Լեռնային Ղարաբաղը վերածվում է լրատվական և տեղեկատվական սև խոռոչի. «Լրագրողներ առանց սահմանների»
 |1lurer.am|
15:53 - 11 մարտի, 2023

Լեռնային Ղարաբաղը վերածվում է լրատվական և տեղեկատվական սև խոռոչի. «Լրագրողներ առանց սահմանների» |1lurer.am|

1lurer.am: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին կոչ է անում թույլ տալ լրագրողներին ազատ տեղաշարժվել Լաչինի միջանցքով, որպեսզի նրանք կարողանան լուսաբանել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և դրա լուրջ մարդասիրական ազդեցությունը:

«Լեռնային Ղարաբաղը վերածվում է լրատվական և տեղեկատվական սև խոռոչի: Լաչինի միջանցքում ցույցերը կարող են լուսաբանել միայն պետական կամ իշխանամետ լրատվամիջոցների ադրբեջանցի լրագրողները։ Մի քանի անկախ տեղական լրատվամիջոցների թույլ չեն տվել անցնել անցակետերով»,- ասված է կազմակերպության հրապարակման մեջ:

Նշվում է նաև, որ 2023 թ. փետրվարի վերջին իսպանական El Periódico de España թերթի թղթակից Դավիդ Լոպես Ֆրիասն այցելել է Ադրբեջան, այցելել նաև Լաչինի միջանցք: Ադրբեջանական պետական Azertac լրատվական գործակալությունը մի քանի լեզվով հարցազրույց է հրապարակել Լոպեսի հետ, որում միտումնավոր խեղաթյուրել է լրագրողի ասածը: Այն մեջբերել է նրա խոսքերը. «Այստեղ մեքենաներն առանց խնդիրների են անցնում։ Դուք պարզապես տեսնում եք, որ մարդիկ ցույց են անում՝ պաշտպանելու բնությունը»։ Լոպեսը «Լրագրողներ առանց սահմանների»-ի թղթակցի հետ զրույցում հերքել է. «Ես ասացի ճիշտ հակառակը: Ես հստակ տեսա փակված ճանապարհ»։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ղեկավար Ժաննա Քավելիերն այս առնչությամբ նշել է. «Կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցի բացահայտած այս սուտը հերթական վկայությունն է, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են  մանիպուլացնել ազգային և միջազգային հանրային կարծիքը: Նրանք ոչ միայն խախտում են 2020 թվականի հրադադարի համաձայնագիրը՝ աջակցելով այս «էկոակտիվիստներին», այլ նաև կանխում են Լաչինի միջանցքի շրջափակման և դրա սարսափելի մարդասիրական հետևանքների ցանկացած ճշգրիտ լուսաբանում: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հիշեցնում է Ադրբեջանի կառավարությանը և ռուս խաղաղապահներին իրենց միջազգային պարտավորությունների մասին և կոչ է անում վերականգնել լրագրողների ազատ մուտքը դեպի տարածաշրջան»:

Կազմակերպության հրապարակման մեջ նշվում է, որ այսպես կոչված «էկոակտիվիստների» կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հայտարարված նպատակը ոսկու հանքի աշխատանքների դադարեցումն է, սակայն բազմաթիվ հետաքննություններ մատնանշում են Ադրբեջանի կառավարության լիակատար մասնակցությունը շրջափակմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել