STARMUS-ը երիտասարդներին քաջալերելու լավագույն ձևն է. ներկայացվել է STARMUS 6-րդ փառատոնը
16:15 - 23 հոկտեմբերի, 2021

STARMUS-ը երիտասարդներին քաջալերելու լավագույն ձևն է. ներկայացվել է STARMUS 6-րդ փառատոնը

Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, STARMUS փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարներ Վահագն Խաչատուրյանը և Վահրամ Դումանյանը հայտարարել են գալիք տարի Հայաստանում գիտության և արվեստի STARMUS 6-րդ փառատոնի անցկացման մասին։

Այս մասին հաղորդագրություն է տարծել ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշելով, որ հաջորդ տարի ծրագրվում է անցկացնել չորրորդ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը և դրան զուգահեռ մեկ այլ խոշոր միջոցառում՝ STARMUS 6-ը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Հազարավոր մասնակիցների գալու են Հայաստան՝ մասնակցելու գիտության, արվեստի, երաժշտության փառատոնին։ 21-րդ դարում դրանք փոխկապակցված են։

Դա լավագույն ձևն է քաջալերելու մեր երիտասարդներին, որովհետև նրանց ապագան, նրանց ընտանիքների ապագան, Հայաստանի ապագան կապված է լինելու նոր տեխնոլոգիաների, գաղափարների, գիտության հետ։ Մեր երկրի ամենամեծ հարստությունը մարդիկ են, տաղանդավոր մարդիկ: Այդ մարդկանց պետք է աջակցել, օգնել, որպեսզի զարգանան։

Լավագույն ձևը երիտասարդ սերնդին կրթելն ու քաջալերելն է, որ նրանք իսկապես ապագա ունեն՝ և՛ Հայաստանում, և՛ աշխարհում։ STARMUS-ը մինչև հինգերորդ փառատոնը եղել է ռոք երաժշտության և աստղագիտության մասին, իսկ STARMUS վեցերորդը, որն անցկացվելու է Հայաստանում, տարբերվելու է։

Այն լինելու է փառատոն ընդհանրապես երաժշտության և արվեստի մասին՝ դասականից մինչև ռոք, լինելու է փառատոն ոչ միայն աստղագիտության, աստղագնացության, այլև ընդհանրապես ժամանակակից գիտության մասին՝ աստղագիտությունից, ֆիզիկայից մինչև կենսաբանություն, մինչև արհեստական բանականություն»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ուրախ կլինի բոլորին հյուրընկալել «Մտքերի հայկական գագաթնաժողովին», որը մաս կկազմի ավելի խոշոր՝ STARMUS 6-րդ փառատոնի։

Ներկայացնելով STARMUS-ը՝ փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանն ասել է, որ այն արդեն իսկ երկու անգամ ճանաչվել է որպես աշխարհի լավագույն գիտական փառատոն։ «Մենք հպարտանում ենք դրանով, որովհետև աշխարհում 50-ից ավելի գիտական փառատոններ կան։

ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ավստրալիայում գիտական ֆորմատը շատ լավ ճանաչված է, սակայն Հայաստանում ոչ մի անգամ չի եղել գիտական փառատոն: Փառատոնի հիմնական նպատակը հասարակությանը և գիտությանը միացնելն է, որովհետև շատ մեծ անջրպետ կա, որը գնալով մեծանում է։ Եթե մենք ցանկանում ենք կապ ստեղծել հասարակության, գիտության, տեխնոլոգիաների միջև, շատ բարդ բանաձևեր ենք մտածում, որոնցից մեկը STARMUS -ն է։

Ցանկանում ենք, որ այդ կապը հաստատվի, ուժեղանա և միշտ շարունակվի։ Այսօր մենք հայտարարում ենք առաջին 30 մասնակիցներին, որոնց մեջ են 8 նոբելյան մրցանակակիրներ, առաջին հայ աստղագնացը NASA-ից՝ Ջիմ Պաղյանը, որն առաջին անգամ կայցելի Հայաստան, Ipod-ի ստեղծող Թոնի Ֆադելը և այլոք:

Թեման շատ հետաքրքիր է՝ 50 տարի Մարսի վրա։ Դա չի նշանակում, որ ամբողջ փառատոնը Մարսի մասին է։ Աստղագիտությունը փառատոնի 20 տոկոսն է զբաղեցնում, մնացածը՝ բարձր տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, ֆիզիկայի, ծրագրավորման և այլնի մասին է»,- ասել է  Գարիկ Իսրայելյանը։

Գարիկ Իսրայելյանն ընդգծել է, որ STARMUS-ն օգտագործում է տիեզերքը և աստղագիտությունը, հետո միանում են բոլոր գիտությունները, ու փորձ է արվում գիտությունը կապել արվեստի հետ, որովհետև արվեստը շատ ավելի հասանելի է հասարակությանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Դերենիկ Դումանյանը ևս կարևորել է Հայաստանում STARMUS-ի անցկացումը. «Ներկայումս մեր հասարակությունը բարձրացնում է անվտանգությանը վերաբերող շատ հարցեր։

Անվտանգության լավագույն երաշխիքը զարգացած գիտություն, կրթություն, մշակույթ ունենալն է և այս դաշտում առաջատար լինելը, ինչը կապահովի մեր հզորացումը, մեր անվտանգությունը։ Այս փառատոնը հասանելի կլինի բացառապես բոլորին, ովքեր կցանկանան մասնակցել այդ միջոցառումներին»:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը STARMUS-ը համարել է համագործակցության լավ օրինակ. «Սա լավագույն օրինակն է, թե ինչպես դրսում աշխատող մեր ընկերները, անձնական նախաձեռնությամբ եկել են Հայաստան՝ կառավարության համաձայնությամբ ու նախագահի հովանավորությամբ անցկացնելու հեղինակավոր այս փառատոնը։

Որպես կառավարություն մենք ուզում ենք հանրությանը ներկայացնել, որ մեր տրամադրությունները միտված են ապագային»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել