armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, խոստացածի համաձայն, վարչապետի հրաժարականից հետո, չի առաջադրի վարչապետի թեկնածու, որ առաջիկայում անցակացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, առիթ չի տալու իշխանությանը, որ հետքայլ լինի այդ օրակարգից:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ այն դեպքում, երբ առանց ԼՀԿ-ի համաձայնության՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ արվեցին, հնարավո՞ր է ԼՀԿ-ն ընտրությունների անցկացման առնչությամբ իշխանության հետ պայմանավորվածություններից ետ կանգնի, առաջադրի վարչապետի թեկնածու:
«Մեր միակ պայմանավորվածությունը եղել է այն, որ վարչապետը հրաժարական կտա, և մենք կգնանք արտահերթ ընտրությունների: Եվ, եթե գնում ենք արտահերթ ընտրությունների, ես կարծում եմ՝ տրամաբանական չէ այլ գործողություններ իրականացնել, երբ կա հստակ պայմանավորվածություն»,- ասաց Սամսոնյանը:
Նա վստահեցրեց, որ Ընտրական օրենսգրքի շուրջ վարչապետի հետ պայմանավորվածություն չի եղել, վարչապետի կողմից ասվել է միայն, որ եթե կոնսենսուս չլինի խորհրդարանում, չեն ընդունի, բայց կոնկրետ պայմանավորվածություն չի եղել, որ կարող էր խախտվել: «Մենք որևէ պատրվակ չենք տալու իշխանությանը, որ որևէ պահից ետքայլ կամ նահանջ լինի այս օրակարգից»,- ասաց Սամսոնյանը:
ԼՀԿ-ն այս ընտրություններում ձգտում է առավելագույնին՝ իշխանության հասնելու: «Յուրքանչյուր առողջ քաղաքական ուժ, որը գնահատում է իր հնարավորությունները, միշտ ձգտում է առավելագույնին: Մենք չենք գնում այս ընտրություններին մի քանի պատգամավորական տեղեր վերցնելու համար: Հետևաբար, բոլոր մեր հնարավորությունները պետք է օգտագործենք»,- ասաց նա ու կարծիք հայտնեց, որ յուքանչյուր քաղաքական ուժի առաջադրանքը պետք է լինի չկողմնորոշված մարդկանց համոզելու, որ իրենց ընտրեն:
comment.count (0)