Նախատեսվում է մասնագիտացված ջրային պարեկային ստորաբաժանման ստեղծում |armtimes.com|
12:17 - 27 ապրիլի, 2023

Նախատեսվում է մասնագիտացված ջրային պարեկային ստորաբաժանման ստեղծում |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ քննարկեց և հավանության արժանացրեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»՝ Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Ներկայացնելով այն՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ասաց՝ սա նախատեսված է ջրային ստորաբաժանման գործման համար անհրաժեշտ նախադեպեր սահմանելու նպատակով, անվտանգ ու ապահով Սևանա լիճ ունենալու համար:

«Ջրային պարեկները լինելու են ունիվերսալ պարեկային ծառայություն իրականացնողներ։ Ջրային պարեկությունը լինելու է դասական պարեկության լրացուցիչ ֆունկցիա։ Ընդգրկված ջրային պարեկներն իրականացնելու են ցամաքային հատվածում Գեղարքունիքի պարեկային ծառայությանը վերապահված մի շարք գործառույթներ։ Մասնավորապես՝ նախատեսվել են կարգավորումներ ջրային փոխադրամիջոցների շահագործման պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելիս համապատասխան փաստաթղթերի ստուգման, նավավարների սթափության, հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու, լողամիջոցը վարելիս ոչ սթափ գտնված անձանց մեկուսացնելու, օրենքի շրջանակներում դրանց շահագործումը արգելելու վերաբերյալ»,- մանրամասնեց նախարարը։

Ըստ նրա՝ նշված կանոնները խախտելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն։ ՆԳՆ նախարարի խոսքով՝ հետագայում կարիք կլինի վերանայել ենթաօրենսդրական դաշտը, քանի որ ջրային փոխադրամիջոցներին առնչվող հարցում չունենք փորձ։

«Ջրային պարեկները ոստիկանության առջև դրված խնդիրների շրջանակներում, բնականաբար, արձանագրելու են այլ իրավախախտումներ ու հանցագործությունների կանխարգելում, ինչպես նաև Սևանա լճում ձկնորսության դեպքերի կանխարգելում։ Այն կլինի 95 հաստիքի միավորով, ներառյալ՝ տեխնիկական անձնակազմը»,- ասաց նա։

Վահե Ղազարյանը հիշեցրեց, որ արդեն մեկնարկել են ջրային պարեկների ծառայության համար դիմած դիմորդների լողալու և սուզվելու կարողությունների ստուգման գործընթացները։ Կլինի նաև պրակտիկա Սևանա լճի տարածքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել