Լևոն Սարգսյան

Սերժ Սարգսյանի եղբայրը։

Ծնվել է 1959թ. հունիսի 21-ին։ 1976 թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 1977-1982 թ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը։ 1986-1989 թթ. սովորել և ավարտել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան։

1981-1982 թթ. - աշխատել է որպես արաբերենի զինվորական թարգմանիչ Ալժիրում։ 1983-1985 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում՝ որպես զինվորական թարգմանիչ։ 1989-1991 թթ. - աշխատել է որպես արաբերենի զինվորական թարգմանիչ Լիբիայում։ 1991-1993 թթ. - աշխատել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում որպես գիտաշխատող։

1993-1994 թթ. - աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։ 1994-1998 թթ. - Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս։ 1998-2004 թթ. - Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

2000-2005 թթ. - Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (համատեղության կարգով)։

2005 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

2005 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (համատեղության կարգով)։ 2006 թվականից դասավանդում է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում։

2010 թ. մարտի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Թունիսի Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից։

2010 թ. մարտի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ 2018 թ․ հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լևոն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։

Ներգրավված է տարբեր քրեական գործերում, նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում։

Հրապակարակվել է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի գործով դատավճիռը |factor.am|

Հրապակարակվել է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի գործով դատավճիռը |factor.am|

factor.am: «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում հրապարակվել է Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լևոն Սարգսյանի գործով դատավճիռը։ Այստեղ մանրամասն նկարագրվում է, թե, ըստ դատարանի, ինչ հանգամանքներ են հաստատված համարվել, ինչպես է տեղի ունեցել Մաքային պետական ծառայության նախին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակումը, ով ինչ դերակատարում է ունեցել դրանում։ Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի՝ Լևոն Սարգսյանը, մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Երևան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը: Այս գործով Արա Կարապետյանը, Արմեն Նիկողոսյանը և այլ անձինք 2010 թվականին մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման, իսկ 2018 թվականի հեղափոխությունից հետո քրեական հետապնդում է սկսվել նաև Լևոն Սարգսյանի ու վերջինիս փեսայի՝ Սուրեն Ղազարյանի նկատմամբ։ Վերջիններս 2022 թվականի մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել։ Այս որոշման դեմ բողոք է ներկայացվել վերաքննիչ դատարան, որտեղ այժմ, նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, կազմով դատավորներ Արմեն Բեկթաշյանի և Արշակ Վարդանյանի, քննվում է։ Առաջին ատյանի դատարանը դատաքննությամբ հաստատված է համարել հետևյալ հանգամանքները․ Ամբաստանյալ Լևոն Սարգսյանը, նախկինում մտերիմ հարաբերությունների մեջ է եղել գործով տուժող, ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի հետ, սակայն 2008 թվականին վերջիններիս հարաբերությունները լարվել են, ինչի պատճառով Լևոն Սարգսյանը որոշել է պատժել Արմեն Ավետիսյանին և ավազակային հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակել Արմեն Ավետիսյանի տնից: Լևոն Սարգսյանն Արա Կարապետյանին հայտնել է Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակում կատարելու մտադրության մասին, և Արա Կարապետյանի միջոցով ծանոթ լինելով Արմեն Նիկողոսյանի հետ, իմանալով նրա և Արա Կարապետյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցության անդամների կողմից «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող ոսկյա զարդերի տոնավաճառից ամիսներ առաջ կատարված ավազակային հարձակման մասին, որոշել է Ավետիյանի տան վրա ավազակային հարձակումն իրականացնել նշված հանցավոր խմբի ուժերով: Ամբաստանյալ Լևոն Սարգսյանի քրոջ ամուսին, ամբաստանյալ Սուրեն Ղազարյանը, տեղեկանալով վերը նշված հանցավոր մտադրության մասին, իր համաձայնությունն է տվել օժանդակել այդ հանցագործության կատարմանը, և նախկինում լինելով Արմեն Ավետիսյանի օգնականը և այդ հանգամանքի բերումով այցելած լինելով Արմեն Ավետիսյանի առանձնատուն, իմանալով դրա կառուցվածքը և այլ մանրամասներ, պատրաստակամություն է հայտնել տեղեկություններ տրամադրել և այդ կերպ ավազակային հարձակումը և այդ ընթացքում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելն առավել դյուրին և առանց խոչընդոտների իրականացնելու նպատակով մանրամասն նկարագրել է Արմեն Ավետիսյանի առանձնատան կառուցվածքը և չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերը։ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի կողմից ստեղծած հանցավոր համագործակցության անդամների ուժերով այդ մտահղացումն իրականացնելու նպատակով Լևոն Սարգսյանն Արա Կարապետյանին առաջարկել է կազմակերպել Սուրեն Ղազարյանի և Արմեն Նիկողոսյանի հանդիպումը՝ հարձակման մանրամասները քննարկելու համար, ինչին Արմեն Նիկողոսյանը համաձայնել է: 2008 թվականի հոկտեմբերի սկզբին Արա Կարապետյանի կողմից կազմակերպվել է վերջիններիս հանդիպումը, և Սուրեն Ղազարյանը Արա Կարապետյանին պատկանող Կոշիկի աշխարհ խանութի հանգստի սենյակում հանդիպել է Արմեն Նիկողոսյանին, նրան տրամադրել է Արմեն Ավետիսյանի առանձնատան մանրամասն գծագիրը, մանրամասն նկարագրել է առանձնատան կառուցվածքը և չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերը: Այնուհետև, Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գործող բիլիարդ խաղի համար նախատեսված սրահում Լևոն Սարգսյանը Սուրեն Ղազարյանի և Արա Կարապետյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ վերահաստատել է Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակում կատարելու վճռականությունը։ Ըստ պայմանավորվածության՝ Արա Կարապետյանը որոշել է հանցագործությանը մասնակից դարձնել իր վստահելի անձանց՝ կազմակերպված խմբի անդամներ Արշակ Գրիգորյանին, Հովհաննես Նազարյանին և Սուրեն Մելքոնյանին, իսկ Արմեն Նիկողոսյանը՝ Արսեն և Բագրատ Սողոմոնյաններին, Հայկ Մելքոնյանին, ինչպես նաև կազմակերպված խմբում որպես նոր անդամներ ընդգրկված Նիկոլայ Խաչիկյանին և Աշոտ Խաչատրյանին։ Կազմակերպված խմբի ղեկավարների կողմից հանցագործությանը մասնակից յուրաքանչյուր անդամին խոստացվել է հանցագործության բարեհաջող ավարտից հետո վճարել 100․ 000-ական ԱՄՆ դոլար։ Իսպանիայում գտնվող Բագրատ Սողոմոնյանի ՀՀ վերադառնալու, ինչպես նաև հանցագործության նախապատրաստման այլ ծախսերը հոգալու՝ զինվորական հատուկ մարտական ջոկատի հանդերձանք և ավտոմեքենաների վառելանյութ ձեռք բերելու համար, Արմեն Նիկողոսյանն Արսեն Սողոմոնյանին է տվել 5․000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև հրազեն հանդիսացող «ՊՄ» տեսակի ատրճանակ՝ իր պահունակով և ռազմամթերք հանդիսացող՝ 9 մմ տրամաչափի թվով 8 փամփուշտներով, որոնք Արսեն Սողոմոնյանը տվել է Հայկ Մելքոնյանին։ Արմեն Նիկողոսյանի կողմից Հայկ Մելքոնյանին է տրվել նաև Արմեն Ավետիսյանի առանձնատան, սենյակների դասավորվածության, առանձնատան հարակից տարածքի վերաբերյալ կազմված գծագիրը։ Տրամադրված գումարների հաշվին Բագրատ Սողոմոնյանը վերադարձել է Իսպանիայից, իսկ Արսեն Սողոմոնյանի կողմից ձեռք է բերվել 5 անձի համար նախատեսված զինվորական հանդերձանք։ Հագուստը հանցավոր խմբի անդամների կողմից ներկվել է սև գույնով, համազգեստների վերին, մեջքի մասում կատարվել է ռուսերեն «սպեցնազ» գրառումը՝ բնակարան մուտք կատարելու գործընթացն ավելի դյուրին դարձնելու նպատակով։ Պլանավորված հանցագործությունն իրականացնելու համար հանցավոր խմբի անդամները` Արսեն և Բագրատ Սողոմոնյանները, Հայկ Մելքոնյանը, Հովհաննես Նազարյանը, Նիկոլայ Խաչիկյանը, Աշոտ Խաչատրյանը և Արշակ Գրիգորյանը 2008 թվականի հոկտեմբերի 26-ին՝ երեկոյան հավաքվել են վերջինիս կողմից Երևանի Չարբախ թաղամասում վարձակալված բնակարանում, ուսումնասիրել Արմեն Ավետիսյանին պատկանող առանձնատան, դրա շրջակա տարածքի, սենյակների դասավորվածությամբ գծագիրը, յուրաքանչյուրը ստացել է նախապես ձեռք բերված` իրավապահ մարմինների հատուկ ջոկատների համար նախատեսված հանդերձանքը, համազգեստներ և դիմակներ, ինչպես նաև մարտական, գազային և օդամղիչ ատրճանակները, որոշվել է յուրաքանչյուր մասնակցի կոնկրետ դերն իրականացվելիք հանցագործությունում։ Մասնավորապես` Բագրատ Սողոմոնյանին հանձնարարվել է զինաթափել և վնասազերծել տան տարածքում անվտանգություն ապահովող անձին, Աշոտ Խաչատրյանին և Արսեն Սողոմոնյանին՝ վարել վերջինիս և Նիկոլայ Խաչիկյանի տրամադրության տակ գտնվող, համապատասխանաբար՝ «Նիվա» և «ԳԱԶ-31» մակնիշների ավտոմեքենաները, ինչպես նաև՝ հանցագործության կատարման ընթացքում մնալ ավտոմեքենաների մեջ և վերահաս վտանգի առաջացման դեպքում ահազանգել բնակարան մուտք գործած մյուս մասնակիցներին, իսկ մյուսներին՝ Բագրատ Սողոմոնյանի հետևից, պարսպի դարպասներից թռչել տան հարակից տարածք, մուտք գործել բնակարան և ատրճանակների գործադրման սպառնալիքով կպչուն ժապավենով կապել տանը գտնվող անդամների ձեռքերն ու ոտքերը, սենյակներում փնտրել ոսկյա զարդեր, արժեքավոր իրեր և գումար, դրանք տեղավորել իրենց հետ վերցվող պայուսակում, որից հետո դուրս գալ տնից և հեռանալ։ Աշոտ Խաչատրյանի և Նիկոլայ Խաչիկյանի նախաձեռնությամբ վերջիններս մեկնել են Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի նրբանցքի 6-րդ շենքի մոտ և այնտեղ տեղակայված կիսակառույց ավտոտնակում կայանված, որպես «ՍԱՐ-ՍԵՐ ՍՊԸ» սեփականություն հաշվառված, սակայն փաստացի Արմենակ Մայիլյանին պատկանող «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենայից նախնական համաձայնությամբ գաղտնի հափշտակել են 252ՍԼ65 սերիայի 2 պետհամարանիշները, դրանք տեղադրել են վերը նշված «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Հանցավոր համագործակցության ղեկավարների կողմից որոշվել է ավազակային հարձակումն իրականացնել 2008 թվականի հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան, ինչի մասին Արմեն Նիկողոսյանը հանդիպման ժամանակ հայտնել է Լևոն Սարգսյանին։ Շարունակությունը՝ factor.am-ում
12:55 - 28 նոյեմբերի, 2022
Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը («Ալրաղացի Լյովիկ») տեղափոխվել է Հայաստան․ Դատախազություն

Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը («Ալրաղացի Լյովիկ») տեղափոխվել է Հայաստան․ Դատախազություն

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համագործակցության արդյուքնում և ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների խումբը 06.08.2020թ. ՀՀ է տեղափոխել ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Լևոն Հրաչյայի Սարգսյանին: Լևոն Սարգսյանին ՀՀ իրավասու մրամիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել էր սույն թվականի մարտ ամսին և համապատասխան մարմիններին հանձնարարվել էր ապահովել վերջինիս տեղափոխումը հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո»:
09:09 - 07 օգոստոսի, 2020
Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ |hetq.am|

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, քիչ առաջ մերժեց Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը: Այսպիսով, Լևոն Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ: Նշենք, որ ապրիլի 29-ին դատարանը որոշել էր բավարարել Լևոն Սարգսյանի գործով մեղադրող Արա Մնացականյանի միջնորդությունն ու դռնփակ քննել բողոքը, սակայն հրապարակումը տեղի ունեցավ դռնբաց: Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ, և այս գործի շրջանակներում քննիչի որոշմամբ նրա գույքի վրա կալանք է դրվել: Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում, փոխանցվել Հատուկ քննչական ծառայության վարույթ: Այս գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Սարգսյանի որդին և դուստրը` Նարեկ և Անի Սարգսյանները: Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Սարգսյանի և քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ.-ի 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր: Քննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանն ու վերջինիս դուստրը 2017թ.-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները և թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են: Պարզվել է նաև, որ Նարեկ Սարգսյանը նույնպես թաքցրել է հայտարարագրման ենթակա գույքը: 2017թ.-ի հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջինս նույնպես ապօրինի հարստացել է»: Սարգսյանի նկատմամբ այս գործի շրջանակներում հայտարարված է հետախուզում:
14:43 - 07 մայիսի, 2019
Դատարանը որոշեց դռնփակ քննել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ բողոքը |hetq.am|

Դատարանը որոշեց դռնփակ քննել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ բողոքը |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, այսօր քննում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը: Նիստի մեկնարկին մեղադրող դատախազը միջնորդեց դռնփակ քննել բողոքը՝ նկատի ունենալով, որ Սարգսյանի գործը դեռևս նախաքննական փուլում է գտնվում, և դրա ընթացքում կարող է անհրաժեշտություն առաջանալ նախաքննական նյութերին հղում կատարելու: Պաշտպանական կողմը նշեց, որ նմանատիպ բողոքը դռնփակ քննելու իրավակալ մեխանիզմ չկա: Տևական ընդմիջումից հետո դատարանը, վերսկսելով նիստը, որոշեց բողոքը դռնփակ քննել: Նշենք, որ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ, և այս գործի շրջանակներում քննիչի որոշմամբ նրա գույքի վրա կալանք է դրվել:
08:07 - 29 ապրիլի, 2019