ՀՀ, Հունաստանի և Կիպրոսի ղեկավարների մակարդակով առաջին գագաթնաժողովը ՀՀ-ում՝ 2020-ին
07:18 - 05 հունիսի, 2019

ՀՀ, Հունաստանի և Կիպրոսի ղեկավարների մակարդակով առաջին գագաթնաժողովը ՀՀ-ում՝ 2020-ին

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ղեկավարների և/կամ կառավարությունների մակարդակով առաջին գագաթնաժողովը կհյուրընկալի Հայաստանը 2020-ի հունվարին: Այդ մասին ասվել է 2019թ․ հունիսի 4-ին Նիկոսիայում Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջորջ Կատրուգալոսի հանդիպմանը:

Նախարարները որոշել են հաստատել եռակողմ գործընկերություն իրենց երկրների միջև։
Նախարարները համաձայնել են, որ երեք երկրների` ընդհանուր արժեքների, մշակույթի և ժառանգության վրա հիմնված եռակողմ համագործակցությունն առաջնորդվում է միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների նկատմամբ հարգանքի սկզբունքներով:

Նշվել է, որ այս եռակողմ համագործակցության միակ նպատակը խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումն է մասնակից երկրների միջև լայն քաղաքական երկխոսության և համագործակցության միջոցով։

Նախարարները հաստատել են եռակողմ համագործակցության կարևորությունն ու արդյունավետությունը և ընդգծել իրենց հանձառությունն ընդլայնելու և խորացնելու իրենց եռակողմ համագործակցությունը և առանձնացնելու փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը և ներդրումները, գյուղատնտեսությունը, կրթությունը և գիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և նորարարությունը, առողջապահությունը, ճգնաժամերի կառավարումը, մշակույթը և զբոսաշրջությունը՝ ընդգծելով դրանց կարևորությունը երեք երկրների տնտեսությունների և քաղաքացիների համար, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Երկրները որոշել են կիսվել տեղեկատվությամբ, փոխանակել լավագույն փորձը և գիտելիքները և առաջիկա ամիսների ընթացքում վերոնշյալ ոլորտներում համագործակցության համար հստակ առաջարկներ ներկայացնել, որոնք պետք է քննարկվեն երկրորդ եռակողմ հանդիպմանը:

Ավելին, նախարարները համաձայնել են առավել ընդլայնել իրենց համագործակցությունը միջազգային հարթակներում և ընդգծել աշխարհի՝ որոշումների կայացման կենտրոններում սփյուռքի հիմնախնդիրների շուրջ գործողությունների համակարգման կարևորությունը։

Նախարարները մտքեր են փոխանակել Կիպրոսի հիմնախնդրի և Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու խախտումների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի և Պրեսպայի համաձայնագրի կիրարկման շուրջ: Նրանք նաև քննարկել են միջազգային օրակարգի հարցեր և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների։

Ավելին, նրանք քննարկել են Եվրամիության և ՀՀ միջև հարաբերությունները։ Կիպրոսը և Հունաստանն իրենց աջակցությունն են հայտնել այս հարաբերությունների ամրապնդմանը՝ Արևելյան գործընկերության, ինչպես նաև մի կողմից Եվրամիության և Եվրոպական ատոմային էներգիայի համայնքի և նրա անդամների և մյուս կողմից Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որը ստորագրվել է 2017թ․ նոյեմբերի 24-ին, և որի ժամանակավոր կիրարկումը մեկնարկել է 2018թ․ հունիսի 1-ից։

Այս առնչությամբ նախարարներն կարևորել են բոլոր կողմերի կողմից Համաձայնագրի արագ վավերացումը, ինչը հնարավոր կդարձնի վերջինիս՝ ամբողջական ուժի մեջ մտնելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել