Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և ԱՄՆ-ի մաքսային մարմինների միջև փոխօգնության մասին համաձայնագրին
 |news.am|
12:31 - 29 օգոստոսի, 2024

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և ԱՄՆ-ի մաքսային մարմինների միջև փոխօգնության մասին համաձայնագրին |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 29-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Համաձայնագրի կիրառմամբ կկարգավորվեն երկու երկրների մաքսային ծառայությունների միջև հարցումների ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթի բացակայությամբ պայմանավորված տեղեկատվության փոխանակման և հարցումների իրականացման ընթացում առաջացող խնդիրները։ Երկու երկրների մաքսային մարմինների միջև փոխադարձ օգնության ցուցաբերումը կնպաստի ՀՀ մաքսային օրենսդրության պատշաճ իրավակիրարկմանը՝ նպատակաուղղված մաքսային վարչարարության ընթացքում ծագող խնդիրների կարգավորմանը։

Հաշվի առնելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառության բարձր ցուցանիշները՝ Համաձայնագիրը կնպաստի նաև ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ առաջացող հարցերի առավել արագ և օպերատիվ արձագանքմանն ու պատշաճ լուծմանը։

Համաձայնագրի 11-րդ հոդվածով նախատեսված դրույթների ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության:

Նշենք, որ Համաձայնագիրը նախատեսում է կողմերի մաքսային մարմինների միջև անձնական տվյալների փոխանակում:

Համաձայնագրի վավերացումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 1․1 կետի դրույթներից, մասնավորապես՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բարձրացել են նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի։ Կառավարությունը շարունակելու է հետևողականորեն աշխատել ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացման և խորացման ուղղությամբ՝ ընդլայնելով ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում փոխգործակցությունը, ինչպես նաև տնտեսական և քաղաքական ոլորտներում երկխոսությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել