Ազատ դեմոկրատներ

Հայաստանում գործող քաղաքական կուսակցություն է։ Համագումարը կայացել է 2011 թվականի մայիսի 21-ին։ Նախագահը Խաչատուր Քոքոբելյանն է։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, դաշինք կազմելով, «Ժառանգություն» կուսակցության հետ՝ մասնակցել է 2012թ ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին։ Ընտրությունների արդյունքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը ընտրվել են ՀՀ ԱԺ պատգամավորներ։

Կուսակցությունը սեփական ցուցակով մասնակցել է 2017 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցության ցուցակը գլխավորել է Խաչատուր Քոքոբելյանը։ Ընտրություններում կուսակցությունը չհաղթահարեց նվազագույն շեմը՝ ստացանալով 14,740 ձայն, կամ ընդհանուր քվեների 0,94%-ը։

Կուսակցությունը 2018 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է «Մենք» դաշինքով, սակայն դարձյալ չհավաքեց անհրաժեշտ թվով ձայներ և ներկայացվածություն չունեցավ 7-րդ գումարման Ազգային ժողովում։

Հայաստանը իրեն հասանելի բոլոր միջոցներով պարտավոր է պաշտպանել Արցախի մեր հայրենակիցներին. Ազատ Դեմոկրատներ

Հայաստանը իրեն հասանելի բոլոր միջոցներով պարտավոր է պաշտպանել Արցախի մեր հայրենակիցներին. Ազատ Դեմոկրատներ

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և իրավունքների պահպանման թիվ մեկ պատասխանատուն, պարտավոր է իրեն հասանելի բոլոր միջոցներով պաշտպանել Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներին՝ պատասխանատվությունից խուսափող հայտարարություններից անցնելով գործուն քայլերի։   Պետք է արձանագրել, որ մինչ այս պահը Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությունը չի գործել և չի ծառայել իր նպատակին։ Ավելին՝ օրեցօր ավելի խոցելի է դարձել Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները, Արցախը կանգնեցնելով ցեղասպանության և հայաթափման իրական վտանգի առջև, Ադրբեջանն այս ընթացքում փակելով Լաչինի միջանցքը՝ եռակողմ Հայտարարությամբ որևէ կերպ չկարգավորվող անօրինական անցակետի տեղադրմամբ, Արցախն ամբողջությամբ կտրել է Մայր Հայաստանից։ Այս թողտվության հետևանքն է նաև Ադրբեջանի այսօրվա ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության վրա, որի հետևանքով արդեն իսկ ունենք զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում։ Ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, պարտավոր է դիմել ՄԱԿ Անվտանգության Խորհրդի անդամ երկրներին՝ հրատապ նիստ հրավիրելու նպատակով, հետևյալ օրակարգով՝   1․ Անհապաղ կանգնեցնել ռազմական գործողությունները՝ կանխելով տարածաշրջանում անկանխատեսելի հետևանքներով հղի լայնածավալ ռազմական գործողությունների բռնկումը, 2․ Հայաստանի Հանրապետություն, Արցախ, այդ թվում նաև Լաչինի միջանցք ուղարկել ՄԱԿ խաղաղապահ ուժեր, 3․ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերում, 4․ Պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ակնհայտ ռազմական հանցացործ իշխանությունների նկատմամբ։   Բացի այս, կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը և ՌԴ պատասխանատու պաշտոնյաներին այս օրհասական պահին իրավիճակն էլ ավելի թեժացնող սադրիչ հայտարարությունների փոխարեն անցնեն իրենց դաշնակցային պարտավորությունների կատարմանը ՀՀ նկատմամբ, ինչպես նաև Արցախի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությունից բխող իրենց պարտավորությունների կատարմանը, կամ անկեղծորեն հայտարարեն, որ ի զորու չեն ապահովել իրենց պարտավորությունների կատարումը և ՄԱԿ Անվտանգության Խորհրդում աջակցեն Հայաստանի Հանրապետության պահանջ-օրակարգին։ Այլապես, Հայաստանի Հանրապետությունը պարտադրված է լինելու վերանայել ՌԴ հետ իր դաշնակցային հարաբերությունները։   Ո՛ւժ և կորո՛վ Արցախի մեր անկոտրում քույրերին և եղբայրներին, Աստված պահապան մեր հերոսական ժողովրդին»։
23:22 - 19 սեպտեմբերի, 2023
ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

 |aravot.am|

ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց |aravot.am|

aravot.am: «Սուրեն Մանուկյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգեցին։ Դրանով դատական նիստն ավարտվեց»,- Aravot.am-ին տեղեկացրեց Սուրեն Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանը։ Հիշեցնենք՝ այսօր ժամը 11։00-ից մեկնարկած և մինչև աշխատանքային օրվա ավարտ տևած՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջեւան քաղաքի նստավայրում (նախագահող դատավոր՝ Նարեկ Բադալյան) ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում որոշվեց երկարաձգել նաև մեղադրյալներից Արմեն Քամալյանի տնային կալանքի ժամկետը։ Այն երկարաձգվեց երեք ամսով։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին: 2022-ի օգոստոսի 14-ին դատարանը որոշել էր կալանավորել Սուրեն Մանուկյանին։ Այս գործով մեղադրվում են Սուրեն Մանուկյանը, Արմեն Քամալյանը, Թաթուլ Պողոսյանը, Մուրադ Մուրադյանը։ Սուրեն Մանուկյանի փաստաբանից հետաքրքրվեցինք՝ Սուրեն Մանուկյանի կալանքը երկարաձգելու որոշումը սպասելի՞ էր, նա պատասխանեց․ «Նախապես ամեն ինչ որոշված էր, որովհետև ակնհայտ խախտումներով, օրենսդրական նորմերն անտեսելով էր անցնում դատական նիստը, այնպիսի տպավորություն էր, որ ցանկացած գնով, ինչ-որ բաներ շրջանցելով ու անտեսելով պետք է այդ խափանման միջոցի հարցը որոշվեր, որ հանգստանային։ Որոշեցին, հանգստացան»։
20:14 - 09 օգոստոսի, 2023
Կալանավորվել է Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման մեջ մեղադրվող Սուրեն Մանուկյանը

Կալանավորվել է Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման մեջ մեղադրվող Սուրեն Մանուկյանը

Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման մեջ մեղադրվող Սուրեն Մանուկյանը կալանավորվեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը: «Չնայած ենթադրյալ կատարված դեպքին առնչությունը հերքող և մասնակցությունը բացառող, պաշտպանական կողմից ներկայացված բազմաթիվ բազմաթիվ փաստերի՝ դատարանը որոշեց կալանավորել Սուրեն Մանուկյանին։ Կալանավորման որոշման հետ միանշանակ համաձայն չենք, այն համարում ենք անօրինական և անհիմն, հետևաբար այն ստանալուց հետո սահմանված ժամկետում կբողոքարկվի վերաքննիչ քրեական դատարան»,- գրել է նա։ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել երեկ երեկոյան ՔՕ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, այն է` անձի առևանգումը խմբակային ձևով: Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն համարում է «հերթական քաղաքական շոուն»: Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն հայտարարել է, որ իր հոր առևանգման գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հոգի։ Ոստիկանությունն էլ հայտնել էր, որ նախկին պատգամավորի հորը առևանգել են և գումար են պահաջել: Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ հանցագործությունը կազմակերպել և կատարել են Իջևանի բնակիչներ 37-ամյա Սուրեն Մ․-ն և 25-ամյա Արմեն Ք․-ն։ Նրանք ոստիկանության ծառայողների կողմից օգոստոսի 11-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին։
21:57 - 14 օգոստոսի, 2022
Արցախի խնդրի կարգավորումը համազգային հարց է, այն որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ. «Ազատ դեմոկրատներ»

Արցախի խնդրի կարգավորումը համազգային հարց է, այն որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ. «Ազատ դեմոկրատներ»

Արցախի հիմնահարցի կարգավորումը համազգային հարց է և պահանջում է ՀՀ ու Արցախի պետական շահից բխող համընդհանուր մոտեցում: Սա որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի և Արցախի պետական շահերի պաշտպանությունը յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է Հարգելի՛ հայրենակիցներ, Մեր գիտակցական և քաղաքական-դիվանագիտական որակներից և հմտություններից է կախված, թե աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակն ինչպես կծառայեցնենք ի նպաստ ինքնիշխան, կենսունակ, արժանապատիվ  և երաշխավորված ապագա ունեցող ժողովրդավարական պետության կառուցման գործին, ինչին հասնելու համար անհրաժեշտ է իրատեսական և գործուն քայլեր ձեռնարկել: Չափազանց իրատեսական ենք համարում, օգտվելով աշխարհաքաղաքական նույնիսկ այս իրավիճակից և առկա մարտահրավերներից, բանակցություններն ի նպաստ ՀՀ-ի և Արցախի շահին ծառայեցնելուն՝ այս գործընթացները հանգուցալուծելով Հայաստանի և Արցախի համար առնվազն շահեկան ելքով: Անընդունելի է նաև այդքան անհրաժեշտ խաղաղությանն հասնել ուժի սպառնալիքի ազդեցությամբ և Հայաստանի Հանրապետության ու Արցախի կենսական շահերի ոտնահարման հաշվին: Բանակցային գործընթացներում և դրանից բխող գործառույթներում (դելիմիտացիա և դեմարկացիա, տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների  ու ենթակառուցվածքների ապաշրջափակում) Հայաստանի Հանրապետության համար ներքոնշյալ պայմանները պետք է լինեն անհերքելի նշաձողը. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում՝ որպես միջազգայնորեն ճանաչված փաստ՝ պետք է լինի կարմիր գիծ՝ հասնելով  Արցախի միջազգային ճանաչման: Արցախը որևէ պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:  Արցախի Հանրապետության Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքների դեօկուպացիա՝ ապահովելով Հայաստանի հետ անվտանգ և անխափան ցամաքային կապը: Գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց  անհապաղ վերադարձ՝ առանց որևէ նախապայմանի: Հայաստանի Հանրապետության՝ 2021թվականի մայիսի 12-ից ի վեր խախտված տարածքային ամբողջականության վերականգնում: Այս գործընթացներում ներգրավված միջազգային դերակատարները, ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ը պարտավոր են միջազգային առկա բոլոր մեխանիզմներով գործուն քայլեր իրականացնելու Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ սուվերեն տարածքից ժամ առաջ դուրս բերելու և ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի վերականգման ուղղությամբ:  Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում բացառապես առանց նախապայմանների՝ բացառելով Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացի հետ որևէ փոխկապակցությունը:  Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների լուծումը և Արցախի հիմնահարցի կարգավորումը համազգային հարց է և պահանջում է ՀՀ ու Արցախի պետական շահից բխող համընդհանուր մոտեցում: Սա որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ, և որևէ մեկը իրավունք չունի ժողովրդի հետ խոսելու վերջնագրերի լեզվով, այլ միայն համազգային ողջ ներուժի համախմբմամբ և մեր ժողովրդի ու պետության շահը գիտակցելով է հնարավոր դիմակայել առկա կենսական նշանակություն ունեցող մարտահրավերներին, քանզի Հայաստանի և Արցախի պետական շահերի պաշտպանությունը յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է:
14:26 - 03 հունիսի, 2022
Ժամանակն է սթափվելու և անցնելու հստակ գործողությունների՝ ելնելով բացառապես Հայաստանի ու Արցախի շահերից. Ազատ Դեմոկրատներ կուսակցություն

Ժամանակն է սթափվելու և անցնելու հստակ գործողությունների՝ ելնելով բացառապես Հայաստանի ու Արցախի շահերից. Ազատ Դեմոկրատներ կուսակցություն

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Ժամանակն է սթափվելու և անցնելու հստակ գործողությունների՝ ելնելով բացառապես առկա իրավիճակի հրամայականից և Հայաստանի ու Արցախի շահերից։ Սիրելի՛ հայրենակիցներ,Արդեն 44 օր է մեր քաջարի բանակը պայքարում է ադրբեջանաթուրքական ահաբեկիչների դեմ՝ հանուն Արցախի և արցախցու սեփական հողում ապրելու և արարելու իրավունքի: Այս բարդ իրավիճակում բոլորիս միակամությունն ու համերաշխությունն առաջնային է և կարևոր, սակայն վերջին օրերին տարբեր պատասխանատու պաշտոնյաների կողմից հնչող իրարամերժ հայտարարությունները չափազանց վտանգավոր են, անթույլատրելի և հղի տագնապալի իրավիճակի ստեղծմամբ: Նման իրավիճակը կանխելու համար և վտանգավոր անորոշությունը վերացնելու համար անհրաժեշտ է՝ 1. ՀՀ վարչապետը ժամ առաջ հանդես գա ժողովրդին ուղղված հաշվետվությամբ և տա իրավիճակի հստակ և ճշգրիտ գնահատականը: Առանց ավելորդությունների և սառը դատողությամբ պետական մակարդակով պետք է ձևակերպել անելիքները՝ ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխան: Այսօր, առավել քան երբևէ հասարակությանը պետք է տրվի հստակ և ճշգրիտ տեղեկատվություն, հակառակը կարող է պատճառ դառնալ վտանգավոր խուճապի և անորոշության տարածման՝ իր բոլոր բացասական և վտանգավոր հետևանքներով: 2. Պետք է անհապաղ խոսել աշխարհաքաղաքական տերությունների, այդ թվում ԵՄ-ի հետ՝ առանց բացառությունների և առաջին դեմքերի մակարդակով, հստակություն մտցնել նրանցից սպասվող գործողությունների մեջ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմաճակտում իրավիճակի փոփոխություններն ու զարգացումները տեղի են ունենում հաշված ժամերի ընթացքում: Այս գործընթացին ևս հասարակությանը պետք է հաղորդակից դարձնել՝ բացառելով նաև չհիմնավորված սպասումները աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնից: 3. Ռուսաստանի Դաշնությունից, որպես ռազմաքաղաքական դաշնակից, պետք է պահանջել իր պայմանագրային /1997թ.-ի Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, Համագործակցության և Փոխադարձ օգնության մասին Պայմանագիրը, ռուսական 102-րդ ռազմական բազայի տեղակայման մասին պայմանագիրը՝ փոփոխություններով ու լրացումներով / պարտականությունների ողջ ծավալով կատարում: 4. ՀԱՊԿ-ից, որպես անվտանգության համակարգ, պետք է պահանջել հստակ դիրքորոշում և գործուն քայլեր իր անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ, հաշվի առնելով նաև այն ցցուն փաստը, որ այս ընթացքում բազմիցս խոցվել են ՀՀ բնակավայրերը և կան քաղաքացիական զոհեր: Պետք է նաև պահանջել, որպեսզի դադարեցվի ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից զինտեխնիկայի մատակարարումն Ադրբեջանին: 5. Քաղաքական տարբեր շրջանակներին կոչ ենք անում ՀՀ-ի և Արցախի համար այս ճակատագրական պահին դրսևորել զսպվածություն, լինել բացառապես բանակի կողքին, քանզի ռազմական դրության ընթացքում անթույլատրելի և անընդունելի է ցանկացած գործողություն, որը կարող է հասարակությանը տանել երկփեղկվածության:Անընդունելի է, այս ճակատագրական պահին արցախյան ճակատում արձանագրվող հաջողությունների կամ անհաջողությունների հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքելը՝ երբևիցե և առավելևս այսօր անթույլատրելի և աններելի է արցախյան հիմնախնդիրը դարձնել խաղաթուղթ թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի ձեռքում: Ժամանակն է սթափվելու, ռեալ գնահատելու ներկա մարտահրավերները և անցնելու հստակ գործողությունների՝ ելնելով բացառապես առկա իրավիճակի հրամայականից և Հայաստանի ու Արցախի շահերից: Սա ցանկացած հայի պարտքն է այսօր՝ մենք հավատում ենք մեր բանակի ուժին և մեր ժողովրդի բռունցքված հավաքականությանը, վստահ ենք մեր ապագային՝ որը կերտվում է մեր հերոսների ջանքերով և պայքարով»:
00:14 - 10 նոյեմբերի, 2020
Սա ոչ թե Հայաստանի և Արցախի խնդիրն է, այլ ողջ քաղաքակիրթ աշխարհի․ «Ազատ դեմոկրատները»՝ Արցախի սահմանին ադրբեջանաթրքական հարձակման մասին

Սա ոչ թե Հայաստանի և Արցախի խնդիրն է, այլ ողջ քաղաքակիրթ աշխարհի․ «Ազատ դեմոկրատները»՝ Արցախի սահմանին ադրբեջանաթրքական հարձակման մասին

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արցախի սահմանի ողջ երկայնքով հակառակորդի սանձազերծած ագրեսիային։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․  «Սա ոչ թե Հայաստանի և Արցախի խնդիրն է, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի: Սիրելի՛ հայրենակիցնե՛ր, Մեր քաջարի զինվորնե՛ր, Այլևս ավելի քան ակնհայտ է, որ Արցախի և Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով գործ ունենք ոչ միայն ադրբեջանական, այլև ադրբեջանաթրքական լայնածավալ հարձակման և սանձարձակ ագրեսիայի հետ: Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ին, ՆԱՏՕ-ին(որի անդամն է Թուրքիան), քաղաքակիրթ ողջ աշխարհին և բոլոր նրանց, ում համար կարևոր է տարածաշրջանի կայունությունը և խաղաղ բնակչության ապրելու իրավունքը, հերթապահ և անհասցե հայտարարություններից անցնել հստակ և կանխարգելիչ գործողությունների և զսպել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծված լայնածավալ և նախապես պլանավորված պատերազմական գործողությունները, քանզի աներկբա է, որ այդ գործողությունները հաշված ժամերի ընթացքում կարող են վտանգել ողջ տարածաշրջանի առանց այն էլ փխրուն կայունությունը՝ այն վերածելով ռազմական գործողությունների ամենաթեժ կետի: Սա ոչ թե Հայաստանի և Արցախի խնդիրն է, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի, այս իրավիճակը չափազանց վտանգավոր մարտահրավեր է ողջ տարածաշրջանի և քաղաքակիրթ աշխարհի համար, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այս վճռորոշ պահին, մենք բոլորս ունենք մեկ անուն և ազգանուն, չկան ջրբաժաններ, աջեր և ձախեր, սա պայքար է հանուն խաղաղ ապրելու և արարելու իրավունքի, այս պատերազմը չի կարող լինել միայն մերը, քանզի սա պատերազմ է հանուն արդարության, հանուն ապրելու իրավունքի և հանուն քաղաքակիրթ և խաղաղ գոյակցության: Այս պատերազմում ջրբաժանը մեկն է՝ քաղաքակիրթ աշխարհի և ագրեսորների միջև, և ողջ քաղաքակիրթ աշխարհը պարտավոր է համախմբվել սանձարձակ ագրեսորի դեմ՝ հանուն արդարության և հանուն քաղքակիրթ աշխարհի համընդհանուր շահերի և ժամ առաջ կանգնեցնելու մարդասպան պատերազմը: Փա՛ռք ու պատի՛վ հանուն խաղաղության և ապրելու իրավունքի համար պայքարող մեր մարտիկներին, Հավերժ փա՛ռք հանուն ազատության իրենց կյանքը զոհած հերոսներին»:
00:36 - 28 սեպտեմբերի, 2020
Անթույլատրելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՀԱՊԿ ղեկավարության կրավորական և ոչ հասցեական հայտարարությունները. Ազատ դեմոկրատներ

Անթույլատրելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՀԱՊԿ ղեկավարության կրավորական և ոչ հասցեական հայտարարությունները. Ազատ դեմոկրատներ

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Խաղաղ բնակչությանը հրետակոծող Ադրբեջանին և վերջինիս աջակից Թուրքիային չդատապարտելը նույնն է, թե ոչինչ չասել և որևէ գործուն քայլ չձեռնարկել տարածաշրջանի առանց այն էլ փխրուն խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ. Ազատ Դեմոկրատներ կուսակցություն   Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի զինուժի կողմից սանձազերծված սադրիչ գործողությունների մաշտաբներն արդեն որերորդ օրն է ընդարձակվում են՝ թե՛ ռազմական և թե՛ աշխարհաքաղաքական տեսանկյունից: Ակնհայտ է, որ այս ողջ ընթացքում ադրբեջանական ռազմական գործողություններին գործուն և անմիջական հանցավոր աջակցություն է ցուցաբերում Թուրքիան: Մասնավորապես դրա վկայությունն է Թուրքիայի նախագահ Էրդողանի և արտգործնախարարի ագրեսիվ հայտարարությունները, Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն առ այն, որ իրենք կլինեն Ադրբեջանի զինուժի կողքին և կգործեն  «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի համաձայն», Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատարի հուլիսի 16-ի այցը Թուրքիա և հանդիպումը Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ, իսկ  Ադրբեջանը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային ահաբեկչական հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմակայանի հրթիռակոծությամբ: Այս ցցուն փաստերի առկայության պարագայում առնվազն անթույլատրելի է ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահող պետությունների կողմից գործուն քայլերի բացակայությունն ու լռությունը նույն Մինսկի խմբի անդամ հանդիսացող Թուրքիայի ժամ առ ժամ աճող ագրեսիվ և ակնհայտ ռազմատենչ միջամտությանը և Ադրբեջանին ցուցաբերած գործուն աջակցությանը, որոնք հանգեցնում են ադրբեջանական ռազմական ագրեսիայի աճին ուղղված նաև Հայաստանի խաղաղ բնակչության, բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ, ինչի արդյունքում արդեն իսկ ունենք վիրավոր քաղաքացիական բնակչության շրջանում,  24-ից ավելի ավերված տներ, հրետակոծված մանկապարտեզ: Անթույլատրելի է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՀԱՊԿ ղեկավարության կրավորական և ոչ հասցեական հայտարարությունները, որը ոչ թե կանխարգելիչ, այլ ընդհակառակը՝ նպաստավոր պայմաններ է ստեղծում Թուրքիայի և Ադրբեջանի համար ժամ առ ժամ ավելացնելու իրենց  ագրեսիվ ռազմական գործողությունները Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ: Բախումները սադրող, խաղաղ բնակչությանը հրետակոծող Ադրբեջանին, և վերջինիս հանցավոր աջակից ու լարվածությունը թեժացնող Թուրքիային չդատապարտելը նույնն է, թե ոչինչ չասել և որևէ գործուն քայլ չձեռնարկել տարածաշրջանի առանց այն  էլ փխրուն խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ: Կոչ ենք անում տարածաշրջանի կայունությամբ և խաղաղությամբ շահագրգիռ միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին և ՄԽ համանախագահներին, Երոպական Միությանը, ՀԱՊԿ-ին ժամ առաջ գործուն քայլեր ձեռնարկել կանխելու ադրբեջանաթուրքական ակնհայտ ագրեսիան ՀՀ խաղաղ բնակչության նկատմամբ: Ակնհայտ է, որ այս իրավիճակը հայ-ադրբեջանական ռազմական գործողություններից ժամ առ ժամ վերածվում է խորը և բազմաշերտ աշխարհաքաղաքական գործընթացի, որը հղի է ողջ տարածաշրջանի ապակայունացման և նոր թեժ օջախի առաջացման վտանգով: Հարկ ենք համարում շեշտել, որ ադրբեջանական ագրեսիան մինչ օրս բացառապես զսպվում է ՀՀ Զինված Ուժերի պրոֆեսիոնալ և անձնուրաց գործողությունների շնորհիվ: Փա՛ռք ու պատի՛վ հանուն մեր սահմանների պաշտպանության և խաղաղության համար զոհված հերոսներին, վիրավորներին, մեր սահմանների խաղաղությունն ու անվտանգությունն ապահովող զինվորներին և մեր սահմանապահ ու խաղաղասեր ժողովրդին»:
10:45 - 17 հուլիսի, 2020
Ճիշտ աշխատող ՏԻՄ ունեցող համայնքին խոշորացում պետք չէ, ֆինանսական ռեսուրսներ են պետք․ Անժելա Խաչատրյան

Ճիշտ աշխատող ՏԻՄ ունեցող համայնքին խոշորացում պետք չէ, ֆինանսական ռեսուրսներ են պետք․ Անժելա Խաչատրյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման թեմայով։ - «Ազատ դեմոկրատները» դեմ է համայնքների խոշորացմանը․ դեռևս 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ դուք ասում էիք՝ համայնքները չպետք է խոշորացվեն։ Համայնքների համար ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ խոշորացումը։ - Դեռևս 2016-ին և դրանից առաջ, երբ քննարկվում էր համայնքների խոշորացման հայեցակարգը, և հետագայում, երբ օրենքի նախագիծը բերվեց Ազգային ժողով, մենք խորհրդարանում էինք և մեր դիրքորոշումը ներկայացրինք՝ պատճառաբանելով, որ այստեղ խնդիրը զուտ բյուջեի հավելումները կամ կրճատումները չեն։ Համայնքների խոշորացման գործընթացում կա նաև շատ կարևոր մի ասպեկտ, որը կոչվում է տվյալ համայնքի մշակութային առանձնահատկություն, որովհետև սա զուտ տնտեսական խնդիր չէ, նաև մշակութային խնդիր է։ Կան համայնքներ, որոնք, իհարկե, ունեն 120 բնակիչ, բայց այդ համայնքներն ունեն երկար տարիների պատմություն և ավանդույթներ ունեցող դպրոց, 5-րդ դարից պահպանված մշակութային կոթող, եկեղեցի։ Տվյալ համայնքներին զրկել իրենց ժողովրդարացման գործընթացից և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու ժողովրդավարական կարևորագույն ատրիբուտից, որն ամբողջ աշխարհում է խթանվում, սխալ է, և մեր դիրքորոշումը հենց դրանով է պայմանավորված եղել։  Խոշորացման հիմնական առանձնահատկությունը, որ նշվում էր թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա, այն էր, որ ավելի շատ ֆինանսական հնարավորություններ կտրվեն խոշորացված համայնքներին, և խնդիրները թիրախային լուծումներ կստանան։ Փորձեմ չհամաձայնել, որովհետև եթե տվյալ համայնքն ունի բյուջե, համայնքի բնակիչներն արդեն իսկ, թեկուզ քիչ, բայց մասնակցում են բյուջեի կառավարմանը, ավագանի են ընտրում, կոնկրետ գիտեն՝ իրենց համայնքն ինչ խնդիր ունի։ Բայց մենք տեսնում ենք, որ հիմնականում խոշորացված փնջերում փոքր գյուղերը միանում են մեծ կենտրոնի հետ, և դասագրքային ճշմարտություն է, որ, բնականաբար, դոմինանտ լինելու է այն համայնքը, որն առավել խոշոր է թե՛ իր բնակչության քանակով, թե՛ իր խնդիրների քանակով, որովհետև ինչքան մեծ է համայնքը, այնքան ավելի շատ խնդիրներ լուծվելու են տվյալ համայնքում։  Տնտեսական դոմինանտության խնդիր, այնուամենայնիվ, առաջանալու է։ Փնջի մեջ գտնվող խոշոր համայնքը, ըստ տրամաբանության, դառնալու է խոշորացված համայնքի կենտրոն, ընտրությունների ժամանակ ավագանու ամենաշատ անդամներ լինելու են այդ համայնքից, և նրանք ավելի շատ փորձելու են իրենց  ընտրողների խնդիրները լուծել։ Իսկ իրենց ընտրողները, փաստացիորեն, խոշոր համայնքի ընտրողներն են, ոչ թե ինչ-որ 120 հոգանոց հեռավոր համայնքի։ Մյուս խնդիրն այն է, թե ինչպես են այդ փնջերը ձևավորվում։ Ինչպես նշեցի՝ առանձնահատկությունները, մշակույթը հաշվի առնելու խնդիր կա։ Այդ առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ մենք ունենք շատ ու շատ համայնքներ, այդ համայնքներն ունեն իրենց ուրույն դիմագիծը, և շատ հնարավոր է՝ ճանապարհի հակառակ կողմում գտնվող համայնքի հետ այդքան էլ լավ հարաբերություններ չունեն։ - Կառավարությունն ասում է՝ մենք բնակավայրերը պահպանում ենք, և յուրաքանչյուր բնակավայր ունի վարչական ղեկավար։  - Վարչական ղեկավար ունենալու դեպքում էլ այս խնդիրը շարունակելու է գոյություն ունենալ, որովհետև, ինչպես նշեցի, փոքր համայնքն ավագանիում շատ քիչ ներկայացվածություն է ունենալու և  ինչ-որ առումով տուժելու է բյուջեի բաշխման, խնդիրների լուծման ժամանակ։ Իսկ այն դեպքում, երբ համայնքն ունենում է իր ընտրած ավագանին, իր ընտրած ավագանուց պահանջում է հստակ մոտեցում, հստակ խնիրներ են դրվում ավագանու առջև, և այդ խնդիրները լուծվում են։  - Ձեր նշած խնդիրը կլուծվե՞ր, եթե խոշորացված համայնքի ավագանու կազմում բոլոր բնակավայրերից ներկայացուցիչներ ունենալու համար քվոտաներ սահմանվեին։  - Այդ դեպքում հնարավոր կլիներ խնդիրը լուծել, որովհետև այլ կերպ ընտրությունը մեխանիկորեն է լինելու։ Պետության ժողովրդավարացման, նաև քաղաքացու մասնակցայնությունն ապահովելու համար տեղական ինքնակառավարումը շատ կարևոր գործիք է։  Անընդհատ խոսվում է ռեսուրսների տեղաբաշխման մասին, ասվում է, որ պետք է ապակենտրոնացում իրականացվի։ Ապակենտրոնացումը միայն տեղական իշխանության փոփոխությունը կամ խոշորացումը չէ։ Հնարավոր է նաև ճիշտ կառավարելիություն մտցնել, տվյալ համայնքին տալ հնարավորություն՝ ներկայացնելու իր խնդիրները և տվյալ խնդրներին համապատասխան՝ ստանալու դոտացիաներ, ոչ թե դա կատարել ընտրողաբար կամ համահարթեցված։ Համահարթեցումը ևս լուծում չէ, որովհետև փոքր համայնքը, բնականաբար, կունենա փոքր խնդիրներ, մեծ համայնքը կունենա մեծ խնդիրներ։ Այստեղ ավելի շատ կարևոր է մարդկային և նաև ֆինանսական ռեսուրսների ճիշտ կառավարումը։  - Կառավարությունն ասում է, որ եթե համայնքները խոշորացվում են, ենթակառուցվածքներն են զարգանում, բնակիչներին մատուցվող ծառայությունների որակն է լավանում, և այն համայնքները, որոնք նախկինում չէին կարող երազել փողոցների լուսավորություն, մանկապարտեզ, բարեկարգ ճանապարհներ ունենալու մասին, այժմ կարող են այդ ամենն ունենալ։ Համաձայն չե՞ք, որ համայնքների խոշորացումը փոքր համայնքների համար կարող է նաև նպաստավոր լինել։ - Մենք արդեն ունենք խոշորացված համայնքներ և նաև ունենք այդ խոշորացված համայնքների բնակչների դիրքորոշումը, որ իրենց կյանքում խոշորացումից առաջ և հետո որևէ բան էականորեն չի փոխվել։ Դուք նշեցիք մանկապարտեզի, ճանապարհների, լուսավորության խնդիրները։ Ի՞նչն է խանգարում համայնքին, որն ունի տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք ճիշտ են աշխատում, ճիշտ խնդիրներ են բարձրացնում մարզպետարանում, այնուհետև կառավարությունում, իր լուսավորության խնդիրը լուծել։ Խոշորացումը չէ այն գործիքը, որով հնարավոր է այդ խնդիրները լուծել, այդ խնդիրն առանց խոշորացման էլ հնարավոր է լուծել, երբ կան ֆինանսական ռեսուրսներ։  Բերվում է այն մոտեցումը, որ ամեն համայնքի համայնքապետարանում անիմաստ պահվում են աշխատակցիներ, և դա բյուջեի հավելյալ ծախս է։ Սա խնդրի այլ կողմն է։ Դա որոշ բնակավայրերում միակ աշխատատեղն է․ եկե՛ք այս ասպեկտից ևս նայենք։ Համայնքապետարանում աշխատողները, թերևս, միակ աշխատողներն են որոշ համայնքներում, որովհետև այլ աշխատատեղեր գոյություն չունեն։  - Կառավարությունն էլ ասում էր՝ փոքր համայնքի՝ առանց այն էլ փոքր բյուջեի մեծ մասն ուղղվում էր համայնքապետարանի աշխատակազմի աշխատավարձերին, և համայնքի կարիքների համար գումար չէր մնում։ - Նույնը կա նաև կառավարությունում, ցանկացած նախարարությունում, վարչությունում․ աշխատակիցների ուռճացված բազա այն դեպքում, երբ կան հաստիքներ, որոնք որևէ գործառույթ չեն իրականացնում։ Նույնը համայնքնրեի դեպքում է։ Հնարավոր է հաստիքների կրճատում իրականացնել։ Ճանապարհների խնդիր գոյություն ունի, որովհետև երբեմն միացնում են այնպիսի համայնքներ, որոնք անգամ աշխարհագրորեն համատեղելի չեն։ Համայնք կա, որն իր կենտրոնից հեռու է, ենթադրենք, 30 և ավելի կիլոմետր։ Շատ ու շատ բնակիչների համար խնդիր է կենտրոն հասնել մի սովորական թղթի համար։ Իհարկե, տեղում լինելու է վարչական ղեկավար, որն ինչ-ինչ հարցեր լուծելու է, բայց հարցերի մեծ մասը պատվիրակվելու է կենտրոնին, և այս դեպքում մարդիկ ևս որոշակի ծառայությունների հասանելության խնդիր են ունենալու։ Բերվում է միջազգային պրակտիկայի օրինակը։ Մեր համայնքների առանձնահատկությունն այն է, որ տվյալ համայքը ձևավորվել է իր բոլոր կարևորագույն կենտրոնների՝ եկեղեցու, դպրոցի, մշակութային կենտրոնի շուրջ։ Իսկ միջազգային պրակտիկայում մենք չունենք այդպիսի բան, այնտեղ տվյալ վարչատարածքային համայնքը ձևավորվել է ինչ-որ գործարանի շուրջ․  ինչ-որ արդյունաբերություն է եղել այդտեղ, տարբեր տեղերից եկել են մարդիկ, որոնք աշխատել են տվյալ արդյունաբերության շուրջ, տվյալ գործարանում, և ձևավորվել է համայնք։ Այսինքն՝ այստեղ մշակութային խնդիր, պահպանության առանձնահատկություն չկա, բայց Հայաստանում կա։  Կարևոր է նաև հանգամանքը, որ տվյալ հարցի լուծումը զուտ օրենքն ընդունելով և իմպերատիվ կիրառելով չպիտի լիներ, դա պետք է լիներ փուլային տարբերակով, պետք է ստուգվեր, հետադարձ կապը պետք է պահպանվեր բնակչության հետ։ Հիմա այն համայնքներին, որոնք դեմ են խոշորացմանը, հնարավորություն է տրվում ստորագրահավաք իրականացնել և իրենց հաշվին հանրաքվե իրականացնել։ Բնականաբար, փոքր համայնքը, անգամ եթե դեմ լինի, հնարավորություն չի ունենա հնարաքվե իրականացնել։  - Հանրաքվեն պետք է ոչ թե համայնքն իր միջոցներով իրականացներ, այլ կառավարությո՞ւնը։ - Այո՛։ Ի վերջո մենք այս ամենն անում ենք տվյալ համայնքի բնակչի կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու, տվյալ համայնքում ենթակառուցվածքներն առավել արդյունավետ ու զարգացած դարձնելու և, ի վերջո, այդ ամենը տվյալ քաղաքացուն ծառայեցնելու համար։ Ըստ այդմ՝ քաղաքացու ձայնը ևս պետք է լսելի լինի։ - Իսկ հանրաքվեների արդյունքները պարտադիր կատարման ո՞ւժ պետք է ունենան։ - Բնականաբար, որովհետև էլ ո՞րն է հանրաքվե իրականացնելու իմաստը, եթե լսելու ենք արձագանքը, բայց, միևնույն է, խոշորացումն իրականացվելու է։  - Կառավարությունը վստահեցնում է, որ կխուսափի խոշորացումից, եթե որևէ համայքնի բնակիչներ հանրաքվեով դեմ լինեն։ - Բայց հանրաքվեի իրականացման պարտավորությունը դրվելու է համայնքի վրա։ Սա նաև լրացուցիչ ֆինանսական բեռ է դառնում համայնքի համար, որովհետև շատ հնարավոր է՝ համայնքը իր բյուջեով հնարավորություն չունենա դա իրականացնել։ Շատ համայնքներ, որոնք չեն ունենա այդ հնարավորությունը, նաև իրենց ձայնը լսելի դարձնելու հնարավորություն չեն ունենա։  Աննա Սահակյան
21:29 - 10 հուլիսի, 2020