ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Սեւանա լճի մակարդակը նախորդ ապրիլի 25-ի համեմատ ցածր է մնում 8 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը նախորդ ապրիլի 25-ի համեմատ ցածր է մնում 8 սանտիմետրով

Չնայած 2019 թվականի ապրիլի սկզբներից վերագործարկվել է Արփա-Սեւան թունելային ջրատարը եւ գարնան առաջին երկու ամիսները մոտենում են ավարտին, Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա ապրիլի 25-ի համեմատ դեռ նվազ է մնում 8 սանտիմետրով: 2019 թվականի ապրիլի 25-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 61 սանտիմետր նիշի դիմաց: Ապրիլի անցած օրերի ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 31 միլիոն 273 հազար խորանարդ մետր ջուր՝ ներառյալ ստորերկրյա հոսքը: Սեւան թափվող գետերը դեռ հեռու են իրենց վտանգավոր ելքերից: Այսպես, Արգիճի գետի վտանգավոր ելքը 110 խորանարդ մետր վայրկյան է, իսկ ապրիլի 25-ին գրանցված ելքը՝ 10,3 խորանարդ մետր վայրկյան, Գավառագետի վտանգավոր ելքը 30,5 խորանարդ մետր վայրկյան է, ապրիլի 25-ին գրանցված ելքը՝ 5,69 խորանարդ մետր վայրկյան: Այլ խոսքով՝ Սեւան թափվող գետերում ու գետակներում գարնանային վարարումները դեռ չեն սկսվել, որոնք էականորեն կնպաստեին Սեւանի մակարդակի բարձրացմանը:
06:24 - 26 ապրիլի, 2019
Արտակարգ իրավիճակների ոլորտում ամրապնդվում է հայ-չեխական համագործակցությունը

Արտակարգ իրավիճակների ոլորտում ամրապնդվում է հայ-չեխական համագործակցությունը

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արտակ Նահապետյանն ապրիլի 15-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությանը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պատվիրակության կազմում էին Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության հրշեջ-փրկարարական ծառայության գլխավոր տնօրինության արտակարգ իրավիճակների պատրաստության վարչության պետ Յիրժի Մուսիլեկը, վիճակագրության և վերլուծության վարչության պետ Իվա Բրեյզովան, ինտեգրված փրկարար համակարգի վարչության պետ Մարտին Պավեկը: Փրկարար ծառայության տնօրենը ողջունել է հյուրերին, ներկայացրել տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի փրկարար ծառայության համագործակցության հաջող փորձը և համոզմունք հայտնել, որ արտակարգ իրավիճակների բնագավառում չեխ գործընկերների հետ հետագա շփումները կլինեն երկուստեք արդյունավետ: Հյուրերը կարևորել են այցի շրջանակներում սպասվող աշխատանքային հանդիպումները, որոնց ընթացքում կքննարկվեն աղետների ռիսկի նվազեցման, աղետների ժամանակ հումանիտար օգնության առաքման, բնակչության պաշտպանության և հանրային իրազեկման հետ կապված բազմաթիվ հարցեր: Փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանը հույս է հայտնել, որ աշխատանքային հանդիպումների արդյունքում արտակարգ իրավիճակների բնագավառում երկու երկրները կունենան միմյանց հետ համագործակցության հստակ ծրագիր և տեսլական: Հանդիպումից հետո Չեխիայից ժամանած հյուրերը հնարավորություն են ունեցել շրջել Արտակարգ իրավիճակների նախարարության տարածքում, եղել են Աղետների բժկության տարածաշրջանային կենտրոնում, ինչպես նաև ԱԻՆ հոգեբանական ծառայությունում, ծանոթացան ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությանը և կարողություններին: Չեխիայի հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ ԱԻՆ և Չեխիայի հանրապետության ՆԳՆ միջև աղետների կանխարգելման և հետևանքների վերացման, հակահրդեհային և բնակչության պաշտպանության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրից բխող աշխատանքային պլանը քննարկելու նպատակով:
11:06 - 15 ապրիլի, 2019
ԱԻՆ-ի գործառույթների մի մասը փոխանցվեց Բնապահպանության նախարարությանը |lragir.am|

ԱԻՆ-ի գործառույթների մի մասը փոխանցվեց Բնապահպանության նախարարությանը |lragir.am|

lragir.am: ՀՀ կառավարության որոշմամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունից Բնապահպանության նախարարությանը փոխանցվեցին հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների ու կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտում գործառույթները: ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ դա երկարատև պրոցես է, որը կոլեկտիվի վրա է ազդելու: «Հիմա կառավարության որոշում ենք ընդունում, պետք է դեռ գնա Ազգային ժողով: Այս ընթացքում կոլեկտիվը գիտի, որ ԱԻՆ-ում չի, բայց էստեղ էլ չի: Օդի մեջ են մնում: Խնդիր է նաև, որ բոլորը չեն գնալու բնապահպանության նախարարություն»,-«Արմենպրես»–ի փոխանցմամբ, ասաց նա:  Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ լավագույն կադրերը կմնան համակարգում, ինչին բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն արձագանքեց, որ սա մեծամասշտաբ փոփոխությունների շրջանակում է: Նախագծի ընդունմամբ կապահովվի շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական ու ժամանակակից համակարգերի ներդրում։
12:09 - 11 ապրիլի, 2019
Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են

Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ս. թ. մարտի 1-ից ձնաբքի և ուժեղ քամու պատճառով Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-րդ և Սիսիան-Գորիս հատվածի 28-րդ կմ-երին կան արգելափակված ավտոմեքենաներ:  Երեկ, ժամը 12:00-ից 22:12-ը փրկարարները նշված տարածքներում արգելափակումից դուրս են բերել մոտ 2000 ավտոմեքենա, որից 400-ը տեղափոխվել է անվտանգ տարածք, իսկ 30 քաղաքացի՝ ՊՆ թիվ N զորամաս՝ գիշերակացի:Փրկարարական միջոցառումներն իրականացվել են ԱԻՆ, ՊՆ, ՏԻՄ, ՃՈ և «ՃԱՆՇԻՆ» աշխատակիցների համատեղ ուժերով և միջոցներով:  Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` նախապես իրազեկվելով ճանապարհի վիճակի մասին 911 հեռախոսահամարով կամ mes.am կայքի միջոցով:  Արտակարգ իրավիճակների նախարարություն 
06:37 - 05 մարտի, 2019