«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպություն

Չնայած Հայաստանում բազմակարծության միջավայրին, լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ․ «Լրագրողներ առանց սահմանների» |tert.am|

Չնայած Հայաստանում բազմակարծության միջավայրին, լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ․ «Լրագրողներ առանց սահմանների» |tert.am|

tert.am: Միջազգային իրավապաշտպան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ, հրապարակել է մամուլի ազատության ամենամյա համաշխարհային վարկանիշային աղյուսակը։ Ընդհանուր առմամբ վարկանիշում ներառված է 180 երկիր, որոնց շարքում Հայաստանը  71.6 միավորով 43-րդն է: Հայաստանը նախորդ տարվա համեմատ, գրանցել է դիրքի բարելավում՝ 49-րդ հորիզոնականից բարձրանալով 43-րդը: Վարկանիշի հեղինակները նշում են, որ «չնայած բազմակարծության միջավայրին, լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքային վեճի և Ադրբեջանի հետ պատերազմի շարունակվող սպառնալիքի հետ կապված»։ Հեղինակաները նշում են, որ «Հայաստանում լրատվամիջոցների բևեռացումը արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը. շատ լրատվամիջոցներ կապված են 2018 թվականից հետո ի հայտ եկած քաղաքական առաջնորդներին, իսկ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին, բացի այդ, միայն մի քանի լրատվամիջոց է անկախություն ցուցաբերում»: «Հայկական մեդիա դաշտում հատկապես զգայուն է երկու քաղաքական թեմա՝ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները և Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների լարվածությունը։ Լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած մարդկանց կողմից կամ աջակցում է ազդեցիկ հասարակական գործիչների: Մինչդեռ պետական լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության հասցեին որևէ քննադատությունից։ Լրագրությունը, որպես մասնագիտություն, անարգված է և ենթակա է հատկապես անհանգստացնող ատելության խոսքի: Քաղաքական էլիտաների հակալրատվական հռետորաբանությունը, որը լրագրողներին մեղադրում է «կոռուպցիայի» և հակառակորդների ծառայության համար, ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը։ Նրանք մշտապես ենթարկվում են վիրավորանքի, հարձակման, ինչպես նաև զրպարտության վերաբերյալ վարույթների, ինչը ամրապնդում է ինքնագրաքննությունը: Ադրբեջանի հետ սահմանին բախումները բարդացնում են լրագրողների աշխատանքը. ավելին, լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշումների, վիրավորանքների և բռնությունների ինչպես իշխող կուսակցության պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների, ինչպես նաև նրանց կողմնակիցների կողմից՝ լինի դա խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում: Ընդհանուր առմամբ լրագրողների նկատմամբ բռնությունն անպատիժ է մնում», - նշված է զեկույցում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:35 - 03 մայիսի, 2024
ՀՀ-ն «Մամուլի ազատության ինդեքս 2024»-ում բարելավել է իր դիրքերը

ՀՀ-ն «Մամուլի ազատության ինդեքս 2024»-ում բարելավել է իր դիրքերը

 «Մամուլի ազատության ինդեքս 2024»-ում ՀՀ-ն բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը` նշելով, որ նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 49-րդ հորիզոնականը։ «Մամուլի եւ լրագրողական գործունեության ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից է, եւ կառավարության որդեգրած քաղաքականությունն է՝ անել առավելագույնը ոլորտի զարգացման եւ ամրապնդման համար։ Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում։ Նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 49-րդ հորիզոնականը։ Ինդեքսը, որը գնահատում է լրագրողների աշխատանքային պայմանները աշխարհի շուրջ 180 երկրներում։ «Մամուլի ազատության ինդեքսում» հարևան Վրաստանը՝ 103-րդ, Ադրբեջանը՝ 164-րդ, Թուրքիան՝ 158–րդ, իսկ Իրանը՝ 176-րդ հորիզոնականում են»,- գրել է նա:
12:52 - 03 մայիսի, 2024
«Մամուլի ազատության ինդեքս 2023» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը |factor.am|

«Մամուլի ազատության ինդեքս 2023» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը |factor.am|

factor.am: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2023»-ը: Ինդեքսը, որը գնահատում է լրագրողների աշխատանքային պայմանները աշխարհի 180 երկրներում և տարածքներում, հրապարակվել է մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը։ Դրա համաձայն իրավիճակը «չափազանց վատ է» 31 երկրում, «բարդ»՝ 42-ում ու «խնդրհարույց»՝ 55-ում, մինչ այդ «լավ» կամ «բավականին լավ» իրավիճակը մնում է 52 երկրում։ Այլ կերպ ասած՝ լրագրողների համար իրավիճակը վատ է 10 երկրից 7-ում, իսկ բավարար միայն՝ 10-ից 3-ում։ ՀՀ-ն ինդեքսում բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 49-րդ հորիզոնականում։  Նախորդ տարի  մեր երկիրը զբաղեցնում էր 51-րդ հորիզոնականը։ ՀՀ-ն դասվել է «բավականին լավ» իրավիճակ ունեցող երկրների շարքում։ Խոսքի ազատության մակարդակով Հարավային Կովկասում ՀՀ-ն, ինչպես և նախորդ տարի, առաջատարն է: «Մամուլի ազատության ինդեքսում» հարևան Վրաստանը 77-րդ, Թուրքիան՝ 165-րդ, Ադրբեջանը 151-րդ, իսկ Իրանը 177-րդ հորիզոնականում է: Հայաստանի մասին զեկույցի հատվածում նշված է, որ չնայած բազմակարծությանը, լրատվամիջոցները մնում են բևեռացված։ Նշվում է, որ հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում՝ Factor.am-ը կատարում են ժողովրդավարական էական հակակշռի դեր։ «Հայաստանի հիմնական լրատվական աղբյուրները սոցիալական ցանցերն են, ուր ամեն օր մուտք է գործում բնակչության երկու երրորդը։ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո մեդիա դաշտն աճում է։ Անկախ առցանց լրատվական կայքերը զարգանում են, այդ թվում՝ Civilnet.am-ը, Hetq.am-ը, Factor.am-ը և Azatutyun.am-ը՝ կատարելով ժողովրդավարական էական հակակշռի իրենց դերը»,- ասվում է հրապարակման մեջ։ Զեկույցում նշվում է, որ «լրատվամիջոցների բևեռացումը արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը. շատ լրատվամիջոցներ մոտ են 2018 թվականից հետո իշխանության եկած քաղաքական առաջնորդներին, իսկ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին: Միայն մի քանի լրատվամիջոցներ են անկախություն դրսևորում: Հատկապես զգայուն է երկու քաղաքական թեմա՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը։ Որոշ քաղաքական խմբեր ապատեղեկատվական գործողություններ են իրականացնում և հարձակվում լրագրողների վրա»։ Ըստ հրապարակման՝ չնայած զրպարտության ապաքրեականացմանը և լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունը երաշխավորող օրենսդրության կիրառմանը, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: Վերջին բարեփոխումները չեն լուծել ապատեղեկատվության հետ կապված խնդիրները: Պետական տեղեկատվության հասանելիությունը սահմանափակված է կառավարության կողմից (պատասխանելու մերժում, ուշացումներ և այլն): ԶԼՄ-ների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած կամ ազդեցիկ հասարակական գործիչների կողմից: Նշվում է, որ գովազդի շուկան շարունակում է մնալ թերզարգացած, ինչը սահմանափակում է մասնավոր լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը: Ըստ հրապարակման՝ պետական լրատվամիջոցները զերծ են մնում կառավարության հասցեին որևէ քննադատությունից։ Ըստ RSF-ի՝ որպես մասնագիտություն ՀՀ-ում լրագրությունը նսեմացված է և հատկապես անհանգստացնող է, որ ատելության խոսքի օբյեկտ է: Քաղաքական էլիտաների հակալրատվական հռետորաբանությունը, որոնք լրագրողներին մեղադրում են «կոռուպցիայի» և «հակառակորդներին ծառայելու» համար, ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը։ Լրագրողները մշտապես վիրավորանքների, հարձակման ու հետապնդման են ենթարկվում զրպարտության համար, ինչն ուժեղացնում է ինքնագրաքննությունը: «Ադրբեջանի հետ սահմանին բախումները, ԼՂ-ն ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքի արգելափակումը բարդացրել է լրագրողների աշխատանքը։ Ավելին, նրանք պարբերաբար ենթարկվում են ճնշումների, վիրավորանքների և բռնությունների ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ ընդդիմադիրների և նրանց համախոհների կողմից՝ լինի դա խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում: Ընդհանուր առմամբ, լրագրողների նկատմամբ բռնությունն անպատիժ է մնում»,-ասված է զեկույցում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:49 - 03 մայիսի, 2023
Լեռնային Ղարաբաղը վերածվում է լրատվական և տեղեկատվական սև խոռոչի. «Լրագրողներ առանց սահմանների»
 |1lurer.am|

Լեռնային Ղարաբաղը վերածվում է լրատվական և տեղեկատվական սև խոռոչի. «Լրագրողներ առանց սահմանների» |1lurer.am|

1lurer.am: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին կոչ է անում թույլ տալ լրագրողներին ազատ տեղաշարժվել Լաչինի միջանցքով, որպեսզի նրանք կարողանան լուսաբանել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և դրա լուրջ մարդասիրական ազդեցությունը: «Լեռնային Ղարաբաղը վերածվում է լրատվական և տեղեկատվական սև խոռոչի: Լաչինի միջանցքում ցույցերը կարող են լուսաբանել միայն պետական կամ իշխանամետ լրատվամիջոցների ադրբեջանցի լրագրողները։ Մի քանի անկախ տեղական լրատվամիջոցների թույլ չեն տվել անցնել անցակետերով»,- ասված է կազմակերպության հրապարակման մեջ: Նշվում է նաև, որ 2023 թ. փետրվարի վերջին իսպանական El Periódico de España թերթի թղթակից Դավիդ Լոպես Ֆրիասն այցելել է Ադրբեջան, այցելել նաև Լաչինի միջանցք: Ադրբեջանական պետական Azertac լրատվական գործակալությունը մի քանի լեզվով հարցազրույց է հրապարակել Լոպեսի հետ, որում միտումնավոր խեղաթյուրել է լրագրողի ասածը: Այն մեջբերել է նրա խոսքերը. «Այստեղ մեքենաներն առանց խնդիրների են անցնում։ Դուք պարզապես տեսնում եք, որ մարդիկ ցույց են անում՝ պաշտպանելու բնությունը»։ Լոպեսը «Լրագրողներ առանց սահմանների»-ի թղթակցի հետ զրույցում հերքել է. «Ես ասացի ճիշտ հակառակը: Ես հստակ տեսա փակված ճանապարհ»։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ղեկավար Ժաննա Քավելիերն այս առնչությամբ նշել է. «Կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցի բացահայտած այս սուտը հերթական վկայությունն է, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են  մանիպուլացնել ազգային և միջազգային հանրային կարծիքը: Նրանք ոչ միայն խախտում են 2020 թվականի հրադադարի համաձայնագիրը՝ աջակցելով այս «էկոակտիվիստներին», այլ նաև կանխում են Լաչինի միջանցքի շրջափակման և դրա սարսափելի մարդասիրական հետևանքների ցանկացած ճշգրիտ լուսաբանում: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հիշեցնում է Ադրբեջանի կառավարությանը և ռուս խաղաղապահներին իրենց միջազգային պարտավորությունների մասին և կոչ է անում վերականգնել լրագրողների ազատ մուտքը դեպի տարածաշրջան»: Կազմակերպության հրապարակման մեջ նշվում է, որ այսպես կոչված «էկոակտիվիստների» կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հայտարարված նպատակը ոսկու հանքի աշխատանքների դադարեցումն է, սակայն բազմաթիվ հետաքննություններ մատնանշում են Ադրբեջանի կառավարության լիակատար մասնակցությունը շրջափակմանը։
15:53 - 11 մարտի, 2023
Հայաստանում մամուլը բազմազան է, սակայն ոչ անկախ. Լրագրողներ առանց սահմանների |amerikayidzayn.com|

Հայաստանում մամուլը բազմազան է, սակայն ոչ անկախ. Լրագրողներ առանց սահմանների |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության մասին տարեկան իր զեկույցն ու երկրների դասակարգման աղյուսակը՝ անդրադառնալով նաև Հայաստանին։ Բազմազան, սակայն դեռևս` ոչ անկախ. այսպիսի բնութագրում է տալիս Հայաստանի մամուլին Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության 2021 թվականի աշխարհում մամուլի ազատության մասին զեկույցը: Ըստ հրապարակման՝ Հայաստանում լրատվամիջոցների բազմազանությունը հատկապես զարգացել է 2018 թ-ից հետո, սակայն նոր իշխանություններին այդպես էլ չհաջողվվեց նվազեցնել լրատվամիջոցների բևեռացումը: Հեռուստաընկերությունների խմբագրական քաղաքականությունը համընկնում է դրանց սեփականատերերի շահերի հետ, իսկ թափանցիկ լրատվամիջոցների սեփականության իրավունքը և լրագրողական անկախությունը դեռևս հեռու են կայացած լինելուց, նշում է զեկույցը: Հայաստանն, ըստ զեկույցի դասակարգային աղյուսակի, անցած տարվա հետ համեմատած, նահանջել է երկու միավորով՝ 180 երկրների շարքում այս տարի զբաղեցնելով 63-րդ տեղը: Բացառությամբ մերձբալթյան երկրների՝ հետխորհրդային հանրապետությունների շարքում Հայաստանը զիջում է միայն Վրաստանին, որն ըստ աղյուսակի, հանգրվանել է 60-րդ տեղում: Զեկույցում անդրադարձ կա պատերազմի և համավարակի օրերին հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում Հայաստանում մամուլի գործունեությանը: Կազմակերպությունը մտահոգություն է հայտնում, որ լրագրողները Հայաստանում շարունակում են թիրախ հանդիսանալ քաղաքական որոշակի շրջանակների համար, ինչպես դա տեղի ունեցավ «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի վրա հրադադարից անմիջապես հետո արձանագրված հարձակման ժամանակ: Առկա է մտահոգություն լրագրողների դեմ դատական գործընթացների ծավալի և կեղծ լուրերի դեմ պայքարում թույլ տրվող անօրինականությունների կապակցությամբ, նշված է զեկույցում: Կազմակերպությունը մտահոգություն է հայտնում նաև ապատեղեկատվության դեմ պայքարում անվտանգության ծառայությունների ներգրավվածության և, առանց քաղաքացիական հասարակության և լրագրողների հետ նախնական քննարկման, օրենսդրական նախաձություններ իրականացնելու առիթով: Դրա հետ մեկտեղ, սակայն, հետաքննող լրագրությունը զարգացում է ապրում Հայաստանում առցանց դաշտում՝ կարևոր տեղ զբաղեցնելով կոռուպցիայի դեմ պայքարում: Բացի տարածաշրջանում մամուլի ազատության առումով առաջատար Վրաստանի՝ տարածաշրջանային այլ երկրների մոտ իրավիճակն, ըստ զեկույցի, շարունակում է մնալ մտահոգիչ: Ռուսաստանը 180 երկրների աղյուսակում զբաղեցնում է 150, Թուրքիան՝ 153, Ադրբեջանը՝ 167-րդ տեղում: Զեկույցը նկատում է, որ Ադրբեջանում հետընտրական ճնշումները, կորոնավիրուսի ճգնաժամը և պատերազմը Լեռնային Ղարաբաղում նպաստել են գրաքննության աճին և լրագրողների աշխատանքի համար իրավիճակի վատթարացմանը: Ամենավատ ցուցանիշն արձանագրել է Իրանը՝ զբաղեցնելով 174-րդ տեղը: Դասակարգման աղյուսակում ամենաազատ մամուլ ունեցող երկրների հնգյակը ներկայացնում են Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Դանիան և Կոստա Ռիկան, իսկ մամուլի ազատության առումով ամենավատ ցուցանիշներն ունեն Էրիթրիան (180), Հյուսիսային Կորեան (179), Թուրքմենստանը (178), Չինաստանն (177) ու Ջիբութին (176): Միացյալ Նահանգներն այս տարի առաջադիմել է մեկ միավորով՝ զբաղեցնելով 44- րդ տեղը: Կազմակերպության կարծիքով, չնայած Բայդենի նախագահության օրոք ակնհայտ բարելավումներին, որոշակի խնդիրներ պահպանվել են: Դրանք, հատկապես, սրվել էին Դոնալդ Թրամփի նախագահության վերջին տարում, երբ արձանագրվել էր լրագրողների դեմ հարձակման և նրանց բերման ենթարկելու աննախադեպ բարձր թիվ: Ըստ զեկույցի՝ շուրջ 400 լրագրողներ ենթարկվել են հարձակման և 130 այլոք բերման են ենթարկվել այդ ընթացքում: Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության զեկույցը ցույց է տալիս, որ լրագրությունը, որը բնութագրվում է որպես ապատեղեկատվության դեմ հիմնական պատվաստանյութ, ամբողջությամբ կամ մասամբ արգելափակված է կազմակերպության կողմից դասակարգված երկրների 73 տոկոսում:
10:20 - 21 ապրիլի, 2021
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է ԱՄՆ-ում ընթացող ցույցերի ժամանակ լրագրողների վրա հարձակումները
 |hetq.am|

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է ԱՄՆ-ում ընթացող ցույցերի ժամանակ լրագրողների վրա հարձակումները |hetq.am|

hetq.am: «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է ԱՄՆ-ում ընթացող ցույցերը լուսաբանող լրագրողների վրա հարձակումները, որոնք սկսվել են աֆրոամերիկացի  Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո։ Երկուշաբթի օրը՝ հունիսի 1-ին կազմակերպության գործադիր քարտուղար Քրիստիան Միրը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները «հրեշացնելու ԶԼՄ-ներին և ստեղծելու թշնամու կերպար» հանգեցրել են բռնության աճին։ «Աննախադեպ դաժանությունը, որոնցով և ոստիկանությունը, և ցուցարարները հարձակվել են լրագրողների վրա, հանդիսանում է թշնամական հռետորաբանության արդյունք»,- հավելել է Միրը։ Իրավապաշտպանը հիշեցրել է, որ ընթացող ցույցերի ժամանակ ոստիկանությունը պետք է պաշտպանի լրագրողներին և չխանգարի նրանց աշխատանքին։ «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ վերջին օրերի ընթացքում ԱՄՆ 30 քաղաքներում գրանցվել է ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ առնվազն 68 հարձակում, այդ թվում նաև ռետինե փամփուշտների և արցունքաբեր գազի կիրառմամբ։ Այսպես, Մինեապոլիսում մայիսի 31-ին կրակ է արձակվել «Deutsche Welle» պարբերականի նկարահանող խմբի ուղղությամբ, իսկ մեկ օր առաջ ռետինե փամփուշտներից տուժել են «Reuters» գործակալության երկու աշխատակիցներ։ Բացի այդ, իրավապահները բազմիցս ձերբակալել են լրագրողների։ Այդպիսի միջադեպ տեղի է ունեցել «CNN» հեռուստաընկերության լրագրողների, ավստրալական «9News» հեռուստաընկերության թղթակցի, «Las Vegas Review-Jornal» օրաթերթի լուսանկարչի և մի ֆրիլանս լուսանկարչի հետ, որն աշխատում էր «AFP» գործակալության հանձնարարությամբ։ Մի շարք դեպքերում լրագրողները տուժել են ցուցարարների գործողություններից։ Իրավապաշտպանները նշել են Փիթսբուրգում «KDKA-TV»-ի թղթակցի և Վաշինգտոնում «Fox News»-ի աշխատակցի վրա հարձակումների մասին։ Զուգահեռաբար, Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ԱՄՆ Պետքարտուղարություն այն բանից հետո, երբ «РИА Новости»-ի թղթակից Միխայիլ Տուրգիևի նկատմամբ ոստիկանները կիրառել էին արցունքաբեր գազ չնայած այն հանգամանքին, որ տղամարդը դիմադրություն չէր ցուցաբերել և ցույց էր տվել իր հավատարմագրման փաստաթուղթը։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում
09:31 - 02 հունիսի, 2020