ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին

ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, քաղաքացիական և սոցիալ֊տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Իր հերթին դեսպան Ալի Աբդուլքարեմ Ութավին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։
15:44 - 24 դեկտեմբերի, 2024
ՔԿՀ-ներում և ՁՊՎ-ներում առկա են բազմաթիվ խնդիրներ. ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել

ՔԿՀ-ներում և ՁՊՎ-ներում առկա են բազմաթիվ խնդիրներ. ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերում ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման հիմնախնդիրները» թեմայով։ Պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ: Մասնավորապես, առկա է ոլորտը կարգավորող իրավական ակտերի կատարելագործման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայի բարելավման անհրաժեշտություն։ Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման համատեքստում Պաշտպանը ընդգծում է ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման իրավաչափության նկատմամբ պատշաճ հսկողության գործուն կառուցակարգերի մշակման և ազատությունից զրկված անձանց նկատմամբ ներգործության միջոցների ոչ իրավաչափ կիրառման դեպքերի պատշաճ քննության անհրաժեշտությունը։
18:12 - 23 դեկտեմբերի, 2024
ՄԻՊ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել «Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր-սեղան քննարկում

ՄԻՊ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել «Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր-սեղան քննարկում

Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությամբ դեկտեմբերի 20-ին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը ԵԽ «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր-սեղան քննարկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։Քննարկման առարկա են դարձել դավանանքի կամ համոզմունքների հիմքով զինծառայությունից հրաժարվող անձանց իրավունքների վերաբերյալ մի շարք հարցեր։ Միջոցառման ընթացքում վեր են հանվել այլընտրանքային ծառայության վերաբերյալ իրավակարգավորումների և պրակտիկայի լավարկման հնարավոր քայլերը, ներկայացվել՝ Հայաստանում այլընտրանքային ծառայության հետ կապված մարտահրավերներն ու լուծումները և այդ համատեքստում միջազգային իրավական չափորոշիչները: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն հանդես են եկել բացման խոսքով: Շնորհակալություն հայտնելով ԵԽ երևանյան գրասենյակին այս կարևոր միջոցառումը կազմակերպելու համար՝ Պաշտպանը նշել է, որ այլընտրանքային ծառայության հետ կապված բոլոր հարցերը թեև շատ կարևոր են մարդու իրավունքների պաշտպանության դիտանկյունից, բայց հաճախ դուրս են մնում ուշադրությունից։ «Հարկ եմ համարում շեշտել, որ թեև ՄԻԵԴ վճիռներն էական դրական ազդեցություն են ունեցել ոլորտի կատարելագործման վրա, այնուամենայնիվ, այն Հայաստանում դեռ ամբողջությամբ չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Թեմայի վերաբերյալ շատ քիչ են նաև հանրային քննարկումները, քանի որ մարդիկ այստեղ առկա խնդիրները չեն դիտարկում որպես մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներ»,- ասել է Անահիտ Մանասյանը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանն անդրադառնալով թեմային` նշել է, որ ոլորտում Պաշտպանի կողմից իրականացված ուսումնասիրությունները հիմնված են ինչպես այլընտրանքային ծառայություն անցնող քաղաքացիներից ստացվող բողոքների, այնպես էլ ՀԿ-ների և մյուս գործընկերների մտահոգությունների վրա։ «Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ` ամբողջ գործընթացը պետք է պատշաճ իրականացվի ոչ միայն մինչև քաղաքացու այլընտրանքային ծառայության անցնելը, այլև բուն ծառայության ընթացքում: Այս ոլորտը գտնվելու է մեր հատուկ ուշադրության ներքո» - նշել է Անդրանիկ Եղոյանը։ Միջոցառման մասնակիցները դիտարկումներ ու կարծիքներ են փոխանակել ներպետական և միջազգային իրավակարգավորումների ու չափորոշիչների վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ։
20:06 - 21 դեկտեմբերի, 2024
ՀՀ օմբուդսմենը Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի պատվիրակությանն է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքները

ՀՀ օմբուդսմենը Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի պատվիրակությանն է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին և գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին։   Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։   Պաշտպանն անդրադարձել է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման գործընթացին և այդ օրերին անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված աշխատանքներին: Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ չնայած մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության շարունակաբար կատարելագործվող միջազգային կառուցակարգերին՝ մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները։   Զրույցի շրջանակում Պաշտպանն անդրադարձել է մարզային այցերին, դրա շրջանակներում մարդու իրավունքների ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:   Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող մի շարք հարցեր:   Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ներկայումս մեր երկրում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալներն այսօր Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:   Իր հերթին Ալեքսանդր Վիննիկովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։
18:10 - 17 դեկտեմբերի, 2024
Արձանագրվել են մի շարք խնդիրներ. ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն

Արձանագրվել են մի շարք խնդիրներ. ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նոյեմբերի 26-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ (այսուհետ՝ Հաստատություն): Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից: «Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության ծառայությունները, սնունդը և հագուստը, Հաստատության աշխատակազմի և երեխաների միջև հարաբերությունները, երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը, փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին: Անցկացվել են առանձնազրույցներ երեխաների և աշխատակիցների հետ։ Ուշադրության է արժանի այն, որ Հաստատության աշխատակազմը հետևողական է խնամք ստացող երեխաների իրավունքների ապահովման հետ կապված հարցերի առնչությամբ, երեխաները հիմնականում ներգրավված են տարբեր սպորտային և մշակութային միջոցառումներում, իրազեկված են իրենց իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ։ Գնահատելով Հաստատության աշխատակազմի ջանքերը՝ հարկ է փաստել, որ այցի ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնց հիմնական մասը համակարգային են և բնորոշ են երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող գրեթե բոլոր հաստատություններին, օրինակ` կապված տարածքի անբավարարության, ֆիզիկական միջավայրի` համընդհանուր դիզայնի սկզբունքներին չհամապատասխանելու և այլ հարցերի հետ։ Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ՝ Պաշտպանի կողմից բազմիցս բարձրացվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը առաջարկությունների հետ համատեղ կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:26 - 17 դեկտեմբերի, 2024
Չհայտարարված այց՝ Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ․ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները խնդիրներ են հայտնաբերել

Չհայտարարված այց՝ Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ․ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները խնդիրներ են հայտնաբերել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2024 թվականի նոյեմբերի 25-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ (այսուհետ նաև՝ Հաստատություն): Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության ծառայությունները, սնունդը և հագուստը, Հաստատության աշխատակազմի և երեխաների միջև հարաբերությունները, երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և պահանջում են անհետաձգելի լուծումներ: Մասնավորապես, արձանագրվել է՝  Պահպանված չէ անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, մասնավորապես՝ սենյակներում առկա են իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ։ Ոչ բավարար տարածքի պատճառով արձանագրվել է տղաների ու աղջիկների համատեղ խնամքի իրականացման դեպք։ Հաստատությունն ապահովված չէ երեխաների առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ, կարիքահեն և զարգացման համար անհրաժեշտ պայմաններով: Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ՝ լոգարանների մեծ մասը առանձնացված չէր ննջասենյակներից, երեխաների լոգանքն իրականացվում էր ննջասենյակում մյուս երեխաների ներկայությամբ: Սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովված չեն. Երեխաների խոզանակները կեղտոտ էին, առկա է երեխաների անձնական հիգիենայի պարագաների, բաժակների, ափսեների անհատականացման խնդիր (արձանագրվել են դայակների կողմից երեխաների սրբիչները շփոթելու դեպքեր)։ Հաստատության յուրաքանչյուր խմբասենյակում առկա էր դեղերի պահման արկղիկ, որը կեղտոտ էր, պարունակում էր բացված և չօգտագործված դեղեր, որնք առանց մակնշման լցված էին տարբեր տուփերի մեջ, ներարկիչները դրված էին կենցաղային օգտագործման իրերի հետ միասին։ Հայտնաբերվել են ժամկետանց դեղեր և շիլա։ Մսամթերքի վրա բացակայում էր համապատասխան մակնշումը, որը հնարավորություն չէր տալիս ստուգելու պիտանիության ժամկետը։ Համապատասխան մասնագետների ներգրավման դժվարությամբ պայմանավորված՝ Հաստատությունում չի իրականացվել երեխաների՝ բժշկական, այդ թվում՝ պալեատիվ, օգնության և սպասարկման անհատական կարիքների գնահատում։ Արհեստական կերակրումն իրականացվում էր ներարկիչների և սնուցման զոնդերի (նազոգաստրալ զոնդ) միջոցով, որոնք առանց անհատականացման ախտահանվում և կրկին օգտագործվում էին։ Երեխաների հագուստը և նրանց համար առանձնացված կերակրման շշերը հնամաշ էին։ Հաստատության ֆիզիկական միջավայրը չի համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին: Հաստատությունն ունի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցի և խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։ Արձանագրվել են փաստաթղթերի պատշաճ վարման հետ կապված խնդիրներ։ Օրինակ՝ բացակայում էր «Առողջության մատյանը», թերի էր լրացված երեխաների հանդեպ և նրանց միջև բռնության կասկածելի կամ հաստատված դեպքերի գրանցման և իրավասու մարմիններին նման դեպքերի մասին հաղորդումների գրանցամատյանը: Առկա է հաստատությունում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն։ Հաստատությունը ունի բազմամասնագիտական թիմով համալրվելու և առկա մասնագետների թիրախային վերապատրաստումների անհրաժեշտություն: Առկա է աշխատակիցների կողմից երեխաների հետ վարվեցողության հմտությունների կատարելագործման անհրաժեշտություն։ Տրամադրված տեղեկությունների համաձայն՝ 2024 թվականի ընթացքում շարունակվել է երեխաներին, այդ թվում՝ 0-3 տարեկան երեխաներին, Հաստատություն տեղափոխելու գործընթացը, 2024 թվականի ընթացքում Հաստատությունում բնակվող որևէ երեխայի խնամք չի հանձնվել խնամատար ընտանիքի և որևէ երեխա չի վերադարձվել ընտանիք։ Հաստատությունում ներդրված չէ երեխաներին վերաբերելի հարցերում վերջիններիս մասնակցության, լսված լինելու իրավունքի ապահովման, ինչպես նաև բողոքարկելու իրավունքի իրացման իրական, հասանելի և մատչելի հնարավորություն ապահովող մեխանիզմ։ Արձանագրվել են կրթական գործընթացը յուրաքանչյուր երեխայի պահանջներին համապատասխանեցնելու և հարմարեցնելու, համապատասխան կրթական արձագանք ապահովելու, ուսումնական հաստատությունների և Հաստատության արդյունավետ փոխհամագործակցության բացակայության հետ կապված համակարգային խնդիրներ։ Հաստատությունում բնակվող և հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող երեխան ապահովված չէր բրալյան գրքերով և անհրաժեշտ այլ մատչելի ուսումնական նյութերով, և այլն։ Այցի ավարտին արձանագրված խնդիրները քննարկվել են Հաստատության տնօրենի և աշխատակազմի հետ: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները տնօրենի հետ ունեցած քննարկման արդյունքում ներկայացրել են նաև խնդիրների լուծման հետ կապված առաջարկություններ: Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ՝ Պաշտպանի կողմից բազմիցս բարձրացվող համակարգային խնդիրները, կամփոփվեն և դրանք արտացոլող փաստաթուղթը առաջարկությունների հետ համատեղ կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:
10:37 - 16 դեկտեմբերի, 2024
ԶՈւ-ում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ

ԶՈւ-ում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 13-ին բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում անցկացվող Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռների կատարման վերաբերյալ միջգերատեսչական աշխատաժողովին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ գրասենյակից։ Քննարկման առարկա է դարձվել «Առողջապահական ծառայությունների բարելավումը Հայաստանի զինծառայողների համար» թեման։ Աշխատաժողովի նպատակն է խթանել Մուրադյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործերով Հայաստանի Հանրապետության առջև դրված խնդիրների լուծումը։ Իր խոսքում Անահիտ Մանասյանը նշել է, որ Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իր ամենօրյա ուշադրության ներքո են: «Խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին մենք չենք հետապնդում պետական մարմիններին թիրախավորելու նպատակ: Հակառակը՝ փորձում ենք համագործակցության ձևաչափով, համատեղ ջանքերով ապահովել զինծառայողների իրավունքների պաշտպանությունը», - ասել է Պաշտպանը: Հատուկ ընդգծվել է, որ զինծառայողների վերաբերյալ ՄԻՊ հաստատությունում ստացված բողոքների զգալի մասը վերաբերում են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին, բժշկական և ռազմաբժշկական հանձնաժողովների եզրակացությունների բողոքարկմանը, պատշաճ բժշկական օգնության տրամադրմանը և սպասարկմանը: «Զինծառայողները վերոնշյալ խնդիրների մասին ինձ տեղեկացնում են նաև զինվորական հաստատություններ այցերի և նրանց հետ առանձնազրույցների ընթացքում»,- ասել է Անահիտ Մանասյանը: Ամփոփելով՝ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է Պաշտպանության նախարարության և ԱԱԾ Սահմանապահ զորքերի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը, որի շնորհիվ ջանքերի համատեղմամբ մի շարք խնդիրներ ստանում են արագ լուծումներ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանն էլ իր խոսքում անդրադարձել է Պաշտպանի տարեկան հաղորդմամբ ներկայացված զորակոչիկների և զինծառայողների պատշաճ բժշկական հետազոտությունների ու փորձաքննությունների հետ կապված հարցերին, ոլորտում առկա խնդիրների լուծման մեխանիզմներին։ Հատուկ նշել է, որ զինված ուժերում ցանկացած նոր գաղափար իրագործելու ճանապարհին հիմքում պետք է ունենալ մարդու իրավունքների պաշտպանությունն ու երաշխավորումը։ Աշխատաժողովին մասնակցել են տարբեր պետական իրավասու գերատեսչությունների և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը և Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
12:47 - 14 դեկտեմբերի, 2024
ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ ԳՈՒՄ-ի շուկայում միջադեպի ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու

ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ ԳՈՒՄ-ի շուկայում միջադեպի ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու

ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել են տեղեկություններ առ այն, որ Երևանի ԳՈՒՄ-ի շուկայում իրավիճակն այս պահին շատ լարված է. ՍԱՏՄ աշխատակիցները և Ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս մսավաճառներին առևտուր իրականացնել: Ավելի ուշ տեղեկություն է ստացվել նաև այն մասին, որ առևտուր իրականացնող մի շարք անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Ոստիկանության բաժին:   «Վերոգրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու և արձանագրելու նպատակով:   Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրության առարկա կդառնա նաև համապատասխան բնակավայրերում սպանդանոցների բացակայության վերաբերյալ մսավաճառների բարձրացրած հարցը:   Այցի արդյունքները կամփոփվեն՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԳՈՒՄ-ի շուկայում միջադեպի հետևանքով 8 մարդ է ձերբակալվել:
12:11 - 13 դեկտեմբերի, 2024
ՀՀ ՄԻՊ-ն իր ելույթում հատուկ ընդգծել է ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ միջոցառման անցկացման կարևորությունը

ՀՀ ՄԻՊ-ն իր ելույթում հատուկ ընդգծել է ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ միջոցառման անցկացման կարևորությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցում է դեկտեմբերի 12-13-ն անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին՝ Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրի ներքո: Միջոցառման շրջանակներում Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 12-ին որպես բանախոս է հանդես եկել «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների հանգեցնող ռիսկային գործոնները և փոքր երկրների դերը ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման գործում» թեմայով առաջին պանելային քննարկմանը, որի ընթացում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության, ցեղասպանության կանխարգելման և միջազգային համագործակցության հարցեր՝ ներկայացնելով տարբեր երկրների փորձն ու մոտեցումները: Պաշտպանն իր ելույթում հատուկ ընդգծել է ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ միջոցառման անցկացման կարևորությունը և շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Անահիտ Մանասյանն անդրադարձել է թեմատիկ քննարկմանը Պաշտպանի մանդատի շրջանակներում ընդգրկվող թեմաներին և նշել, որ ատելության խոսքն ու ատելության հիմքով հանցագործությունները շատ հաճախ հանգեցնում են ցեղասպան գործողությունների։ «Այս համատեքստում խոսում ենք երկու տարբեր դրսևորումների մասին` 1. երբ պետությունն է աջակցում ու կազմակերպում ատելության խոսքի տարածումը, 2. երբ ատելության խոսքի տարածումը չունի պետական աջակցություն։ Սա վերաբերում է նաև ատելության խոսքին` էթնիկ հիմքով պայմանավորված, ինչը չափազանց վտանգավոր երևույթ է։ Պետք է պետություններն իրենց ջանքերը համատեղեն ու պայքարեն այս երևույթի դեմ։ Պետությունները պետք է ունենան համապատասխան մեխանիզմներ կանխարգելելու այս երևույթը»,- նշել է Պաշտպանը։ Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման գործընթացին։ Այս համատեքստում ընդգծել է, որ չնայած մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության շարունակաբար կատարելագործվող միջազգային կառուցակարգերին՝ մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները։ Անահիտ Մանասյանն ընդգծել է նաև Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության վտանգավորությունն ու անդառնալի հետևանքները: «Եթե մենք չենք կանխում նման դեպքերը, ապա կարող ենք դառնալ դրանց կրկնման վկաները, ուստի չափազանց կարևոր է մեկտեղել մեր բոլոր ջանքերը, որպեսզի կարողանանք պայքարել մարդու իրավունքների պաշտպանության համակարգում բոլոր թերացումների, ցեղասպանության տարբեր դեպքերի, անօրինական գործողությունների դեմ»,- ընդգծել է Անահիտ Մանասյանը։ Այս առնչությամբ Պաշտպանը ընգծել է ցեղասպանության կանխարգելման պատշաճ և հակախտրականության բացառման համապարփակ պետական քաղաքականություն մշակելու կարևորությունը բոլոր ժամանակակից պետություններում: Անահիտ Մանասյանն իր խոսքում անդրադարձել է նաև ազգային/կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և խթանման խնդրին՝ ընգծելով, որ այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներն իր գործունեության կարևոր ուղղություններից են։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված և խթանված լինեն Հայաստանում։ Պանելային քննարկմանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, «Ցեղասպանության արձագանքման կոալիցիայի» համահիմնադիր Էվելինա Օչաբը, Սլովենիայի Հանրապետության պաշտպանելու պատասխանատվության հարցերով ազգային համակարգող, դեսպան Բլանկա Յամնիշեկը։ Տեսաուղերձով է հանդես եկել Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողության նախագահող, դեսպան Քրիստիան Գիյերմենտ-Ֆերնանդեսը։ Քննարկման որպես մոդերատոր հանդես է եկել Պաշտպանելու պատասխանատվության համաշխարհային կենտրոնի ժնևյան ներկայացուցիչ Էլիզաբեթ Պրամենդորֆերը։ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ընթերցվել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ։ Որպես խոսնակներ հանդես են եկել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը (տեսաուղերձով), Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ հատուկ խորհրդականի պաշտոնակատար Վիրջինիա Գամբան (տեսաուղերձ), Լատվիայի Հանրապետության նախկին նախագահ Էգիլս Լևիտսը և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Մելանի Օ՛Բրայենը:
20:09 - 12 դեկտեմբերի, 2024
Անահիտ Մանասյանը շնորհավորել է Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ

Անահիտ Մանասյանը շնորհավորել է Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ,  Հարգելի՛ գործընկերներ,  Շնորհավորում եմ բոլորիս Մարդու իրավունքների օրվա առթիվ:  Այսօր` դեկտեմբերի 10-ին, ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների միջազգային օրը՝ հիմքում ունենալով 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այս օրը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ ընդգծելու, որ մարդը բարձրագույն արժեք է, իսկ նրա արժանապատվությունը` իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը:  Մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջում է ամենօրյա ջանքեր և հանձնառություն: Դա է համերաշխ, հանդուրժող և իրավունքների հանդեպ հարգանքով լի հասարակություն ձևավորելու գրավականը։  Այդ առումով պետությունն ունի առանցքային դեր. այն պարտավոր է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող կառուցակարգեր և հետևողականորեն զարգացնել դրանք՝ հիմնվելով իրավունքի գերակայության և մարդակենտրոն արժեքների վրա։ Կարևոր է նաև բոլորիս ջանքերի համատեղումը՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրները հաղթահարելու նպատակով։   Մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման պատշաճ համակարգի տեսանկյունից կարևոր դերակատարում ունի նաև մարդու իրավունքների կրթությունը։ Պետք է լրջագույն քայլեր ձեռնարկվեն նշված ոլորտում կրթությունը կատարելագործելու ուղղությամբ։  Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ոչ միայն մարդկանց համար աշխատանքը, այլ նաև մարդկանց հետ աշխատանքը։ Հույս ունեմ, որ իմ և աշխատակազմիս ամենօրյա գործունեությունը նպաստում է հասարակության յուրաքանչյուր անդամի իրավունքների պաշտպանությանն ու արժանապատիվ կյանքի իրավունքի երաշխավորմանը։  Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս կարևոր օրվա կապակցությամբ՝ մաղթելով, որ կարողանանք համատեղ ուժերով ձևավորել իրավունքի գերակայության վրա կառուցված հասարական միջավայր»։
10:26 - 10 դեկտեմբերի, 2024
Ավտոբուսի վարորդների աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրները մշտադիտարկում է ՄԻՊ աշխատակազմը

Ավտոբուսի վարորդների աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրները մշտադիտարկում է ՄԻՊ աշխատակազմը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում են զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման աշխատանքներ՝ Երևանում ավտոբուսի վարորդների աշխատանքային իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներն արձանագրելու և օպերատիվ հասցեագրումն ապահովելու նպատակով: «Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում և վերլուծության են ենթարկվում նաև աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներին և պարտականություններին առնչվող առկա փաստերը՝ միջազգային և ներպետական չափանիշների տեսանկյունից։ Պաշտպանը հարկ է համարում նաև ընդգծել, որ բոլոր դեպքերում գործատուների ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովմանը (ներառյալ` հիգիենայի պահանջները բավարարող պայմանները, հանգստի իրավունքը և այլն), յուրաքանչյուր աշխատողի` ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի ապահովմանը։ Մշտադիտարկման աշխատանքների արդյունքում վերհանված խնդիրների քննարկման ու դրանց լուծման համար անհրաժեշտ ուղիների նախանշման նպատակով Պաշտպանը կդիմի իրավասու մարմիններին։ Մարդու իրավունքների պաշտպանի «Թեժ գիծ» հեռախոսահամարներն են՝ 116, (096) 116-100»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից իրականացված գործադուլի հետևանքով 18 վարորդ ազատվել է աշխատանքից։ Երևանի քաղաքապետարանը անդրադարձել էր վարորդների գործադուլին՝ նշելով, որ գործողություններին գնահատական է տրվելու աշխատանքային օրենսդրության շրջանակներում:
17:52 - 03 դեկտեմբերի, 2024
Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Equal Right Trust (Հավասար իրավունքների պաշտպանություն) հիմնադրամի տնօրեն Ջիմ Ֆիցջերալդին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էվելին Քոլինսին։ Հանդիպումը տեղի է ունեցել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ու Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համատեղ նախաձեռնությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են իրավահավասարության երաշխավորումն ու խտրականության դեմ պայքարը։ Ոլորտում տարվող աշխատանքների շրջանակներում Պաշտպանն անդրադարձել է տարբեր խումբ անձանց, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կարևորությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին, դրանով նախատեսվելիք կառուցակարգերին ու օրենսդրական մակարդակում իրավահավասարության երաշխավորմանն ուղղված անհրաժեշտ չափանիշների ու կարգավորումների ներդրմանը։ Նշվածի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է, ի թիվս այլնի, փաթեթի վերաբերյալ իրավասու մարմնին ներկայացված գրավոր կարծիքում արտահայտված դիրքորոշումներն ու աշխատանքային քննարկումների արդյունքները։
20:47 - 27 նոյեմբերի, 2024
ՀՀ ՄԻՊ-ը Մարտունու համայնքապետարանում քննարկել է բնակիչներին մտահոգող խնդիրները

ՀՀ ՄԻՊ-ը Մարտունու համայնքապետարանում քննարկել է բնակիչներին մտահոգող խնդիրները

Գեղարքունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ:   Հանդիպմանը մասնակցել է մոտ 50 անձ, այդ թվում՝ բռնի տեղահանված անձինք: Նրանք ներկայացրել են իրենց իրավունքներին վերաբերելի մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանը, հասարակական տրանսպորտի հասանելիությանը, մարդու իրավունքների տեսանկյունից դրա ստեղծած խնդիրներին, կրթության մատչելիությանը, նախակրթարանների, քոլեջների, երաժշտական դպրոցների աշխատակիցներին տրամադրվող սոցիալական աջակցությանը, այդ թվում` սոցիալական փաթեթի բացակայությանը, երիտասարդների զբաղվածությանը: Բռնի տեղահանված անձինք հիմնականում բարձրաձայնել են հարցեր իրենց փաստաթղթերի վերականգման, աջակցության ծրագրերի հետ կապված:   Բնակիչները նաև իրենց մտահոգությունն են հայտնել մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարտունու նստավայրի փակման առնչությամբ, որի հետևանքով համայնքի բնակիչների համար ստեղծվել են լրացուցիչ դժվարություններ՝ այլ համայնքներ մեկնելու տեսանկյունից:   Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ քննարկման շրջանակներում վերհանված խնդիրներն աշխատակազմում կուսումնասիրվեն և կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին:   Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:
18:27 - 26 նոյեմբերի, 2024
Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի. ՀՀ ՄԻՊ

Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, միանալով «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավին, մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման:   Միջոցառման նպատակն էր անդրադառնալ Ընտանեկան բռնության օրենքի ընդունումից հետո իրականացված աշխատանքներին և նախանշել առաջիկա հինգ տարիների հիմնական առաջնահերթություններն ու գործողությունները՝ դիտարկելով դրանք օրենքի նոր փոփոխությունների լույսի ներքո և առանձնացնելով այն խնդիրները, որոնց առնչվում են կանայք հումանիտար ճգնաժամերի ժամանակ: Անահիտ Մանասյանը նշել է, որ այս միջոցառումը ևս մեկ առիթ է ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ տարվող ջանքերը համատեղելու համար։ «Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի։ Պարբերաբար եմ նշում, որ անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ առանց հանդուրժող և համերաշխ միջավայրի։ Այդպիսի միջավայր պետք է ձևավորել համատեղ ուժերով և միայն այդ դեպքում է հնարավոր ունենալ բռնությունից զերծ հասարակություն: Մեր անելիքները միանշանակ պետք է ամենօրյա լինեն և մեզանից յուրաքանչյուրը պետք է նաև իր օրինակելի վարքագծով ցույց տա բացասական երևույթներին հակազդելու կարևորությունը և գործիքակազմերը»,- ասել է Պաշտպանը: Իր խոսքում Անահիտ Մանասյանը նշել է, որ ոլորտի հետ կապված դրական փոփոխությունները բազմաթիվ են, սակայն խնդիրները դեռևս շարունակվում են պահպանվել: «Ակնհայտ է, որ իրավիճակը 15 տարի առաջ և իրավիճակն այսօր միմյանցից տարբերվում են։ Դա պայմանավորված է ինչպես տարբեր օրենսդրական ակտերի գործադրմամբ, այնպես էլ իրավասու մարմինների գիտելիքների և հմտությունների բարձրացման աշխատանքների իրականացման հանգամանքով: Միևնույն ժամանակ, մի շարք խնդիրներ շարունակում են չլուծված մնալ: Պատճառներն են՝ կրթական անբարենպաստ միջավայրը, որը ենթակա է հիմնովին բարեփոխման, ինչպես նաև իրավասու մարմինների մոտ պատշաճ գիտելիքների և հմտությունների դեռևս ոչ բավարար մակարդակը», – ասել է Պաշտպանը: Պանելային քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը, Ներքին գործերի նախարարության ռազմավարական պլանավորման վարչության Հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման ու մոնիթորինգի բաժնի պետ Նատալի Սահակյանը, Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը, «Ընդդեմ ընտանեկան բռնության» աջակցման կենտրոնների կոալիցիայի համակարգող Նարե Հայրապետյանը և Safe You հարթակի հիմնադիր տնօրեն Մարիամ Թորոսյանը: Մինչև քննարկման մեկնարկը ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ- ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը և Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մարեկ Կուբերսկին: Տեղի է ունեցել նաև «Լռությունից մինչև օրենք. ընտանեկան բռնության դեմ պայքարը» ֆիլմի ցուցադրությունը, իսկ «Ազատուհի» խորագրով տեսանյութի միջոցով ընտանեկան բռնություն հաղթահարած կանայք ներկայացրել են իրենց պատմությունները: Միջոցառումն իրականացվել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից:
19:48 - 25 նոյեմբերի, 2024