ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Հանրության շրջանում մեռնող մասնագիտությունների նկատմամբ դեռևս հետաքրքրություն կա. Արայիկ Հարությունյան |tert.am|

Հանրության շրջանում մեռնող մասնագիտությունների նկատմամբ դեռևս հետաքրքրություն կա. Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am։ Միջին մասնագիտություն ընտրելու որոշ ուղղություններով կա իներցիոն երևույթներ, բայց աշխատաշուկայի համապարփակ վերլուծությունը թույլ կտա հաջորդ տարի այնպիսի պատվեր իրացնել, որոնց կարիքը կլինի. «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Վատ է, որ հանրության շրջանում դեռևս կա մեռնող մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրություն, բայց մենք կողմնորոշման ծրագրեր ենք իրականացնում դպրոցներում, որ մեր աշակերտները կարողանան այնպիսի մասնագիտություն ընտրել, որ ավարտելուց հետո պահանջարկը լինելու է»,-ասաց նա: Այդուհանդերձ, ըստ նախարարի, արդեն իսկ միջին մասնագիտական կրթության հարցում լուրջ վերանայումներ են տեղի ունեցել: «Եթե նայեք նախորդ տարվա համեմատ միջին մասնագիտական տեղերի պատվերը, կտեսնեք, որ շեշտակի փոփոխություններ են եղել, մասնավորապես, հաշվապահական, առողջապահական մասնագիտություններով, և մենք գնահատում ենք աշխատաշուկայի պատկերը և փոփոխություն իրականացնում»,-ասաց նա: ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը Արայիկ Հարությունյանին հարցրեց, թե նախնական մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական ուսհաստատությունների շենքային պայմանների բարելավման ծրագրի համար հատկացված 1,5 մլրդ դրամի միայն 22 տոկոսն են կարողացել իրացնել, իսկ 2020 թ. համար 2,2 մլրդ գումար են ուզում: Շարունակությունը՝ tert.am-ում
10:20 - 31 հոկտեմբերի, 2019
Պետք է հասկանանք, թե որն է առարկայի նպատակը․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի մասին |news.am|

Պետք է հասկանանք, թե որն է առարկայի նպատակը․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի մասին |news.am|

news.am։ Պետք է հասկանանք, թե որն է առարկայի նպատակը եւ ինչ խնդիր ենք մենք լուծում։ Այս մասին  ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը՝ անդրադառնալով հանրակրթական դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հարցին։ «ՀՀ կառավարության եւ Մայր Աթոռի համատեղ հանձնախմբի շրջանակներում տեղի է ունեցել կրթական խնդիրներով ենթահանձնախմբի մեկ հանդիպում, որի ժամանակ նշվել է, որ այժմ քննարկվում եւ մշակվում են չափորոշիչները, թե յուրաքանչյուր առարկայի մասով մեր առջեւ ինչ խնդիր ենք դնում, նաեւ պետք է հասկանանք յուրաքանչյուր առարկայի նպատակը, թե ինչ խնդիր ենք մենք լուծում։ Եթե մեր առջեւ դնում ենք խնդիր, որ աշակերտները իմանան, կարեւորեն ու հասկանան Հայոց եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ, տարբեր մասնագետների հետ խորհրդակցելով իմ կարծիքն է, որ այն լավագույնս կարելի է ներկայացնել հայ ժողովրդի պատմության առարկայի շրջանակներում»,-նշեց նա։ Արեւիկ Անափիոսյանի կարծիքով՝ եթե հայ ժողովրդի պատմության համատեքստում է ներկայացվում, ավելի հստակ է դառնում, «թե տվյալ ժամանակաշրջանում եկեղեցին ինչ դեր է կարողացել ունենալ մեր բազմաչարչար պատմության մեջ»։ Նրա խոսքով՝ եթե առարկայի նպատակը արժեքային հենք ստեղծելն է, ապա բոլոր առարկաները դրան պետք է միտված լինեն․ «Իսկ եթե մենք մեր առջեւ նպատակ ենք դնում, որ արժեքային հենք ձեւավորենք սովորողների մոտ, ապա կարծում եմ դա ոչ թե մեկ առարկայի խնդիր պետք է լինի, այլ բոլոր առարկաներն էլ պետք է միտված լինեն ճիշտ արժեքային հենք ձեւավորելուն»։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հիշեցնում է՝ կրոնների մասին դպրոցներում կրոնների ուսումնասիրման համար կա մշակված «Տոլեդոյի սկզբունքները»․ «Մենք փորձում ենք հասկանալ, թե որն է ուսումնասիրության խնդիրը։ Եթե ուսումնասիրության խնդիրը հասկանալն է, թե Հայ առաքելական եկեղեցին ինչ դավանաբանական հենք ունի, այդ դեպքում նաեւ աշխարհում կա փորձ, որ ուսումնասիրվում են մյուս կրոնների պատմությունները։ Եվրոպայի տնտեսական համագործակցության կազմակերպությունը մշակել է «Տոլեդոյի սկզբունքները» կրոնների պատմությունն ուսումնասիրելու համար, որտեղ ասվում է, որ հոգեորսություն չպետք է լինի, քարոզ չպետք է իրականացվի դասի ժամանակ, եւ կա, որ տվյալ պետության առանձնահատկություններից ելնելով հնարավոր է կրոնների ուսումնասիրություն ժամանակ մեկի մասին ավելի մանրամասն ու խորը ուսումնասիրություն արվի, բայց արգելվում է որեւէ կրոն բացասական լույսի ներքո ներկայացնել, այսինքն՝ կան սկզբունքներ, որոնք պետք է հաշվի առնենք, սակայն չկա որոշում, թե առարկան ինչ ձեւով է դասավանդվելու»։ Նա վստահ է՝ ՀԱԵ հետ կկարողանան համաձայնության գալ․ «Մենք պատրաստ ենք կառուցողական խոսակցության, որտեղ մենք կկարողանանք հասկանալ, թե որն է առարկայի առանձին կամ միավորված ունենալու նպատակը եւ ուսումնասիրության խնդիրը, դրանց շուրջ վստահ եմ՝ գալու ենք համաձայնության, իսկ թե ինչ մեթոդով է հարցը լուծվելու, ապա կան մանկավարժներ եւ գիտության ներկայացուցիչներ, որոնք մեզ լավագույնս կկարողանան օգնել եւ աջակցել, թե մեր առջեւ դրված նպատակը ինչպես կարող ենք լուծել։
09:32 - 31 հոկտեմբերի, 2019
Եթե դպրոցը շատ աշակերտ ունի, ուսուցիչների աշխատավարձը կարող է հասնել 150-160 հազար դրամի. Հարությունյան |armtimes.com|

Եթե դպրոցը շատ աշակերտ ունի, ուսուցիչների աշխատավարձը կարող է հասնել 150-160 հազար դրամի. Հարությունյան |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ կառավարությունն այսօրվա՝ նիստում որոշեց փոփոխել հանրակրթական դպրոցների ֆինանսավորման գործող բանաձեւը: Նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ըստ գործող բանաձեւի դպրոցների տարեկան հասանելիք գումարը որոշվում է՝ կախված սովորողների թվից: «Սա նպատակ է ունեցել խթանել դպրոցների միջեւ մրցակցությունը, սակայն հաշվի չի առնվել այն, որ դպրոցների մի մասը, որոնք միակն են բնակավայրում, եւ սովորողների թիվը պայմանավորված է հենց դպրոցի սպասարկման տարածքի բնակիչների թվով եւ նրանք մրցակցությունից դուրս են: Այս պարագայում փոքր թվով սովորողներ ունեցող դպրոցներին հատկացվող գումարը նրանց չի բավարարում եւ վերաբաշխման անհրաժեշտություն է առաջանում: Սա տարիներ շարունակ արել են մարզպետարանները եւ Երեւանի քաղաքապետարանը: Այսինքն խոշոր դպրոցների փողից վերցրել եւ հատկացրել են փոքր դպրոցներին»,- ասաց նախարարը: Հարությունյանը նշեց, որ նոր փոփոխություններով առաջարկվում է՝ փոքր համակազմ ունեցող, թերհամալրված դպրոցների գումարը հաշվարկելիս հիմք ընդունել նաեւ դասարանների թիվը, ինչով պայմանավորված է ծախսերի հիմնական մասը. «Թերհամալրված են համարվում տարրական դպրոցը մինչեւ 72 սովորող, հիմնական դպրոցը՝ մինչեւ 100 սովորող, միջնակարգ դպրոցը՝ մինչեւ 207 սովորող, վարժարան եւ ավագ դպրոց՝ մինչեւ 135 սովորող»: Շատ դպրոցներ չեն կարողանում ապահովել ուսուցիչների վարձատրությունը՝ բյուջեով նախատեսված ցուցանիշներին համապատասխան: Սույն իրավական ակտով առաջարկվում է թերկոմպլեկտավորված դպրոցների ֆինանսավորման բանաձեւում նախատեսել նաեւ նոր փոփոխական՝ դասարանների թիվը: Այս մոտեցումը թույլ կտա, այն դեպքերում, երբ մենք ստիպված ենք պահել փոքր թերկոմպլեկտավորված դպրոց, հատկացնել բավարար գումարը՝ հոգալու դպրոցի նվազագույն ծախսերը, ներառյալ՝ ուսուցիչների աշխատավարձը, վերացնել մարզի կտրվածքով միջոցների վերաբաշխման անհրաժեշտությունը, պետական մակարդակով սահմանել ուսուցչի նվազագույն աշխատավարձի չափը: Թերկոմպլեկտավորված համարվում են դասարանում սովորողների առավելագույն թվի կեսից պակաս, մինչեւ նորմատիվային թվով դասարաններ ունեցող դպրոցները: Առանձին գործող ավագ դպրոցների համար որպես դասարանների նորմատիվային թիվ վերցված է 9-ը՝ նկատի ունենալով, որ այդ դպրոցներում ենթադրվում է 3 հոսքերի առկայություն: Հարությունյանը նշեց, որ սահմանվել է ուսուցչի մեկ դրույքի նվազագույն աշխատավարձը՝ 108 հազար դրամ, սակայն այն կարող է հասնել մինչեւ 125 հազարի: Նրա խոսքով՝ եթե ամեն տարի ուսուցիչների աշխատավարձը 10 տոկոսով ավելանա, ապա 4 տարի հետո այն կհասնի մեկ շնչի հաշվով ՀՆԱ մակարդակին՝ տարեկան կտրվածքով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը էլ ի պատասխան ասաց, որ նվազագույն աշխատավարձ ներդնելով գործնականում Երեւանում եւ հեռավոր գյուղում գործող դպրոցների ուսուցիչները նվազագույն մեկ դրույքի համար նույն աշխատավարձն են ստանալու: Արձագանքելով վարչապետին Հարությունյանն ասաց, որ եթե դպրոցը շատ աշակերտ ունի, ուսուցիչների աշխատավարձը կարող է հասնել 150-160 հազար դրամի: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցն ինչ-որ ձեւով պետք է լուծել. «Դպրոցն էլ հո բնակարան չի՞, որ Երեւանի կենտրոնում ավելի թանկարժեք լինի: Եթե աշակերտների թվով պայմանավորված դրույքը փոխվում է, ապա որակյալ մասնագետները կգան մեծ դպրոցներ, դա էլ իր հերթին կբերի աշակերտների հոսք եւ մենք դիսբալանս կունենանք»:  
08:28 - 31 հոկտեմբերի, 2019
Նախարարությունը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու մասին

Նախարարությունը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի գործընկերներ, Այսօր լրատվական դաշտում հոդվածներ են տարածվել ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի փոփոխության արդյունքում իբր թե ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու կամ բուհերում «Ֆիզիկական դաստիարակություն» առարկայի ապագան վտանգելու վերաբերյալ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ այդ հոդվածներում առկա են բազմաթիվ թյուրընկալումներ, որոնք չեն արտացոլում օրինագծի կարգավորումները։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ օրինագիծը դեռևս գտնվում է աշխատանքային տարբերակում և նախարարությունը հավելյալ պարզաբանումներ կներկայացնի այն հանրային քննարկման դնելուց հետո։ Մինչ այդ կոչ ենք անում զերծ մնալ թյուրըմբռնումների առիթ հանդիսացող գրառումներից»։
08:13 - 30 հոկտեմբերի, 2019
Քայլեր` աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի զարգացման ուղղությամբ

Քայլեր` աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի զարգացման ուղղությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն այսօր ներկա են գտնվել «Համագործակցության խթանում՝ հանուն մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորություններ» ծրագրի մեկնարկին: Ողջույնի խոսքում նախարարը նշել է, որ միջին մասնագիտական կրթության ոլորտի բարելավումը կարևոր է աշխատաշուկայի զարգացման և պահանջարկի բավարարման տեսակետից: «Վերջին տարիներին մեծանում է հետաքրքրությունը միջին մասնագիտական կրթության նկատմամբ: Մենք աշխատանքներ ենք տանում, որ հետաքրքրության մեծացմանը զուգահեռ նաև բարելավվի կրթության որակը»,- նշել է Ա.Հարությունյանը` հավելելով, որ ԿԳՄՍ նախարարությունը ՄԿՈՒ ոլորտի կրթության որակի բարելավման նպատակով համագործակցում է Եվրոպական միության և միջազգային մի շարք այլ կազմակերպությունների հետ: Նախարարի խոսքով` կառավարության բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում կատարվում են միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վերանորոգման, վերակառուցման աշխատանքներ: Նա նաև նշել է, որ ոլորտի զարգացման կարևոր նախադրյալներից մեկն աշխատաշուկայի ուսումնասիրությունն ու վերլուծությունն է. «Մենք պետք է ունենանք կանխատեսումներ, թե միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ինչպիսի տեսք է ունենալու աշխատաշուկան, որպեսզի իներցիայով չթողարկենք այնպիսի մասնագետներ, որոնք 4 տարի անց, ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո, աշխատաշուկայում պահանջարկ չեն ունենալու»,- նշել է Ա.Հարությունյանը: Տնտեսվարողների հետ համագործակցությունը, նախարարի ընդգծմամբ, այս գործում հաջողության հասնելու հիմնական ճանապարհն է, և նախարարությունը արդյունավետ է համարում աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը: ԵՄ պատվիրակության ղակավար տիկին Անդրեա Վիկտորինի խոսքով` երիտասարդության ներուժի բացահայտումն ու զարգացումը Եվրամիության հիմնական նպատակներից է. «Եվրոպական միությունը և Հայաստանի կառավարությունը միասին աշխատում են երիտասարդների համար ստեղծել հնարավորություններ` սովորելու, աշխատելու և գնալու երազանքների հետևից: Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում երիտասարդները բախվում են մի շարք խնդիրների, որոնցից մեկն էլ գործազրկությունն է»,-արձանագրել է դեսպանը` մեջբերելով Համաշխարհային բանկի տվյալը, որի համաձայն Հայաստանի երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը 36,7 տոկոս է: Ա. Վիկտորինի խոսքով` կրթության համակարգում սովորողին տրվող հմտությունների համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջներին Հայաստանում ԵՄ գործունեության ուղենիշերից է: ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի տեղեկացմամբ` ԵՄ աջակցությամբ գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացման ուղղությամբ մի շարք աշխատանքներ են կատարվել: «Համագործակցելով ԿԳՄՍ նախարարության հետ` վերանայվել են «Անասնաբուժություն» ու «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունների կրթական չափորոշիչները և մոդուլային ծրագրերը, մշակվել են 2 մասնագիտությունների ուսումնական ձեռնարկներ, կատարվել է դասախոսների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների վերապատրաստում, հիմնվել է կաթի վերամշակման 2 լաբորատորիա »,-տեղեկացրել է նա: Նշենք, որ «Համագործակցության խթանում՝ հանուն Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորություններ» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ` «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից:
13:00 - 29 հոկտեմբերի, 2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀԲ ներկայացուցիչ Հարի Պատրինոսին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀԲ ներկայացուցիչ Հարի Պատրինոսին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթական ծրագրերի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հարի Պատրինոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են իրականացված և ընթացքի մեջ գտնվող երկկողմ ծրագրերն ու հետագա համագործակցության հեռանկարները:Այս համատեքստում կարևորվել են նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` չափորոշիչների մշակումը, դպրոցաշինությունն ու լաբորատորիաների ստեղծումը, բարձրագույն կրթության բարեփոխումները, նախադպրոցական կրթության զարգացումը: Կողմերն ընդգծել են որակյալ կրթության հասանելիության կարևորությունը, ինչպես նաև Համաշխարհային բանկի ծրագրերով նախանշվող մարդկային կարողությունների հզորացմանը միտված հնարավորությունները: Նախարարը նշել է, որ ընթացող փոփոխությունները մեծածավալ են և առնչվելու են ոլորտի բոլոր շահառուներին, հետևաբար թիրախային խմբերը պետք է փոփոխություններին հաղորդակից դառնան։ Հանդիպման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է կրթության ոլորտի բարեփոխումների այս փուլի ընթացքը: Նրա խոսքով` բարեփոխումներն իրենց հիմնական արդյունքը կտան 10-15 տարի հետո, բայց կարևոր է նաև այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնց արդյունքները շոշափելի կլինեն կարճաժամկետ կտրվածքում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ՀԲ կողմից պատրաստվող «Աշխարհի զարգացման զեկույցի» (World development report) մարդկային կապիտալի զարգացման կրթական բաղադրիչին, բարձրագույն կրթության և գիտության ոլորտը կարգավորող նոր օրինագծի մշակմանը և մի շարք այլ հարցերի:
13:33 - 28 հոկտեմբերի, 2019
Հանրակրթության համակարգում դեռևս գուցե ատեսանելի բայց լուրջ բովանդակային բարեփոխումներ են ընդանում. Սամվել Կարաբեկյան

Հանրակրթության համակարգում դեռևս գուցե ատեսանելի բայց լուրջ բովանդակային բարեփոխումներ են ընդանում. Սամվել Կարաբեկյան

Այսօր Մամուլի ազգային ակումբում կայացավ հանրային քննարկում՝ «Փակուղի՞ Հայոց լեզվի և Հայոց պատմության համար. «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքը, դրա հնարավոր հետևանքներն ու վտանգները» թեմայով: Քննարկման ընթացքում ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Ավետիսյանը նշեց, որ ինքը հակված է մտածելու, թե սպասվող փոփոխությունները բխում են մշակվող կրթական քաղաքականության տրամաբանությունից, և բուհերին վերապահվում է բացարձակ ինքնավարություն: «Եթե իսկապես տրվում է բավարար չափով ինքնավարություն, և պետք է բուհերը տնօրինեն իրենց կրթական ծրագրերը, այդ դեպքում ինչո՞ւ է հենց ի վերուստ ուղղորդվում ուղղափառ հետևողականությամբ հետևյալ գաղափարը, որ Հայոց լեզուն և Հայոց պատմությունը ժամանակավրեպ են, հայագիտական առարկաները ժամանակավրեպ են, որ այդ առարկաները խլում են մասնագիտական առարկաների ժամերը և ճնշում են մասնագիտական առարկաներին, հետևաբար, ենթադրվում է, որ բուհերը պետք է հակված լինեն այդ առարկաներն իրենց կրթական ծրագրերից հանելուն»,- նշեց նա:  Յուրի Ավետիսյանի խոսքով՝ բուհերում չպետք է կրկնեն Հայոց լեզվի դպրոցական ծրագիրը. «Երևանի պետական համալսարանում իրավիճակ է փոխվել այն առումով, որ խախտելով «Բուհական կրթության մասին» գործող օրենքը՝ մենք գիտխորհրդով որոշում ընդունեցինք, որ ԵՊՀ-ում անցնելու ենք Հայոց լեզու և խոսքի մշակույթ, որի նպատակը հետևյալն է. ամբողջացնում ենք, ամփոփում ենք դպրոցում անցած գիտելիքները, ապահովում ենք գրագիտության որոշակի մակարդակ, անցնում ենք հաջորդ փուլին, դասավանդում ենք խոսքի մշակույթ, հաղորդակցման արվեստ, հաղորդակցման էթիկետ, բարեվարքություն»: Նա նաև նշեց, որ եթե անգամ օրենքի նոր նախագծով չսահմանվի, որ բուհերում Հայոց լեզվի ուսուցումը պարտադիր է, այդ կետը սահմանված է «Լեզվի մասին» ՀՀ օրենքով: ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը նշեց, որ ոչ միայն դպրոցներում, այլև բուհերում մենք ունենք ժամանակակից հայոց լեզվի դասավանդման խնդիր: «Ըստ Սահմանադրության` հայերենը մեր պետական լեզուն է, ուստի մենք պետք է ապահովենք հայերենի գործառնությունը բարձր մակարդակով պետական կառավարման ոլորտում, գիտության ոլորտում և կրթության ոլորտում»,- ասաց նա: Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտո Կատվալյանի խոսքով փոփոխությունների նպատակը բարի է, բայց թերի է: «Մեր նպատակն է պատրաստել իրենց ոլորտի համար փայլուն մասնագետնե՞ր, թե՞ պատրաստել էլի փայլուն մասնագետներ, որոնք ունեն ազգային նկարագիր, բարձր մտավորականներ են, բարեկիրթ են, շատ ավելի լավն են, քան թե սոսկ իրենց ոլորտի մասնագետներ»,- նշեց նա: ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը վստահեցրեց, որ երբ օրենքի նոր նախագիծը պատրաստ լինի, կլինեն նոր քննարկումներ: Նրա խոսքով՝ այս առարկաների պարտադիր ուսուցումն օրենքով չի ամրագրվելու, քանի որ կրթական ծրագրին ներկայացվող որակավորումների ազգային շրջանակով, որը ենթաօրենսդրական ակտ է, արդեն պահանջվում է հետևյալը. ցանկացած ինքնավար բուհի որակյալ կրթական ծրագրի ստեղծման հիմնական նպատակն այն է, որ նա պատրաստի մասնագետ, որը կարողանա հաղորդակցվել իր մասնագիտական լեզվով, կարողանա իր մասնագիտական գիտելիքը և փորձը հաղորդել ոչ միայն մասնագիտական, այլ նաև ոչ մասնագիտական հանրությանը: Մեր այն հարցին, թե ի՞նչ քայլեր են արվում դպրոցներում Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների դասավանդման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, Սամվել Կարաբեկյանը պատասխանեց. «Աշխատանքներ արդեն տարվում են՝ նոր պետական կրթական չափորոշիչ և դրանից բլող առարկայական չափորոշիչներ ընդունելու, որոնց պահանջները և որոնցից բխող բովանդակությունը պիտի էապես փոխվեն: Ընդհանրապես, հանրակրթության համակարգում դեռևս գուցե ատեսանելի բայց լուրջ բովանդակային բարեփոխումներ են ընդանում, որոնց մենք շուտով ականատես կլինենք»:  
18:53 - 24 հոկտեմբերի, 2019
ԿԳՄՍ նախարարությունն ուսուցիչներին խրախուսելու է ըստ մասնագիտական որակների բարձրացման |armenpress.am|

ԿԳՄՍ նախարարությունն ուսուցիչներին խրախուսելու է ըստ մասնագիտական որակների բարձրացման |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը հոկտեմբերի 23-ին Մեդիա կենտրոնին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ մշակել են ուսուցիչների որակավորման շրջանակի և մասնագիտական ստանդարտներին վերաբերող նախագծեր: Ըստ այդ նախագծերի կապահովվի ուսուցիչների աշախատավարձի թռիչքը: «Որակավորումների շրջանակն ունենալու է չորս մակարդակ` սկսնակ ուսուցչից մինչև վարպետ ուսուցիչ: Աշխատավարձային քաղաքականության համաձայն` այն ուսուցիչը, որը կլինի չորրորդ սանդղակում խրախուսանքի կարժանանա»,-շեշտեց նախարարի տեղակալը:Անափիոսյանը տեղեկացրեց, որ հունվարից կսահմանվի ուսուցչի նվազագույն երաշխավորված աշխատավարձ, որը կազմելու է 125 հազար դրամ: «Թռիչքն այնպես ենք ապահովում, որ ուսուցիչներն անգամ կարողանան 400 հազար և ավելի աշխատավարձ ստանալ»,-ասաց նա:
15:18 - 23 հոկտեմբերի, 2019
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Կոմիտասի և Թումանյանի 150 ամյակներին նվիրված միջոցառումներ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Կոմիտասի և Թումանյանի 150 ամյակներին նվիրված միջոցառումներ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, հոկտեմբերի 18-ին կբացվի Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին նվիրված «Զրույց ժամանակի հոլովույթում» խորագրով ցուցահանդեսն ու Կոմիտասի 150 ամյակին նվիրված համերգը: Կարևոր այս միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզ է մեկնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: Ցուցահանդեսին կներկայացվեն Հովհաննես Թումանյանի և համաշխարհային մեծերի տարածաժամանակային առնչությունները, նրանց վիրտուալ զրույցն ու գնահատականը միմյանց: Ցուցադրության մեջ ներառվել են նաև Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների՝ երեք տասնյակից ավելի լեզուներով թարգմանությունների տարբեր հրատարակությունները (105 գիրք), տպագրական այլ նյութեր: Ցուցահանդեսի կազմակերպիչն ու իրականացնողը «Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ն է: Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային ծրագրում հանդես կգա Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան): Երգչախումբը կներկայացնի հանճարեղ կոմպոզիտորի հարուստ խմբերգային ժառանգությունը. կհնչեն Կոմիտասի ստեղծագործական ժառանգության արժեքավոր նմուշներ՝ «Պատարագից» հատվածներ, հարսանեկան, լիրիկական, պանդխտության, աշխատանքային (հորովելներ) և այլ ժողովրդական երգեր: Համերգին, որպես մենակատարներ հանդես կգան Նվարդ Ալոյանը (դաշնամուր), Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Ռազմիկ Բաղդասարյանը (տենոր), Վրեժ Ղարիբյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս), Հովհաննես Գրիգորյանը (բարիտոն), Մավր Մկրտչյանը (բարիտոն), Աշխեն Թադևոսյանը (մեցցո սոպրանո): Հոկտեմբերի 20-ին, Վարդապետի հոբելյանի կապակցությամբ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կանցկացվի հոգևոր երաժշտության համերգ: Տեղեկացնենք, որ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին ընդառաջ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» օրացույցում նշված հոբելյաններն ընդգրկելու վերաբերյալ Հայաստանի ներկայացրած հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանում արժանացել էր հավանության: Այդպիսով, Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ ներկայացված՝ «Կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, բանահավաք, երգիչ Սողոմոն Սողոմոնյանի՝ Կոմիտաս վարդապետի (1869-1935 թթ.) ծննդյան 150-ամյակը», և Վրաստանի ու Ռուսաստանի աջակցությամբ ներկայացված «Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի (1869-1923 թթ.) ծննդյան 150-ամյակը» խորագրով հայտերն ընդգրկվել են «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում:
06:52 - 18 հոկտեմբերի, 2019
Ա. Հարությունյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի դպրոցներում հայոց լեզվի դասագրքեր ունենալու հարցը

Ա. Հարությունյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի դպրոցներում հայոց լեզվի դասագրքեր ունենալու հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիին։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Երկու երկրների նախարարները հանդիպման սկզբում ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև եղած ջերմ, բարեկամական հարաբերությունների կարևորությունը և պատրաստակամություն հայտնել այդ գործընկերության կամուրջներն ամրապնդելու նաև իրենց համակարգած ոլորտներում։ Արայիկ Հարությունյանը և Միխեիլ Բատիաշվիլիին կարևորել են երկու երկրների միջև ձևավորված աշխատանքային խմբերը, որոնք այժմ քննարկում են ճանապարհային քարտեզի համատեղ մշակման ձևաչափերը: Այս աշխատանքային խմբերի օրակարգում են՝ Վրաստանի պետական դպրոցներում դասավանդող հայոց լեզվի ուսուցիչների շարունակական մասնագիտական վերապատրաստման, երկու պետություններում համատեղ օլիմպիադաների կազմակերպման, հայոց լեզվի և գրականության դասագրքերով ապահովման, ինչպես նաև դասագրքերի թարգմանության ընթացքում մասնագիտական աջակցության տրամադրման հարցերը: Հանդիպման ընթացքում նախանշված համագործակցության մյուս ուղղությունը մշակութային ժառանգության պահպանությունն էր։ Այս համատեքստում կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցել մշակութային ժառանգության համար պատասխանատու կառույցների միջև համագործակցությանը՝ գործող աշխատանքային խմբի և այն միջազգային պարտավորությունների շրջանակում, որոնք ուժի մեջ են երկու երկրների համար: Հայաստանի և Վրաստանի ԿԳՄՍ նախարարները նաև կարևորել են բարեփոխումների իրականացման գործընթացում փորձի փոխանակման հարթակների ստեղծումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև օգոստոսի 22-27-ը ՀՀ ԿԳՄՍ հրավերով «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կազմակերպած ամառային ճամբարին Վրաստանի քաղաքացիների մասնակցությանը՝ ընդգծելով, որ նման ձևաչափերը երիտասարդների միջև շփումներն ակտիվացնելու հնարավորություն են տալիս։
04:52 - 18 հոկտեմբերի, 2019
Հանրակրթական դպրոցների 50%-ը մինչև տարեվերջ կունենա ինժեներական լաբորատորիաներ. ԿԳՄՍ նախարար |tert.am|

Հանրակրթական դպրոցների 50%-ը մինչև տարեվերջ կունենա ինժեներական լաբորատորիաներ. ԿԳՄՍ նախարար |tert.am|

tert.am։ Հանրակրթական դպրոցների 50%-ը մինչև տարեվերջ կունենա ինժեներական լաբորատորիաներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` ներկայացնելով ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովի ընթացքում նախարարության տաղավարը: «Այս միջոցառումը որոշակի միջոց է` ամփոփելու այն, ինչ ունենք, նոր կապեր հաստատելու և այդ կապերի միջոցով էլ ավելի զարգացնելու մեր կրթական ծրագրերը»,-ասաց նախարարը: Անդրադառնալով հարցին` հայաստանյան բուհերն ապահովու՞մ են ՏՏ ոլորտում որակյալ կրթություն, որն ապագա մասնագետներին հնարավորություն կտա աշխատել միջազգային ընկերություններում, Արայիկ Հարությունյանն ասաց. «Ասել, թե բոլորը, ովքեր ավարտում են տեխնոլոգիական բուհեր կամ տեխնոլոգիական ֆակուլտետներ, պատրաստ են այդ ընկերություններում աշխատել, ճիշտ չի լինի, բայց մենք ունենք շատ լավ կենտրոններ, ֆակուլտետներ, որտեղ ավարտածները, միանշանակ, ամենազարգացած և ամենաառաջադեմ կազմակերպություններում և ընկերություններում իրենց տեղն ունեն: Իհարկե, բարելավելու շատ տեղ ունենք, բայց մեր խորին համոզումն է, որ բուհերի համար լավագույն մասնագետներ պատրաստելու համար մենք առաջին հերթին պետք է շատ լուրջ հիմքեր ստեղծենք հանրակրթության ոլորտում»:
07:26 - 07 հոկտեմբերի, 2019
Հայաստանի և Սինգապուրի միջև կրթության ոլորտում համագործակցության նոր ուղղություններ են նախանշվել

Հայաստանի և Սինգապուրի միջև կրթության ոլորտում համագործակցության նոր ուղղություններ են նախանշվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Սինգապուրի ավագ նախարար և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության ամբողջ ներուժն օգտագործելու համար հայկական կողմը պատրաստ է ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը և նշել է, որ հետաքրքրված է կրթության ոլորտում Սինգապուրի ունեցած հաջողակ փորձով։Սինգապուրի ավագ նախարար և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամը պատրաստակամություն է հայտնել գոյություն ունեցող հուշագրերի ու ծրագրերի շրջանակում խթանել արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև համագործակցության նոր ձևաչափեր մշակել։ Թարման Շանմուգարատնամը պատմել է կրթության ոլորտում Սինգապուրի հաղթահարած խնդիրների և հաջողության գրավականների մասին՝ ընդգծելով ուսուցիչների և կրթության ոլորտի կազմակերպիչների վերապատրաստման, համակարգի շարժունակության, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, միջին մասնագիտական կրթության կարևորությունը։ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի կրթական համակարգի խնդիրները շատ առումներով կրկնում են այն խնդիրները, որ ունեցել է Սինգապուրը, և այժմ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած բարեփոխումները հենց Սինգապուրի ավագ նախարարի նախանշած ուղղություններով են, և հատուկ ուշադրության է արժանանում հանրակրթության ոլորտը։Կրթության ոլորտում կողմերը պայմանավորվածություններ են ձեռքբերել երեք հիմնական ուղղությունների վերաբերյալ. դրանցից առաջինը Սինգապուրի փորձագետների ներգրավումն է Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխման գործընթացում։ Մյուս պայմանավորվածությունը վերաբերում է հանրակրթության ոլորտում սինգապուրյան փորձի ուսումնասիրմանը՝ հայաստանցի ուսուցիչների և տնօրենների այցերի միջոցով։ Հաջորդը բարձրագույն կրթության ոլորտում ունեցած փորձի փոխանակումն է. սինգապուրյան կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունել Հայաստանի առաջատար համալսարանների ներկայացուցիչներին։Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում երկու երկրների համագործակցությանը, մասնավորապես, Սինգապուրում Հայաստանի և Հայաստանում Սինգապուրի մշակույթի օրերի անցկացման հնարավորություններին։
11:52 - 01 հոկտեմբերի, 2019
ՀՀ դպրոցների 50 տոկոսում մինչև տարեվերջ ռոբոտիկայի  «Արմաթ» լաբորատորիաներ կլինեն

ՀՀ դպրոցների 50 տոկոսում մինչև տարեվերջ ռոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիաներ կլինեն

2019 թվականի սեպտեմբերին Հայաստանի դպրոցներում գործել է 284 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա` շուրջ 340 խմբակներով, որոնցում ընդգրկված է ավելի քան 7500 աշակերտ: Կառավարության որոշմամբ ծրագրի ընդլայնման նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը տրամադրվել է լրացուցիչ 834 մլն ՀՀ դրամ, որի շրջանակում մինչև տարեվերջ լաբորատորիաների թիվը կկրկնապատկվի: Նորաբաց 284 լաբորատորիաներից 5-ը կբացվի Երևանում, մնացած 279-ը՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի դպրոցներում: Արդեն տարեվերջին, պետական և մասնավոր ներդրումներով ՀՀ դպրոցներում կունենանք մոտ 580 լաբորատորիա, այդ թվում՝ Լոռու, Շիրակի և Տավուշի գրեթե բոլոր դպրոցներն ապահովված կլինեն նոր լաբորատորիաներով: Արդյունքում 2019 թվականի վերջին ՀՀ դպրոցների մոտ 50 տոկոսն ապահովված կլինի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներով: Նշենք, որ ծրագրի պահպանման և զարգացման համար 2018 թվականին տրամադրվել է շուրջ 180 մլն ՀՀ դրամ, իսկ 2019 թվականին ավելի քան 1 մլրդ 186 մլն դրամ, այդ թվում` 352.2 մլն դրամը որպես խմբակավարների աշխատավարձ, մնացածը` լաբորատրիաների ձեռքբերման և ներդրման համար:
06:57 - 30 սեպտեմբերի, 2019
Կրթական քաղաքացիական նախաձեռնության բաց նամակը ԿԳՄՍՆ նախարար Արայիկ Հարությունյանին

Կրթական քաղաքացիական նախաձեռնության բաց նամակը ԿԳՄՍՆ նախարար Արայիկ Հարությունյանին

«Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը» ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաց նամակ-հայտարարություն ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին Հարգելի պարոն Հարությունյան, Այս բաց նամակը արտահայտում է մեր` հանրային հատվածի, մասնագիտական և ծնողական համայնքների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավաքական կարծիքը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (այսուհետ՝ ՀՄԿ) տնօրեն Արմինե Դավթյանի` երեխայի հետ աշխատանքի վերաբերյալ հանրային տիրույթում կատարված ոչ մասնագիտական և անթույլատրելի պնդումների շուրջ։Սույն թվականի սեպտեմբերի 24-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի աշխատասենյակում կազմակերպվել է մասնագիտական, կրթական և քաղաքացիական հասարակության համայնքների, ինչպես նաև օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հանդիպումը տիկին Դավթյանի հետ։ Հանդիպման ընթացքում տիկին Դավթյանը վերահաստատեց իր համոզմունքը համացանցում տարածված տեսանյութում և տարբեր գրառումների ներքո արված մեկնաբանություններում արտահայտած մեթոդների հավաստիության ու արժանահավատության մեջ` ըստ էության ևս մեկ անգամ տեսակետ հայտնելով, որ երեխաների նկատմամբ բռնությունը մասնագիտական և ոչ մասնագիտական գործունեության մեջ թույլատրելի է:Հայտարարում ենք, որ ՀՄԿ տնօրեն տիկին Արմինե Դավթյանի մասնագիտական դիրքորոշումները, գիտելիքները, իր մասնագիտական գործունեության անբաժանելի մաս կազմող արժեհամակարգային կողմնորոշումները համատեղելի չեն իր զբաղեցրած պաշտոնի և իր կողմից ղեկավարվող կառույցի առաքելության և ռազմավարական նպատակների հետ։Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք` 1. Ազատել տիկին Արմինե Դավթյանին զբաղեցրած պաշտոնից, ինչպես նաև 2. Վերանայել ՀՄԿ տնօրենի, ինչպես նաև մանկավարժական աշխատանքի հետ առնչություն ունեցող այլ պաշտոնյաների որակավորումներին ներկայացվող պահանջներն այնպես, որ հետագայում բացառվեն նման դեպքերը:3. Տվյալ պաշտոնների համար անցկացվող մրցույթներում նախատեսել բավարար գործիքակազմ` պաշտոնի հավակնորդների մասնագիտական կոմպետենցիաները և մանկավարժական մոտեցումները բացահայտելու համար:4. Ստեղծել մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան հետևողականորեն ապահովել մանկավարժական աշխատողների մասնագիտական և էթիկայի կանոնների կիրառումը պրակտիկայում և դրանց խախտման դեպքերի վերհանումը:5. Ժամանակին, համարժեք և կտրուկ պատժամիջոցներով արձագանքել ընթացակարգային և բովանդակային խախտումներին: Հայտարարության ամբողջական տեքստը այստեղ։
07:23 - 26 սեպտեմբերի, 2019
ՀՀ-ն ու Հնդկաստանն կփորձեն օգտագործել կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա մեծ ներուժը

ՀՀ-ն ու Հնդկաստանն կփորձեն օգտագործել կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա մեծ ներուժը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դեվալին: Նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արգասաբեր գործունեություն մեր երկրում պաշտոնավարելու ընթացքում: Նա արձանագրել է, որ թեև հայ և հնդիկ ժողովուրդները դարավոր բարեկամության պատմություն ունեն, իսկ գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում հայ-հնդկական հարաբերությունները՝ զարգացման մեծ ներուժ, այսօր համագործակցության հնարավորությունները բավարար չափով չեն օգտագործվում:Իր հերթին դեսպանը նշել է, որ Հայաստանի կառավարության անդամների հետ հանդիպումների շարքն սկսում է ԿԳՄՍ նախարարից : Նրա խոսքերով, այս օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում է գտնվում նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ու նախատեսված է նրա հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Խոսելով մշակութային համագործակցության և փոխանակման ծրագրերի մասին՝ պարոն Դեվալը բարձրացրել է Հայաստանի տարածքում հնդկական ֆիլմերի նկարահանումների հնարավորության հարցը: Դեսպանը նաև հանդես է եկել առաջարկություններով՝ հայ արվեստագետներին հրավիրելով Հնդկաստանում մասնակցելու ազգային երգուպարի, ինչպես նաև ձեռագործ աշխատանքների ներկայացման փառատոններին:Նախարար Արայիկ Հարությունյանը հնարավոր է համարել համատեղ ֆիլմարտադրության ծրագրերը՝ առաջարկելով գալիք տարիներին երկու երկրներում մշակույթի օրեր կազմակերպել: Տեղեկացնելով, որ անցած տարի հայկական բուհերում սովորող հնդիկ ուսանողների թիվն անցել է 1200-ից, իսկ այս տարի ստացվել է շուրջ 600 դիմում, և հաշվի առնելով առողջապահության ոլորտի մասնագիտությունների նկատմամբ հնդիկ ուսանողների մեծ հետաքրքրությունը, նախարարը կարևորել է Հնդկաստանի բուհերից որևէ մեկի հետ համագործակցելու հարցը: Կողմերն անդրադարձել են նաև գիտության, պատմամշակութային ժառանգության պահպանման և հնագիտության բնագավառներում համագործակցության հնարավորությանը:
12:45 - 24 սեպտեմբերի, 2019