Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Խորհրդարանում հյուրընկալվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավարը

Խորհրդարանում հյուրընկալվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավարը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հունիսի 12-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիին: Հյուրը նշել է, որ այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ խորհրդարանական խմբակցությունների տեսակետներին: Ռոզարիա Պուլյիզին ներկայացրել է մեր երկրում ՆԱՏՕ-ի շրջանակում իրականացվող ծրագրերը՝ փաստելով, որ դրանք կյանքի են կոչվում համաձայն տվյալ երկրի պահանջարկի: ԱԺ փոխնախագահը կարեւորել է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության ընդլայնումը գոյություն ունեցող ձեւաչափերում, ընդգծել իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Այս համատեքստում Վահե Էնֆիաջյանն արժեւորել է օրենսդրական մակարդակում նախաձեռնությունների իրագործումը, քանի որ խորհրդարանական դիվանագիտությունը ճկուն է եւ ուրույն դեր ունի ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության օրակարգում: Վահե Էնֆիաջյանը ներկայացրել է իրենց խմբակցության՝ ԲՀԿ-ի դիրքորոշումը արդարադատության ոլորտի բարեփոխումների, վեթթինգի գործընթացի, տնտեսական հեղափոխության իրականացման, հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ: ԱԺ նախագահի տեղակալը կարծիք է հայտնել, որ խնդիրների հաղթահարումը պետք է իրականացվի համադրության ճանապարհով. դատական ոլորտի առողջացմանը զուգընթաց կառավարությունը պետք է ջանքեր գործադրի տնտեսական ու սոցիալական բեկումնային փոփոխություններ իրագործելու ուղղությամբ: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը կարեւորել է տնտեսական գրավչության բարձրացմանն ուղղված գործնական քայլերը, էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում մրցունակության ապահովումը, հանքարդյունաբերական քաղաքականության վերանայումը, ներդրողների համար ընթացակարգերի պարզեցումը եւ արտոնությունների սահմանումը, ազատ տնտեսական գոտիների ձեւավորումը, որի նպատակն է օտարերկրյա ներդրումների խթանումը: Քննարկվել են նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ուղղությունները մի շարք ոլորտներում: Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավարի հետ հանդիպել է նաեւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը : Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ խմբակցության ղեկավարը ներկայացրել է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, անդրադարձել ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին, բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը, հակակոռուպցիոն ռազմավարությանը, անցումային արդարադատությանը: Լիլիթ Մակունցը կարեւորել է կոռուպցիայի կանխարգելման մարմնի ստեղծումը, ինչպես նաեւ չկոռումպացված եւ վստահելի դատական համակարգ ունենալը: Նույն օրը Ռոզարիա Պուլյիզիի հետ հանդիպել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խմբակցության քարտուղար եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Գեւորգ Գորգիսյանը: Էդմոն Մարուքյանը ներկայացրել է խմբակցության տեսակետն անցումային արդարադատության, դատավորների նկատմամբ վեթթինգի կիրառման, տնտեսական հեղաշրջման վերաբերյալ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
05:48 - 13 հունիսի, 2019
Քննարկվել են հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքում փոփոխությունները եւ աշխատանքային օրենսգրքում լրացումը

Քննարկվել են հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքում փոփոխությունները եւ աշխատանքային օրենսգրքում լրացումը

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրենքի նախագիծը: Հիմնական փոփոխությունները ներկայացրել է ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը: Գործող օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներն ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում: Վճարովի համակարգում սովորող անձինք ուսումնառության ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ստանալու պարագայում տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության անվճար համակարգ: Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ, որոնց միջոցով հնարավորություն կընձեռնվի նաեւ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց օգտվելու օրենքով սահմանված բոլոր իրավունքներից: Կառավարության տեսակետը հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը՝ նշելով, որ կառավարությունն առաջարկում է ըստ ընտանիքի անապահովության թիրախավորել խնդիրները եւ նպատակային ծրագրերով լուծել հարցերը: Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանը կարծիք է հայտնել, որ նախագիծը նպատակ ունի խթանելու կրթության զարգացումը: Նա առաջարկել է գործընկերներին տալ դրական եզրակացություն եւ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ ներկայացնել: Առաջին ընթերցմամբ է քննարկվել նաեւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած օրենքի նախագիծը: Ըստ հեղինակի՝ այն հնարավորություն կտա որոշակիորեն ավելացնել անկանխիկ շրջանառության ծավալը մանրածախ առեւտրում եւ ծառայությունների ոլորտում, ինչը կհանգեցնի ստվերային տնտեսության կրճատմանը եւ բյուջեի մուտքերի ավելացմանը, ինչպես նաեւ կզարգացնի անկանխիկ առեւտրի մշակույթն ու կվերացնի այն արատավոր պրակտիկան, երբ աշխատավարձի մնացորդային հատվածը, որը պետք է վճարվի մանրադրամներով, չի վճարվում քաղաքացուն: Առաջարկվում է որպես պարտադիր պահանջ սահմանել 10 եւ ավելի աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատավարձի վճարումը անկանխիկ եղանակով: Պատգամավոր Արման Բոշյանն առաջարկել է վերոնշյալ կարգավորմանը բացառություն սահմանել այն դեպքում, երբ աշխատողը գրավոր դիմել է կանխիկ եղանակով ստանալու համար: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են առաջարկը: Հարակից զեկույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշել է, որ գործադիրն առաջակում է համակարգի ներդրման փուլային տարբերակ: Կառավարությունը գտնում է, որ առայժմ պետք է ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից եւ դրա դրույթներին անդրադառնալ ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվող ու առաջիկայում ԱԺ քննարկմանը ներկայացվելիք օրենսդրական նախաձեռնության քննարկումների շրջանակում: Հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը, անդրադառնալով նախագծի ռիսկերին եւ իր մտահոգությունները հայտնելով, գաղափարը ողջունելի է համարել: Պատգամավորն առաջարկել է դրական եզրակացություն տալ նախաձեռնությանը: Քննարկված նախաձեռնություններն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ ստացել դրական եզրակացություն:
12:10 - 12 հունիսի, 2019
Չենք կարող միանշանակ պնդել, որ արդեն իսկ չկան թաքնված աշխատատեղեր. ԱԺ հանձնաժողովում քննարկվում է համահարթ եկամտահարկի խնդիրները |tert.am|

Չենք կարող միանշանակ պնդել, որ արդեն իսկ չկան թաքնված աշխատատեղեր. ԱԺ հանձնաժողովում քննարկվում է համահարթ եկամտահարկի խնդիրները |tert.am|

tert.am։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում համահարթ եկամտահարկի թեմայով քննարկում է, որին մասնակցում են մի շարք ոլորտի մասնագետներ: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հակիրճ ներկայացրեց համահարթ եկամտահարկի առավելությունները: Նրա խոսքով՝ սոցիալական արդարության, եկամուտների վերաբաշխման տեսանկյունից պրոգրեսիվ հարկման մոդելն այլընտրանք չունի՝ վերահաստատելու, ապացուցելու կամ հակառակում համոզելու կարիք էլ չկա: Փոխնախարարը հարց բարձրացրեց՝ արդյոք մենք ստեղծված իրավիճակում կարող ենք ներդնել և կիրառել իրապես պրոգրեսիվ համակարգ: «Տարիներ ի վեր ունեցել ենք պրոգրեսիվ հարկման սանդղակ, բայց իրականությունը բոլորովին այլ է: 2018 թվականի ամփոփված տվյալներով մեր վարձու աշխատողների 71.4 տոկոսը գտնվում է առաջին սանդղակում, վերջին սանդղակում գտնվում է 0.2 տոկոսով՝ 1320 մարդ և մի փոքր խումբ գտնվում է միջին օղակում: Սա հիմք է, որ մենք չունենք պրոգրեսիվ հարկման համակարգ, փոխարենն ունենք եկամտահարկի նոմինալ բարձր դրույքաչափեր:Պրոգրեսիվ հարկման մոդելի, մեր համոզմամբ, կարելի է գալ ոչ թե պրոգրեսիվ սանդղակներով, այլ չհարկվող շեմ ունենալով, որովհետև չհարկվող շեմը ի տարբերություն պրոգրեսիվ դրույքաչափերի սանդղակի, չի ստեղծում շարժառիթներ՝ ամեն գնով ցածր սանդղակում մնալու: Ավելին՝ քանի որ չհարկվող շեմը ռեգրեսիվ բնույթ ունի, 100 հազարի մեջ 55 հազար չհարկվող շեմի կշիռն ավելի մեծ է, քան մեկ միլիոնի մեջ, մոտիվացիա չկա այս պայմաններում»,- ասաց փոխնախարարը՝ նշելով, որ կան հաշվարկներ անգամ 600 հազար աշխատողի օրինակով:«Եթե հաշվելու լինենք նվազագույն աշխատավարձը չհարկելու սցենարը, տարեկան բացասական ազդեցությունը 91 մլրդ է: Եթե մենք չենք կարող վճարել 91 մլրդ դրամ գին ունենալու համար, որն իրապես պրոգրեսիվ համակարգ կլինի, եկեք գոնե մեզ համար կառավարելի հարկային ծախսով, որը 30 մլրդն է, լուծենք մյուս երկու խնդիրը՝ վերացնենք մոտիվացիան աշխատավարձերի թերհայտարարագրման, որը գործատուիների 15 տոկոսի մոտ է, երկրորդ՝ ներդրողին տանք, որ ունենք ավելի ցածր եկամտահարկ»,- նշեց նա:Պողոսյանը նկատեց՝ թյուրընկալում կա, որ շահառուները բարձր աշխատավարձ ստացողներն են, սակայն փոխնախարարը հավաստիացրեց՝ հիմնական շահառու համարվում են գործատուները:Տնտեսագետ, ՀՅԴ-ական Թադևոս Ավետիսյանը փոխնախարարից հետաքրքրվեց՝ ստվերային տնտեսության գնահատականը որքան է մեր երկրում, որքան են ոչ ֆորմալ զբաղվածության ցուցանիշն ու ոչ ֆորմալ վարձատրությունը:Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ կխոսի միայն աշխատավարձից, քանի որ դա է միայն այսօրվա օրակարգին վերաբերում:«Ստվերային տնտեսություն ասելով՝ աշխատավարձերի մասը նկատի ունեք երևի, որովհետև մնացած հատվածը մեր քննարկման օրակարգին չի առնչվում»,- նշեց նա և անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ 50 000 աշխատատեղ է հայտարարագրվել:«Վարչապետի այդ հայտարարությունը տարբեր տեսանկյուններից քննարկվել է: Կարծիք կար, որ դրույքաչափերը չվերանայելով 50 հազար 160 աշխատատեղ լրացուցիչ հայտարարագրվեց, հետևաբար, դա չէ վճռորոշ գործոնը՝ աշխատավարձերը իրական դաշտ բերելու, հայտարարագրելու, բա էլ ինչի՞ համար ենք մենք սա անում»,-ասաց Արման Պողոսյանը:Շարունակությունը՝ tert.am
09:07 - 12 հունիսի, 2019
Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունը. դեսպան

Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունը. դեսպան

ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հունիսի 11-ին հանդիպել են Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանն ընդգծել է երկկողմ հարաբերությունների հետեւողական ամրապնդման կարեւորությունը եւ միջխորհրդարանական դիվանագիտության դերն այդ գործընթացում:2019 թվականի մայիսին ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խումբն աշխատանքային այցով Նուր-Սուլթանում էր: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ արդյունավետ աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու համար, Վաղարշակ Հակոբյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի վերջին նախատեսվում է Ղազախստանի խորհրդարանական բարեկամական խմբի այցը Հայաստան: Նրա խոսքով` Ղազախստանի դեսպանությունը մեր երկրում նախատեսել է հիմնել հյուպատոսություններ. ըստ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների` դրանք կբացվեն Վայոց Ձորի եւ Կոտայքի մարզերում:Արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները, վստահեցրել է, որ Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում: Դեսպանը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հունիսի 10-ին կազմակերպված խորհրդարանական լսումներին եւ բարձր գնահատել ԵԱՏՄ խնդիրների ու ներուժի բացահայտմանը նվիրված քննարկումները: Թիմուր Ուրազաեւը հայ խորհրդարանականներին ներկայացրել է մանրամասներ Ղազախստանում անցկացված նախագահական ընտրություններից: Նա շնորհակալություն է հայտնել ընտրություններին մասնակցող Հայաստանը ներկայացնող դիտորդական խմբի անդամներին եւ զանգվածային լրատվամիջոցներին՝ արդյունավետ աշխատանք ծավալելու համար:
12:51 - 11 հունիսի, 2019
Առաջարկվում է ԱԱՀ-ից ազատել էլեկտրամոբիլների ներկրումը

Առաջարկվում է ԱԱՀ-ից ազատել էլեկտրամոբիլների ներկրումը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 6-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննության է առել ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ավելացված արժեքի հարկից ազատել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը մեր երկիր, ինչը կնպաստի դրանց թվաքանակի ավելացմանն ու մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցմանը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկություններ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկել է ԱԱՀ-ից ազատել նաեւ էլեկտրական շարժիչով հեծանիվների եւ1 2 ու ավելի նստատեղ ունեցող էլեկտրական շարժիչով ավտոբուսների ներկրումը: Փոխնախարարը պարզաբանել է, որ այդ առաջարկությունն արդեն ներառված է գործող օրենքում: Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են ներկայացրել օրենսդրական նախաձեռնությանը՝ ընդգրկելու այն հունիսի 7-ի ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում:
08:49 - 06 հունիսի, 2019
ՀՀ պատվիրակությունը ՌԴ–ում բարձրացրել է Ադրբեջանին զենքի վաճառքի, ինչպես նաև այլ հարցեր |tert.am|

ՀՀ պատվիրակությունը ՌԴ–ում բարձրացրել է Ադրբեջանին զենքի վաճառքի, ինչպես նաև այլ հարցեր |tert.am|

tert.am: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներն այսօր ամփոփեցին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի և ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ մայիսի 30-ին Մոսկվայում տեղի ունեցած համատեղ նիստում չեն քննարկել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման հետ կապված հարցերը։ Պատվիրակության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը նախ նկատեց, որ իրենց այցի շրջանակում և հիմա էլ ՌԴ-ն այս հարցով պաշտոնական որևէ հայտարարություն չի արել։ «Որպես խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ՝ ճիշտ չէր լինի, որ մենք ավելի շատ ներգրաված լինեինք այս գործընթացին այն պահին, երբ որոշում կայացված չէ։ Մենք ոչ պակաս սուր հարցեր ենք քննարկել՝ միջխորհրդարանական հարթակներում իրար սատարելու, ԵՏԱՄ-ի ու ՀԱՊԿ-ի ինստիտուցիոնալ կայացման հարցերը, ԱՊՀ շրջանակում գործող կառույցներն ավելի արդյունավետ դարձնելու հարցերը»,- ասաց Բեղլոյանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ ո՛չ Միհրան Պողոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյան, ո՛չ Միքայել Հարությունյանն այնքան կարևոր չեն, որքան հայ-ռուսական հարաբերությունների ընդարձակ օրակարգը, որը ներառում է խորհրդարանական տարբեր ձևաչափերում համագործակցություն և այլն։ «Օրինակ՝ ԵԱՀԿ-ում հիմա մենք մի շատ կարևոր մարտահրավերի առջև ենք կանգնել, և Ռուսաստանից հենց այս ձևաչափում քննարկման ժամանակ ստացանք հավաստիացում, որ մեզ աջակցելու են։ ՌԴ–ը վերադառնում է ԵԽ խորհրդարանական վեհաժողով, և այնտեղ ևս ակնկալում ենք նրանց աջակցությունը։ ՄԱԿ-ում և այլ խորհրդարանական ձևաչափում չափազանց կարևոր էր, որ արձանագրեինք, որ ունենք փոխգործակցության ոգի, պատրաստակամություն։ Ասեմ, որ մեր հասարակությանը հուզող շատ ավելի կարևոր հարցեր ենք քննարկել, քան այդ անձանց ճակատագրերի շուրջ։ Թեև Միհրան Պողոսյանի և այլ անձանց հարցերը քննարկել ենք այլ ձևաչափով և այլ պաշտոնյաների հետ»,- ընդգծեց Արման Բաբաջանյանը։Վերջինիս խոսքով՝ քննարկվել են զենքի վաճառի հետ կապված հարցերը, ընդ որում, ոչ միայն ՌԴ-ի կողմից, այլև Բելառուսի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հետ կապված հարցերը։ «Նրանք փորձում էին մեզ հայտնի «պրոտոկոլային» գնահատականներ հնչեցվել, բայց մենք նաև նրանց հակադարձեցիքն այլ ձևակերպումներով, որոնք մինչ այսօր իրենց համար նորություն էին»,- շարունակեց Արման Բաբաջանյանը։ Շարունակությունը՝ tert.am
10:58 - 05 հունիսի, 2019
ԱԺ-ն ընդունեց պայմանագրային զինծառայության ժամկետները և տարիքային շեմը երկարացնելու օրենքը և այլ նախագծեր |tert.am|

ԱԺ-ն ընդունեց պայմանագրային զինծառայության ժամկետները և տարիքային շեմը երկարացնելու օրենքը և այլ նախագծեր |tert.am|

tert.am: Ազգային ժողովը մինչ ՄԻՊ զեկույցի քննարկմանն անդրադառնալը քվեարկության դրեց այսօր քննարկված նախագծերը։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 114 կողմ քվեարկությամբ։ Օրենքով հաստատվում են պայմանագրային զինծառայության ժամկետները և տարիքային շեմերի փոփոխությունը՝ գործող 3 տարի ժամկետով ծառայությունը կդառնա մինչև 5 տարի: Նաև օրենքով պայմանագրային ծառայության կարող են անցնել նախկինում մինչև 36 տարեկանի փոխարեն պահեստազորում հաշվառված մինչև 40 տարեկան արական սեռի ներկայացուցիչները: ԱԺ-ն ընդունեց նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ 113 կողմ քվեարկությամբ, որը հեղինակել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Կառավարության կողմից ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը ևս ընդունվեց առաջին ընթերցմամբ 115 կողմ քվեարկությամբ։ «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ 115 կողմ ձայնով։ «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թվականի հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» նախագիծն ընդունվեց 113 կողմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ։ «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 109 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ քվեարկությամբ։ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն ընդունվեց 112 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ համամասնությամբ։
12:06 - 04 հունիսի, 2019
Քննարկվել է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան ուղին որպես այլընտրանքային ճանապարհ օգտագործելու հարցը |tert.am|

Քննարկվել է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան ուղին որպես այլընտրանքային ճանապարհ օգտագործելու հարցը |tert.am|

tert.am: Երեք տարվա ընդհատումից հետո ձևավորված բարեկամական խումբն առաջին այցը կատարեց Ղազախստանի հանրապետություն, ինչը Ղազախական կողմը կարևորեց: Այսօր ԱԺ-ում նման տեսակետ հայտնեց Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ամփոփելով Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի՝ մայիսի 21-24-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան գործուղման արդյունքները։ Նրա խոսքով՝ այցի շրջականերում քննարկեցինք միջխորհրդարանական հարաբերություններն առավել ակտիվացնելու հարցերը։ «Քննարկվեցին նաև ԵԱՏՄ շրջանակներում զանազան ու բազմապրոֆիլ հարցեր, ինչպես նաև բոլոր խնդրահարույց հարցերը, որոնք ծառացած են մեր երկու երկրների առջև։ Փորձեցինք նոր հիմքի վրա բարձրացնել երկկողմ հարաբերությունները», - շարունակեց Վաղարշակ Հակոբյանը։Բարեկամական խմբի անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ քննարկվել են նաև տնտեսությանն առնչվող հարցեր։ «Քննարկվել են առևտրաշրջանառության բարձրացման և դրա համար այլընտրանքային ճանապարհներ գտնելու հարցը։ Այսօր մեր առևտրաշրջանառությունը շատ փոքր է՝ 16-17 մլն դոլար, պատճառը նաև լոգիստիկ խնդիրներն են։ Այցի շրջանակներում քննարկվել է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան ուղին որպես այլընտրանքային ճանապարհ օգտագործելու հարցը, որի շուրջ պետք է քննարկումներ անցկացնել նաև ՀՀ կառավարության հետ»,- ընդգծեց Միքայել Մելքումյանը։Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն էլ նշեց, որ բարեկամական խմբի հայկական կողմը հաստատել է, որ իր քաղաքականությունը հիմնված է կայունության և կանխատեսելիության վրա։
09:49 - 04 հունիսի, 2019
Սերժ Սարգսյանը կարող է հրավիրվել խորհրդարան. պատգամավոր Տիգրան Կարապետյանը ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերի մասին |lragir.am|

Սերժ Սարգսյանը կարող է հրավիրվել խորհրդարան. պատգամավոր Տիգրան Կարապետյանը ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերի մասին |lragir.am|

lragir.am: ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել նաև նախկին պաշտոնյաները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը։ Այսօր խորհրդարանում պետք է գումարվի քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։«Քննարկելու ենք ապրիլյան պատերամզի հետ կապված հասարակությանը հուզող բոլոր հարցերը։ Օրակարգը կհաստատվի այսօրվա նիստի ժամանակ»,- ասաց Տիգրան Կարապետյանը։ Հարցին, թե քանի որ ապրիլյան պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը Սերժ Սարգսյանն էր, հնարավո՞ր է անհրաժեշտություն լինի նրան հրավիրել հանձնաժողովի նիստերին, պատգամավորը պատասխանեց․ «Որևէ անձի հրավիրելու կաշկանդվածություն չունենք՝ անկախ նրանից` ներկա, թե նախկին պաշտոնյա։ Քննելու ենք ամբողջ գործընթացները, և եթե անհրաժեշտություն առաջանա Սերժ Սարգսյանին հրավիրել, կհրավիրենք»։Ըստ Տիգրան Կարապետյանի՝ քննիչ հանձնաժողովն իր աշխատանքները կսկսի, աշխատանքի ընթացքում, եթե անհրաժեշտություն կառաջանա լսել այս կամ այն պաշտոնյային, իրենց կողմից որևէ կաշկանդվածություն չի լինի։ Նա հավելեց, որ քննիչ հանձնաժողովն ունի իրավունք նրանց հրավիրելու, անգամ, եթե նախկին պաշտոնյա են, և, այո, նրանք պարտավոր են ներկայանալ։«Այդ մարդիկ նախկինում պաշտոններ են զբաղեցրել։ Մենք չենք կարող անմեղության կանխավարկած խախտել և ասել, որ մարդիկ ունեն մեղավորություն, բայց եթե անհրաժեշտություն առաջանա լսել որևէ մեկին, կարծում եմ՝ խնդիր չկա»,- հավելեց նա։Տիգրան Կարապետյանը նաև ասաց, որ այդ թվում՝ Արցախից պաշտոնյաներ կարող են հրավիրել։ Այդ հարցում իրենց կօգնեն Արցախի խորհրդարանի պատգամավորները։ «Կարծում եմ՝ Արցախի Հանրապետության մեր գործընկերները ևս շահագրգռված են ապրիլյանի հետ կապված մեր բոլոր հարցերի պատասխաններն ստանալ»,- հավելեց նա։
09:07 - 04 հունիսի, 2019
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը խորհրդարանին կոչ է անում հետաձգել եկամտահարկի համահարթեցման դրույթների ընդունումը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը խորհրդարանին կոչ է անում հետաձգել եկամտահարկի համահարթեցման դրույթների ընդունումը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» օրենքի նախագծի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք նույնությամբ. «2018 թվականի գարնանը ժողովրդական ոչ բռնի պայքարի ուժով Հայաստանի Հանրապետությունում քաղաքական դաշտից դուրս մղվեցին տարիներ շարունակ երկրի քաղաքացիներին հարստահարող, նրանց իրավունքները ոտնահարող և տարրական շահերն արհամարհող կառավարիչները։ Հեղափոխության արդյունքում երկրի ղեկը ստանձնած նոր առաջնորդների նկատմամբ կտրուկ աճեցին քաղաքացիների պահանջները և սպասելիքները։ Մասնավորապես, ակնկալվում է, որ ընտրյալ Ազգային ժողովը և նրա կողմից նշանակված կառավարությունը պետք է գործադրեն բոլոր հնարավոր ջանքերը՝ երաշխավորելու ՀՀ սահմանադրության հիմքերն՝ ունենալու ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, և այդ համատեքստում՝ վերականգնելու սոցիալական արդարությունը, որի դեմ առաջին հերթին ուղղված էր ժողովրդական ապստամբությունը։ ՀՀ կառավարության կողմից 2019 թվականի հունվարին ՀՀ Ազգային Ժողով ներկայացվեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որում առաջարկվեցին հսկայածավալ փոփոխություններ և դրանք ընդունվեցին առաջին ընթերցմամբ։ Այդուհանդերձ, Նախագիծը խիստ խնդրահարույց համարվեց գործարար և սոցիալական տարբեր շերտերի ու խմբերի համար։ Աշխատողների տեսանկյունից վիճելի են գնահատվել եկամտահարկի համահարթեցմանն առնչվող դրույթները, որոնց համաձայն նվազելու են միջին և բարձր աշխատավարձ ստացող սուբյեկտների եկամտահարկի դրույքաչափերը և հավասարեցվելու ցածր աշխատավարձ ստացող սուբյեկտների եկամտահարկի դրույքաչափին։ Միաժամանակ, բյուջեի մուտքերն ապահովելու նպատակով բարձրացվելու են լայն սպառման մի շարք ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչը բերելու է ցածր եկամուտ ստացողների ծախսերի ավելացմանը: Բացի այդ, նախագծով նվազելու է բիզնեսի շահութահարկի, շահաբաժնի հարկի դրույքաչափը՝ հավասարեցելով եկամտահարկի դրույքաչափին՝ այդպիսով ակնկալելով եկամտահարկի ստվերի կրճատում։Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների համատեքստում խիստ մտահոգիչ ենք համարում դրա առաջ մղման գործընթացները և հիմնավորումները։ Մասնավորապես․ Չի մշակվել հարկային փոփոխությունների ամբողջական հայեցակարգ, որով առավել համապարփակ և ընկալելի կներկայացվեր առաջարկվող փոփոխությունների ամբողջական փաթեթը և փիլիսոփայությունը՝ փոխանակ կցկտուր շեշտադրելու զուտ տնտեսական զարգացմանն ու ստվերից դուրս բերմանը միտված նպատակներն ու միջոցառումները։ Չի կատարվել Նախագծով առաջարկվող կարգավորումների ազդեցության գնահատում, այդ թվում՝ բյուջետային և սոցիալական։ Չի վերլուծվել նախագծի ընդունման արդյունքում հարկային փոփոխությունների ազդեցությունը պետական բյուջեի վրա և կորուստների հետևանքները հենց «տնտեսական հեղափոխության» համատեքստում։ Չկան տվյալներ, թե որքան է կազմում բարձր աշխատավարձով վճարվող չգրանցված և բարձր աշխատավարձը ցածր ձևակերպված աշխատատեղերի թիվը և որքանով դրա արդյունքում կփոխհատուցվեն հնարավոր բյուջետային կորուստները։ Չի վերլուծվել հարկային փոփոխությունների ազդեցությունը աղքատ կամ աղքատության եզրին գտնվող խավի վրա։ Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ավելի վաղ փուլում չեն քննարկվել շահագրգիռ կողմերի ազդակիր շրջանակների հետ, ինչի արդյունքում նախագծի առանձին հատվածների հրապարակային դառնալուն պես առանձին խմբեր ստիպված էին ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներով պաշտպանել իրենց նեղ շահերը։ Կազմակերպված խորհրդարանական լսումներն, ըստ էության, կրեցին իմիտացիոն բնույթ, քանի որ հնչեցված մտահոգությունները իրենց արտացոլումը չգտան բովանդակության և գործընթացի մեջ։ Սոցիալական արդարությանն առնչվող մտահոգություններին արձագանքելով ՀՀ կառավարությունն առաջարկում է փոխել անշարժ գույքի հարկման դրույքաչափերը, սակայն դա առավել նպատակահարմար և տրամաբանական կլիներ դիտարկել փաթեթով՝ քաղաքականության հիմքում ունենալով համապարփակ և ոչ հատվածային հաշվարկներ։ Կային նաև առաջարկություններ սահմանելու չհարկվող շեմ՝ որոշ չափով թեթևացնելու աղքատների հարկման բեռը, սակայն, ցավոք, դրան ընթացք չի տրվել, ինչը կարող է չարվել՝ հաշվի առնելով սոցիալական արդարության տեսլականի բացակայությունը։ Նման պայմաններում կասկածի տակ է դրվում ինչպես քաղաքականություն վարողների նեղ նպատակադրումը և հանրային շահին հետամուտ լինելու նրանց ցանկությունը, այլև բուն պրոֆեսիոնալիզմը և ռեֆորմներ անելու կարողությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եկամտահարկի համահարթեցմանն առնչվող փոփոխություններն ազդեցություն են թողնելու հասարակության սոցիալապես առավել խոցելի շերտերի վրա, ինչպես նաև անվստահություն են սերմանելու հանրային լայն զանգվածների մոտ, կոչ ենք անում ՀՀ Ազգային Ժողովին Նախագծի եկամտահարկի համահարթեցմանն առնչվող դրույթների ընդունումը հետաձգել՝ դրանց անդրադառնալով փաթեթային և համապարփակ լուծումներով՝ առանցքում ունենալով սոցիալական արդարության և դրա ընկալման հաստատումը։ Այս մոտեցման պարագայում միայն կապահովվի սոցիալական պետության պարտավորությունների կատարումը սեփական քաղաքացիների նկատմամբ և հարկային քաղաքականության առավել լայն ընկալումն ու ընդունումը»։
08:26 - 04 հունիսի, 2019