ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի 25 անդամներ երկկուսակցական նամակ են ուղարկել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցին՝ պահանջելով նպաստել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը և պաշտպանել Հայաստանի անվտանգությունը: Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։
Նամակը ստորագրել են հանձնախմբի ղեկավարներ Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալադաուն, Բրեդ Շերմանը և Գաս Բիլիրակիսը:
Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ խաղաղության բանակցությունները պետք է ներառեն հայերի վերադարձն Արցախ, ադրբեջանական ուժերի դուրսբերումը հայկական տարածքներից, միջազգային վերահսկողությունը սահմանների վրա և հայ ռազմագերիների ազատումը:
«Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Կոնգրեսում երկկուսակցական շարունակական ջանքերը՝ ընդդիմանալու Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ուժի սպառնալիքի տակ միակողմանի զիջումներ թելադրելու քաղաքականությանը, որն ակնհայտորեն կեղծ խաղաղության է առաջնորդում։ Մեր կոնգրեսական դաշնակիցների և կոալիցիոն գործընկերների հետ կողք-կողքի, մենք պնդում ենք՝ կայուն և արդար խաղաղության ուղղությամբ ցանկացած երկխոսություն պետք է ապահովի հայերի վերադարձն Արցախ, իսկ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր ուժերը հայկական տարածքներից, պետք է պահպանվի միջազգային վերահսկողություն Հայաստանի սահմանների վրա, ապահովվի հայ ռազմագերիների ազատումը, պաշտպանվի Արցախի հայկական քրիստոնեական ժառանգությունը, պետք է զսպվեն Ադրբեջանի ջանքերը՝ փոփոխություններ պարտադրելու Հայաստանի Սահմանադրությունում և պետք է պաշտպանվի Սյունիքը՝ որպես Հայաստանի ինքնիշխան մաս»,- ասել է Համբարյանը:
Կոնգրեսականները կոչ են արել ԱՄՆ-ին ակտիվ ներգրավվել՝ կանխելու խաղաղության գործընթացի խափանումը: Կոնգրեսականները նշել են, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովումը ազգային անվտանգության կարևոր խնդիր է և ուղղակիորեն համահունչ է նախագահ Թրամփի գլոբալ խաղաղության նախաձեռնություններին:
«Մենք նաև ամբողջապես համաձայն ենք պետքարտուղար Ռուբիոյի հետ, որ Հարավային Կովկասում «․․․այժմ ժամանակն է պարտավորվել խաղաղության համար» և ազգային անվտանգության գծով խորհրդական Ուոլցի կոչին՝ «ավարտել այս խաղաղության պայմանագիրը, ազատել բանտարկյալներին և աշխատել միասին՝ տարածաշրջանն ավելի ապահով և բարգավաճ դարձնելու համար։ Արդյունքում՝ Ադրբեջանի շարունակական սպառնալիքների ետնապատկերի վրա՝ Միացյալ Նահանգները պարտավորություն ունի ձգտելու ամրապնդել վստահությունն ու անվտանգությունը»,- նշել են կոնգրեսականները։
comment.count (0)