Սեւան

Սեւանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Հայտնի ձկնատեսակը իշխանն է։ Սեւանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։

Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձեւավորում են հանրապետության ամենամեծ՝ Սեւան-Հրազդան կասկադը։1978 թվականին ստեղծվել է Սեւան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սեւան ջրատարը։

6-ամսով կարգելափակվի այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք

6-ամսով կարգելափակվի այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ 6-ամսյա ժամկետով կարգելափակվի այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք:  «Հաշվի առնելով Սևանա լճի մակարդակի բարձրացման, ինչպես նաև համավարակով պայամանավորված՝ Նորաշենի արգելոցի և Նորաշենի արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում հայկական որորի արգելոցի և արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում ձվադրման, մարդկային գործոնի ազդեցության նվազման արդյունքում վերջին տարիներին չվահյուր թռչունների տեսակների և քանակի ավելացման հանգամանքը՝ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով 6-ամսյա ժամկետով կարգելափակվի այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք։ Իրականացվելու է խիստ վերահսկողություն՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահնորդական հատուկ ջոկատի և մի շարք այլ գերատեսչությունների և իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությամբ»,- նշված է ՇՄՆ հաղորդագրության մեջ։
18:03 - 01 հուլիսի, 2021
Սևանի ափը 48 հազար դրամով վարձակալության է տրվել. լճի 1905 մ նիշից ցածր անտառային տարածքում նոր քոթեջներ են կառուցվելու |hetq.am|

Սևանի ափը 48 հազար դրամով վարձակալության է տրվել. լճի 1905 մ նիշից ցածր անտառային տարածքում նոր քոթեջներ են կառուցվելու |hetq.am|

hetq.am: Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքում` Սևանա լճի ափին, նախատեսվում է քոթեջներ կառուցել և կազմակերպել անհատական հանգստի գոտի: Կառուցապատման ենթակա տարածքը գտնվում է «Սևան» ազգային պարկ»-ի ռեկրեացիոն գոտում` 1905 մետր բացարձակ նիշից ցածր: Հողատարածքի մակերեսը 0,3 հա է: Ճարտարապետահատակագծային առաջադրանքում հողատարածքի չափը 0,27 հա է նշվել: Տարբերությունն առաջացել է Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման արդյունքում: Հողամասի բնութագրում նշվում է, որ այն չկառուցապատված է, միջին թեքություններով, չծառապատված տարածք է: «Տարածքում ի սկզբանե գոյություն ունեցող ծառեր չկան»,- արձանագրված է ՇՄԱԳ նախագծում: Մեկ այլ տեղում նշված է, որ նախատեսվող գործունեության վայրի հողերը՝ Սևանա լճի բուսազուրկ հատակային հողեր են: Մինչդեռ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ վարձակալության պայմանագրում հստակ արձանագրված է, որ այն մասամբ անտառածածկ տարածք է: Հողի նպատակային նշանակությունն անտառային է, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` անտառ: Ծովազարդ համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տարածքում իսկապես ծառեր չկան, թե ինչու է այն անտառային կամ նշանակությունն ինչու չի փոխվել, ինքը տեղյակ չէ: Նշենք, որ Արամայիս Ենգոյանը պաշտոնավարում է 2016 թվականից: Հողամասում կա 160 գմ ընդհանուր երկարությամբ ապամոնտաժման ենթակա պարիսպ, որն ապօրինի շինություն է: Այս պարսպի մասին ևս համայնքապետը ոչինչ չգիտեր: Ասաց` ինչ հիշում է, այդ պարիսպը կա: Հողամասի 47 % գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշերից բարձր ընկած հատվածում: Դա նշանակում է, որ գերակշիռ մասը նշված նիշից ցածր է: Հիշեցնենք, որ այդ նիշը սահմանվել է Սևանի ափը ազատ թողնելու համար` հնարավոր ջրածածկման պատճառով, և կառուցապատում իրականացնել չի թույլատրվում: Ավելին, այդ հատվածից ցածր բոլոր շինություններն ապամոնտաժելու հրաման է տրվել ՇՄՆ-ի կողմից: Շրջակա միջավայրի գնահատման հայտում նշվում է, որ 1905.0 մ բացարձակ նիշից ցածր տարածքում հիմնական շինություններ չեն նախատեսվում: Լինելու է 3 տեսակի քոթեջ, որոնցից առաջին տեսակի երկու քոթեջը նախագծված է որպես հիմնական շինություն, քանի որ գտնվում է 1905 նիշից բարձր` 1906 նիշի վրա, իսկ մյուս երկու տեսակի 4 քոթեջը նախատեսված է իրականացնել թեթև մետաղական կոնստրուկցիաներով (շարժական), և տեղադրվելու են 1903.5-1905.64 նիշերի հատվածում:  Շարունակությունը՝ hetq.am-ում
16:57 - 19 հունիսի, 2021
Սևանա լճում իրականացվել են ջրի նմուշառումներ և հետազոտություններ. արդյունքները մտահոգիչ են

Սևանա լճում իրականացվել են ջրի նմուշառումներ և հետազոտություններ. արդյունքները մտահոգիչ են

ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ վերջին օրերին Սևանա լճում իրականացվել են ջրի նմուշառումներ և հետազոտություններ: Արդյունքները մտահոգիչ են:    «Լճի ծաղկման պրոցեսը սկսվել է, ինչի հետևանքով թափանցիկության արժեքը դիտվել է շատ ցածր՝ 2-2.7 մ տիրույթում:    Մեծ Սևանում առկա է ավելի մուգ գունավորում, նույնիսկ ափամերձ շերտերում կանաչ գույնն արտահայտվում է փրփուրի ձևով:    Լուծված թթվածնի կոնցենտրացիան դիտվել է 4.8-9.6 մգ/լ տիրույթում (նվազագույն արժեքը դիտվել է Փոքր Սևանի 30 մ խորության շերտում):    Ջրի ջերմաստիճանը Փոքր Սևանի 60 մ խորության շերտում 3.8 աստիճան է, իսկ Մեծ Սևանի 30 մ խորության շերտում՝ 5.5 աստիճան:   Սևանա լճի ջրի որակի արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես»,- հայտնում են կենտրոնից:  
13:57 - 11 հունիսի, 2021
Սևանա լիճը ջրիմուռներից մաքրելու համար առաջարկվում է կոմպլեքս համակարգի ստեղծում․ «Փրկենք Սևանա լիճը» դրամահավաք է կազմակերպել

Սևանա լիճը ջրիմուռներից մաքրելու համար առաջարկվում է կոմպլեքս համակարգի ստեղծում․ «Փրկենք Սևանա լիճը» դրամահավաք է կազմակերպել

«Փրկենք Սեւանա լիճը» նախաձեռնությունը կազմակերպել է դրամահավաք, որի նպատակն է հավաքել 500․000 ԱՄՆ դոլար՝ Սեւանա լճում առաջացող ջրիմուռների որսման եւ անվնաս ոչնչացման նպատակով կոպլեքս համակարգ ստեղծելու համար։ Նախաձեռնությունը սկսվել է դեռ 2012 թվականից, այն գործել է տարբեր հարթակներում, բայց այդ հարթակներից արդյունք չտեսնելու պատճառով նախաձեռնության անդամները ստեղծվել են «Save lake Sevan» նոր նախաձեռնությունը, որն էլ նպատակ ունի մաքրել Սեւանա լիճը ջրիմուռներից։ Նախաձեռնության համակարգող Հարություն Գեւորգյանը Infocom.am-ի հետ զրույցում պատմեց, որ խնդիրը մեկ գործողությամբ անհնար է լուծել, այն պահանջում է կոմպլեքս լուծում․ Սեւանա լիճը ամբողջությամբ մաքրել եւ հետո էլ այն մաքուր պահելու համար երկարատեւ աշխատանք կատարել։ «Մեր նախաձեռնության նպատակը նորարարական տեխնոլոգիա օգտագործելն է, որը ավելի կարագացնի գործընթացը, այն կոմպլեքս լուծման վերջին մասնիկն է, մենք նշում ենք, թե որ կետերն են արդեն սկսված, ի դեպ՝ դրանց մի մասը սկսել ենք մենք, մի մասը՝ հենց Շրջակա միջավայրի նախարարությունը, մի մասը՝ տարբեր սրտացավ մարդիկ, որոնք, օրինակ, զբաղվում են ափամերձ տարածքների մաքրմամբ։ Մեր առաջարկը ջրիմուռների մաքրման համար նախատեսված մեխանիզմ ստեղծելն է, որը մի քանի երկրներում հայտնի տեխնոլոգիա է, բայց մեր երկրում մենք ունենք ավելի կատարելագործված տարբերակը եւ հիմա առաջարկում ենք դրա սկսման աշխատանքները, այսինքն՝ դա էլ ստեղծենք, որպեսզի այն դառնա վերջնական, ամբողջական, կոմպլեքս լուծումների ընթացք»,- հավելեց Գեւորգյանը։  Վերջինս ընդգծեց, որ իրենք լուծում ունեն նաեւ զվարճանքի կենտրոններից, ռեստորաններից եւ Սեւանա լճի հարակից բնակավայրերի մեծ մասից տարբեր ճանապարհներով Սեւանա լիճ լցվող կոյուղաջրերի խնդրի համար․ դա  սեպտիկ (ոչ մեծ քանակությամբ կենցաղային կեղտաջուր մաքրելու կառույց) համակարգ է՝ կատարելագործված տարբերակով․ «Աշխարհին հայտնի սեպտիկ համակարգերը չունեն, այսպես ասած, մինչեւ վերջ ֆիլտրացում։ Մենք ունենք նաեւ դրանց կատարելագործված տարբերակը, որոնք իրականացնում են քառաստիճան մաքրում, 95-98 աստիճան մաքուր ջուր տրամադրելու հնարավորություն են ստեղծում։ Ռիսկի չեմ դիմի եւ չեմ ասի՝ խմելու ենթակա ջուր է լինում, բայց ոռոգման համար պիտանի ջուր կարող ենք ստանալ։ Դրանք, բնականաբար, շատ հարմար եւ լավ տարբերակ են նման զվարճանքի կենտրոններում օգտագործելու համար, եւ նաեւ կարելի է օգտագործել մարզի բնակավայրերում, գյուղերում, որտեղ բացակայում են կոյուղիները։ Եթե չեմ սխալվում՝ միայն Սեւան քաղաքում է, որ կոյուղաջրերը չեն լցվում Սեւանա լիճ։ Այսինքն՝ այստեղ հարցը միայն տնտեսվարող սուբյեկտներին չի վերաբերում, այլ նաեւ բնակավայրերին»,- մանրամասնեց Գեւորգյանը՝ նշելով, որ իրենց դրամահավանքի գլխավոր նպատակը ջրիմուռներ որսացող եւ դրանք անվնաս ոչնչացնող համակարգի ստեղծումն է։  Մեր զրուցակիցն ասաց, որ մյուս հարցերին կանդրադառնան՝ կախված դրամահավաքի տեմպից։ «Փորձելու ենք օգնել այն մարդկանց, որոնք արդեն որոշակի աշխատանքներ սկսել են, կամ ինքներս ենք նախաձեռնելու նոր ծրագրեր, որոնց մեջ մտնում է նաեւ սեպտիկ եւ ֆիլտրող համակարգերի ձեռքբերումը։ Ինչ վերաբերում է առհասարակ Սեւանա լճի խնդիրներին, այդտեղ եւս մեկ խնդիր կա, որը շատ կարեւոր է՝ չնայած այս ուղղությամբ էլ որոշակի աշխատանքներ են տարվում՝ քիմիական պարարտանյութերի օգտագործումն է տարածաշրջանում։ Դրա համար էլ մենք ունենք լավագույն լուծումներից մեկը, ինչպես արդեն նշեցի՝ ջրիմուռների խնդիրը լուծելուց հետո կանցնենք մյուս խնդիրներին, որոնցով զբաղվում են սրտացավ մարդիկ, գերատեսչությունները»,- հավելեց նախաձեռնության համակարգողը։ Այն հարցին, թե ինչ ռեսուրսներ են անհրաժեշտ նախաձեռնության գաղափարներն իրականացնելու համար, Գեւորգյանը պատասխանեց, որ կես միլիոն դոլարը, բնականաբար, բավարար չէ, որպեսզի ամբողջապես հնարավոր լինի մաքրել Սեւանը եւ ազատվել խնդրից։ Գումարը բավարար է ջրիմուռները որսալու եւ անվնաս ոչնչացնելու կոմպլեքս համակարգի ստեղծման գործընթացն սկսելու համար։ Գեւորգյանի կարծիքով՝ պետք է ունենալ մեկից ավելի նման համակարգ։  «Դրանից պետք է մի քանի հատ ունենալ, բայց քանի որ այս պահին մենք դրա օրինակը չենք տեսել եւ չենք փորձել, չենք կարող ասել, թե մեկ համակարգը որքան տարածություն կարող է մաքրել, կհասցնի՞ մաքրել լճի ամբողջ տարածքը, թե՞ ոչ։ Պետք է ունենալ, փորձարկել եւ հասկանալ, թե քանի հատ է մեզ պետք, որը ձեռք կբերենք հետագայում։ Նախարարության արած աշխատանքների մասով կարող եմ ասել, որ, բնականաբար, երբ աշխատում է մեկ հոգի, չի կարող միանգամից արդյունք տալ, դրա համար մենք գնահատում ենք բոլոր սրտացավ խմբերի կատարած աշխատանքը։ Ես կարծում եմ, որ Սեւանա լճի խնդիրների լուծումն այդպես պետք է տանք՝ միավորվելով, քանի որ դա բոլորիս խնդիրն է»,- ընդգծեց նախաձեռնության համակարգողն ու հավելեց, որ եթե բոլորը մտածեն, թե սա իրենց խնդիրը չէ, այլ ուրշների պարտքն է, հարցը երբեք լուծում չի ստանա։  «Յուրաքանչյուրս պետք է հասկանանք, որ Սեւանը մերն է, եւ բոլորս պետք է անհանգստացած լինենք եւ փորձենք լուծել խնդիրները։ Տվյալ պահին հայության միայն մեկ տոկոսն է հարկավոր, որպեսզի սկսենք համակարգված լուծումը, այսինքն՝ հիմա 500․000 դոլար հավաքելու համար պետք է, որ մեր հայության 1 տոկոսը 5 դոլար ներդրում անի, պետք է միավորվի, հասկանա խնդրի ամբողջ լրջությունը եւ դրա ամբողջական լուծման առաջին քայլի փոքր լինելը։ Երբ մեկնարկը տրվի, դրա կանգնեցումը կլինի անիմաստ»,- եզրափակեց Հարություն Գեւորգյանը։ Ասպրամ Փարսադանյան
15:29 - 11 մայիսի, 2021
Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցել է շաբաթօրյակի և մեծ ծառատունկի աշխատանքներին

Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցել է շաբաթօրյակի և մեծ ծառատունկի աշխատանքներին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցել է շաբաթօրյակի և մեծ ծառատունկի աշխատանքներին: Այս մասյին հայտնում է ՇՄ նախարարության մամուլի ծառայությունը։ Նախարարին այցի ընթացքում ուղեկցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Աբելյանը, պաշտոնատար այլ անձինք: Ռոմանոս Պետրոսյանը շաբաթօրյակին մասնակցել է Սևան քաղաքի հանրային լողափի տարածքում՝ միանալով «Սևան Ազգային պարկ»-ի աշխատակիցներին, որոնց ուժերով իրականացվում էին լողափի սանիտարական մաքրման աշխատանքները: Նախարարը խոսել է Սևանա լճի և նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման, «Սևան Ազգային պարկ»-ի դերի ու նշանակության, Գեղարքունիքի մարզի բնապահպանական մյուս կարևորագույն խնդիրների մասին․ «Սևանա լիճը Հայաստանի շրջակա միջավայրի գոհարն է, իսկ նրա պահպանությունը՝ մեր գերակա խնդիրներից մեկը, գուցե նաև գլխավոր խնդիրը: Սովորաբար մաքուր է այնտեղ, որտեղ չեն աղտոտում: Ուստի մենք պետք է հասնենք նրան, որ Սևանի ափամերձ տարածքներում ապրող բնակիչները, տնտեսավարող սուբյեկտներն իրենք առաջին հերթին հոգան ինչպես լճի ջրի մաքրության պահպանման, այնպես էլ նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման մասին, ըմբռնեն լճի անփոխարինելի բնապահպանական ու  տնտեսական արժեքը: Մենք այս ուղղությամբ արդեն տվել ենք մի շարք գործընթացների մեկնարկը, որոնք պետք է հասցվեն իրենց տրամաբանական ավարտին»: Շաբաթօրյակի աշխատանքների ավարտին նախարարն այցելել է «Սևան Ազգային պարկ»-ի Մարտունու տեղամաս՝ մասնակցելու մեծ ծառատունկի աշխատանքներին:   Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի
16:47 - 17 ապրիլի, 2021
Սևանի ծիածանափայլ իշխանի առաջին խմբաքանակը բաց է թողնվել Սարսանգի ջրամբար

Սևանի ծիածանափայլ իշխանի առաջին խմբաքանակը բաց է թողնվել Սարսանգի ջրամբար

Արցախի Հանրապետություն այցի ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Արցախի նախագահն ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարը քննարկել են շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման ու պահպանության ոլորտում փոխգործակցության և Հայաստանի կառավարության կողմից անհրաժեշտ օժանդակությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հստակ արձանագրել են առաջիկա անելիքներն անտառային ռեսուրսի վերականգնման և գրագետ անտառկառավարման համատեքստում։ Շրջակա միջավայրի նախարարությունն իր կարողությունների շրջանակում առավելագույնը կանի Արցախում բնականոն կենսագործունեությունը վերականգնելու համար։ «Հատուկ ուշադրության են արժանացել հետպատերազմյան շրջանում Արցախի մեր հայրենակիցների կենսական նշանակության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը։ Նախարարի՝ Արցախի Հանրապետություն այցի օրակարգի կարևորագույն կետերից էր Սարսանգի ջրամբար Սևանի Ծիածանափայլ Իշխանի բացթողումը։ Նախարար Պետրոսյանը և Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ջրամբար են բաց թողել ձկան առաջին խմբաքանակը։ Ծիածանափայլ Իշխանը բավականին բարձր դիմադրողականություն ունեցող ձկնատեսակ է, և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Սարսանգի ջրամբարում և՛ միկրոպլանկտոնի առկայության և՛ ջրի ջերմաստիճանի տեսանկյունից այս պահին լավագույն շրջափուլն է մանրաձուկը բաց թողնելու։ Այս ամենն արվում է երկրում կենսագործունեության լիարժեք վերականգնման նպատակով և ի բարօրություն Արցախի ժողովրդի։ 1-2 տարի անց արդեն կունենանք ձկնատեսակի բավականին ներկայանալի պոպուլյացիա,որը կարող է կերակրել Արցախի մեր հայրենակիցներին։ Անտառային ռեսուրսի վերականգնման խնդրի շրջանակում առաջիկա շաբաթներին Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ Արցախում կմեկնարկեն 1 հա մակերեսով անտառային ծառատեսակների տնկարանային տնտեսության հիմնման աշխատանքները։ Նաև՝ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ գործող «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին կնվիրաբերվի 100.000 տնկի՝ շուրջ 30 հա անտառտնկման և անտառվերականգնման համար։ «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի մասնագետներին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնագիտական կարողությունների և տեխնիկական հզորությունների շրջանակներում վերապատրաստման հնարավորություն կընձեռվի։ Անդրադարձ է կատարվել նաև հետպատերազմյան շրջանում ջրի մոնիթորինգի խնդրին։ Այս ուղղությամբ ևս անելիքը շատ է․ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հզորությունները կօգտագործվեն մոնիթորինգի աշխատանքներում։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության նախագահին և Արցախի գործընկերներին` հագեցած օրակարգով այցի և բովանդակային քննարկումների համար: Նախարարը ևս մեկ անգամ փաստել է, որ առկա է բավարար կամք և քաղաքական վճռականություն Արցախի բնականոն կյանքի վերականգնմանն ուղղված նախանշած ծրագրերն ամբողջ ծավալով իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
10:03 - 09 ապրիլի, 2021
«Սևան» ազգային պարկում քննարկվել են էկոտուրիզմի զարգացման հեռանկարները

«Սևան» ազգային պարկում քննարկվել են էկոտուրիզմի զարգացման հեռանկարները

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն աշխատանքային այցով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում էր։ Նախարարի տեղակալը խորհրդակցություն է անցկացրել ազգային պարկի աշխատակազմի հետ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև Շրջակա միջավարի նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը և ֆոնդերի հաշվառման և պահպանության բաժնի պետը:   «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ քննարկվել են էկոտուրիզմի զարգացման, զբոսաշրջային նոր ուղղությունների մշակման,աշխատակազմը համապատասխան մասնագետներով համալրելու, բնակչության էկոգիտակցության մակարդակի բարձրացման և բնության հատուկ պահպանվող տարածքներիկառավարման վերաբերյալ այլ հարցեր:   Նախարարի տեղակալը շեշտել է, որ Հայաստանում էկոտուրիզմի զարգացման համար մեծ ներուժ կա, և այն կայացնելու համար առկա տարածքների ճիշտ օգտագործման մեխանիզմներ է պետք մշակել:   Հանդիպումը շարունակվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի այցելուների կենտրոնում: Տեղում քննարկվել են առկա խնդիրները, ներկայացված ցուցանմուշների պահպանման և մշակման մեթոդները:
18:54 - 02 ապրիլի, 2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից. ՇՄ նախարարության նոր լուծումները |armenpress.am|

Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից. ՇՄ նախարարության նոր լուծումները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Սևանի կենսապաշարների կայուն կառավարման համար համալիր մոտեցման անհրաժեշտություն է տեսնում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը նշեց, որ կայուն կառավարումը ենթադրում է Սևանի պաշարների հաշվառում, ուսումնասիրություն, պահպանում, որս կատարելու չափաքանակի սահմանում և այլն: Սևանում ձկնապաշարի օգտագործումը կանոնակարգելու, գործընթացն առավել կառավարելի դարձնելու համար արդյունագործական ձկնորսության ծրագրի 2-րդ փուլն է իրականացվում, որը թույլ է տալիս ձուկ որսալ սահմանված չափաքանակով ու սահմանված պահանջներին համապատասխան: Ծրագրին զուգահեռ պատկան մարմինները քննարկում են մի տարբերակ, որ ձկնորսության ամբողջ գործընթացը կազմակերպվի պետական կազմակերպության կողմից, իսկ ձկնորսներն այնտեղ լինեն աշխատող: «Նախատեսվում է ծրագրի մշակում, ըստ որի, ստեղծվի պետական կառույց, որը կկազմակերպի ամբողջ ձկնորսության գործընթացը, ձկնորսներն էլ կլինեն այդ կառույցի աշխատողը: Կառույցը կլինի նաև մթերողը: Այսինքն՝ մեկ կետով կապահովվի Սևանում ձկնորսության գործընթացը, և այդ կառույցը պատասխանատու կլինի հսկողության համար: Այստեղ շատ կարևոր է աշխատանքի, աշխատատեղերի հարցը: Դրանով կլուծվի սոցիալական խնդիր»,- ասաց Ոսկեհատ Գրիգորյանը: Սևանում ձկան որսի գործընթացը պետական կազմակերպության միջոցով կազմակերպելը, ըստ Ոսկեհատ Գրիգորյանի, կարևոր է տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից: Ձկնորսները, գործելով տվյալ կազմակերպությունում, կունենան կայուն աշխատավարձ: Նրանք կվարձատրվեն նաև այն ժամանակահատվածում, երբ պարապուրդի մեջ կլինեն: Սա թույլ կտա դուրս գալ հնարավոր ապօրինությունների դաշտից: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազամազանության վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արմեն Արաբյանի խոսքով, պետական կառույցի հետ աշխատելով, առաջ են քաշում կյանքի ապահովագրության բաղադրիչը, որոնք կունենան ձկնորսները: Արմեն Արաբյանը նշեց, որ տարվա ընթացքում լինում են ջրահեղձության դեպքեր, հետևաբար կարևոր է, որ սոցիալական երաշխիքներ լինեն: Ինչ վերաբերում է ձկնորսության գործընթացը պետական կառույցի կողմից կազմակերպելուն, ապա Արմեն Արաբյանը վերհիշեց խորհրդային տարիներին ունեցած փորձը: «Խորհրդային տարիներին կային ձկնորսական տնտեսություններ, որտեղ ձկնորսներն աշխատում էին: Մենք մտածում ենք, որ գործընթացը կազմակերպվի մեկ պետական կառույցի կողմից, ձկնորսը հանգիստ խղճով կգնա աշխատանքի, իր աշխատավարձը կստանա, ձուկն էլ կհանձնի պետությանը, որն էլ կկազմակերպի դրա իրացումը»,- ասաց տեսչության ներկայացուցիչը: Առաջարկվող լուծումը դեռ քննարկվել է Գիտությունների ազգային ակադեմիայի հետ: Այն կդրվի հանրային քննարկման՝ ընդգկելով բոլոր շահագրգիռ կողմերին:
15:05 - 29 մարտի, 2021
«Սևան ազգային պարկի» հողերի վրա զոռբայությամբ կառուցված դղյակներն ապամոնտաժվում են. նախարար |armenpress.am|

«Սևան ազգային պարկի» հողերի վրա զոռբայությամբ կառուցված դղյակներն ապամոնտաժվում են. նախարար |armenpress.am|

armenpress.am: 2021 թվականի փետրվարից մինչ օրս Սևանի ափամերձ տարածքներից ապամոնտաժվել են մոտ երեք տասնյակ շինություններ, որոնք չունեն այդտեղ գտնվելու իրավական փաստաթուղթ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցում նշեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Այս փուլում ապամոնտաժումը, քանդումը և ափից հեռացումը կատարվում է բացառապես «Սևան ազգային պարկի» տնօրինման տակ գտնվող հողերի վրա առանց որևէ տեսակի իրավունքի, զոռբայության արդյունքում կառուցած դղյակների, շենք-շինությունների, պարիսպների կցակառույցներին և տաղավարների նկատմամբ։ «Սևան ազգային պարկը»՝ որպես պետական ինստիտուտ, իր լիազորությունների և իրավասությունների շրջանակում իր տարածքները կարող է պարզապես ազատագրել և վերադարձնել իր տնօրինման տակ։ Որևէ փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը՝ ավելացնելով, որ հաջորդ փուլով կապամոնտաժվեն կառուցապատման կամ վարձակալության որոշ թղթեր ունեցող տնտեսվարողների տարածքները, որոնք բոլոր դեպքերում կառուցված են իրավախախտումներով։   «Մենք իրենց ծանուցելու ենք նախապես և ժամանակ ենք տրամադրելու՝ եթե իրենց ձեռքով իրենց ապօրինի շինությունները չեն ապամոնտաժի, այդ դեպքում՝ արդեն օրենքով սահմանված կարգով «Սևան ազգային պարկը» սեփական միջոցներով կապամոնտաժի և դատական կարգով բռնագանձման հայց կներկայացնի դատարան՝ բռնագրավելու այն միջոցները, որոնք ծախսվել են ապամոնտաժելու վրա»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը։ Ըստ նախարարի՝ երբ հերթը հասնի թույլատրելի նիշից ներքև կառուցված, բայց պետական գրանցում ունեցող տիրապետմանը, այդ ժամանակ փոխհատուցման հարց կարող է քննարկվել: «Դա պետք է վիճարկենք բացառապես դատական կարգով և օրենքով սահմանված այլ ընթացակարգերով»,- ասաց նա:
18:45 - 18 մարտի, 2021
Կբուժե՞ք Սևանը, թե՞ կթողնեք՝ ինքաբուժվի

Կբուժե՞ք Սևանը, թե՞ կթողնեք՝ ինքաբուժվի

Նկարը՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջից, 20.07.2020 Հայաստանի սիրտ և զարկերակ հանդիսացող Սևանա լիճը գնում է ճահճացման՝ գլոբալ տաքացումների, կլիմայական փոփոխությունների և մշտական չլուծվող խնդիրների պատճառով։ Սևանա լիճը բարձր լեռնային քաղցրահամ խոշոր լիճ է Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մ բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Սևանա լճի շուրջ շատ են լեռնային աղբյուրները, որոնք ունեն բուժիչ հատկություն: Սևանի ավազանի տարածքում գործում են Սոթքի և Մասրիկի ջրանցքները, որոնք կառուցվել են համանուն գետերի վրա։ Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետը բնական հոսքով լճից դուրս էր բերում մոտ 2 մ3/վրկ ջուր (տարեկան 50 մլն մ3): 1931թ.-ից հետո հիդրոտեխնիկական կառույցով բաց թողնվող ջրի քանակը հասցվել է 60 մ3/վրկ-ի: Ներկայումս յուրաքանչյուր տարի բաց թողնվող ջրի քանակը սահմանվում է ՀՀ օրենսդությամբ: Կարևոր է գիտակցել, որ 21-րդ դարում խմելու ջրի պաշարների նոսրացումն աշխարհում բերելու է դրա արժեքի բարձրացմանը: Իսկ Սևանա լիճը հանդիսանում է Հայաստանի բնակչության ջրի, սննդի, արդյունաբերական, ոռոգման աղբյուրը: Այն ազգային անվտանգության և ռազմավարական գերակա նշանակություն ունեցող բնական պաշար է, որի պահպանման գործում անելիք ունի ինչպես պետությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացի: Սևանա լճի պահպանումը Հայաստանի բնապահպանական և տնտեսական բացառիկ կարևոր հիմնախնդիր է, որի նպատակն է լճի բնական ռեժիմի փոփոխության հետևանքով ֆիզիկաաշխարհագրական երևույթների էկոլոգիական հավասարակշռության խախտման վերացումը։ Սևանի հարակից բնակավայրերի կենցաղային կեղտաջրերն առանց մաքրվելու լցվում են լիճ՝ վնասելով ջուրը, ավազանի բուսական ու կենդանական աշխարհը։ Ջրի մաքրման կայաններ կան Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում, մյուս բնակավայրերը չունեն կոյուղիների հեռացման համակարգ: Բացասական ազդեցություն ունեն նաև Սոթքի հանքի ցրված ջրերը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ծանր մետաղներ՝ հատկապես վնասելով Սոթք ու Մասրիկ գետերի ավազանները։ Այս տարածքում լրացուցիչ մաքրման կայանների ստեղծումն ու կիրառումն անհրաժեշտություն է լիճ մուտք գործող ջրերը հնարավորինս ֆիլտրելու համար։ Բացի դրանից՝ հարկավոր է աղբահանության այնպիսի համակարգ ստեղծել, որ բնակիչներն իրենց համայնքներով հոսող գետերը չդիտարկեն իբրև աղբը մեկուսացնող միջոց: Սևանա լճի ջրավազանի ջրօգտագործման ավելի քան 40%-ը կազմում է ձկնաբուծությունը։ Այն ևս բացասաբար է անդրադառնում ավազանի վրա, եթե կանոնակարգված ու գրագետ չի իրականացվում։ Սևանի ձուկը պետք է դիտել ոչ թե որպես սննդի աղբյուր, այլ էկոհամակարգի տրոֆիկ շերտի վերին օղակ: Ձկները սնվում են մանր խեցգետնակերպերով, որոնք իրենց հերթին՝ ֆիտոպլանկտոնով կամ մանր ջրիմուռներով: Այսինքն՝ ձուկը մաքրում է լիճը այդ օրգանական նյութերից և ձկների չհաշվարկված բուծումն ու ձվադրման ժամանակ որսի կազմակերպումը էականորեն խախտում են էկոհամակարգի հավասարակշռությունը։ Սևանա լճի պահպանման հարցը գիտական շրջանառության մեջ է մտել դեռևս 1920-ական թվականներին, երբ ակնհայտ են դարձել Սևանա լճի էներգետիկ և դարավոր ջրային պաշարների օգտագործման հնարավորությունները։ Սևանա լճի մակարդակի իջեցման, ջրի տաքացման և ջրիմուռների բազմացման հետևանքով առաջանում է քաղցրահամ լճի ճահճացման վտանգը։ Սևանի լազուրը կապտականաչավուն գույն է ստանում, լիճը ծաղկում է: Սևանի ծաղկման պատճառների մեծ մասը մարդու գործունեության հետևանքն է։ Լճին կապատականաչավուն գույն հաղորդող ջրիմուռների տարածման գլխավոր պատճառներից մեկը Սևան թափվող կոյուղաջրերն են: Կապատականաչավուն ջրիմուռները 1964 թ․ էլ են նման մասշտաբներով ակտիվացել։ Ընդ որում՝ ինչպես առաջ, այնպես էլ այս վերջին տարիներին, դրա ծաղկման պատճառը եղել են ցիանոբակտերիաները, որոնք հայտնի են նաև որպես կապտականաչ ջրիմուռներ: Սևանում ծաղկումներ գրանցվել են նաև 1990-ականների երկրորդ կեսին, բայց այդ տարիներին այն ծաղկել էր այլ ջրիմուռների պատճառով: Հերթական մասսայական ծաղկումն սկսվել է 2018-ից: Խորհրդային տարիներին կարևոր է եղել ջրի մակարդակի իջեցումը, ինչը բերել է ջրիմուռների ծաղկման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, օրինակ՝ ջրի տաքացում, լույսի թափանցում մինչև հատակը: Հիշենք, որ 1930-ականներից ոռոգման և էներգետիկ նպատակներով լճի մակարդակն արագ տեմպերով իջեցվում էր, և միայն 1960-ականներին գործնական քայլեր ձեռնարկվեցին (Արփա-Սևան թունելի նախագծմամբ ու կառուցմամբ)՝ այն փրկելու համար: Պակաս կարևոր չէ նաև ջրհավաք ավազանի ազդեցությունը լճի վրա: Սևանի հիմնախնդիրների, կլիմնայի փոփոխությունների մասին խոսել ենք անկախ փորձագետ Այսեր Ղազարյանի հետ: Ըստ փորձագետի՝ Սևանի խնդիրներն այսօր շատ են՝ կառավարման համակարգի պատճառահետևանքային կապից, մարդկանց մտածելակերպից, Հայաստանում առկա սոցիալական վիճակից մինչև մշակույթային խնդիրներ։ «Խնդիր է նաև այն, որ Սևանի ավազանի բնակչությունն է աղտոտում լիճը, տուրիզմը նույնպես ունենում է իր ծանր հետևանքները լճի վրա, ափամերձ օբյեկտներն էլ կարճաժամկետ հանգիստ են կազմակերպում, իսկ կոյուղաջրերն ու թափոնները թափում են լիճ։ Այս ամենին են գումարվում նաև չկարգավորվող ձկնագողությունը, հանքարդյունաբերությունը, գետերով եկող ծանր մետաղները, օրգանական մնացորդները և, ի վերջո, կանաչ ջրիմուռներով ակտիվ ծաղկումը, որոնք Սևանն այսօր լուրջ վիճակի են հասցրել։ Վերջինս դեռևս շարունակվում է»,- նշում է Այսեր Ղազարյանը։ Մասնագետը կարծում է, որ այս պահին առաջնահերթ է լուծել լճի հիմնարար խնդիրները, ապա դրանից հետո միայն մտածել մարտահրավերների մասին։ «Փորձենք տարբեր հարթությունների վրա դնել զարգացած երկրներին և Հայաստանին։ Զարգացած երկրների կառավարման համակարգը կայացած է, ընդլայնված բարեփոխումներով և տեխնոլոգիական մոտեցումներով: Այդ պետությունները ոլորտում որևէ խնդիր չունեն, նրանք ավելի շատ մտածում են մարտահրավերների և դրանց ազդեցությունը մեղմացնելու մասին: Իսկ Հայաստանում էկոհամակարգը ուշաթափ վիճակում է, և այդ պարագայում մտածել մոտեցող մարտահրավերների մասին, շուտ է։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ անիմաստ է զարգացած երկրների հետ նույն հարթության վրա կանգնել ու խոսել միայն մարտահրավերներից»,- ասում է Այսեր Ղազարյանը։ Ըստ նրա՝ պետք է մտածել, թե միգրացիոն կամ հարմարվողականանության ինչ ծրագրեր կարելի է իրականացնել էկոհամակարգի իրավիճակի մեղմացման, հարմարվողականությունը բարձրացնելու համար: «Պետք է կառավարման համակարգը ռադիկալ փոփոխությունների ենթարկել, եթե ջերմաստիճանը բարձրանա, ավելի կրիտիական խնդիրներ կառաջացնի, մինչև այդ փուլն արդեն կունենանք շատ թույլ, քայքայված էկոհամակարգեր, որոնք ըստ էության հենց առաջին հարվածից կընկնեն: Մենք պետք է փորձենք ուժեղացել, վերականգել էկոհամակագերը, որպեսզի դրանք կարողանան դիմանալ կլիմայի փոփոխությունների մարտահրավերներին: Պետք է ունենանք համապատասխան ներուժ, լավ ինստիտուցիոնալ կառուցվածք, համապատասխան իրավական գործիքակազմ, ադեկտվատ տեխնիական միջոցներ, որպեսզի կարողանանք ճիշտ ժամանակին պատշաճ ձևով այդ ամենը իրականացնել»,- ասում է Այսեր Ղազարյանը: Իսկ ինչ վերաբերում է լճի ծաղկմանը՝ փորձագետը նշում է, որ, ինչպես արդեն ասել էր, լիճը շարունակում է ծաղկել։ «Այս տարի մի փոքր քիչ է ծաղկում, բայց գործընթացը շարունակվում է, որովհետև մենք ծաղկման նվազեցման որևէ գործընաթաց չենք տարել։ Կանաչ զանգվածը՝ բիոմասան, նորից լճում է, տնտեսվարողները ակտիվ գործունեություն են ծավալում, կոյուղաջրերը լցվում են լիճ, ձուկն ակտիվ բռնում են, ցանցավանդակային տնտեսությունները նույնպես շարունակվում են։ Այսինքն՝ որևէ գործընթաց չի դադարել, և լիճը քայլ առ քայլ մոտենում է ճահճաչման, իսկ տեղումների փոփոխությունը և ջերմաստիճանի բարձրացումը կարագացնեն դրա ճահճացման գործընթացը։ Կարևոր է նշել նաև, որ գլոբալ տաքացման հետևանքով ողջ աշխարհում խմելու ջրի պաշարները գնալով նվազում են, իսկ Հայաստանը այդ առումով կարող էր շատ լավ հաղթաթուղթ ունենալ իրխմելու ջրի պաշարներով, սակայն այս տեմպերով առաջ շարժվելու դեպքում, ոչինչ էլ չենք ունենալու»,- նշում է փորձագետը։ Այսեր Ղազարյանը կարծում է, որ մի քանի տարում կարելի է կառավարման համակարգի հետ կապված խնդիրները բարելավել և բերել չեզոք ազդեցության։ «Շատ դեպքերում էկոհամակարգի առողջացումը մի քիչ դանդաղ է գնում, բայց ձեռնարկված քայլերի ազդեցությունը կարելի է արդեն տեսնել մոնիթորինգի միջոցով։ Եթե մենք փոխենք մեր մոտեցնումները, ձևավորենք քաղաքական կամք, այո,՛ մենք լիճը կտանենք առողջացման, փրկության ճանապարհով։ Եթե քայլեր ձեռնակրվեն Սևանա լիճը 5-6 տարիների ընթացքում կվերականգնվի»,- ասում է փորձագետը։ Անի Եղիազարյան
16:20 - 18 մարտի, 2021