armenpress.am: Երևանի քաղաքապետարանը մի քանի ուղղությամբ աշխատում է Նուբարաշենում նոր տեխնոլոգիաներով աղբի մշակման ուղղությամբ, սակայն քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավանական է համարում երկփուլ մրցույթի միջոցով Նուբարաշենում աղբի վերամշակման կայանի կառուցումը։
Այս մասին ապրիլի 22-ին Երևան քաղաքի ավագանու նիստին ասաց Ավինյանն ու հիշեցրեց, որ ծրագրի շուրջ աշխատում են նաև Համաշխարհային բանկի հետ։ Օրերս հրավեր են ստացել Սոֆիայում մասնակցելու գիտաժողովի, որը նվիրված է աղբի վերամշակման թեմային։
«Տասը տարուց ավելի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ են աշխատանքներ տարվել այդ ուղղությամբ, սակայն չեղարկեցինք, քանի որ հասկացանք՝ այն տրամաբանություն չունի, ի սկզբանե սխալ է դրված եղել խնդիրը։ Կա ևս մեկ ծրագիր, որն ամենահավանականն եմ համարում։ Խոսքը երկփուլ մրցույթի տրամաբանությամբ քաղաքապետարան, մասնավոր, միջազգային որևէ գործընկերության հետ իրականացվելիք ծրագիրն է, որը կներառի աղբավայրի փակումը, վերամշակման կայանի կառուցումը, սակայն դեռ վերջնական պատասխան չենք տվել ո՛չ ՎԶԵԲ-ին, ո՛չ Համաշխարհային բանկին, բայց հավաքել ենք առաջարկների փաթեթներ, որոնց հիման վրա մշակել ենք երկփուլ մրցույթը»,-տեղեկացրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ծրագրի իրականացման համար հավանաբար անհրաժեշտ կլինի 4-5 տարի։
comment.count (0)