Հանրակրթության համակարգում դեռևս գուցե ատեսանելի բայց լուրջ բովանդակային բարեփոխումներ են ընդանում. Սամվել Կարաբեկյան
18:53 - 24 հոկտեմբերի, 2019

Հանրակրթության համակարգում դեռևս գուցե ատեսանելի բայց լուրջ բովանդակային բարեփոխումներ են ընդանում. Սամվել Կարաբեկյան

Այսօր Մամուլի ազգային ակումբում կայացավ հանրային քննարկում՝ «Փակուղի՞ Հայոց լեզվի և Հայոց պատմության համար. «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքը, դրա հնարավոր հետևանքներն ու վտանգները» թեմայով:

Քննարկման ընթացքում ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Ավետիսյանը նշեց, որ ինքը հակված է մտածելու, թե սպասվող փոփոխությունները բխում են մշակվող կրթական քաղաքականության տրամաբանությունից, և բուհերին վերապահվում է բացարձակ ինքնավարություն:

«Եթե իսկապես տրվում է բավարար չափով ինքնավարություն, և պետք է բուհերը տնօրինեն իրենց կրթական ծրագրերը, այդ դեպքում ինչո՞ւ է հենց ի վերուստ ուղղորդվում ուղղափառ հետևողականությամբ հետևյալ գաղափարը, որ Հայոց լեզուն և Հայոց պատմությունը ժամանակավրեպ են, հայագիտական առարկաները ժամանակավրեպ են, որ այդ առարկաները խլում են մասնագիտական առարկաների ժամերը և ճնշում են մասնագիտական առարկաներին, հետևաբար, ենթադրվում է, որ բուհերը պետք է հակված լինեն այդ առարկաներն իրենց կրթական ծրագրերից հանելուն»,- նշեց նա: 

Յուրի Ավետիսյանի խոսքով՝ բուհերում չպետք է կրկնեն Հայոց լեզվի դպրոցական ծրագիրը.

«Երևանի պետական համալսարանում իրավիճակ է փոխվել այն առումով, որ խախտելով «Բուհական կրթության մասին» գործող օրենքը՝ մենք գիտխորհրդով որոշում ընդունեցինք, որ ԵՊՀ-ում անցնելու ենք Հայոց լեզու և խոսքի մշակույթ, որի նպատակը հետևյալն է. ամբողջացնում ենք, ամփոփում ենք դպրոցում անցած գիտելիքները, ապահովում ենք գրագիտության որոշակի մակարդակ, անցնում ենք հաջորդ փուլին, դասավանդում ենք խոսքի մշակույթ, հաղորդակցման արվեստ, հաղորդակցման էթիկետ, բարեվարքություն»:

Նա նաև նշեց, որ եթե անգամ օրենքի նոր նախագծով չսահմանվի, որ բուհերում Հայոց լեզվի ուսուցումը պարտադիր է, այդ կետը սահմանված է «Լեզվի մասին» ՀՀ օրենքով:

ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը նշեց, որ ոչ միայն դպրոցներում, այլև բուհերում մենք ունենք ժամանակակից հայոց լեզվի դասավանդման խնդիր:

«Ըստ Սահմանադրության` հայերենը մեր պետական լեզուն է, ուստի մենք պետք է ապահովենք հայերենի գործառնությունը բարձր մակարդակով պետական կառավարման ոլորտում, գիտության ոլորտում և կրթության ոլորտում»,- ասաց նա:

Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտո Կատվալյանի խոսքով փոփոխությունների նպատակը բարի է, բայց թերի է:

«Մեր նպատակն է պատրաստել իրենց ոլորտի համար փայլուն մասնագետնե՞ր, թե՞ պատրաստել էլի փայլուն մասնագետներ, որոնք ունեն ազգային նկարագիր, բարձր մտավորականներ են, բարեկիրթ են, շատ ավելի լավն են, քան թե սոսկ իրենց ոլորտի մասնագետներ»,- նշեց նա:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը վստահեցրեց, որ երբ օրենքի նոր նախագիծը պատրաստ լինի, կլինեն նոր քննարկումներ: Նրա խոսքով՝ այս առարկաների պարտադիր ուսուցումն օրենքով չի ամրագրվելու, քանի որ կրթական ծրագրին ներկայացվող որակավորումների ազգային շրջանակով, որը ենթաօրենսդրական ակտ է, արդեն պահանջվում է հետևյալը. ցանկացած ինքնավար բուհի որակյալ կրթական ծրագրի ստեղծման հիմնական նպատակն այն է, որ նա պատրաստի մասնագետ, որը կարողանա հաղորդակցվել իր մասնագիտական լեզվով, կարողանա իր մասնագիտական գիտելիքը և փորձը հաղորդել ոչ միայն մասնագիտական, այլ նաև ոչ մասնագիտական հանրությանը:

Մեր այն հարցին, թե ի՞նչ քայլեր են արվում դպրոցներում Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների դասավանդման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, Սամվել Կարաբեկյանը պատասխանեց.

«Աշխատանքներ արդեն տարվում են՝ նոր պետական կրթական չափորոշիչ և դրանից բլող առարկայական չափորոշիչներ ընդունելու, որոնց պահանջները և որոնցից բխող բովանդակությունը պիտի էապես փոխվեն: Ընդհանրապես, հանրակրթության համակարգում դեռևս գուցե ատեսանելի բայց լուրջ բովանդակային բարեփոխումներ են ընդանում, որոնց մենք շուտով ականատես կլինենք»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել