ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Կայացել է եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման փաստաթղթի մշակման խմբի նիստը

Կայացել է եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման փաստաթղթի մշակման խմբի նիստը

Ապրիլի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացավ «Մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները» փաստաթղթի մշակման աշխատանքային խմբի երրորդ նիստը՝ ԵԱՏՄ անդամ պետությունների պետական կառավարման շահագրգիռ մարմինների ղեկավարների տեղակալների ու փորձագետների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստի օրակարգում ներառված էին «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի կապակցությամբ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամների համատեղ հայտարարության» և «Մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» նախագծերը: Նիստի արդյունքներով ամփոփվեց համատեղ հայտարարության նախագծի համաձայնեցումը և որոշվեց այն ներկայացնել ԵՏՀ խորհրդի հաստատմանը: Կողմերը քննարկեցին մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական հնարավոր ուղղություններն ու դրանց իրականացման ճանապարհային քարտեզի մշակման հետ կապված սկզբունքային հարցերը՝ համաձայնեցնելով հետագա աշխատանքների կազմակերպումը:
17:39 - 30 ապրիլի, 2019
Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Հայոց ցեղասպանությունը. ԱԳՆ

Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Հայոց ցեղասպանությունը. ԱԳՆ

Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր անկյուններում հայերը` հայ ժողովրդի և մարդկության բարեկամների հետ միասին ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Բազմաթիվ ժողովուրդներ, համայնքներ և հասարակություններ միացան այս ոգեկոչմանն ամբողջ աշխարհում: Մենք երախտապարտ ենք նրանց բոլորին՝ աշխարհի տարբեր երկրների առաջնորդներին, խորհրդարանականներին, բարերարներին, գիտնականներին, լրագրողներին և մարդու իրավունքների պաշտպաններին` Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի օրը հայ ժողովրդի կողքին կանգնելու համար: Այս մասին ասվում է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման վերաբերյալ ԱԳՆ հայտարարության մեջ։ «Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է կառչած մնալ ժխտողականության խորշելի քաղաքականությանը՝ ցուցաբերելով Ցեղասպանության զոհերի արժանապատվությանն ու հիշատակի հանդեպ վիրավորանք և անցյալի հետ առերեսվելու անկարողություն, ինչը կրկին արտացոլվեց Թուրքիայի նախագահի՝ այս տարվա ապրիլի 24-ի ուղերձում: Ցեղասպանության զոհերի անվանարկումը՝ որպես «հայկական հրոսակախմբերի և նրանց կողմնակիցների» առավել վիրավորական է և ցավալի: Օսմանյան կայսրության կողմից «վերաբնակեցման» քողի տակ ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության արդարացումը և ապա դրա՝ որպես «առավել ողջամիտ գործողություն» որակումն առանձնապես ցնցող է, սակայն միևնույն ժամանակ այն վկայում է Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդին՝ որպես ազգային, էթնիկ և կրոնական խմբին ամբողջովին կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրության մասին՝ համաձայն Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին Կոնվենցիայի սահմանման: Ավելին, Թուրքիան հետևողականորեն փորձում է նաև կրոնական երանգ հաղորդել իր ժխտողականությանը, ինչն առավել քան զազրելի է: Աշխարհում ոչ մի կրոն չի կարող արդարացնել ցեղասպանություն իրականացրած հանցագործներին և նրանց աջակիցներին: Հայոց ցեղասպանության պատմությունը, որում բազում են իսլամական համայնքների ներկայացուցիչների՝ ներառյալ կրոնական առաջնորդների կողմից զոհերի փրկության դեպքերը, ինչպես նաև Հայո ցեղասպանության միջազգային լայն ճանաչումը և դատապարտումը դրա օրինակն է: Ինչպես 1915 թ., այնպես էլ ավելի քան մեկ դար անց, Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բացահայտորեն մարտահրավեր նետել միջազգային հանրային կարծիքին և պատմական իրականությանը: Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտողականության և արդարացման քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան առավել ծանր հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարի, հաշվետվողականության, հաշտեցման և ցեղասպանության կանխարգելման ջանքերի դեմ ուղղված գործողություն: Այն խոչընդոտում է միջազգային հանրության կարևոր ջանքերը` կանխելու այնպիսի իրավիճակներ, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության հանցագործությանը: Այս գործողություններն ու քաղաքականությունն ատելություն և առավել ծանր հանցագործություններ խթանող ակնհայտ քայլեր են, դրանք ի ցույց են դնում ժողովուրդներին ցեղասպանությունից պաշտպանելու Թուրքիայի կառավարության անկարողությունը և պատասխանատվության ձախողումը, և սպառնալիք են հանդիսանում միջազգային և տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը: Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Հայոց ցեղասպանության զոհերի և այն վերապրածների հիշատակին և արժանապատվությանն ուղղված վիրավորանքը և առավել վճռական քայլեր ձեռնարկել՝ ժողովուրդներին ցեղասպանությունից պաշտպանելու պետությունների պատասխանատվության ամրապնդման, անպատժելիության դեմ պայքարի և նմանօրինակ հանցագործությունների, այդ թվում՝ դրանց հրահրման կանխարգելման ուղղությամբ: Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչումը և արժանապատվության հարգումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ամենակարևոր գործիքներն են»,-ասված է հաղորդագրության մեջ։
18:23 - 27 ապրիլի, 2019
Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Երևանում  կայացան Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, բուլղարականը` Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալ Յուրի Շտերկը։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-բուլղարական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով միջխորհրդարանական կապերի ակտիվացման, առևտրատնտեսական, գիտամշակութային և իրավապայմանագրային բնագավառներին առնչվող հարցերին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, կողմերն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Արևելյան գործընկերության ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցության խորացման հեռանկարներին: Կողմերը երկուստեք գոհունակություն հայտնեցին մարտի 12-13-ը Երևանում կայացած hայ-բուլղարական Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի և դրա շրջանակներում կայացած գործարար համաժողովի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների առնչությամբ` կարևորելով վերջիններիս իրագործման ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկումը: Փոխնախարար Ադոնցը շնորհակալություն հայտնեց Հայաստանում ԲՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ «Պաշտպանի աշխատակազմը կամրապնդի կարողությունները սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում» և «Երեխայի խնամքի համակարգի բարեփոխում. Բուլղարիայի փորձի ուսումնասիրում և ներդրում» ծրագրերի իրականացման կապակցությամբ։ Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։
09:07 - 24 ապրիլի, 2019
Հայաստանի ԱԳՆ-ը դատապարտում է Շրի Լանկայում վախկոտ հարձակումները

Հայաստանի ԱԳՆ-ը դատապարտում է Շրի Լանկայում վախկոտ հարձակումները

Հայաստանի ԱԳՆ-ը դատապարտում է Շրի Լանկայում վախկոտ հարձակումները: Այդ մասին ասվում է երկրի ԱԳՆ-ի թվիթերյան էջում հրապարակված հայտարարության մեջ: «Ցնցված ենք Շրի Լանկայից սարսափելի հաղորդագրություններով: Հարյուրավոր անմեղ մարդիկ դաժանաբար սպանվել են այս սուրբ օրվա ընթացքում: Մենք դատապարտում ենք վախկոտ հարձակումները՝ խորին ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին, եւ մաղթում ենք տուժածներին շուտափույթ ապաքինում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Հայաստանի ԱԳՆ-ը ճշտում է պայթյունների հետեւանքով զոհերի եւ տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայության տեղեկատվությունը: Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, ապրիլի 21-ի առավոտյան Շրի Լանկայում տեղի են ունեցել 8 պայթյուններ: Վերջին տվյալներով՝ Շրի Լանկայի երեք հյուրանոցներում եւ երեք եկեղեցիներում վեց պայթյունների հետեւանքով զոհվել է 185 մարդ, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ: Շուրջ 500 մարդ վիրավերվել է:
11:26 - 21 ապրիլի, 2019
Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է ԵԱՀ ՆՊ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հետ

Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է ԵԱՀ ՆՊ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հետ

Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵԱՀ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Քարիմ Դարվիշի (Karim Abdel Darvish) հետ։ Քարիմ Դարվիշը շնորհավորել է Կարեն Գրիգորյանին Եգիպտոսում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել Եգիպտոսի հայ համայնքի կարևոր դերը երկու բարեկամ երկրներն առավել ամուր կապելու գործում։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է նաև, որ անձնապես մեծ համակրանք ունի հայ ժողովրդի նկատմամբ և ծանոթ է նրա պատմությանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Գրիգորյանը նշել է՝, որ Եգիպտոսը և եգիպտացիները հայ ժողովրդի պատմության ամենացավալի ժամանակաշրջանում օգնության ձեռք են մեկնել հայերին, հյուրընկալելով ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայերի, և Հայաստանը դա երբեք չի մոռանում։ Նա հավելել է, որ Եգիպտոսում հայերը մշտապես իրենց դրսևորել են որպես օրինպաշտ քաղաքացիներ՝ մեծ ներդրում ունենալով Եգիպտոսի հասարակական և մշակութային կյանքում։ Անդրադառնալով երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության խորացմանը՝ դեսպան Գրիգորյանն ու Քարիմ Դարվիշին երկուստեք կարևորել են համապատասխան բարեկամության խմբերի սերտ աշխատանքների իրականացումը։
05:32 - 18 ապրիլի, 2019
ԱԳ նախարարի հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

ԱԳ նախարարի հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Ապրիլի 17-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել Դը Սարնեզի հետ: Նախարար Մնացականյանը նշեց, որ իր այցը լավ հնարավորություն է՝ անդրադառնալու հայ-ֆրանսիական հարաբերությունների լայն օրակարգին, երկու ժողովուրդների միջև առկա ավանդական սերտ բարեկամությանը, որի զգացողությունն ամենուր է: Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Այս առնչությամբ զրուցակիցները բարձր գնահատեցին խորհրդարանական դիվանագիտության դերը՝ վերահաստատելով այդ ոլորտում սերտ համագործակցություն ծավալելու պատրաստակամությունը: Զոհրաբ Մնացականյանը Մարիել Դը Սարնեզին տեղեկացրեց ՀՀ Ազգային ժողովում Հայաստան-Ֆրանսիա պատգամավորական բարեկամության նորաստեղծ խմբի մասին՝ ընդգծելով, որ հայկական կողմը ջանք չի խնայելու երկու երկրների բարեկամության և պատմական հարուստ ավանդույթների վրա հիմնված կապերի առավել սերտացման համար: Նախարար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգին, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանումն է: Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ-ֆրանսիական բազմաոլորտ փոխգործակցության շրջանակներում ձևավորված սերտ կապերը տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներն ունեն զարգացման և առավել խորացման մեծ ներուժ: Անդրադարձ կատարելով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ կարևորեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ինչպես Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացի և կառավարության զարգացման օրակարգի առաջմղման, այնպես էլ՝ ԵՄ և Եվրամիության անդամ երկրների հետ բազմակողմ և երկկողմ ձևաչափերով համագործակցության խթանման առումով: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ:
16:43 - 17 ապրիլի, 2019
Ադրբեջանը պատրաստ է իր տարածքում ընդունել հայ լրագրողներին |tert.am|

Ադրբեջանը պատրաստ է իր տարածքում ընդունել հայ լրագրողներին |tert.am|

tert.am: Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացած հանդիպմանը՝ նկատելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում տևական ժամանակահատվածի ընթացքում առաջին անգամ դրական տեղաշարժ է արձանագրվել: Մնացականյանն ու Մամեդյարովը պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հիմքով հարազատներին թույլ տալ այցելել հակամարտող երկրներում գտնվող ազատազրկվածներին, ինչպես նաև ակտիվացնել լրատվամիջոցների ոլորտում փոխանակումները: Եվ թեպետ «Կոմերսանտ»-ի՝ Երևանում և Բաքվում զրուցակիցներն ակնարկել են, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածության նվազման ֆոնին առաջընթացի մասին խոսելը դեռևս վաղ է, այնուհանդերձ, ըստ աղբյուրի, կողմերին հաջողվել է դրական տեղաշարժերի հասնել: «Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ երեք ժամ տևած բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քայլ առաջ են արել: Նրանք պայմանավորվել են «գյուղատնտեսական աշխատանքների» իրականացման ժամանակ շփման գծում ապահովել կայունություն, ինչպես նաև «փոխադարձ հիմքով քայլեր ձեռնարկել ազատազրկման մեջ գտնվող անձանց հարազատների համար տեսակցություններ կազմակերպելու հարցում»:  Քննարկվել է նաև «լրատվամիջոցների ներկայացուցիչների փոխադարձ ուղևորությունների» հարցը»,-գրում է պարբերականը՝ հիշեցնելով, որ այս տարվա փետրվարին ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Շահին Հաջիևը Հայաստան էր եկել՝ այստեղից մի շարք ռեպորտաժներ հրապարակելով: «Կոմերսանտ»-ի այն հարցադրմանը, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է իր տարածքում հայ լրագրողների ընդունել, երկրի արտգործնախարարության ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հաստատող պատասխան է տվել. «Բաքվում միշտ էլ տրամադրված են եղել Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանն ու ամրապնդմանն ուղղված պայմանների ստեղծմանը»: Աղբյուրը նկատում է, որ հակամարտող պետություններում ազատազրկվածների տեսակցության հարցը ոչ պակաս արդիական է կողմերի համար, քանի որ երկու երկրում էլ հարևան պետությունից ազատազրկվածներ կան: ՀՀ ԱԳՆ-ն ներկայացնող աղբյուրը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում ակնարկել է, որ թե՛ ՀՀ, թե՛ ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ադրբեջանցի ազատազրկվածների հարազատներին այցելության թույլտվություն տալ: Նույն հարցի առնչությամբ Լեյլա Աբդուլաևան ասել է, թե ադրբեջանական իշխանությունները «երբեք կոշտ արգելքներ չեն սահմանել» իրենց քաղաքացիների կողմից դեպի Հայաստան և առավել ևս «շրջափակված տարածքներ» այցելությունների համար:
12:16 - 16 ապրիլի, 2019
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունել է ՖՄԿ հետ համագործակցության վերաբերյալ Հայաստանի համակարգմամբ ներկայացված բանաձևը

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունել է ՖՄԿ հետ համագործակցության վերաբերյալ Հայաստանի համակարգմամբ ներկայացված բանաձևը

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է  ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության վերաբերյալ բանաձևը, որի բանակցային գործընթացը ՄԱԿ-ում համակարգվել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող Հայաստանի կողմից: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, բանաձևը Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի հաստատմանը ներկայացրել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Սոֆյա Սիմոնյանը` նշելով, որ բանաձևն անդրադառում է ՄԱԿ-ՖՄԿ միջև բազմաոլորտ համագործակցությանն ու կապերին և ամփոփում է Ֆրանկոֆոնիայի` Երևանում կայացած 17-րդ գագաթաժողովի հիմնական արդյունքները։ Բանաձևի ընդունման կապակցությամբ Գլխավոր ասամբլեայում ելույթներով  հանդես եկած մի շարք պատվիրակություններ շնորհակալություն են հայտնել Հայաստանին` Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահելու և բանաձևի նախագծի շուրջ ՄԱԿ-ում բանակցային ակտիվ գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար:
10:33 - 16 ապրիլի, 2019
ՀՀ դեսպանը հանդիպել է Իրաքի մուսուլմանական հոգեւոր առաջնորդների հետ. քննարկել են նաեւ Ցեղասպանության հարցը

ՀՀ դեսպանը հանդիպել է Իրաքի մուսուլմանական հոգեւոր առաջնորդների հետ. քննարկել են նաեւ Ցեղասպանության հարցը

Ապրիլի 15-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը դեսպանությունում ընդունեց Իրաքի Կրոնական ազգային խորհրդի նախագահ Շեյխ Յուսեֆ ան-Նասրիին (Shaykh Yousif Al-Nasri), Իրաքի կառավարությանը կից Համակեցության եւ համայնքային խաղաղության մշտական հանձնաժողովի անդամներին, ինչպես նաեւ՝ նրանց ուղեկցող հոգեւորականների պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում մուսուլմանական հոգեւոր առաջնորդները ներկայացրեցին Իրաքում ազգային եւ կրոնական միջհամայնքային փոքրամասնությունների համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները՝ ընդգծելով իրաքահայ համայնքի եւ Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի անգնահատելի դերն այս գործում՝ հատկապես պատերազմական եւ դրան հաջորդած ժամանակահատվածում։ Հոգեւոր առաջնորդների հետ հանդիպմանը քննարկվեցին նաեւ Հայոց ցեղասպանության հետ առնչվող հարցեր։ Իրաքի Կրոնական ազգային խորհրդի նախագահ Շեյխ Յուսեֆ ան-Նասրին, խստորեն դատապարտելով Օսմանյան կայսրությունում իրականացված անմարդկային ոճրագործությունը, ընդգծեց, որ թուրքական ներկա իշխանությունները, հանուն իրենց սերունդների, պետք է հայցեն հայ-ժողովրդի ներողամտությունը կատարվածի համար։ Հանդիպման վերջում հոգեւոր առաջնորդները փոխանցեցին իրենց ողջույններն ու բարեմաղթանքները Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ շեշտելով Իրաքում կրոնական եւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրաքյան իշխանությունների պետական հոգածությունը՝ կարեւորելով հատկապես Իրաքի բազմազգ եւ բազմակրոն խճանկարում երկու ժողովուրդների միջկրոնական համերաշխությանն ուղղված կապերի զարգացման անհրաժեշտությունը։
08:20 - 16 ապրիլի, 2019
Ադրբեջանի, ՀՀ-ի և ՌԴ-ի ԱԳ նախարարների հայտարարությունը ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ

Ադրբեջանի, ՀՀ-ի և ՌԴ-ի ԱԳ նախարարների հայտարարությունը ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ

Ապրիլի 15-ին Մոսկվայում ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային հանդիպումը, որին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Ի զարգացումն ս.թ. մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Տեղի ունեցավ մտքերի հանգամանալի փոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատեցին կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվեց շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվեցին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով: Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը միջնորդական առաքելությանը՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին շարունակել շփումները մոտ ապագայում:
13:11 - 15 ապրիլի, 2019