Այս պահին իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Սրբազան շարժում» նախաձեռնության անդամների, ինչպես նաև շարժումը ղեկավարող Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի տներում: Նախաձեռնությունից հայտնում են, որ խուզարկություններ են իրականացվում 20 անդամների տներում:
ՀՅԴ գերագույն մարմինը հայտարարել է, որ խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է նաև, որ «ԱԱԾ դիմակավորված անձինք ապօրինի խուզարկություն են իրականացնում նաև«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը»:
Իր անդամների տներում խուզարկությունների մասին հայտնում է նաև «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը. «Հայաստանի գործող վարչախումբը հերթական անգամ ապօրինի գործողությունների է դիմել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նկատմամբ։ Հենց այս պահին առանց որևէ իրավական հիմնավորման խուզարկություններ են իրականացվում ՀՀՄ կուսակցության անդամների տներում։ Տեղի ունեցածը գործող վարչախմբի կողմից «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը «վախեցնելու» հերթական ապարդյուն փորձն է»:
Նշենք, որ գործողություններում ներգրավված են նաև ԱԱԾ աշխատակիցներ:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», և այս դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։
Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։
Լուսանկարը՝ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի տան դիմաց News.am-ի ուղիղ եթերից
comment.count (0)