ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ձեւաչափն է, Նստավայրը Ստրասբուրգում է: Վեհաժողովը ձեւավորվել է 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանոնադրությամբ:

ԵԽԽՎ-ն է սահմանում իր օրակարգը: Քննարկում է եւրոպական ու միջազգային իրադարձությունները եւ հրատապ թեմաներ ու խնդիրներ, որոնք մտահոգում են եվրոպական երկրներին: Հիմնական կարեւոր թեմաներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանությունը: ԵԽԽՎ-ի նիստերը գումարվում են տարին չորս անգամ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի պալատում, մեկշաբաթյա տեւողությամբ: Հայաստանը Եվրոպայի խորհրդին անցամակցում է 2001թ. հունվարի 25-ից։

ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է անում ազատել հայ գերիներին և բացել Լաչինի միջանցքը

ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է անում ազատել հայ գերիներին և բացել Լաչինի միջանցքը

Հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ․) բանաձևը: Քվեարկությամբ ընդունվել են բանաձևում Հայկական պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության էջից: Բանաձևի տեքստում մասնավորապես ասվում է հետևյալը.  «Վեհաժողովն արձանագրում է (խմբ.՝ մոնիտորինգային) հանձնաժողովի շարունակական ուշադրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումներին։ Վեհաժողովն ի գիտություն է ընդունում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ուղարկված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին հրատապ ծանուցումը, որով կոչ է արվում հետևել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատամանը և կոչ է անում անհապաղ և լիարժեք կերպով իրականացնել դատարանի որոշած միջանկյալ միջոցների կատարումը։ Վեհաժողովը նաև հետևում է Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված իրավիճակին։ Վեհաժողովն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր պահվող անձանց»։ Հիշեցնենք՝ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում քննարկում տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ:    Շվեդ պատվիրակը հայտնել է, որ Ադրբեջանը անտեսել է Լաչինի միջանցքը ապաշրջափակելու միջազգային հանրության կոչերը։ Բրիտանացի խորհրդարանականը նշել է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են խաղաղ ապրել որպես հարևաններ, պետք է միմյանց հետ անկեղծ խոսելու հնարավորություն գտնեն։ Ֆինլանդիայի պատգամավորի խոսքով իրենք պատրաստ են գնալ տարածաշրջան և հնարավորինս գնահատել իրավիճակը։   Թուրքիայի ներկայացուցիչը, իհարկե, շտապել է պաշտպանել ադրբեջանցի «եղբայրներին»։ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սաիդովի ու ևս 8 ելույթի համար ժամանակ չի մնացել, ու Սաիդովը ԵԽԽՎ-ին մեղադրել է կողմնակալության մեջ։   Հայաստանի պատվիրակները իրենց ելույթներում ներկայացրել են ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակը ու հերքել Ադրբեջանի պնդումները՝ Լաչինի միջանցքի իբր փակ չլինելու վերաբերյալ։ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ դիտարկվում է քննարկման արդյունքներով ԵԽԽՎ-ի զեկույց ընդունելու հնարավորությունը:
15:30 - 27 հունվարի, 2023
Ադրբեջանցի 2 պատվիրակ կողմ է քվեարկել ՌԴ-ի և Բելառուսի քայլերը դատապարտող և Ուկրաինայի հարցով տրիբունալ ստեղծելու ԵԽԽՎ բանաձևին
 |armenpress.am|

Ադրբեջանցի 2 պատվիրակ կողմ է քվեարկել ՌԴ-ի և Բելառուսի քայլերը դատապարտող և Ուկրաինայի հարցով տրիբունալ ստեղծելու ԵԽԽՎ բանաձևին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի երկու պատվիրակներ` Էրկրին Գադիրլին ու Կոնուլ Նուրուլաևան կողմ են քվեարկել Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Բելառուսի գործողությունները դատապարտող, նրանց քաղաքական և ռազմական առաջնորդներին քրեական պատասխանատվության ենթարկելու կոչ անող և Ուկրաինայի հարցով միջազգային քրեական տրիբունալ (դատարան) ստեղծելու կոչ անող բանաձևին: Այս մասին տեղեկացավ ԵԽԽՎ պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից: «Վեհաժողովը նշում է, որ Բելառուսը մասնակցել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիային, քանի որ թույլ է տվել օգտագործել իր տարածքը Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիա իրականացնելու համար։ Նրա դերն ու մեղսակցությունը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից, իսկ նրա ղեկավարները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- շեշտվում է բանաձևում: Վեհաժողովը գտնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի կողմից իրականացված ագրեսիվ գործողությունները, հաշվի առնելով դրանց բնույթը, մասշտաբը և ծանրությունը, հանդիսանում են ՄԱԿ կանոնադրության ակնհայտ խախտում, մասնավորապես՝ ուժի կիրառման արգելքի: Բանաձևում ընդգծվում է, որ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքական և ռազմական առաջնորդները, ովքեր ծրագրել, նախապատրաստել, նախաձեռնել, իրագործել են այդ գործողությունները, և ովքեր ի վիճակի են եղել վերահսկելու կամ ղեկավարելու պետության քաղաքական կամ ռազմական գործողությունները, պետք է բացահայտվեն և քրեական պատասխանատվության ենթարկվեն։ «Վեհաժողովը վերահաստատում է իր միաձայն կոչը՝ անդամ երկրներին և Եվրոպայի խորհրդի դիտորդ պետություններին՝ ստեղծելու հատուկ միջազգային քրեական տրիբունալ՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար»,-ասված է բանաձևում: Ըստ բանաձևի՝ տրիբունալի իրավասությունը կսահմանափակվի Ուկրաինայի դեմ կատարված ագրեսիայի հանցագործությամբ և  կտարածվի Ռուսաստանի Դաշնության կողմից 2014 թվականի փետրվարին սկսված ագրեսիայի վրա: Իրավասությունների շրջանակում նշվում է նաև Բելառուսի առաջնորդների դերն ու մեղսակցությունը Ուկրաինայի դեմ ագրեսիային: Ըստ ընդունված բանաձևի՝ տրիբունալի նստավայրը պետք է լինի Հաագայում՝ Միջազգային քրեական դատարանի և այլ միջազգային դատարանների ու հաստատությունների հետ համագործակցություն ապահովելու նպատակով:
13:08 - 27 հունվարի, 2023
Դուք չեք նախագահում, այլ ես․ ԵԽԽՎ նախագահը լռեցրել է ադրբեջանական պատվիրակության ղեկավարին
 |armtimes.com|

Դուք չեք նախագահում, այլ ես․ ԵԽԽՎ նախագահը լռեցրել է ադրբեջանական պատվիրակության ղեկավարին |armtimes.com|

armtimes.com: «Դուք չեք նախագահը, ես եմ նախագահը»,- ի պատասխան ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի դժգոհության, թե իրեն՝ որպես ադրբեջանական պատվիրակության ղեկավարի, խոսելու հերթ չի հասել ու դա ցույց է տալիս այն, որ վեհաժողովը կողմնակալ է, ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում Լաչինի թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսը։ Բանն այն է, որ ժամանակը լրանալու պատճառով Կոքսը հայտարարել է, որ քննարկումն ավարտվել է, ինչի պատճառով Սամադ Սեիդովին ելույթի հերթ չի հասել։ Նա  լիագումար նիստերի դահլիճում հայտարարել է, թե վեհաժողովը կողմնակալ մոտեցում ունի։ Ի պատասխան՝ Թինի Կոքսը նշել է, որ Սեիդովը ծանոթ է կարգին, ժամանակը սպառվել է. «Հիմա ես տեսնում եմ, թե որքան կողմնակալ վերաբերմունք ունեք, եթե այս շատ կարևոր քննարկման ժամանակ դուք ի վիճակի չեղաք խոսքի իրավունք տալ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարին, սա իսկապես կողմնակալ մոտեցում է։ Եթե հայերը կարողացան իրենց խոսքը ներկայացնել, բայց ես՝ որպես պատվիրակության ղեկավար չկարողացա, ուրեմն սա կողմնակալ վերաբերմունք է»,- հայտարարել է Սեիդովը։ ԵԽԽՎ նախագահը վրդովվել ու պատասխանել է. «Մյուս անգամ չեմ հանդուրժելու Ձեր կողմից կարգի խախտումը։ Դուք փորձառու անդամ եք այս վեհաժողովում և գիտեք, որ չի կարելի այդպես վարվել, այստեղ ես եմ նախագահը»։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 12 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 46 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Արցախը շրջափակման մեջ է։
10:29 - 27 հունվարի, 2023
Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները որպես ԵԽ անդամ. Շվեդիայի ներկայացուցիչ
 |armenpress.am|

Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները որպես ԵԽ անդամ. Շվեդիայի ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանն անտեսում է Լաչինի միջանքը բացելու կոչերը՝ չնայած միջազգային զգալի ճնշմանը։ Նման հայտարարություն արեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեդիայի պատվիրակության անդամ Բորիանա Աբերգը Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների մասին քննարկման ժամանակ։ Աբերգը խոր ափսոսանք հայտնեց, որ խորհրդաժողովում ստիպված են դարձյալ քննարկել Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական ճգնաժամը։ Նա շեշտեց, որ բանավեճն օրակարգի ամենավերջին կետերից է, և անդամներից քչերն են ներկա։ «Լեռնային Ղարաբաղի 120 հազար մարդկանց տառապանքն ավելի մեծ ուշադրության էր արժանի։ Բայց նախևառաջ նրանք արժանի են, որ հարգվեն իրենց հիմնարար իրավունքները։ Սա տարածքային ամբողջականության հարց չէ, Հայաստանի կամ Ադրբեջանի հարց չէ, սա մարդու իրավունքների հարց է», - նշեց քաղաքական գործիչը։ Բորիանա Աբերգը ներկայացրեց, այսպես կոչված, «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ սննդի, դեղորայքի պակաս, գազամատակարարման և էլեկտրամատակարարման խափանումներ։ Բանախոսը նաև շեշտեց, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս նորոգել էլեկտրամատակարարման բարձրավոլտ մալուխը, որով Արցախը էլեկտրաէներգիա է ստանում Հայաստանի Հանրապետությունից։ Բորիանա Աբերգը հիշեցրեց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս խոսել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ կոչ անելով անմիջապես բացել Լաչինի միջանցքը։ Իսկ մինչ այդ Եվրոպական խորհրդարանն ընդունել էր բանաձև, որով Բաքվին կոչ էր անում ազատել հայ ռազմագերիներին, հանել զորքերը Հայաստանի տարածքից և բացել Լաչինի միջանցքը։ «Ակնհայտորեն միջազգային զգալի ճնշում կա, որն ավելի է ամրապնդվում այն փաստով, որ այդ թեմայի շուրջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառեց Ադրբեջանի դեմ։ Ցավոք, Ադրբեջանը որոշել է անտեսել այս կոչերը։ Ցանկանում եմ հարց տալ՝ ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ», - եզրափակել է նա։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 12 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 46 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Արցախը շրջափակման մեջ է։
10:27 - 27 հունվարի, 2023
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումն ու արցախցիների համար հումանիտար ճգնաժամի ստեղծումը ցեղասպանական ակտ է. Կիպրոսի ներկայացուցիչ |armenpress.am|

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումն ու արցախցիների համար հումանիտար ճգնաժամի ստեղծումը ցեղասպանական ակտ է. Կիպրոսի ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Կիպրոսի պատվիրակ Կոնստանտինոս Էֆստաթիուն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումն ու արցախցիների համար հումանիտար ճգնաժամի ստեղծումը համարեց ցեղասպանական ակտ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել միջանցքի շրջափակումը: ԵԽԽՎ-ում իր ելույթում Կիպրոսի պատվիրակը բարձրաձայնեց Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով հումանիտար լուրջ ճգնաժամի մասին: «Լեռնային Ղարաբաղ մուտքն ու մատակարարումները պետք է անվերապահորեն վերականգնվեն, և Ադրբեջանը պետք է հարգի եռակողմ համաձայնությունն ու երաշխավորի մարդկանց անվտանգությունը, ապրանքների տեղափոխումը Լաչինի միջանցով: Շրջափակման հետևանքով հազարավոր մարդիկ, այդ թվում երեխաներ, անկարող են վերադառնալ իրենց տներ: Այս տագնապալի իրավիճակը սպառնում է փխրուն խաղաղ գործընթացին և կարող է հանգեցնել բռնության վերսկսման»,-ասաց նա: Կիպրոսի պատվիրակը նկատեց, որ դա աղետալի ազդեցություն կունենա ոչ միայն հայերի և ադրբեջանցիների, այլ նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա: «Որպես Եվրոպայի խորհրդի անդամ` մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անխափան կերպով բացել Լաչինի միջանցքը, զերծ մնալ լարվածության բերող գործողություններից»-ասաց նա: Ապա Էֆստաթիուն շարունակեց. «Զոհել միայն այն պատճառով, որ հա՞յ են, թե՞ քրիստոնյա են»: Նա ընդգծեց, որ մարդկանց սովամահ անելը, առանց էլեկտրաէներգիայի, դեղորայքի թողնելը ցեղասպանական ակտ է: Ցեղասպանության տարրերից մեկը կյանքի այնպիսի ծանր պայմանների ստեղծումն է, որն ուղղված է մարդկանց խմբի ֆիզիկականց ոչնչացմանը: «Ցեղասպանության վճռորոշ պահ է, եկեք չզոհենք մարդկանց` քաղաքական պայմանների կամ ազգային շահերից ելնելով: Այս աշխարհում յուրաքանչյուր մարդ արժանի է ապրել արժանապատիվ և իրավունքների լիարժեք հարգման պայմաններում: Ուղերձը պետք է լինի հստակ՝ դադարեցրեք Լաչինի միջանցքի շրջափակումը»,-եզրափակեց Կիպրոսի պատվիրակը: 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 12 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 46 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Արցախը շրջափակման մեջ է։
09:43 - 27 հունվարի, 2023
Լաչինի արգելափակումը տարբեր կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է. Ռուբեն Ռուբինյան |armtimes.com|

Լաչինի արգելափակումը տարբեր կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է. Ռուբեն Ռուբինյան |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ և տարբեր կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների խախտում է: Այս մասին ԵԽԽՎ լիագումար նիստում հայտարարել է Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը և Իսլանդիայի վարչապետից հետաքրքրվել, թե  ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել կառույցում իսլանդական նախագահությունը՝ այս խախտումների կապակցությամբ: Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրը նշել է, որ Ադրբեջանը և Հայաստանը, 2001 թվականին դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, ստանձնել են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն և պետք է գործեն իրենց հանձնառություններին համապատասխան: «Տարածաշրջանում ներկայիս հումանիտար իրավիճակը աճող մտահոգության տեղիք է տալիս: Իսլանդիայի արտաքին գործերի նախարարը՝ որպես նախարարական կոմիտեում նախագահող, հայտարարություն է տարածել այս կապակցությամբ՝ կոչ անելով լիարժեքորեն վերականգնել տեղաշարժի ազատությունը և հաղորդակցությունը: Նա նաև մտահոգություն է հայտնել մեկամսյա շրջափակման հետևանքով ստեղծված ոչ կայուն հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու բանալին, իհարկե, երկխոսությունն է, և նախարարների կոմիտեն կշարունակի հետևել այդ զարգացումներին։ Սա պարզ խնդիր չէ»,-ասել է նա։
09:28 - 27 հունվարի, 2023
Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները միայն նպաստում են ճգնաժամի վատթարացմանը. Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ |armenpress.am|

Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները միայն նպաստում են ճգնաժամի վատթարացմանը. Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am: Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները միայն նպաստում են ճգնաժամի վատթարացմանը՝ անկախ իրենց շարժառիթներից։ ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների մասին քննարկման ժամանակ նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջիլ Մորթիմերը՝ շեշտելով, որ վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմները տևական լուծման և երկու երկրների միջև դրական հարաբերությունների չեն հանգեցրել։ «Նույնիսկ ռազմագերիները չեն վերադարձվել։ Եթե այս երկրները ցանկանում են խաղաղ ապրել միմյանց հետ՝ որպես լավ հարևաններ, ապա նրանք պետք է միջոց գտնեն՝ ազնվորեն և բարեխղճորեն խոսելու միմյանց հետ։ Ես Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին կոչ եմ անում ներգրավվել ԵԱՀԿ-ի ջանքերում՝ ապահովելու խաղաղություն և կայունություն։ Այժմ մենք տեսնում ենք դանդաղ քայլերթ դեպի հումանիտար աղետ։ Մենք պետք է կանխենք դա», - ասաց Ջիլ Մորթիմերը։ Բանախոսը նաև շեշտեց Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը վերականգնելու կարևորությունը։ «Անկախ իրենց շարժառիթներից՝ Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները միայն նպաստում են խորացող ճգնաժամի վատթարացմանը։ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի բոլոր կողմերին կոչ եմ անում վերահաստատել, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է երաշխավորի մարդկանց, փոխադրամիջոցների և բեռների անվտանգ անցումը Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղություններով։ Սա՛ է լուծումը», - շեշտեց քաղաքական գործիչը։ Բրիտանիայի ներկայացուցիչը նաև շեշտեց, որ ցանկացած քայլ, որը կարող է տարածաշրջանը տանել դեպի հետագա քաոս և հակամարտություն, պետք է կասեցվի։ «Ես կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին՝ փրկել իրենց ժողովուրդներին հետագա աղետից։ Վստահ եմ, որ երկու կողմերն էլ ճիշտ և սխալ քայլեր են կատարել և տառապել դրանցից, սակայն հակամարտության սարսափելի և անխուսափելի վնասներից անմեղ մարդկանց պաշտպանելու միակ միջոցը հաշտությունն է և առաջ շարժվելու կամքը… Դրա առաջին քայլը Լաչինի միջանցքի վերաբացումն է», - նշել է բրիտանացի քաղաքական գործիչը։
09:24 - 27 հունվարի, 2023
Ռեստորանում ընթրիք ընտրելուց առաջ հիշեք, որ 120 հազար հայ մակարոնից ու հնդկաձավարից բացի ընտրելու ոչինչ չունի. պատգամավոր |armenpress.am|

Ռեստորանում ընթրիք ընտրելուց առաջ հիշեք, որ 120 հազար հայ մակարոնից ու հնդկաձավարից բացի ընտրելու ոչինչ չունի. պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը պատվիրակների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով առաջացած հումանիտար լուրջ խնդիրների վրա՝ նրանց հորդորելով մտածել 120 հազար հայերի մասին։Մամիջանյանն իր ելույթում ասաց․ «Մեզնից ոմանք այսօր նիստից հետո կգնան Ստրասբուրգում ռեստորան։ Եվ խնդրում եմ ձեզ` մինչև կընտրեք ձեր ընթրիքը, հիշեք, որ 120 հազար մարդ ԼՂ-ում ոչինչ չունեն ընտրելու՝ բացի մակարոնից կամ հնդկաձավարից․ ոչ բանջարեղեն, ոչ մրգեր, ոչինչ։ Եվ, հարգելի գործընկերներ, երբ դուք կհասնեք հյուրանոցի ձեր հարմարավետ ու տաք սենյակներ՝ թաքնվելու սառը քամուց և նորություններ նայելու, խնդրում եմ՝ հիշեք, որ 120 հազար հայ ոչ գազ ունեն, ոչ էլեկտրաէներգիա օրը 6-8 ժամ։ Ձեզնից նրանք, որոնք երեխա ունեն, խնդրում եմ պատկերացրեք, թե դուք ինչ կանեիք, եթե աշխարհում ինչ-որ մեկը խանգարեր նրանց կրթությանը, եթե դասասենյակներում այնքան ցուրտ լիներ, որ դպրոցները ստիպված լինեին փակվել շուրջ 1 ամիս»։ Իսկ ԵԽԽՎ այն գործընկերներին, որոնք օրվա ընթացքում գլխացավ կունենան, Մամիջանյանը հորդորեց մինչև ցավազրկող խմելը հիշել Արցախում դեղորայքի խնդրի մասին։
22:32 - 26 հունվարի, 2023
Մինչ այստեղ քննարկվում են մարդու իրավունքներին վերաբերող հարցեր, 120 000 մարդ սպասում է միջազգային հանրության արձագանքին. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում |1lurer.am|

Մինչ այստեղ քննարկվում են մարդու իրավունքներին վերաբերող հարցեր, 120 000 մարդ սպասում է միջազգային հանրության արձագանքին. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում |1lurer.am|

1lurer.am: Եվրոպայի խորհրդի որոշ անդամներ դրսևորում են այնպիսի վարքագիծ, որը չի համապատասխանում կազմակերպության արժեքներին: ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: «Օրինակ, մի քանի օր առաջ երկրներից մեկի առաջնորդը (խմբ. Իլհամ Ալիևը) ասաց, որ եթե նրանք չեն ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել մեր պայմաններով, մեր սահմանները կլինեն այնտեղ, որտեղ մենք կցանկանանք»,- նշել է նա՝ ընդգծելով, որ դա Եվրոպայի խորհրդի հռետորաբանությունը չէ և համահունչ չէ Եվրախորհրդի շրջանակներում ստանձնած պարտականություններին։ «Մինչ այստեղ քննարկվում են մարդու իրավունքներին վերաբերող հարցերը, 120 000 մարդ, ում իրավունքները պետք է պաշտպանվեն են այս կազմակերպության կողմից սովամահ են լինում և սպասում են միջազգային հանրության արձագանքին»,- նշել է Վարդանյանը:
22:03 - 26 հունվարի, 2023
Արմեն Գեւորգյանը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումները Կոնգրեսի ուշադրության կենտրոնում պահելը

Արմեն Գեւորգյանը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումները Կոնգրեսի ուշադրության կենտրոնում պահելը

ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 24-ին հանդիպել է ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Լինդերտ Վերբիկի ու գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։  Հանդիպման ընթացքում կարեւորվել է առաջիկայում կայանալիք ԵԽ չորրորդ գագաթնաժողովում տեղական եւ տարածաշրջանային հարցերի ու խնդիրների քննարկումը: Զրուցակիցները փաստել են նաեւ, որ ԵԽ անդամ մի շարք երկրներում արձանագրվում են տեղական ժողովրդավարության հետ կապված անթույլատրելի խնդիրներ, որոնք հակասում են Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ Կոնգրեսի կողմից ԵԽ անդամ պետություններում արձանագրված տեղական ժողովրդավարության վերաբերյալ փաստերը եւ հանգամանքները պետք է ուշադրության լուրջ առարկա դառնան ԵԽ բոլոր մարմինների կողմից: Արմեն Գեւորգյանը Կոնգրեսի նախագահին եւ գլխավոր քարտուղարին տեղեկություններ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անթույլատրելի իրավիճակի եւ Ադրբեջանի կողմից շրջափակմամբ ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Ըստ էության, Ադրբեջանի կողմից շրջափակումը ժողովրդավարության դեմ ադրբեջանական իշխանությունների պայքարի միակ դրսեւորումը չէ: Արմեն Գեւորգյանը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումները Կոնգրեսի ուշադրության կենտրոնում պահելը, հատկապես, որ ամեն ինչից զատ՝ վերջերս ադրբեջանական իշխանությունների կողմից նկատվում են նաեւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի փոփոխության միտումներ: Կողմերը երկուստեք պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակելու ինտենսիվ համագործակցությունը ԵԽԽՎ եւ Կոնգրեսի միջեւ:
14:11 - 25 հունվարի, 2023
Մարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

Մարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

Հարյուր քսան հազար մարդկանց պաշարման պետական քաղաքականությունը, նրանց դեմ ուժի կիրառման ամենօրյա սպառնալիքներով հանդերձ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի անդամի՝ Ադրբեջանի կողմից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից, այս մասին ընդգծել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հարցով իր ելույթում: «Պարո՛ն նախագահ, Ձեզ քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղն ավելի քան 40 օր է՝ պաշարված է Ադրբեջանի կողմից: Մեր կազմակերպությանն իր անդամակցության ամբողջ ընթացքում Ադրբեջանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվել է քաղաքական բռնությամբ եւ պատերազմով՝ որպես պետական քաղաքականության գործիքներ եւ միջոցներ: Ադրբեջանի կառավարությունը շարունակաբար արմատական ռասիզմի եւ էթնիկ զտումների քաղաքականություն է վարել «այլոց» եւ հատկապես՝ հայերի դեմ: Ադրբեջանի պետական քաղաքականության մեկ այլ բնորոշ գիծն էլ Եվրոպա նավթի եւ գազի արտահանման ներուժի շահարկումն է՝ որպես իր եզակի առավելություն: Ուստի մեզնից յուրաքանչյուրը կարող է որոշել՝ նման քաղաքականությունը ֆաշի՞զմ է, ազգային ռադիկալի՞զմ, թե՞ պետական ահաբեկչություն: Այսօր կխնդրեի ձեզ մտորել երեք հիմնական ուղղություններով. 120.000 մարդկանց պաշարման պետական քաղաքականությունը, նրանց դեմ ուժի կիրառման ամենօրյա սպառնալիքներով հանդերձ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի անդամի կողմից: Ադրբեջանի անպատիժ անդամակցությունը հանգեցրել է այս ավտորիտար ռեժիմի անպատժելիության զգացման ամրապնդմանը եւ մեր կազմակերպությունը վերածել հայ ժողովրդի դեմ իր ագրեսիվ քաղաքականությունը լեգիտիմացնող գործակալության: Այս վեհաժողովում ներկայացված բազմաթիվ պետություններ ճանաչել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Լեռնային Ղարաբաղի պաշարումն այդ հանցագործության հաջորդ փուլն է: Ընդ որում, մարդկության դեմ այդ հանցագործությունը դեռեւս ժխտվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի այս պետական հանցավոր քաղաքականությունը եւ որեւէ ու երբեւէ հնարավոր խաղաղ գործընթաց չպետք է խառնել իրար. մարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է: Սա բանակցության հետ կապ չունի: Հետեւաբար, սա չդատապարտելը հստակ նշանակում է աջակցել այս հանցագործության իրականացմանը, այլ ոչ թե ճանապարհ է թողնում դիվանագիտության համար: Այն, ինչ այսօր կատարվում է Լեռնային Ղարաբաղում, սոսկ հումանիտար աղետ չէ: Դա այժմ ավելի մեծ խնդիր է, քան պարզապես հայ-ադրբեջանական խնդիրը, կամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը: Խոսքը Եվրոպայի քաղաքակրթական ինքնության մասին է: Այժմ խոսքը մի կողմից ժողովրդավարության, արժանապատվության եւ խաղաղության, իսկ մյուս կողմից՝ «էներգետիկ անվտանգության», ամոթի եւ ոտնահարումների միջեւ ընտրության մասին է: Պատմությունը մեզ հուշում է, թե որն է խայտառակ ընտրությունների գինը: Պարո՛ն նախագահ, ավարտելով խոսքս՝ թույլ տվեք ասել, որ Հարավային Կովկասի հայությունը, լինի Հայաստանում, կամ՝ այս օրերին շրջափակված Լեռնային Ղարաբաղում, դարեր շարունակ պայմաններ է ստեղծել ոչ միայն մեր՝ բնիկ ազգային մշակույթի եւ ինքնության պահպանման ու զարգացման համար, այլեւ այդ հարցերում օգնել է շատ այլ ազգերի: Չնայած մեր աշխարհագրական եւ ժողովրդագրական չափերին եւ շարունակական մարտահրավերներին՝ մենք շարունակելու ենք այս առաքելությունը՝ անկախ նրանից՝ դա ինչ-որ մեկին դո՞ւր է գալիս, թե՞ ոչ»,- նշել է պատգամավորն իր ելույթում:  
12:58 - 25 հունվարի, 2023
ԵԽԽՎ նիստերի օրակարգում ընդգրկվել է Արցախում մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ հարցը

ԵԽԽՎ նիստերի օրակարգում ընդգրկվել է Արցախում մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ հարցը

ԵԽԽՎ-ի նիստերի օրակարգում ընդգրկվեց Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ հարցը: Կողմ՝ 91 ձայն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 12 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 46 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Էլեկտրամատակարարումը հովհարային անջատումների վեցժամյա գրաֆիկով է, գազամատակարարումը ամբողջությամբ արգելափակված է։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։
16:47 - 23 հունվարի, 2023
Առաջարկ ԵԽԽՎ-ին՝ հրատապ բանավեճ կազմակերպել «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով․ որոշումը կկայացվի երեքշաբթի

 |aravot.am|

Առաջարկ ԵԽԽՎ-ին՝ հրատապ բանավեճ կազմակերպել «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով․ որոշումը կկայացվի երեքշաբթի |aravot.am|

aravot.am: Քիչ անց Ստրասբուրգում կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստը։ Այն կանցկացվի հունվարի 23-27-ը։ Լիագումար նիստի առաջին օրն՝ այսօր, Վեհաժողովը կընտրի ԵԽԽՎ նախագահին ու փոխնախագահներին։ Վեհաժողովի լիագումար նիստերի ընթացքում նախատեսված են Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի, Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտրիրի ելույթները։ ԵԽԽՎ օրակարգում քիչ առաջ թարմացում է կատարվել։ Մի շարք հարցերի թվում ընդգրկված է նաև «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով ընթացիկ հարցերի քննարկում կամ հրատապ ընթացակարգով բանավեճ կազմակերպելու հարցը։ Վեհաժողովը վաղը կայանալիք լիագումար նիստի ընթացքում՝ Ստրասբուրգի ժամանակով 11։30-ին որոշում կկայացնի՝ այս հարցով քննարկում կազմակերպե՞լ, թե՞ ոչ։ Սակայն արդեն հայտնի է, որ եթե Վեհաժողովը կողմ քվեարկի այս թեմայով քննարկման կազմակերպմանը, դա լինելու է առանց եզրափակիչ փաստաթղթի քննարկման։ Հրատապ ընթացակարգով բանավեճի կազմակերպման համար առաջարկվել են նաև հետևյալ թեմաները՝ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի իրավական և մարդու իրավունքների ասպեկտները», «Վերջին շրջանի լարված դրությունը Պրիշտինայի և Բելգրադի միջև», «Ինչպես բարելավել Եվրոպայի խորհրդի համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ՝ որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման և պաշտպանության միջոց, այդ թվում՝ Բելառուսում և Ռուսաստանի Դաշնությունում», «Հարձակումներ հանրային ծառայությունների աշխատակիցների վրա»։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 12 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 46 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Էլեկտրամատակարարումը հովհարային անջատումների վեցժամյա գրաֆիկով է, գազամատակարարումը ամբողջությամբ արգելափակված է։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։
13:09 - 23 հունվարի, 2023