Իրազեկ քաղաքացիների միավորում

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը խորհրդատվական հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է կարևոր հարցերի շուրջ հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, ապատեղեկատվության, դրա ազդեցության նվազեցումը հանրային կարծիքի ձևավորման և որոշումների կայացման վրա։ Կազմակերպության ղեկավար մարմիններն են գործադիր տնօրենը, ծրագրերի համակարգողն ու 5 անդամներից բաղկացած խորհուրդը:

Կազմակերպությանն է պատկանում FIP.am ապատեղեկատվության դեմ պայքարող հարթակը (ֆակտ-չեքինգ): «Իրազեկ քաղաքացիների միավորման» հրապարակումները հիմնականում վերաբերում են արտաքին քաղաքականությանն ու դրան առնչվող հարցերին, ժողովրդավարական արժեքներին ու հաստատություններին, տնտեսությանը, ընտրություններին, ինչպես նաև որոշ ոլորտներում քաղաքացիների իրավունքներին: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» իր գործընկերների հետ միասին Հայաստանում իրականացնում է ընտրությունների դիտորդություն։

Սահմանադրության՝ կայուն մեծամասնության հոդվածից հրաժարվելու հարցը մերժվեց
 |azatutyun.am|

Սահմանադրության՝ կայուն մեծամասնության հոդվածից հրաժարվելու հարցը մերժվեց |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չընդունեց Սահմանադրության՝ կայուն մեծամասնության հոդվածից հրաժարվելու հարցը։ Ցանկություն կա կայուն քաղաքական մեծամասնության կարգավորումից հրաժարվելու, սակայն այն պետք է անել ամբողջ Սահմանադրությունը ախտորոշելուց հետո, այսօրվա նիստին հայտարարել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ն էր ներկայացրել «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարց»-ը: Խորհուրդը, սակայն, դեմ է քվեարկել հարցի առանձնացմանը ամբողջ ռեֆորմից 2026թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ և ԱԺ միջոցով համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկին: Միաժամանակ, Արդարադատության նախարարության հաղորդմամբ, խորհուրդը կողմ է քվեարկել Սահմանադրությամբ սահմանված կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջը վերացնելու առաջարկին: ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանն արձագանքել է այս մերժմանը՝ նշելով, որ ենթադրում է՝ «ՔՊ-ում վախենում, են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չեն ունենալու, և ուզում են այդ սցենարում արհեստական բոնուսներով իշխանություն ձևավորել (պահել)»: «Ընդ որում, զավեշտալին այն է, որ ով-ով, բայց ՔՊ-ում պետք է շատ լավ պատկերացնեին, որ խորհրդարանի լեգիտիմությունը ավելի կարևոր է, քան մանդատների քանակը», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
17:45 - 19 սեպտեմբերի, 2024
Ժամը 19:08-ի դրությամբ՝ բախումների վայրում և հարակից տարածքներում, ոստիկաններից բացի, գտնվել է 3600 մարդ․ ԻՔՄ

Ժամը 19:08-ի դրությամբ՝ բախումների վայրում և հարակից տարածքներում, ոստիկաններից բացի, գտնվել է 3600 մարդ․ ԻՔՄ

Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 20:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, տեղի ունեցան բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև, ինչի ընթացքում վերջինս կիրառեց հատուկ միջոցներ՝ մասնավորապես, լուսաձայնային նռնակներ: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» անմիջապես այդ դեպքերի ժամանակ իրականացնում էր աերոնկարահանում, որի արդյունքում ստացված լուսանկարով հնարավոր դարձավ հաշվել անմիջապես բախումներից առաջ ցույցի մասնակիցների քանակը: Ըստ այդմ, ժամը 19:08-ի դրությամբ բախումների վայրում և հարակից տարածքներում, ոստիկաններից բացի, գտնվել է 3600 մարդ: Հիշեցնենք, որ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 9-ի երեկոյից նստացույց է իրականացնում «Տավուշը հանուն հայրենիքի շարժումը»՝ արքեպիսկոպոս Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորությամբ: Նշենք, որ այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նույն վայրում ժամը 15:00-ից հրավիրել էր հանրահավաք, որին ժամը 16:09-ի դրությամբ մասնակցել էր մոտ 3600 մարդ: Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։ Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ: Բախումների և ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման պատկերներով տեսանյութը՝ ստորև:
23:02 - 12 հունիսի, 2024
18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ.ԻՔՄ

18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ.ԻՔՄ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտնում է. «Այսօր՝ մայիսի 9-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը՝ քայլերթով Տավուշից Երևան ժամանած, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ Հանրապետության հրապարակում ժամը 16:00-ից հրավիրել էր հանրահավաք, որը մեկնարկեց մոտ երկու ժամ անց: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ: Նշենք, որ քայլերթի ընթացքում ԻՔՄ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության որևէ ակցիայի նկարահանում կամ դրանց մասնակիցների հաշվարկ չի իրականացրել: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով»։
00:51 - 10 մայիսի, 2024
ԻՔՄ-ն Տավուշում ՈՒԱԶ-ի միջադեպի հետ կապված 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը

ԻՔՄ-ն Տավուշում ՈՒԱԶ-ի միջադեպի հետ կապված 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ։   1-ին դրվագը վերաբերվում է ավտոմոբիլի վարորդի կողմից խաղաղ ցուցարարներին վրաերթելու փորձի հետ։ ՔՕ հոդված 236 (hավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը)։ 2-րդ դրվագը կապված է ոստիկանների կողմից УАЗ-ի վրաերթի փորձը չկասեցնելու, դրան չհակազդելու հետ։ ՔՕ հոդված 446 (պաշտոնեական անփութությունը)։   3-րդ դրվագը կապված է միջադեպի վայրում ընդհանրապես չգտնված Մկրտչյան Հենրիկին, Ասատրյան Գոռին և Ղազարյան Հովսեփին ակնհայտ ապօրինի ձերբակալելու հետ։ ՔՕ հոդված 478 (ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը)։   Հ.Գ. Քանի որ Հայաստանում արդեն այնպիսի վիճակ է, որ ցուցարարների վրա մեքենա քշողի փոխարեն ցուցարարներն են ձերբակալվում` ներպետական գործիքները սպառելուց հետո մենք չենք վարանելու գործածել միջազգային ջատագովության բոլոր գործիքները` ապօրինի քրեական հետապնդմանը հակազդելու համար։
11:30 - 23 ապրիլի, 2024
ԻՔՄ-ն դիմել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ պահանջելով արգելափակել ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի ծառայողների մուտքը ՀՀ ՍԷԿՏ համակարգ

ԻՔՄ-ն դիմել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ պահանջելով արգելափակել ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի ծառայողների մուտքը ՀՀ ՍԷԿՏ համակարգ

ԻՔՄ-ն դիմել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ պահանջելով արգելափակել ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի ծառայողների մուտքը ՀՀ ՍԷԿՏ համակարգ: Այս մասին հայտարարարություն է տարածել Իրազեկ քաղաքացիների միավորումը։ «Ըստ ՀՀ ԱԱԾ կողմից տրամադրված տեղեկությունների՝ ՀՀ-ում տեղակայված ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողները ՀՀ պետական սահմանի «Մեղրի» և «Զվարթնոց» անցման կետերում սահմանային վերահսկողություն են իրականացնում (այդ թվում՝ ՀՀ ՍԷԿՏ համակարգին հասանելիության միջոցով)՝ 1992 թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ և ՌԴ միջև կնքված՝ ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին պայմանագրի պայմանների համաձայն։ ՍԷԿՏ համակարգը պարունակում է ՀՀ քաղաքացիների և ՀՀ պետական սահմանը հատող այլ անձանց անձնական տվյալներ, ինչը նաև ակնհայտ է ՀՀ կառավարության 2006 թ. հունիսի 22-ի «ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» 884-Ն թվակիր որոշման կարգավորումներից։ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի սահմանմամբ՝ Անձնական տվյալներ մշակելը օրինական է, եթե՝ 1) տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, և տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ սույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, կամ 2) մշակվող տվյալները ձեռք են բերվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից: Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե տվյալներ մշակողը հանդիսանում է օրենքով կամ վավերացված միջազգային պայմանագրով սահմանված հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակող, այդ տեղեկության փոխանցումը ուղղակիորեն նախատեսված է օրենքով և ունի բավարար պաշտպանության մակարդակ։ Օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Պետական մարմինների տնօրինության տակ գտնվող անձնական տվյալները կարող են փոխանցվել օտարերկրյա պետական մարմիններին միայն վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում, իսկ ոչ պետական մարմիններին` սույն հոդվածի նորմերին համապատասխան: Սակայն ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին 1992 թ. սեպտեմբերի 30-ի պայմանագիրը վավերացված միջազգային պայմանագիր չէ (չնայած նրան, որ թե՛ 1992 թ., թե՛ այժմ գործող իրավակարգավորումներով այն ենթակա էր վավերացման)։ Ըստ այդմ՝ դրա հիման վրա ՍԷԿՏ համակարգին հասանելիություն ռուսական սահմանապահ զորքը չպետք է ունենա։ Օգտվելով ՍԷԿՏ-ին իրենց հասանելիությունից՝ ՌԴ ԱԴԾ ստորաբաժանումներն իրականացրել են մարդու առևանգում ՀՀ տարածքում, ինչը նաև նշանակում է, որ ՀՀ տարածքում գտնվող որևէ մեկն ապահովագրված չէ ՌԴ իրավապահների ապօրինի գործողություններից, քանի դեռ նրանք ունեն հասանելիություն ՍԷԿՏ համակարգին, որը, ինչպես վերևում հիմնավորվեց, չունի որևէ իրավական հիմք։ Իսկ ահա 2016-ին պրոռուսական խմբերը հրապարակեցին ՀՀ սահմանային անցակետերը հատած քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների մասին տվյալները։ Համաձայն մամուլում հրապարակված հետաքննությունների՝ հիմնավոր կասկածներ կան, որ արտահոսքը կազմակերպվել էր ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից: Տեղեկացնում ենք նաև, որ հիմք ընդունելով այս խնդիրը, ինչպես նաև այն, որ խոսքը օտար պետության կողմից հարյուր հազարավոր հայաստանցիների (և ոչ միայն) անձնական տվյալներին ապօրինի հասանելիության մասին է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիմել է ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ պահանջելով արգելափակել ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի ծառայողների մուտքը ՀՀ ՍԷԿՏ համակարգ: Հայաստանում տեղակայված ռուսաստանյան սահմանապահների կողմից հայ-ռուսական պայմանագրերի ու ՀՀ ներքին օրենսդրության խախտումների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ»:
17:48 - 20 փետրվարի, 2024
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են վերացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գույքի վրա 1 մլն դրամի արգելանքի որոշումը

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են վերացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գույքի վրա 1 մլն դրամի արգելանքի որոշումը

Հայաստանի մի շարք լրագրողական կազմակերպություններ դատարանից պահանջում են անհապաղ վերացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պահանջով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գույքի վրա 1 մլն դրամի չափով արգելանք դնելու որոշումը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։ «Սեպտեմբերի 4-ին «Fip.am» փաստերի ստուգման հարթակի հիմնադիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացել է որոշում՝ կազմակերպությանը պատկանող գույքի վրա 1 միլիոն դրամի չափով արգելանք դնելու մասին։ Սրա համար հիմք է հանդիսացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ներկայացրած կատարողական թերթը, որն արտացոլում է այդ ատյանի որոշումը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գործով պատասխանողի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու հայցվորի միջնորդության բավարարման վերաբերյալ։ Իսկ հայցի առիթը վերոհիշյալ կայքում ս․ թ․ հուլիսի 21-ին հրապարակված՝ «ՔՊ-ն այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով ձայն է հավաքում Ավինյանի համար» նյութն է։ Դրանում փորձ է արվում բացահայտել, թե ինչպես է կուսակցությունը Սպիտակի տարածաշրջանի համայնքապետերի միջոցով կազմակերպում, որպեսզի տեղի բնակիչների երևանցի ազգականներն ու բարեկամները մայրաքաղաքի ավագանու գալիք ընտրություններում քվեարկեն ՔՊ-ի օգտին։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ իշխող ուժի ներկայացուցիչներն ընդդեմ լրատվամիջոցների հիմնադիրների հայց ներկայացնելիս նաև միջնորդում են, որ դատարանը պատասխանողի գույքի և/կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնի։ Նմանատիպ դեպքի առնչությամբ մենք հանդես ենք եկել հայտարարությամբ նաև մայիսի 12-ին՝ Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի գործով։ ԶԼՄ-ի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելն ինքնին լրացուցիչ ճնշում գործադրելու և խմբագրության հետ «հաշիվ մաքրելու» փորձ է, ինչն անթույլատրելի է և հակասում է միջազգային նորմերին ու պրակտիկային։ Բայց առավել անընդունելի է, երբ դատարանները բավարարում են լրատվամիջոցների գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու այդ միջնորդությունները։ Այդպիսի անհիմն որոշումները խաթարում են խմբագրությունների բնականոն գործունեությունը։ Մինչդեռ դատարանները պետք է դա թույլ չտան, ինչպես նաև հակազդեն հայցվորների՝ դատական մեխանիզմները որպես ԶԼՄ-ների նկատմամբ «պատժիչ գործիք» կիրառելու փորձերին։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք պահանջում ենք․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանից՝ անհապաղ վերացնել «Fip.am» փաստերի ստուգման հարթակի հիմնադիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գույքի վրա 1 միլիոն դրամի չափով արգելանք դնելու որոշումը և հետ կանչել ԴԱՀԿ-ին ուղարկած կատարողական թերթը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ դրսևորելով քաղաքական լայնախոհություն և հանդուրժողականություն՝ հրաժարվել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունից և դատական գործում կենտրոնանալ բուն տեղեկատվական վեճի վրա»: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ Լուսանկարում՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանը/«Ֆեյսբուք»
12:32 - 07 սեպտեմբերի, 2023
ԻՔՄ հաղորդագրությունը ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

ԻՔՄ հաղորդագրությունը ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Երևանի Ազատության հրապարակում 18:00-ից մեկնարկել էր ընդդիմության հրավիրած՝ Արցախի Հանրապետության օրվան նվիրված հանրահավաքը: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:15-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 10500 մարդ: «Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Նշենք, որ որոշ քաղաքացիներ կանգնած էին ծառերի տակ, ուստի նրանց քանակը հաշվել հնարավոր չի եղել: Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հանրահավաքի՝ դրոնով արված տեսանյութը՝ այստեղ։
22:08 - 02 սեպտեմբերի, 2023
ՄԱԿ ԱԽ առաջիկա նիստին ընդառաջ ՀԿ-ները դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

ՄԱԿ ԱԽ առաջիկա նիստին ընդառաջ ՀԿ-ները դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Մի շարք ՀԿ-ներ ՄԱԿ ԱԽ առաջիկա նիստին ընդառաջ դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Հայտարարարությունը՝ ստորև․ «Հետամուտ լինելով 2023 թվականի մայիսի 26-ի և հուլիսի 28-ի մեր նախորդ հաղորդագրություններին, Հայաստանի կառավարության խնդրանքով գումարվելիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա նիստի կապակցությամբ մենք՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության ակտիվ կազմակերպությունների ներկայացուցիչներս, կրկին դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝  պարտավորություն ստանձնել պաշտպանելու հայ ժողովրդին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կազմակերպված ցեղասպանությունից և էթնիկ զտումներից։ Այս հանցագործությունների ռիսկերն իրական են, և դրա իրականացումն ընթացքի մեջ է, ինչն ապացուցում են քրեական իրավունքի միջազգային անկախ փորձագետները, ցեղասպանագետները և մասնագիտացված կազմակերպությունները: 21-րդ դարում հայ ժողովրդի հետ նման ողբերգություն կրկնության դեպքում, պատասխանատվությունը մեծապես կկրեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները և ցեղասպանության և էթնիկ զտումների միջազգային հանցագործություններ իրականացնող պետության փաստացի հովանավորությունը։ ԱԽ-ին կոչ ենք անում՝ Ընդունել բանաձև, որը կդատապարտի շրջափակումը և կպահանջի անհապաղ բացել Լաչինի միջանցքը մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի համար՝ համաձայն Արդարադատության միջազգային փետրվարի 23-ի որոշման ձեռնարկել հրատապ միջոցներ՝ ապահովելու միջազգային խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը 2025 թվականի նոյեմբերից հետո՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ռուսական խաղաղապահ զորախմբի ժամկետի ավարտը, մինչև  հակամարտության տեւական կարգավորում ապահովումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից պահանջել տարածաշրջան ուղարկել փաստահավաք առաքելություն ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև նշանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ՝ տարածաշրջանում երկարաժամկետ ներկայություն ապահովելու համար։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարից պահանջել փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին համապարփակ զեկույց ներկայացնելու համար, ինչպես նաև օգտագործել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բոլոր համապատասխան մեխանիզմները, այդ թվում՝ հատուկ խորհրդականների և հատուկ զեկուցողների՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, մարդասիրական և մարդու անվտանգության պայմանների վերաբերյալ անհապաղ հաշվետվություններ պատրաստելու համար: Դատապարտել հայերի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականությունը,  (արտացոլված Արդարադատության միջազգային դատարանի դեկտեմբերի 21-ի որոշման մեջ),որը վտանգի տակ է դնում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ցանկացած ջանք։ Ապահովել լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ իրավապաշտպան կազմակերպությունների առաքելությունների մուտքը տարածաշրջան՝ իրավիճակն ուսումնասիրելու և միջազգային լսարանին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու համար»: Ստորագրյալներ՝ Սոնա Այվազյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ Նաիրա Սուլթանյան, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ Սեդա Մուրադյան, Հանրային  լրագրության ակումբ ՀԿ Գենյա Պետրոսյան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Արաքս Մելքոնյան, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա - Վանաձոր Գայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ Էդգար Խաչատրյան, «Խաղաղության երկխոսություն» Ն.Գ Լևոն Բարսեղյան Ժուռնալիստների «Ասպարեզ» ՀԿ Լարա Ահարոնյան, Կանանց ռեսուրսային կենտրոն Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ Մամիկոն Հովսեփյան, «ՓԻՆՔ» իրավապաշտպան ՀԿ Նինա Կարապետյանց, Մարդու իրավունքների հելսինկյան ասոցիացիա Թամարա Գեւորգյան, «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ Օլեգ Դուլգարյան, Համայնքների մոբիլիզացիայի և աջակցության կենտրոն ՀԿ Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոն ՀԿ. Գևորգ Ղուկասյան, «Ռեստարտ Գյումրի» Երիտասարդական քաղաքացիական կենտրոն ՀԿ Անահիտ Սիմոնյան, Մարդու իրավունքների հետազոտական կենտրոն Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբ Նունե Սարգսյան, Մեդիանախաձեռնությունների կենտրոն Արթուր Պապյան, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ  
11:20 - 14 օգոստոսի, 2023
Քաղհասարակության մի խումբ կազմակերպություններ ԼՂ հարցով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Քաղհասարակության մի խումբ կազմակերպություններ ԼՂ հարցով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Հուլիսի 24-ին, քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ կոչով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշին՝ պահանջելով  շտապ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման արդյունքում մարդու իրավունքների շուրջ ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված։  Հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման գործում տարբեր միջազգային դերակատարների օժանդակությամբ ընթացող քաղաքական բանակցությունների կարևորությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև անթերագնահատելի է։ Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի համար, սովից և հումանիտար աղետից մահանալու անմիջական սպառնալիքը, իրավիճակը դարձնում է սարսափելի։ Հետևաբար, հրատապ է այս մարդասիրական աղետը կանխելու համար միջազգային արագ և վճռական արձագանքը։ 215 օրից ավելի պաշարման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկ հայերի իրավունքները համակարգված խախտվում են, որպեսզի ստեղծվեն անտանելի պայմաններ ու Ադրբեջանի կողմից ակնհայտ էթնիկ զտումների դրդապատճառներով դուրս մղեն իրենց այդ տարածքից։ Մեկը մյուսով պայմանավորված խախտումների հետևանքներն ուժգնանում են և ներառում են ներքոնշյալները․ Կյանքի իրավունքը՝ մինչ հրադարարի խախտումները, հարձակումները, խաղաղ բնակիչների, բնակելի տների, դպրոցների ուղղությամբ կրակոցները, առևանգումներն հաճախակի նախորդում են Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությանը, այնպիսի տպավորություն է ձևավորվում, կարծես հրադարարը խախտողները հայերն են;  Մարդկանց և տրասպորտային միջոցների տեղաշարժի ազատությունը, որը բացառությամբ քչաթիվ արտակարգ դեպքերի, ամբողջությամբ արգելված է Լեռնային Ղարաբաղից և դեպի Լեռնային Ղարաբաղ, այդ թվում նաև խաթարել է հանրային տրանսորտի և մասնավոր փոխադրամիջոնցերի տեղաշարժը վառելիքի պակասի պատճառով, ինչն իր հերթին բացասապես է ազդել առողջապահության, կրթության, տնտեսական զարգացման և այլնի վրա;  Բավարար կենսամակարդակը, որը պայմանավորված է շրջափակման 215 օրերից 100-ից ավելի օր ձգվող գազի պարբերական անջատումներով, էլեկտրաէներգիայի պակասով ու օրական 6 ժամ ջգվող պարբերական անջատումներով, հեռահաղորդակցության վատ որակով ու տեղեկատվության հասանելիության խնդիրներով, 2020 թվականին պատերազմի արդյունքում տեղահանվածների համար տների կառուցումն ավարտելու համար պահանջվող շինանյութի բացակայությամբ;  Սննդի և ջրի հասանելիությունը, քանի որ գյուղացիները չեն կարողանում մշակել իրենց հողատարածքները և կերակրել իրենց անասուններին՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինվորականների հաճախակի կրակոցները, որոնք նաև վնասում են գյուղտեխնիկան և գողանում անասունները։ Սարսանգի ջրամբարը չորանում է և հասել է կրիտիկական մակարդակի, ջրի պակասը չլրացնելու պատճառով, ինչը չի ապահովում մարդկանց գոյատևման համար անհարժեշտ էլեկտրաէներգիան; Բնապահպանական իրավունքները, որոնք պայմանավորված են դեգրադացվող Սարսանգի ջրամբարից շրջակայքի  ուտելի բույսերի, ձկնային ռեսուրսների և ոռոգելի հողերի կախվածությամբ;  Ֆիզիկական առողջության իրավունքը, որը հաշվի առնելով թերսնումը, դեղորայքի, հիգիենայի պարագաների, հագուստի և բժշկական ծառայությունների հասանելիության պակասը պայմանավորված այս շրջանում ավելի քան 1400 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների անհետաձգելի վիրահատության չեղարկմամբ և ԿԽՄԿ-ի կողմից պատշաճ բուժօգնություն ստանալու նպատակով միայն մի քանի հիվանդի Հայաստան տեղափոխմամբ, բարձր սթրեսի ու շրջափակման պայմաններում հավասարակշռված սննդակարգի հնարավորությունից զրկված հղի կանանց շրջանում վաղ հղիության փուլում միայն անցած ամսվա ընթացքում գրանցված եռապակտված վիժումների թվով;  Կրթության իրավունքը, որը էլեկտրաէներգիայի և ինտերնետի, ինչպես նաև վառելիքի բացակայության պայմաններում հատկապես խորացրել է վատթար վիճակը գյուղաբնակ երեխաների համար, որոնք ստիպված են երկար ճանապարհ անցնել դպրոց հաճախելու համար;  Մշակութային և կրոնական իրավունքները, բնիկ հայկական մշակույթի հետքերը տարածաշրջանից հեռացնելու նպատակով պայմանավորված, վաղ քրիստոնեական շրջանի պատմամշակութային ժառանգության ոչնչացմամբ կամ Ադրբեջանի կողմից դրանց վերափոխումներով;   Տնտեսական և սոցիալական իրավունքները, անհրաժեշտ ապրանքների ներկրման անհնարինությամբ, էլեկտրաէներգիայի և գազի սակավությամբ պայմանավորված, 860 տնտեսվարող սուբյեկտների գործունեության դադարեցմամբ և դրա արդյունքում շուրջ 11000 մարդու գործազրկությամբ ու եկամտի կորուստով, ինչպես նաև գյուղացիների կողմից հավաքված բերքը քաղաք տեղափոխելու անկարողությամբ; Հոգեկան առողջության իրավունքը, Ադրբեջանի ղեկավարության մշտական ռազմատենչ սպառնալիքների զուգակցումը շրջափակման և սովամահության միջոցով մարդկանց կամքը կոտրելու փորձով, աշխատանքի հնարավորությունների բացակայությամբ, տնտեսական և սոցիալական անգործությամբ, անապահով և անորոշ վիճակով, ինչպես նաև պահվող և շարունակաբար խոշտանգվող 35 գերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց միջոցով ադրբեջանական զինուժի կողմից հայերի նկատմամբ գործադրվող ահաբեկչությամբ պայամանավորված։ Վերոնշյալները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կենցաղը խաթարելուն, կյանքի անտանելի պայմաններից դրդված հայրենիքը լքելուն հակող Ադրբեջանի ռազմավարության մասն են կազմում, որն ի վերջո էթնիկ զտումների վարվող քաղաքականություն է։   Նկատի ունենալով նման աղետները կանխելու ՄԱԿ-ի ավելի համընդգրկուն մանդատն ու պատասխանատվությունը՝ կազմակերպությունները շտապ քայլեր ձեռնարկելու կոչ են անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։  Կազմակերպությունները հորդորում են՝ Կոչով դիմել Ադրբեջանին արդյունավետ և տեսանելի քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2022 թվականի դեմտեբերի և 2023 թվականի փետրվարի որոշումների անհապաղ կատարումը; Դիտարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի նշանակման հարցը՝ հաշվի առնելով հումանիտար աղետը։ Հարկավորել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների համապատասխան մեխանիզմներին, առանց հապաղման զեկուցել Լեռնային Ղարաբաղի շուրջ մարդու իրավունքների, մարդասիրական և մարդու անվտանգության իրավիճակի վերաբերյալ՝ զեկուցման համար ներառելով ստորև նշված հատուկ խորհրդականներին և հատուկ զեկուցողներին՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական, Ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և հարակից անհանդուրժողականության ժամանակակից ձևերի հատուկ զեկուցող, Անվտանգ խմելու ջրի և սանիտարական մաքրման մարդու իրավունքի հատուկ զեկուցող, Զարգացման իրավունքի հարցերով հատուկ զեկուցող, Սննդի իրավունքի հարցով հատուկ զեկուցող, Կրթության իրավունքի հատուկ զեկուցող, Մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցող, Փոքրամասնությունների հարցերով հատուկ զեկուցող, Բնիկ ժողովուրդների իրավունքների հարցերով հատուկ զեկուցող, ֆիզիկական և հոգեկան առողջության ամենաբարձր հասանելի չափանիշներից օգտելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով հատուկ զեկուցող, Մարդու իրավունքների իրացման վրա միակողմանի հարկադրանքի միջոցների բացասական ազդեցության վերաբերյալ հատուկ զեկուցող, Անվտանգ, մաքուր, առողջ և կայուն միջավայրից օգտվելու հետ կապված մարդու իրավունքների պարտավորությունների հարցով հատուկ զեկուցող։   Ամբողջական նամակը հասանելի է հետևյալ հղմամբ  Ստորագրյալ կազմակերպություններ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Օրենքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Հանուն հավասար իրավունքների ՀԿ Հանրային լրագրության ակումբ ՀԿ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
15:53 - 25 հուլիսի, 2023
Աղդամի միջոցով սննդամթերք և ապրանքներ առաջարկելը նման է պատանդ վերցնելուն. քաղհասարակության կազմակերպությունները՝ Շառլ Միշելի հայտարարության մասին

Աղդամի միջոցով սննդամթերք և ապրանքներ առաջարկելը նման է պատանդ վերցնելուն. քաղհասարակության կազմակերպությունները՝ Շառլ Միշելի հայտարարության մասին

Սովահարությունը որպես բանակցային մարտավարություն օգտագործելը չպետք է նորմալացվի։ Եթե ամբողջական շրջափակման ներկայիս իրավիճակը պահպանվի, Աղդամի միջոցով սննդամթերք և ապրանքներ առաջարկելը նման է պատանդ վերցնելուն և խաթարում է ԼՂ-ի և Ադրբեջանի միջև վստահություն ստեղծելու ցանկացած ջանք Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսության համատեքստում։ Այս մասին ասվում է Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի համար հայտարարության մասին Հայաստանի քաղհասարակության մի խումբ կազմակերպությունների տարածած հայտարարությունում։ Դրանում, մասնավորապես, ասվում է․ «Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններն անհանգստություն են հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ հուլիսի 15-ին վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ վերջին եռակողմ հանդիպումից հետո արված մամուլի հայտարարության վերաբերյալ։ Մասնավորապես, մենք մտահոգված ենք, որ հայտարարությունը նույնացնում է Լաչինի միջանցքը և Աղդամը՝ որպես ներկայիս հումանիտար ճգնաժամի լուծման տարբերակներ: Այս առաջարկն անտեսում է այն փաստը, որ հումանիտար ճգնաժամի սկզբնաղբյուրն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) շարունակական շրջափակումն է, ԼՂ բնակչությանը սովի և թերսնման ենթարկելը՝ նրանց հարկադրաբար ենթարկեցնելու Բաքվի պահանջներին, կամ ավելի վատ՝ ֆիզիկապես դուրս մղելու տարածքից։ Ավելին, այն չի լուծում մարդու իրավունքների մյուս շարունակական խախտումները՝ ներառյալ ազատ տեղաշարժը, առողջապահական ծառայություններից օգտվելը, կրթության հասանելիությունը և այլն: Մենք մտավախություն ունենք, որ եթե այս առաջարկն առաջ մղվի, այն կվատթարացնի ներկայիս ծանր իրավիճակը՝ վտանգի ենթարկելով Լեռնային Ղարաբաղում մարդկանց կյանքը: Լաչինի միջանցքն այլընտրանք չունի։ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի  փետրվարի որոշումը (վերահաստատված 2023թ․ հուլիսին) հաստատում է միջանցքը մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների ազատ անցման համար բաց պահելու կարևորությունը։ Սակայն ադրբեջանական կողմը ոչ միայն անտեսել է այս որոշումը, այլ էլ ավելի է խստացրել ամիսներ տևող շրջափակումը։ «Այլընտրանքային» ուղիների շուրջ քննարկումը, ինչպիսին է Աղդամը, հումանիտար ճգնաժամի բուն պատճառին անդրադառնալու փոխարեն, միջազգային հանրության ուշադրությունը շեղում է խնդրի սկզբնաղբյուրից՝ Ադրբեջանի կառավարության կողմից մարդասիրական միջանցքի անօրինական շրջափակումից և էթնիկ զտումների քաղաքականությունից: Աղդամի ճանապարհի շահագործումն ակամա կաջակցի այս քաղաքականությանը՝ Ադրբեջանին լրացուցիչ քաղաքական և տնտեսական ճնշման լծակներ տալով ԼՂ հայ բնակչության դեմ և էլ ավելի խարխլելով նրանց իրավունքները: Սովահարությունը, որպես բանակցային մարտավարություն օգտագործելը, չպետք է նորմալացվի։ Եթե ամբողջական շրջափակման ներկայիս իրավիճակը պահպանվի, Աղդամի միջոցով սննդամթերք և ապրանքներ առաջարկելը նման է պատանդ վերցնելուն և խաթարում է ԼՂ-ի և Ադրբեջանի միջև վստահություն ստեղծելու ցանկացած ջանք Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսության համատեքստում: Եթե միջազգային հանրությունը ենթարկվի Ադրբեջանի ապօրինի գործողություններին և էթնիկ զտումների հստակ մտադրություններին, ապա այն փաստացի կվավերացնի Լաչինի միջանցքի անօրինական փակումը և 2022 թվականի դեկտեմբերից ի վեր 120 հազար մարդկանց շրջափակումը: Ավելին, այն կլեգիտիմացնի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների չկատարումը և կվարկաբեկի բոլոր գործող և ապագա համաձայնագրերը կամ միջազգային իրավական որոշումները: Շառլ Միշելի հայտարարությունը վերաբերում է նաևանզգուշությամբ սահմանի հակառակ կողմն անցած զինծառայողների ազատ արձակման դյուրացմանը։ Թեև սա կարևոր է, սակայն առանցքային է, որ մոռացության չտրվի բոլոր կալանավորված անձանց և ռազմագերիների ճակատագիրը: Ադրբեջանում կա առնվազն 35 հաստատված ռազմագերի և կալանավորված քաղաքացիական անձ։ Եղել են հավաստի տեղեկություններ, որ նրանք ենթարկվել են խոշտանգումների և անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքի: Նրանցից երկուսն առևանգվել են այս տարվա սկզբին Հայաստանի տարածքից, և Ադրբեջանի դատարանը նրանց դատապարտել է երկարաժամկետ ազատազրկման՝ «դիվերսանտների» խմբին մատակարարման փորձի և «զինված ահաբեկչության դավադրության» համար «սահմանազանցության» համար: Նման կեղծ դատավարություններ տեղի են ունեցել նաև 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերի ընկած այլ կալանավորների մասով։ Ակնհայտ է, որ ներկա պայմաններում արդարադատության հասանելիությունն անհնար է։ Ավելին, Ադրբեջանը, կարծես թե, այս ձերբակալվածներին պահում է որպես սակարկության առարկա բանակցությունների ընթացքում։ Այսպիսով, մենք հորդորում ենք միջազգային հանրությանը. առաջնահերթություն տալ Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանն ուղղված ջանքերին` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի վճռին, միավորել ջանքերը՝ նպաստելու բոլոր ռազմագերիների և այլ կալանավորված անձանց անհապաղ և անվերապահ ազատմանը»: Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Իրազեկ քաղաքացիների միավորում Իրական Աշխարհ, Իրական ՀԿ «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա Կանանց աջակցման կենտրոն ՀԿ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ Հանրային լրագրության ակումբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն   Հիշեցնենք, որ Ակնայով (Աղդամ) Արցախին օգնություն ցուցաբերելու մասին առաջին անգամ հուլիսի 14-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, թե «Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար»: Ավելի ուշ՝ Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը նույնպես խոսեց «Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղղությամբ»։ Այսօր արդեն ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, իսկ Աղդամով (Ակնա) անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի։ Հայկական կողմից այս հայտարարությանը արձագանքել է Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ խոշոր հաշվով սա մեծագույն վտանգ է Արցախի համար, որը կլինի եւ հումանիտար, եւ քաղաքական, եւ անվտանգային առումներով։ Արցախցիները հուլիսի 18-ին բետոնե արգելապատնեշներով փակեցին Ասկերան-Ակնա (Աղդամ) ճանապարհը՝ ցույց տալու, որ Արցախում կտրականապես դեմ են ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի դա «հումանիտար օգնություն, թե շատ էժան գնով ապրանք։
16:41 - 19 հուլիսի, 2023
Քաղաքացու դեմքին ենթադրաբար թքելու մասով խնդրել ենք քրեական վարույթ նախաձեռնել. Դանիել Իոաննիսյան

Քաղաքացու դեմքին ենթադրաբար թքելու մասով խնդրել ենք քրեական վարույթ նախաձեռնել. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» գլխավոր դատախազին հանցագործության հաղորդում է ներկայացրել՝ կապված Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու մասին չհերքված լուրի և ոստիկանության կողմից այդ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու դեպքի մասով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նա նաեւ նշել է. «Մասնավորապես, քաղաքացու դեմքին ենթադրաբար (չհերքված) թքելու մասով խնդրել ենք քրեական վարույթ նախաձեռնել խուլիգանության (2021 թ. Քրեական օրենսգրքի 297-րդ) հոդվածով: Իսկ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու մասով) ակնկալում ենք քրեական վարույթի նախաձեռնում պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահման (ՔՕ հոդված 441) կամ ազատությունից ապօրինի զրկելու (ՔՕ հոդված 192) փաստի առթիվ: Նշեմ, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքով փոփոխվել է խուլիգանության դիսպոզիցիան և այժմ դրա մաս է կազմում անձին ստորացնելու միջոցով բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերումունք ցուցաբերելը: Մեր գնահատմամբ, անվտանգության աշխատակիցների միջոցով անձին անշարժացնելն ու, ապա, նրա դեմքին թքելը, ոչ այլ ինչ է, քան բարոյական նորմերի բացահայտ արհամարհական վերաբերմունքի ցուցաբերում, որն արտահայտվել է անձին ստորացնելու միջոցով»: Հիշեցնենք, որ մարտի 3-ին, քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնազորի աշխատակիցներին բռնել իրեն եւ թքել է իր այն բանից հետո, երբ ինքն Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել։ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր միջադեպին․ «Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը:
17:56 - 05 ապրիլի, 2023
Վահե Ղազարյանի՝ ՆԳ նախարար լինելու պարագայում հնարավոր չէ խորքային, ինստիտուցիոնալ և իրական բարեփոխում իրականացնելը․ ՀԿ-ների հայտարարությունը

Վահե Ղազարյանի՝ ՆԳ նախարար լինելու պարագայում հնարավոր չէ խորքային, ինստիտուցիոնալ և իրական բարեփոխում իրականացնելը․ ՀԿ-ների հայտարարությունը

Երեք հասարակական կազմակերպություններ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպությունը տարածել են հայտարարություն, որտեղ ասված է. «2018 թվականի հեղափոխությունից հետո ակնկալվում էր ՀՀ ոստիկանության արմատական և բովանդակային բարեփոխումների գործընթաց: 2020 թվականին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ արդարադատության նախարարության մշակած բարեփոխումների ռազմավարությունը, որը արտացոլում էր համակարգի հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ողջամիտ, իրագործելի ու արժեքահենք լուծումները, նաև ստեղծվեց վարչապետի գլխավորությամբ գործող Ոստիկանական բարեփոխումների համակարգող խորհուրդը, որում ուժային գերատեսչությունների հետ միասին ներգրավված էին քաղաքացիական հասարակության կազմակերպությունները՝ ի դեմս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպության: Ի սկզբանե հասարակական կազմակերպությունների կողմից մտահոգություններ ներկայացվեցին ոստիկանության համակարգային փոփոխությունների փոխարեն դրա հատվածային բարեփոխման մոտեցման կապակցությամբ՝ մասնավորապես, Պարեկային ծառայության ներդրման։ Այնուամենայնիվ, նոր ծառայության ստեղծման համար հասարակական կազմակերպությունները մեծ մասնակցություն և ներդրում ունեցան։ Հիմնական նպատակն էր աջակցել իրավապահ համակարգի խորքային, իրական, ինստիտուցիոնալ ու արժեքային բարեփոխումներին՝ տեսնելով իշխանության կողմից որոշակի քաղաքական կամք։ Վերջին երկու տարում ակնհայտ դարձավ, որ անգամ հատվածային բարեփոխումների գործընթացը ակտիվորեն դիմադրություն է ստանում համակարգային բարեփոխման չենթարկված ոստիկանության ղեկավարության կողմից (այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանի), որը դրսևորվում էր բարեփոխումների գործընթացը արժեզրկելու, դրա ընթացքը տապալելու, բարեփոխված ստորաբաժանումների բնականոն աշխատանքը խափանելու, օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության անչափ կարևոր սկզբունքի ներդրման աղավաղման, հովանավորությամբ կադրային նշանակումների և կոռուպցիոն շահերի պահպանման միջոցով։ ՀԿ-ների կողմից արձանագրված օրինակները շատ են՝ բարձրաստիճան պաշտոնյաների մեքենաները կանգնեցրած պարեկներին աշխատանքից հեռացնելու փորձեր, ծանոթներին ու բարեկամներին սպայական կոչում շնորհելու դեպքեր, Պարեկների ծառայության գրաֆիկը առավելագույնս անհարմար դարձնելու փորձեր, 20 ճանապարհային ոստիկանների՝ առանց բարեվարքության ստուգման ու այլ քննությունների Պարեկային ծառայություն գործուղելու փորձեր, միջազգային դոնորի կողմից նվեր ստացած ծրագրային ապահովումը պետական բյուջեի հաշվին նորից «գնելու» դեպքեր և անգամ վթարված պարեկային ավտոմոբիլների վերանորոգումները ամիսներով դիտավորյալ ձգձգելու դեպքեր: Այնուամենայնիվ, քաղաքացիական հասարակության ներքոհիշյալ կազմակերպությունները որոշեցին շարունակել աջակցել Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացին և ակնկալում էին, որ կնշանակվի քաղաքացիական նախարար, որը սահմանափակված չի լինի համակարգի ներսում ունեցած կապերով ու կասկածելի ավանդույթներով, այլ կունենա հանրային վստահության նախադրյալներ՝ իր բարեվարքությամբ ու օրինապահությամբ, և կկրի մարդու իրավունքների ու ժողովրդավարության արժեքները։ 2023 թ․ հունվարի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրմամբ ՀՀ ներքին գործերի նախարար նշանակվեց ոստիկանապետ Վահե Ղազարյանը: Փոխանակ կանխելու բարեփոխումների գործընթացը ձախողող վերոնշյալ մարտահրավերները, նման նշանակումներով քաղաքական իշխանությունը, ըստ էության, ոչ միայն խրախուսում է բարեփոխումների գործընթացին դիմադրողներին, այլև վերացնում է  Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացի նկատմամբ վստահությունը։ Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդի անդամ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս համարում ենք, որ ոստիկանության բարեփոխումները ձախողողներին ու բարեվարքության, պատասխանատվության, օրինապահության, մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքները ոտնահարողներին նման հանգուցային պաշտոններին նշանակելով՝ ոստիկանության իրական, խորքային ու արժեքային բարեփոխում իրականացնելու ճանապարհը ամբողջությամբ փակվում է: Ավելին, մենք համարում ենք, որ այս նշանակումներն անխուսափելիորեն կհանգեցնեն համակարգում հովանավորչության ու կոռուպցիայի այլ դրսևորումների նորանոր ծաղկմանը և բարեփոխման արժեքներին տրամագծորեն հակասող այլ ավանդույթների վերահաստատմանը: Հետևապես, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպությունը դադարեցում են իրենց գործունեությունը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում ու աշխատանքային խմբերում` ստեղծված իրավիճակում այն համարելով անիմաստ: Ու թեև Հայաստանում ոստիկանության խորքային, ինստիտուցիոնալ ու իրական բարեփոխումների կարիքը խիստ մեծ է, սակայն մենք համարում ենք, որ գեներալ Վահե Ղազարյանի՝ ՆԳ նախարար լինելու պարագայում հնարավոր չէ ո՛չ խորքային, ո՛չ ինստիտուցիոնալ և ո՛չ էլ իրական բարեփոխում իրականացնելը: Միաժամանակ, հասարակական կազմակերպությունները շարունակելու են հետևել Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացին»։
11:10 - 10 հունվարի, 2023
Արդարադատության նախարարությունը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ու Ազգային գվարդիայի ստեղծման մանրամասները

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ու Ազգային գվարդիայի ստեղծման մանրամասները

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկա է գտնվել «Ոստիկանության բարեփոխումներ. Ներքին գործերի նախարարության և Ոստիկանական գվարդիայի ստեղծում» խորագրով քննարկմանը, որին մասնակցել են մի շարք լրագրողներ և հանրային կարծիք ձևավորողներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:Փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության ոլորտը բարեփոխելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Հանդիպման ընթացքում Սարգսյանն անդրադարձել է Ներքին գործերի նախարարության և Ազգային գվարդիայի ձևավորման աշխատանքներին: Այնուհետ, Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Միջոցառումը կազմակերպել է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ «Freedom House» կազմակերպության աջակցությամբ:
11:16 - 14 նոյեմբերի, 2022