստյանը: ԿԲ նախագահը հավելեց. «Աշխարհը դառնում է լաբորատորիա  փորձարկումների համար, և այն ազգերը, որոնք բավարար համարձակություն  կունենան այդ փորձն իրականացնելու, կստանան համապատասխան արգասիքը»:
12:30 - 23 հոկտեմբերի, 2021
Վարչապետը մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովին»

Վարչապետը մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովին»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Դիլիջանում մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բացմանը: Միջոցառումն անցկացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, գլխավոր գործընկերներն են «The Monthly Barometer» վերլուծական հանդեսը և ՀՀ կենտրոնական բանկը: Այս տարի այն կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Կառավարության հարգելի անդամներ, Հարգելի հյուրեր, Ողջունում եմ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» անցկացումը Հայաստանի Հանրապետությունում՝ Դիլիջանում և ողջունում եմ նաև այն, որ, չնայած համաճարակային իրավիճակին, որոշում է կայացվել, այնուամենայնիվ, անցկացնել։ Դուք գիտեք, որ նախորդ տարի տեղի չունեցավ այս միջոցառումը, և շատ կարևոր է, որ, այնուամենայնիվ, նման հանդիպումները, քննարկումները տեղի ունենան, մտքերի փոխանակում և մտքի նոր գեներացիա տեղի ունենա՝ մանավանդ այս բարդ և կարևոր ժամանակաշրջանում։ Կարծում եմ՝ ժամանակակից աշխարհը ոչ ժամանակակից աշխարհից տարբերվում է նրանով, որ ժամանակակից աշխարհը մոդելների և մոդելավորման աշխարհ է, որտեղ ամեն ինչը կամ գրեթե ամեն ինչը մոդելավորված է և աշխատում է այդ տրամաբանությամբ։ Երբ մենք մոդելավորում ենք աշխարհը, սկսում ենք ավելի լավ ճանաչել աշխարհը և սկսում ենք մեծ մասնակցություն ունենալ պրոցեսների կառավարմանը և ավելի կանխատեսելի դարձնել պրոցեսները մեզ համար։ Եթե անդրադառնանք աշխարհաքաղաքականությանը, պիտի արձանագրենք, որ աշխարհաքաղաքականությունն ինքն էլ որոշակի մոդելավորման կարող է տրվել, որովհետև այն շատ նման է մակընթացությունների և տեղատվությունների, որոնք անընդհատ և պարբերաբար տեղի են ունենում։ Չմոդելավորված աշխարհում մարդիկ չէին հասկանում՝ ինչը ինչի համար և ինչ պատճառով է տեղի ունենում, իսկ մոդելավորված աշխարհում այդ ամենն արդեն դառնում է կանխատեսելի։ Այդ առումով կարծում եմ, որ այսօր թերևս ամենահրատապ հարցը, որ պիտի քննարկվի «Մտքերի գագաթնաժողովի» ընթացքում, հենց աշխարհաքաղաքականության մոդելավորումն է՝ ինչպես և ինչու են գործընթացները տեղի ունենում։ Շատ կարևոր է, որ միտքն այս ուղղությամբ գեներացվի, հարցեր ձևակերպի և պատասխաններ տա։ Հատկապես առաջիկա և ընթացիկ ժամանակաշրջանում կան հարցեր, որոնք առանցքային նշանակություն ունեն մեր երկրի անցյալի, ներկայի և ապագայի համար, և որոնց պատասխանը շատ կարևոր է հենց առանձնահատուկ ապագայի տեսանկյունից։ Այդ ապագան կառավարելի և տեսանելի կլինի այնքանով, որքանով մենք կկարողանանք մոդելավորել այն աշխարհաքաղաքականությունը, որ տեղի է ունենում մեր տարածաշրջանում՝ ավելի նեղ, ավելի լայն և ընդհանրապես գլոբալ առումով։ Պատահական չէ, որ ես հենց մակընթացությունների և տեղատվությունների հետ զուգահեռ անցկացրի։ Հենց այն ժամանակ, երբ մարդկությունը չգիտեր, թե ինչ է տեղի ունենում և ինչու, այդ ամենն ընկալվում էր որպես աղետ։ Իսկ երբ կա հստակ մոդելավորում, թե ինչը և ինչի համար է տեղի ունենում, այնուամենայնիվ, այդ պրոցեսները որոշակիորեն հայտնվում են կառավարելիության տիրույթում։ Եվս մեկ անգամ ողջունում եմ, պարոն նախագահ, այս կարևոր նախաձեռնությունը, որն արդեն պարբերական է։ Հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք կկարողանանք այս կարևոր իրադարձությունը կազմակերպել և մասնակցել առանց դիմակների։ Հույս ունեմ, որ այս հանդիպումը, այս իրադարձությունը մեզ համար կդառնա նաև մեր տնտեսության, քաղաքականության, աշխարհաքաղաքականության մոդելավորման որոշակի հարթակ, որպեսզի մեզ հետ և մեր շուրջ տեղի ունեցող գործընթացները մեզ համար ավելի հասկանալի, և հետևաբար, ավելի կառավարելի լինեն։ Հաջողություն եմ մաղթում «Մտքերի հայկական գագաթնաժողովի» աշխատանքներին և արդյունավետ ընթացք եմ ցանկանում։ Շնորհակալ եմ»։ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» այս տարվա քննարկումները վերաբերելու են աշխարհում և հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին և արհեստական բանականության զարգացմանը: Մասնակիցների շարքում են երկրների նախկին ղեկավարներ, միջազգային հեղինակավոր փորձագիտական և վերլուծական կենտրոնների, կազմակերպությունների, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ, հեղինակավոր համալսարանների պրոֆեսորներ, այդ թվում՝ Արգենտինայի նախկին նախագահ Մաուրիսիո Մակրին, Շվեյցարիայի նախկին նախագահ Միշլին Կալմի Ռեյը, Ռուսաստանի «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ, Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Yandex-ի փոխտնօրեն Տիգրան Խուդավերդյանը, լեգենդար մարզիկ Ռոջեր Գրեյսին և այլք:
11:57 - 23 հոկտեմբերի, 2021
Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները վերաձևելու են տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը. ՀՀ նախագահ
 |armenpress.am|

Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները վերաձևելու են տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը. ՀՀ նախագահ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հավատացած է, որ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ նախորդ տարվա պատերազմը, վերաձևելու են տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը: Այս մասին Արմեն Սարգսյանն ասաց Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին իր ողջույնի խոսքում: Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ գագաթնաժողովն անցկացվում է հիբրիդային տարբերակով, բանախոսների մի մասը հեռավար են մասնակցում:  Նախագահը նախ նշեց՝ գագաթնաժողովի խորագիրը նոր աշխարհի կամ, ինչպես ինքն է անվանում, քվանտային աշխարհի մասին է։ «Մեր շուրջը շատ բաներ են փոխվել։ Այս գագաթնաժողովը ներառում է երկու թեմա. առաջինը նվիրված կլինի աշխարհաքաղաքականությանը, որը փոփոխվում է ամեն օր։ Աշխարհը շատ արագ է փոփոխվում, կան շատ անորոշություններ, այս աշխարհը միաբևեռ կամ բազմաբևեռ չէ, այն շատ ավելի բարդ է: Եվ մենք փորձում ենք հասկանալ՝ ինչպե՞ս ապրել այս նոր գլոբալ, քվանտային աշխարհում»,-ասաց նախագահը: Գագաթնաժողովի առաջին հատվածը նվիրված է նաև տարածաշրջանային քաղաքականությանը: Արմեն Սարգսյանը շեշտեց. «Վերջին շրջանում, նախորդ տարի Հայաստանում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում՝ սկսած Աֆղանստանից մինչև այստեղի պատերազմը, տեղի ունեցած իրադարձությունները վերաձևելու են տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը՝ լինի Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Եվրասիայում, կամ հնարավոր է՝ համաշխարհային մակարդակով ևս»: Գագաթնաժողովի քննարկումների երկրորդ մասը լինելու է ապագայի մասին, թե ինչպես են արհեստական բանականությունը, նոր տեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները փոխելու ու փոխում աշխարհը։ «Արդյոք մենք նկատում ենք, որ աշխարհը փոխվել է»,-հարցրեց նախագահը:  Նա հիշեցրեց հաջորդ տարի սպասվող չորրորդ գագաթնաժողովի մասին՝ նկատելով, որ անցյալ տարվա երկրորդ և այս տարվա երրորդ հայկական գագաթնաժողովների միջակայքում աշխարհը կտրուկ փոխվել է։ «Եղավ համավարակը, որը համաշխարհային իրադարձություն է, և բոլորին է ցավ պատճառել»,-ասաց նախագահն ու նշեց՝ դա համաշխարհային ողբերգություն է: Նա շեշտեց՝ երբ համավարակը տարածվում էր, ընդունված էր մտածել, որ մարդիկ պետք է որոշակի վարքագիծ դրսևորեին։ «Դա ինձ հիշեցնում է Քիփլինգի պատմություններից մեկը ջունգլիների մասին, երբ մեծ վտանգ կար, չկար ջուր, բոլոր կենդանիները, նույնիսկ առյուծները, վագրերը, դադարեցին կռվել և բոլորը միասնական գնացին դեպի ջուրը, դեպի կյանք։ Երբ ամբողջ աշխարհում COVID-19 էր, որն իր հետ բերեց համաշխարհային ողբերգություն, մեր հարևանները Քիփլինգի հերոսների նման իրենց չդրսևորեցին, և մենք պատերազմ ունեցանք»,-ասաց Սարգսյանը: Նա շեշտեց՝ Հայաստանում կրկնակի ողբերգություն է եղել,  հայրենակիցները զոհվել են ոչ միայն համավարակի «ռազմաճակատում», այլ նաև՝ պատերազմում։ Նախագահը, կրկին ողջունելով մասնակիցներին, համագործակցության հույս հայտնեց՝ շեշտելով, որ գագաթնաժողովը ապագայի, տարածաշրջանի ապագայի մասին է:
11:52 - 23 հոկտեմբերի, 2021
Ապագան կառավարելի կլինի այնքանով, որքանով կկարողանանք մոդելավորել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Ապագան կառավարելի կլինի այնքանով, որքանով կկարողանանք մոդելավորել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետը հույս է հայտնում, որ Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը կդառնա  տնտեսության, քաղաքականության, աշխարհաքաղաքականության մոդելավորման  որոշակի հարթակ, որպեսզի երկրի շուրջ տեղի ունեցող պրոցեսներն ավելի հասկանալի և, հետևաբար, ավելի կառավարելի լինեն: Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում: Վարչապետը նախ ողջունեց այն գաղափարը, որ չնայած համաճարակային իրավիճակին, որոշում կայացվեց անցկացնել համաժողովը: Նա շատ կարևորեց, որ  նման հանդիպումներ, քննարկումներ, մտքերի փոխնակում տեղի ունենա: «Հատկապես ժամանակակից աշխարհը մոդելների և մոդելավորման աշխարհ է, որտեղ գրեթե ամեն ինչը մոդելավորված է և աշխատում է  այդ տրամաբանությամբ: Երբ մենք մոդելավորում ենք աշխարհը, սկսում ենք ավելի լավ ճանաչել այն,  ավելի մեծ մասնակցություն ունենալ պրոցեսների կառավարմանը և դրանք ավելի կանխատեսելի դաձնել մեզ համար»,-ասաց Փաշինյանը: Անդրադառնալով աշխարհաքաղաքականությանը՝ նա նշեց, որ աշխարհաքաղաքականությունն ինքն էլ որոշակի ձևով կարող է մոդելավորվել: «Աշխարհաքաղաքականությունը շատ նման է մակընթացությունների և տեղատվությունների, որոնք անընդհատ և պարբերաբար տեղի են ունենում, և չմոդելավորված աշխարհում մարդիկ չէին հասկանում, թե ինչը ինչի համար և ինչ պատճառով է տեղի ուեննում: Իսկ մոդելավորված աշխարհում այդ ամենն արդեն դառնում է կանխատեսելի»,-ասաց նա: Փաշինյանի կարծիքով՝ այսպիսով ամենահրատապ հարցը, որ պետք է քննարկվի «Մտքերի գագաթնաժողով»-ի ընթացքում, հենց աշխարհաքաղաքականության մոդելավորումն է, թե ինչպես և ինչու են գործընթացները տեղի ունենում: Նա  կարևորեց այն, որ միտքն այդ ուղղությամբ գեներացվի, հարցեր ձակերպվեն և պատասխաններ տրվեն: «Հատկապես ընթացիկ և առաջիկա ժամանակաշրջանում կան հարցեր,  որոնք առաջնային նշանակություն ունեն մեր երկրի անցյալի, ներկայի և ապագայի համար:  Եվ դրանց պատասխանը շատ կարևոր է հենց ապագայի տեսանկյունից: Եվ այդ ապագան կառավարելի և կանխատեսելի կլինի այնքանով, որքանով մենք կկարողանանք մոդելավորել այն աշխարհաքաղաքականությունը, որը տեղի է ունենում մեր տարածաշրջանում՝ ավելի նեղ և ավելի լայն, գլոբալ առումով»,-ասաց Փաշինյանը: Նա նկատեց՝ այն ժամանակ, երբ մարդկությունը չգիտեր, թե ի՞նչ է տեղի ունենում և ինչո՞ւ, այդ ամենն ընկալվում էր որպես աղետ, իսկ երբ կա հստակ մոդելավորում, թե ինչն ինչո՞ւ է  տեղի ունենում, այդ պրոցեսներն, այնուամանեյնիվ, որոշակիորեն հայտնվում են կառավարելիության տիրույթում: «Հույս ունեմ, որ այդ իրարձությունը մեզ համար կդառնա նաև մեր տնտեսության, քաղաքականության, աշխարհաքաղաքականության մոդելավորման  որոշակի հարթակ, որպեսզի մեզ հետ և մեր շուրջ տեղի ուենցող պրոցեսները մեզ համար ավելի հասկանալի և, հետևաբար, ավելի կառավարելի լինեն»,-նշեց Փաշինյանը: Դիլիջանում անցկացվում է Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովը:
10:56 - 23 հոկտեմբերի, 2021
Դիլիջանի ՏԻՄ ընտրություններում հաղթել է ՔՊ-ն․ անցողիկ շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ

Դիլիջանի ՏԻՄ ընտրություններում հաղթել է ՔՊ-ն․ անցողիկ շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում երեկ՝ հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։  Նշենք, որ ընտրություններն անցել են համամասնական ընտրակարգով, մասնակցում էր 5 քաղաքական ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հայրենիք» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Ընտրելու իրավունք ունեցող 18 374 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 8 085-ը։ Անվավեր է համարվել 223 քվեաթերթիկ, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ․ «Ապրելու երկիր» կուսակցություն - 1 927 կամ 23.83%«Հայրենիք» կուսակցություն - 219 կամ 2․70%«Հանրապետություն» կուսակցություն - 514 կամ 6.35%«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 4 591 կամ 56.78%«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն - 605 կամ 7.48% Հավելենք, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոս է, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս։ Այսպիսով Դիլիջան համայնքում անցողիկ շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ, հաղթանակ է տարել կառավարող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Դավիթ Սարգսյանն է։
10:45 - 18 հոկտեմբերի, 2021