Մայր Աթոռ Սբ․ Էջմիածին

Արդարադատության նախարարը իրավասության հատման մասով խնդիր չի տեսնում Փաշինյանի՝ եկեղեցականների մասին գրառումներում |tert.am|

Արդարադատության նախարարը իրավասության հատման մասով խնդիր չի տեսնում Փաշինյանի՝ եկեղեցականների մասին գրառումներում |tert.am|

tert.am: Սահմանադրությունը պարունակում է մեկ դեկլարատիվ նորմ, որի համաձայն ՀՀ-ն ընդունում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում, և ինքնուրույն կառավարումը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Հարցին, թե բառամթերքը, որով խոսում է երկրի ղեկավարը եկեղեցականների մասին, էթիկական նորմերի խախտում չէ՞, արդարադատության նախարարաը պատասխանեց. «Մենք շատ, շատ կարող ենք խոսել տարբեր մարդկանց կողմից տարբեր խոսույթի գնահատականներ տալու մասին։ Ես կարծում եմ, որ խնդրի բարձրաձայնման հետ կապված ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչպես պետք է դա անել և գուցե որոշների համար դա սուր երանգներ պարունակող բառամթերք է, այո, սուր երանգներ պարունակող բառամթերք է։ Գուցե օրինակ ես կամ մեկ այլ անձ խնդիրները բնորոշելիս նման կերպ չարտահայտվել, բայց ամեն մարդ ինքն է ընտրում, և եթե դա չի հատում իրավականության սահմանը, կարծում եմ, որ այստեղ խնդիր չկա։ Այստեղ ևս մեկ կարևոր հանգամանք կուզենայի շեշտադրել: Վերջին օրերին անընդհատ նույն բանն է քննարկվում, և կարծես թե մեղադրվում է կողմը, որը բարձրաձայնում է խնդրի մասին, և ընդհանրապես չի խոսվում, կամ խոսվում է, ես գուցե այդքան չեմ նկատել, իրական գոյություն ունեցող խնդրի մասին: Այսինքն  խնդրի մասին խոսելը ամոթ է, բայց խնդրի արձանագրումը ամոթ չէ։ Յուրաքանչյուր քրիստոնյա ինքը պետք է որոշի խնդիր տեսնում է, թե չի տեսնում։ Եթե անձը իրեն համարում է հայ առաքելական եկեղեցու հետևորդ և հետևում է կանոնական իրավունքի, ապա ինքը պետք է իր համար եզրահանգում անի, թե այս իրավիճակում խնդիր կա՞, թե՞ չկա։ Իմ դիտարկմամբ մենք այսօր ունենք խնդիր, մենք ունենք եկեղեցի, որն  արդեն վաղուց զբաղվում է քաղաքականությամբ։ Աշխարհիկ մարդկանց դեպքում, եթե նրանք պաշտոնյա են, պարտավոր են տարեկան հայտարարագիր ներկայացնել, օրինակ չլինել կոռումպացված, լինել թափանցիկ և հաշվետվողական, և հասարակությունը կարող է հետևել դրանց։ Եկեղեցականների պարագայում էլ այլ կանոններ են գործում, և քրիստոնյա համայնքը ինքն է որոշողը՝ հետևի այդ կանոնների պահպանմանը, թե չհետևի»։
13:18 - 06 հունիսի, 2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիբանանից ժամանած Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիբանանից ժամանած Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներին

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ուխտավորաբար Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած Մելկիտ Հունա-Կաթոլիկ Եկեղեցու Լիբանանի և Զահլե և Ֆուրզոլի թեմի առաջնորդ Իբրահիմ եպիսկոպոս Իբրահիմին, Անտիոքի և Համայն Արեւելքի Հույն Ուղղափառ Եկեղեցու Լիբանանի, Զահլեի և Բաալբեքի թեմի առաջնորդ Միտրոպոլիտ Անտուան Էլ Սուրիին` ուղեկցությամբ «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ընկերության հիմնադիր տնօրեն Նիկոլաս Աբու Ֆայսալի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։ «Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց հյուրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով Քույր Եկեղեցիների հետ առկա փոխհարաբերություններին։ Իրենց հերթին Իբրահիմ եպիսկոպոս Իբրահիմը և Միտրոպոլիտ Անտուան Էլ Սուրիին շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Հայրապետին ընդունելության համար` իրենց զորակցությունն ու աղոթակցությունը բերելով Հայ Եկեղեցուն և հայ ժողովրդին»,–ասված է հաղորդագրության մեջ։
18:56 - 03 հունիսի, 2025
Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը. Մայր Աթոռ

Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը. Մայր Աթոռ

Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին եպիսկոպոսներ և թեմակալ առաջնորդներ Հայաստանից ու սփյուռքից։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի ֆեյսբուքյան էջից: Ըստ հաղորդագրության՝ ժողովում քննարկվեցին հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, եկեղեցի-պետություն հարաբերություններին և հասարակությանը հուզող մի շարք հիմնախնդիրներին առնչված հարցեր։ Մասնավոր անդրադարձ կատարվեց վարչապետի կողմից վերջին օրերին հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավին: Այս կապակցությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ.   «Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով և մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ օրենքից վեր դասելով իր անձը:   Հայհոյախառն, անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտորեն վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքները և սքողվում կեղծ սրտացավության հիմնավորումներով։ Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով և փորձ է նսեմացնելու ազգային կյանքում և միջազգային շրջանակներում հարգանք վայելող Հայոց Եկեղեցու և եկեղեցականաց հեղինակությունը, լռեցնելու Եկեղեցու ձայնը և նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների և Եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով և սպառնալիք՝ հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը թե՛ հայրենիքում և թե՛ սփյուռքում։ Այսպիսի գործողությունները պառակտում են հասարակությունը, տկարացնում են ազգի ոգին և հայրենանվիրումի բարձր գիտակցությունը հատկապես առկա մարտահրավերների պայմաններում։ Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ։ Հայոց Եկեղեցին, գիտակից իր հանձնառություններին, անշեղորեն շարունակելու է հոգեփրկչական և ազգապահպան առաքելությունը՝ ընդդիմանալով ազգավնաս ու կործանարար ընթացքներին և մշտապես հետամուտ լինելով պետության ու ազգի գերակա շահերի, մեր սրբազան արժեքների պաշտպանությանը։ Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով և զինվորագրյալ հոգևորականներով՝ ի գլուխ ունենալով ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետին։ Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը։ Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների։ Այս նոր փորձության հանդիման հորդորում ենք մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին լինել միաբան ու միասնական, առ հայրենին և Սուրբ Եկեղեցին հավատարմությամբ ու զորեղ հավատքով հաղթահարել մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր մարտահրավերները և երբեք թույլ չտալ մեր ազգային հիմնասյուների սասանումը: Թող այս մերժելի մեքենայությունները պատճառ չդառնան հիասթափության և գայթակղության։ Աղոթում ենք առ Փրկիչ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ վնասաբեր երևույթներով չխաթարվի հայրենական կյանքը, և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը ապրի խաղաղության, բարօրության և առաջընթացի մեջ։ Թող Տերը անսասան պահի հայոց պետականությունը և պայծառ՝ Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հավատավոր իր բոլոր զավակներով»:
21:10 - 02 հունիսի, 2025
Որեւէ մեկը չի կարող արդարացնել այդ խոսույթը. ԿԳՄՍ նախարարը՝ վարչապետի հայհոյախառն գրառման մասին
 |news.am|

Որեւէ մեկը չի կարող արդարացնել այդ խոսույթը. ԿԳՄՍ նախարարը՝ վարչապետի հայհոյախառն գրառման մասին |news.am|

news.am: Ես կարծում եմ՝ վարչապետն ինքը մեկնաբանել է իր գրառումը և ավելացնելու որևէ բան չունեմ։ Այդ մասին, այսօր՝ հունիսի 2-ին, ԵՊՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այն, որ «Կրթությունը նորաձև է» արշավի մասնակից, երկրի վարչապետը հայհոյում է հոգևորականին։ «Եթե հանրային ձևավորված խոսույթի մասին եք խոսում, բնականաբար որևէ մեկիս չի կարող դուր գալ այն խոսույթը, որ ձևավորված է, ու ես ձեր ուշադրությունը պիտի հրավիրեմ նկատելու, որ այդ խոսույթը նոր չի, որ ձևավորված է։ Լավ է, որ մենք ուշադիր ենք, արժի, որ ուշադիր լինենք նաև բոլոր այն դեպքերում, երբ որ այդ բառամթերքը հնչում է նաև տարբեր կողմերից, այդ թվում, օրինակ, իմ նկատմամբ։ Բնականաբար որևէ մեկը չի կարող արդարացնել այդ խոսույթը, մենք շատ տարբեր քննարկումներ ենք ունեցել նաև առիթ ենք ունեցել կառավարության նիստում էլ այդ հարցերից խոսել և կարծում եմ՝ ավելի քան պարզ է դիրքորոշումը։ Ես կարծում եմ, որ այն մեկնաբանությունները ու վարչապետի կողմից նաև հավելյալ գրառումները, որ արվեցին, ավելի քան պարզ են դարձնում ասելիքը»։ Ինչ վերաբերում է եկեղեցիների՝ չոլանացված լինելու մասին վարչապետի հայտարարությանը, Ժաննա Անդրեասյանն ասաց. «Մենք ունենք մեր հուշարձանների հանդեպ հոգատարության, այդ թվում հանրային հոգատարության շատ լուրջ խնդիր։ Առաջին անգամ չեմ այդ մասին խոսում, այն տրամաբանությունը, որը գործում է մեր որոշ եկեղեցիներում, թողնում է նման տպավորություն, և ես դրա համար ցավում եմ, ինչպես կարծում եմ, պիտի ցավա մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի, որովհետև եթե մենք արժևորում ենք մեր մշակույթը, առաջին հերթին պիտի մեր կողքը նայենք։ Քանի՞ անգամ եք տեսել ձեր կողքին մարդ, ով որ գտնվում է հուշարձանի տարածքում և, օրինակ, աղբ է գցում։ Քանիսն է մեզնից մոտեցել և ասել, որ դա չի կարելի անել։ Գիտեք, այստեղ կարելի է անընդհատ մեզ դնել զարմացած մարդկանց տեղ և մտածել, որ բացահայտվում են բաներ, որոնք մենք էլ չգիտեինք։ Դա տեղի է ունենում մեր կողքը, մեր բոլորի ներկայությամբ և մասնակցությամբ, և ավելի լավ է, եթե մենք այդ խնդիրներից խոսենք, խոսելու ձևերը կարող են տարբեր լինել, բայց այն, որ խնդիր կա և խնդիրներին պետք է անդրադառնալ, դա կարծում եմ ավելի քան ակնհայտ է»։ Հարցին՝  հայհոյանքը կրթելու գործընթացում օգնու՞մ է, նախարարն արձագանքեց. « Գիտեք, ես հասկանում եմ ձեր հարցադրումների տրամաբանությունը, ոճը, մոտեցումը, ինքս կարծում եմ, որ մենք պետք է շատ ուշադիր լինենք հանրային խոսույթի նկատմամբ։ Դա դիտում եմ նաև կրթության ուղիղ խնդիրը։ Մենք առիթ ենք ունեցել նաև խոսելու, որ ընտանիքներում են երեխաներին սովորեցնում որոշակի անպարկեշտ բառեր և որևէ կերպ չեմ կարող համարել դա ընդունելի, որովհետև կարծում եմ, որ մենք բոլորս կարող ենք միասին խոսել, քննարկել՝ ունենալով տարաձայնություններ և դա կարող ենք անել մեր լեզվի հարուստ բառապաշարով»։ Նա հավելեց, որ այդ գործընթացը պետք է սկսեն բոլորը։
13:36 - 02 հունիսի, 2025
Դատապարտում ենք գործող վարչախմբի և նրա պարագլխի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն թիրախավորող արգահատելի հռետորաբանությունն ու վարքը. «Հայաստան» խմբակցություն

Դատապարտում ենք գործող վարչախմբի և նրա պարագլխի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն թիրախավորող արգահատելի հռետորաբանությունն ու վարքը. «Հայաստան» խմբակցություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա եպիսկոպոսական դասին թիրախավորելով՝ իշխող վարչախումբը շարունակում է ներազգային պառակտման, հայ ժողովրդի ինքնության հիմքերի խաթարման և երկրում հոգևոր-բարոյական ճգնաժամը խորացնող վարքագիծը: Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության տարածած հայտարարության մեջ: «Հայ ժողովրդի կյանքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունեցել է և ունի բացառիկ առաքելություն, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ։ «Մենք դատապարտում ենք գործող վարչախմբի և նրա պարագլխի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, նրա Հայրապետին և եպիսկոպոսաց դասին թիրախավորող արգահատելի հռետորաբանությունն ու վարքը, այն գնահատում ենք ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը նսեմացնող, նրա միասնականությունն ու արժեքային համակարգը քայքայող գործողություն։ Հայ ժողովրդի համար ճակատագրական այս օրերին ազգային ուժերի միասնականությունն ու վճռականությունն առավել քան անհրաժեշտություն են։ Հավատավոր հայ ժողովրդի նվիրական միակամությամբ շարունակենք լինել հայ եկեղեցու կողքին՝ հանուն Հայոց պետականության ամրապնդման, հանուն մեր հավաքական իրավունքների և շահերի պաշտպանության», - ասվում է հայտարարության մեջ։
08:58 - 02 հունիսի, 2025
Բեռնում մեկնարկել է միջազգային համաժողով՝  նվիրված Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը

Բեռնում մեկնարկել է միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցին մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպել են «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողով։ Այս մասին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։  «Մայիսի 27-ին համաժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ուղերձով։ Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար վերապատվելի Ջերրի Փիլային, Շվեյցարիայի Բողոքական եկեղեցու նախագահ վերապատվելի Ռիտա Ֆամոսին, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի վարչության անդամներին, համաժողովի կազմակերպիչներին և աջակիցներին, որոնց ջանքերի շնորհիվ ևս մեկ անգամ միջազգային հարթակից բարձրաձայնվում է Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի բռնազավթումից հետո հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների մասին։ «21-րդ դարում, որ ազգերի ու պետությունների կյանքում պիտի նշանավորվեր խաղաղության, համերաշխության ու արդարության հաստատմամբ, ցավոք, ականատես ենք պատերազմների, թշնամանքի ու ատելության հիմքի վրա իրականացվող ցեղասպանական գործողությունների ու էթնիկ զտումների, ինչպես և կրոնական ազատության և մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման դատապարտելի դեպքերի: Այս արհավիրքները վերապրեց նաև մեր ժողովուրդը Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիայի ու ոճրագործությունների հետևանքով։ 2020 թվականից սանձազերծված 44-օրյա և ապա նաև 2023 թ. լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում բռնազավթվեց և ամբողջապես հայաթափվեց Արցախը։ Գրավված են Հայաստանի Հանրապետության սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացվում են նորանոր պահանջներ։ Ադրբեջանը պատանդառված է պահում Արցախի քաղաքական ղեկավարների, քաղաքացիական անձերի և ռազմագերիների՝ իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական, շինծու դատավարություն՝ միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով։ Ակնհայտ է, որ այսօրինակ անօրինություններն ու նվաստացուցիչ դաժանությունները, պայմանավորված են բացառապես ազգային պատկանելիությամբ և հայատյացությամբ, որը և պատճառ է ոտնձգությունների հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության ու պատմական սրբավայրերի նկատմամբ»,-նշեց Հայոց Հայրապետը՝ ընդգծելով, որ արցախահայությունը դարեր շարունակ հայրենի իր երկրում, հավատքով և ազգային ինքնությանը հավատարիմ ոգով, կերտել է իր արժանապատիվ գոյությունը, դպրության և արվեստի բարձրարժեք արարումներով նաև հարստացրել մարդկության մշակութային գանձարանը։ Նորին Սրբությունը ցավով արձանագրեց, որ Արցախի բռնազավթումից հետո առ այսօր շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական հնագույն հուշարձանների, քրիստոնեական սրբավայրերի, բնակատեղիների և գերեզմանոցների բարբարոսաբար ոչնչացումը։ Ադրբեջանը հայոց հնամենի նշանավոր վանքերն ու եկեղեցիները ինքնությունից զրկելու որդեգրած քաղաքականությամբ աղվանական է հռչակում Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը։ «Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել միջազգային հանրության կոչերը, հրաժարվում իրագործել Եվրախորհրդարանի 2022 թվականի «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» N 2582 բանաձևի պահանջները, ինչպես և մերժում Արցախի հայկական հուշարձանների վիճակի գնահատման ուղղությամբ փաստահավաք առաքելություն իրականացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը։ Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քարոզչությանն է լծվել նաև Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, որն օրեր առաջ հանդես եկավ ստահոդ հայտարարություններով»,-հավելեց Վեհափառ Հայրապետը՝ նշելով, որ Ադրբեջանի հայատյաց այս նույն գործելաոճով ժամանակին վայրագ ոչնչացման ենթարկվեցին Նախիջևանի հայկական սրբավայրերը, իսկ ճիշտ քսան տարի առաջ՝ 2005 թ., հողին հավասարվեցին Նախիջևանի՝ Հին Ջուղայի շուրջ վեց հազար խաչքարերը։ «Մշակութային ոճրագործությունները ցավալիորեն չեն ճանաչում աշխարհագրական սահմաններ, և ամենուր են, որտեղ խաթարվում են մարդու և ժողովուրդների իրավունքները, դրսևորվում այլատյացություն և անհանդուրժողություն, անտեսվում հոգևոր ժառանգության վսեմ արժեքն ու կարևորությունը։ Մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող ոճիրները արդարորեն դիտարկվում են ոչ միայն որպես մեկ ազգի, այլ համամարդկային արժեքների դեմ հանցագործություն։ Բարբարոսական այսօրինակ ոճրագործությունների անպատժելիությունը ամենաթողության մթնոլորտ է ձևավորում ոչ միայն Ադրբեջանի մշակութակործան ոճիրները շարունակելու համար, այլ նաև նախադրյալներ է ստեղծում և քաջալերանք հանդիսանում նմանատիպ և ավելի դաժան հանցագործությունների իրականացման աշխարհի այլ վայրերում»,-ասաց Հայոց Հովվապետը՝ հաստատելով, որ մշակութային արժեքների պաշտպանությունը բոլորի համար ոչ միայն նվիրական պարտավորություն է, այլև ազգերի ու ժողովուրդների պատմության, հավատքի և ինքնության պահպանության հրամայական։ Ապա դիմելով համաժողովի մասնակիցներին Նորին Սրբությունն ընդգծեց․ «Արցախի հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանության հարցն ավելի քան երբևէ հրատապ է այսօր, երբ Արցախի բռնի տեղահանված ժողովուրդը զրկված է սեփական հողի վրա ապրելու և արարելու, դարերով իր հավատքով կերտած մշակույթը պահպանելու և զարգացնելու իրավունքից։ Ժամանակակից աշխարհում չպետք է հանդուրժվեն մարդկության ու մարդկայնության դեմ նման սոսկալի եղեռնագործություններ, ազատության, արդարության ու իրավունքի հիմնասյուները խարխլող արարքներ։ Այո՛, ազգերի միջև հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ուղիներով, արդարությամբ ու փոխհամաձայնությամբ, ազգային ինքնության ու արժանապատվության հարգմամբ»: Մեծապես կարևորելով նման համաժողովների անցկացումը՝ Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ միջազգային դերակատար երկրները և իրավասու կառույցները գործուն քայլեր կձեռնարկեն՝ ուղղված Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանությանը, արցախահայության՝ իրենց հարազատ բնօրրան անվտանգ վերադարձի, ազատ ու արժանապատիվ ապրելու արդար իրավունքի վերականգնմանը և հայ գերիների շուտափույթ ազատ արձակմանը։ Վերջում Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց քույր Եկեղեցիներին, միջեկեղեցական կազմակերպություններին՝ դժվարին իրավիճակում հայ ժողովրդին ու Եկեղեցուն զորակցելու և արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում հետևողականություն դրսևորելու համար՝ արդյունավոր ընթացք մաղթելով համաժողովի աշխատանքներին»։
12:53 - 30 մայիսի, 2025
Փաշինյանը թիրախավորում է եկեղեցու սպասավորներին. ըստ Տիգրան Աբրահամյանի՝ դա նախապատմություն ունի

Փաշինյանը թիրախավորում է եկեղեցու սպասավորներին. ըստ Տիգրան Աբրահամյանի՝ դա նախապատմություն ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է անում՝ թիրախավորելով Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, մասնավորապես՝ անդրադառնալով եպիսկոպոսների կուսակրոնության ուխտին. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»: «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»: «Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։ Մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»: «Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից և փիլոնից։ Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»: Երեկ՝ փետրվարի 29-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ պետական մարմինների կողմից պետական գույքը վարձակալելուն ուղղված օրենքի նախագծի ժամանակ անդրադարձել է ՀՀ-ում եկեղեցիների վիճակին՝ նշելով. «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացվա՛ծ: [...] Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է հոգևոր հաղորդակցություն ունենալու, մեկ էլ մտնում-տեսնում ես՝ այնտեղ աղբ է լցված, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, հին կռավաթը... Ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, հարգելի՛ ներկաներ: Ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել: Ինչքա՞ն կարելի է ոտի տակ տալ սրբությունները»: Փաշինյանի այս հայտարարությանը արձագանքել էին Հայ առաքելական եկեղեցու մի շարք սպասավորներ: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշել է՝ եկեղեցին կա, իր ծառայությունը մատուցում է՝ «արմատուրով», թե առանց «արմատուրի», «մետլախով», թե առանց «մետլախի»։ Իսկ իշխանությունն ինչո՞վ է զբաղված:  Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան էլ գրել էր. «Պետությունն ու պետական պաշտոնյան, մինչ որևէ խոսք ասելը, պետք էր լսեր ու տեսներ այն հիմնախնդիրները, որոնք եկեղեցին տարիներ առաջ բարձրաձայնել էր և այսօր էլ բարձրացնում է»: Անդրադառնալով Փաշինյանի գրառումներին՝ այսօր գրառում է կատարել նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ Մայր Աթոռի դեմ «հարձակումները» վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իր նախապատմությունն ունեն: «Նախ ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը հայտարարեց, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանում» հոգևոր խորհուրդ հիմնելու մասին, ապա զանգվածային հարձակումներ սկսեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Պատճառն այն է, որ Մայր Աթոռն ակտիվ հակազդում է Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ վարքագծին ո՛չ միայն Արցախի տարածքում հայկական հոգևոր ժառանգության դեմ ոտնձգություններին և ոչնչացմանը, այլ որոշակի առումով, ստիպված պետության ֆունկցիա է ստանձնել՝ պաշտպանում է հայության հավաքական իրավունքները, կոշտ մեկնաբանություններ անում ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների վերաբերյալ և խոսում այն մասին, որ Արցախի էջը փակված չէ: Ադրբեջանի հետ ներդաշնակ գործող ՀՀ կառավարիչը նախ կառավարության նիստում վարկաբեկիչ հայտարարություն արեց Առաքելական եկեղեցու դեմ, իսկ այսօր ֆեյսբուքյան այլանդակ գրառմամբ պարզապես նոր հակառեկորդ սահմանեց: Իշխանության նպատակը շատ պարզ է՝ արժեհամակարգի, բարոյականության նորմերի ոչնչացման ոչ կենսունակ դարձնել ազգն ու պետությունը՝ դրանով իսկ արագացնելով երկրի ամբողջական հանձնումը»:   Գլխավոր լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ / 29.09.2024, Մայր տաճարի բացման արարողություն
10:23 - 30 մայիսի, 2025
Գարեգին Բ-ն Շվեյցարիայում մասնակցում է Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության թեմայով միջազգային համաժողովի

Գարեգին Բ-ն Շվեյցարիայում մասնակցում է Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության թեմայով միջազգային համաժողովի

Բեռնում մեկնարկել է միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։  «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցին մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպել են «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողով։ Մայիսի 27-ին համաժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ուղերձով։ Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար վերապատվելի Ջերրի Փիլային, Շվեյցարիայի Բողոքական եկեղեցու նախագահ վերապատվելի Ռիտա Ֆամոսին, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի վարչության անդամներին, համաժողովի կազմակերպիչներին և աջակիցներին, որոնց ջանքերի շնորհիվ ևս մեկ անգամ միջազգային հարթակից բարձրաձայնվում է Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի բռնազավթումից հետո հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների մասին։ «21-րդ դարում, որ ազգերի ու պետությունների կյանքում պիտի նշանավորվեր խաղաղության, համերաշխության ու արդարության հաստատմամբ, ցավոք, ականատես ենք պատերազմների, թշնամանքի ու ատելության հիմքի վրա իրականացվող ցեղասպանական գործողությունների ու էթնիկ զտումների, ինչպես և կրոնական ազատության և մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման դատապարտելի դեպքերի: Այս արհավիրքները վերապրեց նաև մեր ժողովուրդը Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիայի ու ոճրագործությունների հետևանքով։ 2020 թվականից սանձազերծված 44-օրյա և ապա նաև 2023 թ. լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում բռնազավթվեց և ամբողջապես հայաթափվեց Արցախը։ Գրավված են Հայաստանի Հանրապետության սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացվում են նորանոր պահանջներ։ Ադրբեջանը պատանդառված է պահում Արցախի քաղաքական ղեկավարների, քաղաքացիական անձերի և ռազմագերիների՝ իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական, շինծու դատավարություն՝ միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով։ Ակնհայտ է, որ այսօրինակ անօրինություններն ու նվաստացուցիչ դաժանությունները, պայմանավորված են բացառապես ազգային պատկանելիությամբ և հայատյացությամբ, որը և պատճառ է ոտնձգությունների հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության ու պատմական սրբավայրերի նկատմամբ»,-նշեց Հայոց Հայրապետը՝ ընդգծելով, որ արցախահայությունը դարեր շարունակ հայրենի իր երկրում, հավատքով և ազգային ինքնությանը հավատարիմ ոգով, կերտել է իր արժանապատիվ գոյությունը, դպրության և արվեստի բարձրարժեք արարումներով նաև հարստացրել մարդկության մշակութային գանձարանը։ Նորին Սրբությունը ցավով արձանագրեց, որ Արցախի բռնազավթումից հետո առ այսօր շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական հնագույն հուշարձանների, քրիստոնեական սրբավայրերի, բնակատեղիների և գերեզմանոցների բարբարոսաբար ոչնչացումը։ Ադրբեջանը հայոց հնամենի նշանավոր վանքերն ու եկեղեցիները ինքնությունից զրկելու որդեգրած քաղաքականությամբ աղվանական է հռչակում Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը։ «Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել միջազգային հանրության կոչերը, հրաժարվում իրագործել Եվրախորհրդարանի 2022 թվականի «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» N 2582 բանաձևի պահանջները, ինչպես և մերժում Արցախի հայկական հուշարձանների վիճակի գնահատման ուղղությամբ փաստահավաք առաքելություն իրականացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը։ Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քարոզչությանն է լծվել նաև Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, որն օրեր առաջ հանդես եկավ ստահոդ հայտարարություններով»,-հավելեց Վեհափառ Հայրապետը՝ նշելով, որ Ադրբեջանի հայատյաց այս նույն գործելաոճով ժամանակին վայրագ ոչնչացման ենթարկվեցին Նախիջևանի հայկական սրբավայրերը, իսկ ճիշտ քսան տարի առաջ՝ 2005 թ., հողին հավասարվեցին Նախիջևանի՝ Հին Ջուղայի շուրջ վեց հազար խաչքարերը։ «Մշակութային ոճրագործությունները ցավալիորեն չեն ճանաչում աշխարհագրական սահմաններ, և ամենուր են, որտեղ խաթարվում են մարդու և ժողովուրդների իրավունքները, դրսևորվում այլատյացություն և անհանդուրժողություն, անտեսվում հոգևոր ժառանգության վսեմ արժեքն ու կարևորությունը։ Մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող ոճիրները արդարորեն դիտարկվում են ոչ միայն որպես մեկ ազգի, այլ համամարդկային արժեքների դեմ հանցագործություն։ Բարբարոսական այսօրինակ ոճրագործությունների անպատժելիությունը ամենաթողության մթնոլորտ է ձևավորում ոչ միայն Ադրբեջանի մշակութակործան ոճիրները շարունակելու համար, այլ նաև նախադրյալներ է ստեղծում և քաջալերանք հանդիսանում նմանատիպ և ավելի դաժան հանցագործությունների իրականացման աշխարհի այլ վայրերում»,-ասաց Հայոց Հովվապետը՝ հաստատելով, որ մշակութային արժեքների պաշտպանությունը բոլորի համար ոչ միայն նվիրական պարտավորություն է, այլև ազգերի ու ժողովուրդների պատմության, հավատքի և ինքնության պահպանության հրամայական։ Ապա դիմելով համաժողովի մասնակիցներին Նորին Սրբությունն ընդգծեց․ «Արցախի հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանության հարցն ավելի քան երբևէ հրատապ է այսօր, երբ Արցախի բռնի տեղահանված ժողովուրդը զրկված է սեփական հողի վրա ապրելու և արարելու, դարերով իր հավատքով կերտած մշակույթը պահպանելու և զարգացնելու իրավունքից։ Ժամանակակից աշխարհում չպետք է հանդուրժվեն մարդկության ու մարդկայնության դեմ նման սոսկալի եղեռնագործություններ, ազատության, արդարության ու իրավունքի հիմնասյուները խարխլող արարքներ։ Այո՛, ազգերի միջև հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ուղիներով, արդարությամբ ու փոխհամաձայնությամբ, ազգային ինքնության ու արժանապատվության հարգմամբ»: Մեծապես կարևորելով նման համաժողովների անցկացումը՝ Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ միջազգային դերակատար երկրները և իրավասու կառույցները գործուն քայլեր կձեռնարկեն՝ ուղղված Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանությանը, արցախահայության՝ իրենց հարազատ բնօրրան անվտանգ վերադարձի, ազատ ու արժանապատիվ ապրելու արդար իրավունքի վերականգնմանը և հայ գերիների շուտափույթ ազատ արձակմանը։ Վերջում Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց քույր Եկեղեցիներին, միջեկեղեցական կազմակերպություններին՝ դժվարին իրավիճակում հայ ժողովրդին ու Եկեղեցուն զորակցելու և արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում հետևողականություն դրսևորելու համար՝ արդյունավոր ընթացք մաղթելով համաժողովի աշխատանքներին»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
15:30 - 27 մայիսի, 2025
Սուտն ու կեղծիքը երբեք չեն կարող ճշմարտության վերածվել. Մայր Աթոռն արձագանքել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի հայտարարություններին

Սուտն ու կեղծիքը երբեք չեն կարող ճշմարտության վերածվել. Մայր Աթոռն արձագանքել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի հայտարարություններին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությունների, թե իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող սրբավայրերը գտնվում են «պատմական ադրբեջանական հողերում»: Մայր Աթոռի տարածած հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Օրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական անգամ ատելությամբ ու թշնամանքով թիրախավորել է Հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն։ Կեղծիքի տարածման մեջ գերազանցելով ինքն իրեն՝ Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը՝ անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, գտնվում են «պատմական ադրբեջանական հողերում» և հայերը որպես թե «յուրացրել են» այդ տարածքները։ Անհեթեթ պնդումների շարքը Փաշազադեն եզրափակում է Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնելով որպես սպառնալիք տարածաշրջանի երկրների համար։ Զավեշտալի է թվում, որ Խորհրդային իշխանությունների ազգաշինարարության արդյունքում 1930-ական թթ․ երկրորդ կեսին «ադրբեջանցի» էթնոնիմն ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել պատմականությունը հայ ժողովրդի, որի հազարամյակների ստեղծագործ կյանքի ու հոգևոր-մշակութային ժառանգության արժեքն ու պատկանելությունը համընդհանուր ճանաչում ստացած իրողություններ են։ Առավել քան զարմանալի է, որ այլոց արժեքների յուրացման մեջ հայ ազգին ուղղված մեղադրանքները ներկայացնում է մի երկրի ներկայացուցիչ, որի պետության անվանումն իսկ յուրացված է այլ երկրից ու ժողովրդից։ Նույն էժանագին գործելաոճն է ընկած նաև Ռուսատանի ու Նոր Նախիջևանի թեմի անվան շուրջ Փաշազադեի կատարած շահարկման հիմքում։ Ի գիտություն պետք է ընդունել, որ Դոնի Ռոստովի մերձակա բնակավայրերը անվանվել են «Նոր Նախիջևան» հենց ցարական Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ, որպես հարգանքի արտահայտություն պատմականորեն հայկական Նախիջևանից այդ տարածք տեղափոխված հայերի։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հրապարակային խոսքերում շարունակաբար տեղ գտնող թշնամանքի ու կեղծարարության նման դատապարտելի դրսևորումներն ինքնին վկայությունն են այն իրողության, որ Ադրբեջանը հենց ինքն է, Փաշազադեի խոսքերով ասված, սպառնալիք տարածաշրջանի հարևան երկրների համար»,- հայտարարել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ սուտն ու կեղծիքը երբեք չեն կարող ճշմարտության վերածվել, որքան էլ հաճախ ու խանդավառությամբ կրկնվեն։
17:32 - 23 մայիսի, 2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։  «Սույն թվականի ապրիլի 26-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում տեղի ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը, որին ներկա գտնվեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հուղարկավորության արարողությանը մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում տարբեր Եկեղեցիների պետեր և ներկայացուցիչներ առիթ ունեցան իրենց աղոթքը բարձրացնելու ի Տեր ննջած Ֆրանցիսկոս Պապի հոգու խաղաղության համար։ Նախորդ օրը Սուրբ Պետրոսի տաճարում Ամենայն Հայոց Հայրապետը մասնավոր աղոթք բարձրացրեց Ֆրանցիսկոս Պապի հոգու հանգստության համար։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցող պատվիրակության կազմում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը», - նշված է հայտարարությունում։
16:27 - 26 ապրիլի, 2025
Դատապարտելի են Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող հայկական բնակավայրերը, սրբավայրերն ու պատմամշակութային արժեքները «ադրբեջանական» կամ «ալբանական» ներկայացնելու փորձերը. Մայր Աթոռ

Դատապարտելի են Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող հայկական բնակավայրերը, սրբավայրերն ու պատմամշակութային արժեքները «ադրբեջանական» կամ «ալբանական» ներկայացնելու փորձերը. Մայր Աթոռ

2025 թվականի ապրիլի 8-ին Վարշավա քաղաքում Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչության, որն արտահայտությունն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերջինիս տարածքային նկրտումների և հայ ժողովրդի բազմադարյա հոգևոր և մշակութային ժառանգության յուրացման ձգտումների։ Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Խստագույնս դատապարտելի են Ադրբեջանի կողմից պատմությունը վերաշարադրելու գործողությունները, Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող հայկական բնակավայրերը, սրբավայրերն ու պատմամշակութային արժեքները «ադրբեջանական» կամ «ալբանական» ներկայացնելու փորձերը։ Նման մերժելի նախաձեռնությունները ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլև չեզոքացնում են ժողովուրդների համերաշխության և խաղաղ գոյակցության միջավայրի ձևավորման բոլոր քայլերը։ Մշակույթը պետք է լինի կամուրջ ժողովուրդների միջև, ոչ թե քաղաքական շահախնդրության գործիք։ Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու կազմակերպություններին, դիվանագիտական շրջանակներին և մշակութային կառույցներին հստակ գնահատական տալ պատմության ու մշակույթի նկատմամբ կատարվող այսպիսի կեղծարարություններին և խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի հանդեպ իրականացվող նմանօրինակ ոտնձգությունները։
16:10 - 18 ապրիլի, 2025
Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական միջոցառումը. հայտարարություն

Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական միջոցառումը. հայտարարություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի կողմից Հռոմում ապրիլի 10-ին կազմակերպված հակահայկական ուղղվածությամբ միջոցառմանը՝ ափսոսանք հայտնելով, որ կաթոլիկ բարձրագույն կրթական հաստատության հարկից ներս թույլատրվել է կազմակերպել նման հակագիտական միջոցառում: «Ապրիլի 10-ին Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառում՝ տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։  Միջոցառման ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնությամբ հերթական անգամ փորձ է արվել ժխտելու Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը, խեղաթյուրելու պատմական իրողությունները՝ այն հետագայում յուրացնելու չարամիտ նպատակով։  Այս ամենը տեղի է ունենում, երբ տակավին միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատականներ չեն տրվել Ադրբեջանի իրականացրած ցեղասպան գործողություններին, Արցախից բռնի տեղահանված ողջ հայության հիմնարար իրավունքների ոտնահարմանը, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող անօրինական ու նվաստացուցիչ գործողություններին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության յուրացման և հայկական հետքերի իսպառ ոչնչացման դեպքերին։ Ցավում ենք, որ կաթոլիկ բարձրագույն կրթական հաստատության հարկից ներս թույլատրվել է կազմակերպել նման հակագիտական միջոցառում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տարածած հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ վերոնշյալի առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միջեկեղեցական հաղորդակցության ընկալյալ շրջանակներում նախաձեռնելու է անհրաժեշտ քայլեր։  Ավելի վաղ  «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմը ահազանգ էր հնչեցրել Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ընթացող «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովի վերաբերյալը՝ նշելով, որ մինչև այդ պահը հայագիտական որևէ կազմակերպություն տեղյակ չի եղել այդ գիտաժողովի մասին։ «Կազմվել, հավաքագրվել են տասնյակ մասնագետներ տարբեր երկրներից (Թուրքիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Լիտվայից), որոնց նպատակն է բացառել հայ պատմության, հայ մշակույթի և հայերի առկայությունը Ադրբեջանի տարածքում, ուստի աղվանական են ներկայացվում հատկապես այն հուշարձանները, որոք հայկական են՝ պատված հարյուրավոր հայերեն արձանագրություններով. դա Ամարասն է, Գանաձասարը, Դադիվանքը և այլն։ Մեզ համար անհասկանալի է նաև ասպարեզի որոշ հայտնի հետազոտողների մասնակցությունը, ովքեր տեսել են որ այս գիտաժողովին որևէ հայ հետազոտող չի մասնակցում և չկա որևէ բառ հայերի մասին»,- մեջբերված է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմի տարածած հաղորդագրությունից; 
17:22 - 11 ապրիլի, 2025
Ամենայն Հայոց կաթողիկոսը Գերմանիայի նախագահին խնդրել է Բաքվում բարձրաձայնել հայ ռազմագերիների ազատ արձակման մասին

Ամենայն Հայոց կաթողիկոսը Գերմանիայի նախագահին խնդրել է Բաքվում բարձրաձայնել հայ ռազմագերիների ազատ արձակման մասին

Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ապրիլի 1-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:  Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունել է Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման գործում, և նրա կարևոր ազգապահպան առաքելությունը։  Նորին Սրբությունը նշել է, որ պատմության ընթացքում հայ ազգն իր հավատքի զորությամբ և առ Աստված ապավինությամբ է դիմագրավել նեղություններն ու փորձությունները, Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի նմանությամբ հաղթահարել բազում գողգոթաներ՝ այդ թվում 20-րդ դարասկզբին իր նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։ Հայոց Հովվապետը հույս է հայտնել, որ նույն հավատքով և ամուր կամքով հայ ժողովուրդը կհաղթահարի վերջին տարիներին հայրենիքին պատուհասած փորձությունները և ներկա ծանր մարտահրավերները։ Նկատի առնելով այն, որ Գերմանիայի նախագահը մեկնելու է նաև Ադրբեջան՝ Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմել է պրն․ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Բաքվում բարձրաձայնելու ԼՂ ժողովրդի արդար իրավունքների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Նորին Սրբության խոսքի համաձայն՝ առկա հարցերի հետևողական բարձրաձայնման շնորհիվ վերջիններիս արդար հանգուցալուծմամբ միայն հնարավոր պիտի լինի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել և ժողովուրդների խաղաղ գոյակցության պայմաններ ստեղծել։ Գերմանիայի նախագահ Շտայնմայերը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ կաթողիկոսին քրիստոնեական հնագույն սրբավայր այցելելու հնարավորության համար, կարևորել է կրոնների դերակատարությունը ժողովրդների կյանքում խաղաղության և համերաշխության ապահովման գործում։ Պրն․ Շտայնմայերը հավաստիացրել է Հայոց Հայրապետին, որ իր միջնորդական ջանքերը կգործադրի ի նպաստ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման։ Այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսը Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի հետ միասին Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթք է բարձրացրել առ Աստված աշխարհում խաղաղության և մարդկության բարօր ու ապահով կյանքի համար։ Վերջում նախագահը Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ուղեկցությամբ շրջել է Մայր Տաճարում, ծանոթացել հիմնանորոգված սրբավայրի պատմությանը։
10:32 - 02 ապրիլի, 2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի պատվիրակության հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի պատվիրակության հետ

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի (ԵՏՍԿ) Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ Դիմիտրիս Դիմիտրիադիսի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետը ողջունեց տնտեսական կայունության, սոցիալական արդարության և իրավունքների պաշտպանության գործում ԵՏՍԿ-ի կողմից ներդրվող ջանքերը՝ մասնավոր անդրադարձ կատարելով բռնի տեղահանված արցախահայերի հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությանը։ Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետն իր մտահոգությունն արտահայտեց նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների, Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստերի և Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների առնչությամբ՝ կարևոր նկատելով միջազգային հանրության կողմից հետևողական ջանքերի գործադրումը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության կանխման և տարածաշրջանում խաղաղության վերահաստատման հարցում։ Իր հերթին տիար Դիմիտրիս Դիմիտրիադիսը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ընդունելության համար, անդրադարձավ կոմիտեի ծրագրերին, ինչպես նաև Հայաստանի հետ տնտեսական և սոցիալական երկխոսության խթանման հեռանկարներին», - նշված է հայտարարությունում։
22:02 - 31 մարտի, 2025
Գերագույն Հոգևոր Խորհուրդը միջազգային կառույցներին կոչ է անում միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին անհապաղ հայրենադարձելու համար

Գերագույն Հոգևոր Խորհուրդը միջազգային կառույցներին կոչ է անում միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին անհապաղ հայրենադարձելու համար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովն, անդրադառնալով ԼՂ նախկին քաղաքական ղեկավարության, զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող շինծու դատավարություններին, հանդես է եկել հայտարարությամբ:  Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ադրբեջանում անազատության մեջ ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների նկատմամբ արարքները հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական իշխանությունների շարունակվող թշնամանքի և ագրեսիայի հերթական դրսևորումներն են։ Ակնհայտ է, որ Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների բացահայտ խախտումներով ընթացող դատավարությունն ուղեկցվում է գերիների խոշտանգումով և անմարդկային վերաբերմունքով։ Անթաքույց նպատակ է հետապնդվում հիմնովին խեղաթյուրելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պատմությունը՝ միտում ունենալով նվաստացնել մեր ժողովրդին ու հայոց պետությանը։ Անտեսելով միջազգային հանրության հորդորներն ու պահանջները՝ ադրբեջանական իշխանությունը փորձ է անում ոչ միայն քողարկելու, այլև արդարացնելու իր իսկ սանձազերծած ցեղասպանության և պատերազմական հանցագործության անհերքելի փաստերը, ինչպես նաև զոհերին ներկայացնելու իբրև ոճրագործներ։ Շինծու դատավարություններով և հայ գերիներից խոշտանգումներով կորզված կեղծ ցուցմունքների միջոցով ադրբեջանական իշխանությունները փորձ են անում հեռահար նենգ նկրտումներով դատավճիռներ ապահովել, նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ նոր պարտադրանքներ և ագրեսիա սանձազերծելու համար։ Սրան զուգահեռ, ամեն ինչ արվում է արգելափակելու համար միջազգային փաստաբանների և միջազգային կազմակերպությունների այցերը հայ գերիներին։ Նրանք զրկված են նաև հոգևոր խնամքից օգտվելու տարրական հնարավորություններից։ Այս պայմաններում մեծապես կարևորում ենք Հայաստանի պետական մարմինների և համահայկական կառույցների ջանքերի մեկտեղումը՝ հայ գերիների և պատանդների նկատմամբ բռնություններով ուղեկցվող ապօրինի գործողությունները դադարեցնելու և գերիների ազատ արձակմանը հասնելու համար։ Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին նախաձեռնել գործուն ու հնարավորինս տեսանելի քայլեր՝ այս նպատակի իրագործմանը ծառայեցնելու հայկական ու միջազգային շրջանակների բոլոր հնարավորություններն ու ամբողջ ներուժը։ Կոչ ենք ուղղում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին ու նրանց ղեկավարներին` առավել ազդու միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին անհապաղ հայրենադարձնելու համար։ Տարածաշրջանում կայուն, երկարատև խաղաղություն և սերունդների համար արժանապատիվ գոյակցության պայմաններ կարելի է ապահովել միայն առկա հիմնախնդիրների արդար հանգուցալուծման և արցախահայության իրավունքների իրացման պարագայում։ Աղոթքով առ Բարձրյալը զորակցություն ենք հայտնում գերեվարված սիրելի մեր զավակներին՝ պատգամելով զերծ մնալ բողոքի այնպիսի գործողություններից, որոնք անմիջական սպառնալիքներ կարող են ստեղծել իրենց կյանքի և առողջության համար։ Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը և ամուր հավատով շարունակել պայքարել հանուն ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքի։ Մեր հայցն ենք վերառաքում առ Աստված բոլոր գերյալների, նեղյալների և նրանց ընտանիքների համար՝ խնդրելով Տիրոջ օրհնությունն ու օգնականությունն ամենքին»։
16:16 - 12 մարտի, 2025
Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի հարցը

Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի հարցը

Մարտի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ գոհունակությամբ ընդգծելով Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի մասնակցությունը ԳՀԽ-ին: Նորին Սրբությունը, իր գնահատանքը հայտնելով ԳՀԽ անդամներին Սուրբ Եկեղեցուն բերվող օգտակար ծառայության համար, հայցեց Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։ Քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված են Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպական աշխատանքներին, Եկեղեցու հովվական, կրթական, կանոնական, վարչական, կարգապահական, սոցիալական ու Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված այլ հարցեր: Քննարկման առարկա կդառնան hայրենական կյանքի արտաքին և ներքին մարտահրավերները, Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների և Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական խնդիրները: Գերագույն հոգևոր խորհրդին կներկայացվի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2024 թվականի գործունեության տեղեկագիրը, կլսվեն հոգևոր-վարչական գործունեության զեկույցը, ֆինանսական հաշվետվությունը և վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը:
20:03 - 11 մարտի, 2025