Էդուարդ Բաբայան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր։ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը։

Ծնվել է 1972թ. օգոստոսի 9-ին Վրացական ԽՍՀ-ում:

1992-1993թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, 1996-1997թթ.՝ ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատում: 1990թ. ավարտել է Երեւանի մեքենաշինական տեխնիկումը: 2006թ.՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության եւ կառավարման ֆակուլտետը: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մանկավարժ, ձյուդոյի մարզիչ:

1996-1997թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (6-րդ վարչություն): 1998-2004թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում:

2004-2018թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության անձի անվտանգության եւ գույքի պահպանության բաժնում:

2017 թվականից Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդականն է եղել (հասարակական հիմունքներով):

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2018 թվականի հուլիսի 2-ին «Օլիմպավան» մարզասրահում ծեծի է ընթարկել 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովին։ Ըստ տուժողի՝ նրան առաջին հարվածը հասցրել է Գագիկ Ծառուկյանը, այնուհետև՝ նրա թիկնապահ Էդուարդ Բաբայանը։ Դեպքի առիթով հուլիսի 3-ին ձերբակալվել է Էդուարդ Բաբայանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածով` դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով։ Օգոստոսի 21-ին նա կալանքից ազատ է արձակվել 20 մլն դրամ գրավի դիմաց։

2019 թվականի ապրիլի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Էվուարդ Բաբայանին դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման, սակայն նա պատիժը չի կրի՝ համաներման ակտի համաձայն։

Քիչ առաջ ԲՀԿ պատգամավոր Էդվարդ Բաբայանն է բերման ենթարկվել. Իվետա Տոնոյան |news.am|

Քիչ առաջ ԲՀԿ պատգամավոր Էդվարդ Բաբայանն է բերման ենթարկվել. Իվետա Տոնոյան |news.am|

news.am: Քիչ առաջ տեղեկացանք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդվարդ Բաբայանն է բերման ենթարկվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ազատության հրապարակում լրագրողներին հայտնեց ԲՀԿ-ական պտգամավոր Իվետա Տոնոյանը: «Իհարկե նա պատգամավորական անձեռնմխելիություն ունի, բայց մեր իրավապահ մարմինները դադարել են արդեն առաջնորդվել խելամտության կանխավարկածով: Երեկ եւս Գագիկ Ծառուկյանի կալանավորումն իրականացվել է  օրենքի շրջանցմամբ, որովհետեւ առանձին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց պետք է իրականացվեր: Առանց այդ գործընթացի, պարոն Ծառուկյանը 11 ժամ պահվել է ԱԱԾ-ում, մինչեւ ՀՔԾ քննիչները կարողացել են գործը կարել»,-ասաց նա: ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Ավոյանն էլ հավելեց, որ ասել են, որ էլի կան բերման ենթարկված պատգամավորներ եւ հիմա իրենք պետք է գնան ԱԱԾ՝ նրանց հետեւից:
20:08 - 12 նոյեմբերի, 2020
Պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող Վյաչեսլավ Հարությունովի գործը կքննվի նորից |armtimes.com|

Պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող Վյաչեսլավ Հարությունովի գործը կքննվի նորից |armtimes.com|

armtimes.com: Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ներկայիս պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող Վյաչեսլավ Հարությունովի վերաբերյալ գործը վերամակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նորք Նորք նստավայրի դատավոր Արմինե Մելիքսեթյանին: Մինչեւ վերջերս այն գտնվում էր նույն նստավայրի դատավոր Վարդան Ա. Գրիգորյանի վարույթում, սակայն նրա լիազորությունները դադարել են պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով, ուստի գործը փոխանցվել է նոր դատավորի, որը գործի քննությունը պետք է սկսի սկզբից: Դատական տեղեկատվական համակարգում այս պահին նշված չէ՝ դատավոր Մելիքսեթյանը այն վարույթ ընդունե՞լ է, նիստ նշանակվե՞լ է, թե՞ ոչ: Վյաչեսլավ Հարությունովն այն անձն է, որը հաղորդում էր ներկայացրել 2018 թվականի հուլիսի 2-ին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզահամալիրում Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ: Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:23 - 11 սեպտեմբերի, 2020
«Օլիմպավանում» ծեծի մասին հայտարարած, ապա հերքած քաղաքացին մեղադրվում է սուտ ցուցմունքի համար
 |azatutyun.am|

«Օլիմպավանում» ծեծի մասին հայտարարած, ապա հերքած քաղաքացին մեղադրվում է սուտ ցուցմունքի համար |azatutyun.am|

azatutyun.am: Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Բաբայանի քրեական գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովն ինքն է հայտնվել ամբաստանյալի աթոռին։ Նրան մեղադրանք է առաջադրվել նույն այդ գործով սուտ ցուցմունք տալու համար։ Գործը քննում է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը։ Վյաչեսլավ Հարությունովը հայտարարել էր, թե իրեն ոչ ոք չի ծեծել։ ՀՔԾ-ն հաղորդել էր, որ 2018-ի հուլիսի 2-ին «Օլիմպավան» մարզահամալիրում տեղի ունեցած միջոցառման ընթացքում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանին մոտեցել է Վյաչեսլավ Հարությունովն ու հիշեցրել ավելի վաղ իրեն տրված խոստման մասին՝ օգնել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն իր որդուն ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում: Համաձայն Հատուկ քննչական ծառայության` «խոսակցությունը շարունակվել է մարզահամալիրի հանդիպումների դահլիճում, որտեղ Էդուարդ Բաբայանը՝ խմբով, Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` գլխուղեղի ցնցման, դեմքի և կրծքավանդակի վնասվածքների, կողոսկրի կոտրվածքի և աջակողմյան պնևմոթորաքսի ձևով` ուղեկցված սուր շնչառական անբավարարությամբ»։ Տուժող Հարությունովը ոստիկաններին սկզբում պատմել էր, որ իրեն ծեծել է Էդուարդ Բաբայանը։ Հետո արդեն «Կենտրոն» հեռուստաընկերությանն ասել էր, որ ինքը լավ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ և որ որևէ բողոք չունի նրա դեմ։ Իսկ վնասվածքները ստացել է սայթաքելու հետևանքով։ Դատարանում ևս տուժողը պնդել էր, որ իրեն ոչ ոք չի ծեծել, Էդուարդ Բաբայանն էլ մեղքը չէր ընդունել։ Դատարանը, սակայն, Ծառուկյանի թիմակցին ճանաչել էր մեղավոր և դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման, բայց համաներմամբ ազատ էր արձակել։ Ըստ պաշտոնական վարկածի` սուտ ցուցմունք տված Վյաչեսլավ Հարությունովին սպառնում է առավելագույնը 5 տարվա ազատազրկում։
21:22 - 10 հունիսի, 2020
Դատարանը դռնփակ է հետազոտում պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով առկա գաղտնալսումները

Դատարանը դռնփակ է հետազոտում պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով առկա գաղտնալսումները

Դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ բավարարեց ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով տուժող Վյաչիսլավ Հարությունովի պաշտպանի միջնորդությունը՝ նրա նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված ապացույցները դռնփակ քննելու վերաբերյալ: Նշենք, որ գործում առկա են տեսաձայնագրություններ, Վյաչիսլավ Հարությունովի և նրա կնոջ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ: Ըստ փաստաբանի ՝ հեռախոսային խոսակցությունների ընթացքում մարդիկ գտնվել են տանը և Հարությունովը գործի հետ կապ չունեցող խոսակցություններ է ունեցել կնոջ, որդու հետ, որոնց ընթացքում հնչել են ոչ բարեհունչ արտահայտություններ, հայհոյանքներ: Ըստ Վահագն Բաբայանի՝ Հարությունովի հարցաքննության ժամանակ անհրաժեշտություն է առաջանալու նրան հարցեր տալ օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված ապացույցներից, և որպեսզի Հարությունովը կաշկանդված չլինի հարցերին պատասխանելիս, պետք է նրա ցուցմունքը եւս քննվի դռնփակ կարգով: Էդուարդ Բաբայանի պաշտպանները միացան միջնորդությանը, իսկ մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանը նշեց, որ Վյասչիլսավ Հարությունովի պաշտպանի միջնորդությունն ու Հարությունովի՝ նախկինում դրսևորած վարքագիծը հակասում են միմյանց: Ըստ մեղադրողի՝ այն ժամանակ, երբ դատարանը քննում էր Էդուարդ Բաբայանին կալանավորելու միջնորդությունը, դրան զուգահեռ Վյաչիսլավ Հարությունովը հարցազրույցներ էր տալիս, բոցաշունչ ելույթներ ունենում:Դատարանը որոշեց օպերատիվ հոտախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված ապացույցները հետազոտել դռնփակ, իսկ տուժողի հարցաքննությունը դռնփակ քննելու մասով միջնորդությանը կանդրադառնա այս ապացույցները դռնփակ հետազոտելուց հետո: Նշենք, որ մինչև գործի դռնփակ քննության որոշումը դատարանում հարցաքննվել են վկաներ: Մանրամասները կներկայացնենք քիչ անց:
10:05 - 21 մարտի, 2019
Սկսվեց ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով նիստը. նա ասաց, որ չի ընդունում մեղադրանքը

Սկսվեց ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով նիստը. նա ասաց, որ չի ընդունում մեղադրանքը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ քիչ առաջ սկսվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատական նիստը։ Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեղադրանքը չի ընդունում։ «Իհարկե չեմ ընդունում»,-ասաց նա: Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ հուլիս 2-ին Երեւան քաղաքի Միկոյան փողցի 51 հասցեում գտնվող «Օլիմպավան» մարզական համալիրի հանդիպումների դահլիճում հարվածներ է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս։ Հիշեցնենք, որ Բաբայանը 2018թ. օգոստոսի 21-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից: Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի կոտրվածքով ու այլ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովը։ Միջադեպը տեղի էր ունեցել «Օլիմպավանում», որտեղ տուժողը դժգոհել էր, որ իր որդուն՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնին, չեն ազատում բանակից։ Վեճ է ծագել, որի հետեւանքով Հարությունովը ծեծի է ենթարկվել եւ ծանր մարմնական վնասվածքներ ստացել։ Նա հետաքննիչին ցուցմունք է տվել, որ իրեն ծեծել են Ծառուկյանի թիկնապահն ու մյուսները, սակայն ժամեր անց հրաժարվել է իր ցուցմունքներից՝ասելով, որ սայթաքելու ընթացքում է վնասվածքներ ստացել եւ որ դեղերի ազդեցության տակ սխալ ցուցմունք է տվել։ Այս դեպքից հետո Հարությունովը պարբերաբար պնդում էր Բաբայանն ու մյուսներն իրեն ծեծի չեն ենթարկել։ armtimes.com
07:39 - 21 մարտի, 2019
Հայտնի է, թե երբ կսկսվի ԱԺ  ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայան դատավարությունը |Pastinfo.am|

Հայտնի է, թե երբ կսկսվի ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայան դատավարությունը |Pastinfo.am|

2018 թվականի հուլիսի 2-ին «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հորը՝ Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու մեջ մեղադրվող ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատավարությունը կսկսվի մարտի 21-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Մեսրոպ Երջանիկի Մակյանին։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, եւ ԱՕԿ նախագահի խորհրդական Էդուարդ Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է՝ ծանր մարմնական վնասվածքի պատճառում՝ մի խումբ անձանց կողմից, որը, սակայն, հետագայում վերափոխվել էր 112 -րդ հոդվածի 1-ին մասի` ծանր մարմնական վնասվածքի պատճառում։ Չնայած առաջադրված մեղադրանքին՝ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին Էդուարդ Բաբայանը ԲՀԿ-ից առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու եւ ընտրվել ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր՝ հավաքելով 7472 ձայն։ Մեղադրանքի առաջադրումից հետո իրավաբան Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարզաբանել էր, թե տվյալ դեպքում որքանով է գործում պատգամավորական անձեռնմխելիությունը։ Նրա խոսքով՝ Ազգային ժողովի համաձայնությունը անհրաժեշտ է պատգամավորի նկատմամբ քրեական գործ հարուցելու, այլ ոչ թե իրականացնելու դեպքում, այսինքն` երբ պետք է զրոյից սկսել քրական հետապնդումը, իսկ տվյալ դեպքում այն արդեն իսկ սկսված է, հետեւաբար՝ դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո պատգամավորը առանց որեւէ խնդրի կարող է ազատազրկվել. «ԱԺ Կանոնակարգի 29-րդ գլխի 154-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` ազատազրկման դատապարտելու դեպքում դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից պատգամավորի լիազորությունները կդադարեցվեն»,-ասում էր իրավաբանը։ pastinfo.am
08:16 - 15 մարտի, 2019