hy.armradio.am: ԱՄՆ սենատորներ Էդ Մարքին (D-MA), Բիլ Քեսիդին (R-LA), Թոմ Թիլիսը (R-NC) և Գարի Փիթերսը (D-MI) նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին՝ որպես բանակցությունների նախապայման, առաջնահերթություն տալ հայ ռազմագերիների և Արցախի քաղաքական ղեկավարության ազատ արձակմանը, որոնք ապօրինաբար կալանավորված են Ադրբեջանի կողմից, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Նամակը, որը կոչ է անում Պետդեպարտամենտին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որակել որպես էթնիկ զտումների ակտ, ընդգծում է Բայդենի վարչակազմի կողմից միջազգային երաշխիքների ներքո հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքի պաշտպանությունը ապահովելու անհրաժեշտությունը: Թեև Բայդենի վարչակազմը պաշտոնապես հաստատել է վերադարձի իրավունքը մի քանի հրապարակային հայտարարություններով, այն չի ձեռնարկել որևէ շոշափելի գործողություն՝ երաշխավորելու ապահով և անվտանգ պայմանները, որոնք անհրաժեշտ են հայերի՝ հետապնդումից զերծ լինելու և իրենց տներում խաղաղ ապրելու համար:
Մեկնաբանելով խաղաղ բանակցությունների կարգավիճակը՝ սենատորները նշել են, որ Արցախի քաղաքական ղեկավարությանը գլխատելու Ադրբեջանի ջանքերը «էթնիկ զտումներ իրականացնողների հայտնի մարտավարությունն են»։ Նրանք մտահոգություն են հայտնել «խաղաղ գործընթացին մասնակցելու իրենց ազատության և կարողության ժխտման կապակցությամբ»: Նամակում, մասնավորապես, ընդգծվում է Արցախի ներկա և նախկին ղեկավարների, այդ թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի շարունակվող անօրինական կալանավորումը:
Սենատորները եզրափակել են իրենց նամակը՝ կոչ անելով վարչակազմին «պնդել Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ փոխգործակցության մեջ, որ բանտարկյալների ազատ արձակումը պետք է նախապայման լինի կամ գոնե ձեռք բերված ցանկացած խաղաղ համաձայնագրի պայման», ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար:
comment.count (0)