Հայ դատի հանձնախումբ

Հայ դատը ՀՅԴ կուսակցության ԱՄՆ-ի մասնաճյուղի հասարակական աշխատանքների եւ կառավարական հարաբերությունների ազգային հանձնախումբն է։ Պաշտպանում է հայ ժողովրդի պահանջներն ու ազգային ձգտումները, ներկայացնում հայության հավաքական տեսակետը բոլոր մակարդակներով։ ԱՄՆ-ում ունի երկու հիմնական բաժանմունք՝ արեւելյան եւ արեւմտյան։ Հայ դատը գրասենյակներ ունի Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, հանձնախմբեր՝ ԱՄՆ-ի մյուս հայաշատ քաղաքներում։

ԱՄՆ նախագահական թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը |factor.am|

ԱՄՆ նախագահական թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը |factor.am|

factor.am: Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կողմից ամերիկահայ համայնքին ուղղված ուղերձի ձևաչափով։ «ԱՄՆ նախագահական թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը։ Երկու կողմերն էլ պատասխանատվություն են կրում՝ Ադրբեջանին զինելու, Ադրբեջանի կողմից ցեղասպանություն իրականացնելու օժանդակելուն և Արցախը լքելու համար։ Որևէ մի կողմ չի հրաժարվել կամ չեղարկել այս անխոհեմ, անպատասխանատու և ցեղասպանությանն աջակցող քաղաքականությունը: Մենք շարունակում ենք աշխատել երկու կողմերի հետ էլ և ողջունում նրանց զորակցության խոսքերը՝ հայ-ամերիկյան քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ։ Գիտակցելով, որ քարոզարշավի հայտարարություններն օգնում են մոտավոր ուղենիշ սահմանել Վաշինգտոնում մեր խնդիրների ձևակերպման համար՝ այնուամենայնիվ, հաշվի ենք առնում մեր սեփական փորձը, երբ ակնհայտորեն չի ներկայացվում որևէ տեսակի պայմանագրային պարտավորություն փաստացի քաղաքականության համար, պաշտոնը ստանձնելուց հետո: Այնուամենայնիվ, մենք պետք է նշենք՝ մեր երկիրը ղեկավարելու ձգտողների կողմից արված այս հայտարարությունները, ըստ էության, մեր աշխատանքի, այն դիրքի ու հարգանքի արդյունքն են, որ մենք վաստակել ենք մեր աշխատանքի արդյունքում՝ հատկապես Միչիգանում, Փենսիլվանիայում, Վիսկոնսինում, Ջորջիայում, Հյուսիսային Կարոլինայում, Նևադայում, Արիզոնայում և այլ «ճոճվող» նահանգներում։ Քաղաքական գործիչները ձգտում են վաստակել մեր ձայները, ինչով էլ պետք է աշխատի մեր ժողովրդավարությունը: Թեև մենք ոգևորված ենք մեր աջակցությունը ստանալու համար առկա մրցակցությունից, հիմնական հարցը մնում է այն, որ խոսքերը բավարար չեն: Խոշոր կուսակցական թեկնածուներից ոչ մեկը չի ունեցել այն կոնկրետ արդյունքները, որոնք ի վիճակի են ապահովել մեր աջակցությունն ընտրություններից առաջ։ Մենք վաղուց թևակոխել ենք այն օրը, երբ հավատում էինք քարոզարշավային շատ հաճախ դատարկ խոստումներին, թե ինչ են անելու թեկնածուները ընտրվելուց հետո: Շարունակությունը՝ factor.am-ում
13:55 - 04 նոյեմբերի, 2024
ԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար |armenpress.am|

ԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Կոնգրեսի 60 կոնգրեսական Բաքվում ՄԱԿ-ի COP29 կլիմայական գագաթնաժողովի նախաշեմին կոչ են անում ԱՄՆ ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, պատանդներ վերցնելու և Հայաստանի տարածքի ապօրինի օկուպացիայի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Նշվում է, որ հայտարարությունը նախաձեռնել են դեմոկրատ Ֆրենկ Փալոնեն և հանրապետական Էդ Մարկին։ «Քանի որ համաշխարհային առաջնորդները պատասխանատվություն չեն կրել Արցախում ցեղասպան էթնիկ զտումների համար, նրանք պարտավոր են օգտագործել COP29 գագաթնաժողովը որպես հնարավորություն՝ վերլուծելու Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող խախտումները և հակազդելու նրանց ցեղասպան վարչակարգի գործողություններին»,- ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Հոկտեմբերի 3-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում ԱՄՆ սենատորներն ու Կոնգրեսի ներկայացուցիչները հայտարարել են․«COP29-ի մոտենալու կապակցությամբ մենք խնդրում ենք պետքարտուղարությանը ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի կառավարության վրա ՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման, մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային օրենքների ու նորմերի պահպանմանն ուղղված շոշափելի միջոցներ ձեռնարկելու նպատակով: Ընդգծում ենք, որ չնայած անհերքելի ապացույցներին և միջազգային դատապարտմանը, Ադրբեջանը չի բախվել որևէ նշանակալի հետևանքների հետ՝ էթնիկ զտումներ և այլ գործողություններ իրականացնելու համար»։ Այնուհետև օրենսդիրները կոչ են արել Պետքարտուղարությանը հասնել բոլոր քաղբանտարկյալների, պատանդների և ռազմագերիների, այդ թվում ՝ էթնիկ հայերի անհապաղ և անվերապահ ազատ արձակմանը։ ԱՄՆ սենատորներն ու Կոնգրեսի ներկայացուցիչները հաստատել են, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մահաբեր հարձակումը, Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումը և 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի զտումը կոպտորեն խախտել են միջազգային իրավունքը և հանգեցրել զգալի և շարունակվող մարդկային տառապանքների։ Նրանք ընդգծել են, որ տեղահանված քաղաքացիական անձինք պետք է ապահով վերադարձի իրավունք ունենան։  
19:56 - 03 հոկտեմբերի, 2024
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին |armenpress.am|

Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին |armenpress.am|

armenpress.am: Նոյեմբերին Բաքում կայանալիք COP29 համաժողովին ընդառաջ մարդու իրավունքների պաշտպանության ու բնապահպանական տարբեր կազմակերպություններ ահազանգում են Ադրբեջանում առկա բնապահպանական, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ու շատ այլ խնդիրների մասին։  Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համաժողովին ընդառաջ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները, համաժողովին մասնակցող ութ հարյուրից ավելի միջազգային կազմակերպություններ, համալսարաններ, ակադեմիականներ իրազեկվում են Ադրբեջանում առկա մարտահրավերների վերաբերյալ, որոնք առնչվում են մարդու իրավունքներին ու բնապահպանական ոլորտին։   Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերի բռնի տեղահանության միջոցով Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը, հայկական պատմամշակութային ժառանգության վտանգված լինելը, Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների, ռազմագերիների ու Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անհապաղ ազատ արձակումը նախաձեռնության կարևոր հարցերի շարքում են։ Չնայած միջազգային դատապարտումներին, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի և Եվրախորհրդարանի կողմից, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային կոթողների ոչնչացումը շարունակվում է: Նախաձեռնության նպատակն է նաև ուշադրություն հրավիրել մարդու իրավունքներին վերաբերող լուրջ մտահոգություններին, որոնց մասին իրենց զեկույցներում մատնանշում են Freedom House-ի, Amnesty International-ի և Human Rights Watch-ի նման միջազգային համբավ ունեցող կառույցները։  Կարևորություն է տրվել նաև Ադրբեջանում խոսքի և լրատվամիջոցների ազատության խիստ սահմանափակված լինելուն, հարյուրավոր լրագրողների և ակտիվիստների, ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալություններին: Ոստիկանության կալանավայրերում խոշտանգումները և դաժան վերաբերմունքը տարածված են, և փոքրամասնությունները բախվում են խտրականության ու բռնության:  Հիշեցնելով, որ օգոստոսի 26-ին Բաքուն արգելեց եվրոպական մի շարք երկրների 76 պատգամավորների մուտքը Ադրբեջան, քանի որ նրանք քվեարկել էին ԵԽԽՎ-ի որոշման օգտին, որը քննադատում էր Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը և որով ԵԽԽՎ-ն որոշեց չվավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագիրը՝ արձանագրվել է փաստը, որ Ադրբեջանի ղեկավարությունն այժմ ահաբեկում է եվրոպացի քաղաքական գործիչներին, որոնք պաշտպանում են ժողովրդավարությունը, հիմնարար իրավունքները:  Նախաձեռնության նպատակն է եվրոպացի քաղաքական ու հասարակական գործիչներին իրազեկել, որ Ադրբեջանում կան բնապահպանական էական խնդիրներ, որոնք առաջին հերթին կապված են այդ երկրի  նավթային և էներգետիկ արդյունաբերության հետ: Հիմնական տարածքները, ինչպիսիք են Բաքվի ծոցը, Ապշերոնի թերակղզին և Կասպից ծովը, տուժում են օդի, հողի և ջրի խիստ աղտոտվածությունից: Հնացած տեխնոլոգիաները, թափանցիկության բացակայությունը և շրջակա միջավայրի պաշտպանության անբավարարությունը ավելի են խորացնում այս խնդիրները: Նավթի արտահոսքերը, բռնկվող գազերը և արդյունաբերական աղտոտվածությունը հիմնական մտահոգությունն են, որոնք նպաստում են ստորերկրյա ջրերի և գետերի աղտոտմանը, հատկապես Կուր գետում: Հողի դեգրադացիան, հատկապես Ապշերոնում, նավթարդյունաբերության գործունեության և գյուղատնտեսական ոչ պատշաճ պրակտիկայի հետևանք է: Համապարփակ այս իրազեկմամբ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը հույս ունի, որ Բաքվում համաժողովին մասնակցող քաղաքական և հասարակական գործիչներն իրենց պարտքը կկատարեն հանուն ժողովրդավարության, արդարության ու մարդու իրավունքների և կբարձրաձայնեն վերոնշյալ հարցերի շուրջ, որոնք երկարաժամկետ կտրվածքով ազդեցություն են ունենալու համաշխարհային քաղաքակրթության վրա։   
10:27 - 03 հոկտեմբերի, 2024
ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքը կարևոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից․ Հարիս
 |azatutyun.am|

ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքը կարևոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից․ Հարիս |azatutyun.am|

azatutyun.am: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից», - Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում: Ուղերձում Հարիսը նշել է, որ հարկավոր է նաև միշտ հիշել Հայոց ցեղասպանության ողբերգությունը, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։ «Ամերիկահայ համայնքի տոկունությունը ոգեշնչման աղբյուր է մեր ընդհանուր ամերիկյան պատմության համար», - ընդգծել է փոխնախագահը: Քամալա Հարիսը նշել է նաև, որ հավատարիմ է Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Փոխնախագահը հավատացրել է, որ կշարունակի աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում: «Հավատարիմ եմ մեր երկրների միջև կապերի խորացմանը և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը: Միասին կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ»,- գրել է Հարիսը:
22:14 - 24 սեպտեմբերի, 2024
Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը․ Մելանի Ժոլի |hy.armradio.am|

Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը․ Մելանի Ժոլի |hy.armradio.am|

hy.armradio.am:Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ։ Վերջին շրջանում Հայ դատի Կանադայի հանձնախումբը պաշտոնական ակտիվ հաղորդակցության մեջ է եղել նախարար Ժոլիի հետ և, տարածելով նախարարի հայտարարությունը, նշում է, որ այնտեղ տեղ գտած ձևակերպումները լիովին համապատասխանում են Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններին։ Նախարար Ջոլիի հայտարարությունում ասվում է․ «Անցյալ շաբաթ լրացավ մեկ տարին, երբ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական գործողություն Լեռնային Ղարաբաղում՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցված տարածաշրջանում: Այս գործողության հետևանքները ծանր էին, դրա արդյունքում ավելի քան 100․000 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30․000 երեխաներ, բռնի տեղահանվեցին Հայաստան՝ երկրում առաջացնելով մարդասիրական կարիքների արագ աճ։ Ադրբեջանի կողմից չարդարացված ռազմական գործողությանը նախորդել էր Լաչինի միջանցքով մարդասիրական ապրանքների անցման իննամսյա շրջափակումը, ինչը խախտել էր Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցի կիրառման մասին որոշումը։ Կանադան համերաշխ է այս ճգնաժամից տուժած մարդկանց հետ և երախտապարտ է Հայաստանին իր դռները բացելու համար։ Այդ իսկ պատճառով 2023 թ․ մենք ավելի քան 3․9 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն ենք հատկացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից բխող հրատապ կարիքները լուծելու համար։ Կանադան շարունակում է կոչ անել և աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բովանդակալից բանակցություններին, ինչպես նաև կողմերի միջև երկխոսության և վստահության ամրապնդման միջոցառումների շարունակմանը՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար և տևական խաղաղության համար: Կանադան բազմիցս կոչ է արել անվերապահորեն ազատել 2020 թ․ Ղարաբաղյան պատերազմի բոլոր հայ ռազմագերիներին։ Մենք նաև շարունակում ենք կոչ անել ազատ արձակել Ադրբեջանի կողմից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին։ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին և ինքնորոշման իրավունքին՝ այս տարածաշրջանի  ժողովրդի համար արդար և տևական խաղաղության հասնելու բանակցություններում։ Սա պետք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ և արժանապատիվ իրավունքը, երաշխավորի մարդու իրավունքների և քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանությունը և տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը»: «Հայ դատի Կանադայի հանձնախումբը շարունակելու է աշխատանքները Կանադայի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության ներկայացուցյիչների հետ՝ ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի շուրջ կանադական կողմի օբյեկտիվ դիրքորոշումները պահպանելու և զարգացնելու ուղղությամբ», — ասված է հաղորդագրության մեջ 
09:25 - 23 սեպտեմբերի, 2024
Հայ դատի գրասենյակ. Ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն լուծված չէ, այլ նաև որոշակիորեն գտնվում է միջազգային քաղաքական օրակարգի վրա

Հայ դատի գրասենյակ. Ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն լուծված չէ, այլ նաև որոշակիորեն գտնվում է միջազգային քաղաքական օրակարգի վրա

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը տարածել է  հայտարարություն. Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ, որտեղ ասված է. «Սեպտեմբերի 19-ին լրանում է Արցախի հայության նկատմամբ Ադրբեջանի գործադրած ցեղասպանության տարելիցը։ 2020թ. սեպտեմբերից մինչև 2023թ. սեպտեմբեր ժամանակահատվածը՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակում, այնուհետև պաշարում, ապա ահաբեկչական հարձակումներ և էթնիկ զտում ամբողջությամբ ցեղասպանական գործընթաց է։Ադրբեջանը ինչպես 1990-ականների սկզբում, այնպես էլ 2020թ․ սեպտեմբերին և դրանից հետո Արցախի նկատմամբ իրականացրել է ռազմական գործողություններ, որոնք իրենց բնույթով ագրեսիա են։ Հետևաբար այդ գործողությունները զուրկ են լեգիտիմությունից։ Այդ ռազմական գործողությունների ընթացքում իրականացվել են մարդկության դեմ հանցագործություններ, որոնց դեպքում, ինչպես ցեղասպանության, վերահաս պատիժը վաղեմության ժամկետ չի ճանաչում։Ավելին՝ Հայաստանի Հանրապետության դեմ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման պայմաններում ձեռք բերված ցանկացած փաստաթուղթ առ ոչինչ է և չի կարող կասկածի տակ դնել Արցախի հարցի առկայության փաստը։ Ղարաբաղյան հիմնախնդրի պատճառը Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ կիրառվող հակահայ քաղաքականությունն էր. հանուն ինքնորոշման ու ազատության պայքարող ժողովրդի հանդեպ ադրբեջանական բռնության հակադրումը խորացրել է հակամարտության հետևանքները։ Հայ ժողովրդի վերամիավորման ձգտումը բնականոն է ու օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Ցանկացած պետության կամ պետությունների՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության, կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ չի կարող իրավազրկել այդ պայքարը։ Միջազգային երաշխավորությամբ Արցախի հայության հավաքական վերադարձի իրավունքի իրացման ապահովումը, Արցախին միջանկյալ քաղաքական կարգավիճակի տրամադրումը, Հայաստանի Հանրապետության հետ անխափան ցամաքային կապի ապահովումը, Բաքվում պատանդարված հայ գերիների, ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակումը, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն ու հանցագործներին պատասխանատվության կանչելը, Արցախի մշակութային ժառանգության պահպանությունը այն նախադրյալներն են, որոնք պետք է առաջնորդեն հակամարտության քաղաքական կարգավորմանը։Հայ դատի կենտրոնական խորհուրդը ղարաբաղյան հակամարտության ներկա հանգրվանի համար կարևորում է հիմնախնդիրը միջազգային քաղաքական օրակարգի վրա պահելը և՛ միջազգային կազմակերպությունների, և՛ առանձին պետությունների դեպքում։Ներկա զարգացումները ցույց են տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն լուծված չէ, այլ նաև որոշակիորեն գտնվում է միջազգային քաղաքական օրակարգի վրա։ Համոզված ենք, որ միջազգային հարաբերությունների՝ ժամանակավոր բնույթ կրող ներկա վայրիվերումներից հետո, առավել լայն հնարավորություններ են բացվելու արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ պայքարը շարունակելու և  աշխատանքներ իրականացնելու համար։Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ մեր կոչն է համայն հայությանը՝ չդադարեցնել պայքարը, նոր թափ տալ պայքարին, այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական»։
16:21 - 19 սեպտեմբերի, 2024
ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են արել ապահովել ԼՂ հայերի ապահով վերադարձը իրենց տներ

ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են արել ապահովել ԼՂ հայերի ապահով վերադարձը իրենց տներ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ համատեղ հայտարարություն են տարածել՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման համար, նպաստել հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձին և պաշտպանել Հայաստանի սուվերենությունը ադրբեջանական շարունակվող ագրեսիայի պայմաններում։  Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։  Կոնգրեսականները նախագահ Բայդենի ադմինիստրացիային կոչ են անում երաշխավորել, որ Ադրբեջանը իր գործողությունների համար հետևանքների կբախվի, և որ վերջինիս իրականացրած ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների խախտումները և Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120 հազար հայերի էթնիկ զտումն անպատիժ չեն մնա։  Նշվում է, որ ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի սուվերենությանը և մերժի Ադրբեջանի ագրեսիվ պահանջները։ «Դա նշանակում է Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցում և պատժամիջոցների կիրառում պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են չարաշահումների համար»,- ասված է հայտարարության մեջ։  Կոնգրեսականներն ընդգծում են՝ այն պահին, երբ առաջնորդները հավաքվում են Վաշինգտոնում՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Բայդենի ադմինիստրացիան պետք է ապահովի, որպեսզի Ադրբեջանը հետևի միջազգային օրենքներին՝ ներառյալ հայ ռազմագերիներին վերադարձնելը, մշակութային օբյեկտների պաշտպանությունը, աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերին, որպեսզի նրանք կարողանան միջազգային երաշխիքների ներքո վերադառնալ իրենց տներ։ «Հաշվետվողականությունը որոշիչ նշանակություն ունի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»,- ասված է կոնգրեսականների հայտարարության մեջ։  Հայտարարության տակ ստորագրել են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Դեյվիդ Վալադաոն։ 
10:41 - 10 հուլիսի, 2024
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը նամակ է հղել ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում Իսրայելի ներկայացուցչին, Իսրայելի հետ հարաբերությունների գծով Եվրախորհրդարանի պատվիրակության անդամներին, ԵՄ-ի և Բելգիայի հիմնական հրեական կազմակերպություններին` անդրադառնալով Երուսաղեմի պատմական հայկական թաղամասին սպառնացող տագնապալի վիճակին: Ինչպես տեղեկանում ենք Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, նամակի հասցեատերերին կոչ է արվում օգտագործել իրենց լծակները՝ ճնշում գործադրելու Իսրայելի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս համապատասխան քայլեր ձեռնարկեն և դադարեցնեն Երուսաղեմում խիստ մտահոգիչ և կործանարար զարգացումները։ Երուսաղեմում հայկական ներկայությունը առկա է 4-րդ դարից և ունի պատմական մեծ նշանակություն։ Սակայն,այն ներկայումս վտանգված է ծայրահեղականների, վերաբնակիչների և գործարարների ագրեսիվ գործողությունների պատճառով, որոնք ուզում են յուրացնել թաղամասի մի մասը: Վերջին միջադեպը Ավստրալիայի իսրայելցի գործարար Դենի Ռուբենշտեյնի հետ կապ ունեցող անձանց կողմից հայ համայնքի վրա իրականացված հարձակումն էր, որի հետեւանքով վիրավորվել և ձերբակալվել են հայ բնակիչներ։ Չնայած բողոքներին և պաշտպանության կոչերին՝ Իսրայելի իշխանությունները վճռական քայլեր չեն ձեռնարկել հայկական թաղամասն այս ագրեսիվ ներխուժումներից պաշտպանելու համար։ Այս զարգացումների շրջանակներում ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում Իսրայելի իշխանություններին՝ պաշտպանել Երուսաղեմի ստատուս քվոն և ձեռնպահ մնալ Երուսաղեմի ժողովրդագրական կազմը, ինստիտուցիոնալ կառուցվածքը և ֆիզիկական, մշակութային և պատմական բնույթը փոխելուց: Զուգահեռներ անցկացնելով երկու ազգերի՝ հայերի ու հրեաների պատմության ընթացքում կրած տառապանքների միջև,  ստիպված լինելով պայքարել ռասայական ատելության դեմ՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ընդգծում է, որ Իսրայելի իշխանությունները պարտավոր են կանխել և հետագայում խուսափել նման դեպքերից Երուսաղեմում։ Որպես ԵՄ քաղաքացիներ՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը և նրա հանձնախմբերը Եվրոպայի 14 երկրներում կոչ են անում ԵՄ շահագրգիռ կողմերին օգտագործել իրենց ազդեցությունը Երուսաղեմում հայկական թաղամասի պահպանման գործում: Անհրաժեշտ է, որպեսզի պահպանվեն Երուսաղեմի պատմական թաղամասերը, և Իսրայելը միջոցներ ձեռնարկի՝ կանխելու հայկական թաղամասի ներսում հետագա կործանիչ գործողություններն ու ահաբեկումները։ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը հետևողականորեն շարունակելու է Երուսաղեմի հայ համայնքի իրավունքների և ժառանգության պաշտպանության իր գործունեությունը:
17:41 - 08 մայիսի, 2024
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը, մասնավորապես` ներկայումս Տավուշի մարզի նկատմամբ։ Ասված է կառույցի հայտարարության մեջ․ «Ադրբեջանի անհիմն տարածքային պահանջները, այդ թվում՝ Հայաստանի Տավուշի մարզի և, այսպես կոչված, «անկլավների» նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի Սյունիքի մարզով արտատարածքային տրանսպորտային կապի վերաբերյալ, բացարձակապես անընդունելի են։ Ադրբեջանը, հրաժարվելով դուրս բերել իր զինված ուժերը 2021թ. ի վեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառ․ կմ տարածքից, ճնշում է գործադրում Հայաստանի Հանրապետության վրա՝ իր վերահսկողության տակ առնելու ՀՀ Տավուշի մարզի ռազմավարական տարածքները։ Այսպիսով` Ադրբեջանը «սահմանազատման և սահմանագծման» քողի տակ իրականացնում է հողազավթում, ինչն էլ ավելի կխորացնի Հայաստանի խոցելիությունը։ Եթե Ադրբեջանը վերահսկողության տակ վերցնի Հայաստանի Տավուշի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքները, դա մեծապես կվտանգի Վրաստանի հետ Հայաստանի միջպետական կապը, Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող գազատարը և կշրջափակի մի շարք հայկական գյուղեր, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի նրանց հայաթափմանը։ Բացի այդ, նոր իրավիճակը նաև կվտանգի Լոռու մարզի անվտանգությունը։ Չնայած գործընթացում ներգրավվմանը` Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ սա անվտանգության ամուր երաշխիքներ չի ստեղծում Ադրբեջանի կողմից հնարավոր ապագա ագրեսիայի դեմ։ Այսպիսով` Հայաստանի իշխանության ներկայիս գործողությունները, որոնք իրականացվում են առանց տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու երաշխիքի, հետագա կապիտուլյացիա են և հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Ավելին՝ դա թույլ կտա Ադրբեջանին ավելի լավ դիրքերից նոր ագրեսիա իրականացնել։ Մենք խորապես համոզված ենք՝ Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել Արցախում իր ցեղասպան քաղաքականության, Արցախի բնիկ ժողովրդի նկատմամբ իրականացրած էթնիկ զտումների համար։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում ներգրավված բոլոր հիմնական դերակատարներին՝ ներառյալ ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Ռուսաստանին, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նավթային բռնապետությանը՝ Հայաստանի և հայության նկատմամբ իր շարունակական ֆաշիստական քաղաքականության համար: Որպես եվրոպական քաղաքացիակա հասարակաության կազմակերպություն՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ափսոսում է ԵՄ գործադիր իշխանության կողմից Ադրբեջանի բռնապետության նկատմամբ ցուցաբերած երկակի ստանդարտների համար: ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը համոզված է՝ Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը։  Վերջինս շարունակում է քարոզել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքի յուրացում։ Ադրբեջանի համար շոշափելի ուժի և հետևանքների վրա հիմնված միասնական և ամուր դիմադրությունը ներկայումս միակ գործոնն է, որը կարող է զսպել ադրբեջանական բռնապետությունը և նրա ծավալապաշտական օրակարգը»։
16:26 - 03 մայիսի, 2024
Հայ դատի կենտրոնական խորhուրդը հայտարարություն է տարածել Երուսաղեմի հայության և պատրիարքության իրավունքների պատշպանության վերաբերյալ

Հայ դատի կենտրոնական խորhուրդը հայտարարություն է տարածել Երուսաղեմի հայության և պատրիարքության իրավունքների պատշպանության վերաբերյալ

 Հ.Յ.Դ Հայ դատի կենտրոնական խորhուրդը հայտարարություն է տարածել Երուսաղեմի հայության և պատրիարքության իրավունքների պատշպանության վերաբերյալ։  Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․ «Մտահոգությամբ հետեում ենք Հին Երուսաղեմի հայկական թաղամասում Իսրայելի ոստիկանության կողմից Երուսաղեմի հայ համայնքի և պատրիարքության իրավունքների ոտնահարման քայլերին։ Իսրայելի ոստիկանությունն այդ քայլերով աջակցում է զինյալ վերաբնակիչների և խաբեությամբ ստորագրված և խնդրահարույց պայմանագրի մյուս կողմի աշխատակիցների բռնություններին՝ խախտելով միջազգային և տեղական համապատասխան օրենքները։ Արդեն իսկ հայտարարել ենք՝ «հարցի կարգավորումը պետք է կատարվի բացառապես տեղական և միջազգային օրենքների հիման վրա՝ առանց ուժ կիրառելու կամ ուժ կիրառելու սպառնալիքի»։ Բռնությունները պետք է դադարեցվեն, ինչպես նաև դրանց՝ Իսրայելի ոստիկանության մեղսակցությունը։ Իսրայելի կառավարությունը հստակ կեցվածքով և քայլելով պետք է հարգի Երուսաղեմի Հայոց պատրիարքության և հայ համայնքի իրավունքները։ Երուսաղեմում հայկական իրավունքների հարցը վերաբերում է համայն հայությանը, հետևաբար, այդ իրավունքները ոտնահարելու որևէ փորձ ենթակա է համայն հայության համարժեք վերաբերմունքին։ ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը, գործակցաբար Հայ դատի համաշխարհային ցանցի հետ, շարունակում է իր բոլոր հնարավորություններով զորավիգ լինել Երուսաղեմի հայ համայնքին և Հայոց պատրիարքությանը՝ պաշտպանելու իրենց հազարամյա իրավունքները»։
19:22 - 09 ապրիլի, 2024
ԱՄՆ սենատորները Էնթոնի Բլինքենին կոչ են արել բանակցությունների նախապայման դիտարկել հայ ռազմագերիների ազատ արձակումը
 |hy.armradio.am|

ԱՄՆ սենատորները Էնթոնի Բլինքենին կոչ են արել բանակցությունների նախապայման դիտարկել հայ ռազմագերիների ազատ արձակումը |hy.armradio.am|

hy.armradio.am: ԱՄՆ սենատորներ Էդ Մարքին (D-MA), Բիլ Քեսիդին (R-LA), Թոմ Թիլիսը (R-NC) և Գարի Փիթերսը (D-MI) նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին՝ որպես բանակցությունների նախապայման, առաջնահերթություն տալ հայ ռազմագերիների և Արցախի քաղաքական ղեկավարության ազատ արձակմանը, որոնք ապօրինաբար կալանավորված են Ադրբեջանի կողմից, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Նամակը, որը կոչ է անում Պետդեպարտամենտին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որակել որպես էթնիկ զտումների ակտ, ընդգծում է Բայդենի վարչակազմի կողմից միջազգային երաշխիքների ներքո հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքի պաշտպանությունը ապահովելու անհրաժեշտությունը: Թեև Բայդենի վարչակազմը պաշտոնապես հաստատել է վերադարձի իրավունքը մի քանի հրապարակային հայտարարություններով, այն չի ձեռնարկել որևէ շոշափելի գործողություն՝ երաշխավորելու ապահով և անվտանգ պայմանները, որոնք անհրաժեշտ են հայերի՝ հետապնդումից զերծ լինելու և իրենց տներում խաղաղ ապրելու համար: Մեկնաբանելով խաղաղ բանակցությունների կարգավիճակը՝ սենատորները նշել են, որ Արցախի քաղաքական ղեկավարությանը գլխատելու Ադրբեջանի ջանքերը «էթնիկ զտումներ իրականացնողների հայտնի մարտավարությունն են»։ Նրանք մտահոգություն են հայտնել «խաղաղ գործընթացին մասնակցելու իրենց ազատության և կարողության ժխտման կապակցությամբ»: Նամակում, մասնավորապես, ընդգծվում է Արցախի ներկա և նախկին ղեկավարների, այդ թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի շարունակվող անօրինական կալանավորումը: Սենատորները եզրափակել են իրենց նամակը՝ կոչ անելով վարչակազմին «պնդել Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ փոխգործակցության մեջ, որ բանտարկյալների ազատ արձակումը պետք է նախապայման լինի կամ գոնե ձեռք բերված ցանկացած խաղաղ համաձայնագրի պայման», ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար:
09:33 - 05 ապրիլի, 2024
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ-ից ակնկալում է Ալիևին գովաբանող ԵՀ- ին պատասխանատվության ենթարկելու շոշափելի քայլեր
 |armenpress.am|

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ-ից ակնկալում է Ալիևին գովաբանող ԵՀ- ին պատասխանատվության ենթարկելու շոշափելի քայլեր |armenpress.am|

armenpress.am: ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը մեկնաբանություն է տարածել Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևերում Արցախին և Հայաստանի Հանրապետությանը վերաբերող դրույթների վերաբերյալ։  Մեկնաբանության մեջ նշված է. «Եվրոպական խորհրդարանը փետրվարի 28-ի իր լիագումար նիստի ընթացքում ընդունել է 2023 թ. ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման, ինչպես նաև ԵՄ պաշտպանական և անվտանգության ընդհանուր քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցներ։ Ի սկզբանե հիշյալ զեկույցները եղել են հունվարի 16-ի լիագումար նիստի օրակարգում, սակայն քվեարկությունը հետաձգվել է փետրվարի 28: Եվրոպական խորհրդարանի երկու զեկույցներն էլ կարևոր դրույթներ են պարունակում Ղարաբաղյան հակամարտության, Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների, Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի, ինչպես նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ։ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման զեկույցը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը, կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլ տալ հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ տրամադրելով իրենց իրավունքների պաշտպանության ամուր երաշխիքներ։ Խորհրդարանը նաև պահանջում է պաշտպանել Արցախում հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան։ Խորհրդարանը Արցախի նկատմամբ Բաքվի հարձակումը որակում է որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև ԵՄ միջնորդությամբ ընթացող բանակցություններում ձեռք բերված պարտավորությունների կոպիտ և ակնհայտ խախտում։ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստը նաև ընդգծում է, որ իրավիճակի վերաբերյալ խորհրդարանի բազմաթիվ նախազգուշացումները չեն հանգեցրել Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության որևէ փոփոխության։ Խորհրդարանը պնդում է, որ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ցանկացած խորացում պետք է պայմանավորվի մարդու իրավունքների հարգման հարցում այդ երկրի զգալի առաջընթացով, մասնավորապես՝ օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների, ներառյալ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը։ Եվրախորհրդարանն այնուհետև Եվրոպական միությանը կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը։ Ի թիվս այլնի, Եվրոպական խորհրդարանը աջակցություն է հայտնում Հայաստանին, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը կոչ է անում  ուշադիր հետևել տեղում զարգացող անվտանգային իրավիճակին, թափանցիկ հաշվետվություն տրամադրել խորհրդարանին և ակտիվորեն նպաստել հակամարտության կարգավորման ջանքերին: Խորհրդարանը նաև Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությանը կոչ է անում աջակցել Հայաստանին՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, մասնավորապես՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պաշտպանունակությունն ուժեղացնելու նպատակով: ԵՄ պաշտպանական և անվտանգության ընդհանուր քաղաքականության վերաբերյալ զեկույցը նաև պարունակում է դրույթներ, որոնք համընկնում են մյուս զեկույցի դրույթների հետ: Բացի դրանցից, այս զեկույցով Խորհրդարանը ԵՄ խորհրդին կոչ է անում պատրաստ լինել նպատակային և անհատական պատժամիջոցներ կիրառել ագրեսիայի հեղինակների դեմ, ներառյալ, բայց չսահմանափակվելով նախագահ Ալիևի քաղաքական և ռազմական շրջապատով,  ինչպես նաև  ցանկացած դեպքում բացառել Ադրբեջանից նավթի և գազի ներկրումը։ Մեկնաբանելով հիշյալ զեկույցների ընդունումը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է. «Եվրոպական խորհրդարանը հավատարիմ է մնում իր գործառույթին որպես ժողովրդավարության պալատ՝ հստակ և օբյեկտիվ դիրքորոշում ընդունելով Ադրբեջանի թշնամական քաղաքականության վերաբերյալ, ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք երախտապարտ ենք մեր ընտրված խորհրդարանականների մեծամասնությանը՝ իրենց անաչառության համար: Այնուամենայնիվ, մենք պետք է արձանագրենք, որ, ցավոք, ԵՄ գործադիր իշխանությունը վարել և վարում է այլ քաղաքականություն՝ ի թիվս այլնի գովաբանելով Ադրբեջանի նավթային դիկտատորին որպես «վստահելի գործընկեր»։ Ի վերջո, գործադիրն է ձևավորում իրականությունը: Հայ դատի Եվրոպայի գրասենյակը և նրա հանձնախմբերը կշարունակեն իրենց ամենօրյա աշխատանքը ԵՄ ընտրված ներկայացուցիչների հետ և կշարունակեն ԵՄ գործադիրին իր քաղաքականության համար պատասխանատվության ենթարկելու աշխատանքները։ Մենք Եվրոպական միությունից ակնկալում ենք շոշափելի քայլեր։  Եվրոպական խորհրդարանի բանաձևերը հիմք են հանդիսանում այդ քայլերի համար»:
22:33 - 29 փետրվարի, 2024
Զենքի էմբարգոն հանելով՝ Կանադան միայն քաջալերում է Էրդողանի ռեժիմին․ Հայ դատի Կանադայի հանձնախումբ

Զենքի էմբարգոն հանելով՝ Կանադան միայն քաջալերում է Էրդողանի ռեժիմին․ Հայ դատի Կանադայի հանձնախումբ

Հայ դատի  Կանադայի հանձնախումբը  դատապարտում է Կանադայի կառավարության վերջին որոշումը՝ Թուրքիային զենքի մատակարարման երկարամյա էմբարգոն չեղարկելու վերաբերյալ։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, այս որոշումը տագնապալի մտահոգություններ է առաջացրել կանադահայ համայնքում, քանի որ այն վտանգում է Կանադայի հավատարմությունը մարդու իրավունքներին, միջազգային անվտանգությանն ու արդարությանը։ Չնայած Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից 2019թ․ հոկտեմբերին Թուրքիային զենք վաճառելու մորատորիում սահմանելուն, կառավարությունը 2020թ․ գարնանը թույլ էր տվել L3Harris/WESCAM անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա։ 2020թ․ սեպտեմբերին, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ պատերազմ հայտարարելուց հետո, ի հայտ եկան էական ապացույցներ Թուրքիայի կողմից սարքավորումները դեպի Ադրբեջան անօրինական  տարանցելու վերաբերյալ, ինչը  խախտում էր Կանադայի հետ իր պայմանագրային պարտավորությունները և հանգեցրեց Ադրբեջանի կողմից կանադական արտադրության WESCAM տեխնոլոգիաների ապօրինի օգտագործմանը Արցախում խաղաղ բնակչության դեմ։ Ներքին հետաքննության և խորհրդարանական ստուգումների արդյունքում կառավարությունը 2021 թվականի ապրիլին չեղարկեց Թուրքիա արտահանման բոլոր թույլտվությունները։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ՝ Թուրքիան հետևողականորեն անտեսում է մարդու իրավունքները, ժողովրդավարական արժեքները և օրենքի գերակայությունը, պահպանում է պայմանագրային համաձայնագրերը խախտելու ռեկորդը: Զենքի էմբարգոյի վերացումը ոչ միայն հակասում է Կանադայի վաղեմի սկզբունքներին, այլև անտեսում է շարունակվող ագրեսիան և մարդու իրավունքների խախտումները, որոնք Թուրքիայի կողմից իրականացվում են տարբեր ժողովուրդների, այդ թվում՝ հայության նկատմամբ։ Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը խստորեն կոչ է անում վերանայել այս անխոհեմ որոշումը և սկզբունքային դիրքորոշում որդեգրել թուրքական կառավարության ռազմատենչության դեմ։ Զենքի էմբարգոն հանելով՝ Կանադան միայն քաջալերում է նախագահ Էրդողանի ռեժիմին, և անգամ ևս իրեն վտանգում է՝ մեղսակցություն ունենալ թուրքական ռեժիմի կողմից իրականացվող և հովանավորվող հանցագործությունների մեջ, որոնք սպառնում են հայերին, ինչպես նաև տարածաշրջանի այլ ժողովուրդներին: Նման քայլը մտահոգիչ ուղերձ է միջազգային հանրությանը և խաթարում է Կանադայի նվիրվածությունը մարդու իրավունքներին, խաղաղությանն ու արդարությանը: Կանադայի կառավարությունը պետք է վերջ տա կեղծավորությանը և կարճաժամկետ քաղաքական նկատառումների փոխարեն առաջնահերթություն տա մարդու իրավունքներին, միջազգային անվտանգությանն ու արդարությանը: Հայ դատի հանձնախումբը կառավարությանը կոչ է անում ականջալուր լինել կանադահայ համայնքի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մարդու իրավունքների պաշտպանների մտահոգություններին։ Թեև ի գիտություն ենք ընդունել զենքի արտահանման թույլտվությունները չեղարկելու կամ կասեցնելու կառավարության որոշումը այն պարագայում,  երբ թուրքական կողմից չարաշահումների վերաբերյալ հավաստի ապացույցներ պարզվեն, մենք Կանադայի կառավարությանը կոչ ենք անում ընդհանրապես չեղարկել այս որոշումը և վճռական դիրքորոշում ընդունել թուրքական կառավարության ագրեսիայի դեմ՝ դրանով իսկ վերահաստատելով հավատարմությունը Կանադայի ժողովրդին բնորոշող սկզբունքներին:
13:20 - 30 հունվարի, 2024
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է արցախահայերի ինքնորոշման իրավունքի՝ ԱՄՆ նախագահի թեկնածուի հայտարարությունը |hetq.am|

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է արցախահայերի ինքնորոշման իրավունքի՝ ԱՄՆ նախագահի թեկնածուի հայտարարությունը |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը հրապարակված տեսաուղերձով խոստացել է, որ իր վարչակազմը մոբիլիզացնելու է միջազգային հանրությանը՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ, ապահովելու հայերի անվտանգ վերադարձը Արցախ և աջակցելու նրանց ինքնորոշման իրավունքին։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։ Ի թիվս այլնի, նախագահի թեկնածուն նշել է․ «Էթնիկ զտումների այս քաղաքականության դատարկ դատապարտումները բավարար չեն։ Ի տարբերություն 1915 թվականի ցեղասպանության, սա անշրջելի չէ։ ԱՄՆ կառավարությունը պետք է կազմակերպի և մոբիլիզացնի համաշխարհային հանրությանը՝ քայլեր ձեռնարկելու, որպեսզի ապահովվի հայերի անվտանգ վերադարձը Արցախ և պաշտպանելու նրանց ինքնորոշման իրավունքը։ Սա մի իրավիճակ է, երբ խաղաղ պատժամիջոցներն իրականում կարող են գործել: ԱՄՆ-ը դեռևս ունի լծակներ այդ տարածաշրջանում, և կարող է օգտագործել այդ ուժը՝ մոբիլիզացնելու տարածաշրջանի բոլոր ազգերին՝ շտկելու այս մարդասիրական ողբերգությունը: Մենք պետք է ձգտենք նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման վերացմանը։ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող ժողովուրդ է, և նրան անհրաժեշտ է մուտք դեպի նավահանգիստներ և հարակից երկրներ»: Մեկնաբանելով Քենեդու հայտարարությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է․ «Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Ռոբերտ Քենեդի կրտսերի կոչերը՝ պատժելու Ադրբեջանին և սատարելու արցախահայության ինքնորոշման և իրենց հայրենիք անվտանգ վերադարձի իրավունքին։ Մենք առավելաբար գնահատում ենք նրա հայտնվելը որպես 2024 թվականի երրորդ կենսունակ տարբերակ ամերիկահայ ընտրողների համար, հատկապես հաշվի առնելով, որ նախագահական ամենահավանական թեկնածուներից երկուսը՝ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, զինել են Ադրբեջանի կողմից Արցախի քրիստոնյա հայերի ցեղասպանությունը»։ 2․5 րոպե տևողությամբ տեսաուղերձը հրապարակվել է այսօր նախագահի թեկնածուի յութուբյան պաշտոնական քարոզարշավային ալիքում և հասանելի է նաև Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի սոցցանցային օգտահաշիվներում։ Նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդու հայտարարության տեքստը, ինչպես նաև Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ամբողջական հայտարարությունը, որը ներառում է ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցող այլ թեկնածուների կողմից հայության շահերի պաշտպանության շուրջ ելույթները, հասանելի են հետևյալ հղմամբ` ANCA Welcomes RFK, Jr Statement Calling on U.S. to Advance Rights of Artsakh Armenians to Self-Determination and Safe Return to Homeland - Armenian National Committee of America:
10:22 - 29 դեկտեմբերի, 2023