Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը շնորհավորել են ֆրանսիացի գործընկերներին իրենց պաշտոններում վերանշանակվելու կապակցությամբ

Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը շնորհավորել են ֆրանսիացի գործընկերներին իրենց պաշտոններում վերանշանակվելու կապակցությամբ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է իր ֆրանիսացի գործընկերոջը՝ Սեբաստիեն Լըկորնյուին, Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ «Հարգելի՛ Սեբաստիեն Լըկորնյու, ջերմ շնորհավորանքներս՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ։ Համոզված եմ, որ Ձեր նորացված մանդատի ընթացքում մենք կշարունակենք համատեղ աշխատանքը Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ»,- նշված է Պապիկանի X-ի միկրոբլոգի գրառման մեջ։ Ֆրանսիացի գործընկերոջը շնորհավորել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Ջերմ շնորհավորանքներս եմ հղում սիրելի Ժան-Նոել Բարոյին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել մեր համագործակցությունը՝ ամրապնդելու Հայաստան-Ֆրանսիա գործընկերությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության շրջանակներում նոր շոշափելի արդյունքների հասնելու համար։  Ցանկանում եմ վերահաստատել համատեղ աշխատելու իմ վճռականությունը՝ լուծելու առկա մարտահրավերները՝ մեր տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով»,- գրել է Արարատ Միրզոյանը X-ի միկրոբլոգում։ Գլխավոր լուսանկարում՝ ՀՀ և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները՝ Ֆրանսիայում
11:22 - 24 դեկտեմբերի, 2024
Զինվորական տարկետման տրամադրման պայմանները խստացվում են. փոփոխվել է հիվանդությունների ցանկը

Զինվորական տարկետման տրամադրման պայմանները խստացվում են. փոփոխվել է հիվանդությունների ցանկը

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում:  Նույն որոշմամբ հստակեցվել են նաև հիվանդությունների նկարագրություններում և հակացուցված զինծառայության պայմաններում որոշակի հիվանդությունների արտահայտման, հետազոտման և փորձաքննության, դրանց արդյունքներով պիտանիության աստիճանի ու հակացուցումների շրջանակի որոշման հետ կապված հարաբերությունները: Նախագիծը ՀՀ կառավարության նիստին ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Հիմնավորման մեջ նշվում է, որ ցանկում նշված հիվանդությունների դեպքերում քաղաքացուն բուժման նպատակով տրվում է տարկետում, և բազմաթիվ են այնպիսի դեպքերը, երբ բուժման նպատակով տարկետում ստացած քաղաքացիներին տարկետման ժամկետի ավարտից հետո նույն ախտաբանական վիճակ ունենալու պարագայում կրկին տրվում է տարկետում, որը չի դառնում նպատակային՝ բուժումների բացակայության պատճառով: Պապիկյանը նշեց, որ առաջարկում են մեկ անգամ տրված տարկետման ժամկետի ավարտից և առողջական վիճակի վատթարացում չաձանագրվելուց հետո զինակոչիկին ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի: Պապիկյանի խոսքով մեկ տարով տարկետման ընթացքում պետք է տեսանելի դառնա՝ զինակոչիկի մոտ հիվանդությունը բարդանո՞ւմ է, թե՞ ոչ: Նշելով, որ 1 տարվա ընթացքում հիվանդության բարդանալու դեպքում զինակոչիկը պետք է ազատվի զինծառայությունից, պաշտպանության նախարարն ավելացրեց. «Լինում են նաև հիվանդություններ, որոնք հնարավոր է 1 տարվա ընթքացքում բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել: Սակայն փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա այդ շահագրգռվածությունը, և սա բերում է նրան, որ 1 տարվա տարկետումը դառնում է ևս մեկ տարվա, ևս մեկ տարվա: Մեր գնահատմամբ սա ևս մեկ սողանցք է՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար»: Այն դեպքում էլ, երբ զորակոչիկը ճանաչվում է սահմանափակումով պիտանի զինծառայության համար, և նախատեսված են որոշակի գործառույթների հակացուցումներ, դրանց հետ կապված ծառայության ընթացքը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր կոնկրետ վիճակով այդ առողջական խնդրի դրսևորման ձևերը տարբեր են, այդ թվում նաև՝ հակացուցման անհրաժեշտության բացակայությամբ։ Պապիկյանն ընդգծեց, որ այս փոփոխությունով վերականգնում են արդարությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ ՀՀ անվտանգության խորհրդի նիստում հավանություն են տվել Բանակի կերպափոխման հայեցակարգին: «Կարծում եմ՝ պետք է կերպափոխվի ոչ միայն բանակը, այլև հանրության վերաբերմունքը բանակի նկատմամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է կերպափոխվի նաև բանակի ընկկալումը, այդ թվում՝ ֆունկցիոնալ նշանակության առումով: Միաժամանակ Փաշինյանը վերահաստատեց, որ ՀՀ միակ խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է՝ նաև «հարակից որոշակի իրադրության մեկնաբանություններով»: Փաշինյանը նկատեց, որ բանակի նկատմամբ դրական վերաբերմունքի պայմաններում զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ, և պարզվում է՝ պատճառը ամենատարբեր առողջական խնդիրներն են: «Այստեղ կարող ենք երկու հնարավոր հետևության գալ. կա՛մ մենք համատարած և համընդհանուր առողջական պրոբլեմներ ունենք մեր սերնդի մեջ, որը մեր պետական անվտանգության լրջագույն մարտահրավեր է, կա՛մ [գործ] ունենք համատարած, այսպես ասենք, իրադրությունների և օրենքով ընձեռված հնարավորությունների չարաշահման հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով որոշ հիվանդություններ պետք է սահմանափակում լինեն ոչ թե զինծառայության համար, այլ զինծառայության բնույթի: Փաշինյանն ընդգծեց, որ բանակում թե՛ ժամկետային, թե՛ պայմանագրային զինծառայության սահմանափակումները պետք է հասցվեն նվազագույնի: Ըստ նախագծի հիմնավորման՝ նախագծի հաստատման արդյունքում կնվազեն բուժման նպատակով քաղաքացիներին տրված տարկետումների քանակները, ըստ անհրաժեշտության՝ նրանց բուժումը կիրականացվի զինծառայողի կարգավիճակով, ինչպես նաև հակացուցված ծառայության պայմանները կորոշվեն ըստ հիվանդության արտահայտման աստիճանի։
12:08 - 19 դեկտեմբերի, 2024
Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի մի շարք անդամների հետ քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի մի շարք անդամների հետ քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերրինի ու Սենատի մի շարք անդամների հետ: Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է համագործակցության բարձր մակարդակն ու զարգացման հեռանկարները՝ նշելով, որ ձեռքբերումները հնարավոր են եղել Սենատի շարունակական աջակցության շնորհիվ: Սեդրիկ Պերրինը վերահաստատել է համագործակցության զարգացման գործում Սենատի աջակցության նշանակությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին առնչվող հարցեր:
20:34 - 17 դեկտեմբերի, 2024
ՀՀ պաշտպանության նախարարն ու Պենտագոնի ղեկավարը հանդիպել են Վաշինգտոնում

ՀՀ պաշտպանության նախարարն ու Պենտագոնի ղեկավարը հանդիպել են Վաշինգտոնում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 5-ին Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։ Պապիկյանն Օսթինին է ներկայացրել ՀՀ զինված ուժերում բարեփոխումների ընթացքը, նշել համագործակցության առաջնային ուղղությունները՝ ռազմական կրթություն, մարտական պատրաստություն, միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում վարժանքներ, արհեստավարժ սերժանտական և հրահանգչական ինստիտուտների զարգացում, ՀՀ զինված ուժերի ուսումնավարժական կարողությունների ստեղծում և այլն: Պապիկյանը Ֆեյսբուքում գրել է, որ Օսթինն իր այցը պատմական է որակել։ Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի՝ Պենտագոնի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանն ու բարեկեցությանը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև համագործակցությունը շարունակում է ընդլայնվել: Օսթինն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին աջակցությունը շարունակելու հարցում։ Քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր: «Հաստատել եմ տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու Հայաստանի ձգտումը։ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն իր հերթին հայտնել է ԱՄՆ աջակցությունն այդ նպատակին», - Ֆեյսբուքում գրել է Պապիկյանը:      
09:30 - 06 դեկտեմբերի, 2024
Հայաստանի համար շատ կարևոր է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գերնպատակն աշխարհում խաղաղություն սփռելն է․ Պապիկյան

Հայաստանի համար շատ կարևոր է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գերնպատակն աշխարհում խաղաղություն սփռելն է․ Պապիկյան

Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։ Բացման պարային ներկայացումներից և մասնակից երկրների դրոշների հանդիսավոր շքերթից հետո առաջնության մասնակիցներին, պատվիրակությունների ներկայացուցիչներին և հյուրերին նախ ողջունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնը։ Խորին շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետությանը հյուրընկալության համար՝ գնդապետ Նիլտոնը նշել է, որ այս առաջնությունը ոչ միայն մրցակցության, այլև նվիրվածության, ընկերասիրության և փոխադարձ հարգանքի տոն է: Հաջողություն մաղթելով բոլոր մասնակիցներին՝ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահը նաև հույս է հայտնել, որ առաջնությունը կլինի միմյանց լավ ճանաչելու, փորձի փոխանակման հնարավորություն՝ լի անմոռանալի տպավորություններով: Հանդես գալով ողջույնի խոսքով և շնորհավորելով առաջնության մեկնարկի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ սպորտը համախմբում է մարդկանց ազնիվ մրցակցության, արդար պայքարի, բարությանը ծառայող ուժի, գեղեցիկ նպատակներին միտված կամքի, համերաշխության, հանդուրժողականության և խաղաղության գաղափարի շուրջ, իսկ Հայաստանն իր պատվելի տեղն ունի համաշխարհային սպորտում։ Եվ պատահական չէ, որ մեր երկիրն ու նրա մայրաքաղաք Երևանը երբեք չեն հեռանում մարզական ավանդույթներից: «Համոզվելու համար բավական է հիշել վերջին մի քանի տարիներին Հայաստանում կազմակերպված սպորտային մեծ իրադարձությունները՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը 2022 թվականին, ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը 2023-ին, իսկ 2027-ին ծանրամարտի աշխարհի առաջնության սպորտային մեծ տոնակատարությունը նույնպես տեղի կունենա Հայաստանում»: Անդրադարձ կատարելով Հայաստանի սպորտային նվաճումներին՝ նախարարը նշել է, որ միայն այս տարի օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում տարբեր տարիքային խմբերի մեր մարզիկները նվաճել են 334 մեդալ։ Հայաստանի պես փոքր երկիրն ունի նաև 14 օլիմպիական չեմպիոն: «Մենք անչափ կարևորում ենք Հայաստանի անդամակցությունը խոշորագույն ռազմամարզական կազմակերպությանը՝ Ռազմական սպորտի միջազգային խորհրդին, և հետզհետե ակտիվացնում ենք մեր գործունեությունը կազմակերպության շրջանակում: Եթե նախկինում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները մշտապես հյուրընկալվել են այլ պետությունների կողմից, ապա 2019-ից պատկերը փոխվել է. Հայաստանում կազմակերպված ՌՍՄԽ Եվրոպական համաժողովը հյուընկալող երկիր դառնալու մեր առաջին փորձն էր: Իսկ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության կազմակերպումը վկայում է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդին անդամակցող 140 երկրների շարքում Հայաստանն ունի իր կայուն տեղը: Մենք նախանձախնդիր ենք, որ ընդլայնվի կազմակերպությանն անդամակցող երկրների շարքը, որ ռազմական սպորտը համախմբի նոր ուժեր: Ու ջանադրաբար աշխատում ենք այդ ուղղությամբ»: Ըստ նախարար Պապիկյանի՝ Հայաստանի համար շատ կարևոր է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գերնպատակն աշխարհում խաղաղություն սփռելն է: Հայաստանը խաղաղության ջատագով է ու խրախուսում է տարբեր երկրների զինվորներին մարզական միջոցառումների շնորհիվ իրար մոտեցնելու և համախմբելու ազնիվ ու առինքնող ջանքերը: Միջոցառման հանդիսավոր բացմանն էլ հաջորդել են առաջնության մասնակից տարբեր քաշային կարգերի ըմբշամարտիկների եզրափակիչ գոտեմարտերը, որոնց արդյունքների հիման վրա էլ պարգևատրվել են ուժեղագույնները։
11:04 - 21 նոյեմբերի, 2024
ՌՍՄԽ նախագահը Սուրեն Պապիկյանին, Էդվարդ Ասրյանին և Արման Սարգսյանին պարգևատրել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մեդալներով

ՌՍՄԽ նախագահը Սուրեն Պապիկյանին, Էդվարդ Ասրյանին և Արման Սարգսյանին պարգևատրել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մեդալներով

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության անցկացման շրջանակում նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնին, ՌՍՄԽ մարզական տնօրեն, փոխգնդապետ Յան վան դեն Դուլին, ՌՍՄԽ մարզական բաժնի արդյունքների և վիճակագրական տվյալների պատասխանատու, փոխգնդապետ Ջաիր Ակամինեին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Սուրեն Պապիկյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով Հայաստանում նմանօրինակ լայնամասշտաբ միջոցառման անցկացումը: Նախարարը նշել է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդին ՀՀ-ն անդամակցում է 1994 թվականից, սակայն ակտիվ անդամ դարձել է 2010 թվականից: Այս ընթացքում ՀՀ մարզիկները մասնակցել են ամենատարբեր առաջնությունների և նվաճել բազմաթիվ մրցանակային տեղեր։ Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը հյուրերին շնորհակալություն է հայտնել վստահության և կազմակերպչական օժանդակության համար։ ՌՍՄԽ նախագահը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, նախարարի 1-ին տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին և նախարարի տեղակալ Արման Սարգսյանին պարգևատրել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մեդալներով: Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների պատվիրակություններ (ավելի քան 400 անձ): Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության բացման արարողությունը նախատեսված է նոյեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին:
17:40 - 19 նոյեմբերի, 2024
Արդյո՞ք Պապիկյանը ևս հրաժարական կտա․ խոսնակի մեկնաբանությունը


 |factor.am|

Արդյո՞ք Պապիկյանը ևս հրաժարական կտա․ խոսնակի մեկնաբանությունը |factor.am|

factor.am: Հաշվի առնելով Կառավարության նոյեմբերի 14-ի նիստում ուժային ու իրավապահ կառույցների աշխատանքից Փաշինյանի արտահայտած դժգոհությունը և բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հրաժարականները՝ Factor.am-ը Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Սուրեն Պապիկյանը կշարունակի պաշտոնավարել։ «Պաշտպանության նախարարի հրաժարականի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Արամ Թորոսյանը։ Հիշեցնենք՝ Սուրեն Պապիկյանը Հայաստանի պաշտպանության նախարար է նշանակվել 2021 թվականի նոյեմբերի 15-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Արշակ Կարապետյանին։ Պապիկյանը եղել է նաև փոխվարչապետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Պապիկյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։ Նշենք նաև, որ ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր արդեն  ազատման դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։  Հրաժարականների դիմումներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ «Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է վարչապետը։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը  պաշտոնանկությունները դիտարկում է նախընտրական տրամաբանությունների ներքո, իսկ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները նշում են, որ պաշտոնանկությունները ուղիղ կերպով վերաբերում են ՀՀ վարչապետի խոսքին և դժգոհություններին:
13:49 - 18 նոյեմբերի, 2024
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվում են բանակում չծառայելու համար. Պապիկյանը՝ զորակոչի հետ կապված մարտահրավերների մասին |armenpress.am|

ՀՀ քաղաքացիությունից հրաժարվում են բանակում չծառայելու համար. Պապիկյանը՝ զորակոչի հետ կապված մարտահրավերների մասին |armenpress.am|

armenpress.am: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անդրադարձավ Հայաստանում զորակոչի հետ կապված մարտահրավերներին։ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ զորակոչը շարունակում է մնալ պետության առաջ ծառացած մարտահրավերներից մեկը, ու դրա մասին պետք է բարձրաձայն խոսել։  «Մի երևույթ կա, երբ Հայաստանի քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի վերջինս զինված ուժերում չծառայի։ Կարծում եմ, այս հանգամանքից ելնելով, պետք է որոշակի լյուստրացիայի ենթարկենք մեր շրջապատին ու առաջին հերթին նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում։ Այս հարցով դիմել եմ նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Իմ կարծիքով՝ պետական պաշտոնյան պետք է իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլ իր մերձավոր հարազատների զավակները հրաժարվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից»,- ընդգծեց Պապիկյանը։  Նա շեշտեց, որ նման դեպքերի ցավալի ցուցանիշներ են արձանագրվել, և դրա դեմ պետք է պայքարել։ «Մենք պետք է ինքներս մեզ հետ առերեսվենք և ինձ համար բավականին վատ տենդենցի դեմն առնենք։ Այս երևույթը նոր չէ, չգիտեմ քանի տարվա պատմություն ու խորք ունի, բայց սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել»,-եզրափակեց նախարարը։ 
16:09 - 13 նոյեմբերի, 2024
ՀՀ-ի՝ օկուպացված շուրջ 200 քառ. կմ տարածքի հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ. Պապիկյան
 |1lurer.am|

ՀՀ-ի՝ օկուպացված շուրջ 200 քառ. կմ տարածքի հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ. Պապիկյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ բանակում կատարվող բարեփոխումները, ծախսերն ու ներդրումները միտված են մեկ կարևոր նպատակի՝ ունենալ արհեստավարժ, մարտունակ և ժամանակակից բանակ, որն ունակ կլինի պաշտպանելու Հայաստանի Հանրապետության 29.743 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքը: Սա միակ խնդիրն է, որ դրված է բանակի առաջ: Սա պարտավոր ենք սրբորեն կատարել: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 13-ի նիստին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության՝ օկուպացված շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածքի խնդրին, ռազմական ճանապարհով այդ հարցը լուծելու խնդիր դրված չէ, որովհետև սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ, բանակցային ճանապարհով, առավել ևս այս քաղաքական խնդրի ներքո ՀՀ բանակը, բացի ՀՀ տարածքային ամբողջականությունն արտաքին հարձակումից պաշտպանելուց, այլ խնդիր չունի և չի ունենալու»,- ասաց նախարարը:
16:07 - 13 նոյեմբերի, 2024