Համաշխարհային բանկ

Համաշխարհային բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը զարգացող երկրներին վարկ է տրամադրում ենթակառուցվածքային հիմնական ծրագրեր իրականացնելու համար։ Հիմնադրվել է 1945 թ․ դեկտեմբերի 27-ին։ Գլխադասային գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնում։ 

Ներկայումս «Համաշխարհային բանկ» փաստացի նշանակում է երկու կազմակերպություն՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ և Զարգացման միջազգային ասոցիացիա։ Տարբեր ժամանակներում ՀԲ-ի խնդիրները լուծելու համար դրանց են միացել ևս երեք կազմակերպություն՝ Միջազգային ֆինանսական կորպորացիան, Ներդրումների երաշխավորման բազմակողմանի գործակալությունը, Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը։ Բոլոր հինգ կազմակերպությունները մտնում են ՀԲ կազմակերպությունների խմբի մեջ և կոչվում են Համաշխարհային Բանկի Խումբ։                                                                                

Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահին

Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդենին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ՀՀ-ՀԲ գործընկերությունը, որի 30-ամյակը լրանում է այս տարի սեպտեմբերին, և որի շրջանակում մեր երկրում իրագործվում են տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրեր՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթությունների թվում են կրթության, ենթակառուցվածքների, կառավարման, թվայնացման ոլորտների բարեփոխումները, և դրանց հաջող իրականացման գործում Համաշխարհային բանկը Հայաստանի կարևոր գործընկերներից է: ՀԲ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի համար և շնորհավորել փոխշահավետ գործընկերության 30-ամյակի առթիվ: Աննա Բյերդեն անդրադարձել է համատեղ ծրագրերին՝ արդյունավետ գնահատելով դրանց ընթացքը և մեր երկրի տնտեսական առաջընթացին բերած նպաստը: Նա նշել է, որ ՀԲ-ն պատրաստակամ է շարունակելու օժանդակությունը ՀՀ կառավարությանը՝ գործունեության ծրագրով նախանշված առաջնահերթությունները կյանքի կոչելու ուղղությամբ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ գործընկերության շրջանակում առ այսօր կատարված աշխատանքներից և մտքեր փոխանակել դրա զարգացման հեռանկարների շուրջ: Երկուստեք կարևորվել է կրթության, ենթակառուցվածքերի, դատաիրավական, թվայնացման, առողջապահության, հանրային կառավարման և այլ ուղղություններով փոխգործակցությունը: Նշվել է ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման և մարդկային կապիտալի զարգացման ծրագրերի անհրաժեշտությունը: Վարչապետն ընդգծել է կրթության ոլորտի բարեփոխման առաջնահերթությունը, քանի որ մարդկային կապիտալը կարևորագույն ռեսուրսն է, և կրթությունն է ցանկացած ռեֆորմի հաջողության հիմքը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հենց այս տեսլականն է դրված Կառավարության ծրագրի հիմքում, որի իրականացման ուղղությամբ էլ գործադիրը հետևողականորեն առաջ է շարժվում: Ռեֆորմները հաջողելու համատեքստում Կառավարության ղեկավարը կարևորել է նաև ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը միտված ծրագրերը՝ դատական ոլորտից մինչև հանրային կառավարում: Վարչապետ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Համաշխարհային բանկին, ՀԲ հայաստանյան գրասենյակին արդյունավետ գործընկերության համար և վերահաստատել Կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու ու հարստացնելու այն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններով:
15:11 - 12 սեպտեմբերի, 2022
Կառավարությունը պատրաստակամ է միջազգային կառույցների հետ համագործակցություն ծավալել. ԿԳՄՍ փոխնախարար

Կառավարությունը պատրաստակամ է միջազգային կառույցների հետ համագործակցություն ծավալել. ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ծրագրերի ղեկավար, պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) մասնագետ Ելենա Տիմուշևայի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՊՄԳ խորհրդատու Մարսել վան դեն Բրոեկը: Այս մասին հայտնում են նախարարությունից։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է միջազգային կառույցների հետ համագործակցություն ծավալելու հարցում: «Մենք ողջունում ենք ՀԲ-ի նախաձեռնությունը՝ ՀԲ-ԵՄ հավատարմագրային հիմնադրամի Պետական-մասնավոր գործընկերության բաղադրիչին աջակցելու նպատակով, և կարևորում Համաշխարհային բանկի դերը՝ ի դեմս Հայաստանի գրասենյակի, և նմանօրինակ առաքելությունների նշանակությունը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում: Վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը և քննարկումները կլինեն հետաքրքիր ու արդյունավետ», ասել է նա: ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է նաև ԿԳՄՍ նախարարության գործունեության ուղղությունները, առաջնահերթ նպատակները, իրականացվող և նախագծված ծրագրերից մի քանիսը: Ելենա Տիմուշևան բարձր է գնահատել ՀԲ առաքելությանը ՀՀ պետական գերատեսչությունների աջակցությունը՝ հույս հայտնելով, որ հետագա համագործակցությունն արդյունավետ և նպատակային կլինի: «Առաքելության հիմնական նպատակներն են խորհրդակցություններ անցկացնել շահագրգիռ կողմերի հետ՝ ՊՄԳ զարգացման խոչընդոտներն ու մարտահրավերները բացահայտելու և Հայաստանում ՊՄԳ հնարավորությունների պահանջարկը գնահատելու, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՊՄԳ ստորաբաժանումում և այլ ճյուղային նախարարություններում աջակցությանն ու կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքների հաջորդ քայլերը համաձայնեցնելու համար»,- ասել է Ելենա Տիմուշևան և հավելել, որ ՊՄԳ ծրագրի շրջանակում պետական գերատեսչությունների համապատասխան օղակների միջոցով նախատեսվում է տեխնիկական աջակցություն ցույց տալ կրթության, մշակույթի և սպորտի ասպարեզներում գործող կառույցներին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը ներկայում իրականացնում է դպրոցների և մանկապարտեզների հիմնանորոգման ծրագիր, ուստի մեծ հետաքրքրություն կա մասնագիտական խորհրդատվություն անցկացնելու առումով:
12:19 - 30 հունիսի, 2022
ԿԳՄՍ նախարարը և ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը քննարկել են բուհական համակարգի թվայնացման հնարավորությունը

ԿԳՄՍ նախարարը և ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը քննարկել են բուհական համակարգի թվայնացման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Վահրամ Դումանյանը Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենին ներկայացրել է կրթության բոլոր աստիճաններում կրթական բարեփոխումների համակարգը: «Ես վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը և քննարկումները կլինեն հետաքրքիր ու արդյունավետ: Մենք շատ ենք կարևորում Համաշխարհային բանկի դերը՝ ի դեմս Հայաստանի գրասենյակի, Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում»,- նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով Կարոլին Գեգինատին ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի համար: Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն իր հերթին նշել է, որ մարդկային կապիտալի զարգացումն իրենց հիմնական առաջնահերթությունն է, այս առումով մեծ դեր է տրվում որակյալ ու մրցունակ կրթությանը: Կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի աջակցությամբ բուհական համակարգի գործունեության գործիքների թվայնացման հնարավորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀԲ աջակցությամբ իրականացվող ընթացիկ ծրագրերը: Անդրադարձ է եղել աշխատանքային մի շարք խնդիրների:
18:01 - 23 հունիսի, 2022
Արդարադատության նախարարությունը 9 կարևոր ուղղություններով իրականացնում է բարեփոխումներ

Արդարադատության նախարարությունը 9 կարևոր ուղղություններով իրականացնում է բարեփոխումներ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը մասնակցել է Համաշխարհային բանկի «Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին օժանդակելու ապագայի հեռանկարները» ծրագրի շրջանակում կազմակերպված աշխատաժողովին՝ նվիրված Արդարադատության ոլորտի բարեփոխումներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:   Համաշխարհային բանկի և Արդարադատության նախարարության համագործակցությունն իրականացվում է մի շարք թիրախային ուղղություններով, այդ թվում՝ E-court համակարգի քրեական դատավարության մոդուլի մշակում, ՀԿԱԾ թվայնացում, արբիտրաժային կենտրոնի բիզնես մոդելի ուրվագծում, հաշտարարների թվի ավելացում, նոտարական համակարգի արդիականացում, իրավաբանական անձանց պետական ռեգիստր գործակալության կայքի արդիականացում, հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացին աջակցություն, մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման թվային՝ e-criminal case համակարգի ներդնում և ոստիկանական բարեփոխումներին աջակցություն: Աշխատաժողովի ընթացքում փոխնախարար Մինասյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը՝ միաժամանակ, այն շարունակելու և հետագայում ավելի ընդլայնելու պատրաստակամություն հայտնելով: Համաշխարհային բանկի թիմը ներկայացրել է իրականացված ուսումնասիրության արդյունքները, որոնց շուրջ ծավալվել են քննարկումներ, արձանագրված խնդիրների վերաբերյալ հնչել են կառուցողական առաջարկներ: Աշխատաժողովին ներկա են գտնվել Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ և դատավորներ ինչպես նաև մասնագետներ՝ ժամանած Սերբիայից, Խորվաթիայից և Լեհաստանից, որոնք կիսվել են իրենց փորձառնությամբ վճարման կարգադրությունների և փոքր գործերի քննության, թվայնացման ու դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման ուղղություններով: Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
20:16 - 20 հունիսի, 2022
Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիր

Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիր

ՀՀ ֆինանսների նախարարությունում հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրվել է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիր: Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարությունից, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նշվում է, որ 22600000 եվրո գումարի չափով վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ուղղությունները՝ համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացում» կետի դրույթներին: Նախատեսվում է՝ մինչեւ 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումն անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով, մինչեւ 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական եւ ինժեներական լաբորատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը, մինչեւ 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 500 մանկապարտեզ եւ նախակրթարն՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով, բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացնել նորարարական ու զարգացման ծրագրեր, նպաստել դասավանդման և ուսումնառության միջավայրի, ինչպես նաեւ հետազոտական կարողությունների զարգացմանը: Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, նշել է.« Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերը մեզ համար ոչ միայն ֆինանսական միջոցներ են, որոնք ուղղվում են կրթական կարևորագույն ենթակառուցվածքների և միջավայրի ձևավորմանը այլև հնարավորություն են տալիս մշտապես համագործակցել ՀԲ փորձառու թիմի հետ և ստեղծել նմանօրինակ արժեքավոր ծրագրեր»: «Սույն ծրագրով Կառավարությունը կրթության բոլոր աստիճաններով, այդ թվում՝ երեխայի վաղ տարիքի եւ բարձրագույն կրթական ծառայությունների համապատասխանության, որակի եւ մատչելիության բարելավման նպատակ ունի։ Ծրագիրը կարեւոր ուղիներով նպաստում է Հայաստանի մարդկային կապիտալի հզորացմանը եւ տնտեսության մրցունակության բարձրացմանը»,- իր խոսքում նշել է Կարոլին Գեգինատը:
17:47 - 09 հունիսի, 2022
Համաշխարհային բանկը 25 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանի «Կրթության բարելավում» ծրագրին

Համաշխարհային բանկը 25 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանի «Կրթության բարելավում» ծրագրին

Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը մայիսի 23-ին Հայաստանի «Կրթության բարելավում» ծրագրի (ԿԲԾ) Լրացուցիչ ֆինանսավորման համար 25 միլիոն դոլարի վարկ է հաստատել։ Ինչպես հայտնում են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակից, ծրագրի միջոցով Կառավարությանը հավելյալ աջակցություն կտրամադրվի Հայաստանում տարրական դպրոց մուտք գործող երեխաների պատրաստվածության, հանրակրթության ոլորտում կրթական ռեսուրսների ֆիզիկական վիճակի և առկայության բարելավման և բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի և համապատասխանության բարձրացման համար։ Համաշխարհային բանկը 25 միլիոն դոլարի փոփոխական սպրեդով (սփռվածք) ՎԶՄԲ վարկ կտրամադրի, որի արտոնյալ ժամկետը 14․5 տարի է, իսկ մարման ընդհանուր ժամկետը՝ 25 տարի։ Կառավարության մասնակցությունը 6․25 միլիոն դոլար է կազմում։ 1992 թ․ Համաշխարհային բանկին և 1993 թ․ ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ ընդհանուր հանձնառությունները մոտավորապես 2,502,870 միլիոն դոլար են կազմել։ Նշվում է, որ կրթական երեք աստիճաններն ընդգրկող ծրագիրը կօգնի Հայաստանի երեխաների կրթական հետագծի և մարդկային կապիտալի ուժեղացմանը և համահունչ է կառավարության ու ոլորտային միջնաժամկետից երկարաժամկետ ռազմավարություններին։ «Հավասար և որակյալ կրթական համակարգի ստեղծումն առանցքային է ոչ միայն աճի, այլև Հայաստանի երիտասարդներին ավելի պայծառ ապագայի հույս տալու համար: Սույն ծրագրով Կառավարությունը կրթության բոլոր աստիճաններով, այդ թվում՝ երեխայի վաղ տարիքի և բարձրագույն կրթական ծառայությունների համապատասխանության, որակի և մատչելիության բարելավման նպատակ ունի։ Ծրագիրը կարևոր ուղիներով նպաստում է Հայաստանի մարդկային կապիտալի հզորացմանը և տնտեսության մրցունակության բարձրացմանը»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։ Ծրագիրը երկու հիմնական բաղադրիչ ունի. առաջին բաղադրիչով կշեշտադրվի հանրակրթության որակի բարձրացումը՝ չորսից վեց տարեկան երեխաների համար նախատեսված լրացուցիչ 80 համայնքային նախակրթարանների ֆինանսավորմամբ, ինչպես նաև նոր նախակրթարաններում նշանակված ուսուցիչների և տնօրենների վերապատրաստմամբ։ Սեյսմիկ առումով վատ վիճակում և կլիմայական ռիսկի գոտում գտնվող՝ բարձր դասարանների համար նախատեսած չորս միջնակարգ դպրոց կհիմնանորոգվի և կվերանորոգվի։ Բացի այդ, այս բաղադրիչի շրջանակում խրախուսվելու է տվյալներով առաջնորդվող՝ փաստահենք քաղաքականության մշակումը՝ կառավարումը, դասավանդումն ու ուսումնառությունը բարելավելու նպատակով։ Հանրակրթական դպրոցների 200 լաբորատորիաներ կվերազինվեն սարքավորումներով, կկահավորվեն և կապահովվեն ռեսուրսներով՝ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաների վերանայված ուսումնական ծրագրի համատեքստում ուսուցման նախագծահենք մոտեցումը մատուցելու հարցում ուսուցիչներին օգնելու համար։ Երկրորդ բաղադրիչով կֆինանսավորվեն բարձրագույն ուսումնական հաստատությունների (ԲՈՒՀ-եր) նախագծերը՝ աշխատաշուկային համապատասխանությունը, կազմակերպական արդյունավետությունը և ընդգրկման ու այլ հնարավորությունների հավասարությունը բարելավելու համար։ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակում առաջարկների ներկայացման մրցույթով ողջունելի կհամարվեն թե՛ համալսարաններում և թե՛ հիմնական կրթության ոլորտում ԲՏՃՄ կրթության ամրապնդման համար նորարարական մոտեցումների մշակման նպատակադրումով նախագծերը։ «Սույն ծրագիրը կխթանի, որ ԲՈՒՀ-երը ԲՏՃՄ ուսումնական բնագավառում և աշխատատեղերում ավելի մեծ թվով իգական սեռի ուսանողների ներգրավեն և ուսուցման ծրագրերում իգական սեռի դասավանդող ավելի մեծ թվով աշխատակիցներ ունենան: Առաջարկվող աշխատանքների ցանկացած փուլում համայնքում ուսուցիչների, ծնողների և ուսանողների հետ հաճախակի կլոր-սեղանները կբարելավեն քաղաքացիների ներգրավվածությունը և կրթական վերջնարդյունքների մասնակցային մշտադիտարկումը»,- ասել է ծրագրի՝ Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը։ Համաշխարհային բանկը 25 միլիոն դոլարի փոփոխական սպրեդով (սփռվածք) ՎԶՄԲ վարկ կտրամադրի, որի արտոնյալ ժամկետը 14․5 տարի է, իսկ մարման ընդհանուր ժամկետը՝ 25 տարի։ Կառավարության մասնակցությունը 6․25 միլիոն դոլար է կազմում։ 1992 թ․ Համաշխարհային բանկին և 1993 թ․ ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ ընդհանուր հանձնառությունները մոտավորապես 2,502,870 միլիոն դոլար են կազմել։
14:29 - 23 մայիսի, 2022
Հայաստանի 80 բնակավայրերում կստեղծվեն մատչելի նախադպրոցական կրթական ծառայություններ

Հայաստանի 80 բնակավայրերում կստեղծվեն մատչելի նախադպրոցական կրթական ծառայություններ

Կառավարությունն այսօր հավանություն տվեց ՀՀ-ի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը (22 մլն 600 հազար եվրո արժողությամբ):Կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ ծրագիրը մեկնարկել է 2015 թ․-ին Համաշխարհային բանկի աջակցությամբ։Հաշվի առնելով նախկինում գրանցված հաջողությունները՝ ծրագրի շարունակականությունը ապահովելու համար կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին։Նա հայտնեց, որ նոր ծրագրով 80 բնակավայրերում կստեղծվեն մատչելի նախադպրոցական կրթական ծառայություններ, որոնցում ներգրավված կլինեն 4-6 տարեկան շուրջ 3000 երեխաներ։ «Կհիմնանորոգվեն, կկահավորվեն և կվերազինվեն 4 ավագ դպրոցներ՝ շինարարական և անվտանգության չափանիշներին համապատասխան։ 200 հանրակրթական դպրոցների կտրամադրվեն բնագիտական և ինժեներական 5-ական լաբորատորիաներ։ Կիրականացվեն կրթության կառավարման, տեղեկատվական համակարգի կիրառության, գործընթացների հետագա թվայնացման, տվյալների վիզուալիզացիայի նոր հնարավորությունների ներդրման աշխատանքներ։ Կշարունակվի բուհերում նորարարական, գիտահետազոտական կենտրոնների ստեղծումը, ծրագրի արդյունքում նախատեսվում է իրականացնել 5 նոր դրամաշնորհային ծրագրեր»,-ասաց նա։  Դումանյանը տեղեկացրեց նաև, որ ԿԳՄՍ, ՏԿԵ նախարարությունների  և Քաղաքաշինության կոմիտեի համատեղ աշխատանքային խումբը իրականացնում է 7 խոշորացված համայնքների 51 բնակավայրերում կրթահամալիրների ստեղծման հետ կապված տեղազննության աշխատանքները։ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ տեղեկացրեց, թե այս պահին Հանրապետությունում քանի դպրոցի և մանկարապարտեզի նախագծման և շինարարարական աշխատանքներ են իրականացվում․ «Նախագծման փուլում այս պահին ունենք 40 դպրոցներ, մեկնարկած շինարարական աշխատանքները 78-ն են, և 37-ը կավարտվեն 2022 թ․-ին։ Մանկապարտեզների մասով նախագծման փուլում ունենք 23-ը, մեկնարկած շինարարական աշխատաներ՝ 88-ը, և 58-ը կավարտվեն 2022 թ․-ին, սա ամբողջական տվյալներն են՝ բոլոր հնարավոր ծրագրերով և բոլոր գործընկերների հետ համագործակցության արդյունքում արված ծրագրերի արդյունքն են»։
12:20 - 05 մայիսի, 2022
«Պատերազմն Ուկրաինայում աղետ է ողջ աշխարհի համար»․ Համաշխարհային բանկ

«Պատերազմն Ուկրաինայում աղետ է ողջ աշխարհի համար»․ Համաշխարհային բանկ

Պատերազմն Ուկրաինայում աղետ է ողջ աշխարհի համար, որը կկրճատի գլոբալ տնտեսական աճը, BBC-ի հետ զրույցում հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Դևիդ Մելփասը։ Նա ընդգծել է, որ պատերազմի տնտեսական հետևանքները տարածվում են Ուկրաինայի սահմաններից դուրս, և էներգակիրների համաշխարհային գների աճը, ինչպես նաև աճող արժեզրկումը, ավելի մեծ հարված կհասցնեն աղքատներին։  Սննդամթերքի գներն արդեն աճել են պատերազմի պատճառով, և դա ամենաշատն ազդելու է աղքատ երկրների վրա։ Եվ Ռուսաստանը, և Ուկրանան սննդամթերքի խոշոր արտադրողներ են ողջ աշխարհի համար։ S&P Global Platts-ի տվյալներով՝ Ուկրաինան ձեթի խոշորագույն արտադրողն է աշխարհում, Ռուսաստանը, երկրորդ տեղում է։ Նրանք միասին կազմում են ձեթի համաշխարհային արտադրության 60%-ը։ JP Morgan-ի տվյալներով՝ այս երկու երկրներին է բաժին ընկնում նաև ցորենի համաշխարհային արտահանման գրեթե մեկ երրորդը։ Ցորենի գները Չիկագոյի ֆյուչերսային բորսայում արդեն հասել են 14 տարվա առավելագույնին։ Նույնը վերաբերում է նաև ռուսական էներգամատակարարումներին։ Դրանց կրճատումը հատկապես վտանգավոր է Արևմտյան Եվրոպայի համար, որտեղ կառավարություններն՝ էլեկտրաէներգիայի բավարար քանակության համար այլընտրանքային աղբյուրներ չեն նախապատրաստել։ ԵՄ էլեկտրաէներգիայի շուրջ 39%-ը ստացվում է էլեկտրակայաններից, որոնք աշխատում են արդյունահանվող վառելիքով, որի աղբյուրն էլ Ռուսաստանն է։ Մելփասը նաև կարծում է, որ պատերազմը զգալիորեն կանդրադառնա Ուկրաինայի տնտեսության վրա՝ փոշիացնելով վերջին տարիների տնտեսական հաջողությունները։ Համաշխարհային բանկը մոտ ժամանակներս կհաստատի Ուկրաինային 350 մլն դոլարի օգնություն տրամադրելու որոշումը։  Նորա Վանյան
19:03 - 04 մարտի, 2022
Պետական եկամուտների կոմիտեն և Համաշխարհային բանկը Հայաստանում մաքսային գործընթացների բարելավման ծրագիր են իրականացնում

Պետական եկամուտների կոմիտեն և Համաշխարհային բանկը Հայաստանում մաքսային գործընթացների բարելավման ծրագիր են իրականացնում

Տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը, որին մասնակցել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։  Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկը՝ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ: «Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն ցուցաբերել ՏՏ համակարգերի տեխնիկական առաջադրանքների մշակման գործընթացին, առավել արդյունավետ դարձնել մաքսային վարչարարության գործընթացները, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների շրջանում իրականացնել հարցումներ` պարզելու վերաբերմունքը մաքսային վարչարարության և մատուցվող ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև անցկացնել մաքսային մարմնի աշխատակիցների համար ուսումնական դասընթացներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի հիմնական արդյունքներն ուղղված կլինեն մաքսային գործընթացների և տեղեկատվության փոխանակման ավտոմատացմանը, ՊԵԿ վերլուծական կարողությունների զարգացմանը, ԱՏԳ մասնակիցներին մատուցվող ծառայությունների բարելավմանը և սահմանային անցման կետերում գործառույթների վերանայմանը: Նշվում է, որ այդ վեցամսյա ծրագիրն ավարտվելու է 2022 թվականի ապրիլի սկզբին:
19:01 - 11 հունվարի, 2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Դեկտեմբերի 8-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Զրուցակիցները անդրադարձել են Պետական հատվածի արդիականացման 3-րդ ծրագրի իրականացման և 4-րդ ծրագրի նախապատրաստական աշխատանքներին: Երրորդ ծրագրի շրջանակներում մեծ առաջընթաց է գրանցվել էլեկտրոնային համակարգերի ոլորտում՝ ինտեգրված անվտանգության համակարգ էլեկտրոնային կառավարման բոլոր հարթակների համար, թվային ստորագրության և նույնականացման համակարգեր, քաղաքացիների հետ հետադարձ կապի միասնական պորտալ և այլն: Չորրորդ ծրագիրը նախատեսում է պետության կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնում՝ թվայնացված ծառայությունների թիվը հասցնելով 350-400-ի, հարկային վարչարարության համակարգերի արդիականացում, ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների թվայնացում, ճանապարհներից օգտվողների իրազեկման համակարգ, կիբերանվտանգության և հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդնում, պետական տվյալների միասնական կենտրոնի հիմնում և այլն:  Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ կառավարության և ՀԲ-ի միջև համագործակցությունն ու ընթացիկ ծրագրերը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացում, ջրօգտագործում, էներգետիկա, համայնքների համաչափ զարգացում և այլն:  
21:56 - 08 դեկտեմբերի, 2021
Կրթություն, ենթակառուցվածքներ, կառավարում. Վարչապետը ՀԲ փոխնախագահի հետ քննարկել է գործընկերության առաջնահերթությունները

Կրթություն, ենթակառուցվածքներ, կառավարում. Վարչապետը ՀԲ փոխնախագահի հետ քննարկել է գործընկերության առաջնահերթությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը, որի շրջանակում մեր երկրում իրականացվել և իրականացվում են տարբեր ոլորտների զարգացմանը միտված ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրով ուղենշված առաջնահերթություններ են կրթության, ենթակառուցվածքների, կառավարման ոլորտների բարեփոխումները, և հաշվի առնելով համատեղ աշխատանքի հաջող փորձը՝ գործադիրը կարևորում է ՀԲ հետ գործակցության խորացումն այս, ինչպես նաև փոխշահավետ այլ ուղղություններով: ՀԲ փոխնախագահը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ գործընկերության ընթացքից և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ նշանակվելու կապակցությամբ: Աննա Բյերդեն ընդգծել է, որ Բանկը ՀՀ կառավարության ծրագիրը գնահատում է որպես մարտահրավերներին դիմակայելու թիրախային ծրագիր և պատրաստ է շարունակել աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ նախանշված բարեփոխումները կյանքի կոչելու գործում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետություն-Համաշխարհային բանկ գործընկերության հեռանկարները: Անդրադարձ է եղել կրթության, ենթակառուցվածքերի, թվայնացման, առողջապահության, վերականգնվող էներգետիկայի և այլ բնագավառներում գործակցության զարգացման հեռանկարներին: Կարևորվել են հանրային կառավարման բարեփոխումները, ինստիտուցիոնալ կարողությունների և մարդկային կապիտալի զարգացմանը միտված ծրագրերը: Կողմերը մտքեր են փոխանակել կորոնավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ հանրային իրազեկվածությունը մեծացնելու և գործընթացը խթանելու ուղղությամբ համագործակցության հարցերի շուրջ: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀԲ օժանդակությունը Հայաստանին Քովիդ-19 համավարակի դեմ պայքարում: Վարչապետն ընդգծել է, որ Կառավարությունը հանձնառու է բարեփոխումների օրակարգի հետևողական իրականացմանը և շնորհակալ է Համաշխարհային բանկին, կառույցի հայաստանյան գրասենյակին՝ արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամության համար:
16:28 - 15 նոյեմբերի, 2021
Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի փոխնախագահին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի փոխնախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ)՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեին: Այս մասին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից:  Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին, մասնավորապես հայաստանյան թիմին մարտահրավերներով լի ժամանակաշրջանում Հայաստանի կողքին լինելու և աջակցելու համար՝ ընդգծելով ՀԲ օժանդակության դերը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում: Մհեր Գրիգորյանը նշել է, որ ՀԲ հետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար ինչպես ծավալային, այնպես էլ բովանդակային տեսանկյունից: Ներկայացնելով Կառավարության նոր ծրագրի հիմնական ուղենիշները՝ փոխվարչապետն ընդգծել է, որ ՀԲ-ի հետ արդեն իսկ ձևավորված համագործակցության համապարփակ շրջանակը լուրջ հիմք է ստեղծում շարունակելու համատեղ աշխատանքները Կառավարության առաջնահերթ բարեփոխումների իրականացման ուղղությամբ: ՀԲ փոխնախագահ Աննա Բյերդեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ Կառավարության ծրագիրը ինչպես ՀԲ, այնպես էլ Հայաստանի զարգացման այլ գործընկերների կողմից գնահատվել է որպես մարտահրավերներին դիմակայելու թիրախային և համապարփակ ծրագիր: Աննա Բյերդեն ՀԲ անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցելու Կառավարությանը նախանշված ծրագրերի իրականացման գործում: Երկուստեք կարևորվել են մասնավորապես հանրային կառավարման բարեփոխումները, այդ թվում՝ թվայնացման գործընթացն ու պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունները: Քննարկվել են մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ջանքերը՝ հատկապես առողջապահության և կրթության ոլորտներում համավարակով պայմանավորված մարտահրավերներին դիմակայելու համատեքստում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Քովիդ-19-ի դեմ պատվաստումների մասսայականացման վերաբերյալ, կարևորվել է պատվաստման գործընթացի նկատմամբ հանրային վստահության աճը և այդ ուղղությամբ համագործակցության խորացումը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կանաչ տնտեսության զարգացմանը, ինչպես նաև այդ ուղղությամբ Կառավարության կողմից խթանող գործիքների ներդրման անհրաժեշտությանը:  
13:19 - 15 նոյեմբերի, 2021
Կարեն Անդրեասյանը Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

Կարեն Անդրեասյանը Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոյեմբերի երկուսին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի նորանշանակ տնօրեն Կարոլին Գեգինատին ներկայացրել է նախարարության բարեփոխումների օրակարգը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, մանրամասնելով, որ այդ օրակարգն ուղղված է հակակոռուպցիոն և Սահմանադրական բարեփոխումներին, խոսքի ազատության ոլորտի կատարելագործմանը, արբիտրաժի ինստիտուտի, փաստաբանական համայնքի կարողությունների զարգացմանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետության բարձրացմանը և այլն։ Նախարարը շնորհավորել է Կարոլին Գեգինատին նշանակման կապակցությամբ, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցությունը՝ հատկապես արդարադատության և ոստիկանության ոլորտներում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ինչպես նաև պայմանավորվել են զարգացնել առկա արդյունավետ համագործակցությունը։ Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
10:42 - 03 նոյեմբերի, 2021