Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

Անահիտ Ավանեսյանը Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին

Անահիտ Ավանեսյանը Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հրավերով Վիեննայում մասնակցում է «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովին:   Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, միջոցառումը նվիրված է միջուկային տեխնոլոգիաների զարգացման և կիրառության խթանմանը, այդ թվում` առողջապահության ոլորտում: Վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման սկզբունքներին` նախարարն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցության շրջանակային փաստաթղթին, որը սահմանում է 2024-2029թթ. տեխնիկական համագործակցության թիրախները հետևյալ ուղղություններով` ախտորոշիչ և ռադիոթերապիայի ծառայություններ. շրջակա միջավայրի ճառագայթման մոնիտորինգ. միջուկային կարգավորող ենթակառուցվածքների հզորացում. միջուկային էներգիայի անվտանգ արտադրություն և ջրային ռեսուրսների կառավարման կարողությունների բարձրացում: «Տեխնիկական համագործակցության ծրագրերը տարիներ շարունակ աջակցել են Առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնին՝ ստեղծելու ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած միջուկային բժշկության բաժանմունք, որը թույլ է տալիս հասանելի դարձնել մի շարք ծառայություններ քաղցկեղ ունեցող մեր պացիենտների համար: Առանձնակի կարևորում եմ փորձագիտական ծառայությունների և մասնագետների վերապատրաստման ծրագրերը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով ուռուցքաբանության ոլորտում կարողությունների զարգացման գործում գործակալության հետ համագործակցության փորձը։   Այցի շրջանակներում նախատեսված է նախարարական հռչակագրի ընդունում, երկկողմ մի շարք հանդիպումներ, այդ թվում նաև` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի, ԱԷՄԳ անդամ-երկրների ներկայացուցիչների հետ։   «Առողջապահության նախարարությունը կարևոր է համարում Rays of Hope նախաձեռնությանը Հայաստանի մասնակցությունը, ինչը թույլ կտա առաջիկա տարիներին լուրջ զարգացում ակնկալել ոլորտում և կնպաստի Հայաստանում ճառագայթային և միջուկային բժշկության ոլորտի բնականոն զարգացմանը և հնարավորություններ կստեղծի ապագայում որպես խարսխային կենտրոն հանդես գալուն` ապահովելով ճառագայթային բուժման բարձր տեխնոլոգիական ժամանակակից մոտեցումների հասանելիությունը ոչ միայն մեր, այլև տարբեր երկրների մարդկանց համար»,- ելույթում նշել է նախարար Ավանեսյանը և շարունակել,- «Հայաստանը հավանություն է տալիս Նախարարական հռչակագրին, որն արտացոլում է մեր համատեղ ջանքերը՝ ուղղված հետազոտությունների ընդլայնմանը և միջուկային ռեսուրսների անվտանգ և պատասխանատու օգտագործման ապահովմանը»:
20:32 - 26 նոյեմբերի, 2024
Եթե «Արթկոսմեդ»-ում տեսչական մարմինը հայտնաբերի խախտումներ, կդիտարկվի լիցենզիան կասեցնելու կամ դադարեցնելու հարցը. Ավանեսյան
 |tert.am|

Եթե «Արթկոսմեդ»-ում տեսչական մարմինը հայտնաբերի խախտումներ, կդիտարկվի լիցենզիան կասեցնելու կամ դադարեցնելու հարցը. Ավանեսյան |tert.am|

tert.am: «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում եթե տեսչական մարմինը հայտնաբերի խախտումներ, ապա կդիտարկվի լիցենզիան դադարեցնելու հարցը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան: Հարցին՝ պետք է պարտադիր քաղաքացի մահանա՞, որ լծակների դիմեք, նախարարությունը հետևո՞ւմ է, որ ինչ-որ բժիշկներ են հայտնվում, բացում են ինչ-որ սենյակներ ու անցկացնում բարդ վիրահատություններ, նա արձագանքեց. «Կխնդրեմ որակումների մեջ մի քիչ ավելի փաստային հանգամանքներ դնել: Տեսեք, կազմակերպությունն ունի լիցիենզիա, լիցենզիայի պայմաներին հետևելու հանգամանքը պետք է տեսչական մարմինները պարզեն և եթե հայտնվեն խախտումներ, կդիտարկվի լիցենզիան կասեցնելու կամ դադարեցնելու հարցը»: Ինչ վերաբերում է նրան, որ նախորդ տարի ևս այդ կլինիկայում մարդ մահացավ, քրեական գործ կամ հենց ստուգումներ չեղան, որ նմանատաիպ դեպքի կրկնությունը բացառվեր, Ավանեսյանը նշեց, որ քրեական գործի հետ կապված հարցն իրեն չպետք է ուղղվել, բայց պետք է հասկանալ նաև պատճառահետևանքային կապերը: «Ես նորից եմ կրկնում՝ մենք հետևողական ենք լինելու, որ պարզվեն ամբողջ հանգամանքները, ինչն է հանդիսացել մահվան պատճառը, արդյոք տեղի է ունեցել բժշկական սխալ և ինչպիսին, դրանից հետևությունները շատ խիստ են արվելու»,- նշեց նա: Հիշեցնենք, որ վերոնշյալ կենտրոնում պլաստիկ վիրահատության հետևանքով մահացել էր 56-ամյա Զաբել Կարապետյանը։ Վերջինիս ամուսինը մեղադրում է բժշկին, քանի որ, ինչպես պարզվել է, բժիշկը միաժամանակ կնոջ մարմնի հինգ հատվածներում վիրահատություն է սկսել։ Վիրահատությունը կատարած պլաստիկ վիրաբույժ և կենտրոնի ղեկավար Արթուր Սարգսյանը հայտարարությամբ հանդես է եկել՝ կնոջ մահը կապելով սրտի կաթվածի հետ։ Նույն կենտրոնում մահվան ևս մեկ դեպք էր գրանցվել նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին։
13:28 - 17 հոկտեմբերի, 2024
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպանների հետ, ներկայացրել առողջապահության ոլորտի բարեփոխումները

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպանների հետ, ներկայացրել առողջապահության ոլորտի բարեփոխումները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Եվրամիության (ԵՄ) երկրների դեսպանների հետ և ներկայացրել առողջապահության ոլորտում ընթացիկ բարեփոխումները, Եվրամիության հետ իրականացվող և ընթացիկ ծրագրերը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։   «Հանդիպմանը նախարար Ավանեսյանն անդրադարձել է առողջության առաջնային պահպանման օղակի հզորացմանը, շտապօգնության ծառայության բարելավմանը և արդիականացմանը, Էլեկտրոնային առողջապահությանը, բժշկական ծառայությունների որակի բարելավմանը միտված ընթացիկ աշխատանքներին` որպես առողջության համապարփակ ծածկույթի բաղադրիչներ:Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև բուժանձնակազմի կրթական վերապատրաստումներին և բուժաշխատողների լիցենզավորմանն առնչվող գործընթացին:   Ոլորտային շինարարական ծրագրերի մասին խոսելիս նախարարը դեսպաններին հայտնեց նոր ամբուլատորիաների կառուցման համար տենդերային նախագծի մասին:Անահիտ Ավանեսյանը անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում իրականացվող ծրագրերին, այդ թվում` վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և խմելու ջրի որակի ստանդարտացմանն ուղղված, ինչպես նաև առողջության համապարփակ ապահովագրության ծրագրի շրջանակում նախատեսվող ԵՄ Թվիննինգ ծրագրին:Ոլորտային բարեփոխումները և նախատեսվելիք ծրագրերը ներկայացնելուն հաջորդել է հարցուպատասխան: Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել նախարարին ոլորտի բարեփոխումների և կարիքների ներկայացման համար` շեշտելով առողջապահության ոլորտի հզորացմանը միտված համատեղ աշխատանքների կարևորությունը և հույս հայտնել, որ ԵՄ աջակցությամբ ոլորտի շատ խնդիրներ կունենան իրենց պատասխանները»,-ասված է հաղորդագրության մեջ:
19:25 - 16 հոկտեմբերի, 2024
Անահիտ Ավանեսյանը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել առողջապահության ոլորտում բարեփոխումների օրակարգը

Անահիտ Ավանեսյանը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել առողջապահության ոլորտում բարեփոխումների օրակարգը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Ինչպես հայտնել են նախարարությունից, Ավանեսյանը շնորհավորել է դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք` ի շահ երկկողմ ծրագրերի և օրակարգի իրականացման:     Քննարկվել են ընթացիկ ծրագրերը, փորձագիտական մակարդակով հարաբերությունների ամրապնդումը, կարողությունների զարգացումը: Նախարարը ներկայացրել է առողջապահության ոլորտում բարեփոխումների օրակարգը, անդրադարձել առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխմանը և դրա շրջանակներում նախատեսվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանը: «Ակնհայտ է, որ ապահովագրության ներդրումը ձեռնտու է բոլորին: Գերմանիայում նույնպես առողջապահական, սոցիալական հարցերը մշտապես օրակարգում են և բյուջեի հիմնական մասնաբաժինն են կազմում: Սա մեծ բարեփոխում է` ուղղված գրպանից ծախսերը կրճատելուն, և կարծում եմ, բոլոր քաղաքացիները կօգտվեն դրանից»,- նշել է դեսպանը: Որպես համագործակցության ուղղություն`Անահիտ Ավանեսյանն առանձնացրել է Նորածինների լսողության սքրինինգի ծրագիրը` ուղղված լսողության բնածին կորստի վաղ հայտնաբերմանը: Սքրինինգի փուլերի հաջորդականության ապահովման նպատակով նախարարը դեսպանի հետ քննարկել է ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներ արտադրող գերմանական ընկերությունների հետ համագործակցելու հնարավորությունը, քանի որ վաղ ախտորոշումն ապահովում է նաև պետության կողմից փոխհատուցվող կոխլեար իմպլանտացիայի պոտենցիալ հնարավորությունը շատ վաղ տարիքում: Նախարարը կարևորել է նաև ուռուցքաբանական հիվանդությունների և բարդ դեպքերի վարման նպատակով հայ և գերմանացի մասնագետների միջև փորձի փոխանակման ծրագրերի ընդլայնումը:
21:12 - 14 հոկտեմբերի, 2024
Վերջին 1 շաբաթում ՀՀ-ում Նեղոսի տենդի թեստավորման և դրական արդյունքների թվի իջեցում կա. Ավանեսյան
 |1lurer.am|

Վերջին 1 շաբաթում ՀՀ-ում Նեղոսի տենդի թեստավորման և դրական արդյունքների թվի իջեցում կա. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Ընդհանուր առմամբ, Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակը ավելի հանդարտեցման ուղղությամբ է գնում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Վերջին 1 շաբաթվա ընթացքում արդեն իսկ նկատում ենք զգալի իջեցում թե՛ թեստավորման հետ կապված վիճակագրական տվյալների և թե՛ թեստի դրական արդյունքների, ինչը նաև մեր կողմից ներկայացվել է, որ սեպտեմբերի վերջ, հոկտեմբերին մենք կտեսնենք նվազում: Ընդհանուր աշխատանքները շարունակվում են, և մեր կողմից մարզային այցելությունները ևս կշարունակվեն»,- նշեց նախարարը: Նա հայտնեց, որ ոչ միայն կապված նեղոսյան տենդի, այլև կարմրուկով պայմանավորված մենք ունենք շատ լավ վիճակ: «Վերջին երեք շաբաթվա ընթացքում գրանցել ենք միայն բերովի դեպքեր, տեղական բոլոր բռնկումները մարվել են, բայց պետք է աշխատանքները շարունակենք, որ չունենանք այդ բերովի դեպքերից հետո տարածում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը: Առողջապահության նախարարը հիշեցրեց, որ առաջիկայում գրիպի սրացման սեզոնն է: «Ես ուզում եմ առիթը օգտագործել, խորհուրդ տալ, հորդորել, որ բոլոր ռիսկի խմբում գտնվողները դիմեն պոլիկլինիկա և պատվաստվեն գրիպի դեմ: Պատվաստանյութը հասանելի է. այս պահին արդեն պոլիկլինիկաները ունեն»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։
13:41 - 19 սեպտեմբերի, 2024
Մինչ օրս գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով 108 հիվանդացության դեպք, երեկ 2 դեպք է գրանցվել. Ավանեսյան
 |tert.am|

Մինչ օրս գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով 108 հիվանդացության դեպք, երեկ 2 դեպք է գրանցվել. Ավանեսյան |tert.am|

tert.am: Մինչ օրս գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով 108 հիվանդացության դեպք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Մենք բոլոր մարզերում իրականացնում ենք հակահամաճարակային տեղեկատվական աշխատանքներ: Ամեն շաբաթ հրապարակում ենք որոշակի ամփոփ տվյալներ, այս պահին գտնում ենք նվազման տեմպը բավարար չէ և առաջիկա մեկ ամսվա ընթացքում դեռ շարունակելու ենք ակտիվ պահել աշխատանքները, որ սեզոնին համընթաց ապահովենք դեպքերի նվազումը», - ասաց Ավանեսյանը: Նախարարի խոսքով՝ իհարկե, թիվը մտահոգիչ է: «Նախ երկար տարիներ ի վեր դեպքերի աշխուժացում առաջին անգամ է նկատվում տաբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Շատ կարևոր է, որ հենց սկզբի օրերից պատշաճ կերպով թեստավորումը և հիվանդության ախտանշանների բուժման մասով պրոտոկոլներն ադապտացվել և ներդրվել են: Մենք աշխատանքներ ենք տանում, որ թվերի աճ չունենանք, այլ հակառակը՝ նվազի», - նշեց նա: Ինչ վերաբերում է երեկ տարածված տեղեկությանը, թե Արմավիրի մարզում ևս երեք դեպք է գրանցվել, Ավանեսյանն ասաց. «Երկու դեպքի մասին է խոսքը, ուրբաթ օրերին է մեր տեղեկատվությունը հրապարակվում, այլ դեպքերի վերաբերյալ կճշգրտվի, և վաղը նախարարությունը կտեղեկացնի»:
13:32 - 05 սեպտեմբերի, 2024
Հայաստանում առողջության ապահովագրական համակարգը ամբողջապես կներդրվի 2027 թվականին |armenpress.am|

Հայաստանում առողջության ապահովագրական համակարգը ամբողջապես կներդրվի 2027 թվականին |armenpress.am|

armenpress.am: Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը ներդրվելու է փուլային կերպով՝ 3 տարիների ընթացքում:  Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Կարծում ենք, որ փուլային ներդրման տարբերակը նպաստելու է, որ համակարգն աստիճանաբար պատրաստվի և ունակ լինի նաև դիմելիության բարձրացմանը: Մեր կողմից իրականացվող մեծածավալ ներդրումները, կապիտալ շինարարությունները, համակարգային փոփոխությունները, որակի նկատմամբ վերահսկողության նպատակով իրականացվող քայլերը իրենց արդյունքները տալու են նաև ապահովագրական համակարգում։ Պնդում եմ, որ ապահովագրական համակարգի ներդրման փուլերին համընթաց համակարգը պատրաստ է լինելու»,- ընդգծեց Ավանեսյանը։ Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանում առողջության ապահովագրական համակարգը ամբողջապես կներդրվի 2027 թվականին։ 
16:38 - 01 օգոստոսի, 2024
Ուրախ եմ, որ նախագիծը մեծ արձագանք ստացավ՝ անգամ չընդունված․ Ավանեսյանը՝ սննդի վայրերում աղամանների ազատ կիրառությունն արգելող օրենքի նախագծի մասին |news.am|

Ուրախ եմ, որ նախագիծը մեծ արձագանք ստացավ՝ անգամ չընդունված․ Ավանեսյանը՝ սննդի վայրերում աղամանների ազատ կիրառությունն արգելող օրենքի նախագծի մասին |news.am|

news.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ուրախ է, որ հանրային սննդի վայրերում աղամանների ազատ կիրառությունն արգելող օրենքի նախագիծը հանրային լայն քննարկման է արժանացել՝ անգամ չընդունված։ Այդ մասին նա ասաց այսօր՝ օգոստոսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։ «Շատ ուրախ եմ, որ այդ նախագիծը մեծ արձագանք ստացավ՝ անգամ չընդունված, աշխատեց, և որոշակի մարդկանց մոտ արձանագրում եղավ, թե իրենք ինչքան աղ են օգտագործում իրենց ռացիոնի մեջ, շարունակաբար աշխատելու ենք մեր վարքագծային փոփոխության համար»,- ասաց Ավանեսյանը։ Արձագանքելով լրագրողի խնդրանքին, որ պետք է նախարարությունը հայտարարություն անի, որ նման օրինագիծ չկա, մարդիկ չվախենան աղամանը սեղաններին դնել, նա պատասխանեց. «Կարծում եմ` որևէ մեկը չի վախենում»: Նախարարը հավելեց՝ բոլոր քայլերին դիմում են մեր քաղաքացիների առողջության համար։ Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում էր «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել։ Ըստ նախագծի` հանրային սննդի օբյեկտներում արգելվելու էր աղաման դնել սեղանին` առանց սպառողի պահանջի, հակառակ դեպքում տնտեսվարողը կտուգանվեր 30 հազար դրամով:
13:41 - 01 օգոստոսի, 2024
Ժամանակները փոխվել են, մեր կյանքը փոխվել է, չեմ կարծում՝ ինտրիգ կա. Ավանեսյանը՝ «Զարյա 3»-ի կիրառումը թույլատրելի դարձնելու մասին
 |tert.am|

Ժամանակները փոխվել են, մեր կյանքը փոխվել է, չեմ կարծում՝ ինտրիգ կա. Ավանեսյանը՝ «Զարյա 3»-ի կիրառումը թույլատրելի դարձնելու մասին |tert.am|

tert.am: Հրամաններն ընդունելու որոշակի ընթացակարգ կա՝ պահպանելով օրենքով սահմանված ընթացակարգը, որոշակի փոփոխություններ ենք իրականացրել: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ է որոշում փոխել և «Զարյա 3» հատուկ միջոցը թույլատրել օգտագործել ցուցարարների դեմ: Դիտարկմանը՝ հունիսի 12-ի դեպքերից հետո է կատարել այդ փոփոխությունը, փաստորեն, սրբագրելով չթույլատրված հատուկ միջոցի կիրառումը, Ավանեսյանն արձագանքեց. «Որևէ սրբագրման կամ սահմանափակման հարց չկա, թե որ ամսաթվին և երբ են արվում փոփոխությունները: Օրենքով սահմանված կարգով, պահպանելով ընթացակարգերը, որևէ հետին թիվ, չիգտեմ ինչ չկա, ընդունվել է որոշում փոփոխության մասին, չեմ կարծում թե այստեղ որևէ ինտրիգ կա: Որոշումն էլ բաց հրապարակված է»: Հարցին՝ «Զարյա 3»-ը զինված հանցագործներին վնասազերծելու համար է, ոչ թե ցուցարարների, որոշման հիմքն ինչո՞ւմ է կայանում, Ավանեսյանն ասաց. «Մենք ունենք համապատասխան մասնագիտական կառույցներ, որոնք տալիս են եզրակացություն և համապատասխան այդ եզրակացությունների՝ որոշակի փոփոխություններ են իրականացվում մեր իրավական ակտերում»: Նա նշեց, որ ինքը չի գնահատողը, թե ինչ վնաս կարող է հասցնել այդ հատուկ միջոցը մարդկանց առողջությանը, և ասաց՝ կա մասնագիտական կառույց: «Մասնագիտական խումբը որոշում է կայացրել, որ այն ինչ-որ ընդգրկված է որոշման մեջ համապատասխանում է ստանդարտներին»:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
12:48 - 25 հուլիսի, 2024
Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Թբիլիսիում է` գործընկերոջ, Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված բնակչության, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հրավերով: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են առողջապահական ոլորտին առնչվող տարաբնույթ հարցեր, համընդհանուր խնդիրներ, որոնց լուծման շուրջ կարևորվել է երկու երկրների առողջապահական գերատեսչությունների առավել սերտ փոխգործակցությունը, առկա մարտահրավերներին ժամանակին անդրադառնալը: Անդրադարձ է եղել համագործակցության խորացմանը և փորձի փոխանակման հնարավորություններին, մասնագիտական խմբերի համար հարթակների ձևավորման գաղափարին: Նախարարը ներկայացրել է նաև էլեկտրոնային առողջապահության բնագավառում վերջին բարեփոխումները, շեշտադրվել է բուժանձնակազմի շարունակական կրթական բաղադրիչի կարևորությունը: Համատեղ ընդգծել են դեղերի գների և գրանցման քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը, կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը` համընդհանուր գործընկերների, մասնավորապես` Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներգրավմամբ: Առողջապահական հարցերի շուրջ քննարկումները շարունակվել են Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչ, Վրաստանի առողջապահության պաշտպանության և սոցիալական հարցերի կոմիտեի նախագահ Զազա Լոմինաձեի հետ հանդիպման ընթացքում:
15:46 - 18 հուլիսի, 2024
Անահիտ Ավանեսյանը ներկա է եղել Դսեղի առողջության կենտրոնի բացմանը

Անահիտ Ավանեսյանը ներկա է եղել Դսեղի առողջության կենտրոնի բացմանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է եղել Դսեղի առողջության կենտրոնի բացմանը։ Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Դսեղում առողջության նոր և տարածելի մոդելով կենտրոնի ստեղծման հանձնառությունն ամրագրված էր Առողջության առաջնային պահպանման օղակի բարելավման գործողությունների պլանում։ Այն բուժծառայություն է մատուցելու համայնքի 4000-ից ավելի բնակչությանը։ «Առողջապահության նախարարության և մեր կառավարության քաղաքականության ուղեծիրներից մեկը հենց այստեղ է ամփոփված` նախ ունենալ առողջության պահպանման քաղաքականություն, կանխարգելում, առողջապահական գրագիտություն, ծախսարդյունավետ միջոցներով ճիշտ և ժամանակին բուժօգնություն։ Սա մի համապարփակ գաղափար է, ջանքերի մեկտեղման լավ արդյունք, որից շահելու է մեր քաղաքացին»,- նշել է նախարարը։ Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ առողջության առաջնային պահպանման օղակի այս նոր մոդելը կնպաստի ամբուլատոր օղակի հասանելիությանը, կընդլայնի մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը, կբարձրացնի բուժառուների ներգրավվածությունը և կձևավորի բժիշկ-բուժառու փոխհարաբերությունների նոր մշակույթ։ Նա շնորհակալություն է հայտնել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Գարո Արմենին, թիմին, Լոռու մարզպետարանին, տեղական ինքնակառավարման մարմնին` համատեղ աշխատանքի համար։ Այստեղ հունիսի 1-ին մեկնարկել է պիլոտային ծրագիրը, որն անդրադառնում է բուժառուին մատուցվող առողջապահական ծառայության ողջ ընթացքին։ Նախապես ուսումնասիրվել են առկա խնդիրները, ռեսուրսները և բնակչության կարիքները։
16:38 - 15 հուլիսի, 2024
Նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

Նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

Նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Առաջին կանգառը եղել է Գորիսի բժշկական կենտրոնը, որտեղ նախարարին դիմավորել է ԲԿ-ի տնօրեն Դավիթ Մաշուրյանը։ Բուժհաստատությունն ունի վերանորոգված և վերազինված անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։ Նախարարին է ներկայացվել մատուցվող ծառայությունների ծավալը, հագեցվածությունը։ Կարևորելով արյան պաշարների մշտական համալրման ռազմավարական նշանակությունը և տեղակայումը` Գորիսում մեկնարկել են Արյան փոխներարկման կայանի  շինաշխատանքները։  Նախարարը հետևել է աշխատանքների ընթացքին, դիտարկումներ արել և տվել հանձնարարականներ պատասխանատուներին։  Կապիտալ շինարարության ծրագրով Գորիսում նախատեսվում է պոլիկլինիկայի նոր շենքի կառուցումը։ Նախագծման փուլում է նաև Խնձորեսկի ամբուլատորիայի կառուցումը, որը կսպասարկի համայնքի 4000-ից ավելի բնակչությանը։ Նախարարն անդրադարձել է նաև 2024թ. առաջին կիսամյակում Գորիսի տարածաշրջանի բժշկական հաստատությունների ԱԱՊ բուժաշխատողների գործունեությանը և դրա դիմաց խրախուսական (բոնուսային) վարձատրության ցուցանիշներին: Տարածաշրջանի բոլոր թերապևտները, ընտանեկան բժիշկները, մանկաբույժները և բուժակ֊մանկաբարձական կետի բուժքույրերը ստացել են հավելավճարներ։ Անահիտ Ավանեսյանի այցը Գորիսում ավարտվել է «Ֆրանս֊հայկական սրտանոթային կենտրոնում» և այնտեղ գործող վերականգնողական կենտրոնում։
18:03 - 12 հուլիսի, 2024
Առողջապահության նախարարն այցելել է «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»

Առողջապահության նախարարն այցելել է «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»

ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» է այցելել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:   ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ շրջայցի ընթացքում նախարարին են ներկայացվել այն փոփոխությունները, որոնք միտված են բուժառուների և բուժանձնակազմի համար պայմանների բարելավմանը:   Կենտրոնում վերջերս վերանորոգվել է ևս մեկ բաժանմունք, կատարվել են ներքին հարդարման, բակային հատվածի բարեկարգման աշխատանքներ:   Անահիտ Ավանեսյանը կենտրոնի ղեկավարության հետ քննարկման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձրել նոր սերնդի դեղորայքի կիրառման արդյունավետությանը և նորագույն բուժական մեթոդների ներդրման հնարավորություններին:   Նա հետաքրքրվել է նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար մշակված սննդակարգով և սննդի պահման պայմաններով:   «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»-ում բարեկարգման աշխատանքները շարունակվելու են:  
18:54 - 09 հուլիսի, 2024
Մենք պետք է հետևենք զարգացած երկրների օրինակին, որտեղ դոնորության ցուցանիշը 80%-ից ավելի է. Ավանեսյան

Մենք պետք է հետևենք զարգացած երկրների օրինակին, որտեղ դոնորության ցուցանիշը 80%-ից ավելի է. Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ, արյուն են հանձնել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, «Յոլյան» արյունաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը: Ակցիային միացել են նաև տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ քաղաքացիներ և օտարերկրացիներ: Անահիտ Ավանեսյանը զրուցել է նաև ԶԼՄ ներկայացուցիչների հետ և նշել, որ երկրի արյան պաշարները համալրելու կարիք միշտ կա, իսկ արյուն տալով` ոչ միայն կյանք ենք փրկում, այլև արյունատվությունը բարենպաստ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա: «Մենք պետք է հետևենք զարգացած երկրների օրինակներին, որտեղ անվարձահատույց դոնորության ցուցանիշները շատ բարձր են` 80%-ից ավելի: Արյունատվության մշակույթը պետք է նոր մակարդակի հասցնենք, ինչին կնպաստի Արյան բանկի նոր շենքի կառուցումը` ժամանակակից լաբորատոր ու բժշկական սարքերով»,- նշել է նախարարը: Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր դոնորներին` ժամանակ հատկացնելու և մարդասիրական քայլ կատարելու համար:
19:37 - 14 հունիսի, 2024