Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 23-ին այցելել է Մարտունի շրջկենտրոն և մասնակցել քաղաքի հիմնադրման 95-ամյակին նվիրված տոնակատարությանը:
ԱՀ ղեկավարը քաղաքային զբոսայգում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ հնչեցրած շնորհավորական խոսքում նշել է, որ պատերազմի դառը հետևանքները հերոսաբար հաղթահարած քաղաքում խաղաղության շունչը պետք է նորովի զգացվի, իսկ նախատեսված մեծածավալ ներդրումային ծրագրերի արդյունքում Մարտունին քաղաքային գրավիչ միջավայր է ունենալու:
Այցի ընթացքում հանրապետության նախագահը հրավիրել է նաև աշխատանքային խորհրդակցություն և քննարկել շրջկենտրոնի խնդիրները: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Մարտունի քաղաքում նախատեսվում է կառուցել մինչև հինգ հարյուր բնակարան, ինչն ամբողջությամբ բավարարելու է ինչպես վթարային վիճակում գտնվող շենքերի բնակիչների, այնպես էլ սոցիալական այլ խմբերի և հիփոթեքով բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների պահանջները:
Նախագահը հանձնարարել է կարճ ժամանակում կազմել քաղաքի հատակագիծը՝ ըստ դրա իրականացնելով բոլոր շինարարական աշխատանքները, առաջիկայում սկսել կոյուղու կառուցումը և ամբողջ ծավալով շարունակել սալապատումը: Կպատվիրվի նաև շրջկենտրոնի՝ ասֆալտապատման ենթակա կենտրոնական փողոցներից մեկի նախագիծը:
«Մարտունին զարգացման մեծ ներուժ ունի, և տեսանելի ապագայում պետական և բարեգործական զգալի միջոցներ են ուղղվելու յուրատիպ քաղաքային համայնք ունենալու համար: Համոզված եմ՝ հաջողելու ենք»,- նշել է Հարությունյանը:
comment.count (0)