Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Տիգրան Ավինյանն ընդունել է «Ֆրաունհոֆեր» ինստիտուտի պատվիրակությանը, քննարկվել են համատեղ նախագծերին առնչվող հարցեր

Տիգրան Ավինյանն ընդունել է «Ֆրաունհոֆեր» ինստիտուտի պատվիրակությանը, քննարկվել են համատեղ նախագծերին առնչվող հարցեր

Մայիսի 2-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող 70-ից ավելի գիտահետազոտական կենտրոններ միավորող «Ֆրաունհոֆեր» ինստիտուտի պատվիրակությանը՝ Բիզնեսի զարգացման և եվրոպական հարցերով տնօրեն Յենս Գյունթեր Նոյգեբաուերի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Ավինյանն ընդգծել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս տնտեսության տարբեր ճյուղերում նորարարական մոտեցումների և ժամանակակից գիտության ընձեռած հնարավորությունների առավելագույնս օգտագործմամբ մրցակցային և տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծմանը: Այս համատեքստում ՀՀ փոխվարչապետը կարևորել է միջազգային հեղինակավոր գիտա-կրթական հաստատությունների հետ համագործակցությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յենս Գյունթեր Նոյգեբաուերը նշել է, որ իրենք մեծ ներուժ են տեսնում Հայաստանի հետ տարբեր ծրագրերի իրականացման համար այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են թվայնացման միջոցով մշակութային ժառանգության պահպանությունը, վերամշակվող էներգետիկան, արտադրական տարբեր ոլորտներում արհեստական բանականության ներմուծումը և այլն: Ավելացվել է, որ «Ֆրաունհոֆեր» ինստիտուտը նոր հնարավորություններ է փնտրում միջազգային համագործակցության համար՝ կարևորելով այս տեսանկյունից նաև Հայաստանի դերակատարությունը: Ինստիտուտի ներկայացուցիչները ՀՀ փոխվարչապետին են ներկայացրել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի հետ իրականացվող աշխատանքները: Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում կրթական հաստատություններում տնտեսության համար առավել կարևոր գիտական նվաճումների ուսուցման կենտրոնների ստեղծման խնդիրների շուրջ:
13:52 - 02 մայիսի, 2019
Տիգրան Ավինյանը ներկայացրեց ՀՀ հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին

Տիգրան Ավինյանը ներկայացրեց ՀՀ հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին

Ապրիլի 23-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ներկայացրեց Ազգային Ժողովի որոշմամբ, հինգ տարի պաշտոնավարման ժամկետով հանձնաժողովի նախագահ նշանակված Գարեգին Բաղրամյանին: ՀՀ փոխվարչապետը հույս հայտնեց, որ կարգավորող հանձնաժողովի նոր նախագահը իր պաշտոնավարման ընթացքում, մասնագիտական խորը գիտելիքների և փորձառության շնորհիվ, լավագույնս կիրականացնի մարմնի գործառույթները: Իր պատասխան խոսքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորանշանակ նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ իր աշխատանքը միտված է լինելու մարմնի անկախության, թափանցիկության, սպառողների և տնտեսվարողների շահերի հավասարակշռումը նոր մակարդակի բարձրացնելուն, հանրության հետ կապերի առավել սերտացմանը: Այս ամենի շնորհիվ միայն, սպառողները առավել մեծ վստահություն կունենան հանձնաժողովի կողմից սահմանված ծառայությունների սակագների, ընդունված որոշումների նկատմամբ:  
11:58 - 23 ապրիլի, 2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Ապրիլի 12-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:Ողջունելով և հաջողություն մաղթելով նորանշանակ դեսպանին՝ Տիգրան Ավինյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի էլ ավելի խորացնել երկկողմ փոխշահավետ համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Թրեյսին նշել է, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները լավ հիմք են նաև երկու պետությունների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների հետագա խորացման համար: Տիգրան Ավինյանը զրուցակցին է ներկայացրել «Աշխատիր Հայաստան» ծրագիրը, ինչպես նաև հանրային կառավարման համակարգի արդիականացման և կարողությունների ամրապնդման, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում այս նախաձեռնություններում ամերիկյան կողմի մասնակցության մեծացման հնարավորությունների շուրջ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առևտրա-տնտեսական, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորություններին: 
11:21 - 12 ապրիլի, 2019
Պետք է առաջանցիկ գաղափարներ ստեղծենք և նորարարություն զարգացնենք․ Տիգրան 
Ավինյան |armtimes.com|

Պետք է առաջանցիկ գաղափարներ ստեղծենք և նորարարություն զարգացնենք․ Տիգրան Ավինյան |armtimes.com|

armtimes.com։ Ապրիլի 1-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Տնտեսության և քաղաքականության մոդելավորում օպտիմալ զարգացման համար» միջազգային տնտեսական գիտաժողովին։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Իր ելույթում Տիգրան Ավինյանն ասել է, որ ավելի քան երկու տասնամյակ տևած տնտեսական անցումային շրջանից հետո Հայաստանը ակնհայտ մարտահրավեր ունի` առաջանցիկ տեմպերով բարելավելու տնտեսության արտադրողականությունը և մրցունակությունը։ Այս նպատակներին հասնելու ճանապարհին կարևոր է հատկապես գիտության, նորարարության և տեխնոլոգիաների ունեցած դերի վերագնահատումը, քանզի հենց դրանք են տնտեսական աճի և զարգացման հիմնարար բաղադրիչները: Նորարար բիզնեսի տեսանկյունից Հայաստանն արդեն հաջողություն է գրանցել` կառուցելով արագ զարգացող և միջազգային շուկային կապված ծրագրավորման և ճշգրիտ ճարտարագիտության ծառայությունների կլաստերներ: Ծրագրային ապահովման/տեղեկատվական տեխնոլոգիաների կլաստերը ներառում է ինչպես վերազգային մի շարք ընկերություններ, որոնք տեղակայված են Հայաստանում, այնպես էլ հայկական ընկերություններ, որոնք արդեն իսկ հաջողությամբ արտահանում են իրենց գործունեության արդյունքները և նորարարական տեխնոլոգիաներ ներդնում իրենց արտադրական գործընթացում: Փոխվարչապետն ընդգծել է, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, ու այդ ճանապարհը պիտի լինի ոչ թե զարգացած պետություններին հասնելու համար մրցավազքին մասնակցելը, այլ ավելի առաջանցիկ գաղափարների ստեղծումը և նորարարության զարգացումը: Այս նպատակին հասնելու գործում Հայաստանում առանցքային դեր է խաղալու մարդկային կապիտալի շարունակական զարգացումը, հետևապես` կառավարությունն առաջնահերթություն է սահմանել կրթության, գիտության և առողջապահական ծառայությունների որակի և հասանելիության բարձրացումը, դրանք առավել մարդակենտրոն դարձնելը։ Սա կարևոր է, քանզի արդյունաբերական չորրորդ հեղափոխության ժամանակ առաջնային են ոչ այնքան պետության ֆինանսական կամ բնական ռեսուրսները, որքան մարդու ստեղծարարությունը, տաղանդն ու աշխատասիրությունը և դրանք առարկայացնելու կարողությունը:
13:03 - 01 ապրիլի, 2019
Արտոնյալներ որևէ ոլորտում չեն կարող լինել. Տիգրան Ավինյան |aysor.am|

Արտոնյալներ որևէ ոլորտում չեն կարող լինել. Տիգրան Ավինյան |aysor.am|

aysor.am: Եթե կա օրենք, օրենքը գործում է բոլորի համար, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Կոնստանտին Օրբելյանին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշմանը։ «Սա հստակ պետք է լինի», - նշեց նա։ Տիգրան Ավինյանն ընդգծեց՝ հարգելով Օրբելյանի վաստակը, այնուամենայնիվ, արտոնյալներ որևէ ոլորտում չեն կարող լինել։ Դիտարկմանը, թե Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն էլ երկքաղաքացիություն ունի, բայց զբաղեցնում է պետական պաշտոն, փոխվարչապետն արձագանքեց. «Այստեղ, կարծում եմ, օրենքի խախտում պետք է որ չլինի, որովհետև նախարարի պաշտոնն է, որ թույլ չի տալիս երկքաղաքացիություն ունենալ, փոխնախարարի պաշտոնը թույլ է տալիս երկքաղաքացիություն ունենալ, ու տիկին Ղարիբյանը դե յուրե փոխնախարար է»։
07:36 - 01 ապրիլի, 2019
Միացյալ Թագավորությունն աջակցում է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին

Միացյալ Թագավորությունն աջակցում է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին

Մարտի 29-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը ասել է, որ հայ-բրիտանական հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում: Միաժամանակ նա նշել է, որ առկա է զգալի ներուժ և համոզմունք հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի երկկողմ հարաբերությունները էլ ավելի բարձր մակարդակի հասցնել: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջուդիթ Ֆարնուորթը նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Զրուցակիցները քննարկել են լավ կառավարման, գործարար միջավայրի բարելավման, ներդրումային քաղաքականության ոլորտներում իրականացվող ծրագրերը: Տիգրան Ավինյանը Ջուդիթ Ֆարնուորթին է ներկայացրել «Աշխատիր Հայաստան» ծրագիրը, ինչպես նաև հանրային կառավարման համակարգի արդիականացման ուղղությամբ կառավարության մտադրությունները: Հաշվի առնելով Միացյալ Թագավորության առաջատար փորձը զբաղվածության քաղաքականության և հանրային կառավարման ոլորտներում՝ կողմերը պայմանավորվել են ավելի խորն ուսումնասիրել այդ ուղղություններով համագործակցության հնարավորությունները: ՀՀ կառավարություն
11:33 - 29 մարտի, 2019
Պարգևատրման համակարգը երկար տարիներ ստվերում է գործել. Տիգրան Ավինյան |aysor.am|

Պարգևատրման համակարգը երկար տարիներ ստվերում է գործել. Տիգրան Ավինյան |aysor.am|

aysor.am: Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադրադարձավ քաղաքացիական ծառայության համակարգին: Նա նշեց, որ բավականին շատ խոսվեց պարգևատրման համակարգի մասին, քանի որ վերջապես թափանցիկ տեղեկատվություն տարածվեց: «Այդ համակարգը ստվերում գործել է երկար տարիներ և որոշակի խորքային խնդիրներ է լուծել: Մենք պետք է պարզ խոսենք քաղծառայության, վարձատրության չափերի և այն խնդիրների մասին, որոնք ստեղծվել են այդ համակարգի ոչ արդիական լինելու մասին», - ասաց նա: Տիգրան Ավինյանը նշեց, որ քննարկումները պետք է շարունակել, պետք է պարզ և բաց լինել և պետք է բարձրաձայնել նպատակները: «Արդեն իսկ միգուցե շատ դեպքերին դժվարին թվացող որոշումներ կայացվեն, բայց վստահ եմ, որ դժվարին չեն լինի, եթե ճիշտ խորհրդակցությունը ապահովենք», - ասաց նա:
08:55 - 29 մարտի, 2019
Որևէ տնտեսվարողի նկատմամբ կառավարությունը խտրական վերաբերմունք չունի. Տիգրան Ավինյանը՝ «Լիդիան Արմենիայի» մասին |aysor.am|

Որևէ տնտեսվարողի նկատմամբ կառավարությունը խտրական վերաբերմունք չունի. Տիգրան Ավինյանը՝ «Լիդիան Արմենիայի» մասին |aysor.am|

aysor.am: Որևէ տնտեսվարողի հետ և որևէ տնտեսվարողի նկատմամբ կառավարությունը խտրական վերաբերմունք չունի, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերության և կառավարության միջև եղած հարաբերություններին: Անդրադառնալով ընկերության այն հայտարարությանը, որ եթե նրանց աշխատանքները շարունակվեն խոչընդոտվել, ապա իրենք կդիմեն արբիտրաժային դատարան՝ Ավինյանն ասաց. «Կարծում եմ, որ մայիսին որոշակի հարցերի պատասխաններ կունենանք, որովհետև հիդրոերկրաբանական հետազոտություն է իրականացվում Ամուլսարում, որը որոշակի պատասխաններ կտա, և այդ կասկածները, որոնք բարձրաձայնվում էին փորձագետների կողմից կստանան արձագանքներ», - ասաց նա: Ավինյանը նկատեց, որ եթե հետազոտությունների արդյունքում պարզվի, որ բոլոր ռիսկերը վերահսկելի են, ապա ծրագրի իրականացման համար խոչընդոտներ չեն լինի. «Եթե տեսնենք, որ կան որոշակի ռիսկեր, որոնք վերահսկելի չեն, համապատասխան որոշում կկայացնենք», - ասաց նա՝ հավելելով, որ եթե եզրակացությունը հօգուտ «Լիդիան Արմենիայի» լինի, ապա ընկերությունը դատարան դիմելու կարիք չի ունենա:    
13:43 - 27 մարտի, 2019
Սա բիզնեսի կողմից սպասված հարկային օրենսգիրք է. Տիգրան Ավինյան |lragir.am|

Սա բիզնեսի կողմից սպասված հարկային օրենսգիրք է. Տիգրան Ավինյան |lragir.am|

«Սա Հարկային օրենսգիրք է, որը, կարծում եմ, սպասված էր բիզնեսի կողմից: Եվ համոզված եմ, որ ինքը դրական էֆեկտ է ունենալու տնտեսության վրա»,- այսօր լրագրողներին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հարկային օրենսգրքի նախագիծը հեղափոխական է և կապահովի՞ տնտեսական հեղափոխություն: Ըստ Ավինյանի՝ Հարկային օրենսգրքի փաթեթը բավական ծավալուն է, և շատ հարցեր են արծարծվում դրանում: Հետևաբար, դրա վերաբերյալ խոսակցությունները և քննարկումները շարունակական են, արդեն իսկ տեղափոխվում են Ազգային ժողովի դաշտ, որտեղ ևս կշարունակվեն: Դիտարկմանը, որ գործադիրի և օրենսդիրի միջև ըստ էության անհամաձայնություն կա Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Ինչպես ես ասացի, փաթեթը շատ մեծ փաստաթուղթ է և այնտեղ շատ մեծ դետալներ կան, որ կառավարության ներսում շատ երկար քննարկումներ են անցել: Եվ ես չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն նաև Ազգային ժողովում: Բայց համոզված եմ, որ ընդհանուր կոնսենսուսային որոշումներ կլինեն»:  
07:29 - 18 մարտի, 2019
Բուլղարիայում հետաքրքրված են Հայաստանի IT ոլորտով. Տիգրան Ավինյան

Բուլղարիայում հետաքրքրված են Հայաստանի IT ոլորտով. Տիգրան Ավինյան

ՀՀ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ռոսեն Ժելիազկովի հետ հանդիպմանը նշել եմ, որ հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի անցկացումը լավ հնարավորություն էր նոր խթան հաղորդելու երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը: Ռոսեն Ժելիազկովն ասել է, որ ժամանել է ավելի քան 30 բուլղարական ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին, ինչը վկայում է Հայաստանի նկատմամբ Բուլղարիայում առկա զգալի հետաքրքրվածության մասին: Հանդիպմանը քննարկել ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես թվայնացման, օպտիկամալուխային գերարագ ցանցերի զարգացման և կիբեռանվտանգության ուղղություններով: Անդրադարձ ենք կատարել #ավիացիոն ուղևորափոխադրումների, ինչպես նաև մուլտիմոդալ բեռնափոխադրումների ոլորտներում համագործակցության հարցերին»:  
13:17 - 15 մարտի, 2019
Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցել ՀՀ կառավարության հավակնոտ օրակարգի կյանքի կոչմանը

Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցել ՀՀ կառավարության հավակնոտ օրակարգի կյանքի կոչմանը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 14-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը: Տիգրան Ավինյանը նշել է, որ այցը լավ հնարավորություն է ընձեռնում քննարկելու Համաշխարհային բանկի հետ գործընկերության շրջանակներում իրականացվող ընթացիկ ծրագրերը և համագործակցության խորացման հնարավորությունները: Փոխվարչապետը կարևորել է Բանկի հետ համագործակցությունը հատկապես մարդկային կապիտալի զարգացման, արտահանման խթանման ու մրցունակության, և բնապահպանության ու հանքային ռեսուրսների կառավարման ուղղություններով: Սիրիլ Մյուլերը նշել է, որ այժմ աշխարհում զգալի հետաքրքրություն կա Հայաստանի և երկրում ընթացող բարեփոխումների գործընթացի նկատմամբ ու ՀԲ-ն պատրաստակամ է աջակցել կառավարության հավակնոտ օրակարգի կյանքի կոչմանը: Տիգրան Ավինյանը և Սիրիլ Մյուլլերը կարևորել են, որ ՀԲ «Երկրի գործընկերության շրջանակ»-ի առաջնահերթությունները համահունչ են կառավարության ծրագրի հետ, հատկապես ներառական տնտեսական աճը խթանելու առումով: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում գործարար միջավայրի բարելավման խնդիրները: Տիգրան Ավինյանը այս առումով ասել է, որ դա կառավարության համար առաջնահերթություն է և գործուն քայլեր են իրականացվելու Համաշխարհային բանկի «Գործարարություն» (Doing Business) զեկույցում ՀՀ դիրքի բարելավման համար: Այնուհետև, անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների և գիտակրթական ոլորտներում իրականացվող ծրագրերին և նոր նախաձեռնությունների հեռանկարներին: Այս համատեքստում քննարկվել են համալսարանից աշխատաշուկա անցման խնդիրները և կրթության ոլորտում բնական ու տեխնիկական գիտությունների ուսուցումն ամրապնդելու հնարավորությունները:
15:40 - 14 մարտի, 2019
«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը (ՄՍՀՀ) սկսել է դրամաշնորհ ստանալու դիմումներ ընդունել».Տիգրան Ավինյան

«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը (ՄՍՀՀ) սկսել է դրամաշնորհ ստանալու դիմումներ ընդունել».Տիգրան Ավինյան

ՀՀ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուրախ եմ տեղեկացնել, որ Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը (ՄՍՀՀ) սկսել է դրամաշնորհ ստանալու դիմումներ ընդունել՝ ՀՀ կառավարության համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու նպատակով: Հայտեր կարող են ներկայացնել ինչպես փորձառու հետազոտողները, այնպես էլ համալսարանների ուսանողները: Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս․թ․ մարտի 24-ն է: Մրցույթի արդյունքների հրապարակումը տեղի կունենա ս․թ․ մարտի 29-ին: Պահանջները հետազոտողների համար.- Կարող են դիմել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային հետազոտողները,- Հետազոտողները կարող են դիմել ինչպես անհատապես, այնպես էլ խմբով: Հետազոտական խմբի ղեկավարը պետք է ամբողջական դրույքով աշխատի հայաստանյան որևէ բուհում։- Նախապատվությունը տրվելու է հիմնականում համալսարանի աշխատակիցներից կազմված խմբերին,- Նախապատվությունը տրվելու է այն խմբերին, որոնք հետազոտության իրականացման գործընթացում կներգրավեն ուսանողի,- Հետազոտության իրականացման ակնկալվող ժամկետը մեկ տարի է։ Հետազոտությունը մեկ տարուց ավել կամ պակաս ժամանակահատվածում իրականացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորում։ Պահանջներն ուսանողների համար- Դիմորդը պետք է լինի հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատության բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանող,- Կարող են դիմել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային ուսանողները,- Դիմողը պետք է ներկայացնի երաշխավորագիր ուսումնական հաստատությունից,- Հետազոտության իրականացման ակնկալվող ժամկետը վեց ամիս է։ Հետազոտությունը վեց ամսից ավել կամ պակաս ժամանակահատվածում իրականացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորում։  
09:31 - 09 մարտի, 2019