azatutyun.am: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից», - Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում:
Ուղերձում Հարիսը նշել է, որ հարկավոր է նաև միշտ հիշել Հայոց ցեղասպանության ողբերգությունը, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։
«Ամերիկահայ համայնքի տոկունությունը ոգեշնչման աղբյուր է մեր ընդհանուր ամերիկյան պատմության համար», - ընդգծել է փոխնախագահը:
Քամալա Հարիսը նշել է նաև, որ հավատարիմ է Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը:
Փոխնախագահը հավատացրել է, որ կշարունակի աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում:
«Հավատարիմ եմ մեր երկրների միջև կապերի խորացմանը և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը: Միասին կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ»,- գրել է Հարիսը:
comment.count (0)