ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

«Խուլիգանական բնույթի ոստիկանական ապօրինությունները չեն կարող անհետևանք մնալ». ՀՅԴ

«Խուլիգանական բնույթի ոստիկանական ապօրինությունները չեն կարող անհետևանք մնալ». ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն վերջին օրերին ոստիկանների գործողությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Վերջին օրերին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների դրսևորած աննախադեպ լկտի պահվածքը, ապօրինություններն ու բռնությունները ուղղակիորեն վկայում են պետական մակարդակով իրականացվող ահաբեկչության մասին։ Աներկբա է, որ Հայաստանում ոտնահարված են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։ Նախօրեին ՀՅԴ Հայստանի Գերագույն մարմնի գրասենյակի և մի խումբ դաշնակցականների, ներառյալ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա կատարված հարձակումից, սադրիչ ու խուլիգանական գործողություններից հետո երեկ ականատեսը եղանք ոստիկանական անօրինակ և խայտառակ վարքագծի նոր դրսևորման։ Հանրապետության օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռի միաբանների Սարդարապատի հուշահամալիր այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և իր վարչակարգի անվտանգության ծառայողների ու ոստիկանության հարուցած արգելքներն ու նողկալի պահվածքով ուղեկցված միջադեպը մեծագույն վիրավորանք են ոչ միայն Վեհափառի և եկեղեցու, այլև հավատավոր ողջ հայ ժողովրդի նկատմամբ։ Խուլիգանական բնույթի ոստիկանական ապօրինությունները չեն կարող հակազդեցության չարժանանալ և անհետևանք մնալ։ Խիստ կարևոր է հանրային հստակ և հրապարակային վերաբերմունքը այս անպատկառ վարքագծի նկատմամբ։ Խայտառակ այս բեմականացման բոլոր դերակատարները պետք է գիտակցեն, որ ոչ մի ապօրինություն անպատիժ չի մնալու և բոլոր մեղավորները, ըստ օրենքի, ենթարկվելու են խիստ պատասխանատվության։ Կոչ ենք անում համայն հայությանը շարունակելու պայքարը՝ հայրենիք, պատիվ ու սրբություն չունեցող աղետաբեր վարչախմբի դեմ։ Ազատ, անկախ, հզոր ու ժողովրդավար պետություն ունենալու մեր հավաքական ձգտումը անկասելի է»։
21:21 - 29 մայիսի, 2024
Բռնի ուժի կիրառումը դարձել է ոստիկանության հիմնական գործիքը. իրավապաշտպան ՀԿ-ներ

Բռնի ուժի կիրառումը դարձել է ոստիկանության հիմնական գործիքը. իրավապաշտպան ՀԿ-ներ

Հայաստանյան 5 իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «2024թ մայիսի 27-ին բողոքի ակցիաների ժամանակ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններն ուղեկցվել են մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելով, որոշ մասնակիցների նկատմամբ բռնություններով, միջոցների ոչ իրավաչափ կիրառման դեպքերով։ ՀՅԴ կուսակցության գրասենյակի մոտ բռնություններ են կիրառվել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ։ Հայտնի չէ՝ ինչ հիմնավորմամբ են ոստիկանության հատուկ ծառայության աշխատակիցները հայտնվել կուսակցության գրասենյակի մոտ, ինչ նպատակով և հասարակական կարգի պահպանման ինչ նկատառումներով, բայց հստակ է, որ ՀՀ ՆԳՆ-ն պարտավոր է բացատրել և հիմնավորել ոստիկանության մեծաքանակ աշխատակիցների այդտեղ գտնվելու և գործողություններ իրականացնելու նպատակները։ Վերստին, ինչպես նախկինում ենք արձանագրել,  իրավապահ մարմինների աշխատակիցների  արդեն սովորական դարձած վարքագիծը չի փոխվում․ շարունակվում են ոչ իրավաչափ և ոչ համաչափ ուժի կիրառման դեպքերը, ապօրինի բերման ենթարկելու և ազատության իրավունքի խախտումները  հավաքների ազատության իրավունքի իրացման ժամանակ։ Ոստիկանության կողմից նման մեթոդների կիրառումը երկար ժամանակ համակարգի ներսում անպատժելիության քաղաքականության արդյունք է, որի հետևանքով բռնի ուժի կիրառումը դարձել է ոստիկանության հիմնական գործիքը։ Հավաքների ազատության իրավունքը և կարծիքի արտահայտման ազատության իրավունքը դասվում են մարդու հիմնարար իրավունքների շարքին: Յուրաքանչյուր ոք օրենքի սահմաններում ունի խաղաղ հավաքներ կազմակերպելու և դրանց մասնակցելու իրավունք, որոնք ժողովրդավարության անբաժանելի բաղադրիչներն են: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի խաղաղ՝ ոչ բռնի միջոցներով հայտնելու իր դիրքորոշումը՝ առանց ոստիկանական բռնություններից վախի։ Ցուցարարների կողմից հասարակական կարգի խախտման, ոչ պատշաճ և նույնիսկ սադրիչ գործողությունների դիմաց ոստիկանությունը լիազորված է գործել բացառապես օրենքի շրջանակներում։ Սրա նպատակն է հավաքից հեռացնել կոնկրետ անձանց և ապահովել հավաքի խաղաղ ընթացքը։ Ցուցարարների կողմից ոչ պատշաճ վարքը չի կարող որևէ կերպ արդարացնել ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունները։ Դատապարտում ենք իրավապահ մարմինների բռնարարքների յուրաքանչյուր դեպք, յուրաքանչյուր դրսևորում և պահանջում ենք ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցներին գործել բացառապես օրինականության շրջանակներում, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և ժողովրդավարական պետությունում  հասարակական կարգի պահպանման սկզբունքներին համապատասխան։ Վերահաստատելով ոստիկանության համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ մեր նախկին պնդումները ՝  պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազությունից և ՀՀ քննչական կոմիտեից մարդու իրավունքների խախտման, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, խոշտանգման և վատ վերաբերմունքի  յուրաքանչյուր առերևույթ դեպքով իրականացնել անկախ և արդյունավետ քննություն և պատասխանատավության ենթարկել նման խախտումներ թույլ տված ոստիկանության աշխատակիցներին։ Անհրաժեշտ է ապահովել քննության թափանցիկությունը և հանրությանը պատշաճ իրազեկել ձեռնարկվող քայլերի մասին՝ բացառելու անպատժելիության ընկալումը հասարակության շրջանում։ ՀՀ ներքին գործերի նախարարությունից հարգել խաղաղ ցույցի մասնակիցների իրավունքները, զերծ մնալ բռնություններից, անհամաչափ ուժի գործադրումից և նրանց արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններից, ապահովել ցանկացած խաղաղ բնույթ ունեցող հավաքի ընթացքը։ Նախարարությունը պարտավոր է ոստիկանության շարքերից անհապաղ հեռացնել այն ծառայողներին, որոնք չեն համապատասխանում այս չափանիշներին։ Հասարակական, քաղաքական առճակատման պայմաններում իրավիճակի հետագա լարվածության կանխման միջոց կարող է հանդիսանալ միմիայն իրավունքի գերակայության սկզբունքի, օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքի լիարժեք ապահովումը, ոչ թե մարդու իրավունքները  խախտող գործողությունները, որոնք հանգեցնում են լարվածության, ատելության խոսույթի տարածման։ Ժողովրդավարական պետության չափանիշներին համապատասխան ոստիկանություն ունենալու հարցը մնում է օրակարգում առաջնային։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
17:02 - 28 մայիսի, 2024
ՀՅԴ-ին նման մեթոդներով չեն կարող կանգնեցնել. հանցավոր վարչախմբի դեմ պայքարը դադար չի ունենալու. հայտարարություն

ՀՅԴ-ին նման մեթոդներով չեն կարող կանգնեցնել. հանցավոր վարչախմբի դեմ պայքարը դադար չի ունենալու. հայտարարություն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ոստիկանության այսօրվա գործողությունների մասին հայտարարությամբ է հանդես եկել։ «2024թ. մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողություններն ուղեկցվում են ոստիկանության ծառայողների ակնհայտ ապօրինի հակազդեցությամբ: Շուրջ 300-ի հանող բերման ենթարկված քաղաքացիներից շատերի, ինչպես նաև ժողովրդի ներկայացուցիչներ հանդիսացող, անձեռնմեխելիությամբ օժտված Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական և հոգեբանական բռնություն: Քաղաքացիներին պատկանող բազմաթիվ ավտոմեքենաներ բերման են ենթարկվել: Կան վնասվածքներ ստացած քաղաքացիներ: Ոստիկանության 6 տասնյակից ավելի ծառայողներ փորձել են ներխուժել ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոն, սադրելով և հարձակվելով գրասենյակ անօրինական մուտքն արգելող կուսակցության ղեկավար անդամների նկատմամբ: Գործադրելով բիրտ ուժ, ցուցաբերելով փողոցային խուլիգանին և կենդանական աշխարհում տարածված ոհմակին բնորոշ վարքագիծ ոստիկանության տասնյակ ծառայողներ բացահայտ ֆիզիկական բռնության գործադրմամբ բերման ենթարկեցին քաղաքացիների, այդ թվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը այս անօրինակ ապօրինությունները գնահատում է որպես կազմակերպված հանցավոր խմբի կողմից Հայաստանի սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հերթական գործողություն: Հանցավոր այս խմբի պարագլուխ և առաջնորդ Նիկոլ Փաշինյանանը հավատարիմ մնալով հայրենադավ իր ծրագիրն իրականացնելու, խառնակչության, քաղաքացիների և քաղաքական կուսակցությունների նկատմամբ բացահայտ հակօրինական գործողություններ կազմակեպելու իր հանցավոր մտադրությունները կյանքի կոչելու նպատակադրումներին, պետական հաստատություններն ու մարմինները վերածել է հանցագործության կոնկրետ գործիքների: Առ այդ, ընդգծելով ոստիկանական ծառայողների կողմից հակարգված և պարբերական դարձած անօրինական բերման ենթարկելու դեպքերը, այդ թվում՝ անձեռնմխելիությամբ օժտված Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ, տեղեկացնելով ժողովրդավարության և մարդու իրավունքներով զբաղվող տեղական և միջազգային կազմակերպություններին ու օտարերկրյա պետությությունների դիվանագիտական ներկայացուցչություններին՝ պահանջում ենք կոնրկետ գնահատական տալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալած և պետությունը զավթած հանցավոր այս խմբավորմանը: Վերահաստատելով համոզումը, որ հանցագործությունները անպատիժ չեն մնալու, պահանջում ենք գլխավոր դատախազությունից և քննչական մարմիններից անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել և պատասխանատվության կանչել բացահայտ հանցագոծություններ կատարած ոստիկանաության ծառայողներին, վերջիններիս անօրինական հրահանգ տված և հանցագործությունների անպատժելիությունը երաշխավորող Նիկոլ Փաշինյանին՝ հակառակ դեպքում գլխավոր դատախազությունն ու քննչական մարմինները կդիտարկվեն սահմանադրական կարգը տապալող ուժերին օժանդակողներ և առանձնապես ծանր հանցագործությունները պարտակողներ՝ դրանցից բխող ծանրագույն պատասխանատվությամբ: Կրկին արտահայտելով բազմիցս ապացուցված համոզումը այն մասին, որ ՀՅ Դաշնակցությանը նման մեթոդներով չեն կարող կանգնեցնել, հայտարարում ենք, որ պետության կազմաքադմանը տանող և Հայոց պետականությունը ոչնչացնելու մտադրություն ունեցող հանցավոր վարչախմբի դեմ պայքարը դադար չի ունենալու: Կոչ ենք անում համայն հայությանը՝ հանուն Հայաստանի և Հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համախմբվել սրբազան շարժման շուրջ»,- ասվում է հայտարարությունում։
14:48 - 27 մայիսի, 2024
Բերման ենթարկվածի նկատմամբ ուժի գործադրումը շարունակվել է, երբ նա գտնվել է ոստիկանների հսկողության ներքո. ՄԻՊ

Բերման ենթարկվածի նկատմամբ ուժի գործադրումը շարունակվել է, երբ նա գտնվել է ոստիկանների հսկողության ներքո. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով: ՄԻՊ-ից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը գտնվում են ոստիկանության բաժիններում՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Այս պահի դրությամբ իրականացվել են այցեր Ոստիկանության 7 բաժիններ, Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել ավելի քան 160 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց ազատությունից զրկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը, պարզաբանվել են ազատությունից զրկված անձանց իրավունքները ՄԻՊ աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկման աշխատանքներ: Ուսումնասիրվում են նաև բռնություն, բռնության կոչեր և ատելության խոսք պարունակող գրառումները և մամուլի հրապարակումները։ Իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է դեպք, երբ Ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել ՀՀ ԱԺ պատգամավոր։ Ավելի ուշ, ըստ Ոստիկանությունից ստացված պարզաբանման՝ պատգամավորը ոստիկանական ավտոմեքենայից ազատ է արձակվել։ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ՀՀ ԱԺ պատգամավորն օժտված է սահմանադրաիրավական հատուկ կարգավիճակով, վերջինս ազատությունից կարող է զրկվել օրենսդրությամբ սահմանված հատուկ ընթացակարգով։ Այս խնդրին Պաշտպանն անդրադարձել է բազմիցս, և նշված պրակտիկայի առկայությունը մտահոգիչ է համարում։ Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է ներդնել լուրջ գործիքակազմ վերոհիշյալ պրակտիկայի բացառումը երաշխավորելու ուղղությամբ։ Պաշտպանը խիստ անթույլատրելի է համարում նաև որևէ պարագայում Ոստիկանության ծառայողի կողմից անձին բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված` անհամաչափ ուժի կիրառումը։ Անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։ Ավելին, արձանագրվել են դեպքեր, երբ անձի նկատմամբ ուժի գործադրումը շարունակվել է այն պայմաններում, երբ վերջինս արդեն իսկ գտնվել է ոստիկանության ծառայողների հսկողության ներքո։ Պաշտպանը նշված գործելաոճը անթույլատրելի է համարում։ Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման և Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում արձանագրվել է, որ բազմաթիվ են առանց օրինական պահանջ ներկայացնելու, առանց քաղաքացիներին բերման ենթարկելու պատճառների և հիմքերի պարզաբանման, առանց անձանց` իրենց նվազագույն իրավունքների մասին տեղեկացնելու բերման ենթարկելու դեպքերը։ Արձանագրվել են նաև դեպքեր, երբ անկախ անձի նկատմամբ վարչական վարույթի շրջանակում իրականացվող գործողությունների ավարտից՝ անձինք շարունակել են պահվել Ոստիկանության բաժիններում մինչև լրանա օրենքով սահմանված 3 ժամը։ Այս առումով Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ վերոնշյալ 3 ժամն այն առավելագույն ժամկետն է, որում Ոստիկանությունը կարող է անձին վարչական ձերբակալման շրջանակում ազատությունից զրկել։ Միաժամանակ, մինչև այդ ժամկետի լրանալն անձի մասնակցությամբ վարութային գործողությունների ավարտից հետո անձը պետք է անմիջապես ազատ արձակվի` անկախ վերջինիս` փաստացի արգելանքի վերցնելու պահից 3 ժամը լրանալու հանգամանքից։ Արձանագրված բոլոր դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։ Միևնույն ժամանակ, Պաշտպանն ընդգծում է, որ հավաքի խաղաղ ընթացքի երաշխավորումը ենթադրում է նաև հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից վերջիններիս կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանում։ Դա վերաբերում է, այդ թվում՝ հավաքի ընթացքում բռնությունից, բռնության կոչերից, ատելության խոսքի դրսևորումներից զերծ մնալուն, որպիսի դրսևորումները ևս ակնհայտ են և խնդրահարույց։
13:38 - 27 մայիսի, 2024
Ոստիկանությունը հանրահավաքից առաջ հորդորում է խստորեն պահպանել հասարակական կարգը

Ոստիկանությունը հանրահավաքից առաջ հորդորում է խստորեն պահպանել հասարակական կարգը

ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ոստիկանությունը։ «Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16։00-ին, մեկնարկելու է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը։ Վերջինս նշել էր, որ բեմից կարող է հնչել վարչապետի իրենց թեկնածուի անունը։ Այսօր հրապարակած ուղերձում Սրբազանը հայտնել է, որ չնայած երկրում ստեղծված իրավիճակին՝ հանրահավաքը չի չեղարկվելու, ու հորդորել է Լոռու և Տավուշի մարզի բնակիչներին չգալ Երևան՝ հանրահավաքին մասնակցելու։
15:24 - 26 մայիսի, 2024
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ

Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ

Մայիսի 18-ին՝ ժամը 19։25-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի սգո սրահի մոտից հիվանդանոց է տեղափոխվել անհայտ քաղաքացու դիակ: Ժամը 19.44-ին ՊԾ կարգախմբից էին հայտնել, որ Վանատուր թաղամասի տներից մեկի մոտ հրազենային կրակոցից մահացածի դիակ կա: Հաջորդ ահազանգը դարձյալ «Հրազդան» բժշկական կենտրոնից էր. «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Վանատուր թաղամասի վերոհիշյալ տան մոտից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 21-ամյա երիտասարդի: Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էր ձեռք բերել, որ մայիսի 18-ի ժամը 19-ի սահմաններում Հրազդանի Վանատուր թաղամասի եկեղեցու մոտակայքում Միկրոշրջան թաղամասի բնակիչ 49-ամյա Արծրունի Ավետյանը իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տիպի ատրճանակից կրակել էր համաքաղաքացի 48-ամյա Արսեն Հունանյանին, որը տեղում մահացել էր, իսկ ինքը «Օպելով» հեռացել էր դեպքի վայրից: Այնուհետև նրան հետապնդել էին և Վանատուր թաղամասի տներից մեկի մոտ կրակել ու սպանել էին, իսկ «Օպելի» վարորդ 21-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության, Հրազդանի, Կոտայքի, Նաիրիի, Չարենցավանի բաժինների և Կոտայքի մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ մայիսի 18-ի ժամը 19-ի սահմաններում Երևանի բնակիչ 47 և 44 տարեկան երկու տղամարդ Հրազդանի Վանատուր թաղամասում գտնվող եկեղեցու բակում զրուցելիս են եղել նույն հոգեհանգստին մասնակցող Արսեն Հունանյանի հետ, և այդ ժամանակ Արծրունի Ավետյանը իր մոտ ապօրինի պահվող «էէ» տիպի ատրճանակով կրակոցներ էր արձակել Արսեն Հունանյանի ուղղությամբ՝ սպանելով նրան: Այնուհետև 44 և 47 տարեկան վերոհիշյալ տղամարդիկ վերջինիս վարած «Տոյոտա» մեքենայով հետապնդել էին «Օպելին», որով փախուստի էր դիմել Արսեն Ավետյանը, ապա Վանատուր թաղամասի տներից մեկի մոտ 47-ամյա տղամարդը մեքենայով դիտավորությամբ հարվածել էր «Օպելին», իսկ երբ Արսեն Ավետյանն ու 21-ամյա վարորդը իջել էին մեքենայից, կրակոցներ էին արձակել նրանց ուղղությամբ: Արսեն Ավետյանը տեղում մահացել էր, իսկ 21-ամյա երիտասարդը ստացել էր հրազենային վնասվածք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի բնակիչ 47 և 44 տարեկան վերոհիշյալ տղամարդիկ մայիսի 19-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվել են նախաքննական մարմին: Մայիսի 22-ին 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է:
12:36 - 23 մայիսի, 2024