ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Այս գործընթացում չկա ավտոմատիզմ, այս գործընթացը պահանջկոտ է լինելու. Սխինասը՝ վիզաների ազատականացման մասին

Այս գործընթացում չկա ավտոմատիզմ, այս գործընթացը պահանջկոտ է լինելու. Սխինասը՝ վիզաների ազատականացման մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, մասնավորապես՝ երկուստեք կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը և ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ուղենիշային ծրագրերի արդյունավետ իրականացումը: Զրուցակիցները առանձնակի ընդգծել են ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգության երկխոսության մեկնարկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը: Հանդիպումներից հետո ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը հանդես են եկել հայտարարություններով՝ ազդարարելով ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հայտարարության մեջ նշված է. «Շնորհակալություն, պարոն փոխվարչապետ, թույլ տվեք ասել՝ ինչքան երջանիկ եմ, որ այսօր Հայաստանում եմ: Շատ ուրախ եմ, որ փոխվարչապետ Գրիգորյանի հետ միասին ազդարարում ենք այս պատմական երկխոսության մեկնարկը քաղաքական մակարդակում՝ ուղղված Եվրոպական միության և Հայաստանի միջև վիզաների ազատականացմանը: Շատ կարևոր, պատմական օր է, և ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ, տարբեր նախարարությունների փոխնախարարներ մեզ ուղեկցում են այս կարևոր օրվա ընթացքում:Ինչպես առիթ ունեցա քննարկել նախագահ Խաչատրյանի, վարչապետ Փաշինյանի և արտգործնախարար Միրզոյանի հետ օրվա ընթացքում, մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանը կայանում է որպես կայունության և ողջախոհության խարիսխ շատ փոթորկահույզ տարածաշրջանում:Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների որակը և խորությունը վկայում են այն մասին, որ այս երկիրը հանձնառու է տարածաշրջանում խաղաղության և կայունության գաղափարներին:Վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու այսօրվա քայլը պետք չէ դիտարկել որպես մեկուսի նախաձեռնություն. սա պետք է դիտարկել Եվրոպական միության՝ Հայաստանի նկատմամբ հանձնառու վերաբերմունքի հերթական դրսևորումը: Տնտեսության և ներդրումների ոլորտում մեր ամերիկյան բարեկամների հետ միասին հայտարարել ենք Դիմակայունության և աճի նոր ծրագրի մասին՝ 270 միլիոն եվրոյի չափով, այն 600 միլիոնից զատ, որն արդեն ներդնում ենք այս երկրում:Անվտանգության առումով մենք շատ ուրախ ենք, որ Եվրամիության առաքելությունը Հայաստանում հիմա դառնում է Հայաստանի սահմաններին Եվրոպական միության աջակցության շոշափելի վկայություն: Մենք նաև շատ ուրախ ենք, որ Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ կարողանում է իր զինված ուժերի համար ստանալ աջակցություն եվրոպական Խաղաղության գործիքի ներքո: Այս ամենը վկայում է այն մասին, որ այս երկիրը տպավորիչ ժողովրդական բարեփոխումներ է իրագործել, որոնցով վերջին տարիներին ամրապնդվել է երկրի դիմակայունությունը, և դրանցից շատերը նաև մեր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս են:Բայց այսօրվա մեջ գործողությունը պատմական առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը պրակտիկայում կնշանակի, որ երբ իրագործման այս փուլն ավարտվի, Հայաստանի բոլոր քաղաքացիները կկարողանան ազատորեն ճանապարհորդել Եվրոպական միություն կարճատև այցերի համար, ինչը բազմաթիվ շոշափելի առավելություններ կընձեռի կրթության, բիզնեսի, զբոսաշրջության համար, ուսուցումների, վերապատրաստումների, ընկերներին և բարեկամներին հանդիպելու, ինչպես նաև սիրո համար:Նպատակն է հնարավորինս շուտ հասնել վերջնակետին, բայց այս գործընթացում չկա ավտոմատիզմ, այս գործընթացը պահանջկոտ է լինելու: Այս գործընթացը պահանջելու զգալի աստիճանի հանձնառություն Հայաստանի Կառավարությունից՝ մեր աջակցությամբ հանդերձ:Վստահ եմ, սակայն, որ, հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների տպավորիչ ձեռքբերումները և սրան հասնելու վճռականությունը, մենք արագ ենք առաջ շարժվելու:Այսօր մեկնարկեցինք այս գործընթացը քաղաքական մակարդակում, տեխնիկական մակարդակում հիմա մեր թիմերն աշխատում են իրար հետ շատ կոնկրետ, որոշակի հարցերի ուղղությամբ, որոնք անհրաժեշտ է լուծել, մասնավորապես՝ ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարումը, հասարակական կարգի և անվտանգության խնդիրները, մասնավորապես՝ պայքարն ընդդեմ կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի և իհարկե հիմնարար իրավունքների խնդիրները՝ կապված տեղաշարժի ազատության հետ: Սա պահանջկոտ գործ է, պահանջկոտ խնդիր է, բայց իրագործելի, լուծելի է, ամբողջովին լուծելի խնդիր է:Եվ ես համոզված եմ, որ հնարավորինս շուտ ավարտին հասցնելով այս գործընթացը մենք հայ ժողովրդին կօգնենք տեսնել, որ ճանապարհը դեպի Եվրոպական միություն զուտ նկրտում չէ, այլ մի բան է, որ իրենք արդեն կարող են զգալ, և որից իրենք արդեն կարող են օգուտ քաղել:Հարգելի փոխվարչապետ, մենք լիահույս սպասում ենք ապագայի մեր եռանդուն աշխատանքին, և ուրախ եմ, որ այս գործընթացի մասնակից հիմնական թիմերն այստեղ են մեզ հետ, և ուզում եմ լավատեսությունս հայտնել, որ վիզաների ազատականացումը շուտով իրականություն կդառնա բոլոր հայաստանցիների համար:Շնորհակալություն»:  
20:03 - 09 սեպտեմբերի, 2024
Նիկոլ Փաշինյանը և Քսավիե Բետելը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Քսավիե Բետելը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Բետելի այցը Հայաստան՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է քննարկելու Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների օրակարգային հարցերն ու փոխգործակցության հետագա զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել «Երևանյան երկխոսություն» համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարարը կարևորել է Հայաստանի հետ քաղաքական և տնտեսական կապերի հետևողական զարգացումն ու ընդլայնումը: Քսավիե Բետելն ընդգծել է հայ գործընկերների հետ սերտ երկխոսության փաստը՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը հետևողականորեն կամրապնդվի: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային նշանակության այլ հարցերի շուրջ:  
19:32 - 09 սեպտեմբերի, 2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հանրային կազմակերպությունների գնումների կարգավորումներին վերաբերող հարցեր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հանրային կազմակերպությունների գնումների կարգավորումներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գնումների համակարգի ընթացիկ վիճակը, անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրներին, դրանց հնարավոր լուծումներին: Մասնավորապես, քննարկվել են հանրային կազմակերպությունների գնումների կարգավորումներին, առկա իրավիճակին, էլեկտրոնային գնումների համակարգի ներդրմանը, մասնակիցներին ներկայացվող պահանջներին վերաբերող հարցեր: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ոլորտի հետևողական բարելավման անհրաժեշտությունը և հանձնարարել շարունակել անհրաժեշտ քայլերի իրականացումը՝ հաշվի առնելով քննարկման արդյունքում հնչած առաջարկությունները:
18:46 - 06 սեպտեմբերի, 2024
Վարչապետը բացատրություն է ակնկալում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի վերաբերյալ առկա բողոքների առնչությամբ |armenpress.am|

Վարչապետը բացատրություն է ակնկալում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի վերաբերյալ առկա բողոքների առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում բարձրաձայնեց բոլոր մարզերում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի խնդիրների վերաբերյալ բողոքների մասին: Առաջիկայում վարչապետի մոտ էլեկտրաէներգիայի մատակարարման հարցով խորհրդակցություն կլինի, վարչապետն ակնկալում է հստակ բացատրություն:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին խոսեց կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում:  «Ցավով պետք է արձանագրեմ, որ Հանրապետության բոլոր մարզերում շատ մեծ բողոքներ կան էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված: Դրանից բողոքում են Երևանում, մշակույթի ոլորտում, սպորտի ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում: Եվ այն, որ մենք ժամանակին կառավարության  նիստի ընթացքում հոսանքի անջատում ունեցանք, պետք է բոլորիս համար ահազանգ լիներ, որ ինչ-որ բան այնպես չէ»,- ասաց Փաշինյանը: Առաջիկայում վարչապետի մոտ պետք է խորհրդակցություն լինի, ակնկալում է բացատրություն, թե ինչու է այդպես: Նա շեշտեց՝ պետք է հստակ ծրագիր, թե ինչպես են այդ հարցը լուծելու: Վարչապետի ընկալմամբ՝ խնդիրը գնալով խորանում է:  Նա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությունից հստակ ծրագիր է ակնկալում, թե ինչպես են հնարավորինս արագ այդ խնդիրը լուծելու:  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ նախարարության և փոխվարչապետի հետ քննարկելով՝ որոշակի աշխատանքներ արդեն իսկ արել են: «Մասնավորապես, վերջին 3 տարում ահռելի ավելացել է նոր միացող բաժանորդների թիվը: Եթե տասնամյա ներդրումային ծրագրով ամեն տարի պլանավորված էին շուրջ 4 մլրդ դրամի ներդրումներ, այս տարի, օրինակ, նախատեսված է 26 մլրդ դրամի ներդրում: Նոր տնտեսությունների, նոր գործարանների կամ նոր սպառողների վրա, որոնք միանում են, մեծ ներդրումային միջոցներ են ծախսվում: Այն ներդրումները, հնարավորությունները, որոնք պետք է ուղղվեին սպասարկման որակի ցուցանիշների բարելավմանը, նվազում են»,-նշեց Բաղրամյանը: Նրա վստահեցմամբ՝ այդ ուղղությամբ որոշակի միջոցառումներ են իրականացրել, որ ընկերության մոտ գումարներ ազատվեն: Այլ միջոցառումներ ևս նախատեսում են:  
13:37 - 05 սեպտեմբերի, 2024
Կառավարությունը լուծարեց «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, որը ստեղծվել էր 2018-ին
 |news.am|

Կառավարությունը լուծարեց «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, որը ստեղծվել էր 2018-ին |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշեց լուծարել «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Հիմնավորման մեջ նշվում է, որ կազմակերպության նպատակներն են սահմանվել տակտիկատեխնիկական առաջադրանքների առաջադրմամբ հատուկ գիտատեխնիկական աշխատանքների իրականացման կարգավորումը և մշակման ու շահագործման ամբողջ ընթացքում գիտատեխնիկական ուղեկցումը,  զինված ուժերի և սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պլանների հիման վրա գիտատեխնիկական մշակումների խնդիրների իրականացման դրվածքների առաջադրումը, հայրենական արտադրության սպառազինության որոշ տեսակներով արտաքին շուկա դուրս գալու նախադրյալների ստեղծումը, ինչպես նաև թույլատրվել է իրականացնել տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, բնական ու տեխնիկական գիտությունների բնագավառում գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ, մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն: 2023-ին հաստատվել են ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի նոր կանոնադրությունները և դրանց հիման վրա հստակեցված գործառույթներն ու կառուցվածքը, որոնց շրջանակներում նախարարության կառուցվածքում  ներառվել են կազմակերպության գործունեության մի շարք ուղղությունները և կառավարչական, գործառույթների չկրկնման ու միջոցների օպտիմալացման տեսանկյունից նպատակահարմար է գտնվել լուծարել կազմակերպությունը: Նշենք, որ  2024թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմակերպությունը դեբիտորական և կրեդիտորական պարտքեր չունի, 28.06.2024թ. դրությամբ ըստ կազմակերպության կողմից ներկայացված հայտերի ֆինանսավորումը կազմել է 36,669.00 հազ. դրամ:
13:34 - 05 սեպտեմբերի, 2024
Ուղևորափոխադրման ոլորտի ընկերությունները կազատվեն միկրոավտոբուսների ներմուծման մաքսատուրքից |armenpress.am|

Ուղևորափոխադրման ոլորտի ընկերությունները կազատվեն միկրոավտոբուսների ներմուծման մաքսատուրքից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը ուղևորափոխադրումների ոլորտում սպասարկող ընկերություններին միկրոավտոբուսների ներմուծման մաքսատուրքից ազատելու որոշում կայացրեց: Որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում: «Առաջարկում ենք ուղևորափոխադրումների ոլորտում սպասարկող ընկերություններին մաքսատուրքից ազատել երրորդ երկրներից միկրոավտոբուսների ներկրման դեպքում՝ հաշվի առնելով, որ տրանսպորտի ոլորտը համարվում է գերակա ճյուղ: Մի շարք արտոնություններ են սահմանված, բայց միկրոավտոբուսների դեպքում բացառություն կա, դրանք ներմուծման մաքսատուրքից ազատված չեն»,-ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նա նշեց, որ հաճախ ներդրողների կողմից հետաքրքրություն չեն տեսնում և կարծում են, որ առաջարկվող արտոնությունը կարող է խթանող ազդեցություն ունենալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ շատ վաղուց կա մեխանիզմ, երբ կառավարության սահմանած գերակա ուղղություններով ներդրումային ծրագիր է ներկայացվում կառավարությանը, դրա շրջանակում որոշ սարքերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծումն ազատում են մաքսատուրքից: «Մեր խնդիրն է, որ մարզի ներսում համայնքների միջև և մարզերի ու մայրաքաղաքի միջև լինի նորմալ տրանսպորտային հաղորդակցություն: Մենք տեսնում ենք, որ մարդիկ մրցույթներին կամ չեն մասնակցում, կամ մենաշնորհացման որոշակի վտանգներ են տեսնում: Հիմա ցանկանում ենք այս գործիքով ավելի գրավիչ դարձնել այդ ներդրումները, միայն թե այդ ոլորտում զարգացումներ տեղի ունենան»,–Փաշինյանը: Վարչապետը նկատեց՝ շատ համայնքներում են բարձրացնում տրանսպորտի խնդիրը: 
12:32 - 05 սեպտեմբերի, 2024
Հայաստանը դուրս ենք բերել զարգացման նոր ուղեծիր․ վարչապետ |armenpress.am|

Հայաստանը դուրս ենք բերել զարգացման նոր ուղեծիր․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ կառավարությունը նաև ներդրումային ծրագրերի շնորհիվ Հայաստանը դուրս է բերել զարգացման նոր ուղեծիր:  Փաշինյանը նման դիրքորոշում հայտնեց կառավարության նիստում՝ կիսվելով նախորդ օրը Վայոց ձորի մարզ և առհասարակ այլ մարզեր կատարած այցերի տպավորություններով: «Ինձ համար ակնհայտ և ուրախալի է, որ այն ներդրումային պետական ռազմավարությունը, որ մտածել ենք, ճիշտ ու արդարացված է: Ինչքան մարզային այցելությունների շրջանակն ընդլայնվում է, այնքան ավելի եմ համոզվում, որ մենք կարող ենք ասել, որ այդ թվում մեր ներդրումային ծրագրերի շնորհիվ Հայաստանը դուրս ենք բերել տնտեսական և ընդհանրապես զարգացման նոր ուղեծիր»,–ասաց Փաշինյանը:  Վարչապետը կառավարության բոլոր անդամներին, իշխանությունների բոլոր ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնեց կատարված և կատարվող աշխատանքի համար՝ չմոռանալով առկա խնդիրները:  Նա մատնանշեց մասնավորապես շինարարության ոլորտում նկատած խնդիրները: «Ուրախալին այն է, որ հիմա՝ ի տարբերություն որոշ ժամանակ առաջվա, արդեն հանդիպում են շինարարական օբյեկտներ, որտեղ կես ժամանոց այցի ընթացքում թերություններ աչքի չեն զարնում»,–ասաց նա:    
12:29 - 05 սեպտեմբերի, 2024
Վթարների մոտ 34 տոկոսը շինաշխատանքների պատճառով է. ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ
 |azatutyun.am|

Վթարների մոտ 34 տոկոսը շինաշխատանքների պատճառով է. ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ |azatutyun.am|

azatutyun.am: Կառավարության նիստի ժամանակ (2023թ. նոյեմբերին) էլեկտրամատակարարման կարճատև ընդհատման պատճառը Բարձրավոլտ էլեկտրացանցերում կատարվող շինաշխատանքներն էին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։ Նա նշեց, որ դա ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս է եղել։ Օգոստոսի 7-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ հոսանքի անջատման խնդիրը, Կարեն Դարբինյանի խոսքով, տեղի տրանֆորմատորի թերության հետ է կապված եղել։ Նրա ներկայացմամբ՝ մասնագետներն այդ մասին ավելի վաղ հայտնել էին թատրոնի աշխատակիցներին։ ՀԷՑ-ի պաշտոնյան էլ հայտնեց, որ կառույցը նախատեսում է Հայաստանում մալուխների թարմացում ու ենթակայանների կառուցում/վերակառուցում: Դա, ըստ նրա, 98 տոկոս հուսալիություն կտա։ Էլցանցերում չեն բացառում, որ այդ ընթացքում էլ հոսանքազրկումներ կարող են լինել, բայց ասում են՝ միակ ելքը դա է: Հայտնեցին նաև, որ 10 օրից սկսում են Երևանի կենտրոնի մալուխներն ամբողջությամբ փոխել։ Դա 2-3 տարի կտևի։ Հոսանքազրկումների մասին քննադատությունների ֆոնին՝ տնօրենների խորհրդի նախագահը նաև ասաց, որ վթարների մոտ 34 տոկոսը տեղի են ունենում շինարարական աշխատանքների ընթացքում մալուխների վնասման պատճառով. «Նման շինարարական մասշտաբների պայմաններում, երբ ճանապարհներ, շենքեր, ջրագծեր, գազի խողովակներ են կառուցվում, շատ դեպքերում վնասվում են մեր մալուխները, որի հետևանքով նորից հոսանքազրկումներ են տեղի ունենում։ Որևէ մեկը չի ասում, որ ՀԷՑ-ում վթարներ չեն լինում, դրանք կան, և մենք էլ դրանց քանակից գոհ չենք։ Մենք բաշխիչ ցանցն ընդունել ենք 80 տոկոսից ավելի բարոյապես ու ֆիզիկապես մաշված վիճակում, ներդրումներ չեն կատարվել 90-ականներից մինչև 2015 թիվը»։ Ըստ ՀԷՑ-ի՝ վերջին 3 տարում Երևանում 68 հազար բաժանորդ է ավելացել, մինչև 2025 թվական այս թիվը կդառնա 77 հազար: Սրանք նոր կառուցվող շենքերի բաժանորդներն են։
16:31 - 04 սեպտեմբերի, 2024
Պետական ու մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը կթվայնացվեն
 |1lurer.am|

Պետական ու մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը կթվայնացվեն |1lurer.am|

1lurer.am: Կառավարության հավանությանն են արժանացել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է թվային համակարգի ներդրման միջոցով թվայնացնել հանրապետությունում թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը՝ աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով։ Թվային համակարգի բազային հասանելիության շնորհիվ Տեսչական մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ բացահայտելով աշխատանքային օրենսդրության, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրի պայմանների խախտումները: Բացի դրանից՝ համակարգի առկայությունը կբացառի մասնավոր ոլորտում հետին թվով պայմանագրերի կնքման, հարկային մարմնում փաստացի իրականացվող աշխատանքը չգրանցելու (անօրինական աշխատանք) կամ փաստացի տրամադրվող աշխատավարձի չափից պակաս չափ պայմանագրում նշելու ձևավորված պրակտիկան: Նախագծի հիմնական առավելություններն են աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացի պարզեցումը, սոցիալական ռիսկերից պաշտպանությունը՝ պայմանագրի առկայության, կատարվող վճարների և հատկացումների արտացոլման, ինչպես նաև աշխատողի նկատմամբ գործատուի պարտավորությունների ամրապնդման շնորհիվ: Համակարգը կնպաստի գործատու-աշխատող փոխհարաբերությունների հաշվետվողականությանն ու աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավմանը և արդիականացմանը, թվային համակարգի միջոցով արդեն թվային եղանակով աշխատողը կկարողանա հսկել իր աշխատանքային պայմանագրի վերաբերյալ ցանկացած փոփոխությունը, իսկ գործատուն իր մոտ իրականացվող պետական վերահսկողության ժամանակ չի կարողանա այն փոփոխել կամ հրաժարվել դրա կատարումից:
18:18 - 29 օգոստոսի, 2024
Մինչև տարեվերջ Հայաստանում շահագործման կհանձնվի 45 նոր կառուցված դպրոց |armenpress.am|

Մինչև տարեվերջ Հայաստանում շահագործման կհանձնվի 45 նոր կառուցված դպրոց |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն այս տարեվերջի դրությամբ կունենա 45 նոր կառուցված և շահագործման հանձնված դպրոց, կան նաև շինարարության փուլում գտնվող դպրոցներ:  Այս մասին կառավարության նիստում հայտնեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե 300 դպրոց և 500 մանկապարտեզ նորոգելու, կառուցելու  և վերակառուցելու  ծրագիրն ի՞նչ փուլում է:  «Այս տարեսկզբին ունեինք 28 նոր կառուցված և շահագործման հանձնված դպրոց: Սեպտեմբերի 1-ի դրությամբ ևս 7-ը կհանձնվեն շահագործման: Մինչև տարեվերջ կշարունակենք ընթացքի մեջ գտնվող դպրոցներից ևս 10-ն ավարտին հասցնելու գործընթացը: Այսինքն՝ տարեվերջին արդեն կունենանք  ավարտված և շահագործման հանձնված 45 դպրոց, ևս 26-ը գտնվում են շինարարության փուլում: Նախատեսվում է, որ դրանք շահագործման կհանձնվեն 2025-ի ընթացքում»,–ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:  Նախորդ տարի տարվա ընթացքում մեկնարկել է կառուցման 111 նոր մրցույթ, որոնցից 76-ի մասով արդեն շնորհված են պայմանագրեր, ևս 30-ի մրցույթը կհայտարարվի սեպտեմբերի ընթացքում: «Այսինքն՝ այս տարին կամփոփենք նոր կառուցված կամ ընթացքի մեջ գտնվող 210-ը գերազանցող դպրոցների քանակով»,–նշեց նա: Տարվա ընթացքում կսկսեն նաև ավելի քան 50 դպրոցների նորոգման աշխատանքներ: Այս հաշվարկում չեն ներառվում այն դպրոցները, որտեղ նոր մարզադահլիճներ են կառուցվել:  Վարչապետն արձանագրեց, որ ծրագիրը կառավարելի իրավիճակում է՝ ի հեճուկս բոլոր խնդիրների և բարդությունների: Նա կարևորեց արդեն իսկ շահագործվող դպրոցների շահագործման ընթացքի մասին տեղեկությունների և տպավորությունների հավաքումը:  «Ընդ որում՝ ես կցանկանամ, որ մենք երկու կողմից այդ տեղեկատվությունը հավաքելու մեխանիզմ ունենանք՝ հետագա ընթացքն ավելի սահուն դարձնելու համար: Նախ՝ կառավարության ներկայացուցիչները պետք է գնան ու տեսնեն, թե վիզուալ ինչ է կատարվում դպրոցում: Երկրորդը՝ պետք է լսենք ուսուցչական կոլեկտիվներին և աշակերտներին, թե նրանք ինչ տպավորություն ունեն նոր դպրոցների շինարարության հետ կապված, որովհետև, այնուամենայնիվ, իրենց համար են այդ դպրոցները կառուցվում»,-ասաց Փաշինյանը:   
12:59 - 29 օգոստոսի, 2024
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և ԱՄՆ-ի մաքսային մարմինների միջև փոխօգնության մասին համաձայնագրին
 |news.am|

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և ԱՄՆ-ի մաքսային մարմինների միջև փոխօգնության մասին համաձայնագրին |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 29-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրի կիրառմամբ կկարգավորվեն երկու երկրների մաքսային ծառայությունների միջև հարցումների ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթի բացակայությամբ պայմանավորված տեղեկատվության փոխանակման և հարցումների իրականացման ընթացում առաջացող խնդիրները։ Երկու երկրների մաքսային մարմինների միջև փոխադարձ օգնության ցուցաբերումը կնպաստի ՀՀ մաքսային օրենսդրության պատշաճ իրավակիրարկմանը՝ նպատակաուղղված մաքսային վարչարարության ընթացքում ծագող խնդիրների կարգավորմանը։ Հաշվի առնելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառության բարձր ցուցանիշները՝ Համաձայնագիրը կնպաստի նաև ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ առաջացող հարցերի առավել արագ և օպերատիվ արձագանքմանն ու պատշաճ լուծմանը։ Համաձայնագրի 11-րդ հոդվածով նախատեսված դրույթների ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության: Նշենք, որ Համաձայնագիրը նախատեսում է կողմերի մաքսային մարմինների միջև անձնական տվյալների փոխանակում: Համաձայնագրի վավերացումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 1․1 կետի դրույթներից, մասնավորապես՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բարձրացել են նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի։ Կառավարությունը շարունակելու է հետևողականորեն աշխատել ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացման և խորացման ուղղությամբ՝ ընդլայնելով ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում փոխգործակցությունը, ինչպես նաև տնտեսական և քաղաքական ոլորտներում երկխոսությունը։
12:31 - 29 օգոստոսի, 2024
ԿԳՄՍՆ-ն փոփոխություններ է առաջարկում ուսուցիչների վերապատրաստման կարգում. Անդրեասյան |1lurer.am|

ԿԳՄՍՆ-ն փոփոխություններ է առաջարկում ուսուցիչների վերապատրաստման կարգում. Անդրեասյան |1lurer.am|

1lurer.am: ԿԳՄՍՆ-ն փոփոխություններ է առաջարկում ուսուցիչների վերապատրաստման կարգում: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության օգոստոսի 29-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը հիշեցրեց՝ այս տարի առաջին անգամ կիրառվել է նոր համակարգ, այն է՝ ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համակարգի բարեփոխում, համաձայն որի՝ բոլոր ուսուցիչները մեկ միասնական ծրագրով վերապատրաստվելու փոխարեն կվերապատրաստվեն ըստ գնահատված կարիքի: Այն է՝ յուրաքանչյուր ուսուցիչ նախ ինքն է գնահատում իր մասնագիտական կարիքները, ապա այդ գնահատումն իրականացնում է դպրոցը, գնահատված կարիքի հիման վրա էլ ուղղորդվում է, թե որ ուղղությամբ ուսուցիչը կարիք ունի վերապատրաստվելու, սակայն նոր գործընթացի իրականացման արդյունքում պարզվել է, որ համակարգը հավելյալ ճշգրտումների կարիք կա: «Այս փոփոխությունների արդյունքում շատ ավելի հստակ է դառնում ուսուցչի վերապատրաստման պարբերականության որոշման հարցը: Ընդ որում՝ շրջափուլն ավելի կարճ է ավելի ցածր մակարդակի պարագայում, այսինքն՝ եթե պարզ է դարձել կարիքի գնահատման արդյունքում, որ ուսուցիչն ավելի տարրական մակարդակի հմտություններ ու կարողություններ ունի (այս պարագայում շրջափուլը 1 տարի է), և ավելի երկար է, եթե ունենք ավելի բարձր մակարդակ, այսինքն՝ ավելի փորձառու և հմտությունների բարձր որակ ունեցող ուսուցիչներ, որոնց դեպքում շրջափուլը կարող է հասնել մինչև 5 տարվա»,- ասաց նա: Հստակեցվել են նաև առարկայական գիտելիքի իմացության բարելավման կարիք ունեցող ուսուցիչների կողմից առարկայական վերապատրաստման, այնուհետև կամավոր ատեստավորման եղանակով առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու դրույթները, որոնց համար հերթական ատեստավորումը նույնանում է կամավոր ատեստավորման հետ: «Սա նշանակում է, որ եթե ուսուցչի կարիքը գնահատվել է առարկայական գիտելիքի իմացության ուղղությամբ, ապա պարտադիր է, որ նա առարկայական գիտելիքի վերապատրաստում անցնի, ապա անցնի կամավոր ատեստավորման գործընթացին»,- ասաց նախարարը և հավելեց, որ հստակեցվել են նաև մինչև 5 տարվա փորձառություն ունեցող ուսուցիչների կարիքների գնահատման դրույթները: Նախարարը նաև տեղեկացրեց, որ արդեն 600-ից ավելի ուսուցիչ գնահատվել է: Նրանցից 543-ն այս պահի դրությամբ գնահատվել է որպես տարրական մակարդակում վերապատրաստման կարիք ունեցող, այսինքն՝ նրանք կմասնակցեն նաև կամավոր ատեստավորման գործընթացին: Վերապատրաստումն իրականացնելու է երաշխավորված 24 կազմակերպություն:
12:13 - 29 օգոստոսի, 2024
Ամուլսարի հանքում պետությանը բաժնեմասի նվիրատվությունը դարձյալ հետաձգվում է
 |civilnet.am|

Ամուլսարի հանքում պետությանը բաժնեմասի նվիրատվությունը դարձյալ հետաձգվում է |civilnet.am|

civilnet.am: Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունում կառավարությանը կատարվելիք 12,5 տոկոսի բաժնեմասի նվիրատվությունը դարձյալ հետաձգվում է։ Սա արդեն երրորդ անգամ է, երբ կառավարության և «Լիդիան Արմենիա»-ի միջև նվիրատվության պայմանագրի կնքումը հետաձգվում է։ Նվիրատվության պայմանագրի կնքումը պետք է կայանար մինչ այս տարվա մարտի 22-ը, սակայն այն այդպես էլ չկնքվեց։ Հունիսի 14-ին կառավարությունը որոշեց նոր վերջնաժամկետ սահմանել սեպտեմբերի 1-ը, սակայն կառավարության օգոստոսի 29-ի նիստի օրակարգից տեղեկանում ենք, որ նվիրատվոթյունը հետաձգվում է ևս մեկ անգամ։ Այս անգամ պայմանագրի կնքման վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 1-ը։ Ինչպես նախորդ դեպքում, այս անգամ ևս, պայմանագրի հետաձգումը պատճառաբանվում է տեխնիկական խնդիրներով։ «Բացի այդ, «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերությունը և իր բաժնետերերը ներկա պահին ներգրավված են քննարկումների վերջնական փուլում երրորդ անձի հետ՝ ուղղված կորպորատիվ վերակառուցման գործարքի իրականացմանը և Ամուլսար ծրագրի շրջանակներում գործունեության վերսկսման ֆինանսավորմանը՝ վերոնշյալ գործարքների ավարտից հետո տեղի կունենա պայմանագրի կնքումը»,- նշված է կառավարության որոշման հիմնավորումներում։ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման շուրջ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց 2023-ի փետրվարին՝ Եվրասիական զարգացման բանկի, էկոնոմիկայի նախարարության ու «Լիդիան Արմենիա»-ի միջև։ Եվրասիական զարգացման բանկը համաձայնել էր 100 միլիոն դոլարի վարկ տրամադրել «Լիդիան Արմենիա»-ին՝ գործունեությունը վերսկսելու համար։ Նույն պայմանավորվածության շրջանակում «Լիդիան Արմենիա»-ն պետք է 12,5 տոկոսը իր բաժնետոմսերից նվիրատվությամբ հանձներ կառավարությանը։
10:32 - 29 օգոստոսի, 2024
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները: Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է նախագծի հիմնական կետերը՝ նշելով, որ սահմանվելու են որակի վերահսկողության՝ լիցենզավորման և հավատարմագրման նոր չափանիշներ, բուհի կառավարման ուղղահայաց մոդելը փոխարինվելու է հորիզոնական մոդելով, որտեղ գործնականում լինելու են անկախ մի քանի կառավարման և կարգավորման օղակներ, օրենքի առանձին հոդվածով սահմանվելու է Ակադեմիական քաղաքին վերաբերող կարգավորումների շրջանակը և այլն:  Անդրադառնալով գիտական կազմակերպություններին և Գիտությունների ազգային ակադեմիային՝ նշվել է, որ առաջարկվող նոր կարգավորումներով ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ:  Քննարկում է ծավալվել լիցենզավորման նոր պայմանների, բուհերի կրթական ծրագրերի հավատարմագրման, բուհերի ֆինանսավորման մեխանիզմների շուրջ, ներկայացվել են տարբեր առաջարկություններ: Կրթության զարգացման պետական ծրագրով պետական բուհերի ֆինանսավորման թեմայի շրջանակում վարչապետը նշել է՝ կարևորագույն սկզբունքներից մեկն այն է, որ որոշակի առաջադիմություն ունեցող ուսանողները չպետք է դուրս մնան բուհից ֆինանսական խնդրի պատճառով:  «Մեր քաղաքական սկզբունքն է, որ կրթության մեջ սոցիալական խտրականությունը պետք է բացառվի»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:  Վարչապետը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և հանձնարարել ներկայացված առաջարկությունները ներառել նախագծում, որից հետո այն ներկայացնել հանրային քննարկման:    
17:26 - 27 օգոստոսի, 2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական գնումների գործընթացի լավարկմանը վերաբերող հարցեր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական գնումների գործընթացի լավարկմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գնումների գործընթացի բարելավմանը և նախատեսվող օրենսդրական փոփոխություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գնումների գործընթացի արդյունավետության բարձրացմանը, կարողությունների զարգացմանը, ճկուն կարգավորումների սահմանմանը, մեկ անձից և մրցակցային գնման ձևաչափերին ու ընթացակարգերին, թվային համակարգերի զարգացմանը և վերոնշյալ ուղղություններով նախատեսվող փոփոխություններին: Վարչապետին են ներկայացվել պետական գնումների գործընթացում արհեստական բանականության գործիքի ներդրման հնարավորությունները, իրավական դաշտի խնդիրների լուծման անհրաժեշտ քայլերը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է պետական գնումների գործընթացի հետևողական բարելավումը, ինչը կնպաստի պետական ծրագրերի առավել արդյունավետ և առանց ձգձգումների իրականացմանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է այսօրվա քննարկման արդյունքներով ամփոփել ներկայացված առաջարկությունները՝ օրենսդրական փոփոխությունները նախաձեռնելու նպատակով:
18:28 - 23 օգոստոսի, 2024
Կբարելավվի Հայաստանի Հանրապետության ճանապարհների վիճակը

Կբարելավվի Հայաստանի Հանրապետության ճանապարհների վիճակը

Կառավարության նիստում ընդունվել է որոշում, որը անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների հետևանքով վնասված տրանսպորտային ենթակառուցվածքները վերականգնելու, երթևեկության անվտանգությունը ապահովելու և Հայաստանի ճանապարհային ցանցի անընդհատությունը պահպանելու համար: Որոշմամբ առաջարկվում է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21002 «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառման համար Կառավարության ներքո հաստատված միջոցներից 2,475.0 հազ. դրամը հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ վերը նշված կամուրջների վերականգնման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և դրանց փորձաքննության համար:
15:59 - 22 օգոստոսի, 2024