ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Զոհրաբ Մնացականյանը և Մայքլ Մոլլերը բարձր են գնահատել ՄԱԿ Ժնևյան կառույցների աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը

Զոհրաբ Մնացականյանը և Մայքլ Մոլլերը բարձր են գնահատել ՄԱԿ Ժնևյան կառույցների աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը

Հունիսի 25-ին Ժնևում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մոլլերի հետ: Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանի և ՄԱԿ Ժնևյան գրասենյակի տարբեր կառույցների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և դրանց աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը, որը նպաստում է երկրում մարդու իրավունքների և ժողովրդավարության խթանմանը։ Զոհրաբ Մնացականյանը և Մայքլ Մոլլերը մտքեր փոխանակեցին Կայուն զարգացման 2030 օրակարգում ներգրավված նպատակների իրականացման շուրջ։ Արտգործնախարարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը և հանձնառությունը Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացմանը՝ նշելով, որ ԿԶՆ ազգայնացման գործընթացն ուղեկցվում է Հայաստանի նոր կառավարության կողմից ձեռնարկված հավակնոտ բարեփոխումների ծրագրով։ Այս առնչությամբ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները։ Որպես կառավարության զարգացման օրակարգի առաջնահերություն՝ նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծարար կրթության ոլորտների զարգացմամբ տնտեսության խթանումը։ Երկուստեք կարևորվեց միջազգային և տարածաշրջանայի կազմակերպությունների ջանքերի համադրումը՝ միջազգային համագործակցության շրջանակներում ծավալվող նոր ուղղությունների հասցեագրման գործում, ինչպիսիք են՝ թվայնացումը, արհեստական բանականությունը և ռոբոտիզացումը։
17:42 - 25 հունիսի, 2019
Արտաքին Գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո

Արտաքին Գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո

Հարց։ Ի՞նչ քննարկեցիք այսօր։ Որո՞նք են հիմնական առաջնահերթություննեը։ Պատասխան։ Կարծում եմ՝ մենք պահպանում ենք մեր հանդիպումների դինամիկան։ Շատ կարևոր ասպեկտ, որի ուղղությամբ պետք է աշխատենք, այն է, որ պետք է պահպանենք այդ շատ կարևոր միջավայրը, որը մեզ հնարավորություն է տալիս առաջ շարժվելու բոլոր խնդիրների, հակամարտության խաղաղ կարգավորման առաջընթացի ուղղությամբ: Եվ դուք գիտեք հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքը: Կարծում եմ, վերջին շաբաթների, վերջին ամսվա ընթացքում եղան որոշ զարգացումներ, որոնք ազդեցություն են ունեցել գործընթացի վրա, և կարծում եմ՝ պետք է ուշադիր դիտարկենք դա և տեսնենք այն ուղիները, որոնցով կարող ենք հավատարիմ մնալ այն համաձայնություններին և փոխըմբռնումներին, որոնց շուրջ աշխատում էինք վերջին ամիսների ընթացքում: Սա մեր այսօրվա բանակցությունների շատ կարևոր մասն էր։ Շատ կաևոր առաջնահերթուրյուններ են առաջընթացի պահպանելման քաղաքական կամքը և միջավայրի կայունությունը, որը պատշաճ մթնոլորտ է ապահովում և որի մեջ ընթանում է խաղաղ գործընթացը: Եվ իհարկե, մենք համանախագահների և իմ գործընկերոջ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ ուշադրություն ենք դարձնում դրան: Հարց. Պարոն նախարար ասացին, որ փաստաթղթեր են շրջանառվել .... Պատասխան. Կան փաստաթղթեր, որոնք գույություն ունեն, գույություն ունեցել են, բայց այստեղ փաստաթղթերի խնդիրը չէ: Այստեղ խնդիրն այն է, թե ինչ սկզբունքներով ենք մենք մոտենում, որովհետև սկզբունքորեն այսօր անհրաժեշտ է առաջին հերթին կենտրոնացած մնալ այն միջավայրի վրա, որը ապահովում է մեզ համար առաջընթացը գործընթացի: Ինչ վերաբերվում է սկզբունքային մոտեցումներին, դրանք հայտնի են բոլորին, արտահայտված են Հայաստանի կողմից տարբեր առիթներով: Եվ այդ կոնտեքստում է, որ մենք բոլոր դեպքերում դիտարկում ենք բոլոր տարբեր տարբերակներն այն կոնտեքստում, թե որքանով է դա արտահայտում, թե որքանով ենք մենք կարողանում տեսնել, որ մեր առաջնային խնդիրեները, մեր առաջնային շահերը ստանում են իրենց արտահայտությունը: Իհարկե բավական երկար քննարկում ունեցանք և մեզ անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի ավելի, այսպես ասած, ուսումնասիրենք, վերլուծենք, գնահատենք այս փուլը: Նախատեսում ենք շարունակել այս գործընթացը քննարկման: Կհայտարարվի, երբ համաձայնությունը ունենանք՝ հաջորդ փուլում ինչ ենք անում, երբ դա կլինի: Համանախագահները նույնպես իրենց մասով անելիք ունեն: Այդ առումով հիմա մեզ անհրաժեշտ է ուղղակի շատ ուշադիր վերլուծել, թե ինչպես ենք կարողանում պահպանել այդ դինամիկան, որը հնարավորություն է տալիս ունենալ քաղաքական կամք և շարժվել դեպի խաղաղ կարգավորում: Հարց: Հարցն այն է, թե հակամարտությունից 25 տարի անց ինչ է փոխվել բանակցային գործընթացի առումով: Խոսքս վերաբերում է 1994 մինչ 2019թ-ը ընկած ժամանակահատվածին: Ի՞նչ է փոխվել առարկայական երկխոսության առումով: Պատասխան: Այնպիսի հարց եք տալիս, որը շատ երկար վերլուծական հետազոտություն է պահանջում: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք՝ իմ գործընկերոջ և համանախագահների հետ միասին մի քանի ժամ տևած կարևոր զրույց ենք ունեցել, նման վերլուծական հետազոտության մեջ ներգարվվելը այն չէ, ինչով ես կցանկանայի զբաղվել: Սակայն կարծում եմ, որ շատ կարևոր է հասկանալ Հայաստանի և Արցախի բացարձակ առաջնահերթությունները: Արցախի ժողովրդի անվտանգության բացարձակ առաջնահերթությունը, որից բխում է կարգավիճակի հարցը, շատ հստակ սահմանում է այն, թե մենք ինչպես ենք դիտարկում այս հարցը: Իհարկե, պետք է գիտակցել, որ ամբողջ խաղաղ կարգավորումը նշանակում է փոխզիջում, իսկ փոխզիջումը նշանակում է երկկողմ ճանապարh: Ուստի, կարծում եմ, որ պետք է շատ զգայուն կերպով մոտենամ նրան, թե ինչպես ենք ընկալում մեր բացարձակ անվտանգության մտահոգությունները: Եվ մենք նաև պետք է հաշվի առնենք մյուս կողմի մտահոգությունները: Ուստի կարծում եմ այս զգուշավոր մոտեցման և քաղաքական կամքի շրջանակներում պատրաստ ենք շարժվել առաջ: Հարց։ Պարոն Նախարար, բանակցություններն ընթանում էին հակամարտության սրման ժամանակ... Պատասխան։ Դա այն է, ինչ ես ասում էի այս ամբողջ ընթացքում։ Իհարկե, սա շատ վատ ազդեցություն ունեցավ, որովհետև բանակցել այն պայմաններում, երբ կան լարվածության աճի տարրեր և այս գործընթացը խաթարելու վտանգներ, իհարկե, դրանք շատ վատ ազդեցություն ունեն, և հնարավոր չէ դրանից խուսափել։ Սակայն այսօր արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև համանախագահների համար շատ կարևոր է գնտել ուղին, որով կկարողանանք աշխատել՝ կայունացնելու ղեկավարների մակարդակով ձեռք բերված երկխոսության, համաձայնության և փոխըմբռման արդյունքում ձևավորված միջավայրը։ Կարծում եմ՝ շատ կարևոր մարտահրավեր է այդ համաձայնությունների և փոխըմբռնման պահպանումը, որոնք ձևավորել են միջավայր, որի շրջանակներում տեղի է ունենում խաղաղ գործընթացը։ Հարց։ Կա՞ն ապագայի վերաբերյալ հստակ համաձայնություններ։ Պատասխան։ Մենք ունենք որոշ համաձայնություններ։ Մենք ունենք համաձայնություններ, որոնք պետք է իրականացվեն, և, կարծում եմ, վերահաստատել ենք այն, ինչ վերաբերում է լրագրողներին, կալանքի մեջ գտնվող անձանց, հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և կայունությանը, լարվածության ռիսկերը նվազեցմանը նպաստող միջավայրի կայունությանը: Սրանք պահանջում են բազմաթիվ հստակ քայլերի ձեռնարկում, և մենք պետք է աշխատենք դրանք ի կատար ածելու ուղությամբ: Հարց: Հայաստանի դիրքորոշման մեջ կա՞ որևէ փոփոխություն՝ կապված Արցախին ներգրավելու հետ: Պատասխան: Որևէ փոփոխություն չկա և չի էլ կարող լինել, և շատ հստակ եմ նշում. Հայաստանի դիրքորոշումը կառուցված է շատ գործնական հիմքի, գործնական մոտեցման վրա, այն է՝ Արցախի շահառու է և հանդիսանում է այս ամենի սուբյեկտը, և նրանք պետք է ունենան սեփականության համապատասխան զգացում, եթե մենք իրապես վճռական ենք բանակցային գործընթացում գործնական առաջընթաց ապահովելու հարցում: Ուստի, կարծում եմ՝ մենք շատ հստակ ենք եղել մեր մոտեցումներում, մենք փորձում ենք ընդգծել, որ սա մասնավորապես քաղաքական կամքի գործնական հարց է՝ բանակցություններում ապահովելու գործնական առաջընթաց: Այս բանակցությունների սուբյեկտը և շահառուն՝ Արցախը, պետք է ունենա սեփականության անմիջական զգացում: Ուստի, սա եղել է երկխոսության մաս, իհարկե մենք պետք է դա հաշվի առնենք: Սակայն, ինչպես ես ասացի, շատ կարևոր է հանգամանքն այն է, որ այս խնդիրները փոխկապակցված են, և մենք շատ զգուշորեն պետք է մոտենանք դրանց: Հարց․ Դուք լավատեսորե՞ն ենք տրամադրված այսօրվա բանակցություններին։ Պատասխան․ Ես շատ զգույշ եմ լավատեսության կամ հոռետեսության մասին այդ գնաատականներում, սակայն կարծում եմ, որ սա պատասխանատվություն է, քանի որ այս բանակցությունները շատ ուղղակի ազդեցություն ունեն մարդկանց կյանքերի վրա։ Եվ երբ հարցը այս հարթության մեջ է դիտարկվում, պետք է գիտակցել, որ այն ինչ արվում է, պետք է ծառայի խաղաղության հաստատման նպատակին։ Դա լավ է Ադրբեջանի, Հայաստանի, Արցախի համար, դա լավ է ամբողջ տարածաշրջանի համար։ Բայց դա պետք է լինի այնպես, որ բոլոր կողմերը զգան, որ ընդունվող հանձնառությունները համարժեք են, որ կա փոխզիջման վրա հիմնված այնպիսի լուծում, որ կողմերից յուրաքանչյուրը զգա, որ այն արտահայտում է իր ազգային շահերն ու միմյանց մտահոգությունները և գտնում այնպիսի ելք, որի շրջանակներում համարժեք հանձնառությունների ստանձնումն ապահովում է այդ անհրաժեշտ հավասարակշռությունը։ Սա է փոխզիջման էությունը։ Հարց. Մամեդյարովը ասաց` հաջորդ հանդիպումը չի ուշանա… Պատասխան. Այո, ես կարող եմ հաստատել, որ մենք համենայնդեպս համաձայնություն ունենք, որ անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ և հաջորդ հանդիպման մասին նորից կվերջնականացնենք համաձայնությունը։ Մենք դեռևս նոր ենք դուրս եկել, և հասկանում եք, որ նույնիսկ ներկայիս այս զրույցը առաջին, այսպես ասած, արտացոլումն է, թե ինչպես ենք մենք զգում այս բանակցությունների արդյունքը։ Մենք բնականաբար պատրաստ ենք շարունակել և պատրաստ ենք հայտարարել այդ հաջորդ կետը, երբ համաձայնությունը կունենանք, բայց նույնպես կվերահաստատենք որ սպասել չի տա: Բայց միևնույն ժամանակ շատ էական է, որպեսզի մենք կարողանանք վերահաստատել այն հանձնառությունները, որոնք վերաբերվում են համապատասխան միջավայրին և զինադադարի ամրապնդմանը և համապատասխան մեխանիզմներին, որոնք մաս են նման միջավայրին։ Հարց։ Հարցս վերաբերում է նրան, որ Դուք նշեցիք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մասին, իսկ ի՞նչ կասեք 7 հարակից շրջանների, Ադրբեջանի ներքին տեղահանված անձանց մասին։ Պատասխան. Ես խոսում էի Հայաստանի առաջնահերթությունների մասին: Եվ, բնականաբար, մյուս կողմի համար առաջնահերթություն հանդիսացող հարցերը նույնպես առկա են: Եվ ինչպես ասում էի... Հարց. Ինչպիսի՞ն է դիրքորոշումը... Պատասխան. Լուծումն իրենից ներկայացնում է հանձնառություն: Կարծում եմ ինձնից չեք ակնկալում այս խնդիրների վերաբերյալ ծավալուն քննարկում կամ վերլուծություն այս բանակցություններից անմիջապես հետո: Դա ամենևին այն չէ, ինչի հետ մենք հիմա գործ ունենք: Բայց ինչպես նշեցի, մենք ունենք մեր առաջնահերթությունները և խոսում ենք մեր առաջնահերթությունների մասին, բայց դուք կհիշեք, երբ վարչապետն ասում էր, որ խաղաղությանը հասնելու ուղին այն է, որի միջոցով կկարողանանք պատասխան տալ տարատեսակ այն հարցերին, որոնք հուզում են բոլոր կողմերին: Կուզեի նաև հիշեցնել, որ Հայաստանի վարչապետն այդ մասին ասել է նախկինում, և մենք բազմիցս վերահաստատել ենք դա. ինչպիսի հանգուցալուծում էլ ձեռք բերվի, այն պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդների համար: Այս պահին, ինչպես ես ասացի, այդ շատ մտահոգիչ զարգացումները, հրադադարի խախտումները, որոնք կյանքեր են խլում, շատ կարևոր մարտահրավերներ են, որոնց մենք պետք է առերեսվենք, որոնք պետք է արձագանքենք, և մենք պետք նվազեցնենք էսկալացիայի ռիսկերը, որպեսզի կարողանանք պահպանել խաղաղությանը նպաստող միջավայրը: Եվ այսօր այս զրույցն ունեցանք և այդ առումով համանախագահների, իմ գործընկերոջ հետ լավ քննարկում ունեցանք: Հարց. Վերջին հարցը անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման մասին, որևէ մեկնաբանություն կանե՞ք... Պատասխան. Մենք շատ ինտենսիվ, ներառական և շատ արդյունավետ երկխոսություն ունեցանք դեսպան Բոլթոնի հետ: Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու հարցերի լայն շրջանակ, որում, իհարկե, ամենակարևոր մասն էին կազմում ամենակարևորն տարածաշրջանային անվտանգությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ ԱՄՆ-ն համանախագահ երեք երկրներից մեկն է և որպես համանախագահ՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին շատ կարևոր շահառու է այս ամենում: Մենք ունենք տարածաշրջանային անվտանգությանը և դինամիկային առնչվող շատ կարևոր հարցեր, մենք, իհարկե, պետք է շարունակենք այս երկխոսությունը, այս զրույցը: ԱՄՆ-ն շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Մենք ունենք բավական հարուստ երկկողմ օրակարգ, որը մենք արժևորում ենք: Ուստի, բոլոր առումներով սա շատ կարևոր զրույց էր ԱՄՆ-ի՝ Հայաստանի կարևոր գործընկերոջ հետ հարցերի լայն շրջանակի շուրջ: Եվ ես ասացի, որ սա շատ արդյունավետ, հետաքրքիր երկխոսություն, զրույց, քննարկում էր դեսպան Բոլթոնի հետ:  
16:58 - 21 հունիսի, 2019
Մնացականյան-Մամեդյարովը հանդիպումը կկայանա Վաշինգտոնում հունիսի 20-ին. ԱԳՆ

Մնացականյան-Մամեդյարովը հանդիպումը կկայանա Վաշինգտոնում հունիսի 20-ին. ԱԳՆ

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։ Հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջև հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Ինչպես նախկինում, այս անգամ ևս, մասնակիցների միջև համաձայնություն էր ձեռք բերվել հանդիպման մասին հայտարարության միաժամանակյա տարածման շուրջ։ Հայաստանը հավատարիմ է մնում այս պայմանավորվածությանը։Միևնույն ժամանակ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր։Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։Ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ։
07:35 - 14 հունիսի, 2019
Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորհրդի երկրորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարություն

Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորհրդի երկրորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարություն

2019 թվականի հունիսի 13-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Խորհուրդը վերահաստատեց Հայաստանի և Եվրամիության հանձնառությունն արդյունավետորեն կիրարկելու Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը (ՀԸԳՀ): Այս հավակնոտ համաձայնագիրը կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի արդիականացման գործում, մասնավորապես բազմաթիվ ոլորտներում ԵՄ նորմերին օրենսդրական մոտարկման միջոցով: Խորհուրդն ընդգծեց օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի կարևորագույն նշանակությունը, որը ներառում է անկախ, արդյունավետ և հաշվետու արդարադատության համակարգ:Այս համատեքստում ԵՄ-ն ողջունեց Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի մթնոլորտում և վայելել են լայն հանրային վստահություն: ԵՄ-ն և նրա անդամ պետությունները զգալիորեն նպաստել են ընտրությունների անխափան կազմակերպմանը: ԵՄ-ն վերահաստատեց իր պատրաստակամությունը սերտորեն համագործակցել ժողովրդավարական եղանակով ընտրված իշխանությունների հետ, խորացնել քաղաքական և տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ:Քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցությունների արդյունքում 2019 թ. հունիսի 1-ին Հայաստանի կողմից ընդունված ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզը ողջունվեց Խորհրդի կողմից՝ որպես երկրում առանցքային բարեփոխումների ամրապնդման կարևոր գործիք: Հայաստանը և Եվրամիությունը կշարունակեն սերտորեն համագործակցել առաջընթացի մշտադիտարկման և ՀԸԳՀ- ի հաջող կիրարկումն ապահովելու ուղղությամբ, այդ թվում` ԵՄ աջակցության միջոցով:Խորհուրդն ընդգծեց անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կարևորությունը, որը նպաստում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ նաև տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրին։ Խորհուրդն ողջունեց ներկայումս Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը` Հայաստանի սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։ Ի շարունակություն 2018 թվականի սեպտեմբերին դատական բարեփոխումների վերաբերյալ Հայաստան-Եվրամիություն երկխոսության մեկնարկի՝ ԵՄ-ն պատրաստակամ է հետագա աջակցություն տրամադրել արդարադատության բարեփոխման ռազմավարության հիման վրա համապարփակ դատական բարեփոխումների իրականացման համար։Խորհուրդը կարևորեց գործարար միջավայրի բարելավումը՝ խթանելու օտարերկրյա ներդրումները, աշխատատեղերի աճը և աղքատության կրճատումը: Խորհուրդը ողջունեց աշխատանքի ստուգման լիարժեք համակարգ ստեղծելու Հայաստանի մտադրությունը, որը կարող է ապահովել միջազգային չափանիշներին համախատասխան վերահսկողություն, ինչպես նաև հսկողություն աշխատանքային չափանիշների, իրավունքների և աշխատանքային պայմանների նկատմամբ: ՀԸԳՀ ունի զգալի ներուժ Հայաստան-Եվրամիություն առևտրային հոսքերը մեծացնելու համար։ Աշխարհագրական նշումների պաշտպանության, այդ թվում՝ այս ուղղությամբ ԵՄ համապատասխան ֆինանսական և տեխնիկական աջակցության վերաբերյալ ՀԸԳՀ-ի դրույթների իրականացման մասին քննարկումների մեկնարկը դրական քայլ է։Խորհուրդը քննարկեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության և կլիմայի փոփոխության ոլորտներում համագործակցությունը, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերությունում Հայաստանի մասնակցությունը, 2019թ. փետրվարին Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնումը, ինչպես նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային նախագծի շրջանակներում համագործակցությունը: Այս համատեքստում ԵՄ-ն աջակցություն կտրամադրի այն առաջնային ենթակառուցվածքային ծրագրերին, որոնց մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին 2019թ. մարտին Բրյուսելում կայացած իրենց հանդիպման ընթացքում: Խորհուրդը նաև ողջունեց 2019թ. մարտին մեկնարկած կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ երկխոսությունը: Քաղաքացիների շարժունակությունը և մարդկանց միջև շփումները բարելավելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը շարունակելու են քաղաքացիների շարժունակության խթանումը Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով, ինչպես նաև պատեհ ժամանակին դիտարկելու են Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմաններն ապահովվեն:Խորհուրդը ընդգծեց, որ ԵՄ ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020 թվականների համար: Արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը՝ ԵՄ հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019թ. Տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում: Խորհուրդն ընդգծեց այդ ռեսուրսների՝ հնարավորինս արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը` առավելագույնի հասցնելու բարեփոխումների ազդեցությունը, ինչպես նաև տեսանելի ու շոշափելի կերպով բարելավելու քաղաքացիների կենսապայմանները:Ի շարունակություն մայիսին կայացած Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումների՝ Խորհուրդն ընդգծեց Արևելյան գործընկերության «20 արդյունք 2020 թվականի համար» փաստաթղթով նախանշված նպատակներին հասնելու համար շարունակական աշխատանքի կարևորությունը, մասնավորապես՝ իրավունքի գերակայության, կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Խորհուրդը կարևորեց Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ ԱլԳ-ն 2020 թվականից անդին քննարկումը, որ կայանալու է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի նախաձեռնած կառուցվածքային խորհրդակցությունների շրջանակներում:Վերջում, Խորհուրդը քննարկեց տարածաշրջանային և միջազգային հարցեր: ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի հմանախագահների ջանքերին: ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու հակամարտության ջրբաժանը հաղթահարելուն և ժողովրդներին խաղաղությանը պատրաստելուն ուղղված նախաձեռնություններին: Սիրիայի հարցում Խորհուրդն իր ամուր աջակցությունը հայտնեց ՄԱԿ հատուկ բանագնացի գործունեությանը` Ժնևում ներսիրիական բանակցությունների վերսկսման կապակցությամբ: Հայաստանը հաստատեց իր մտադրությունը՝ շարունակելու տեղում Սիրիայի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրել, ինչպես նաև սերտորեն աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ Սիրիայից Հայաստան տեղափոխված անձանց կենսապայմանները բարելավելու նպատակով: ԵՄ-ն հաստատեց, որ կշարունակի աջակցել Սիրիայի ժողովրդին ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Իրանի հարցում ԵՄ և Հայաստանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական և արդյունավետ շարունակական իրագործմանը: Թուրքիայի հարցում ԵՄ վերահաստատեց իր աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը և շեշտեց երկու կողմերի` այդ գործընթացի մեջ առանց նախապայմանների ներգրավվելու անհրաժեշտությունը: Հայաստանը վերահաստատեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ իր՝ վաղուց հայտնի դիրքորոշումը:Խորհուրդը նախագահում էր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական միությունը ներկայացնում էր Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:
13:58 - 13 հունիսի, 2019
ՀՀ, Հունաստանի և Կիպրոսի ղեկավարների մակարդակով առաջին գագաթնաժողովը ՀՀ-ում՝ 2020-ին

ՀՀ, Հունաստանի և Կիպրոսի ղեկավարների մակարդակով առաջին գագաթնաժողովը ՀՀ-ում՝ 2020-ին

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ղեկավարների և/կամ կառավարությունների մակարդակով առաջին գագաթնաժողովը կհյուրընկալի Հայաստանը 2020-ի հունվարին: Այդ մասին ասվել է 2019թ․ հունիսի 4-ին Նիկոսիայում Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջորջ Կատրուգալոսի հանդիպմանը:Նախարարները որոշել են հաստատել եռակողմ գործընկերություն իրենց երկրների միջև։Նախարարները համաձայնել են, որ երեք երկրների` ընդհանուր արժեքների, մշակույթի և ժառանգության վրա հիմնված եռակողմ համագործակցությունն առաջնորդվում է միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների նկատմամբ հարգանքի սկզբունքներով:Նշվել է, որ այս եռակողմ համագործակցության միակ նպատակը խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումն է մասնակից երկրների միջև լայն քաղաքական երկխոսության և համագործակցության միջոցով։Նախարարները հաստատել են եռակողմ համագործակցության կարևորությունն ու արդյունավետությունը և ընդգծել իրենց հանձառությունն ընդլայնելու և խորացնելու իրենց եռակողմ համագործակցությունը և առանձնացնելու փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը և ներդրումները, գյուղատնտեսությունը, կրթությունը և գիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և նորարարությունը, առողջապահությունը, ճգնաժամերի կառավարումը, մշակույթը և զբոսաշրջությունը՝ ընդգծելով դրանց կարևորությունը երեք երկրների տնտեսությունների և քաղաքացիների համար, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:Երկրները որոշել են կիսվել տեղեկատվությամբ, փոխանակել լավագույն փորձը և գիտելիքները և առաջիկա ամիսների ընթացքում վերոնշյալ ոլորտներում համագործակցության համար հստակ առաջարկներ ներկայացնել, որոնք պետք է քննարկվեն երկրորդ եռակողմ հանդիպմանը:Ավելին, նախարարները համաձայնել են առավել ընդլայնել իրենց համագործակցությունը միջազգային հարթակներում և ընդգծել աշխարհի՝ որոշումների կայացման կենտրոններում սփյուռքի հիմնախնդիրների շուրջ գործողությունների համակարգման կարևորությունը։Նախարարները մտքեր են փոխանակել Կիպրոսի հիմնախնդրի և Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու խախտումների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի և Պրեսպայի համաձայնագրի կիրարկման շուրջ: Նրանք նաև քննարկել են միջազգային օրակարգի հարցեր և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների։Ավելին, նրանք քննարկել են Եվրամիության և ՀՀ միջև հարաբերությունները։ Կիպրոսը և Հունաստանն իրենց աջակցությունն են հայտնել այս հարաբերությունների ամրապնդմանը՝ Արևելյան գործընկերության, ինչպես նաև մի կողմից Եվրամիության և Եվրոպական ատոմային էներգիայի համայնքի և նրա անդամների և մյուս կողմից Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որը ստորագրվել է 2017թ․ նոյեմբերի 24-ին, և որի ժամանակավոր կիրարկումը մեկնարկել է 2018թ․ հունիսի 1-ից։ Այս առնչությամբ նախարարներն կարևորել են բոլոր կողմերի կողմից Համաձայնագրի արագ վավերացումը, ինչը հնարավոր կդարձնի վերջինիս՝ ամբողջական ուժի մեջ մտնելը։
07:18 - 05 հունիսի, 2019
Առաջիկայում սպասում ենք ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման. Կիպրոսի ԱԳ նախարար |news.am|

Առաջիկայում սպասում ենք ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման. Կիպրոսի ԱԳ նախարար |news.am|

news.am։ Կիպրոսն աջակցում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ինչպես «Արեւելյան գործընկերության», այնպես էլ ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ Այս մասին ասել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսը Հունաստանի արտգործնախարար Յորգոս Կատրունգալոսի եւ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ եռակողմ հանդիպումից հետո։«Գործընկերության մասին համաձայնագրի առումով ես կցանկանայի ավելացնել, որ մենք սպասում ենք, որ առաջիկա շաբաթներին Ներկայացուցիչների պալատը կվավերացնի այն։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելը ԵՄ-Հայաստան հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնի»,- նշել է նա։Խրիստոդուլիդեսն ավելացրել է, որ հանդիպման ընթացքում նրանք պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների եւ տարբեր բազմակողմ ֆորումների շրջանակում։ Նախարարները նաեւ կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության լուծման հարցի եւ Պրեսպանյան համաձայնագրի կատարման վերաբերյալ։
14:23 - 04 հունիսի, 2019
Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ

Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 4-ին հանդիպեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսին:Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները բարձր գնահատեցին երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան` ընդգծելով, որ պարբերաբար տեղի ունեցող փոխայցելությունները և հանդիպումները նոր լիցք են հաղորդում հայ-կիպրական բազմաոլորտ համագործակցությանը և քաղաքական օրակարգի խթանմանը: «Մեզ միավորում են քաղաքակրթական ամուր կապեր, որոնց հիմքում մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն է: Մեր պարտավորությունն է գործնական քայլեր ձեռնարկել մեր երկու երկրների միջև առկա հարաբերություններն առավել զարգացնելու և նշանակալիորեն առավել բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ», - նշեց ԱԳ նախարար Մնացականյանը:Որպես համագործակցության կարևոր ուղղություններ զրուցակիցներն ի թիվս այլոց առանձնացրեցին զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, էներգետիկ անվտանգության ոլորտները, որտեղ առկա են համագործակցության ընդլայնման հեռանկարներ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ եռակողմ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափում:Ընդգծելով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության խորհրդարանական հարթակի ձևավորման կարևորությունը՝ կողմերը հույս հայտնեցին, որ այն կարող է անհրաժեշտ շրջանակ ապահովել գործնական համագործակցության արդյունավետ զարգացման համար: Այս առնչությամբ զրուցակիցները գոհունակությամբ նշեցին միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում ձևավորված սերտ համագործակցությունը, մասնավորապես ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման շուրջ գործադրվող համատեղ ջանքերը:Անդրադարձ կատարելով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և կարևորեց այդ համաձայնագրի շրջանակներում Կիպրոսի հետ համագործակցության հնարավորությունները:Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ:
10:04 - 04 հունիսի, 2019
Չեխիայի արդարադատության նախարար Մարիյե Բենեշովան հանդիպել է երկրում ՀՀ դեսպանի հետ

Չեխիայի արդարադատության նախարար Մարիյե Բենեշովան հանդիպել է երկրում ՀՀ դեսպանի հետ

Մայիսի 27-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Չեխիայի արդարադատության նախարար Մարիյե Բենեշովան (Marie Benešová):ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեսպանը շնորհավորեց Մարիյե Բենեշովային նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նախարարը, ողջունելով ՀՀ նորանշանակ դեսպանին, բարձր գնահատական տվեց Հայաստանի և Չեխիայի միջև ընթացող քաղաքական երկխոսությանը, ինչպես երկկողմ և բազմակողմ մակարդակներով, այնպես էլ՝ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին արդարադատության բնագավառում հայ-չեխական համագործակցության հարցեր, կարևորվեց Չեխիայի անցումային շրջանի փորձի ուսումնասիրումը: Աշոտ Հովակիմյանը նախարարին մանրամասն ներկայացրեց Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացները, ինչպես նաև տրամադրեց նախաձեռնվող դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվություն:
06:10 - 30 մայիսի, 2019
Հայաստանը և Ուրուգվայը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակը |azatutyun.am|

Հայաստանը և Ուրուգվայը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարությունը հրապարակել են մամլո հաղորդագրություններ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակի առթիվ։Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում ասված է․«Մայիսի 27-ին լրանում է Հայաստանի և Ուրուգվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակը:Անցած տարիների ընթացքում փոխադարձ հարգանքի և համակրանքի հիման վրա երկու պետությունների և ժողովուրդների միջև հաստատվել են ջերմ բարեկամության և սերտ համագործակցության կապեր: Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության հիմնումը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։Գոհունակությամբ պետք է նշել, որ հայ-ուրուգվայական հարաբերություններում կարևոր դերակատարություն ունի հայ համայնքը, որը հաստատվել է Ուրուգվայում Մեծ Եղեռնից հետո: Ցեղասպանության ճանաչման գործընթացում Ուրուգվայը ստանձնեց առաջամարտիկի դերը՝ օրինակ ծառայելով ամբողջ աշխարհին և այդպիսով ցույց տալով իր հավատարմությունը համամարդկային արժեքներին։Հայաստանը բարձր է գնահատում Ուրուգվայի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին համոզմունք է հայտնում, որ ապագայում Հայաստանի և Ուրուգվայի հարաբերությունները է՛լ ավելի կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»:Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում, որը տեղադրված նախարարության պաշտոնական կայքէջում, նշվում է, որ եղբայրական կապերը արմատավորվել են հազարավոր հայերի կարևոր գաղթով 20-րդ դարի սկզբում, որոնք մեծ ներդրում են ունեցել երկրի հասարակական և տնտեսական զարգացման գործում։«27 տարվա ընթացքում Հայաստանի և Ուրուգվայը ամրապնդել են երկկողմ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի հանդեպ համաձայնեցված քաղաքականության շնորհիվ։Կարևորելով մարդու իրավունքների պաշտպանությունը և իրավական պետության առկայությունը՝ Ուրուգվայն ու Հայաստանը համաձայն են, որ միջազգային խաղաղությունը և անվտանգությունը պետք է հիմնված լինեն այն սկզբունքների վրա, որոնք են՝ հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ուժի կամ ուժի սպառնալիքի բացառումը, պետությունների տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ազատ արտահայտումը։Երևանում վերջերս Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացումը վկայում է, որ երկու երկիրների միջև կան գերազանց հարաբերություններ, և այն մի քայլ առաջ է՝ ամրապնդելու համար երկու ժողովուրդների միջև բարեկամությունն ու համագործակցությունը», - ասված է Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության հաղորդագրությունում:
06:07 - 28 մայիսի, 2019
Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի ԵՄ հարցերով գլխավոր քարտուղար Ռորի Մոնթգոմերիին

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի ԵՄ հարցերով գլխավոր քարտուղար Ռորի Մոնթգոմերիին

Մայիսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի ԵՄ հարցերով գլխավոր քարտուղար Ռորի Մոնթգոմերիին և Հայաստանում Իռլանդիայի դեսպան Մայքլ Ֆորբսին։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու առկա մեծ ներուժի հիման վրա հայ-իռլանդական երկկողմ օրակարգի առավել խորացման և հարստացման ուղղությամբ: Որպես համագործակցության կարևոր ուղղություն զրուցակիցներն առանձնացրեցին բարձր տեխնոլոգիաների, նորարարության, ստեղագործ կրթության ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ այդ առնչությամբ գոhունակություն հայտնելով միջազգային կառույցներում երկու երկրների միջև համագործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ: Անդրադարձ կատարելով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ կարևորեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հատկապես Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացի և Կառավարության՝ զարգացման օրակարգի առաջմղմանն ուղղված ջանքերի համատեքստում։ Նույն օրն իռլանդական պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ինչպես նաև՝ շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որից հետո գրառում կատարեց Հուշամատյանում։
17:00 - 27 մայիսի, 2019
Հայաստանի և Չինաստանի միջև առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ կմտնի համաձայնագրի վավերացման ընթացակարգերի ավարտից հետո. ԱԳՆ խոսնակ |armenpress.am|

Հայաստանի և Չինաստանի միջև առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ կմտնի համաձայնագրի վավերացման ընթացակարգերի ավարտից հետո. ԱԳՆ խոսնակ |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարների միջև ստորագրված մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետությունների կողմից դրա վավերացման ընթացակարգերի ավարտից հետո. մինչ այդ կգործի վիզաների առկա համակարգը։ Այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:-Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները մայիսի 25-ին ստորագրեցին սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիր: Կարող եք նշել, թե երբ հնարավոր կլինի ակնկալել այդ համաձայնագրի ուժի մեջ մտնելը: -Գիտեք, ստորագրված միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում երկու պետությունների կողմից դրա վավերացման կամ հաստատման ընթացակարգերի ավարտից հետո։ Տվյալ համաձայնագրի առնչությամբ նշեմ, որ երկու կողմից այդ ընթացակարգերի ավարտից հետո ԱԳՆ֊ն հանրությանը կիրազեկի համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվա մասին: Մինչև պայմանագրի ուժի մեջ մտնելը երկու երկրների միջև դեռևս գործում է վիզաների առկա համակարգը:
11:50 - 27 մայիսի, 2019
Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին

Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին

Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր հանձնառությունը: Այս մասին ամերիկյան CNN-ին տված մեկնաբանության մեջ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով խնդրին, որ անբավարար անվտանգության երաշխիքների պատճառով «Արսենալ»-ի կազմում Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա Բաքվում: «Ադրբեջանական հասարակությունում և մամուլում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումների հանդեպ հանդուրժողականությունը և անվտանգության բացահայտ ռիսկերը անհնարին դարձրեցին «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` իր թիմի հետ Բաքու մեկնելը: Եվրոպայի լիգայի եզրափակիչը կարող էր լավ հնարավորություն լինել Ադրբեջանի համար՝ կյանքի կոչելու իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը՝ տարանջատել սպորտը քաղաքականությունից, ինչպես նաև ի ցույց դնել հանդուրժողականության և ոչ խտրական վերաբերմունք ցուցաբերելու իր կարողությունը։ Այս հնարավորությունը անդառնալի կերպով բաց թողնվեց»,- նշել է Նաղդալյանը։ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել էր, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու: Ակումբն այդ որոշումն ընդունել է հայազգի մարզիկի անվտանգությունը երաշխավորելու համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի մայրաքաղաքում Մխիթարյանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի հավանականությունը: Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը պնդում է, թե տրամադրել է բոլոր հնարավոր երաշխիքները, որպեսզի Մխիթարյանը մասնակցի Բաքվում կայանալիք եզրափակչին: Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը նույն CNN-ի հետ զրույցում անգամ հեգնել էր՝ ասելով. «Ի՞նչ հավելյալ երաշխիքներ են պետք: Ավելին քան երաշխի՞ք: Ավելի քան 100 տոկո՞սը: Մենք արել ենք հնարավոր ամեն բան: Ուրիշ ի՞նչ պետք է անեինք: Մասնավոր ինքնաթի՞ռ ուղարկեինք: Ուղեկցեինք F16 ռազմական կործանիչներով կամ ռազմանավերո՞վ»: Երբ Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատեց, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը Բաքվում՝ ելնելով անվտանգության նկատառումներից, խաղը Բաքվում անցկացնելու որոշումն ավելի փոթորկեց երկրպագուների և բազմաթիվ սպորտային մեկնաբանների ու ֆուտբոլային վերլուծաբանների դժգոհությունը: Ֆուտբոլային վերլուծաբանների կողմից հնչել են անգամ հանդիպումը երկու ակումբների կողմից բոյկոտելու առաջարկներ:
08:40 - 25 մայիսի, 2019