Կանայք Հայաստանի աշխատուժի 52%-ը  չեն. ազգային տվյալներ
10:54 - 05 դեկտեմբերի, 2023

Կանայք Հայաստանի աշխատուժի 52%-ը չեն. ազգային տվյալներ

Օրեր առաջ սոցիալական ցանցերում լայն քննարկումների առիթ դարձավ մի վիճակագրություն, ըստ որի՝ աշխատուժում կանանց ներգրավվածությամբ Հայաստանը 180 երկրների մեջ առաջինն է։ Ըստ տարածվող ինֆոգրաֆիկայի՝ 2022 թվականին Հայաստանի աշխատուժի 52,76%-ը կանայք են եղել։ Երկրորդ հորիզոնականում Թուրքմենստանն է 52,61%-ով, իսկ առաջին եռյակը եզրափակում է աֆրիկյան Բուրունդի պետությունը՝ 51,96%-ով։ Այս վիճակագրությունն ամփոփել և սանդղակով հրապարկել էր ամերիկյան Qualtrics փորձի կառավարման (experience management) ընկերության թիմը։ Համեմատության համար նշենք, որ ըստ այս ցուցանիշների՝ աշխատուժում կանանց ներգրավվածության տոկոսի աշխարհի միջին ցուցանիշը 39,49% է։ 

Qualtrics-ի հրապարակման մեջ որպես տվյալների աղբյուր՝ նշվում է Համաշխարհային բանկի Համաշխարհային զարգացման ցուցանիշների տվյալների շտեմարանը։ Իսկ այս շտեմարանում նշված է, որ գնահատականները հիմնված են Աշխատանքի միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի բնակչության բաժնի կողմից ստացված տվյալների վրա: 

Համաշխարհային բանկի տվյալները, սակայն, չեն համապատասխանում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած ազգային տվյալներին, ըստ որի՝ Կանայք 2022 թվականին Հայաստանի աշխատուժի 43.97%-ն են կազմել։ 

Ի՞նչ է ասում ազգային վիճակագրությունը

Վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2023» ժողովածուի տվյալներով՝ 2022 թվականին Հայաստանի աշխատուժը կազմել է մոտ 1 մլն 311 հազար 300 մարդ՝ մշտական բնակչության շուրջ 44%-ը։ Աշխատուժում ներգրավված կանանց թիվը կազմել է 576 հազար` ընդհանուրի 43,97%-ը, իսկ տղամարդկանց թիվը՝ մոտ 734 700, որն ընդհանուրի 56.03%-ն է։

Աշխատուժում ներգրավվածություն դեռ չի նշանակում զբաղվածություն։ Ազգային վիճակագրության հիմքում աշխատուժի հետազոտությունն է, որի համար աշխատաշուկայում իրենց մասնակցության բնույթից և ակտիվության աստիճանից կախված առանձնացվում են միմյանց բացառող երեք խումբ` «զբաղված» կամ «գործազուրկ» կամ «աշխատուժից դուրս բնակչություն»: Աշխատուժը զբաղվածների և գործազուրկների հանրագումարն է, որտեղ ընդգրկվում են 15-74 տարեկան անձինք: 

2022 թվականին Հայաստանի՝ 15-74 տարեկան իգական սեռի բնակչության 48%-ը և արական սեռի բնակչության 71%-ը զբաղված էր կամ փնտրում էր աշխատանք։

Այսինքն՝ Հայաստանում յուրաքանչյուր 10 կնոջից 5-ը և յուրաքանչյուր 10 տղամարդուց 7-ը ներգրավված է եղել աշխատուժում։

Ինչո՞վ է պայմանավորված տարբերությունը

Աշխատանքի միջազգային կոմիտեն իր հաշվարկներում ներառում է 15 և բարձր տարիքի անձանց, իսկ Հայաստանի վիճկոմի վիճակագրությունում այդ միջակայքը 15-74 տարեկանն է։    

Միջազգային կազմակերպություններն իրենց հետազոտությունների վիճակագրության համար օգտվում են համապատասխան երկրների ազգային աղբյուրներից, եթե դրանք կան։

Համաշխարհային բանկի տվյալների մեթոդաբանության համաձայն՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության մոդելավորած գնահատումները և կանխատեսումները 2020 թվականին և դրանից հետո ենթակա են էական անորոշության: Դա պայմանավորված է տվյալների սակավությամբ։

ՀՀ Վիճակագրության կոմիտեի Աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանի խոսքով Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) օգտագործում է երկրի սկզբնական տվյալները, սակայն կազմակերպության ամենակարևոր առաքելություններից մեկն է նաև ապահովել երկրների միջև համադրելիությունը։ «Հաշվի առնելով, որ երկրները այդ ցուցանիշների հաշվարկման տարբեր պրակտիկաներ ունեն, ԱՄԿ-ն միասնական մեթոդաբանություն է մշակում արդեն ազգային տվյալների հիման վրա՝ հնարավորինս նույնականացնելով միջազգային համադրումները»,- պարզաբանում է Լուսինե Քալանթարյանը։ 

Այն դեպքում, երբ որոշ երկրներ սակավ տվյալներ են ունենում (չեն վարում վիճակագրություն), ԱՄԿ-ն ցուցանիշները գնահատում է անուղղակի աղբյուրներով։ Իսկ եթե երկրները վիճակագրություն վարում են, սակայն այդ պահին տվյալ տարվա ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, ԱՄԿ-ն ժամանակային շարքերի հիման վրա, կիրառելով մոդելավորման տարբեր գործիքներ՝ արտաբերում է ազգային ցուցանիշները։ «Որպես կանոն դրանք միշտ տարբեր են ազգային էջերում հրապարակված տվյալներից, որովհետև նպատակը երկրների միջև ցուցանիշը համեմատելի և համադրելի դարձնելն է», - նշում է Լուսինե Քալանթարյանը։

Համեմատելով 2017-2022 թվականներին աշխատուժում կանանց ներգրավվածությունը՝ ըստ Համաշխարհային բանկի և ազգային վիճակագրության տվյալների՝ նկատում ենք, որ Համաշխարհային բանկի տվյալները աճի միտում ունեն. 2017 թվականի 50.9%-ը աճում է՝ 2022-ին դառնալով 52.8%։ Մինչդեռ Վիճակագրական կոմիտեի տվյալները տատանվում են. 2017-2019 թվականներին նվազում են՝ 47.49%-ից դառնալով 44.33%, 2020 թվականին աճում են՝ դառնալով 45.66%, իսկ 2021 թվականից կրկին նվազում են՝ 2022-ին դառնալով 43.97%։

Աշխատանքի վիճակագրության բաժնի պետը ազգային վիճակագրության և Համաշխարհային բանկի հրապարակած տվյալների էական տարբերությունը մտահոգիչ է համարում։ Եթե հաշվի առնենք անգամ մեթոդաբանական որոշ տարբերությունները՝ օրինակ՝ այն, որ ԱՄԿ-ն օգտագործում է նաև 75-ից բարձր տարիքային խմբի ցուցանիշները, պատկերը շեշտակի չի փոխվում։ «Սա մտահոգիչ է, մի քանի տոկոսի պլյուս-մինուս տարբերություն չէ, որ ասենք՝ գնահատումների տարբերությունը կարող է բերել։ Ըստ իս՝ բավականին մեծ տարբերություն է, լրիվ հակառակ միտում է ցույց տալիս»։  Լուսինե Քալանթարյանի խոսքով ազգային կարիքների համար օգտագործելու համար ազգային վիճակագրությունն ավելի ճշգրիտ է։ Նա նաև նշեց, որ պատրաստվում է դիմել Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ տվյալները ճշտելու։

Գլխավոր նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով

Լյուսի Մանվելյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել