Եթե դպրոցը շատ աշակերտ ունի, ուսուցիչների աշխատավարձը կարող է հասնել 150-160 հազար դրամի. Հարությունյան |armtimes.com|
08:28 - 31 հոկտեմբերի, 2019

Եթե դպրոցը շատ աշակերտ ունի, ուսուցիչների աշխատավարձը կարող է հասնել 150-160 հազար դրամի. Հարությունյան |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ կառավարությունն այսօրվա՝ նիստում որոշեց փոփոխել հանրակրթական դպրոցների ֆինանսավորման գործող բանաձեւը: Նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ըստ գործող բանաձեւի դպրոցների տարեկան հասանելիք գումարը որոշվում է՝ կախված սովորողների թվից:

«Սա նպատակ է ունեցել խթանել դպրոցների միջեւ մրցակցությունը, սակայն հաշվի չի առնվել այն, որ դպրոցների մի մասը, որոնք միակն են բնակավայրում, եւ սովորողների թիվը պայմանավորված է հենց դպրոցի սպասարկման տարածքի բնակիչների թվով եւ նրանք մրցակցությունից դուրս են:

Այս պարագայում փոքր թվով սովորողներ ունեցող դպրոցներին հատկացվող գումարը նրանց չի բավարարում եւ վերաբաշխման անհրաժեշտություն է առաջանում: Սա տարիներ շարունակ արել են մարզպետարանները եւ Երեւանի քաղաքապետարանը: Այսինքն խոշոր դպրոցների փողից վերցրել եւ հատկացրել են փոքր դպրոցներին»,- ասաց նախարարը:

Հարությունյանը նշեց, որ նոր փոփոխություններով առաջարկվում է՝ փոքր համակազմ ունեցող, թերհամալրված դպրոցների գումարը հաշվարկելիս հիմք ընդունել նաեւ դասարանների թիվը, ինչով պայմանավորված է ծախսերի հիմնական մասը. «Թերհամալրված են համարվում տարրական դպրոցը մինչեւ 72 սովորող, հիմնական դպրոցը՝ մինչեւ 100 սովորող, միջնակարգ դպրոցը՝ մինչեւ 207 սովորող, վարժարան եւ ավագ դպրոց՝ մինչեւ 135 սովորող»:

Շատ դպրոցներ չեն կարողանում ապահովել ուսուցիչների վարձատրությունը՝ բյուջեով նախատեսված ցուցանիշներին համապատասխան:

Սույն իրավական ակտով առաջարկվում է թերկոմպլեկտավորված դպրոցների ֆինանսավորման բանաձեւում նախատեսել նաեւ նոր փոփոխական՝ դասարանների թիվը: Այս մոտեցումը թույլ կտա, այն դեպքերում, երբ մենք ստիպված ենք պահել փոքր թերկոմպլեկտավորված դպրոց, հատկացնել բավարար գումարը՝ հոգալու դպրոցի նվազագույն ծախսերը, ներառյալ՝ ուսուցիչների աշխատավարձը, վերացնել մարզի կտրվածքով միջոցների վերաբաշխման անհրաժեշտությունը, պետական մակարդակով սահմանել ուսուցչի նվազագույն աշխատավարձի չափը:

Թերկոմպլեկտավորված համարվում են դասարանում սովորողների առավելագույն թվի կեսից պակաս, մինչեւ նորմատիվային թվով դասարաններ ունեցող դպրոցները: Առանձին գործող ավագ դպրոցների համար որպես դասարանների նորմատիվային թիվ վերցված է 9-ը՝ նկատի ունենալով, որ այդ դպրոցներում ենթադրվում է 3 հոսքերի առկայություն:

Հարությունյանը նշեց, որ սահմանվել է ուսուցչի մեկ դրույքի նվազագույն աշխատավարձը՝ 108 հազար դրամ, սակայն այն կարող է հասնել մինչեւ 125 հազարի:

Նրա խոսքով՝ եթե ամեն տարի ուսուցիչների աշխատավարձը 10 տոկոսով ավելանա, ապա 4 տարի հետո այն կհասնի մեկ շնչի հաշվով ՀՆԱ մակարդակին՝ տարեկան կտրվածքով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը էլ ի պատասխան ասաց, որ նվազագույն աշխատավարձ ներդնելով գործնականում Երեւանում եւ հեռավոր գյուղում գործող դպրոցների ուսուցիչները նվազագույն մեկ դրույքի համար նույն աշխատավարձն են ստանալու:

Արձագանքելով վարչապետին Հարությունյանն ասաց, որ եթե դպրոցը շատ աշակերտ ունի, ուսուցիչների աշխատավարձը կարող է հասնել 150-160 հազար դրամի:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցն ինչ-որ ձեւով պետք է լուծել. «Դպրոցն էլ հո բնակարան չի՞, որ Երեւանի կենտրոնում ավելի թանկարժեք լինի: Եթե աշակերտների թվով պայմանավորված դրույքը փոխվում է, ապա որակյալ մասնագետները կգան մեծ դպրոցներ, դա էլ իր հերթին կբերի աշակերտների հոսք եւ մենք դիսբալանս կունենանք»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել