ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Բացահայտվել է ապօրինի հանքարդյունահանմամբ զբաղվելու դեպք. ՍՊԸ տնօրենին մեղադրանք է ներկայացվել.

Բացահայտվել է ապօրինի հանքարդյունահանմամբ զբաղվելու դեպք. ՍՊԸ տնօրենին մեղադրանք է ներկայացվել.

Պարզվել է, որ ՍՊ ընկերության տնօրենը, իր գործունեության ընթացքում՝ 2023 թ․ դեկտեմբերից մինչև 2024 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում, ընդերքի պահպանման և օգտագործման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելով, դուրս գալով իրեն հատկացված սահմաններից, իրականացրել է ապօրինի հանքարդյունաբերական աշխատանքներ, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողի վնասում՝ հանգեցնելով օգտակար հանածոյի մեծածավալ կորստի: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից: «Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում, Մասիս համայնքի տարածքում` Հրազդան գետի ավազանում, Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքով նախատեսված, թույլտվությամբ տրամադրված սահմաններից դուրս օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվելու իրավունք չունենալով, որոշակի աշխարհագրական սահմանանշում պարունակող ընդերքի տեղամասում շեղվել է ընկերությանը տրամադրված թույլտվությամբ նախատեսված սահմանային կետերի կոորդինատներից և թույլ տալով նույն օրենքով նախատեսված իրավունքի խախտում՝ դուրս է եկել լեռնահատկացման ակտով տրամադրված սահմաններից։ Այնուհետև՝ Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքով նախատեսված պահանջների անտեսմամբ, այն է` առանց ընդերքօգտագործման իրավունքի, մեկ միասնական դիտավորությամբ, նույն համայնքի տարածքում գտնվող, գործառնական և նպատակային նշանակությունները չփոփոխված՝ ջրային և գյուղատնտեսական, արոտավայր և վարելահող նպատակային և գործառնական նշանակության հողատարածքներում հանքարդյունահանման աշխատանքներ կատարելու իրավունք չունենալով, ընդերքն օգտագործելու եղանակով, արդյունահանել է պետական սեփականություն համարվող Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքով նախատեսված և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված վճարման ենթակա 18.729.236 ՀՀ դրամի չափով բնօգտագործման վճար առաջացնող 18.35 խմ ծավալով ավազակոպիճ՝ միաժամանակ չվճարելով 500.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքը։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ընկերության գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային՝ ընդհանուրը 19.229.236 ՀՀ դրամի վնաս: Բացի այդ, ընկերության հակաօրինական գործունեության հետևանքով դեգրադացիայի է ենթարկվել ընդհանուրը 7242 քմ մակերեսով գյուղատնտեսական, վարելահողի նպատակային և գործառնական նշանակությամբ հողատարածքները, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողի բերրի շերտի ոչնչացում և վնասում։ Դրա հետևանքով նշված հողային ռեսուրսներին և պետության օրինական շահերին պատճառվել է խոշոր չափերի՝ ընդհանուրը 1.768.370 ՀՀ դրամի գույքային վնաս: Շրջանցելով ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված պահանջները, այսինքն՝ առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով և անտեսելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի դրույթները, ընկերության տնօրենը չի վճարել գանձման ենթակա 5.000.000 ՀՀ դրամի չափով տուգանքը: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով և 383-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննության ընթացքում ՍՊԸ-ի տնօրենի կողմից մասնակի՝ 10.000.000 ՀՀ դրամի չափով վերականգնվել է պատճառված վնասը: Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:10 - 02 օգոստոսի, 2024
Քննչական կոմիտեն 10 ծառայողական էլեկտրամոբիլ է ձեռք է բերել

Քննչական կոմիտեն 10 ծառայողական էլեկտրամոբիլ է ձեռք է բերել

Քննչական կոմիտեն ձեռք է բերել «BYD» մակնիշի 10 էլեկտրամոբիլ, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի քննչական վարչության 10 ստորաբաժանումներին։ Այս մասին հայտնում է Կոմիտեի լրատվական ծառայությունը։ «Ավտոմեքենաները ծառայելու են նշված ստորաբաժանումների քննիչներին՝ դեպքի վայր մեկնելու, իրենց գործառույթներից բխող անհրաժեշտ այլ գործողությունների կատարման նպատակներով։  Էլեկտրամոբիլները ձեռք են բերվել մրցութային ընթացակարգի լիարժեք պահպանմամբ, պետական բյուջեից հատկացված 122մլն. դրամի միջոցներով։  Պաշտոնապես դրանք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյա հոբելյանի կապակցությամբ Գավառ քաղաքում անցկացված հանդիսավոր միջոցառումների շրջանակում՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ։  ՀՀ ՔԿ տարբերանշանով և լուսաձայնային անհրաժեշտ միջոցներով կահավորված ծառայողական մեքենաներն արդեն շահագործվում են։    Ակնկալվում է, որ դրանք, լոկացիոն առումով, էականորեն բարելավելու են քննիչների կողմից անհետաձգելի գործողությունների կատարման օպերատիվությունը»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։    
19:59 - 01 օգոստոսի, 2024
ՀՀ ՔԿ նախագահն ու ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են գերիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական լինելը

ՀՀ ՔԿ նախագահն ու ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են գերիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական լինելը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Հայաստանում իր աշխատանքային գործունեությունն ավարտող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:   Քննչական կոմիտեի նախագահն անգնահատելի է համարել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելությունը՝ ընդգծելով դրա նշանակությունը հատկապես պատերազմական հակամարտությունների շրջանակներում առաջացող հումանիտար խնդիրների համատեքստում։   Այս տեսանկյունից Կոմիտեի նախագահը հիշեցրել է 2020 թ. 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական ագրեսիաների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից թույլ տրված միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների մասին՝ շնորհակալություն հայտնելով առաջացած խնդիրների մեղմման առումով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կատարած մեծ աշխատանքի համար։ Արգիշտի Քյարամյանը նաև ընդգծել է անձամբ պարոն Ռիբոյի ներդրումը Միջազգային կոմիտեի և ՀՀ քննչական կոմիտեի միջև հարաբերությունների սերտացման համար։   Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարը գոհունակություն է հայտնել նախընթաց ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ։   Նա նշել է, որ իրենց առաքելություններից մեկը նաև միջազգային մարդասիրական իրավունքի ամրապնդումն է և այդ իրավունքի խախտումների դեպքերով արդյունավետ քննություններին մեթոդական աջակցության ցուցաբերումը, որտեղ երկխոսությունը զարգացնելու հնարավորություններ կան։   Հանդիպման ընթացքում քննարկվել են գտնվելու վայրն անհայտ, գերեվարված անձանց հարազատների հետ իրականացվող աշխատանքների, այդ անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, փոխադարձաբար բարձրացվող հարցերին հրատապ արձագանքի ու պատշաճ աջակցության ցուցաբերմանը վերաբերող հարցեր:   Երկուստեք կարևորվել է մարդկանց գերեվարման հանգամանքների լիարժեք պարզման, գերության մեջ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական լինելու հանգամանքը։   Արգիշտի Քյարամյանն իր երախտիքն է հայտնել հատկապես 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի և հետագա ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի դրսևորումների արդյունքում Ադրբեջանում ապօրինաբար պահվող և անհիմն քրեական հետապնդման ենթարկվող անձանց կեցության պայմանների, առաջնային իրավունքների պահպանմանը հետևելու, իրենց ընտանիքների հետ նրանց հաղորդակցության ապահովման հարցում ցուցաբերած հետևողականության համար։   ՀՀ ՔԿ նախագահը, անդրադառնալով գտնվելու վայրն անհայտ անձանց հետ կապված խնդիրներին, նշել է, որ դրանք քննության առարկա են ագրեսիվ պատերազմի և հետագա ռազմական գործողությունների սանձազերծման, դրանց ընթացքում խաղաղության, մարդկության անվտանգության դեմ ուղղված և պատերազմական այլ հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում, որի արդյունքում հաջողվել է պարզել ինչպես զինծառայողների, այնպես էլ՝ քաղաքացիական անձանց զոհվելու, անհետ կորելու և գերեվարման հանգամանքները։ Կոմիտեի նախագահը հայտնել է, որ Քննչական կոմիտեն պատրաստ է անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել միջազգային գործընկերներին։
19:35 - 01 օգոստոսի, 2024
ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել և մանրամասներ հայտնել Սևանի հյուրանոցում տեղի ունեցած սպանության դեպքի մասով

ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել և մանրամասներ հայտնել Սևանի հյուրանոցում տեղի ունեցած սպանության դեպքի մասով

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության, խուլիգանության վարույթով ևս մեկ անձի կալանավորելու որոշում է կայացվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն՝ նշելով, որ հայտարարվել է հետախուզում: «Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է խուլիգանությանը մասնակից ևս մեկ անձի ինքնությունը, ով Տավուշի մարզի 39–ամյա բնակիչ Դ․Հ․-ն է»,- նշված է հաղորդագրության մեջ:  Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ հիշյալ վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեղադրանք է ներկայացվել երկու անձի՝ Մ․Փ․-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով), 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելը այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով և զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով և զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) և 19–ամյա Լ․Բ-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը): Վերջիններս կալանավորված են։  Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 17-ին ժամը 21:50-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ Արսեն Աֆիյանը, Աբովյան քաղաքի 42-ամյա բնակիչը, վերջինիս կինը և ևս երկու անձ հաճախել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու ռեստորան, որտեղ ցանկացել են ընթրել։ Մատուցողին պատվեր տալիս հիշյալ հանգստյան գոտում հանգստացող 19-ամյա երիտասարդը՝ Լ․ Բ․-ն (ըստ ԶԼՄ-ների՝ նա քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի որդին է-խմբ․) և 40-ամյա տղամարդը՝ Մ․Փ․-ն, դուրս գալով առանձնատնից, պահանջել են բարձր չխոսել։ 37 և 42-ամյա տղամարդիկ, հակադարձելով այդ պահանջներին, հայտնել են, որ իրենք բարձր չեն խոսում։ Ինչպես շեշտվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ, նշված չնչին առիթն օգտագործելով՝ Լ․Բ․-ն, Մ․Փ․-ն, Դ․Հ․–ն և ինքնությունը դեռևս չպարզված մի տղամարդ, մոտենալով ռեստորանի բացօթյա հատվածին, մուտքի մոտ հանդիպել են իրենց ընդառաջ եկող 37 և 42–ամյա տղամարդկանց։ Իրենց ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, ներկաների և այլ անձանց մոտ սարսափ առաջացնելու նպատակով, անտեսելով հանգստյան գոտում գտնվող այլ հաճախորդների ու աշխատողների ներկայությունը, նրանք փոխադարձ քաշքշուկի և վիճաբանության մեջ են մտել հիշյալ երկու տղամարդկանց հետ։ Այդ ընթացքում հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, գոռգոռացել են, ոտքերով և ձեռքերով հարվածել միմյանց մարմնի տարբեր մասերին: Այդ ընթացքում տեսնելով, որ 42–ամյա տղամարդը ակոսափող ատրճանակ է հանել, Մ․Փ․-ն նրան գցել է գետնին: Ապա հիշյալ առանձնատնից վերցնելով ապօրինի կերպով պահվող ակոսափող հրազենը՝ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, նախ այլ անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով կրակոց է արձակել 42–ամյա տղամարդու ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որից հետո վերցրել է վերջինիս ակոսափող ատրճանակը և դրել իր գոտկատեղում։ Այնուհետև Մ․Փ․-ն կրակոց է արձակել հանգստյան գոտու անվտանգության աշխատակցի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ ծանր վնաս, որից հետո, Արսեն Աֆիյանին կյանքից զրկելու նպատակով, կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ։ Վերջինս, որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է։ Վերոհիշյալ գործողությունների հետևանքով խաթարվել է հիշյալ հանգստյան գոտու բնականոն աշխատանքը, հաճախորդների ու աշխատակիցների ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը՝ նրանց, այդ թվում նաև անչափահասների մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Դ․Հ․–ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ ևս որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, որը բավարարվել է։ Դ․Հ․-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։  Նախաքննությունը շարունակվում է։  Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:58 - 01 օգոստոսի, 2024
Ոսկեհասկում պայթյունը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել գազօջախը միացնելու ընթացքում. ՔԿ

Ոսկեհասկում պայթյունը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել գազօջախը միացնելու ընթացքում. ՔԿ

Օգաստոսի 1-ին՝ ժամը 06.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Ոսկեհատ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով՝ փլուզվել է տան զգալի մասը, ինչպես նաև վնասվել է տան բակում կայանված ավտոմեքենան։ Դրա հետևանքով մահացել է նշված տան բնակիչ 12-ամյա երեխա, որի դին դուրս է բերվել փլատակներից։ Բայցի դրանից՝ մարմնական վնասվածքներով Գյումրի ԲԿ են տեղափոխվել նշված տան 31-ամյա և 56-ամյա բնակչուհիներ։ «Նախնական՝ դեռևս ստուգման ենթակա տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնից արտահոսքի պատճառով՝ տան բնակչի կողմից գազօջախը միացնելու ընթացքում։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայր են մեկնել Ախուրյանի քննչական բաժնի քննիչներ՝ անհետաձգելի, առաջնային քննչական գործողություններ կատարելու նպատակով։ Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
11:26 - 01 օգոստոսի, 2024
Երեք վրաերթ Երևանում՝ մեկ օրում. քրեական վարույթներ են նախաձեռնվել. ՔԿ

Երեք վրաերթ Երևանում՝ մեկ օրում. քրեական վարույթներ են նախաձեռնվել. ՔԿ

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը գրել է, որ Երևանում երեք վրաերթ է տեղի ունեցել մեկ օրում. քրեական վարույթներ են նախաձեռնվել:   «Հուլիսի 31-ին՝ առավոտյան, ժամը 08․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հովսեփ Էմինի փողոցի կամրջի վրա Երևանի բնակչի կողմից վարած «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել 76-ամյա հետիոտն Երևան քաղաքի բնակիչ։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։   Նույն օրը՝ ժամը 09․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, որի հետևանքով Երևան քաղաքի 16-ամյա բնակիչը ստացել է մարմնական վնասվածքներ և բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն։   Պարզվել է, որ վրաերթը տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Գազ 32212» մակնիշի ավտոմեքենայով, իսկ տուժող անչափահասը եղել է ինքնագլորով։   Նույն օրը՝ ժամը 11․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում Երևան քաղաքի բնակչի վարած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել հետիոտն, 30 տարեկան Երևանի բնակիչ, որը վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։   Երեք դեպքերի առթիվ էլ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։   Վնասվածքներ ստացած անձինք տուժող են ճանաչվել։ Ըստ բուժհաստատություններից ստացված տեղեկատվության՝ անչափահասի վիճակը բավարար է, կոտրվածքներ չունի, իսկ մյուս երկու տուժածների վիճակը գնահատվում է ծանր։   Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։   Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են, միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- գրել է Աբրահամյանը։   Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:10 - 31 հուլիսի, 2024
Երևանում երկու անձի մահվան պատճառ դարձած վրաերթի դեպքի վարույթով բեռնատարի վարորդին մեղադրանք է ներկայացվել

Երևանում երկու անձի մահվան պատճառ դարձած վրաերթի դեպքի վարույթով բեռնատարի վարորդին մեղադրանք է ներկայացվել

Հուլիսի 29-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:50-ի սահմաններում, 27-ամյա անձի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի բեռնատարը Երևան քաղաքի Աճառյան փողոցում, կանգառի մոտ, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի։ Վրաերթի հետևանքով Երևան քաղաքի բնակիչներ 75-ամյա և 73-ամյա ամուսինները տեղում մահացել են, իսկ նրանց որդին՝ 48-ամյա տղամարդը, դիմել է բուժօգնության։ «Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-ին մասի հատկանիշներով։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են ականատեսներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Ձեռք բերված փաստերի հիման վրա բեռնատարի 27-ամյա վարորդին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 1 մլն դրամի չափով գրավի և բացակայելու արգելքի հետ։ Նախաքննությունը շարունակվում է։ Բուժկենտրոնում գտնվող 48-ամյա տուժողի վիճակը բավարար է»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:19 - 31 հուլիսի, 2024
Մանրամասներ՝ ավելի քան 43 կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության դեպքից. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Մանրամասներ՝ ավելի քան 43 կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության դեպքից. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության, Սյունիքի մարզային քննչական վարչության և ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված համակարգված գործողությունների արդյունքում բացահայտվել է շուրջ 43.724 կգ տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, պարզվել հանցավոր խմբի անդամներից երկուսի ինքնությունը:   Դեռևս 2023 թ. հունվարին օպերատիվ տեղեկություններ են ստացվել՝ ԻԻՀ քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետություն մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ տեղափոխելու մասին:   Ստացված տեղեկությունները իրացնելու ընթացքում պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացին, ՀՀ տարածքում շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, նախնական համաձայնություն է ձեռք բերել Վրաստանի Հանրապետության 27-ամյա քաղաքացու և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ:   Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2024 թ․ ապրիլի 15-ին վերջինս ապահովել է ՀՀ պետական սահմանով, մաքսանենգ ճանապարհով, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 28.003,47 գրամ քաշով մարիխուանա, 14.434,75 գրամ քաշով հերոին և 1287,06 գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցների ապօրինի տեղափոխումը ՀՀ տարածք և Սյունիքի մարզից այլ վայր տեղափոխելու, տարբեր թաքստոցներում տեղադրելու գործընթացը:   Ապա թմրամիջոցների թաքստոցի վայրի լուսանկարներն ուղարկվել են խմբի կազմում ընդգրկված Վրաստանի քաղաքացի 27-ամյա երիտասարդին, ով 2024 թ․ ապրիլի 15-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է թմրամիջոցների թաքստոցի գտնվելու վայր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքի տարածք, հայտնաբերել տեղադրված հիշյալ թմրամիջոցների պարկերը և իրացնելու նպատակով փորձել է դրանք տեղափոխել ու տեղադրել իր կողմից շահագործվող «ՎԱԶ 2107» ավտոմեքենայում, սակայն ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է:   Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:   Նրա վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:   Հանցավոր խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցներ՝ նրանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:   Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:38 - 31 հուլիսի, 2024
Մանրամասներ՝ Գյումրի-Վանաձոր ճանապարհին ընտանիքի երեք անդամների կյանք խլած ավտովթարից

Մանրամասներ՝ Գյումրի-Վանաձոր ճանապարհին ընտանիքի երեք անդամների կյանք խլած ավտովթարից

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում շարունակվում է 2024 թվականի հուլիսի 26-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում երեք մարդու կյանք խլած ավտոպատահարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ավելի վաղ ՔԿ-ից տեղեկացրել էին, որ նշված օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15կմ. հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար էին բախվել BMW X3 3.01 մակնիշի և HONDA FTT 1.3 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով HONDA FTT 1.3 մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել էին, իսկ նրանց 7-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, ևս մահացել էր: BMW X3 3.01 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Վարույթի շրջանակներում ձեռնարկված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են պատահարի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ BMW X3 3.01-ի վարորդի ինքնությունը: Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ BMW X3 3.01 մակնիշի վարորդը, նշված ճանապարհահատվածով վարելով ավտոմեքենան, տեխնիկական տեսանկյունից թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչպես նաև՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասող գործողություններ: Մասնավորապես՝ չպահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները, հոծ գծի առկայության պայմաններում, չի իրականացրել իր կողմից վարած տրանսպորտային միջոցի աջակողմյան երթևեկություն և հատելով հոծ գիծը՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկության ուղեմաս, ինչի հետևանքով բախվել է դիմացից եկող HONDA FTT 1.3 մակնիշի ավտոմեքենային՝ պատճառ դառնալով երեք մարդու մահվան: Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ BMW X3 3.01-ի վարորդը հատել է ՀՀ սահմանը: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերջինիս նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով, հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Որոշում է կայացվել` նրան ձերբակալելու վերաբերյալ, որը հանձնարարվել է Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: Նաև միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նաև BMW X3 3.01 մակնիշի ավտոմեքենայի վարորդի՝ դեպքի վայրը լքելու հանգամանքները: Ոստիկանությունից նաև առանձին հաղորդում է ստացվել այն մասին, որ վթարված BMW X3 3.01 ավտոմեքենայի ուղևորի հատվածում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող նյութ, որը, նախնական տվյալներով, պատկանել է դեպքի պահին ուղևոր հանդիսացող անձին։ Այս փաստի առթիվ նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Հայտնաբերված նյութի բնույթը և քաշը պարզելու նպատակով նշանակվել է համապատասխան փորձաքննություն։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:15 - 31 հուլիսի, 2024
Նախաքննությամբ պարզվում են Առինջ գյուղում երկու անձի հրազենային վնասվածքներ հասցնելու դեպքի հանգամանքները. երեք անձ ձերբակալվել է

Նախաքննությամբ պարզվում են Առինջ գյուղում երկու անձի հրազենային վնասվածքներ հասցնելու դեպքի հանգամանքները. երեք անձ ձերբակալվել է

2024 թվականի հուլիսի 29-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել Առինջ գյուղի 25-րդ փողոցում ինքնաձիգներով կրակոցներ հնչեցնելու մասին։ Նույն օրը երկու տարբեր բուժհաստատություններ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել նույն գյուղի երկու բնակիչներ Ս․Ա․-ն և Վ․Բ․-ն։   Դեպքի առթիվ հուլիսի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 334-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:   Նախաքննության ընթացքում զննվել է դեպքի վայրը՝ Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի տներից մեկը, և շրջակայքը, որտեղից վերցվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, կրակված գնդակ: Զննվել է նաև նույն գյուղի մեկ այլ հասցեում գտնվող տունը, որի դարպասի դրսի հատվածից, ինչպես նաև բակի ու տան հյուրասենյակից վերցվել են արնանման հետքեր, իսկ բակում՝ շան բնի տակից, հայտնաբերվել է դանակ՝ բռնակին առկա արնանման հետքերով։ Տան հարակից փողոցում հայտնաբերվել է «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա՝ ապակին կոտրված վիճակում, իսկ ավտոմեքենայի դռան վրայից վերցվել են արնանման հետքեր։ Նշված ավտոմեքենան կնքվել և տեղափոխվել է պահպանվող տարածք:   Հարցաքննվել են դեպքի վայրին հարակից բազմաթիվ բնակիչներ և գրասենյակների աշխատակիցներ, առգրավվել է վերաբերելի տեսագրություն։   Ձեռնարկված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոցի փողոցում հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչներ Ա․Բ․-ի և Ս․Ա․-ի միջև, որի ընթացքում վերջինս իր ավտոմեքենայից կրակոցներ է արձակել Ա․Բ․-ի, այնուհետև՝ Մաշտոցի փողոցում գտնվող նրա տան ուղղությամբ՝ մարմնական վնասվածք պատճառելով վերջինիս եղբայր Վ․Բ․-ին։   Տանը գտնվող նրանց հայրը՝ Գ․Բ․-ն, լսելով կրակոցի ձայները և տեսնելով վիրավոր որդուն, վերցրել է տանն ապօրինի պահվող «Սայգա» տեսակի ինքնաձիգը և կրակոցներ արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, որում գտնվել է Ս․Ա․-ն, ինչի հետևանքով վերջինս ևս ստացել է մարմնական վնասվածքներ և ավտոմեքենայով հեռացել դեպքի վայրից, այնուհետև՝ տեղափոխվել հիվանդանոց։   Եղբայրներ Ա․Բ․-ին և Վ․Բ․-ին, ինչպես նաև նրանց հորը՝ Գ․Բ․-ին, Ոստիկանության ծառայողները ներկայացրել են Աբովյանի քննչական բաժին, որտեղ վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշումներ են կայացվել՝ հանցանք կատարելու հիմնավոր կասկածով նրանց ձերբակալելու վերաբերյալ։   Օպերատիվ-հետախուզական տվյալների իրացմամբ՝ Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի հարևանությամբ գտնվող տան հողամասում հայտնաբերվել ու վերցվել են այնտեղ թաքցված 3 «Սայգա» տեսակի ինքնաձիգներ:   Ս․Ա․-ի հետ անհրաժեշտ քննչական գործողություններ դեռևս չեն կատարվել՝ վերջինիս բուժհաստատությունում գտնվելու և առողջական վիճակի պատճառով։   Նախաքննությունը շարունակվում է: Պարզվում են դեպքի հանգամանքները, անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում՝ ձեռք բերված տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու, կիրառված զենքերի բնույթն ու ձեռքբերման աղբյուրները պարզելու ուղղությամբ։   Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:17 - 30 հուլիսի, 2024
Անկախ երեխայի ծնողների բողոքել-չբողոքելուց՝ մանկապարտեզի դաստիարակչուհին շարունակում է ունենալ մեղադրյալի կարգավիճակ

Անկախ երեխայի ծնողների բողոքել-չբողոքելուց՝ մանկապարտեզի դաստիարակչուհին շարունակում է ունենալ մեղադրյալի կարգավիճակ

Փոքր Վեդիի մանկապարտեզում անչափաս երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին շարունակում է ունենալ մեղադրյալի կարգավիճակ, պարզապես այս պահին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Նշենք, որ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ միայն մասնավոր մեղադրանքով վարույթն է, որ նախաձեռնվում է տուժողի բողոքի հիման վրա, իսկ այս արարքը ենթակա է ոչ թե մասնավոր, այլ հանրային հետապնդման, ուստի անկախ երեխայի ծնողների բողոքել-չբողոքելուց՝ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է Հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային։ ՆԳՆ ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում այս տարվա մայիսին։ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին էր հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել էր հաղորդում։ Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել էր Վեդիի Թումանյան փողոցում, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել ՔԿ Վեդիի քննչական բաժին։   Նշենք նաև, որ դաստիարակչուհու ձերբակալման ժամկետը լրացել էր, և նա ազատ էր արձակվել։ 
14:59 - 30 հուլիսի, 2024
Պարզվել է զինծառայող Կ.Կարապետյանի սպանության շարժառիթը. նախաքննությունն ավարտվել է

Պարզվել է զինծառայող Կ.Կարապետյանի սպանության շարժառիթը. նախաքննությունն ավարտվել է

Պարզվել են 2024 թ․ հունվարի 9-ին կատարված` զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննված քրեական վարույթով իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զինծառայողի սպանության շարժառիթ է հանդիսացել վրեժխնդրությունը: «Մասնավորապես՝ պարզվել է, որ դեպքի օրը՝ 2024 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 04:30-ից 05:00-ի սահմաններում, կոչումով լեյտենանտ Կ.Կարապետյանը ծառայողական հարցերի շուրջ, այն է՝ դիրքում քնելու կապակցությամբ առաջացած խոսակցության ժամանակ, վիրավորական արտահայտություն է հնչեցրել ծառայակցի՝ Ն.Խ.-ի հասցեին: Վերջինս, չհանդուրժելով իրեն հասցված վիրավորանքը, վրեժխնդրության շարժառիթով, 2024 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, հանձնելով մարտական հերթափոխը, մտել է մարտական դիրքի գետնատնակ և, լիցքավորելով իրեն ամրակցված ԱԿ-103 տեսակի ինքնաձիգը, մոտեցել է պառկած վիճակում գտնվող Կարեն Կարապետյանին, որից հետո նախ՝ մենահատ, ապա կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ն.Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:23 - 30 հուլիսի, 2024
Ծագումն անհայտ ֆինանսական միջոցներ՝ Քննչական կոմիտեի նախագահի ընտանիքի անդամների հայտարարագրերում

Ծագումն անհայտ ֆինանսական միջոցներ՝ Քննչական կոմիտեի նախագահի ընտանիքի անդամների հայտարարագրերում

Արդեն 3 տարի անընդմեջ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կնոջ՝ Ռուզաննա Քյարամյանի հայտարարագրած ֆինանսական միջոցների աճի ու եկամուտների միջև անհամապատասխանություն է նկատվում։  2021 թվականին Ռուզաննա Քյարամյանն ունեցել է ընդամենը 70 հազար դրամի եկամուտ, սակայն նրա ֆինանսական միջոցներն աճել են 4 մլն 645 հազար դրամով։ Այսինքն՝ նրա ունեցած 4 մլն 575 հազար դրամի ծագումն անհայտ է։  Արգիշտի Քյարամյանի նույն տարվա հայտարարագրի տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ վերջինս 2021 թվականին 13․3 մլն դրամի եկամուտներից առնվազն 9․2 միլիոնն ուղղել է բանկերում և կանխիկ պահվող իր ֆինանսական միջոցների աճին և միայն 4․1 միլիոն դրամ կարող էր օգտագործել ընթացիկ ծախսերի, այդ թվում՝ ընտանիքի անդամներին գումար տրամադրելու համար։ Հետևաբար, եթե նույնիսկ դիտարկենք, որ Ռուզաննա Քյարամյանի՝ հայտարարագրով չպարզաբանվող ֆինանսական միջոցները տրամադրել է ամուսինը՝ Արգիշտի Քյարամյանը, կստացվի, որ նրանց ընտանիքը 400 հազար դրամ ավելի է ուղղել ֆինանսական միջոցների աճին, քան կարող էր իրեն թույլ տալ հայտարարագրված եկամուտներով։  2022 թվականին Ռուզաննա Քյարամյանի եկամուտը կազմել է շուրջ 160 հազար դրամ, մինչդեռ նրա ֆինանսական միջոցներն աճել են 3 մլն դրամով։ Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ 2.8 մլն դրամի ծագումը չի արտացոլվում հայտարարագրում։ 2023 թվականին Ռուզաննա Քյարամյանի եկամուտը կազմել է 243 հազար դրամ, իսկ  ֆինանսական միջոցներն աճել են 6.3 մլն դրամով։ Քննչական կոմիտեի նախագահի տիկնոջ ավելի քան 6 մլն դրամի ծագումն անհայտ է։ Նախորդ տարի Արգիշտի Քյարամյանից և կնոջից բացի հայտարարագիր է ներկայացրել նաև Քյարամյանի մայրը՝ Լարիսա Գրիգորյանը։ Հայտարարագրի համաձայն՝ 2023-ի ընթացքում նրա ֆինանսական միջոցներն աճել են շուրջ 20․3 մլն դրամով։ Լարիսա Գրիգորյանը հայտարարագրել է շուրջ 1.6 մլն դրամ եկամուտ։ Այսպիսով, Լարիսա Գրիգորյանի միջոցներից 18.7 մլն դրամի ծագումն անհայտ է։ Արգիշտի Քյարամյանի՝ 2023 թվականի հայտարարագրի տվյալների համադրությամբ ստացվում է, որ նա ընթացիկ ծախսերի, այդ թվում՝ ընտանիքի անդամներին գումար հատկացնելու համար այդ տարի կարող էր օգտագործել առավելագույնը 11.6 մլն դրամ։ Եթե Արգիշտի Քյարամյանի, մոր և կնոջ հայտարարագրած միջոցները դիտարկենք մեկ ընդհանուր տնտեսության տրամաբանությամբ, կստացվի, որ 2023 թվականին նրանց ընտանիքի ֆինանսական միջոցներից ավելի քան 13 մլն դրամի ծագումն անհայտ է։  Արգիշտի Քյարամյանին գրավոր խնդրել էինք պարզաբանել ընտանիքի անդամների հայտարարագրերում տեղ գտած անհամապատասխանությունները։ Վերջինս, սակայն, մեր գրությանը չի արձագանքել։ Հաշվարկի տրամաբանությունը հասկանալու համար առաջարկում ենք դիտել նաև մեր այս տեսանյութը՝ իմանալու, թե ինչպես ծախսել և միաժամանակ «չծախսել» ունեցած փողը։   2 տարի է՝ ԿԿՀ-ն վերլուծում է Քյարամյանների 4 հայտարարագրերը Արգիշտի Քյարամյանի և ընտանիքի անդամների հայտարարագրերի վերլուծությունը պետք է իրականացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ)։  2022 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանել էր հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչ, որով հաստատել էր այն պետական պաշոտնյաների (և նրանց ընտանիքի անդամների) ցանկը, որոնց 2021 թվականի տարեկան հայտարարագրերը պետք է վերլուծեր։ Այդ պաշտոնյաների ցանկում էր նաև Քննչական կոմիտեի նախագահը։ 2023 թվականին արդեն ԿԿՀ-ն որպես ռիսկային չափորոշիչ էր սահմանել նախորդ որոշմամբ սահմանված բոլոր այն պաշտոնատար անձանց 2022 թվականի հայտարարագրերը, որոնց 2021 թվականի տարեկան հայտարարագրի վերլուծության արդյունքում վեր են հանվել այնպիսի անհամապատասխանություններ, որոնց արժանահավատությունն ու ամբողջականությունը ստուգելու նպատակով պահանջվում է ըստ տարիների հայտարարագրված տվյալների համադրություն։ Հարցում էինք ուղարկել ԿԿՀ՝ ճշտելու՝ արդյո՞ք ուսումնասիրել են Քյարամյանի և ընտանիքի անդամների հայտարարագրերը և ի՞նչ անհամապատասխանություններ են հայտնաբերել։ ԿԿՀ-ից պատասխանել են, որ վերոնշյալ երկու որոշումների հիման վրա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սկսել է Արգիշտի Քյարամյանի և վերջինիս ընտանիքի անդամների՝ 2021-2022 թվականի տարեկան հայտարարագրերի վերլուծություն:  2024 թվականի հուլիսի դրությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի ավարտել Քյարամյանի և կնոջ 2021 և 2022 թվականների ընդհանուր թվով 4 հայտարարագրերի վերլուծությունը։  Արգիշտի Քյարամյանի և նրա ընտանիքի անդամների 2023 թվականի տարեկան հայտարարագրերի վերլուծությունն էլ ԿԿՀ-ն սկսել է Factor.am-ի հրապարակման հիման վրա։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Հանձնաժողովից հայտնեցին, որ ստուգման և վերլուծության արդյունքում վեր են հանվել անհամապատասխանություններ և պարզաբանման ենթակա հարցեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն է առաջացել Արգիշտի Քյարամյանից և իր ընտանիքի անդամից հայցել պարզաբանում։  ԿԿՀ-ն նշել է նաև, որ եզրահանգման մասին տեղեկություններ կարող է տրամադրել վերոնշյալ պարզաբանումները ստանալուց և գնահատելուց հետո։ Լյուսի Մանվելյան
21:15 - 29 հուլիսի, 2024
Ընդերքօգտագործող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 25 մլն դրամը. ՔԿ

Ընդերքօգտագործող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 25 մլն դրամը. ՔԿ

Տվյալներ են ստացվել առ այն, որ ՍՊ ընկերության տնօրենը, խախտելով Հողային, Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքերի մի շարք  հոդվածների պահանջները, պարտավոր լինելով օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներն իրականացնել պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան, ինչպես նաև խախտելով հողերի և ընդերքի օգտագործման և պահպանության կանոններ սահմանող այլ իրավական ակտերի դրույթները, 2021 թվականի ընթացքում Արմավիր մարզի Ապագա համայնքին և մի շարք անձանց սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում հողի և ընդերքի օգտագործումն իրականացրել է հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու, օգտագործելու, ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ՝ շրջակա միջավայրին և ընդերքին անզգուշությամբ պատճառելով էական վնաս: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից: «Պետությանը պատճառված վնասի չափը, ընկերության գործունեությամբ հողային ռեսուրսների վրա ազդեցությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաէկոլոգիական և դատահաշվապահական համալիր փորձաքննություն, որի եզրակացությամբ պարզվել է ՍՊ ընկերության կողմից ինչպես օրինական, այնպես էլ՝ ընդերքի օգտագործման և պահպանման կանոնների խախտմամբ ավազակոպճային զանգվածի արդյունահանման ծավալները: Նախաքննության  ընթացքում պարզվել է, որ 2015 թ․-ից վերոհիշյալ ՍՊ ընկերության սեփականատերն իրականացրել է լեռնային զանգվածի արդյունահանում ինչպես ընդերքօգտագործման թույլտվության սահմաններում, այնպես էլ՝ հարակից տարածքից: Բացի այդ պարզվել է նաև, որ ընկերության կողմից ընդերքօգտագործման թույլտվության  սահմաններում գտնվող հողատարածքներից արդյունահանումն իրականացվել է առանց հողատարածքների նպատակային փոփոխության, որի հետևանքով հողային ռեսուրսներին պատճառվել է վնաս: Ընկերության կողմից, պատճառված վնասից, նախաքննության ընթացքում, կատարվել է 25.000.000 ՀՀ դրամի չափով վերականգնում: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ վնասի մնացած մասը վերականգնելու և ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։   Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:48 - 29 հուլիսի, 2024
«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում կոռուպցիոն չարաշահման արդյունքում հափշտակված 53 մլն դրամ վնասը վերականգնվել է

«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում կոռուպցիոն չարաշահման արդյունքում հափշտակված 53 մլն դրամ վնասը վերականգնվել է

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով, որով հետագա նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, պարզվել են «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությունում առերևույթ պաշտոնեական հանցագործության մի շարք էական հանգամանքներ։ Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։ «Պարզվել է, որ նշված ՓԲԸ-ում 2010 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության ղեկավար պաշտոն հաջորդաբար զբաղեցրած անձինք, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական լիազորություններով, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, ընդհանուր թվով 28  անձի հրամանագրել են տարբեր հաստիքներում։ Հաստատապես տեղյակ լինելով վերջինների կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին՝ նրանք կազմել, հաստատել և վավերացրել են իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել՝ հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու, իրենց գործառութային պարտականությունները կատարելու և այլնի վերաբերյալ։ Ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել են վճարման։  Դրա արդյունքում՝ պետական բյուջեից հիշյալ աշխատակիցների անվամբ անհիմն կարգով ելքագրվել և ապօրինի անհատույց, շահադիտական դրդումներով, յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 53 միլիոն 427 հազար 789 ՀՀ դրամ գումար։  Կատարված նախաքննության արդյունքում վերոնշյալ վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։  Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։
17:50 - 29 հուլիսի, 2024
Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել․ նախաքննությունն ավարտվել է

Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել․ նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում կազմակերպված հերթական ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, զանգվածային անկարգություն կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործություններիքննության վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի հունիսի 12-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում կազմակերպված հերթական ակցիայի ընթացքում՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատման վայրում, մի խումբ անձինք, սեփական անձի կարծեցյալ առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված և խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, հեղուկով լցված տարաներ, շշեր և այլ առարկաներ են նետել տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ուղղությամբ: Զանգվածային անկարգությունների մասնակիցներից մեկը վնասել է այգում տեղադրված մետաղյա արգելապատնեշը՝ փորձելով մուտք գործել ՀՀ Ազգային Ժողովի տարածք, ինչպես նաև պահել է հիշյալ արգելապատնեշը, որպեսզի այլ անձինք մուտք գործեն ՀՀ Ազգային ժողովից ներս ընկած այգու տարածք: Վերոնշյալ հանցավոր գործողությունների արդյունքում ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, վտանգվել է հասարակական անվտանգությունը, ինչպես նաև իրական վտանգ է ստեղծվել շրջակայքում գտնվող անձանց կյանքի ու առողջության համար: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 15 անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով: 4 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 8–ի նկատմամբ՝ տնային կալանքը, 2–ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, իսկ 2–ի նկատմամբ վարչական հսկողությունը։ Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:34 - 29 հուլիսի, 2024