Անի Սամսոնյան

Անի Տաճատի Սամսոնյանը (փետրվարի 10, 1990Երեւան) «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է:

2011թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժինը: 2013թ.` ԳԱԱ  Միջազգային գիտակրթական կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժինը: Ներկայում սովորում է  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության բաժնի մագիստրատուրայում:

2010-2012թթ. եղել է Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի գիտաշխատող: 2012-2013թթ.` «Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերության լրագրող: 2012-2013թթ.` «Diplomat.am» վերլուծական կայքի հոդվածագիր («Տեղեկատվական պատերազմներ եւ քարոզչություն» խորագրով հոդվածաշար): 2013-2014թթ.` «Հայնյուզ» մամուլի ակումբի համակարգող:

2015թ.` «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության, այնուհետեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության մամուլի խոսնակ:

2017-2018թթ.` Երեւանի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի տեղակալ: «Ելք» խմբակցության անդամ: 2018-2019թթ.` Երեւանի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Լույս» խմբակցության անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Անի Սամսոնյանը ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նիստում կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Անի Սամսոնյանը ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նիստում կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը խորհրդարանական վեհաժողովի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի հանձնաժողովում խոսել է հայ ռազմագերիներին Ադրբեջանում առևտրի առարկա դարձնելու և ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի տարածքային ինքնիշխան տարածքում ապօրինի գտնվելու մասին։ Անի Սամսոնյանի ելույթի տեքստն ամբողջությամբ. «Հարգելի՛ գործընկերներ, տիկին Հենրիկսեն, նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ համավարակի այս բարդ պայմաններում Մարդու իրավուքնների վերաբերյալ զեկույց նախապատրաստելու և խորհրդարանական վեհաժողովին ներկայացնլու համար։ Ես ակնկալում էի այս զեկույցում տեսնել հիշատակումներ հայ ռազմագերիների, պատանդների վերաբերյալ, որովհետև խոսքը գնում է մարդու հիմնարար իրավունքների մասին։ Ցավոք սրտի, ստիպված եմ ևս մեկ անգամ խոսել այստեղ այն փաստի մասին, որ Ադրբեջանը շարունակում է խախտել այդ հիմնարար սկզբունքները, չի վերադարձնում հայ ռազմագերիներին, քաղաքացիական պատանդներին՝ ներառյալ կանանց։ Այս օրերին Ադրբեջանում սկսվել են դատավարություններ հայ գերիների նկատմամբ, որը ամբողջությամբ միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է, և խախտում է ոչ միայն գերիների, այլև նրանց ընտանիքնի իրավունքները։ Միջազգային մարդասիրական իրավունքը քաղաքականացվում է Ադրբեջանի կողմից։ Ես Ձեզ ցույց կտամ տեսանյութ, որտեղ Ադրբեջանի և Թուրքայի նախագահները զրուցում են հայ ռազմագերիների մասին՝ նրանց համարելով առևտրի առարկա։ Նշվում է, որ նրանց պլանավորում են վերադարձնել միայն Լեռնային Ղարաբաղում ականապատված տարածքների քարտեզների դիմաց։ Սա անժխտելի ապացույց է, որ Ադրբեջանը ներգրավված է մարդկանց առևտրի գործում և հայ ռազմագերիները վերջինիս համար ենթակա են առուծախի։ Նրանք ապօրինաբար բանտարկված են ականապատված տարածքների քարտեզների դիմաց փոխանակվելու համար։ Հետևաբար, հայ ռազմագերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ գործընթացներ են և նպատակ ունեն միայն փակելու ձեր աչքերը իրողության վրա։ Ես ուզում եմ նաև Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը և առ այսօր գտնվում են մեր ինքնիշխան տարածքում։ Մենք կոչ ենք արել մեր եվրոպացի բոլոր գործընկերներին կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածը խախտելու համար։ Մեկ անգամ հայտարարել եմ և ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ որ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նման կոպիտ խախտումները ոչ միայն Հայաստանի անհանգստության պատճառը պետք է լինի, այլև ողջ միջազգային հանրության, որովհետև Ադրբեջանի վարքագիծը և անպատժելի մնալու վստահությունը սպառնալիք է միջազգային իրավական համակարգի համար, աշխարհի և տարածաշրջանի անվտանգության և խաղաղության համար։ Հարգելի՛, գործընկերներ, Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի սուվերեն տարածքից և վերադարձնի ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին։ Դուք այս հարցում ունեք էական դերակատարում, որովհետև մենք միասնական ջանքերով պետք է պաշտպանենք միջազգային իրավական կարգը, հասնենք անվտանգության և խաղաղության աշխարհում»։  
11:40 - 02 հուլիսի, 2021
Գորգիսյանը ներկայացրեց գյուղատնտեսական ոլորտի խնդիրները լուծելու ԼՀԿ-ի ծրագիրը |armenpress.am|

Գորգիսյանը ներկայացրեց գյուղատնտեսական ոլորտի խնդիրները լուծելու ԼՀԿ-ի ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու պարագայում նախատեսում է գյուղատնտեսական ոլորտում էական փոփոխություններ կատարել՝ գյուղացուն զերծ պահելով հնարավոր բոլոր ռիսկերից: Այս մասին ասացին կուսակցության ընտրական ցուցակի անդամները: Քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ շփումից ԼՀԿ-ն նկատել է՝ մարդկանց համար լրջագույն խնդիրներ են շարունակում մնալ անվտանգությունն ու տնտեսական հարցերը: Անի Սամսոնյանն ասաց, որ մարզերում մարդիկ հիմնականում բողոքում են գյուղատնտեսական ոլորտի խնդիրներից, նրանք բողոքում են, որ չկա Գյուղատնտեսության նախարարություն: «Մենք այնքան պայքար էինք մղում, որ չփակեն նախարարությունը: Հիմա բոլորը խոսում են նախարարությունը բացելու մասին: Այն ժամանակ, երբ մենք խորհրդարանում կռիվ էինք տալիս, ոչ մեկը չէր մտածում աջակցել ԼՀԿ-ին»,- ասաց Սամսոնյանն ու հավելեց, որ գյուղացիները բողոքում են, որ բերքը ցանելու, շուկայում իրացնելու խնդիրներ կան: Գևորգ Գորգիսյանն ակտիվորեն ներգրավված է եղել ԼՀԿ-ի՝ գյուղատնտեսական ծրագրերը մշակելու գործում: Նա ներկայացրեց կուսակցության տեսլականը՝ գյուղատնտեսական խնդիրների, գյուացու խնդիրների լուծման համար:  «Հիմա, փաստացի, գյուղացու վրա է մնացել ամբողջ բեռը՝ ուսումնասիրել շուկան, հասկանալ, թե ինչի պահանջարկ կա, ինչ սերմացու, ինչ պարարտանյութ ընտրել, ինչպես հավաքել, ինչպես իրացնել: Դա մի մարդը, նույնիսկ մի ֆերման չի կարող անել: Եվ մենք առաջարկում ենք պետություն-մասնավոր համագործակցությամբ ստեղծել կառույց, համակարգ, որը տալու է գյուղացուն ամեն ինչ, գյուղացուն մնալու է միայն ցանել, հավաքել, իրացումն իրականացնելու է այդ կազմակերպությունը, համակարգը»,- ասաց Գորգիսյանն ու հավելեց՝ գյուղացուն զերծ են պահելու բոլոր հնարավոր ռիսկերից: Դավիթ Խաժակյանն էլ խոսելով կուսակցության շանսերից՝ նշեց, որ իրենք բարձր են գնահատում ԼՀԿ-ի շանսերը: «Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ եթե մի կողմ դնենք նախկին և ներկա իշխանություններին, ապա միակ այլընտրանքի հնարավորությունը «Լուսավոր Հայաստանն է»,- ասաց նա:
12:45 - 15 հունիսի, 2021
Սամսոնյանը պարզաբանեց, թե քարոզարշավի շրջանակում ԼՀԿ-ն ինչու հանրահավաքներ չի անցկացնում |armenpress.am|

Սամսոնյանը պարզաբանեց, թե քարոզարշավի շրջանակում ԼՀԿ-ն ինչու հանրահավաքներ չի անցկացնում |armenpress.am|

armenpress.am:  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար հանրահավաքային քարոզարշավի ձևաչափը չի ընտրել՝ իր ընտրողների ժամանակը խնայելու և իրենց ուղերձն ավելի լայն շրջանակների հասցնելու համար:  Այս մասին ասաց կուսակցության ցուցակի անդամ Անի Սամսոնյանը՝ Արաբկիրում քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում: «Մենք պարզապես խնայում ենք մարդկանց նյարդերն ու ժամանակը: Մարդիկ պարապ չեն, որ քարոզարշավի ընթացքում անընդհատ գան հանրահավաքների որևէ քաղաքական գործչի կամ ուժի հետ: Մենք գիտենք, որ մեր ընտրողները զբաղված մարդիկ են: Մեր ընտրողներն այն մարդիկ են, որոնք զբաղված են իրենց աշխատանքային առօրյայով, չենք փորձում այնպիսի ձևաչափեր ընտրել, որ մարդկանց անհանգստացնենք: Դրա իմաստն էլ չկա, քարոզարշվային այս ձևաչափով մենք կարողանում ենք գնալ բակեր, ավելի շատ մարդիկ տեսնել»,- ասաց Սամսոնյանը: Նրա կարծիքով՝ բակից բակ գնալով ընտրողներին ավելի շատ են կարողանում իրենց ուղերձը հղել: Սամսոնյանը նաև շեշտեց, որ «Լուսավոր Հայաստանն» այն քաղաքական ուժն է, որ կարող է պարզ երեսով մտնել բակեր և մտահոգություն չունենալ, որ կարող է խնդիր ունենալ: «Այն ուժերը, որոնք ընտրել են հանրահավաքային ձևաչափը, հավաքում են իրենց կողմնակիցներին, իրենց համար ստեղծում հարմարավետության գոտի և այդ գոտում ներկայացնում իրենց ծրագրերը»,- կարծիք հայտնեց նա: Գևորգ Գորգիսյանն էլ ասաց. «Քարոզարշավի ինտենսիվությունն այնքան է աճել և ատելության խոսքն այնքան է մեծացել, որ այսօր մեր ամենակարևոր ուղերձը, որ հղում ենք քաղաքացիներին, համերաշխությունն է»: Նա համոզված է, որ առանց համերաշխության, քաղաքական ուժերն իրենց ծրագրային դրույթներից որևէ մեկը չեն կարողանալու կյանքի կոչել: «Եթե մենք շարունակենք ռեսուրսները միմյանց դեմ ուղղել, միմյանց ոչնչացնելու վրա, որևէ ծրագիր կյանքի չի կոչվելու և այն, ինչ ունենք, դա էլ է ինչ-որ պահի վերանալու»,- ասաց Գորգիսյանը:
15:03 - 10 հունիսի, 2021
7-րդ գումարման ԱԺ խմբակցությունների օրենսդրական գործունեությունը

7-րդ գումարման ԱԺ խմբակցությունների օրենսդրական գործունեությունը

Նկարը՝ Iravaban.net-ի ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովը ձևավորվել էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում։ Այս խորհրդարանը գործունեություն ծավալեց 2 տարի 5 ամիս, և այս տարվա մայիսի 10-ին արձակվեց իրավունքի ուժով՝ Նիկոլ Փաշինյանին երկու անգամ վարչապետ չընտրելու մեթոդով, որպեսզի հունիսին տեղի ունենան խորհրդարանական արտահերթ նոր ընտրություններ։ 2 տարի 5 ամիս օրենսդիր մարմնում գործունեություն են ծավալել երեք խմբակցություններ՝ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան»։ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում  Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ, մշակում, նաև փոփոխում է օրենքներ և այլն: Հետևաբար օրենսդիր մարմնում գործունեություն ծավալած երեք ուժերի աշխատանքի գնահատման մեթոդներից մեկն էլ նրանց ներկայացրած և ընդունած օրենսդրական նախագծերն են։ Օրենսդրական նախագծերի ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել Ազգային ժողովի պաշտոնական Parliament.am կայքը, որտեղ հրապարակվում են պատգամավորների ներկայացրած բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնք դրվել են շրջանառության մեջ և դեռևս չեն քննարկվել, կամ ընդգրկվել են ԱԺ օրակարգում, բայց դեռ չեն ընդունվել, կամ էլ ընդունվել են ամբողջությամբ։ «Իմ քայլը» խմբակցություն Այսպես, 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունն ունի 81 պատգամավոր, որոնցից 15-ը այս գումարման Ազգային ժողովում չունեն ընդունված նախագծեր, իսկ նրանց մի մասը պարզապես չեն էլ ներկայացրել որևէ օրենսդրական նախագիծ։ Այս պատգամավորներից ոմանք միայն վերջերս են ստանձնել պատգամավորական մանդատը, սակայն կան նաև պատգամավորներ, որոնք արդեն 2 տարի 5 ամիս է՝ օրենսդիրում են։ Օրինակ՝ Մաթևոս Ասատրյանը խորհրդարանում 2 տարի 5 ամիս աշխատելու ընթացքում համահեղինակության կարգով նախաձեռնել է 2 օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, սակայն դրանցից մեկը հեղինակը հետ է վերցրել, իսկ մյուսը հանվել է շրջանառությունից։ Այսինքն՝ պատգամավորը 7-րդ գումարման Ազգային ժողովում աշխատել է 2 օրենքի փոփոխության նախագծերի վրա, որոնք չեն ընդունվել։ Պատգամավոր Միքայել Զոլյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում չի ներկայացրել ոչ մի նախագիծ։ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը չունի ո՛չ ընդունված, ո՛չ օրակագում ընդգրկված և ո՛չ էլ շրջանառության մեջ դրած նախագծեր։ Պատգամավոր Սեդրակ Թևոնյանը նույնպես 7-րդ գումարման Ազգային ժողովում որևէ նախագիծ չի ներկայացրել։ Վերջինիս որպես հանձնաժողովի անդամ ներգրավված է եղել «ՀՀ ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին» նախագծի կազմում։ Պատգամավոր Կնյազ Հասանովը Ազգային ժողովում քրդական համայնքը ներկայացնող պատգամավոր է։ Վերջինս այս 2,5 տարիների ընթացքում Ազգային ժողովին չի ներկայացրել և չի համահեղինակել որևէ օրենսդրական նախագիծ։ Պատգամավոր Սասուն Միքայելյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում չի ներկայացրել որևէ օրենսդրական նախագիծ։ Վերջինիս ներգրավված է եղել մետաղական հանքարդյունաբերության վերաբերյալ քննիչ հանձնաժողովի աշխատանքներում։ Պատգամավոր Արտաշես Թևոսյանը մանդատը ստանձնել է խորհրդարանի ձևավորման հենց սկզբից։ Վերջինս այս 2,5 տարիների ընթացքում ներկայացրել է միայն մեկ նախագիծ, սակայն հետագայում հետ է կանչել այն։ Պատգամավորը չունի ընդունված ոչ մի նախագիծ, սակայն մեկ նախագիծ ընդգրկված է օրակարգում, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Սա վերջին 2,5 տարիների ընթացքում միակ նախագիծն է, որը դեռևս ամբողջությամբ ընդունված չէ։  Արման Եղոյանը չունի ընդունված օրենսդրական նախագիծ։ Վերջինս մի քանի օրենսդրական նախագծերի համահեղինակ է եղել, որոնք, սակայն, հեղինակը հետ է կանչել։ Նախագծերից մեկը, որի համահեղինակ է եղել Արման Եղոյանը, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին է․ նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, որից հետո հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Մեկ այլ նախագիծ էլ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին է, որը նույնպես առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հետ է վերցվել։ Այս նախագիծը նորից ներկայացվել է ԱԺ․ ընդունվել առաջին ընթերցմամբ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծում Եղոյանը նույնպես ներառված է եղել․ այս դեպքում էլ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Երկրորդ անգամ ներկայացվել է ԱԺ և ընդունվել առաջին ընթերցմամբ։ Կինեմատոգրաֆիայի մասին մշակված նախագիծը արժանացել է նույն ճակատագրին, ինչ նախորդ երեք նախագծերը։ Այս անգամ ևս ներկայացվել է ԱԺ և ընդունվել առաջին ընթերցմամբ։ Այսինքն՝ այս պահին Եղոյանը օրակարգում ընդգրկված 3 նախագծերի համահեղինակ է։ Նարեկ Ղահրամանյանը պատգամավորական մանդատը ստանձնել է 2020 թվականի սեպտեմբերի 23-ին, որից օրեր անց սկսվեց 44-օրյա պատերազմը։ Սա կարող է պատճառ լինել օրենսդրական բնականոն գործունեության խաթարման, բայց, այնուամենայնիվ, պատգամավորը դեռևս չունի ընդունված օրենսդրական նախագծեր։ Սակայն նա համահեղինակ է օրենսդրական 2 նախագծի, որոնք ընգրկված են օրակարգում, իսկ մեկ նախագիծ էլ դեռ օրակարգում չէ։ Նախագծերից մեկը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին է, մյուսը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Պատգամավորը նույն օրենսգրքում մեկ այլ փոփոխություն էլ է նախաձեռնել, որը շրջանառության մեջ է։ Պատգամավորներ Գոռ Երանյանը և Կարապետ Մխչյանը պատգամավորական մանդատ են ստանձնել համապատասխանաբար 2020 թվականի հոկտեմբերի 1-ին և 13-ին, սակայն նրանցից մեկն ընդհանրապես չունի նեկայացրած նախաձեռնություն, մյուսն ունի ներկայացրած, սակայն դեռ չեն ընդունվել։ Մասնավորապես Գոռ Երանյանը ընդհանրապես չունի ներկայացրած նախագիծ։ Կարապետ Մխչյանը օրենսդրական երկու [1,2] նախագծերի մշակման աշխատանքներում մասնակցություն է ունեցել, որոնք, սակայն, հեղինակը հետ է վերցրել։ Երկու նախագծերն էլ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին են։ Պատգամավոր Հայկ Ցիրունյանը մանդատը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 27-ին։ Պատգամավորը համահեղինակ է երկու նախագծերի, որոնք այժմ ընդգրկված են օրակարգում։ Դրանցից մեկը «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին է, մյուսը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։ Պատգամավորը մինչ օրս չունի ընդունված օրենսդրական նախագիծ։ Պատգամավորներ Նարեկ Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանը և Հակոբ Ասլանյանը պատգամավորական մանդատը ստանձնել են համապատասխանաբար 2020 թվականի դեկտեմբերի 4-ին, 14-ին և 24-ին։ Մանդատը ստանձնելուց ի վեր Նարեկ Գրիգորյանը չի ներկայացրել և համահեղինակության կարգով ներգրավված չի եղել որևէ օրենսդրական նախագծում։ Կարեն Գրիգորյանը մասնակցություն ունի 2 օրենսդրական նախագծում, որոնք հեղինակը հետ է վերցրել։ Նախագծերից երկուսն էլ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին են։ Երկուսի դեպքում էլ նախատեսված են եղել գրեթե նույն փոփոխություններ, սակայն ինչ-ինչ պատճառներով երկու անգամ էլ հեղինակը նախագիծը հետ է վերցրել։ Հակոբ Ասլանյանը պատգամավորական մանդատը ստանձնելուց հետո մինչ օրս չի համահեղինակել և չունի որևէ ներկայացրած նախագիծ։  Պատգամավորներ Էմմա Պալյանը և Վահագն Ալեքսանյանը մանդատը ստանձնել են համապատասխանաբար 2021 թվականի մարտի 22-ին և ապրիլի 6-ին։ Վերջիններս նույնպես օրենսդրական նախագծեր չեն հեղինակել կամ համահեղինակել։ Կան պատգամավորներ, որոնք ընդունված միայն մեկ օրենսդրական նախագիծ ունեն, սակայն նրանցից շատերինը նույն օրենսդրական նախագիծն է, որը մշակվել է շուրջ 55 պատգամավորների համատեղ ջանքերով։ Այսպես՝ պատգամավորներ Սոս Ավետիսյանը, Արման Բոշյանը, Մերի Գալստյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հովհաննես Իգիթյանը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հայկ Սարգսյանը և Լիլիթ Ստեփանյանը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ օրենքի նախագծի համահեղինակ են։ Այս շարքի պատգամավորներից Սոս Ավետիսյանը, Արման Բոշյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հովհաննես Իգիթյանը և Արեն Մկրտչյանը չունեն հեղինակած կամ համահեղինակած օրենսդրական նախագծեր։ Վերջիններս չունեն նույնիսկ ներկայացրած օրենսդրական նախագծեր, բացի այս մեկից, որի կազմում իրենք նույնպես ընդգրկված են եղել։ Սերգեյ Մովսիսյանը համահեղինակ է 2 օրենսդրական նախագծի, որոնք դրվել են շրջանառության, սակայն դեռ չեն ընդգրկվել օրակարգում։ Հայկ Սարգսյանը 7-րդ գումարման ԱԺ-ում ներկայացրել է 4 նախագիծ, սակայն բոլորի դեպքում էլ հեղինակը ընթացքից հետ է վերցրել։ Սարգսյանն այս պահին ունի 1 նախագիծ, որը դրվել է շրջանառության, սակայն դեռ ընգրկված չէ օրակարգում։ Մերի Գալստյանը ներկայացված է եղել 15 օրենսդրական նախագծերում․ բոլորի դեպքում հեղինակը ընթացքից հետ է վերցրել նախագիծը։ Այժմ պատգամավորը ներկայացված է 3 նախագծում, որոնք դրվել են շրջանառության, բայց դեռ ընդգրկված չեն օրակարգում։ Պատգամավոր Լիլիթ Ստեփանյան 1 նախագծի հեղինակ է, սակայն ընթացքում այն հետ է վերցրել։ Այժմ կան 6 նախագծեր, որոնք շրջանառության մեջ են, սակայն դեռ օրակարգում չեն ընդգրկվել։ Պատգամավորներ Ալեքսանդր Ավետիսյանը, Տաթևիկ Գասպարյանը և Արթուր Մանուկյանը համահեղինակ են ընդունված միայն մեկ օրենսդրական նախագծի՝ ««Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին»։ Սակայն, բացի այս երեք պատգամավորներից, նախագծի համահեղինակ են ևս 35 պատգամավորներ։ Այս պատգամավորներից Ալեքսանդր Ավետիսյանը և Տաթևիկ Գասպարյանը բացի այս նախագծում ներգրավված լինելուց, չեն ներկայացրել որևէ այլ օրենսդրական նախագիծ։ Արթուր Մանուկյանը ներգրավված է 2 օրենսդրական նախագրեծում, որոնք ընդգրկված են օրակարգում։ 1 օրենսդրական նախագծի համահեղինակ է նաև պատգամավոր Կարեն Համբարձումյանը։ Բացի այս մեկ ընդունված օրենսդրական նախագծից, պատգամավորը ներգրավված չի եղել որևէ այլ օրենսդրական նախագծում։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն Ընդդիմադիր ուժերի պարագան մի փոքր այլ է։ Վերջիններս հնարավոր է չունենան ընդունված օրենսդրական նախագծեր իշխանության ներկայացուցիչների՝ խորհրդարանում մեծ թվով ներկայացված լինելու պատճառով։ Այսինքն՝ լինում են դեպքեր, երբ ընդդիմության ներկայացրած օրենսդրական նախագծերը չեն ընդունվում իշխանության ներկայացուցիչների դեմ քվեարկելու պատճառով, ինչը սովորաբար չի լինում «Իմ քայլի» ներկայացրած նախագծերի պարագայում։ Այնուամենայնիվ ստորև ներկայացնում ենք այս խմբակցության պատգամավորների ներկայացրած, ընդունված և չընդունված նախագծերի մի մասի վերաբերյալ ամփոփ տվյալներ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Նորա Առուստամյանը, Վարդևան Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը, Կարինե Պողոսյանը և Սողոմոն Սողոմոնյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում ունեն ընդունված միայն մեկ օրենսդրական նախագիծ, սակայն այս նախագծի վրա համահեղինակության կարգով աշխատել են շուրջ 38 պատգամավորներ, որոնց թվում էին նաև հիշյալ անձինք։ Նախագիծը COVID 19-ի տարածումը կանխելու, կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին է։ Վերոնշյալ պատգամավորներից Գագիկ Ծառուկյանը և Սողոմոն Սողոմոնյանը բացի այս ընդունված նախագծիչ չեն ներկայացրել որևէ այլ նախագիծ։ Պատգամավոր Նորա Առուստամյանը ներկայացրել է 2 օրենսդրական նախագիծ, սակայն դրանք մերժվել են։ Վերջինս ունի նաև օրակարգում ընդգրկված 1 նախագիծ։ Վարդևան Գրիգորյանը համահեղինակել է 5 նախագիծ, որոնցից 1-ը մերժվել է, 4-ը  հետ է վերցվել։ պատգամավոր Կարինե Պողոսյան ներկայացված է 2 օրեսնդրական նախագծում, որոնք սակայն հետ են վերցվել։ Պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանը, Քաջիկ Գևորգյանը, Ջանիբեկ Հայրապետյանը, Հրանտ Մադաթյանը, Տիգրան Ստեփանյանը, Վարդան Վարդանյանը և Իվետա Տոնոյանն ունեն ընդունված 2 օրենսդրական նախագիծ, որից մեկը հիշյալ նախագիծն է։ Այս պատգամավորներից Արայիկ Աղաբաբյանը, Տիգրան Ստեփանյանը և Վարդան Վարդանյանը չունեն ներկայացրած օրենսդրական այլ նախագծեր։ Քաջիկ Գևորգյան համահեղինակ է մի նախագծի, որը դրվել է շրջանառության, սական ընդգրված չէ օրակարգում։ Ջանիբեկ Հայրապետյանը ներկայացրել է 5 օրենսդրական նախագիծ, որոնցից 3-ը հեղինակը հետ է վերցրել, 2-ը՝ մերժվել։ Հրանտ Մադաթյան ներկայացված է 10 օրենսդրական նախագծում, որոնցից 9-ը հետ է վերցվել, 1-ը՝ մերժվել։ Իվետա Տոնոյանը ներկայացրել է 4 օրենսդրական նախագիծ, որոնցից 3-ը հետ է վերցվել, 1-ը՝ մերժվել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն Ինչպես արդեն նշեցինք ընդդիմադիր պատգամավորների պարագայում մի փոքր այլ է։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մի քանի անգամ ասել է, որ իրենց խմբակցության ներկայացրած նախագծերը իշխանության ներկայացուցիչները չեն ընդունում՝ դեմ քվեարկելով, որից հետո, ամիսներ անց, որոշակի փոփոխության ենթարկելով իրենց անվան տակ ներկայացնում են նույն նախագծերը և ընդունում։ Հետևաբար ընդդիմադիր պատգամավորների մոտ հաճախակի են դեպքերը, երբ ներկայացվել են նախագծեր, որոնք չեն ընդունվել։ Այսպես, օրինակ, պատգամավորներ Հրանտ Այվազյանը, Սրբուհի Գրիգորյանը, Սարիկ Մինասյանը և Ստեփան Ստեփանյանը չունեն ընդունված օրենսդրական նախագծեր։ Սակայն վերջիններս ունեն ներկայացրած նախագծեր, որոնց մի մասը հենց հեղինակներն են հետ կանչել, մի մասն էլ մերժվել է։ Նշված պատգամավորներից Հրանտ Այվազյանը և Ստեփան Ստեփանյանը չունեն ներկայացված օրենսդրական այլ նախագծեր։ Սրբուհի Գրիգորյանը ներկայացրել է 4 նախագիծ, որոնցից 2-ը հետ է վերցվել, 2-ը՝ մերժվել։ Սարիկ Մինասյանը ներկայացրել է 1 նախագիծ, որը հետագայում հետ է վերցրել։ Սարգիս Ալեքսանյանը, Գուրգեն Բաղդասարյանը, Արմեն Եղիազարյանը, Աննա Կոստանյանը, Անի Սամսոնյանը, Կարեն Սիմոնյանը, Տարոն Սիմոնյանը և Ռուբիկ Ստեփանյանն ունեն միայն մեկ ընդունված օրենսդրական նախագիծ, որը այն նույն նախագիծն է, որի մասին արդեն խոսեցինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների գործունեությունը ներկայացնելիս։ Այս պատգամավորներից Սարգիս Ալեքսանյանը, Արմեն Եղիազարյանը, Անի Սամսոնյանը, Կարեն Սիմոնյանը, Տարոն Սիմոնյանը, Գուրգեն Բաղդասարյանը և Ռուբիկ Ստեփանյանը չունեն ներկայացրած օրենսդրական այլ նախագծեր, բացի վերոնշյալից։ Պատգամավոր Աննա Կոստանյան ներկայացրել է 8 օրենսդրական նախագիծ, որոնցից 5-ը հեղինակը հետ է վերցրել, 3-ը՝ մերժվել է։ Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հիմնականում նախաձեռնությունները ներկայացնում է խմբակցության և ոչ անհատ պատգամավորների անունից։ Ընդհանուր առմամբ խմբակցությունը ներկայացրել է մի շարք օրենսդրական նախագծեր, որոնցից ընդունվել են 39-ը։  Խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ 7-րդ գումարման խորհրդարանում կան 3 խմբակցություններում չընդգրկված 9 պատգամավորներ։ Նրանցից Աննա Գրիգորյանը և Թագուհի Թովմասյանը համահեղինակել են միայն 1 օրենսդրական նախագիծ։ Այս նախագծի համահեղինակ է նաև մեկ այլ անկախ պատգամավոր՝ Վարդան Աթաբեկյանը։ Վերջինս համահեղինակել է նաև մեկ այլ օրենսդրական նախագիծ։ Աննա Գրիգորյանը բացի այս նախագծից համահեղինակության կարգով ընդգրկված է նաև երկու այլ նախագծերում, որոնք դրվել են շրջանառության, սական դեռ չեն մտել օրակարգ։ Թագուհի Թովմասյանը ներկայացրել է 4 այլ նախագիծ, որոնք դրվել են շրջանառության, սակայն ընդգրկված չեն օրակարգում։ Պատգամավոր Վարդան Աթաբեկյանը, բացի 2 ընդունված օրենսդրական նախագծերից, համահեղինակել է մեկ օրենսդրական նախագիծ, որը հետագայում հեղինակը հետ է վերցրել 2 ընդունված օրենսդրական նախագիծ ներկայացնողների շարքում են նաև անկախ պատգամավորներ Գոռ Գևորգյանը, Տիգրան Ուրիխանյանը և Գևորգ Պետրոսյանը։ Գոռ Գևորգյանը, բացի 2 ընդունված նախագծերից, ներկայացրել է նաև 1 այլ նախագիծ, որը դրվել է շրջանառության մեջ, սակայն դեռևս ընդգրկված չէ օրակարգում։ Տիգրան Ուրիխանյանը և Գևորգ Պետրոսյանը ներկայացրել են մի շարք օրենսդրական նախագծեր, որոնց մի մասը հեղինակներն են հետ վերցրել, մի մասն էլ մերժվել է խորհրդարանի կողմից։ Ընդհանուր պատկերը դիտարկելիս տեսնում ենք, որ իշխանության ներկայացուցիչների՝ խորհրդարանին ներկայացված օրենսդրական նախագծերը հիմնականում ընդունվել են առանց խնդիրների, իսկ ընդդիմության ներկայացրած նախագծերի պարագայում կան մերժված շատ նախագծեր։ Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներից ոմանք չեն ներկայացրել և չունեն գեթ մեկ ներկայացված օրենսդրական նախագիծ, ոմանք էլ ունեն ներկայացված նախագծեր, սակայն միայն մեկ կամ երկուսն են ընդունվել խորհրդարանի կողմից։ Քանի որ օրենսդիր մարմնի գործառույթներից մեկն էլ օրենքներ մշակել, լրացնել և հեղինակելն է, հետևաբար, սա ակնառու ապացույց է, որի միջոցով էլ կարող ենք պատկերացում կազմել օրենսդիր մարմնում գործունեություն ծավալած պատգամավորների աշխատանքի մասին՝ այս խորհրդարանի արձակման պահին և նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին։ Նարեկ Մարտիրոսյան
15:40 - 21 մայիսի, 2021
Անի Սամսոնյանը ներկայացրեց ԼՀԿ մշակած հանրային համաձայնության հայտարարության տեքստը
 |1lurer.am|

Անի Սամսոնյանը ներկայացրեց ԼՀԿ մշակած հանրային համաձայնության հայտարարության տեքստը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ԱԺ հատուկ նիստին ներկայացրեց կուսակցության մշակած հանրային համաձայնության հայտարարության տեքստը:   ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մշակել է հանրային համաձայնության հայտարարություն՝ բացառելու համար նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները։   Ելնելով Հայաստանի Հանրապետությունում առաջացած քաղաքական, հումանիտար-առողջապահական, կառավարման և բարոյական ճգնաժամերի, սոցիալ-տնտեսական խորացող խնդիրների, արտաքին ռազմական և այլ մարտահրավերների առկայությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգն առողջացնելու անհրաժեշտությունից,   Հայաստանի Հանրապետությունում հասարակության պառակտման, հակադիր բևեռների բաժանելու, ատելություն քարոզելու հակազգային և հակապետական դրսևորումների դեմ միասնական պայքարի անհրաժեշտությունից,   հասարակական-քաղաքական միջավայրում փոխադարձ վիրավորանքի, զրպարտության, սուտ մատնության, ատելության խոսքի և հանրային խոսքին ոչ հարիր այլ դրսևորումների դեմ միասնական պայքարի անհրաժեշտությունից,   օրհասական պահերին հայ ժողովրդի հավաքական գիտակցության բեղմնավոր ներուժն օգտագործելու առաջնահերթությունից և գիտակցելով իրենց պատասխանատվությունը ազգային միասնականությունն անսասան պահելու իր նվիրյալ նախնիների պատգամի, ապագա սերունդների բարոյական կենսակերպի և ընդհանրապես՝ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության ապագայի առջև՝   Սույն հայտարարությանը միացող քաղաքական ուժերի ներկայացուցիչներս   Պարտավորվում ենք՝    1. հանրային խոսքում, քաղաքական պայքարի շրջանակներում չօգտագործել որևէ խոսք, արտահայտություն կամ եզրույթ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կխարխլի հայ ժողովրդի միասնականությունը, կվիրավորի, կզրպարտի որևէ անձի.   2. հանրային խոսքում, քաղաքական պայքարի շրջանակներում չօգտագործել որևէ խոսք, արտահայտություն կամ եզրույթ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է բացասականորեն ազդել հանրության բարեկրթության վրա ու խարխլել հանրային բարոյականությունը.   3. հանրային խոսքը, քաղաքական պայքարը, սեփական վարքը կազմակերպել բացառապես ազգային և պետական շահի բացառիկ գիտակցումով՝ որպես սեփական սերունդների համար ցանկալի ապագայի գրավական»։
19:13 - 10 մայիսի, 2021
Ես խիստ կասկածներ ունեմ, որ Հայաստանում կոռուպցիայի ինստիտուտը քանդվել է. Անի Սամսոնյան  |tert.am|

Ես խիստ կասկածներ ունեմ, որ Հայաստանում կոռուպցիայի ինստիտուտը քանդվել է. Անի Սամսոնյան |tert.am|

tert.am: Վերջին ժամանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից շատ ընդգծված մի միտք է արտահայտվում. այն հետևյալն է՝ Հայաստանում գործում էր մեկ կայացած ինստիտուտ՝ «կոռուպցիա», և մենք այն քարուքանդ ենք արել, այս միտքը այնքան ինքնավստահ և ընդգծված է հնչում, որ չի կարող է հարց առաջանալ՝ արդյո՞ք սա ճիշտ է, թե ոչ: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Ես բազմիցս համոզվել եմ, որ միգուցե մեր գործընկերները առհասարակ սխալ ընկալում ունեն, թե ինչ է «կոռուպցիան», օրինակ՝ դա պարզապես փող տալ, կաշառք տալ-վերցնելը չէ, կարող է լինել նաև հովանավորչությունը և այսպես ձեր ուշադրությանն եմ հրավիրում հետևյալի վրա: Հետքը գրում է ՝ «Փոխվարչապետի ընկերոջ և նախկին նախարարի բարեկամն ու նրա ընկերները՝ մեկ ՊՈԱԿ-ում» հոդվածը և առաջարկում եմ լրատվականի բացահայտած փաստերով զբաղվել »,- ասաց Անի Սամսոնյանը: Պատգամավորը նաև ընդգծեց՝ մենք չպիտի կոռուպցիայի վերաբերյալ պարզունակ պատկերացումներ ունենանք: «Այստեղ կարող է լինել հովանավորչություն, նման տեղեկություններ ստանալու դեպքում է, որ ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր շատ տխուր ձայնով ասում են՝ ցավոք Հայաստանում ոչինչ չի փոխվել, խնամի, ծանոթ, բարեկամ համակարգը շարունակում է գործել, և արդյո՞ք կոռուպցիայի ինստիտուտը քանդվե՞լ է, կներեք, բայց ես այս հարցում խիստ կասկածներ ունեմ»,- նշեց պատգամավորը: Շարունակությունը՝ tert.am-ում։ 
17:56 - 04 մայիսի, 2021
3300 կյանքերն էին Հայաստանի ապագան, դուք չէիք. Անի Սամսոնյանը՝ իշխանությանը |tert.am|

3300 կյանքերն էին Հայաստանի ապագան, դուք չէիք. Անի Սամսոնյանը՝ իշխանությանը |tert.am|

tert.am: Ձեր խնդիրն այն է, որ դուք 2020 թվականին չդարձաք ավելի լավ իշխանություն, և վարչապետը չդարձավ ավելի լավ ղեկավար, քան 2019 թվականին և 2019 թվականին ավելի լավ ղեկավար չէր, և դուք ավելի լավ իշխանություն չեք, քան 2018 թվականինն էր: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ դիմելով «իմ քայլը» խմբակցությանը: «Դուք ձեզ միշտ համեմատել եք նախկինների հետ, զբաղվել եք ինքնախաբեությամբ՝ որպես սրտի մխիթարանք և չեք դարձել ավելի լավը։ Սա է պատճառը, որ մենք այլևս ձեզ հետ որևէ հույս չենք կապում: Զարմանալի է, որ դուք ուրախանում եք, որ ձեզ կարող են համեմատել միայն նախկինների հետ՝ նախկինների նկատմամբ ատելությամբ լցված մարդիկ և դրանով միայն ձեզ գնահատեն, որովհետև այլ արժանիք՝ որպես իշխանություն, որպես ղեկավար, չունեք»,-ասաց նա: Անդրադառնալով նույն խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանին ուղղված մեղադրանքներին, ըստ որի՝ իր անձն է կարևորում, Անի Սամսոնյանն ասաց. «Ավելի լավ է անձն իրենից ինչ-որ արժեք ներկայացնի և երբեմն իր անձը կարևորի, քան թե ուրիշի անձը, քծնելով բոլշևիկի նման՝ ինքնամոռաց ծափ տա»,-ասաց նա: Նա, գնահատելով կառավարության աշխատանքը, այն ձախողված համարեց և անդրադառնալով պատերազմի զոհերին, նշեց. «3300 կյանքերն էին Հայաստանը, դուք չէիք Հայաստանի ապագան, նրանք էին»,-ասաց նա:
11:52 - 16 ապրիլի, 2021
ՄԻՊ-ի ֆինանսավորումը կրճատող օրինագիծը հետ է կանչվել ԱԺ-ից. Անի Սամսոնյան

ՄԻՊ-ի ֆինանսավորումը կրճատող օրինագիծը հետ է կանչվել ԱԺ-ից. Անի Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը Կառավարությունը հետ է կանչել ԱԺ-ից։ Անպայման պետք է դրսից էլ ճնշում լիներ, որ հասկանային՝ չի կարելի քանդել պետության միակ կայացած ինստիտուտը»։ Հիշեցնենք, որ կառավարության մարտի 11-ի նիստում ընդունվեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կարող է զրկվել անկախության երաշխիքներից և որով կարող էր կրճատվել ՄԻՊ ֆինանսավորումը։  Նախագխի վերաբերյալ ՄԻՊ Արման Թաթոյանն ասել էր․ «Ես այս նախագիծը համարում եմ խտրական, որը միայն ՄԻՊ-ի գործունեությանն է վերաբերում և ուղղված է այն սահմանափակելուն»:   
18:10 - 08 ապրիլի, 2021
«ՎԵՏՕ» շարժման ակցիայի ընթացքում արձանագրվել են ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր. Անի Սամսոնյանը դիմել է ոստիկանապետին

«ՎԵՏՕ» շարժման ակցիայի ընթացքում արձանագրվել են ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր. Անի Սամսոնյանը դիմել է ոստիկանապետին

Սույն թվականի ապրիլի 7-ին «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման մասնակիցների կողմից Կառավառության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ համացանցում հրապարակվել են մի շարք տեսանյութեր, որտեղ առերևույթ արձանագրում ենք ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։ Դրանք իրականացվել են ոչ միայն  շարժման կին մասնակիցների նկատմամբ, այլև այն լրագրողների, որոնք այդ ընթացքում կատարել են իրենց աշխատանքային մասնագիտական պարտականությունները։ Այս ամսին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Այսպես, «Yerevan.Today» լրատվական վերլուծական կայքում տեղադրված տեսանյությում երևում է, թե ինչպես է ոստիկանի կողմից կիրառվում անհամաչափ ուժ լրագրողի նկատմամբ: «Tert.am» լրատվական վերլուծական կայքում տեղադրված տեսանյությում արձանագրված է, որ ոստիկանների կողմից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվում քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը: Նույն կայքի մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են կրկին բռնի և անհամաչափ ուժ կիրառում ակցիայի կազմակերպիչներ՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման կին մասնակիցների նկատմամբ: «News.am» լրատվական վերլուծական կայքում տեղադրված տեսանյությում արձանագրված է, թե ինչպես են ոստիկանների կողմից կրկին ոչ անհամաչափ ուժի գործադրմամբ բերման ենթարկվում ակցիայի մասնակիցները։ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ ոստիկանության ծառայողը որպես բացառիկ միջոց կարող է գործադրել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել: Փաստում ենք այն, որ ոստիկանությանը վերապահվում է ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոց կիրառել, սակայն այն պետք է լինի հետապնդվող նպատակին և կոնկրետ տվյալ իրավիճակին համաչափ: Ելնելով վերոգրյալից դիմել եմ ՀՀ ոստիկանապետին քննության առարկա դարձնելու հետևալը․ 1. Արդյոք 07.04.2021 թվականին իրականացված ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կատարված գործողությունները եղել են համաչափ տվյալ իրավիճակին և վերջիններս թույլ չեն տվել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածովվերապահված լիազորությունների չարաշահում: 2. Այդյոք վերջիններիս կողմից կատարված գործողություններն իրենց մեջ չեն պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, այն է. «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով»: 3. Այդյոք վերջիններիս կողմից կատարված գործողություններն իրենց մեջ չեն պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, այն է՝ «Օրինական հավաքներ անցկացնելուն խոչնդոտելը»: 4. Արդյոք բերման ենթարկված անձանց ներկայացվել են գործողության հիմքերը և այդ կարգավիճակում նրանց իրավունքները»,- գրել է նա։  
14:19 - 08 ապրիլի, 2021
Որևէ պատրվակ չենք տալու իշխանությանը, որ նահանջ լինի ընտրությունների օրակարգից. ԼՀԿ-ական պատգամավոր |armenpress.am|

Որևէ պատրվակ չենք տալու իշխանությանը, որ նահանջ լինի ընտրությունների օրակարգից. ԼՀԿ-ական պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, խոստացածի համաձայն, վարչապետի հրաժարականից հետո, չի առաջադրի վարչապետի թեկնածու, որ առաջիկայում անցակացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, առիթ չի տալու իշխանությանը, որ հետքայլ լինի այդ օրակարգից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ այն դեպքում, երբ առանց ԼՀԿ-ի համաձայնության՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ արվեցին, հնարավո՞ր է ԼՀԿ-ն ընտրությունների անցկացման առնչությամբ իշխանության հետ պայմանավորվածություններից ետ կանգնի, առաջադրի վարչապետի թեկնածու: «Մեր միակ պայմանավորվածությունը եղել է այն, որ վարչապետը հրաժարական կտա, և մենք կգնանք արտահերթ ընտրությունների: Եվ, եթե գնում ենք արտահերթ ընտրությունների, ես կարծում եմ՝ տրամաբանական չէ այլ գործողություններ իրականացնել, երբ կա հստակ պայմանավորվածություն»,- ասաց Սամսոնյանը: Նա վստահեցրեց, որ Ընտրական օրենսգրքի շուրջ վարչապետի հետ պայմանավորվածություն չի եղել, վարչապետի կողմից ասվել է միայն, որ եթե կոնսենսուս չլինի խորհրդարանում, չեն ընդունի, բայց կոնկրետ պայմանավորվածություն չի եղել, որ կարող էր խախտվել: «Մենք որևէ պատրվակ չենք տալու իշխանությանը, որ որևէ պահից ետքայլ կամ նահանջ լինի այս օրակարգից»,- ասաց Սամսոնյանը: ԼՀԿ-ն այս ընտրություններում ձգտում է առավելագույնին՝ իշխանության հասնելու: «Յուրքանչյուր առողջ քաղաքական ուժ, որը գնահատում է իր հնարավորությունները, միշտ ձգտում է առավելագույնին: Մենք չենք գնում այս ընտրություններին մի քանի պատգամավորական տեղեր վերցնելու համար: Հետևաբար, բոլոր մեր հնարավորությունները պետք է օգտագործենք»,- ասաց նա ու կարծիք հայտնեց, որ յուքանչյուր քաղաքական ուժի առաջադրանքը պետք է լինի չկողմնորոշված մարդկանց համոզելու, որ իրենց ընտրեն:
12:39 - 05 ապրիլի, 2021
Փորձ է արվում մարդկանց խաբել, թե իշխանությունն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների. Անի Սամսոնյան |tert.am|

Փորձ է արվում մարդկանց խաբել, թե իշխանությունն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների. Անի Սամսոնյան |tert.am|

tert.am: Կարծում եմ, որ ողջամիտ է, որ այն ուժերը, որոնք ցանկանում են, որ երկրում այս իրավիճակը հանգուցալուծվի, այլ ոչ թե իրավիճակը ծառայեցնեն իրենց շահերին, պետք է պատրաստակամ լինեն ընդունելու այդպիսի հրավերներ: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ նախագահը վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին մարտի 13-ին ժամը 12:00-ին հրավիրում է հանդիպման նախագահական նստավայրում և որքանով է դա իրատեսական: Նրա խոսքով, իրենց խմբակցությունը բազմիցս ներկայացրել է օրակարգը, որն արտահերթ ընտրություններն են: «Դա նաև հանրապետության նախագահի օրակարգն է, դա արդեն նաև բանակի օրակարգն է: Սա դարձել է հանրապետության թիվ մեկ օրակարգը: Քաղաքական կամքն է խանգարում, որպեսզի գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Նախ՝ իշխանության քաղաքական կամքը, քանի որ մենք արդեն հասկացանք, որ իշխանությունն իրականում զբաղեցնում է հրապարակներ, մարդկանց խաբելով, որ ինքը կարող է գնալ այդ քայլին և անել արտահերթ ընտրություններ, եթե խորհրդարանական ընդդիմությունն առաջ գա»,- ասաց նա։ Անի Սամսոնյանն ասաց, որ իրենք առաջ են եկել, անգամ ասել են, թե որ դեպքում կարող են դա անել, բայց եթե իշխանությունն այդ կամքն ունենար, ապա մենք կլինեինք մի իրավիճակում, երբ վարչապետն արդեն հրաժարական տված կլիներ: «Բայց մենք տեսնում ենք, որ այդ քայլը չի արվում և փորձ է արվում ընդամենը մարդկանց խաբել, թե իշխանությունն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների»,- ասաց Սամսոնյանը: Առավել մանրամասն՝ tert.am-ում։
14:29 - 11 մարտի, 2021
Քաղաքական հայտարարություններ անելը ԳՇ գործառույթների մեջ չի մտնում. փոխվարչապետ |1lurer.am|

Քաղաքական հայտարարություններ անելը ԳՇ գործառույթների մեջ չի մտնում. փոխվարչապետ |1lurer.am|

1lurer.am: Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ԳՇ հայտարարությունը բավականին խնդրահարույց է՝ առաջին հերթին այն առումով, որ զինվորականությունը, մանավանդ՝ ԳՇ պետը և ղեկավարությունը, համաձայն մեր Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետի, քաղաքականության հետ չպետք է առնչվեն ու կապ ունենան: «Խնդրահարույց է այն առումով, քանի որ ԳՇ հիմնական խնդիրը պետք է լինի մեր սահմանների պաշտպանությունն ու մեր անվտանգության ապահովումը, և որևէ կերպ քաղաքական հայտարարությունները չեն մտնում ԳՇ գործառույթների մեջ»,- նշեց Ավինյանը՝ ընդգծելով՝ Զինված ուժերը պետք է զբաղվեն այն գործառույթներով, որոնցով լիազորված են՝ ըստ Սահմանադրության:
18:05 - 03 մարտի, 2021
«Կոչ եմ անում դադարեցնել բռնության քարոզչությունը». Անի Սամսոնյանը՝ «Վերացնել դավաճանին» թռուցիկների մասին

«Կոչ եմ անում դադարեցնել բռնության քարոզչությունը». Անի Սամսոնյանը՝ «Վերացնել դավաճանին» թռուցիկների մասին

Հանրային վայրերում տարածվում են թռուցիներ «Վերացնել դավաճանին» գրությամբ։ Այս արտահայտությունը իր մեջ պարունակում է բռնության կոչի հատկանիշներ, որը կարող է հանգեցնել ագրեսիայի, ֆիզիկական բռնության և հակաօրիանական այլ գործողությունների։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանը քաղաքակիրթ և իրավական երկիր է, որտեղ բռնությունը, ահաբեկչությունը և ագրեսիայի վտանգավոր դրսևորումները չեն կարող լինել հարց լուծելու միջոց և նպատակ, հատկապես եթե դրանք ուղղված են պետության օրինական իշխանությունների և բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Ֆիզիկական վերացման մասին մտքեր վերջերս հնչում են նաև հասարակական-քաղաքական գործիչների կողմից, որը սրում է իրավիճակը։ Բարկությունը, վիրավորանքը և ատելությունը չեն կարող արդարացնել նման պայքարի մեթոդները։ Հիշե՛ք մեր պետականության ողնաշարը ծռած հոկտեմբերի 27-ը և մի՛ խրախուսեք հանցագործություններ։ Կոչ եմ անում ակցիայի նախաձեռնողներին և թռուցիկ տարածողներին դադարեցնել բռնության քարոզչությունը։ Եթե դուք այդպիսի նպատակ չեք հետապնդում, ուրեմն վերաձևակերպեք ձեր կոչերը»:
16:42 - 29 հունվարի, 2021
Անընդունելի է, որ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար նշանակի վարչապետը. Անի Սամսոնյան |tert.am|

Անընդունելի է, որ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար նշանակի վարչապետը. Անի Սամսոնյան |tert.am|

tert.am: Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման վերաբերյալ մեր քաղաքական ուժը երկու սկզբունքային դիրքորոշում է ներկայացրել: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանը: «Առաջին հարցը վերաբերել է մոդելին, թե ինչպիսի հակակոռուպցիոն մարմին պետք է լինի, և պնդել ենք ունիվերսալ մոդելը, իսկ իշխանությունն ընտրել է տարանջատված մոդելը»,- ասաց նա: Սամսոնյանը նշեց, որ այժմ իշխանությունը ներկայացրել է հակակոռուպցիոն կոմիտեի մասին մի նախագիծ, որի տնօրեն նշանակելու է վարչապետը: «Սա մեզ համար անընդունելի է»,- ասաց նա: Անի Սամսոնյանը նշեց, որ նման վատ փորձ ունեցել է Լեհաստանը, և ղեկավարը նշանակվել է վարչապետի կողմից, սակայն այդ մարմինը կարճ ժամանակահատվածում կուսակցականացվել է և դարձել է գործադիրի գործիքը, իսկ այդ դեպքում դա աշխատում է քաղաքական ընդդիմախոսների դեմ: Շարունակությունը՝ tert.am-ում։
17:49 - 18 հունվարի, 2021