«Սանիթեք»-ի գործով կասկածյալ չկա, հայտնի է վնասի չափը, բայց այն վերականգնող չկա |hetq.am|
hetq.am: 11 ամիս է՝ իրավապահ մարմինները քննում են «Սանիթեք Ինթերնեյշնլ» և «Սանիթեք SARL» ընկերությունների և Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու փաստերի կապակցությամբ հարուցված քրեական գործը: Սակայն, մինչ օրս կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա: Փոխարենը «Սանիթեք»-ն ակտիվ դատական գործընթացների մեջ է Երևանի քաղաքապետարանի հետ:
Քրեական գործը հարուցվել է 2019թ. սեպտեմբերի 26-ին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի, խարդախության, հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու հատկանիշներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հետք»-ին տեղեկացրին, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը մասնակցություն չունի, այլ կերպ ասած՝ չունի տուժողի կարգավիճակ:
Գլխավոր դատախազությունից էլ մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Երևան համայնքին պատճառվել է շուրջ 5 մլրդ 314 մլն դրամի նյութական վնաս: Իսկ 580 մլն 347 հազար դրամի վնաս էլ պատճառվել է պետությանը՝ հարկերը վճարելուց խուսափելու հետևանքով: Պատճառված վնասները վերականգնված չեն:
Նշենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Երևանի քաղաքապետարանից ստացած տեղեկատվության հիման վրա իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել էր, որ քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2013թ. և 2015թ. պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել հօգուտ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի և «Սանիթեք SARL» ընկերությունների: Մասնավերապես՝ կեղծ տեղեկությունները վերաբերել են նշված ընկերությունների՝ մասնագիտական փորձառություն, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ ունենալը հավաստող ապացույցների առկայությանը՝ ընկերությունների հայտի համապատասխանությունը գնահատելով բավարար: Դա էլ հիմք է հանդիսացել, որպեսզի վերջիններիս հետ կնքվեն Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագրեր (ներառյալ ձմռան ամիսները):
Քննությամբ պարզվել է, որ անտեսվել է նաև հիմնական պայմանագրերով նախատեսված՝ ծառայությունների մատուցման նպատակով տարեկան համաձայնագրերի կնքման ֆինանսական կազմակերպության՝ երաշխիքի ներկայացման հանգամանքը: Լիբանանյան «Սանիթեք SARL» ընկերության հետ 2013թ.-ին՝ 10 տարի, իսկ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ու «Սանիթեք SARL» ընկերության (կոնսորցիում) հետ 2015թ.-ին 12 տարի ժամկետներով կնքվել են ծառայությունների մատուցման պայմանագրեր: 2014թ.-ից սկսած նշված ընկերությունների հետ պայմանագրի գինը սահմանող համաձայնագրեր են կնքվել նման երաշխիքի բացակայության պայմաններում:
Դրանով համայնքը զրկվել է բանկային երաշխիքի չափով գումար ստանալու հնարավորությունից, իսկ ընթացքում ոչ պատշաճ կատարված կամ ընդհանրապես չկատարված աշխատանքները և ծառայությունները ապահովել է իր միջոցներով: Դրա հետևանքով Երևանի համայնքը կրել է 1 մլրդ 607 մլն 722 հազար դրամի չափով նյութական վնաս:
Բացի այդ, կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2013 և 2015թթ. կնքված 2 պայմանագրով նախատեսված է եղել ընդհանուր 16.000 հատ 1100 լիտրանոց մետաղական, անվավոր կոնտեյներների (աղբարկղների) մատակարարման և տեղադրման, աղբի հավաքման և հեռացման, ինչպես նաև դրանց լվացման, վնասված մասերի վերանորոգման և փոխարինման աշխատանքներ: Յուրաքանչյուր տարի այդ աշխատանքների համար վճարվել է շուրջ 1 մլրդ 805 մլն դրամ: Սակայն, Երևանի քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ գույքագրվել է ընդամենը 5170 հատ կոնտեյներ, որոնցից միայն 99-ն են եղել մետաղական: Բարվոք վիճակում է եղել միայն 2553 հատը, թեև «Սանիթեքը» պարտավորված է եղել յուրաքանչյուր կոնտեյներ, որը մաքրում, պահպանմանն ուղղված գործողություններ կամ վերանորոգում կպահանջի, միանգամից փոխարինել նույն կամ նմանատիպ մաքուր ու սպասարկման ենթակա կոնտեյներով:
Ծառայություններ մատուցող երկու ընկերությունների ներկայացրած տվյալներով՝ 2014թ. սկսած Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերով ձեռք են բերել և տեղադրել ընդամենը 9907 հատ 1100 լիտրանոց կոնտեյներ:
Պայմանագրերով նախատեսված են եղել կոնտեյներների 4000 հարթակների մաքրման աշխատանքներ, մինչդեռ դրանցից կառուցվել է ընդամենը 459-ը: Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք հարթակների մաքրման համար գումարները վճարել են 100 %-ով այն դեպքում, երբ կառուցված է եղել միայն դրանց շուրջ 20 %-ը: Արդյունքում 2014թ. սկսած գոյություն չունեցող հարթակների մաքրման համար ավել է վճարվել շուրջ 354 մլն դրամ և Երևանի քաղաքապետարանին պատճառվել է նույնքան նյութական վնաս:
Իրավապահ մարմինները եզրակացրել են, որ ընկերության իրավասու անձինք, իմանալով, որ նախատեսված թվով կոնտեյներների փոխարեն տեղադրվել է ավելի քիչ, իսկ աղբի կոնտեյներների հարթակների մաքրման ծառայությունները մատուցել են 20 %-ի չափով՝ առերևույթ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով 3 մլրդ 706 մլն դրամի չափով ավել գումար են ստացել փաստացի ձեռք չբերված աղբի կոնտեյներների տեղադրման և այլ ծառայությունների դիմաց: Իսկ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, սկսած 2014թ., չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, հսկողություն և վերահսկողություն չեն իրականացրել կատարված աշխատանքների և Երևան քաղաքի բյուջեով հատկացված միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման նկատմամբ: Դրա արդյունքում տարիներ շարունակ համայնքային բյուջեից վճարել են փաստացի չկատարված աշխատանքների և չմատուցված ծառայությունների դիմաց: Արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ 5 մրդ 314 մլն դրամի նյութական վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
Գումարի բռնագանձման հայցադիմումներ՝ «Սանիթեքի» և Երևանի քաղաքապետարանի կողմից
«Սանիթեք» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման ներկայացուցիչ Վ. Մարգարյանը 21.06.2019թ. հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ 40 մլն 100 հազար դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին: Նույն գործի շրջանակներում, գումարի բռնագանձման պահանջով, «Սանիթեք»-ի դեմ հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը՝ պահանջելով 2 մլրդ 589 մլն 138 հազար դրամ:
Միայն քաղաքապետարանի կողմից վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմել է 51 մլն 783 հազար դրամ: Քաղաքապետարանը նշել է, որ «Սանիթեքի» կողմից ծառայություններ չմատուցելու արդյունքում ստիպված է եղել կատարել ահռելի ֆինանսական ծախսեր և կապիտալ ներդրումներ՝ սեփական միջոցներով աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ իրականացնելու համար: Նշված ծախսերի ծավալը 2019թ. սեպտեմբեր ամսվա դրությամբ կազմել է ավելի քան 1.6 մլրդ դրամ: Երևան համայնքը ձեռք է բերել մեքենաներ և սարքավորումներ, ինչպես նաև այլ անհրաժեշտ ներդրումներ նշված ծառայությունների իրականացման համար:
Չնախատեսված ծախսերի և կապիտալ ներդրումների հետ մեկտեղ պետական տուրքի գումարի ամբողջ չափով վճարման պարտավորությունը ֆինանսական մեծ բեռ է Երևան համայնքի համար: Քաղաքապետարանը վճարել է 500 հազար դրամ, իսկ մնացածի մասով ներկայացրել է միջնորդություն՝ խնդրելով պետական տուրքի մնացորդի վճարումը տարաժամկետել և այդ հարցին անդրադառնալ կայացվելիք դատական ակտով: Առաջին ատյանի դատարանը մերժել էր քաղաքապետարանի միջնորդությունը և հակընդդեմ հայցադիմումը վերադարձրել: Սակայն, քաղաքապետարանի վերաքննիչ բողոքի հիման վրա, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերաքննիչ բողոքը բավարարել է և վերացրել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Այս գործով դատական նիստ է նշանակվել սեպտեմբերի 24-ին, և այս պահին հայտնի չէ, թե կողմերն ինչ գումար են պահանջում միմյանցից:
Սնանկ «Սանիթեքը» դեռ դատական գործընթացների մեջ է
Մեկ այլ գործով, «Մոսէսքո» ՍՊԸ-ի դիմումով, Սնանկության դատարանը «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ին 2019թ. նոյեմբերի 13-ի վճռով ճանաչել է սնանկ, որի վարույթը դեռևս շարունակվում է: Ուշագրավն այն է, որ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն գրավոր չի վիճարկել իր սնանկությունը:
Գործով պարտատերեր են հանդես եկել՝ «Մոսէսքո» ՍՊԸ-ն, «Միկմետալ» ՍՊԸ-ն, Երևան համայնքը, ՊԵԿ-ը, «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ն, «Ավտոստոպ» ՍՊԸ-ն, «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն, «Նախշին» ՍՊԸ-ն, «Նոր Աստղ» ՍՊԸ-ն, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ն, «Եռյակ» ՍՊԸ-ն, «Ավտոֆան Էյ Սի» ՍՊԸ-ն, «Նյու Թրաք» ՍՊԸ-ն, «Էվէ կոմ» ՍՊԸ-ն, «Քկոավտո» ՍՊԸ-ն, «Գոարշո» ՍՊԸ-ն, «Արպանիվ» ՍՊԸ-ն, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն, Ա/Ձ Լարիսա Թևոսյանը, Ա/Ձ Արթին Զաբոյանը, Ա/Ձ Վարդան Սէրսէրյանը, Ա/Ձ Անահիտ Բադայանը, Ա/Ձ Հակոբ Ճենանյանը:
Դատարանի 11.03.2020թ. որոշմամբ Երևան համայնքը գրանցվել է որպես 2 մլրդ 940 մլն դրամ գումարի չափով պարտատեր:
«Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն իր հերթին 24 մլն 702 հազար դրամ բռնագանձելու մասին Երևանի քաղաքապետարանի դեմ հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որը փոխանցվել է Սնանկության դատարանին, և կատարվում է քննություն:
«Սանիթեքի» ոդիսականը
Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով դեռևս 2012թ.-ին հայտարարված միջազգային մրցույթին աշխարհի 8 երկրից հայտ ներկայացրած մասնագիտացած ընկերություններից 2013-ին ընտրվեց երկուսը: Մեկը՝ լիբանանյան «Սանիթեք SARL» ընկերությունն էր, որը պատասխանատու էր Երևանի արևմտյան հատվածի մաքրության համար, երկրորդը՝ հայ-շվեդական «Էկոգրուպ» և «ԼԼ Միլյոքոնսուլտ» ընկերությունների կոնսորցիումը։ Վերջինս էլ պետք է իրականացներ արևելյան հատվածի աղբահանությունը, սանիտարական մաքրումը:
«Սանիթեք Ինթերնեյշնլ Գրուպ»-ը հիմնադրվել է 2010թ. սեպտեմբերին, Բեյրութում, իսկ 2014թ. դեկտեմբերից իր հայաստանյան մասնաճյուղով գործում է նաև Երևան քաղաքում:
«Սանիթեք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղ»-ը գրանցվել է 2014թ. հուլիսի 14-ին: Ընկերության տնօրենը «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի համասեփականատեր և տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլն է:
Իսկ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն Հայաստանում գրանցվել է 2015թ. մարտի 17-ին: Ընկերության բաժնետերերի 55 %-ը պատկանում է բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Միքսդ ինդասթրիս կորպ.» ՍՊԸ-ին: Օֆշորային այս ընկերության հետ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում բաժնեմասեր ունեն նաև լիբանանցիներ Սարի Հադդադը՝ 5 %, և Նիքոլա Էլ Թաուիլը՝ 40 %: Վերջինս նաև «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի տնօրենն է:
Շարունակությունը՝ hetq.am-ում
14:36 - 27 օգոստոսի, 2020