Դատարանը դռնփակ է հետազոտում պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով առկա գաղտնալսումները
10:05 - 21 մարտի, 2019

Դատարանը դռնփակ է հետազոտում պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով առկա գաղտնալսումները

Դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ բավարարեց ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով տուժող Վյաչիսլավ Հարությունովի պաշտպանի միջնորդությունը՝ նրա նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված ապացույցները դռնփակ քննելու վերաբերյալ:

Նշենք, որ գործում առկա են տեսաձայնագրություններ, Վյաչիսլավ Հարությունովի և նրա կնոջ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ: Ըստ փաստաբանի ՝ հեռախոսային խոսակցությունների ընթացքում մարդիկ գտնվել են տանը և Հարությունովը գործի հետ կապ չունեցող խոսակցություններ է ունեցել կնոջ, որդու հետ, որոնց ընթացքում հնչել են ոչ բարեհունչ արտահայտություններ, հայհոյանքներ:

Ըստ Վահագն Բաբայանի՝ Հարությունովի հարցաքննության ժամանակ անհրաժեշտություն է առաջանալու նրան հարցեր տալ օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված ապացույցներից, և որպեսզի Հարությունովը կաշկանդված չլինի հարցերին պատասխանելիս, պետք է նրա ցուցմունքը եւս քննվի դռնփակ կարգով:

Էդուարդ Բաբայանի պաշտպանները միացան միջնորդությանը, իսկ մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանը նշեց, որ Վյասչիլսավ Հարությունովի պաշտպանի միջնորդությունն ու Հարությունովի՝ նախկինում դրսևորած վարքագիծը հակասում են միմյանց:

Ըստ մեղադրողի՝ այն ժամանակ, երբ դատարանը քննում էր Էդուարդ Բաբայանին կալանավորելու միջնորդությունը, դրան զուգահեռ Վյաչիսլավ Հարությունովը հարցազրույցներ էր տալիս, բոցաշունչ ելույթներ ունենում:
Դատարանը որոշեց օպերատիվ հոտախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված ապացույցները հետազոտել դռնփակ, իսկ տուժողի հարցաքննությունը դռնփակ քննելու մասով միջնորդությանը կանդրադառնա այս ապացույցները դռնփակ հետազոտելուց հետո:

Նշենք, որ մինչև գործի դռնփակ քննության որոշումը դատարանում հարցաքննվել են վկաներ: Մանրամասները կներկայացնենք քիչ անց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել