ՀԱՕԿ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) հիմնադրվել է 1990 թվականին։ Դարձել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) անդամ 1993 թվականին։ Գրասենյակը գտնվում է Երեւանում։ ՄՕԿ-ի, ԵՕԿ-ի եւ մի շարք այլ օլիմպիական կազմակերպությունների անդամ է։

ՀԱՕԿ-ն Արցախի հումանիտար խնդրով նամակ-գրությամբ դիմել է միջազգային սպորտային կառույցներին

ՀԱՕԿ-ն Արցախի հումանիտար խնդրով նամակ-գրությամբ դիմել է միջազգային սպորտային կառույցներին

Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեն Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի և տեղի ունեցող ծայրաստիճան վտանգավոր գործընթացների վերաբերյալ պաշտոնական նամակ-գրություններ է ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեի, Եվրոպական օլիմպիական կոմիտեի, Ասիական օլիմպիական կոմիտեի, ինչպես նաև 100-ից ավել երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներին: Այս մասին հայտնել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: ՀԱՕԿ-ի նամակում մասնավորապես ասված  է. «Լեռնային Ղարաբաղը 215 օր է՝ գտնվում է շրջափակման մեջ։ 120 հազար խաղաղ բնակիչ կտրված է աշխարհից։ 120 հազար խաղաղ բնակիչ կանգնած է սովի եզրին։ Առկա է դեղորայքի, մանկական սննդի, վառելիքի տոտալ դեֆիցիտ։ Մարդիկ զրկված են բուժվելու, տեղաշարժվելու և շատ այլ իրավունքներից։ 30 հազար երեխա կանգնած է սովի և հյուծման վտանգի առաջ։ Հղի կանայք չեն ստանում անհրաժեշտ կալորիականությամբ սնունդ, վտանգված է դեռևս լույս աշխարհ չեկած երեխաների կյանքն ու առողջությունը։ Այս հրեշավոր շրջափակումը տեղի է ունենում 21-րդ դարում։ Միջազգային բազմաթիվ հեղինակավոր կառույցներ և տերություններ կոչ են արել -անհապաղ վերացնել շրջափակումը։ Ձեր ուշադրությունը հրավիրելով ստեղծված վիճակի վրա՝ վստահ եմ, որ համաշխարհային օլիմպիական շարժումը, որի առանցքում արդարությունն ու հումանիզմն են, չի կարող անտարբեր լինել այս իրականության հանդեպ»։
16:11 - 17 հուլիսի, 2023
ԿԳՄՍՆ-ն և ՀԱՕԿ-ը համագործակցության հուշագիր են ստորագրել Փարիզի օլիմպիական խաղերի նախապատրաստության վերաբերյալ

ԿԳՄՍՆ-ն և ՀԱՕԿ-ը համագործակցության հուշագիր են ստորագրել Փարիզի օլիմպիական խաղերի նախապատրաստության վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն համագործակցության հուշագիր են ստորագրել՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստությունը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Հուշագիրը ստորագրվել է՝ ղեկավարվելով բարձրակարգ մարզիկների պատրաստման, միջազգային մրցասպարեզներում ՀՀ հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովման, պետական ծրագրի միջոցով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կատարելագործման, օլիմպիական գաղափարների պահպանման և տարածման պետական քաղաքականության սկզբունքներով: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ այս համագործակցության արդյունքում պետք է ամեն ինչ արվի, որ Հայաստանի հավաքականը Փարիզ-2024-ին մասնակցի ամենաբարձր մակարդակով. «Ստացվել է այնպես, որ Տոկիոյի օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով ընդամենը 3 տարվա օլիմպիական ցիկլ հայտարարվեց: Այսօր արդեն մենք 2 տարուց էլ քիչ ժամանակ ունենք ու պետք է աշխատենք ուժերի գերլարմամբ, որպեսզի հասնենք այն արդյունքին, ինչն ակնկալում ենք: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի պատշաճ կազմակերպվեն ուսումնամարզական հավաքները, լուծվեն մարզադահլիճների, գույքի, մարզիկների հանդերձանքի հարցերը, ապահովվի նրանց մասնակցությունը միջազգային պաշտոնական  մրցումներին՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Ամեն ինչ պետք է անենք, որ հնարավորինս շատ վարկանիշ նվաճենք, ու Հայաստանի հավաքականը Փարիզ-2024-ին մասնակցի ամենաբարձր մակարդակով»: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն էլ ընդգծել է՝ կարևոր է այն, որ այս փաստաթղթով հստակ տարանջատվում են կողմերի պարտավորությունները. «Ուզում եմ բոլորիս շնորհավորել այս հուշագրի ստորագրման առթիվ, քանի որ այս կերպ մենք փաստում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունն ու Օլիմպիական կոմիտեն համահունչ են մեր երկրում սպորտի զարգացման և օլիմպիական խաղերի նախապատրաստության գործընթացին: Ամենակարևորն էլ այն է, որ այս փաստաթղթով մենք հստակ տարանջատում ենք մեր գործողությունները, հստակ պարտավորություններ ենք վերցնում մեզ վրա: Բոլորիս նպատակը Փարիզ-2024-ում առավելագույն թվով մարզիկ-մարզուհիներ ունենալն ու առավելագույն թվով մեդալներ նվաճելն է»: ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ սպորտը մեր երկրում համախմբման, միասնականության և համերաշխության խորհրդանիշ կդառնա. «Մենք միշտ կողմ ենք հանրային համերաշխության, և թող սպորտը մեր երկրում համախմբման, միասնականության և համերաշխության խորհրդանիշ լինի: Սա էլ հենց նշվում է օլիմպիական խարտիայի մեջ»: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փարիզ–2024 ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստման 2022-2024 թվականների փուլային ծրագրի կազմման և իրագործման հետ կապված ստանձնում է հետևյալ պարտականությունները՝ Ծաղկաձոր քաղաքի նախկին Գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքը, լողավազանը և կից մարզադահլիճը 30 տարով անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հանձնելու դեպքում, դրանք ամբողջությամբ հիմնանորոգել մեկ տարվա ընթացքում և դրա կառավարումը և շահագործումը իրականացնել Հայաստանի Հանրապետության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հավասար մասնակցությամբ առևտրային կազմակերպության միջոցով։ Յուրաքանչյուր տարի՝ սկսած 2022 թվականից մինչև 2024 թվականը ներառյալ, հիմնանորոգել մեկից երկու մարզադպրոց՝ այդ թվում սահմանամերձ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ, հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից, պարտավորվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից հիմնանորոգված մարզակառույցներն ապահովել անհրաժեշտ մասնագիտական մարզագույքով: Հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև Փարիզ–2024 ամառային օլիմպիական խաղերի մեկնարկը:  
17:55 - 13 ապրիլի, 2022
ԿԳՄՍ-ն և ՀԱՕԿ-ը կխորացնեն համագործակցությունը   |armenpress.am|

ԿԳՄՍ-ն և ՀԱՕԿ-ը կխորացնեն համագործակցությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կխորացնեն համագործակցությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում ունեցավ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Քննարկման ընթացքում նախարարությունը և ՀԱՕԿ-ը որոշեցին ավելի ակտիվ համագործակցել սպորտի զարգացման մի շարք ոլորտներում, առաջիկայում կշեշտադրվի մարզադպրոցների առաջընթացը: «Օլիմպիական կոմիտեն և նախարարությունը պետք է գտնեն այն ձևաչափը, որով կշարունակեն համագործակցությունը: Պետք է սպորտն առավել զարգացնենք: Այդ հարցում ՀԱՕԿ-ը և Գագիկ Ծառուկյանը հայտնեցին իրենց պատրաստակամությունը»,-ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Հանդիպմանը նախորդեց Վահրամ Դումանյանի շրջայցը Օլիմպավանում, որտեղ ԿԳՄՍ նախարարը ծանոթացավ մարզիկների համար նախատեսված պայմաններին:
15:06 - 17 սեպտեմբերի, 2021
Գևորգ Ալեքսանյանը հրաժարվում է միջազգային կարգի որակավորումից   |armenpress.am|

Գևորգ Ալեքսանյանը հրաժարվում է միջազգային կարգի որակավորումից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գևորգ Ալեքսանյանը կհրաժարվի միջազգային կարգի մրցավարության գրքույկից: Lրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ալեքսանյանը: «Այսքան տարի մրցավարությունից հետո որոշում եմ կայացրել, մրցավարական գրքույկը ետ վերադարձնել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային: Հրաժարվում եմ միջազգային կարգի մրցավարի կոչումից և այդ կարգի մրցավարական ղեկավարության հետ ճանապարհը շարունակելուց: Այս որոշումն իմն է, և ես դեռ չեմ քննարկել այն ֆեդերացիայի, ՀԱՕԿ-ի և նախարարության հետ»,- ասաց Ալեքսանյանը: Վերջինս նման կերպ իր բողոքի ձայնն է բարձրացնում Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամների նկատմամբ անարդար մրցավարության դեմ: Գևորգ Ալեքսանյանը միջազգային կարգի մրցավարի կոչումը ստացել է 1999 թվականին: Օլիմպիական խաղերից բացի Ալեքսանյանը դատել է մրցամարտեր աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:
13:26 - 11 օգոստոսի, 2021
ՀԱՕԿ-ի նիստին քննարկվել է նաև «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի ՀԱՕԿ-ի ժամանակավոր անդամ ընդունելու հարցը

ՀԱՕԿ-ի նիստին քննարկվել է նաև «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի ՀԱՕԿ-ի ժամանակավոր անդամ ընդունելու հարցը

«Օլիմպավանում» այսօր կայացավ ՀԱՕԿ-ի արտահերթ գլխավոր ասամբլեայի նիստը: Օրակարգում դրված էր 5 հարց: Առաջին կետը, որը վերաբերում էր Մինկում ավարտված Եվրոպական խաղերին, զեկուցեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը: Վերջինս ամփոփեց կատարված աշխատանքները և մեր մարզիկների գրանցած արդյունքները՝ հատուկ ըդգծելով նման մասշտաբի կարևոր մրցաշարում հայ մարզիկների՝ երկնիշ թվով մեդալներ նվաճելու կարևորությունը (խմբ. 11 մեդալ՝ 5 ոսկե, 3-ական արծաթե և բրոնզե): Օրակարգի երկրորդ հարցը Տոկի- 2020-ի Հայաստանի մարզիկների նախապատրաստման աշխատանքների մասին էր, որը ևս զեկուցեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը: Վերջինս վստահեցրեց, որ ինչպես համակարգվել են նախորդ կարևոր մարզական միջոցառումներից առաջ արվող աշխատանքները, այդպես էլ կարվի Տոկիո-2020-ին ընդառաջ: Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով կստեղծվի աշխատանքային խումբ, որը կվերահսկի նախապատրաստական բոլոր աշխատանքները և մեր մարզիկներն ու մարզիչները ոչ մի խնդիր չեն ունենա՝ նախապատրաստվելու 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Օրակարգի 3-րդ կետը «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը ՀԱՕԿ-ի անդամակցությունից հեռացնելու մասին էր: Զեկուցում էր ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Վերջինս ներկայացրեց Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի կատարած խախտումների վերաբերյալ 30 կետանոց զեկույց և դրեց ֆեդերացիան՝ ՀԱՕԿ անդամակցությունից զրկելու հարցը քվեարկության: Ասամբլեայի 67 մասնակիցներից 64-ը կողմ քվեարկեցին, 2-ը՝ ձեռընպահ, մեկն էլ չմասնակցեց քվեարկությանը: Օրակարգի 4-րդ հարցը «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը ՀԱՕԿ-ի ժամանակավոր անդամ ընդունելու մասին էր: Զեկուցող ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրեց վերը նշված ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի դիմում-նամակը ՀԱՕԿ-ին, ներկայացրեց Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մինչև օրս կատարած աշխատանքները և արդյունքները և հարցը դրեց քվեարկության: 67 մասնակիցներից 64-ը կողմ քվեարկեցին, 3-ը՝ ձեռընպահ: Օրակարգի 5-րդ կետը գլխավոր ասամբլեայի արարողակարգային հարցերի մասին էր, որը քննարկվեց և ընդունվեց միաձայն ասամբլեայի սկզբում:
14:36 - 24 հուլիսի, 2019
ՀԱՕԿ-ի պարզաբանումը Ծաղկաձորի ճոպանուղու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ՀԱՕԿ-ի պարզաբանումը Ծաղկաձորի ճոպանուղու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ՀԱՕԿ-ը ձեռնարկելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցները, ինչպես արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀԱՕԿ-ին պատճառված հնարավոր վնասների վերականգնման, այնպես էլ, որպես «Լեռնատուր» ՍՊԸ-ի մասնակից՝ հնարավոր վնասների վերակագնման ուղղությամբ: Մասնավորապես, 2017թ. ապրիլ-մայիս ամիսներին Ծաղկաձորի ճոպանուղու հավատարմագրային կառավարիչ «Լեռնատուր» ՍՊԸ գլխավոր տնօրենը տեղյակ է պահել ՀԱՕԿ-ին, որ կտրվել է ճոպանուղու ճոպանը և ներկայացրել է հաշիվ-ապրանքագիր` նոր ճոպան ձեռք բերելու համար: Հետագայում, ճոպանը փոխելուց հետո պարզվել է, որ այն ոչ թե կտրված է եղել, այլ թեթևակի վնասված, որը չէր կարող որևէ սպառնալիք հանդիսանալ ճոպանուղու շահագործման անվտանգության համար: «Լեռնատուր» ՍՊԸ գլխավոր տնօրենի անհիմն գործողությունների պատճառով, նոր ճոպանի ձեռքբերման համար ՀԱՕԿ-ը կրել է շուրջ 117. 500 եվրոյի վնաս: Ընկերության գլխավոր տնօրենի վարքագիծը հիմք է հանդիսացել վերջինիս նկատմամբ վստահությունը կորցնելու համար և ՀԱՕԿ-ի կողմից Ընկերության գործունեության նկատմամբ հսկողությունը խստացվել է: Արդեն 2017թ. օգոստոսին, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի առաջարկությամբ հրավիրվել է «Լեռնատուր» ՍՊԸ մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողով՝ Ընկերության գլխավոր տնօրենին պաշտոնից ազատելու օրակարգով: Նույն որոշմամբ գլխավոր տնօրեն նշանակվել է նոր անձ: Նոր տնօրենի պաշտոնավարման ընթացքում պարզվել է, որ Ընկերության եկամուտներն անհամեմատ ավելին են, քան եղել են նախկին տնօրենի պաշտոնավարման ընթացքում, ինչն ակնհայտ է եղել: «Լեռնատուր» ՍՊԸ գործունեության 2017թ. տարեկան արդյունքներն ամփոփելուց հետո, հաշվի առնելով, որ նոր գլխավոր տնօրենի կառավարման ժամանակահատվածում լեռնադահուկային սեզոնն ընդգրկել է միայն 2017-2018թ. ձմեռային սեզոնը, ՀԱՕԿ-ը եկել է այն եզրահանգման, որ 2018-2019թթ. ձմեռային սեզոնի ժամանակ պետք է իրականացվի ներքին մշտադիտարկում, որից հետո դիմել է աուդիտորական կազմակերպությանը՝ կատարելու ուսումնասիրություններ և ստուգումներ Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացակարգերի վերաբերյալ: Այդ նպատակով ՀԱՕԿ-ի և լիցենզավորված աուդիտորական կազմակերպության միջև 14.02.2019թ. կնքվել է Համաձայնեցված ընթացակարգերի վերաբերյալ N Ս-02-19 պայմանագիր: Աուդիտորական կազմակերպության կողմից արձանագրվել են անհամապատասխանություններ հավատարմագրային կառավարիչ «Լեռնատուր» ՍՊԸ-ի 2009-2016թթ. ֆինանսական հաշվետվությունների բացակայության, ինչպես նաև 2009-2016թթ. և 2017-2018թթ. եկամուտների անհամաչափության հետ կապված, և առաջարկություններ են ներկայացվել ՀԱՕԿ-ին՝ ձեռնարկել գործողություններ իրավունքների պաշտպանության և հնարավոր պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀԱՕԿ-ը Հավատարմագրային կառավարման պայմանագրով հիմնադիր լինելուց բացի, որը պետք է ստանար ճոպանուղու շահագործման արդյունքում ստացված զուտ շահույթի 50 տոկոսը, հանդիսանում է նաև Լեռնատուր ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասի սեփականատերը (որը իրավունք է վերապահում ՀԱՕԿ-ին ստանալ «Լեռնատուր» ՍՊԸ-ից շահաբաժին, այսինքն ՀԱՕԿ-ը իրավունք ունի ստանալու ճոպանուղու շահագործման արդյունքում ստացված զուտ շահույթի 75 տոկոսը), ՀԱՕԿ-ը ձեռնարկելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցները, ինչպես արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում իրեն պատճառված հնարավոր վնասների վերականգնման ուղղությամբ, այնպես էլ, որպես «Լեռնատուր» ՍՊԸ-ի մասնակից՝ հնարավոր վնասների վերակագնման համար:  
13:07 - 29 ապրիլի, 2019