Վահե Ղազարյան

Ոստիկանության զորքերը երկիրը, ժողովրդին ապօրինի ոտնձգություններից պաշտպանելու գործառույթը կատարել են բարձր մակարդակով. Նիկոլ Փաշինյան

Ոստիկանության զորքերը երկիրը, ժողովրդին ապօրինի ոտնձգություններից պաշտպանելու գործառույթը կատարել են բարձր մակարդակով. Նիկոլ Փաշինյան

Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը և այլ պաշտոնատար անձինք:  Կառավարության ղեկավարը նախ եղել է Հավերժության պուրակում, որը հիմնվել է ի հիշատակ Ոստիկանության զորքերի նահատակված հերոսների: Այգու երկարությունը 44 մետր է, որը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմը, իսկ լայնությունը՝ 33 մետր, որը խորհրդանշում է ՀՀ ՈԶ 1033 զորամասը: Ոստիկանության զորքերի 30-րդ տարեդարձի կապակցությամբ վարչապետ Փաշինյանը տնկել է եղևնի, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի զոհված Ոստիկանության զորքերի բոլոր ներկայացուցիչների: Վարչապետը ծանոթացել է ՈԶ  տեխնիկական միջոցներին, հանդիսավոր միջոցառմանն իր խոսքում շնորհավորել ներկաներին Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով: «Ոստիկանության զորքերը, ըստ էության, ձևավորվել են որպես Հայաստանի զինված ուժերի առաջին կանոնավոր ստորաբաժանում: Այդ ընթացքում Ոստիկանության զորքերի ծառայողներն իրենց նպաստն են բերել Հայրենիքի անվտանգության և սահմանների պաշտպանության գործին: Ես ևս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած Ոստիկանության զորքերի նահատակված ծառայողների հիշատակի, նրանց ընտանիքների, հարազատների, զավակների և ծնողների առաջ: Պիտի արձանագրենք, որ մեր նահատակների առաջ մեր ունեցած ամենամեծ պարտքը Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, հայկական պետականությունը պահպանելն է, պաշտպանելն է, զարգացնելն է և հետագա սերունդներին փոխանցելը: Ուզում եմ ընդգծել հենց Ոստիկանության զորքերի, ընդհանուր առմամբ, իրավակարգի և հանրային անվտանգության ապահովման գործառույթը: Ես դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ, սա հատուկ եմ շեշտում, երբ Ոստիկանության հետ ուղիղ առնչվող ճգնաժամային իրավիճակ կար, ամբիոնից հայտարարել եմ, որ Ոստիկանությունը, ինչպես ցանկացած պետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ողնաշարն է: Եվ պիտի արձանագրեմ, որ Ոստիկանության զորքերը, եթե ավելի ճշգրիտ արտահայտվենք, հենց Ոստիկանության ողնաշարն է: Շատ ուրախ եմ արձանագրել, որ մեր Ոստիկանությունը՝ ընդհանուր առմամբ, և Ոստիկանության զորքերը՝ մասնավորապես, անընդհատ և հետևողականորեն ցույց են տալիս իրենց ամրությունը, իրենց վճռականությունը, հաստատակամությունը և նվիրվածությունը Հայաստանի Հանրապետության իրավակարգին, Սահմանադրությանը և ժողովրդին: Սա գնահատանքի արժանի ծառայություն է, որովհետև հանրային անվտանգության և կայունության ապահովումը ոչ պակաս կարևոր գործառույթ է, քան արտաքին սահմանների պահպանությունը և պաշտպանությունը: Չնայած, ինչպես նշվեց, այս գործառույթում նույնպես Ոստիկանության զորքերն իրենց ներդրումն են ունեցել»,- ասել է վարչապետ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը բոլոր ծառայողներին շնորհակալություն է հայտնել կատարած ծառայության, նվիրվածության, վճռականության և հետևողականության համար: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր բոլորի ընտանիքների անդամներին, որոնք կարելի է պատկերացնել, թե ամեն անգամ ինչպիսի ապրումներ են ունենում, երբ դուք դուրս եք գալիս ծառայության: Բայց համոզված եմ նաև, որ նրանք կասկած անգամ չունեն, որ Հայրենիքին, պետությանը, ժողովրդին ձեր ծառայությունը կիրականացնեք պատվով, արժանապատվությամբ և նվիրվածությամբ: Այդ ծառայությունն արժանի է գնահատանքի: Այժմ մենք գտնվում ենք  կարևոր մի փուլում, երբ Ոստիկանությունը, նաև Ոստիկանության զորքերը բարեփոխումների շատ կարևոր ճանապարհ պիտի անցնեն: Բայց այդ բարեփոխումների կարևորագույն և անկյունաքարային դրույթներից մեկը պիտի լինի, ընդհանուր առմամբ, Ոստիկանության և Ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների հարցը, որովհետև բոլորս ունենք համոզմունք, որ այդքան գնահատելի ծառայություն իրականացնող մարդիկ և նրանց ընտանիքները պիտի ունենան սոցիալական որոշակի, վստահելի երաշխիքների համակարգով ապահովվածություն: Ընդ որում, այս քաղաքականությունը վերաբերում է բոլոր ուղղություններին: Այսօր Ոստիկանության զորքերի օրն է, Ոստիկանության մասին ենք խոսում, բայց նույնը վերաբերում է մեր իրավակարգին, պետական կարգի, անվտանգության ապահովման բոլոր ծառայություններին: Մենք հետևողականորեն գնալու ենք այս ճանապարհով: Ընդհանրապես, այն գործառույթը, որն իրականացնում են իրավակարգի ապահովման ուժերը, այդ գործառույթի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել, որովհետև ձեր գործառույթն է՝ երկիրը, ժողովրդին պաշտպանել ապօրինի ոտնձգություններից: Պիտի արձանագրեմ, որ Ոստիկանության զորքերը, Ոստիկանությունը՝ ընդհանուր առմամբ, իրենց այս գործառույթը կատարել են բարձր մակարդակով և ճշգրտորեն: Ոստիկանության զորքերի հարգելի ծառայողներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով և շնորհակալություն հայտնում ձեր նվիրական ծառայության համար»,- եզրափակել է վարչապետը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, երկարամյա անբասիր ծառայության համար Ոստիկանության զորքերի հրամանատրի տեղակալ, գնդապետ Գարիկ Միրզոյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ պարգևատրվել են Մարտական ծառայության և «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալներով:
15:28 - 24 հունիսի, 2022
Ոստիկանության զորքերը առավելագույնն արեցին մեր սահմանների պաշտպանության համար. Վահե Ղազարյանի ուղերձը

Ոստիկանության զորքերը առավելագույնն արեցին մեր սահմանների պաշտպանության համար. Վահե Ղազարյանի ուղերձը

Ոստիկանության զորքերի 30-ամյա հոբելյանի առթիվ ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Ուղերձը ներկայացնում ենք ստորև. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ Ոստիկանության զորքերին՝ կազմավորման 30-ամյակի առթիվ: Ոստիկանության զորքերը ստեղծվեց 1992 թվականին, երբ թշնամին ոտնձգել էր մեր Հայրենիքի սահմաններին, իսկ երկրի ներսում, օգտվելով խառնակ իրավիճակից, գլուխ էին բարձրացրել հանցավոր տարրերը՝ սպառնալով հանրային անդորրին և քաղաքացիների անվտանգությանը: Զորքերը, ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ, նորաստեղծ բանակի հետ կողք կողքի, առավելագույնն արեցին մեր սահմանների պաշտպանության համար՝ զուգահեռաբար լիարժեք կատարելով օրինականության և հասարակական կարգի ապահովման իրենց գործառույթները երկրի ներսում: Պատվով ու նվիրումով կատարելով ծառայողական պարտքը՝ Ոստիկանության զորքերը, ցավոք, նաև թանկ ու անդառնալի կորուստներ ունեցավ:Փա՛ռք և խորին խոնարհում մեր հավերժացած զինակիցների պայծառ հիշատակին: Փա՛ռք բոլոր նրանց, ովքեր այսօր շարունակում են Զորքերի 30-ամյա ավանդույթներն ու սրբազան գործը: Հոբելյանական տարեդարձի առթիվ կրկին շնորհավորում եմ Ոստիկանության զորքերի ողջ անձնակազմին, զինծառայողների ընտանիքներին, վետերաններին:Շնորհավորում եմ մեր համաքաղաքացիներին, որոնք մասնակցություն ու ներդրում են ունեցել Ոստիկանության զորքերի կայացման դժվար ու հերոսական ընթացքին: Շնորհավորում եմ բոլորին ու բոլորիս, իսկ Ոստիկանության զորքերին մաղթում պրոֆեսիոնալ հմտությունների մշտական կատարելագործում ու նվիրյալ վճռականություն՝ մեր երկրի և հասարակության անդորրի ու անվտանգության պահպանման գործում: Անփորձանք ծառայություն ձեզ:
13:57 - 21 հունիսի, 2022
Այսօր ոստիկանությունն առավել կոփված է, կարողունակ, պատասխանատու. Վահե Ղազարյանի շնորհավորանքը

Այսօր ոստիկանությունն առավել կոփված է, կարողունակ, պատասխանատու. Վահե Ղազարյանի շնորհավորանքը

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ: «ՀՀ ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ ողջ անձնակազմին մեր մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ: Ոստիկանությունը պետության հիմնասյուներից է և ամենօրյա ծառայությամբ է հաստատում հավատարմությունը իրավակարգի պահպանման և քաղաքացու իրավունքների պաշտպանության իր առաքելությանը: Մեր հարյուրավոր ծառայակիցներ անձնազոհությամբ են հավաստել այդ հավատարմությունը, և մենք միշտ պիտի արժանի լինենք նրանց սխրանքին, ովքեր պետության ու քաղաքացու պաշտպանության զոհասեղանին դրեցին իրենց կյանքը: Հավերժ փառք և խորին խոնարհում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերների անմար հիշատակին: Ոստիկանությունը բազմիցս է առերեսվել բարդագույն իրավիճակների, ունեցել ծանր կորուստներ, բայց միշտ կարողացել է դիմակայել մարտահրավերներին և բարձրանալ պրոֆեսիոնալիզմի նոր մակարդակի: Եվ այսօր էլ վերջին տարիների ծանրագույն իրադարձությունների միջով անցած ոստիկանությունն առավել կոփված է, կարողունակ, պատասխանատու: Շնորհավորում ու շնորհակալությունս եմ հայտնում ոստիկանական ընտանիքներին՝ մեր ծառայակիցներին ամուր թիկունք լինելու համար: Խորին խոնարհումս ու երախտագիտությունս մեր զոհված զինակիցների ծնողներին՝ այդպիսի զավակներ դաստիարակելու համար: Շնորհավորում եմ մեր վետերաններին, որ ոստիկանական բազում սերունդներ են կրթել և այսօր էլ շարքում են: Շնորհավորում եմ բոլորին ու բոլորիս և մաղթում ուժ, կամք, զորություն՝ մեր ծառայությունն անմնացորդ կատարելու գործում: Բարի ծառայություն բոլորին»,- ասված է ուղերձում:
10:27 - 16 ապրիլի, 2022
Կառավարությունը ավելի քան 2 մլրդ դրամ հատկացրեց Լոռու և Շիրակի մարզերում գործարկվող պարեկային ծառայությանը |armenpress.am|

Կառավարությունը ավելի քան 2 մլրդ դրամ հատկացրեց Լոռու և Շիրակի մարզերում գործարկվող պարեկային ծառայությանը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը 2 միլիարդ 35 միլիոն դրամ հատկացրեց ՀՀ ոստիկանությանը Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության ներդրման նպատակով ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերման, դրանց կահավորման և վարչական սարքավորումների ձեռքբերման համար։ Կառավարության մարտի 17-ին հերթական նիստում նախագիծը ներկայացրեց Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ «Նախագծով նախատեսվող ծախսերի  գծով ՀՀ ոստիկանության ընթացիկ տարվա բյուջեով միջոցներ հատկացված  չեն,  քանի որ բյուջետային քննարկումների ժամանակ առկա պահանջարկն ամբողջությամբ, քանակական և գումարային առումով,  հստակեցված և գնահատված չէր։ Ըստ այդմ, նախագծով նախատեսվում է  ծրագրով սահմանված հատկացումներն ավելացնել 2 միլիարդ 35 միլիոն դրամ։ Մասնավորապես, 289 միլիոն 900 հազար դրամ հատկացնել  2022 թվականին ապրիլին Լոռու և Շիրակի մարզերում գործարկվող նոր պարեկային ծառայության համար 140 տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար, 67 միլիոն 200 հազար դրամ այդ մեքենաների կահավորման համար, 1 միլիարդ 670 միլիոն 100 հազար դրամ վարչական սարքավորումներ ձեռք բերելու համար»,- ասաց Ղազարյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին նշեց, որ ապրիլից Լոռու և Շիրակի մարզում գործարկվող նոր պարեկային ծառայությունը Կառավարության համար շատ կարևոր նշանակություն ունեցող բարեփոխում է։ «Նախորդ տարվա հուլիսից նոր պարեկային ծառայությունը գործում է Երևանում, և պետք է արձանագրել, որ պարեկային ոստիկանության գործունեության արդյունքները գոհացուցիչ են։ Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը ժողովրդավարությունն է, և մենք, ըստ էության, ձևավորում ենք ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող ոստիկանություն»,- ասաց Փաշինյանը։
11:43 - 17 մարտի, 2022