Նարինե Թուխիկյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ, Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն։

Ծնվել է 1962 թվականի փետրվարի 16-ին Երևանում։ 1979 թ․ ավարտել է Երևանի թիվ 78 միջնակարգ դպրոցը, 1985 թ․՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 2003թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Կանանց ձեռներեցություն» դասընթացը: 1982-2007թթ. աշխատել է հեռուստատեսության ոլորտում:

2007-2019թթ.՝ ՀՀ մշակույթի նախարարության «Հովհ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն: 2018թ. դարձել է ՀՀ հանրային խորհրդի անդամ։ 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2019թ. հունիսի 11-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։ 2021-ի հունվարի 20-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Առաքման նոր սակագներ գրահրատարակչության ոլորտում. քննարկում ԿԳՄՍՆ-ում

Առաքման նոր սակագներ գրահրատարակչության ոլորտում. քննարկում ԿԳՄՍՆ-ում

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ընդունել է գրահրատարակչությունների տնօրեններին և «Հայփոստ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին՝ քննարկելու հրատարակչության ոլորտում «Հայփոստ»-ի սահմանած սակագնային փաթեթները: Նարինե Խաչատուրյանը կողմերին շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար և նշել. «Մեր հանդիպման նպատակը հատավաճառ գրականության առաքմանն առնչվող խնդիրներն են և քննարկման արդյունքում դրանց հնարավոր լուծումներ տալը: Շատ կարևոր են երկու կողմերի մոտեցումն ու դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ»: Քննարկման ընթացքում հրատարակչությունների տնօրենները ներկայացրել են ոլորտում սակագնային փաթեթի բարձրացման ռիսկերը՝ մասնավորապես նշելով, որ այն կարող է հանգեցնել առաքման ծառայության ոչ թե թանկացմանը, այլ փակմանը, ինչպես նաև հրատարակչության գործունեության բյուջեի բարձրացմանը: Անդրադառնալով «Հայփոստ» ՓԲԸ-ի նոր սակագներին՝ ընկերության պատասխանատուները ներկայացրել են "M"պարկ միջազգային սակագնային փաթեթը, որը նախատեսված է հրատարակչությունների համար: Նշյալ փաթեթի միջոցով մինչև 30 կգ տպագրական նյութերը (թերթեր, ամսագրեր, հրատարակչական պարբերություններ, գրքեր և այլն) ուղարկվում են մեկ հասցեով, յուրաքանչյուր լրիվ և ոչ լրիվ կգ-ի համար գանձվող քաշի վճարը՝ 4500 դրամ, ամբողջ պարկի համար գանձվող պատվերի վճարը՝ 2000 դրամ, իսկ պայմանագիր ունենալու դեպքում՝ սահմանված գնից 20 տոկոս զեղչով: Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքման սակագնային փաթեթների վերաբերյալ հանրապետության մյուս հրատարակիչների և գրախանութների համար ապահովել լայն իրազեկում, ոլորտում այլ խնդիրների քննարկման նպատակով ներկա պատասխանատուների հետ կազմակերպել լրացուցիչ հանդիպումներ:  
19:06 - 18 հունվարի, 2021
«Նախարարությունից հեռանալն իմ մտքում կա, նույնիսկ թղթի վրա կա». Նարինե Խաչատուրյանը հրաժարականի դիմում է գրել |168.am|

«Նախարարությունից հեռանալն իմ մտքում կա, նույնիսկ թղթի վրա կա». Նարինե Խաչատուրյանը հրաժարականի դիմում է գրել |168.am|

168.am: Նոյեմբերի 10-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրված կապիտուլյացիայի փաստաթղթի մասին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ  Նարինե Խաչատուրյանը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Նարինե Խաչատուրյանը։ «Անկեղծ ասած, ես ասել եմ, որ պատրաստվում եմ հեռանալ, բայց իմ գործընկերների, նաև մյուս փոխնախարարների հետ զրույցներում հասկացել եմ, որ այս պահին շատ գործեր ունենք անելու, ուղղակի չենք կարող կառույցն անդամահատել։ Իսկապես շատ գործ կա անելու, հատկապես հիմա։ Սակայն նախարարությունից հեռանալն իմ մտքում կա, նույնիսկ թղթի վրա կա, որևէ վայրկյանի այն կարող է հրապարակվել։ Բայց կրկնում եմ՝ մենք քննարկեցինք ու հասկացանք, որ այս պահին ճիշտ կլինի ուղղակի գործել, այդ թուղթը սեղանին դնելը միշտ էլ կա ու կա։ Հոգեբանորեն ես պատրաստ եմ դրան»,- նշեց Նարինե Խաչատուրյանը։  
20:05 - 20 նոյեմբերի, 2020
Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետը Ֆիրդուսում անօրինական կառուցապատման հարցով ոստիկանություն է դիմել

Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետը Ֆիրդուսում անօրինական կառուցապատման հարցով ոստիկանություն է դիմել

ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը Ֆիրդուսի՝ 19-րդ դարին թվագրվող աղյուսե շինության քանդման անօրինականության հարցով դիմել է ՀՀ ոստիկանություն։ Այս մասին նա հայտարարեց Երեւան քաղաքի պատմամշակութային ժառանգության պահպանությանը նվիրված ասուլիսի ժամանակ։ Հիշեցնենք, Երեւանի պատմական ժառանգություն հանդիսացող հնագույն թաղամասերից մեկում՝ 33-րդ կամ Ֆիրդուսի թաղամասում օրեր առաջ սկսվել են աղյուսե շինության քանդման աշխատանքները։ Այս գործընթացը հանրային դժգոհության առիթ է դարձել։ ՊՄՀՊ գործակալության պետն էլ պնդում է՝ գործընթացն անօրինական է, քանի որ շինությունը նախարարությունում գնահատվել է որպես պատմամշակութային արժեք ներկայացնող։ Աբրոյանն օրեր առաջ մեր զրույցում հայտարարել էր, որ ԿԳՄՍ փոխնախարար, բնագավառի պատասխանատու Նարինե Խաչատուրյանն ուղղակի պարտավոր է այս հարցով անհապաղ դիմել ոստիկանություն։ Բայց քանի որ նախարարը կարծես չի գնացել այդ քայլին, Աբրոյանն ուրբաթ օրը ինքն է դիմում ներկայացրել իրավապահներին, որտեղ, մասնավորապես, ասված է․ «Իրականացված աշխատանքները կատարվել են՝ խախտելով բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների պահանջներ՝ խաթարելով կենտրոնի հուշարձանների պատմական միջավայրը»։ Պաշտոնյան հույս հայտնեց, որ դիմումը պատշաճ ընթացք կստանա։ Նա շեշտեց, որ տարածքում տեղի ունեցող ցանկացած աշխատանք պետք է տեղի ունենար գործակալության համաձայնությամբ, ինչն ուղղակի չի եղել․ «Եթե որեւէ պաշտոնյա չի պահպանում քաղաքաշինության վերաբերյալ կետերը, ապա կամ օրենսդրություն չգիտի, կամ այլ շահ ունի: Օրենքը հուշարձան քանդելն արգելում է, եւ եթե մենք թույլ տայինք, որ հուշարձանները ցուցակից հանեինք, ապա կստացվեր, որ օրենքի առաջ մենք պատասխան պիտի տայինք, որովհետեւ ապօրինությունը օրինականացրել ենք»,- ասուլիսի ժամանակ ասաց Արմեն Աբրոյանը։ Ասուլիսն ամբողջությամբ՝ ստորեւ․ Հայարփի Բաղդասարյան
16:36 - 15 հունիսի, 2020
ԿԳՄՍ նախարարի տեղակալն այսօր հանդես եկավ սուտ հայտարարությամբ, թե ՊՄՀՊ գործակալությունը թերացել է․ Արմեն Աբրոյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այսօր հանդես եկավ սուտ հայտարարությամբ, թե ՊՄՀՊ գործակալությունը թերացել է․ Արմեն Աբրոյան

ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․ «ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն այսօր ևս հանդես եկավ սուտ հայտարարությամբ, որում ասվում է, որ ՊՄՀՊ գործակալությունը թերացել է և փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը ստանալոց հետո հանձնարարական չի տվել ՊՈԱԿ-ին (Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ- խմբ․): Ահա այդ հանձնարարականը, որը կազմվել և ներկայացվել է պետական հաշվառման գործառույթ իրականացնող ՊՈԱԿ-ին: Ի դեպ, ըստ գործավարության կարգի՝ այն ստորագրվել է հենց իր՝ Նարինե Խաչատուրյանի կողմից»: Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում Արմեն Աբրոյանը, անդրառնալով Ֆիրդուսի երկու շինությունների հարցին, նշել էր, որ նախարարության գիտահետազոտական ՊՈԱԿ-ը ներկայացրել է այդ շինությունների արժևորման փաստաթղթերը։ «Հիմա ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը հայտնել է, որ դրանք չեն արժեվորվել, բայց արժեվորման հարցը քննարկվել է օրենքով սահմանված կարգով՝ փորձագիտական հանձնաժողովում, որի ղեկավարը ես եմ, ինքս եմ քննարկել հանձնաժողովի անդամների հետ։ Հնչել են բացասական կարծիքներ, շինությունների արժեքի հարցը դրվել է քվեարկության, եւ ձայների մեծամասնությամբ՝ 6 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ, հաստատվել է, որ, այո՛, նաեւ նշյալ աղյուսե շինությունն ունի պատմամշակուսային արժեք։ Բայց, քանի որ հարցը քաղաքաշինական է, եւ խնդիրներ կային, պահանջված հատակագծային վկայագրերը չկային, մենք վերադարձրել ենք մասնագիտական ուսումնասիրությունները շարունակելու։ Այսինքն՝ պետական հաշվառման գործընթացը չի կասեցվել, իսկ օրենքն ասում է, որ պետական հաշվառման վերցրած եւ այդ գործընթացի մեջ գտնվող օբյեկտը ենթակա է պահպանման։ Ուրեմն այնտեղ տեղի ունեցող շինարարական-քանդման գործողություններն ապօրինի են»,- մասնավորապես նշել էր նա։ Խաչատուրյանն ավագանու այսօրվա արտահերթ նիստի ժամանակ նշել է, որ քննարկում եղել է, բայց Աբրոյանը թերացել է, որովհետև պիտի դիմեր ՊՈԱԿ-ին, բայց չի արել դա։ 
22:46 - 13 հունիսի, 2020
«Ֆիրդուսի» շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում՝ մեղադրանքներ, ուշացած քննարկում եւ բողոքներ. կառուցապատողը մանրամասնում է |armtimes.com|

«Ֆիրդուսի» շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում՝ մեղադրանքներ, ուշացած քննարկում եւ բողոքներ. կառուցապատողը մանրամասնում է |armtimes.com|

armtimes.com: Արդեն մի քանի օր է՝ Երեւանի ամենահայտնի եւ հին թաղամասերից մեկի՝ Ֆիրդուսի շուրջ ստեղծված աղմուկն ու բողոքները չեն դադարում: Բանն այն է, որ թաղամասի հին շինությունները, որոնք քաղաքի կոլորիտը արտացոլող հատուկենտ կառույցներից են, աստիճանաբար քանդվում են: Քաղաքացիների մի ակտիվ խումբ արդեն քանի օր է՝ ահազանգում է՝ քաղաքաշինական եւ կառուցապատման նոր ծրագրերի հետեւանքով մի ամբողջ թաղամաս հայտնվել է անհետացման եզրին։ Երկու օր առաջ քաղաքացիական ակտիվիստները կասեցրին Ֆիրդուսի թաղամասում` Հանրապետության նրբանցքում, գտնվող եւ 19-րդ դարի վերջին կառուցված շենքի քանդման աշխատանքները։ Շինությունն այժմ կիսաքանդ վիճակում է, սակայն ակտիվիստները կարեւորում են՝ կանգուն է աղյուսե ֆասադը: Դրանից մեկ օր առաջ էլ փլատակների էր վերածվել մի քանի մետր այն կողմ գտնվող պատմական եւս մի շենք: Ականատեսների վստահեցմամբ՝  շենքը գիշերով է հողին հավասարեցվել, ինչն էլ շատերի զայրույթի պատճառ է դարձել: Դեռեւս 2018 թվականի մարտի 22-ին ՀՀ կառավարության N 332-Ն որոշմամբ «Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի-խմբ.) նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ»: Ըստ այդ որոշման՝ նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երեւանի կենտրոնից վերանալու է ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին եւ խարխուլ շինություններով: Համաձայն Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի եւ Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտեւորման նախագծի` տարածքները հանդիսանալու են որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան մայթերով եւ փողոցներով: Որոշման մեջ նաեւ նշված է, որ նախատեսվում է առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կառուցում։ Երեւանի ժառանգության պաշտպանության կոմիտեն օրերս հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով՝ Երեւանի պատմական ժառանգություն հանդիսացող Ֆիրդուսի թաղամասի կառուցապատմանը։ Կոմիտեից հայտնում էին, որ ներկայիս կառավարությունը շարունակում է նախորդ կառավարության գիծը եւ կասեցնելու փոխարեն արտոնել է շարունակել աշխատանքները։ «Դրա վառ ապացույցը վերը նշված ամբողջովին կանգուն, սեւ տուֆե սրբատաշ քարից կառուցված Հանրապետության նրբանցք 9-րդ տան հիմնահատակ քանդումն է եղել՝ 19-րդ դարի վերջ եւ 20-րդի սկիզբ թվագրվող շենքի ճակատի փլուզումը»,- նշվում է կոմիտեի հաղորդագրության մեջ։ Հայտարարությունում նաեւ ասվում է, որ ըստ հավաստի տեղեկությունների, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին է հանձնարարվել նախագծի իրականացումը. «Ինչպես հայտնի է, Նարեկ Սարգսյանը 2000-ական թվականներից սկսած նախագծել եւ համակարգել է վիճահարույց բազմաթիվ նախագծեր, ինչպիսիք են մարդկանց ապօրինի ունեզրկման արդյունքում կառուցված Հյուսիսային պողոտան, Հաղթանակի զբոսայգու կանաչ տարածքի հաշվին կառուցված դղյակները, նախախորհրդային Երեւանի ոչնչացմամբ Գլխավոր պողոտայի կառուցապատումը ու բազում այլ նախագծեր»։ Այս օրերին քննադատության թիրախում է հայտնվել նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը այն պատճառով, որ չի միջամտել՝ կասեցնելու քանդման աշխատանքները: Փոխնախարարը «Հայկակական ժամանակի» հետ զրույցում հիշեցրեց, որ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման գործընթացը սկսվել է դեռեւս 2014 թվականին։ «Քանդման թույլտվությունը տալիս է քաղաքապետարանը: Բայց ընդհանրապես նման դեպքերում թույլտվություն տալուց առաջ պետք է դիմել նախարարությանը: Ես չգիտեմ՝ տարիներ առաջ  քաղաքապետարանը դիմել է նախարարությանը, թե ոչ, բայց դա տրվել է եւ փաստ է»,-ասաց նա: Թուխիկյանը շեշտեց, որ նախարարությունն ունի փորձագիտական խորհուրդ, որը դիտարկում է հարցերը, այսինքն արդյո՞ք շենքն աժեւորվում է այնքան, որ հուշարձանի կարգավիճակ ստանա, թե՝ ոչ: «Ինչ վերաբերում է Հանրապետության փողոցի նրբանցքում գտնվող համար 11 եւ 6 շենքերին, դրանք չեն արժեւորվել ու չեն ներառվել: Դա տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 2-ի նիստում, ես այն ժամանակ դեռ նշանակված չեմ եղել: Հանձնաժողովը գլխավորել է պարոն Արմեն Աբրոյանը»,-ասաց նա: Թուխիկյանը նկատեց՝ այն, ինչ նախարարության իրավասությունների մեջ է, իրենք կատարում են: Անդադառնալով վերը նշված աղյուսե շենքին, որը հանրությունը ջանում է ամեն գնով փրկել, ասաց, որ կառուցապատողի հետ պայմանվորվել են չափագրել, նկարել եւ նմանատիպ շենք վերականգնել նույն թաղամասի մեկ այլ հատվածում: Շենքի ճակատը կրկնօրինակվելու է մեկ այլ վայրում: Մեր հարցին, թե շենքը քանդել ու մեկ այլ հատվածում նմանը կառուցելու իմաստը ո՞րն է, Թուխիկյանն ասաց, այդ հատվածում ըստ արված նախագծի ճանապարհ պիտի լինի, իսկ շինությունն ընկնում է հենց մեջտեղում: Այն հարցին, թե ինչու ԿԳՄՍ-ն չի միջամտել, որպեսզի պատմական ժառանգություն հանդիսացող շենքը գոնե չքանդվի, Թուխիկյանն ասաց, ինչպես միջամտենք, եթե նախագիծ չի եկել նախարարություն: «Երբ որ այդ նախագիծը կգա նախարարություն, մենք կքննարկենք»,-ասաց նա: Թերեւս ավելորդ չէ նշել, որ որեւէ  նախագիծ այլեւս նախարարություն չի գնա, քանի որ քանդման աշխատանքներին արդեն ընթացք է տրված, կա հստակ նախագիծ, ներդրողներ ու պայմանագրեր: Նարինե Թուխիկյանը, սակայն  նկատեց, որ գոնե պիտի հանրությանն իրազեկեին եւ հիմա էլ պետք է քննարկումներ լինեն նման փոփոխություններ իրականացնելիս.«Իրենց պատճառաբանությունը սա է, որ այդ շենքերեը ցուցակում չեն եղել ու իրազեկման խնդիր չի եղել»: Դիտարկմանը, թե մշակութային գործիչները բարձարձայնում են, որ դա նախկինների տարիներով եկած գործելաոճն է, երբ մի տարածք, կա՛մ շինություն իրենց պետք էր բիզնես նպատակներին ծառայեցնելու համար, նախ, հանում էին ցուցակից ապա քանդում, ինչն էլ «լավ» արդարցման պատճառ էր, ԿԳՄՍ փոխնախարարը համաձայնեց, որ նման նախադեպեր իսկապես շատ կան, բայց վերը նշված եւ արդեն քանդված երկու շենքերը երբեւէ ցուցակում չեն եղել, ընդհակառակը, երբ 2019 թվականին քննարկել են, թե ադյո՞ք պետք է նորահայտերի ցանկ մտցնել, մասագետները դրանք չեն արժեւորել: «Ես կառուցապատողի հետ խոսել եմ, եթե շենքը հուշարձան համարվեր, այն ոչ միայն քանդելու իրավունք չէին ունենա, այլեւ տեղափոխելու»,-ասաց նա: Շարունակությունը՝ armtimes.com-ում
10:09 - 13 հունիսի, 2020
Որեւէ աշխատանքի կատարումն ապօրինի է․ նախարարությունն ուղղակի պարտավոր է դիմել ոստիկանություն․ Արմեն Աբրոյան

Որեւէ աշխատանքի կատարումն ապօրինի է․ նախարարությունն ուղղակի պարտավոր է դիմել ոստիկանություն․ Արմեն Աբրոյան

Երևանի պատմական ժառանգություն հանդիսացող հնագույն թաղամասերից մեկում՝ 33-րդ կամ Ֆիրդուսի թաղամասում օրեր առաջ սկսվել են 19-րդ դարին թվագրվող աղյուսե շինության քանդման աշխատանքները։ Այս գործընթացը հանրային դժգոհության առիթ է դարձել։ Թեեւ այս թաղամասի կառուցապատումն արտոնել էր Սերժ Սարգսյանի իշխանությունը, սակայն այդ գործընթացի շարունակությունն, ըստ էության, տեղի է ունենում նաեւ հետհեղափոխական Հայաստանում, որտեղ որդեգրված գաղափարներից մեկը նաեւ մշակութային հեղափոխությունն էր։  2018թ․ մարտի 22-ին ՀՀ կառավարության N 332-Ն որոշմամբ «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ»: Որոշման համաձայն՝ նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից «կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին և խարխուլ շինություններով և համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտևորման նախագծի` տարածքները կհանդիսանան որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան մայթերով և փողոցներով, ինչպես նաև առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կառուցում»։ ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը հիշեցնում է՝ նախկինում ինչպես էր իրականացվում այս գործընթացը․ տարածքը ճանաչվում էր գերակա հանրային շահ, ներդրում անվան տակ վաճառվում էր մեկին, այդտեղից հանում էին բնակիչներին, եւ շինարարական բիզնես-ծրագրեր էին անում։ Այս նույն անվան տակ նաեւ Ֆիրդուսի՝ 33-րդ թաղամասի շինություններն ու հատկապես կարմիր աղյուսե շինությունն էլ մտավ այդ գործընթացի մեջ։ Մեր զրույցում Աբրոյանը նկատեց՝ նախկինում պաշտոնյաներ կային, որոնք այդ բիզնես-նախագծերի համար վճարվում էին, ու դա ձեռնտու էր գրեթե բոլոր կողմերին, բացի բնակիչներից։ Կամ էլ եթե նույնիսկ բնակիչները գոհ էին, այդ գործընթացը դեմ էր Երեւան քաղաքի պատմական շերտերի պահպանման շահերին։ ՀՀ կառավարության՝ 2018 թվականի N 332-Ն որոշման մեջ նշված է, որ կառուցապատում է իրականացվելու մի տարածքում, որն այս պահին «խառը, անկանոն կառուցապատում է` տարերայնորեն տեղակայված հին և խարխուլ շինություններով»։ Աբրոյանը հատուկ ընդգծեց՝ պատմամշակութային որեւէ շինություն, որը վթարված կամ քանդված է, դեռեւս անարժեք չէ։ «Համարենք, որ եկեղեցու պատերից հատվածներ են մնացել, չի նշանակում, որ եկեղեցին չունի պատմամշակութային արժեք։ Ինքը կիսաքանդ է, գնանք կիսաքանդ ամրոցները, վանքերը քանդե՞նք, ասենք խարխո՞ւլ է։ Չի՛ կարելի։ Հարկավոր է ընտրել գրագետ, մեթոդապես ճիշտ միջամտություն, եթե այդտեղ պետք է կառուցապատում անել։ Դա օրենքը չի արգելում, բայց, ցավոք, մեր մտածողությունը գնում է այն ուղղությամբ, որ ավելի հեշտ է քանդել, նորը սարքել»,- ասաց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է այն մեկնաբանությանը, թե Ֆիրդուսի կարմիր աղյուսե այդ շենքը ներառված չէ հուշարձանների ցանկում, դրա համար էլ շինարարական միջամտությունների թույլտվություն է տրվել, գործակալության պետն արձագանքեց, որ տվյալ տարածքը ներառված է եղել հուշարձանների պահպանական գոտիների համակարգում, եւ այդ տարածքում որեւէ շինարարական, ինժեներական, հողաշինական կամ նույնիսկ տնտեսական գործունեությունը կատարվում է լիազոր մարմնի թույլտվությամբ։ Այս պարագայում լիազոր մարմինը ԿԳՄՍ նախարարությունն է, իսկ վերջինս՝ ի դեմս նախարարությանը կից գործակալության, թույլտվություն չի տվել, ինչպես պնդում է գործակալության պետը։ «Այսինքն՝ տվյալ տարածքում՝ 33-րդ թաղամասում, որտեղ կան հուշարձաններ, որոնք ներառված են պետական ցուցակներում, որեւէ աշխատանք չէր կարելի կատարել եւ որեւէ աշխատանքի կատարումն ապօրինի է, եթե չկա տվյալ թույլտվությունը։ Համաձայն մեր բնագավառի օրենսդրության՝ հուշարձաններ ներառող տարածքներում կառուցապատման նախագծերն ու առաջադրանքները համաձայնեցվում են լիազոր մարմնի հետ, տվյալ դեպքում՝ ԿԳՄՍՆ-ի։ Իսկ մենք համաձայնություն չենք տվել։ Բացի այն, որ աշխատանք կատարելու թույլտվություն չկա, նաեւ դրանց նախագծերը չեն համաձայնեցվել»,- ասաց պաշտոնյան՝ հավելելով, որ այս դեպքում հնարավոր է նույնիսկ սահմանված ռեժիմների խախտում լինի։ Աբրոյանի խոսքով՝ նախարարության գիտահետազոտական ՊՈԱԿ-ը ներկայացրել է Ֆիրդուսի երկու շինությունների արժևորման փաստաթղթերը, խոսքը պետական հաշվառման մասին է։ Եւ եթե որեւէ շինություն վերցված է պետական հաշվառման, ապա այն ենթակա է պահպանման․ «Հիմա ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը հայտնել է, որ դրանք չեն արժեվորվել, բայց արժեվորման հարցը քննարկվել է օրենքով սահմանված կարգով՝ փորձագիտական հանձնաժողովում, որի ղեկավարը ես եմ, ինքս եմ քննարկել հանձնաժողովի անդամների հետ։ Հնչել են բացասական կարծիքներ, շինությունների արժեքի հարցը դրվել է քվեարկության, եւ ձայների մեծամասնությամբ՝ 6 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ, հաստատվել է, որ, այո՛, նաեւ նշյալ աղյուսե շինությունն ունի պատմամշակուսային արժեք։ Բայց, քանի որ հարցը քաղաքաշինական է, եւ խնդիրներ կային, պահանջված հատակագծային վկայագրերը չկային, մենք վերադարձրել ենք մասնագիտական ուսումնասիրությունները շարունակելու։ Այսինքն՝ պետական հաշվառման գործընթացը չի կասեցվել, իսկ օրենքն ասում է, որ պետական հաշվառման վերցրած եւ այդ գործընթացի մեջ գտնվող օբյեկտը ենթակա է պահպանման։ Ուրեմն այնտեղ տեղի ունեցող շինարարական-քանդման գործողություններն ապօրինի են։ Դարձյալ կրկնում եմ՝ գործակալությունն է այն մասնագիտական կառույցը, որն իրավունք ունի համաձայնություն, եզրակացություն եւ թույլտվություն տալու, իսկ դա չի եղել»,- պարզաբանեց Արմեն Աբրոյանը։ Այն, որ այդ տարածքում որոշ շինությունների ֆասադային հատվածները պահպանվում են, Աբրոյանի վստահեցմամբ, չի նշանակում, որ պահպանվում է պատմական միջավայրը, քանի որ, նրա խոսքով, հուշարձանն ամբողջությամբ է հուշարձան, եւ անթույլատրելի է դրա միայն ճակատային մասը պահելը։ Ու որքան կարեւոր է հուշարձանը, այնքան էլ հուշարձանի միջավայրը։ Իսկ թե ինչ պետք է անել հարցը լուծելու համար, ինչ կարող է անել ԿԳՄՍՆ-ն՝ Աբրոյանը հստակ նշեց՝ նախարարությունն, ի դեմս Նարինե Խաչատուրյանի, ուղղակի պարտավոր է դիմել ոստիկանություն․ «Մեր բնագավառի օրենսդրությունը խախտվել է, այդ խախտման համար պատժի կիրառումը վերապահված է ոստիկանությանը, եւ նախարարությունը ժամ առաջ պետք է դիմի իրավապահներին։ Ես գործակալության Երեւանի բաժնի պետին հանձնարարություն եմ տվել՝ դիմել ոստիկանություն, բայց մեր լիազորությունները վերակազմակերպման մեջ են, ոչ բավարար են, որ կարողանամ այդ գործընթացներն ինքնուրույն անել։ Եւ կարծում եմ՝ Նարինե Խաչատուրյանը հենց հիմա պետք է դիմի, եւ մեր բաժինների աշխատակիցներին, մեզ, ինձ, մյուսներին հանձնարարի գնալ ու թույլ չտալ շարունակել այդ գործընթացը, հանձնարարի դիմել իրավապահներին»,- ասաց Արմեն Աբրոյանը։ Հայարփի Բաղդասարյան
22:30 - 11 հունիսի, 2020
ԿԳՄՍ փոխնախարարը պեղումներ իրականացնելու թույլտվություն է տվել մի ՊՈԱԿ-ի, որը նախկինում ոչ պատշաճ եւ թերություններով է իրականացրել պեղման աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարարը պեղումներ իրականացնելու թույլտվություն է տվել մի ՊՈԱԿ-ի, որը նախկինում ոչ պատշաճ եւ թերություններով է իրականացրել պեղման աշխատանքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության (այժմ՝ վարչության) պետ Արմեն Աբրոյանը 2019թ. սեպտեմբերի 12-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետին` հայտնելով, որ նախարարի տեղակալը՝ Նարինե Խաչատուրյանը, տվել է երկու տասնյակից ավելի հնագիտական հետախուզման եւ պեղման թույլտվություններ՝ ՀՀ օրենսդրության խախտմամբ, հնագիտական հետախուզման եւ պեղման համար տվյալ հուշարձանների օրենքով պահանջվող հետագա պահպանության միջոցառումների չկատարման պայմաններում՝ խաթարելով Գործակալության գործառույթների կատարման ընթացքը, հնարավորությունը եւ վարքը: Դատախազությունն ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2019 թվականին ՀՀ տարածքում հուշարձանների հետախուզում եւ հնագիտական պեղումներ կատարելու համար տրվել է 45 թույլտվություն, որից միայն 9-ին թույլտվությունն է տվել Գործակալության պետը, իսկ մնացածը` նախարարի տեղակալը, թեեւ ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի թիվ 1357-Ն որոշման համաձայն թույլտվություն տալը, դրանց գրանցումն ու այդ աշխատանքների իրականացման ընթացքի ապահովումը վերապահված է Գործակալությանը։ Մասնավորապես, 2018թ. Գործակալությունը Աղձքի հայ արքաների դամբարանում պեղումներ կատարելու թույլտվություն է տվել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Պեղումների իրականացման համար վերջինիս ՀՀ մշակույթի նախարարության բյուջեից հատկացվել է 15 մլն.դրամ, ԿԳՄՍՆ-ից լրացուցիչ հատկացվել է եւս 12 մլն դրամ, մինչդեռ պեղումներն իրականացվել են նախատեսվածից գրեթե 2 անգամ փոքր տարածքում, ինչպես նաեւ ի թիվս բազմաթիվ այլ խախտումների՝ չեն կատարվել հուշարձանի ամրակայման աշխատանքներ, իսկ գիտական ամփոփ հաշվետվությունը ներկայացվել է թերություններով, ինչպիսի պայմաններում հետագայում չպետք է տրվեր թույլտվություն։ Չնայած նշված հանգամանքին՝ 2019 թվականին արդեն ԿԳՄՍ նախարարի տեղակալն Աղձքի հայ արքաների դամբարանում եւ հարակից տարածքում պեղումներ իրականացնելու թույլտվություն է տվել ՊՈԱԿ֊ին, որի համար հատկացվել է 15.000.000 ՀՀ դրամ, սակայն պեղումները չեն իրականացվել: Ընդ որում, թեեւ 2019թ. հոկտեմբերի 1֊ին նախարարությունը դատախազությանը տրամադրել էր վկայակոչած թույլտվության կրկնօրինակը, սակայն հետագայում դատախազությանը 2020թ. հունվարի 15-ին տրամադրած թիվ 04/14.2/421-20 գրությանը կից տեղեկատվությամբ ներկայացվում էր, որ Աղձքի հայ արքաների դամբարանում պեղումներ կատարելու թույլտվություն 2019թ. առհասարակ չի տրվել: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է պարզել նմանատիպ իրարամերժ պատասխանների պատճառները:  Դատախազությունը նշել է, որ ուսումնասիրության ընթացքում ՊՈԱԿ-ի կողմից 2020թ. հունվար եւ փետրվար ամիսներին պետական բյուջե է վերադարձվել 2019թ. պեղումների համար հատկացված 15.000.000 ՀՀ դրամը, իսկ 2018թ. իրականացված պեղումների բյուջետային միջոցների ծախսի գործընթացը ներկայումս ուսումնասիրվում է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը։ Ուսումնասիրության շրջանակներում Նախարարության՝ 2019թ. դեկտեմբերի 26֊ին թիվ 04.1/14.2/30857-19 գրության կից տրված պարզաբանման համաձայն նախարարությունների միաձուլումից հետո ձեռնարկվել են օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես նախատեսվել է վերանայել Գործակալության կարգավիճակը, խնդիրներն ու լիազորությունները։ Եւ, ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռեւս ուժի մեջ են ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի թիվ 1357-Ն որոշումը, ինչպես նաեւ ՀՀ մշակույթի նախարարի 2012 թվականի հուվարի 26-ի թիվ 19-Ա հրամանը, Դատախազությունն առաջարկել է հնարավոր սեղմ ժամկետում գործուն միջոցներ ձեռնարկել՝ վերը նշված օրենսդրական փոփոխությունները կատարելու ուղղությամբ՝ այսուհետ իրականացվելիք հնագիտական հետախուզական աշխատանքների եւ պեղումների թույլտվությունների տրամադրման, դրանց իրականացման ընթացքի եւ արդյունքների նկատմամբ պատշաճ, արդյունավետ հսկողությունը ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի թիվ 438 որոշման պահանջներին համապատասխան ապահովելու եւ այդ գործընթացում պաշտոնատար անձանց լիազորությունները հստակեցնելու նպատակով։ Չնայած դատախազության այս գրությանը, որից հստակ հասկանալի է՝ փոխնախարարը պեղումներ իրականացնելու թույլտվություն է տվել մի ՊՈԱԿ-ի, որը նախկինում ոչ պատշաճ եւ թերություններով է իրականացրել պեղման աշխատանքները, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը մեր զրույցում հերքել էր վերոգրյալի վերաբերյալ գործակալության պետի պնդումները՝ հավելելով, որ եթե վերջինս ինչ-որ կասկածներ ունի նախարարության գործելաոճում օրինախախտումների վերաբերյալ, կարող է դիմել իրավապահներին։  Մեր զրույցում Խաչատուրյանը, համաձայնելով, որ պատմական միջավայրի պահպանության ոլորտում առկա են խնդիրներ, այդ թվում՝ օրենսդրական բացեր, ասել էր, թե ինքն անձամբ է Աբրոյանին առաջարկել հանդես գալ օրենսդրական առաջարկներով, սակայն վերջինս միայն լիցենզիաների վերաբերյալ է  ներկայացրել։  Ստեղծված իրավիճակը հասկանալու համար մենք դարձյալ զրուցեցինք Արմեն Աբրոյանի հետ։ Վերջինս նկատեց՝ բնագավառի օրենսդրական կարգավորումը հենց նախարարության եւ համակարգող փոխնախարարի պարտականությունն է, եւ, համաձայն Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի՝ հստակ շարադրվում է, որ հենց Մշակույթի նախարարությունն է մշակում եւ իրականացնում մշակույթի զարգացման, մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման, հասարակության կողմից մշակույթի՝ որպես զարգացման միջոցի գիտակցման, նոր արժեքների ու նոր գաղափարների ներդրման, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման ու զարգացման համար պայմանների ստեղծման, մշակութային արժեքներին հաղորդակցվելու, մշակույթի ոլորտում ազատ ու մատչելի ծառայությունների մատուցման պայմանների ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը: «Նախարարությունն ու բնագավառի պատասխանատու փոխնախարարը պետք է ապահովեն ոլորտում ծառայության մատուցման պայմանները, իսկ ծառայությունների մատուցման գործառույթը եղել է գործակալությանը։ Այսինքն՝ ծառայությունների մատուցման գործառույթ չունենալով՝ փոխնախարարը փորձում է միջամտել գործակալության եզրակացություններին, եւ այլն»,- ասաց Աբրոյանը։ Ինչ վերաբերում է փոխնախարարի՝ մեր զրույցում հնչեցրած այն կարծիքին, որ գործակալության պետն այսպիսով փորձում է իրենց կառույցը տարանջատել նախարարությունից՝ Աբրոյանն արձագանքեց, որ ինքը երբեւէ այդպիսի նպատակ չի ունեցել եւ գործակալությունը նախարարության ստորաբաժանումն է եղել նաեւ այն ժամանակ, երբ եղել է որպես առանձին լիազոր մարմին՝ մինչեւ 2003 թվականը։ Իսկ դրանից հետո լիազորությունները փոխանցվել են նախարարությանը, բայց կառավարության որոշմամբ տվյալ բնագավառում լիազոր մարմնի անունից հանդես գալու իրավասությունը վերապահվել է գործակալությանը, եւ հստակ շարադարվել է, թե ինչեր պիտի անի գործակալությունը, ինչը, Աբրոյանի պնդմամբ, տարիներ շարունակ նախարարի հրամաններով փորձել են խոչընդոտել․ «Դեռ տարիներ առաջ այս թեմայով խնդիրներ ենք ունեցել, մինչեւ իսկ ինձ ուղարկել են ծառայողական քննության՝ մինչեւ քաղծառայության մարմին, որը կարճել է նախարարի նման պահանջը, կարծեմ 2016 թվականին՝ նշելով, որ գործակալությունն ինքնուրույն գործառույթներ ու լիազորություններ ունի։ Իսկ հիմա փոխնխախարը նույնիսկ նման ձեւով է փորձում շահարկել, թե տարանջատում եմ, եւ այլն։ Ես տարանջատում եմ միայն գործառույթները»։ Իսկ երբ Նարինե Խաչատուրյանը որպես խնդիրների լուծում դիտարկում է օրենսդրության կարգավորումը, Աբրոյանի խոսքով, դրա պատասխանատուն եւ կատարողը հենց ինքը՝ փոխնախարարն է։  «Այս առումով փոխնախարարը, մեկ տարի լինելով այդ պաշտոնում, մինչեւ իմ մասին կարծիք հայտնելը՝ պետք է գոնե տեղյակ լինի, թե ես ինչ եմ արել բնագավառի խնդիրները կարգավորելու համար։ Սկսած այն բանից, որ բնագավառի օրենսդրությունը՝  «Պատմության ու մշակույթի հուշարձանների եւ դրա պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքը, ամբողջությամբ վերախմբագրվել է, այդ գործընթացի նախաձեռնողը, մասնակիցը դեռ տարիներ առաջ ամբողջությամբ եղել է գործակալությունը, մասնավորապես՝ ես։ Այս շրջանում արդեն ներկայացրել եմ ամբողջ բնագավառի վերլուծությունը, որը նախկինում հիմք է հանդիսացել կառավարության ռազմավարության ծրագրով օրենսդրության եւ ենթաօրենսդրական ակտերի ամբողջական մշակամն, որն ամեն տարի հետաձգվել է»,- ներկայացրեց գործակալության պետը։ Մեր դիտարկմանը, որ փոխնախարարը նշում է, թե ինքն է Աբրոյանին առաջարկել հանդես գալ օրենսդրական առաջարկներով, վերջինս պատասխանեց, որ գործակալությունը նախաձեռնություն անելիս պատրաստակամություն է հայտնում օրենսդրական մշակումները կատարելու համար, բայց նախարարությունում գոյություն ունի տվյալ բնագավառի վարչություն․ «Ես նույնիսկ նախարարին զեկուցագրով եմ գրել, որ չեն կարգավորվում օրենսդրական խնդիրները, իսկ փոխնախարարը պետք է իմանա, որ դա իր համակարգմամբ նախարարության գործառույթն է։ Այսինքն՝ նախարարությունը ցույց է տալիս իմ այն ասածը, որ ինքը ոչ միայն պետք է մշակի ու չի մշակել օրենսդրությունը, այլ պնդում է, թե գործակալությունը պիտի անի դա, ինչը գործակալության պարտականությունը չէ։ Գործակալությունը ծառայություն մատուցողն է, օրենքին համապատասխան գործունեություն իրականացնողն է, իսկ օրենքին համապատասխան ծառայություն մատացողն իր համար չպիտի օրենք գրի, որովհետեւ իրեն ձեռնտու օրենք կգրի, դրա համար էլ առանձնացված են մշակողն ու իրականացնողը»։ Իսկ մշակողը, ըստ Աբրոյանի, չի մշակում, որովհետեւ կամ չի հասկանում, կամ չի կարողանում, կամ այդ կամքը չունի․  «Հետն էլ ասվում է, թե ծառայություն մատուցողը լավ չի աշխատե՞լ։ Այս դեպքում պետք է լավ աշխատել հենց փոխնախարարի միջոցով։ Օրինակ բերեմ․ մենք կառավարության 438 կարգում առաջարկեցինք փոփոխել մի հատված, որը կարգավորում էր հուշարձանների տարածքների կադաստրային համակարգին համապատասխանեցնելը։ Շատ դժվարությամբ արվեց դա։ Մի քանի անգամ, նույնիսկ տասնյակին հասնող անգամներ փորձում ենք բացատրել, ներկայացրել խնդիրը, եւ մեկ կետ մի կերպ ուղղեցինք վերջերս։ Մեկ օրինակ էլ․ փոխնախարարի սենյակում պատասխանատուների ներկայությամբ բարձրացրել եմ հարց, որ հուշարձանների տարածքները չեն կարող լինել անձանց սեփականություն։ Շատ մանրամասն, շատ պարզ ներկայացրել եմ փոխնախարարի ներկայությամբ, բայց ընթացք չի ստացել հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Կադաստրի կոմիտե ուղարկել հարցը, որովհետեւ օրենսդրական բացի պատճառով բազմաթիվ քրգործեր են հարուցվել, բայց ես լուծման երկու առաջարկներ եմ ներկայացրել տեղում։ Ի՞նչ եք կարծում՝ իր հիմնական գործառույթներն ու պարտականություններն իրականացնելու համար անընդհատ պետք է գործակալությո՞ւնը օրենսդրական կարգավորումներ անի։ Ամբողջ օրենքի քննարկված, լրամշակված տարբերակը ներկայացված եւ շրջանառության մեջ է եղել նախարարությունում, հիմա փոփոխություններով, լրացումներով փաթեթը կա, ինչո՞ւ ընթացք չի ստանում, ինչո՞ւ է ուշացվում»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գործակալությունը շատ-շատ խնդիրներ ունի սահմանված կարգերի բացակայության պատճառով, եւ չգիտի՝ սա չիմացության արդյունք է, թե գործակալությանը մեղադրանքներ ուղղելու փորձ։ Գործակալության պետը թվարկած խնդիրների մասին դեռեւս նախորդ տարի զեկուցագիր է ներկայացրել նախարարին՝ խնդրելով օրենսդրական կարգավորումներ կատարելու հանձնարարական տալ համապատասխան վարչություններին։ Սրան, սակայն, ընթացք չի տրվել։ Արմեն Աբրոյանը ներկայացրեց նաեւ, որ գործակալությունը պետք է աշխատի 30 հաստիքով, բայց դրանցից 7-ը թափուր են, ընդ որում՝ Արագածոտնի տարածքային աշխատակցի պաշտոնը թափուր է 4 տարի․ «Պատկերացնո՞ւմ եք, գործակալությունը մարզում իրավիճակին չի տիրապետում։ Խնդրել եմ օրենքով սահմանված կարգով որեւէ մեկին ընդունեն, կամ գոնե թոշակի գնացողների պայմանագրերը երկարացնեն։ Բնագավառի քայքայման նման բազմաթիվ օրինակներ կան՝ թույլ չտալով լիարժեք իրականացնել մեր գործառույթները։ Տարիներ շարունակ մեր մարզային աշխատակիցներին աշխատաելու համակարգիչ, տեղ, պայման չի տրամադրվում։ Տարածաքային կառավավարման նախարարության միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ գոնե մարզպետարաններում տեղ տրամադրել։ Շրջայցեր են կատարվում՝ առանց որեւէ տրանսպորտային միջոցի՝ սեփական աշխատաավրձի հաշվին՝ գնալով տասնյակ կիլոմետրեր, որտեղ նույնիսկ հասարակական տրանսպորտ չի գնում։ Ավելին՝ մարզի տարածում 30կմ ավելի այցերի դեպքում միայն իմ բազամթիվ ջանքերից հետո են որոշ դեպքերում գործուղումներ ձեւակերպվել, այն էլ պարզվում է՝ գործուղման թերթիկն էլ մարզից պիտի բերվի այստեղ, տարվի մարզ․․․ պայմաններ չկան ծառայությունը պատշաճ իրականացնելու համար։ Չնայած այս ամենին՝ մենք մշտապես փորձել ենք առանց թերությունների կատարել այդ աշխատանքը»։ Վերադառնալով փոխնախարարի բերած՝ Փարիզի Աստվածամոր այրված տաճարի վերականգնման ձեւի շուրջ մասնագետների քննարկումների օրինակին, Արմեն Աբրոյանը նկատեց՝ այդ աշտարակի դեպքում հուշարձանի մեթոդական վերականգնում է, ոչ թե պատմական միջավայրի․ (Փոխնախարարը, նշելով, որ պետք է օրենսդրական այնպիսի փաթեթներ ստեղծվեն, որ քաղաքաշինությունն ու հուշարձանների պահպանությունը ոչ թե թշնամի լինեն, այլ կարողանան համակեցություն ունենալ, մեր զրույցում որպես օրինակ ներկայացրել էր Փարիզի Աստվածամոր տաճարը,- հեղ․) «Սա եւս մեկ օրինակ, որ փոխնախարարը մի բանի վերաբերյալ այլ օրինակ է բերում։ Պատմական միջավայրը այլ է, հուշարաձանի վերկանագնման մեթոդի ընտրությունը՝ այլ»,- ասաց գործակալության պետը։ Շարունակելով պատմական միջավայրի պահպանության բնագավառը ԿԳՄՍՆ-ում վտանգված լինելու մասին իր փաստարկները՝ Արմեն Աբրոյանն ասաց, որ բնագավառի գիտամեթոդական  խորհուրդը նախկինում 20 անդամ ուներ, ինքն էլ խորհրդի նախագահի տեղակալն էր՝ մինչեւ Նարինե Խաչատուրյանի նշանակումը։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ խորհրդի նախագահն ունի երկու ձայնի իրավունք, եւ, համաձայն կառավարության որոշման՝ փոխնախարար Խաչատուրյանը չէր կարող լինել գիտամեթոդական խորհրդի նախագահ, որովհետեւ կարգը հստակ ասում է՝ գիտամեթոդական խորհուրդը բաղկացած է բնագավառի առավել փորձառու մասնագետներից․ «Հերիք չէ՝ ինքը մասնագետ չէ, փորձառու չէ, եւ ավելին՝ առավել փորձառու չէ․ բայց ունի երկու ձայնի իրավունք։ Երկրորդը՝ նախարարի հրամանի փոփոխությամբ՝ ես դուրս եկա տեղակալի պաշտոնից, եւ այսօր խորհրդի նախագահն առանց տեղակալի է վարում նիստերը։ Խորհուրդը դարձրել են յոթ հոգանոց, այսինքն՝ փոխնախարարը, չլինելով բնագավառի մասնագետ, որոշում է կայացնում, որ այս, այս, այս մասնագետները լինեն, եւ երակացություն է տրվում կեսից ավելիի ձայնով։ Ստացվում է՝ 3 հոգով որոշում են կայացնում, որից երկուսի ձայնը կարող է իրենը լինել։ Էլ ո՞նց ասենք՝ ապօրինություն է։ Բացի այս՝ պատմական միջավայրը խախտումով խաթարելու օրինակներ են հենց Տերյան փողոցի բարձրահարկ շենքը, որը հիմա նախարարության թույլըտվությամբ եւ գործակալության անհամաձայնությամբ բարձրանում է, Ռոսիա կ/թ-ի բարձրահարկ հյուրանոցը, եւ այլն»։ Ի դեպ, սույն թվականի մարտի 5-ին Աբրոյանը դարձյալ զեկուցագիր է ներկայացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ նշելով, որ ՊՄՀՊ գործակալություն են ներկայացվում պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման կամ տեղափոխման համաձայնեցման ենթակա գիտանախագծային եւ նախահաշվային փաստաթղթեր, որոնք մեր կողմից ներկայացվում են նախարարություն՝ գիտամեթոդական խորհրդի եզրակացություն ստանալու համար: Աբրոյանը զեկուցագրում հայտնել է, որ, համաձայն գործող օրենսդրության, գիտամեթոդական խորհուրդը բաղկացած է հուշարձանների հետազոտման, պահպանության, վերականգնման ու օգտագործման բնագավառների առավել փորձառու մասնագետներից, որը սակայն ապահովված չէ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ գործակալության պետը խնդրել է նախարարի հանձնարարականը։ Զեկուցագրերում արծարծված խնդիրները, սակայն, ըստ էության ընթացք եւ լուծում չեն ստացել։ «Իսկ ահա ինչ վերաբերում է շահարկումներին, թե աշխատել եմ նաեւ նախկին իշխանության օրոք, փորձ է արվում քաղաքականացնել խնդիրը։ Դա գոնե իմ դեպքում առնվազն կամ չիմացության արդյունք, կամ եթե իմանալով են ասում՝ դատարկաբանություն է։ Նույնիսկ հեղափոխությունից անիմջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշակութային գործիչների հետ հավաքի ժամանակ հստակ ասաց՝ ես գիտեմ՝ մշակույթի նախարարությունում գործում է գործակալություն, որտեղ պարկեշտ մարդիկ են։ Դա արդեն բավարար չէ՞։ Փոխնախարարը հնարավորություն ունի տեսնել՝ ինչպես ենք աշխատել, պատմական միջավակրի պահպանության այնպիսի ճանապարհով ենք անցել, որտեղ փոխնախարարը չի եղել, ու չի էլ կարող պատկերացնել՝ դա ինչ է»,- ասաց Արմեն Աբրոյանը՝ վստահեցնելով, որ ինքը երբեք քաղաքական որեւէ կարծիքի կամ գործընթացի զոհ չի եղել, գործակալությունն էլ քաղաքականացված չի եղել ու պատվով է կատարել աշխատանքը․ «Ես բացի իմ ծնողներինը լինելուց՝ որեւէ մեկինը չեմ եղել եւ դա հստակ է, չի կարելի նման կերպ իմ հասցեին որեւէ մեկնաբանություն անել, ես դա թույլ չեմ տվել»։ Փոխնախարարը մեր զրույցում ասել էր նաեւ, թե Աբրոյանը երկու շաբաթից ավելի է՝ իր զանգերին չի պատասխանում։ Իսկ Աբրոյանն էլ ասաց, որ չի պատասանում ընդամենը մի քանի օր, այն էլ այն պատճառով, որ այսքան ժամանակ քննարկումներն անարդյունավետ են եղել ու որ փոխնախարարին այլեւս կոմպետենտ չի համարում թվարկված խնդիրների լուծման հարցում։ Հայարփի Բաղդասարյան
15:20 - 06 հունիսի, 2020
ԿԳՄՍՆ-ն մայրաքաղաքի պատմական միջավայրը խաթարելու գնով մտերիմների շահերը սպասարկելու համար շինթույլտվություններ չի տալիս․ Նարինե Խաչատուրյան

ԿԳՄՍՆ-ն մայրաքաղաքի պատմական միջավայրը խաթարելու գնով մտերիմների շահերը սպասարկելու համար շինթույլտվություններ չի տալիս․ Նարինե Խաչատուրյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը համոզված է՝ նախարարությունը մայրաքաղաքի պատմական միջավայրը խաթարելու գնով մտերիմների շահերը սպասարկելու համար շինթույլտվություններ չի տալիս։ Այս մասին Infocom.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուրյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության՝ արդեն վարչություն դարձած գործակալության պետ Արմեն Աբրոյանի՝ մեր զրույցում հնչած քննադատություններին։ Նախօրեին հրապարկել էինք հարցազրույց, որտեղ Աբրոյանը հայտարարել էր՝ գործակալությունը որպես վարչություն վերակազմավորելուց հետո չի հաստատվել նոր կանոնադրություն, իրենց աշխատանքը խաթարված է, եւ որ նախարարության ղեկավար կազմը փորձում է հապճեպ որոշումներով «ազատվել իրենից»։ Գործակալության պետի պնդմամբ՝ այս գործելաոճի պատճառն այն է, որ ոլորտում վաղուց օրենսդրական բացեր կան, որոնք հեղափոխությունից հետո էլ չեն լրացվում։ Եւ ավելին՝ մեր զրուցակիցը հայտարարել էր, որ, օրենսդրական բացերը թողած, նախարարությունը զբաղվում է գործակալության գործառութներով՝ ցույց տալու, թե իրենք որեւէ աշխատանք են կատարում, թե խթանում են ներդրումային քաղաքականությանը, բայց իրականում համաձայնություն են տալիս պատմական միջավայրի անթույլատրելի միջամտություններին։ Ոլորտի պատասխանատու փոխնախարարի հետ զրուցեցինք Աբրոյանի հնչեցրած այս խնդիրների մասին։ Խաչատուրյանը նախ ընդգծեց, որ գործակալությունը վարչություն է դարձել օրենքի պահանջով, եւ այժմ որեւէ նախարարություն կամ գերատեսչություն այլեւս չի կարող գործակալություն ունենալ։ Բացի այս՝ վարչության կանոնադրությունն արդեն հաստատված է, պաշտոնական անձնագրերն էլ մշակված են, դրանք ուղարկվել են վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ՝ համաձայնեցման։ Ըստ այդմ, նախարարի տեղակալի վստահեցմամբ, վարչությունն իր գործառույթները կարող է լիարժեք իրացնել ու իրականացնել՝ չնայած Աբրոյանի հակառակ պնդումներին։ «Վարչությունն, անշուշտ, վերակազմավորման ընթացքում էլ կարող էր լիարժեք իրականացնել իր գործառույթը, որովհետեւ կարգն ընդհանրապես այսպես է․ եթե փոփոխություններ են տեղի ունենում, աշխատանքը չկանգնեցնելու համար նախկին բոլոր կարգավորումները գործում են։ Նույնիսկ երբ միավորված ՊՈԱԿ-ների կանոնադրությունը հաստատված չէր, իրենք իրենց գործունեությունը շարունակում էին։ Որեւէ բան չի ընդհատվում եւ չի կարող ընդհատվել»,- ասաց Խաչատուրյանը՝ հավելելով, որ հակառակի մասին շահարկումներն ուղղակի կեղծ են ու շինծու։ Փոխնախարարը համաձայն է պնդմանը, որ ոլորտում խնդիր կան, առկա են նաեւ օրենսդրական բացեր, բայց, միեւնույն ժամանակ, ինչպես նշեց նա, գործակալությունը բավական երկար տարիների կյանք ունի, Աբրոյանն էլ՝ աշխատանքային երկար տարիների փորձ, ու կարող էր զբաղվել օրենսդրական կարգավորումներով․ «Իսկ դա չի արվել։ Ես մեկ տարի է՝ նախարարությունում եմ, այս ընթացքում արդեն շրջանառել ենք եւ շահագրգիռ կազմակերպություններից ստացել ենք մեկնաբանություններ՝ հուշարձաններին վերաբերող օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու, հուսով եմ՝ շուտով ավելի լայն քննարկումներ կծավալվեն եւ նախագիծը կգնա Ազգային ժողով։ Իսկ ո՞ւր են գործակալության պետի նախաձեռնած փոփոխությունները։ Ես եմ իրեն առաջարկել հանդես գալ օրենսդրական առաջարկներով, միայն լիցենզիաների վերաբերյալ է ներկայացրել։ Չգիտես ինչու՝ նա գործակալություն-նախարարություն տարանջատում է, բայց արդեն նախկին գործակալությունն ընդամենը նախարարության մեկ ստորաբաժանում է։ Եթե այդ փոփոխությունները նախաձեռնել է երկու տարի առաջ, բայց արձագանք չի եղել, ուրեմն գուցե լավ չի աշխատել կամ հետեւողական չի եղել,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է Աբրոյանի հնչեցրած մեղադրանքներին, թե նախարարության գործելաոճը շահեր սպասարկելու, իրար ծանոթ-ընկեր-բարեկամ պահելու նկատառում ունի, Խաչատուրյանն արձագանքեց, որ այդ պարագայում գործակալության պետը կարող է դիմել համապատասխան մարմիններին, ինչը, ի դեպ, վերջինս արդեն արել է․ իր բարձրաձայնած խնդիրների մասին, ինչպես արդեն հայտնել ենք, նա դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը։ «Ես կառաջարկեմ, որ նման կասկածների դեպքում Աբրոյանը դիմի համապատասխան մարմիններին, կամ գուցե մենք դիմենք իր հերյուրանքները բացահայտելու համար։ Ես նորից եմ ասում՝ գործակալությունը նախարարության մեկ ստորաբաժանում է, նա ինչո՞ւ է առանձնացնում։ Գուցե ուզում է առանձին թագավորություն երեւակայել, բայց այդ ստորաբաժանումը միշտ եղել է նախարարության մի մասը, եւ որեւէ գործառույթ, որ ունեցել է, վարչություն դառնալով չի պակասելու եւ չի նվաստանալու»։ Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ կառավարության ներդրումային քաղաքականությունը ճնշի նախարարությանը՝ խաթարել պատմական միջավայրը, արդյոք ինքը նման մտավախություն ունի՞ կամ հնարավոր համարո՞ւմ է այդ իրավիճակը, Խաչատուրյանը պատասխանեց, որ նախարարությունը պատասխանատու է հուշարձանների գոտիների, տարածքների առումով, բայց նաեւ չպիտի մոռանանք, որ կան նաեւ քաղաքաշինական տրամաբանություններ․ «Պարզապես օրենսդրական այնպիսի փաթեթներ ու նորմատիվներ պետք է ստեղծվեն, որ քաղաքաշինությունն ու հուշարձանների պահպանությունը ոչ թե թշնամի լինեն, այլ կարողանան համակեցություն ունենալ։ Այդ նույն ներդրումը պետք է լինի, բայց ներդրողի համար այնպիսի օրենսդրական կարգավորումներ պետք է ունենանք, որ նա համ կարողանա ներդրում անել, համ էլ չխաթարի հուշարձանի պահպանական գոտին կամ գոյությունը»։  Այս պատկերն, ըստ մեր զրուցակցի, ամբողջ աշխարհում է։ Նա օրինակ բերեց, որ անցած տարվանից, երբ այրվեց Փարիզի Աստվածամոր տաճարը, մինչեւ հիմա վեճեր են գնում, թե ինչպես այն պետք է վերականգնվի․  «Ճարտարապետների մի մասն ասում է՝ ճիփ-ճիշտ՝ նույն ձեւով պետք է վերականգնվի, մի մասն ասում է՝ պիտի մոդեռն արվի։ Այսինքն՝ այս վեճը նաեւ զարգացման առումով կա, թե ինչպես է ճարտարապետությունն առաջ գնում։ Պետք է գտնել ոսկե միջինը, որ խոչընդոտ չլինի ներդրումների առումով, բայց այդ ամենը չլինի ի հաշիվ հուշարձանի։ Սա շատ բարդ հարց է»։ Մեր ճշտող հարցին՝ անձամբ ինքը նկատել կամ արձանագրե՞լ է դեպք, որ հանուն բիզնեսի խաթարվի այդ միջավայրը, փոխնախարարը բացասական պատասխան տվեց․ «Ինքս նման դեպք չեմ արձանագրել, անկեղծ եմ ասում, որովհետեւ այն, ինչ խաթարվել է, խաթարվել է վաղուց, եւ մենք շատ-շատ ծանր ժառանգություն ենք ստացել, ամբողջ Երեւանի կենտրոնը խաթարված է եղել եւ ոչ միայն կենտրոնը, նույն Հին Երեւան նախագիծը, մինչեւ հիմա այդ փոսերն այնտեղ են, եւ խայտառակ իրավիճակը դեռ առկա է։ Հավատացեք, շատ դժվար է այդ ապականությունից հետո փորձել արագ եւ անվնաս շտկել իրավիճակը»,- ասաց մեր զրուցակիցը, եւ, արձագանքելով Աբրոյանի այն պնդամնը, թե որեւէ ինտրիգով, որեւէ կերպ, մի քանի ոչ պրոֆեսիոնալ մարդկանցից կարծիքներ հավաքելով, եզրակացություն ստանալով, շրջանցելով գործակալության կարծիքը, եզրակացությունը՝ նախարարությունը փորձում է ցույց տալ, թե աշխատանք է կատարում, ու այդպիսով նախագծերին պատմական միջավայրի անթույլատրելի միջամտություններին համաձայնություն է տալիս, ասաց, որ վերջինս պիտի կոնկրետ անուններ ասի՝ ովքեր են տալիս այդ թույլտվությունները․ «Ընդհանրապես, թույլտվությունները միանձնյա չեն տրվում, այլ գիտամեթոդական հանձնաժողովն է տալիս, որտեղ հավաքված են շատ պատվարժան մարդիկ։ Եթե պարոն Աբրոյանն այդ մարդկանց համարում է ոչ պրոֆեսիոնալ, թող համարի։ Իսկ ես ոչ միայն բացառում եմ որեւէ մեկի շահի սպասարկումը, այլ կարծում եմ, որ դա պետք է ստուգվի նախկինների ղեկավարման տարիների համար, երբ աշխատել է նաեւ պարոն Աբրոյանը»։ Ի հավելումն՝ փոխնախարարն ասաց, որ գործակալության պետ ու աշխատակիցներից ոմանք չեն աշխատում, գրություններին չեն պատասխանում, ինչը հետագայում քննության  կարժանանա, որովհետեւ չաշխատել ուղղակի չի կարելի․ «Գործակալության որոշ անդամներ, այո, խափանում են մեր բնականոն աշխատանքը, որովհետեւ մենք ունենք նաեւ ժամկետային գրություններ, որոնք նրանց դաշտում են, մենք հանձնարարել էինք մեզ հետ ուղարկել գործերը, որոնք կուտակված են, բայց դա էլ չի արվել։ Իսկ Աբրոյանը տեւական ժամանակ է՝ մոտ երկու շաբաթ, իմ զանգերին չի պատասխանում, մարտի կեսերից էլ աշխատում է տանից»,- եզրափակեց ԿԳՄՍՆ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը։  Հետգրություն․ նախքան փոխնախարարի հետ զրույցը եւ դրանից հետո՝ կառավարության եւ նախարարության պաշտոնական կայքերում վարչության կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը գտնել հնարավոր չեղավ։ Ավելի ուշ նախարարությունից հայտնեցին, որ կանոնադրությունը հաստատելու որոշումը կա, սակայն այն տեխնիկական խնդիրների պատճառով կհրապարակվի առաջիկա օրերին։ Հայարփի Բաղդասարյան
20:17 - 03 հունիսի, 2020
Ոչ բացառում եմ իմ գնալը, ոչ բացառում եմ իմ մնալը․ Նարինե Թուխիկյան |hetq.am|

Ոչ բացառում եմ իմ գնալը, ոչ բացառում եմ իմ մնալը․ Նարինե Թուխիկյան |hetq.am|

hetq.am։ Պատգամավորական մանդատից հրաժարված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է այն, որ մանդատից հրաժարվել է աշխատանքը գործադիրում շարունակելու համար։ «Ես կխնդրեմ մի քանի օր համբերել: Մեկ շաբաթ ժամանակ ունեմ, արդեն վեց օր, դիմումս հետ վերցնելու համար։ Մի քանի օրից պարզ կլինի՝ կհավաքեմ իմ մտքերն, ու ամեն ինչ պարզ կլինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։Հարցին, որ կան տեղեկություններ, թե Թուխիկյանն է ղեկավարելու միավորվող կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարության մշակույթի բնագավառը, վերջինս արձագանքեց.«Կան նման խոսակցություններ, ծիծաղելի կլինի, եթե ասեմ նման բան չկա, բայց դեռ ժամանակ կա մի քիչ էլ մտածելու, օրենքը թույլ է տալիս մեկ շաբաթ ևս մտածել։ Ոչ բացառում եմ իմ գնալը, ոչ բացառում եմ իմ մնալը»,- ասաց նա` կոչ անելով մի քանի օր սպասել։
09:17 - 31 մայիսի, 2019
«Ընտրողներից մեկի խնդրանքով եմ հարցը տվել». «Իմ քայլի» պատգամավորը՝ ռուսական հաղորդումներն արգելելու մասին |news.am|

«Ընտրողներից մեկի խնդրանքով եմ հարցը տվել». «Իմ քայլի» պատգամավորը՝ ռուսական հաղորդումներն արգելելու մասին |news.am|

news.am: Ռուսական երեք հեռուստաալիքներով հեռարձակվող որոշ հաղորդումների հեռարձակումը դադարեցման մասին հարցը հնչեցրել եմ ընտրողներից մեկի խնդրանքով։ Այս մասին  ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով էր պայմանավորված «Միր», «ՕՌՏ», եւ «Ռոսիա 1» ռուսական հեռուստաալիքների որոշ հաղորդումների հեռարձակումը ՀՀ-ում դադարեցնելու մասին իր հարցը ԱԺ կրթության, գիտության, երիտասարդության, մշակույթի, սպորտի հանձնաժողովի նիստին։ «Ես ընդամենը հարց եմ տվել։ Ես տարբեր թեմաներով հարցեր ունեմ ընտրողներից ստացած, նաեւ այդ հարցը կար, քանի որ ՀՌԱՀ-ի նախագահ Տիգրան Հակոբյանը եկել էր, ես իրեն այդ հարցը տվել եմ, ուրիշ ոչինչ»,- ասաց նա։Հարցին, թե արդյոք ընտրողների խնդրանքով էր նշել հատկապես այդ երեք հեռուստաընկերությունները, նա պատասխանեց. «Մենք խոսել ենք ընդհանրապես բռնության քարոզի մասին տարբեր հեռուստաալիքներով եւ այդ հարցը հնչեցվել է, որ եթե դրանք տեղական ընկերություններ չեն, ի՞նչ է հնարավոր անել այս ծրագրերի մասով, ոչ թե ընդհանրապես ռուսական հեռուստաընկերությունները փակել»։
05:31 - 12 ապրիլի, 2019
ՀՀ ԱԺ-ում քննարկել են «Ռոսիա» պետական հեռուստաալիքի հեռարձակման սահմանափակման հարցը

ՀՀ ԱԺ-ում քննարկել են «Ռոսիա» պետական հեռուստաալիքի հեռարձակման սահմանափակման հարցը

lragir.am: ՀՀ ԱԺ-ում «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության ներկայացման ժամանակ «Իմ քայլը» կառավարող խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանն անդրադարձել է Ռուսաստանյան որոշ հեռուստաընկերությունների՝ Հայաստանում հեռարձակման խնդրին: Մասնավորապես, «Ռոսիա» պետական ալիքը եթեր է հեռարձակում ակնհայտ հակահայկական ուղղվածությամբ հաղորդումներ, որոնք հայերի հանդեպ ատելության կոչ են անում։ Նարինե Թուխիկյանը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին հարցրել է, թե կարելի՞ է արդյոք սահմանափակել կամ արգելել այդ ալիքի առանձին հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում։ «Ես ձեզ հետ համաձայն եմ։ Դա որոշակի սպառնալիք է ստեղծում Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար», պատասխանել է Տիգրան Հակոբյանը, նշելով, որ շատ երկրներ, ինչպես Ուկրաինան եւ Վրաստանը, արդեն իրականացրել են այդ գաղափարը, բայց դրա համար նրանք շատ բարձր գին են վճարել։ «Պատրա՞ստ ենք արդյոք մենք գնալ դրան եւ վճարել նույն գինը, ինչ այդ երկրները։ Չէ՞ որ նրանք զրկվել են իրենց տարածքի մի մասից։ Գուցե կգա ժամանակը, երբ մենք կհայտնվենք ավելի նպաստավոր վիճակում եւ կկարողանանք իրականացնել այդ գաղափարը, բայց հիմա դրա իրականացումը ցանկալի չէ»,-ասել է Տիգրան Հակոբյանը։
13:47 - 10 ապրիլի, 2019