«Սևան» ազգային պարկի երկու մասնաճյուղերի տնօրեններն ու աշխատակիցները կոռուպցիոն հանցագործություններ են կատարել․ նյութերն ուղարկվել են դատարան
17:56 - 26 մայիսի, 2023

«Սևան» ազգային պարկի երկու մասնաճյուղերի տնօրեններն ու աշխատակիցները կոռուպցիոն հանցագործություններ են կատարել․ նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական, վարութային գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի երկու մասնաճյուղերի տնօրենների, այլ աշխատակիցների կողմից մի շարք կոռուպցիոն հանցագործություններ կատարելու դեպքեր։

«Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ ««Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի 5 և «Վարդենիս» մասնաճյուղի 4 տեսուչները, 2012-2019 թթ․ ընթացքում, տարբեր ամսիների և օրերի չեն հաճախել աշխատանքի, փաստացի չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, նրանցից ոմանք այդ ընթացքում նաև բացակայել են հանրապետությունից։ Սակայն նշված մասնաճյուղերի՝ տվյալ ժամանակահատվածում պաշտոնավարած տնօրենները՝ համապատասխանաբար Հ.Մ․-ն և Մ․Հ․-ն, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, դիտավորությամբ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում նրանց անվան դիմաց, չաշխատած օրերի սյունյակում բացականեր չեն արտացոլել։ Ընդ որում, ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի տնօրենը ևս, նույն եղանակով, 2019 թ․ հուլիս-նոյեմբեր ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել, սակայն բացակայելու վերաբերյալ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում այդ մասին նշումներ չանելու արդյունքում նրան չաշխատած օրերի համար ևս աշխատավարձ է վճարվել։

Արդյունքում՝ փաստացի պաշտոնեական կեղծիքի կատարմամբ, չաշխատած ժամանակահատվածների համար նշված անձանց անունով ՀՀ պետական բյուջեից ելքագրվել է ընդհանուր 4․158․011 ՀՀ դրամի չափով աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։

Պարզվել է նաև, որ ՊՈԱԿ-ի երկու մասնաճյուղերի տնօրենները, տեղյակ լինելով 2019 թ․ նույն մասնաճյուղերի երեք տեսուչների կողմից Սևանա լճից, իրենց սպասարկման տարածքներում, ձկների ապօրինի արդյունահանում կատարելու մասին, դրան ի պաշտոնե չխոչընդոտելու և չկանխելու համար տեսուչներից որպես կաշառք պահանջել և ստացել են գույքային առավելություն՝ սիգ տեսակի ձկներ: Ավելին՝ Արևիկ» մասնաճյուղի նախկին տնօրենը, խախտելով օրենսդրության պահանջները, նույն մասնաճյուղի երկու տեսուչներին ինքն է թույլատրել Սևանա լճից իրականացնել ձկների ապօրինի արդյունահանում։

««Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի նախկին տնօրեն Հ․Մ․-ն 2017-2018թթ․ ընթացքում՝ չպարզված օրերին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող ««Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի «Արեգունի» տեղամասից ապօրինի հատել է սոճի ցեղին պատկանող ընդհանուրը՝ 18 հատ կենսունակ ծառ, որոնցից 5-ը, կատարված խուզարկությամբ, հայտնաբերվել է Վարդենիս քաղաքի նրա բնակարանի բակում՝ բուսական աշխարհին պատճառելով խոշոր չափի՝ ընդհանուր 1 375 000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Բացի այդ, 2019 թ. մայիսին, մասնաճյուղի անտառագետից տեղեկանալով մի անձի կողմից պահաբաժիներից մեկի տարածքում 3 թեղի տեսակի ծառերն ապօրինի հատելու փաստի մասին, այն չարձանագրելու և սահմանված կարգով ընթացք չտալու համար, նախապես պայմանավորվելով անտառագետի հետ, որպես կաշառք այդ անձից պահանջել և Վարդենիս-Քարվաճառ ճանապարհահատվածում ստացել են 40.000 ՀՀ դրամ գումար՝ թույլատրելով ապօրինի հատված ծառերի կոճղերն արմատախիլ անել և վերացնել հետքերը:

Իր հերթին ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիս» մասնաճյուղի տնօրենը, տեղյակ լինելով 2018-2019թթ․ մի քաղաքացու կողմից մասնաճյուղի տարածքից ավազի ապօրինի արդյունահանում կատարելու մասին, իր լիազորություններից բխող գործողություններ չկատարելու և այդպիսով նրա կողմից ավազի ապօրինի արդյունահանումն ի պաշտոնե չխոչընդոտելու, չկանխելու համար, այդ անձից 2019թ․ ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում որպես կաշառք պահանջել և մաս-մաս ստացել է ընդհանուր՝ 116.000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված փաստերի հիման վրա «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիս» և «Արևիկ» մասնաճյուղերի տնօրեններին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելով հափշտակություն կատարելու, պաշտոնեական կեղծիքի, կաշառք ստանալու, «Արևիկ» մասնաճյուղի անտառագետին՝ կաշառք ստանալու, մասնաճյուղերի 5 տեսուչներին՝ կաշառք տալու համար։

««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանքը, որը հետագայում փոխարինվել է գրավով, իսկ մյուս 8 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Նախաքննությունն ավարտվել է, և 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթն ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել