factor.am: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2023»-ը:
Ինդեքսը, որը գնահատում է լրագրողների աշխատանքային պայմանները աշխարհի 180 երկրներում և տարածքներում, հրապարակվել է մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը։ Դրա համաձայն իրավիճակը «չափազանց վատ է» 31 երկրում, «բարդ»՝ 42-ում ու «խնդրհարույց»՝ 55-ում, մինչ այդ «լավ» կամ «բավականին լավ» իրավիճակը մնում է 52 երկրում։
Այլ կերպ ասած՝ լրագրողների համար իրավիճակը վատ է 10 երկրից 7-ում, իսկ բավարար միայն՝ 10-ից 3-ում։ ՀՀ-ն ինդեքսում բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 49-րդ հորիզոնականում։ Նախորդ տարի մեր երկիրը զբաղեցնում էր 51-րդ հորիզոնականը։ ՀՀ-ն դասվել է «բավականին լավ» իրավիճակ ունեցող երկրների շարքում։ Խոսքի ազատության մակարդակով Հարավային Կովկասում ՀՀ-ն, ինչպես և նախորդ տարի, առաջատարն է: «Մամուլի ազատության ինդեքսում» հարևան Վրաստանը 77-րդ, Թուրքիան՝ 165-րդ, Ադրբեջանը 151-րդ, իսկ Իրանը 177-րդ հորիզոնականում է: Հայաստանի մասին զեկույցի հատվածում նշված է, որ չնայած բազմակարծությանը, լրատվամիջոցները մնում են բևեռացված։ Նշվում է, որ հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում՝ Factor.am-ը կատարում են ժողովրդավարական էական հակակշռի դեր։
«Հայաստանի հիմնական լրատվական աղբյուրները սոցիալական ցանցերն են, ուր ամեն օր մուտք է գործում բնակչության երկու երրորդը։ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո մեդիա դաշտն աճում է։ Անկախ առցանց լրատվական կայքերը զարգանում են, այդ թվում՝ Civilnet.am-ը, Hetq.am-ը, Factor.am-ը և Azatutyun.am-ը՝ կատարելով ժողովրդավարական էական հակակշռի իրենց դերը»,- ասվում է հրապարակման մեջ։
Զեկույցում նշվում է, որ «լրատվամիջոցների բևեռացումը արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը. շատ լրատվամիջոցներ մոտ են 2018 թվականից հետո իշխանության եկած քաղաքական առաջնորդներին, իսկ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին: Միայն մի քանի լրատվամիջոցներ են անկախություն դրսևորում: Հատկապես զգայուն է երկու քաղաքական թեմա՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը։ Որոշ քաղաքական խմբեր ապատեղեկատվական գործողություններ են իրականացնում և հարձակվում լրագրողների վրա»։
Ըստ հրապարակման՝ չնայած զրպարտության ապաքրեականացմանը և լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունը երաշխավորող օրենսդրության կիրառմանը, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական չափանիշներին:
Վերջին բարեփոխումները չեն լուծել ապատեղեկատվության հետ կապված խնդիրները: Պետական տեղեկատվության հասանելիությունը սահմանափակված է կառավարության կողմից (պատասխանելու մերժում, ուշացումներ և այլն): ԶԼՄ-ների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած կամ ազդեցիկ հասարակական գործիչների կողմից:
Նշվում է, որ գովազդի շուկան շարունակում է մնալ թերզարգացած, ինչը սահմանափակում է մասնավոր լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը: Ըստ հրապարակման՝ պետական լրատվամիջոցները զերծ են մնում կառավարության հասցեին որևէ քննադատությունից։
Ըստ RSF-ի՝ որպես մասնագիտություն ՀՀ-ում լրագրությունը նսեմացված է և հատկապես անհանգստացնող է, որ ատելության խոսքի օբյեկտ է: Քաղաքական էլիտաների հակալրատվական հռետորաբանությունը, որոնք լրագրողներին մեղադրում են «կոռուպցիայի» և «հակառակորդներին ծառայելու» համար, ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը։
Լրագրողները մշտապես վիրավորանքների, հարձակման ու հետապնդման են ենթարկվում զրպարտության համար, ինչն ուժեղացնում է ինքնագրաքննությունը:
«Ադրբեջանի հետ սահմանին բախումները, ԼՂ-ն ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքի արգելափակումը բարդացրել է լրագրողների աշխատանքը։ Ավելին, նրանք պարբերաբար ենթարկվում են ճնշումների, վիրավորանքների և բռնությունների ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ ընդդիմադիրների և նրանց համախոհների կողմից՝ լինի դա խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում: Ընդհանուր առմամբ, լրագրողների նկատմամբ բռնությունն անպատիժ է մնում»,-ասված է զեկույցում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)