ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ: ԿԸՀ նախագահ՝ Տիգրան Մուկուչյան։ ԿԸՀ նախագահի տեղակալ՝ Լաուրա Գալստյան։ ԿԸՀ քարտուղար՝ Արմեն Սմբատյան։ ԿԸՀ անդամներ՝ Գեորգի Մարտիրոսյան, Սիլվա Մարկոսյան, Նունե Հովհաննիսյան, Սեյրան Շահսուվարյան։

«Ժողովրդավար» ընտրություններ՝ չվերահսկվող և ոչ թափանցիկ նախընտրական ֆինանսներով

«Ժողովրդավար» ընտրություններ՝ չվերահսկվող և ոչ թափանցիկ նախընտրական ֆինանսներով

Երևանի ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում ասաց, որ սեպտեմբերին տեղի ունեցած ավագանու ընտրություններն ի ցույց դրեցին իրենց քաղաքական ուժի «անսասանելի հավատարմությունը հեղափոխության արժեքեներին, ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և ժողովրդի կամքի նկատմամբ անառարկելի և անքննարկելի հարգանքին»։ Ընտրությունների ժողովրդավարական լինելը Փաշինյանը կապում է ընտրակեղծիքների բացակայության հետ, մինչդեռ բուն ընտրությունից բացի՝ ընտրական գործընթացի այլ օղակներում նվազեցվել են հանրային վերահսկողության մեխանիզմները, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ինչն առնվազն չի բխում ժողովրդավարական արժեքներից։  2021 թվականին, ի թիվս Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների մի շարք փոփոխությունների, փոխվեցին նաև նախընտրական հիմնադրամների վերահսկողության և տվյալների հրապարակայնության վերաբերյալ կետերը։ Մասնավորապես, նախընտրական հիմնադրամ նվիրատվություններ կատարած ֆիզիկական անձանց տվյալներն այլևս հրապարակման ենթակա չեն։ Իսկ այդ նվիրատվությունների վերահսկողության գործառույթը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխարեն պետք է իրականացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։  Նախընտրական շրջանում ստացած նվիրատվություններով են թեկնածուներն ու կուսակցություններն իրականացնում քարոզարշավը։ Հետևաբար այդ ֆինանսների թափանցիկությունը կարևոր է, որ ընտրողը կարողանա գնահատել քարոզարշավի վրա ծախսվող գումարի օրինականությունը։  Օրենսգրքում կատարված փոփոխությունները, սակայն, սահմանափակել և նվազեցրել են նախընտրական ֆինանսների թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունը։   Նախընտրական հիմնադրամ. ի՞նչ և ինչո՞ւ Ընտրություններին մասնակցող կուսակցությունները (համամասնական) և թեկնածուները (մեծամասնական) ընտրական ցուցակը գրանցելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ 5 օրվա ընթացքում, պարտավոր են ստեղծել նախընտրական հիմնադրամներ։ Այդ հիմնադրամների համար բանկերում բացվում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, որոնց էլ ֆիզիկական անձինք, կուսակցություններն ու թեկնածուները փոխանցում են քարոզարշավի ծախսերն իրականացնելու համար նվիրատվություններ։ Քարոզարշավի ծախսերը ներառում են տարածքների վարձակալումը, բուկլետների տպագրությունը, գովազդային արշավները և այլն։  Նախընտրական հիմնադրամներ նվիրատվությունները կատարվում են բացառապես անկանխիկ եղանակով։ Արգելվում են անանուն նվիրատվությունները։  Նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունները կարող են կոռուպցիոն ռիսկեր պարունակել, ուստի կարևոր է դրանց թափանցիկությունը և հետագծելիությունը։  Մինչև օրենքի այս փոփոխությունը լրագրողները հնարավորություն են ունեցել ստանալ նվիրատուների վերաբերյալ տվյալները և բացահայտել հետաքրքիր դրվագներ՝ նվիրատվությունների չափի, մոտիվացիայի, ինչպես նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։ 2021 թվականից սկսած՝ ԸՕ փոփոխությունները շղարշել են գործընթացի թափանցիկությունը՝ անտեսելով հանրային վերահսկողության անհրաժեշտությունն ու կարևորությունը։    Կուսակցություններին նվիրատվություն արած անձանց տվյալները փակ են ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության լիազորությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին փոխանցելուց բացի օրենքում ավելացվեց ևս մեկ դրույթ. նախընտրական հիմնադրամ նվիրատվություններ կատարող ֆիզիկական անձանց տվյալներն այլևս հրապարակման ենթակա չեն։ Այսպիսով, նախընտրական շրջանում հանրությունն ու լրատվամիջոցները զրկվում են կուսակցություններին և թեկնածուներին հաշվետու դարձնելու հնարավորությունից։ Նվիրատվություն կատարող անձանց տվյալների հասանելության սահմանափակումը հիմնավորվում էր նրանց չկաշկանդելու և նրանց նկատմամբ հնարավոր բացասական ազդեցությունը բացառելու նպատակով։  Եթե նվիրատվություն անողների տվյալները փակելը նրանց պաշտպանելու միտում ունի, ապա «Կուսակցությունների մասին» օրենքը հակասում է այդ նպատակին։ Մասնավորապես, վերոնշյալ օրենքը սահմանում է, որ ամեն տարի կուսակցությունները պարտավոր են հրապարակել ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի և գույքի վերաբերյալ հաշվետվություններ՝ հաշվետու տարվան հաջորդող մայիսի 31-ից ոչ ուշ։ Այս հաշվետվություններում կուսակցություններին նախընտրական շրջանում նվիրատվություններ արած անձանց տվյալները բաց հրապարակվում են, բայց ընտրություններից հետո՝ հաջորդ տարվա մայիսին։ Այսինքն՝ այս փոփոխությունը նպատակ ունի ոչ թե նվիրատուներին պաշտպանելու, այլ նախընտրական շրջանում կուսակցությունների քարոզարշավի ֆինանսական աղբյուրները թաքցնելու։  Քարոզարշավի ֆինանսների իրական թափանցիկություն ապահովելու համար  կարևոր է նվիրատուների տվյալների հրապարակման ժամկետները։ Դիտարկենք այս տարվա Երևանի ավագանու ընտրությունների` իշխող ուժի նախընտրական ֆինանսների հավաքագրման օրինակը։ Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան Ավագանու ընտրությունները։ Դրանից առաջ՝ հուլիսի 31-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմակերպել էր դրամահավաք-երեկո։ Երեկոյի ընթացքում, ըստ ՔՊ հայտարարության, 987 անձանց նվիրատվությունների արդյունքում հավաքվել էր շուրջ 506 մլն դրամ։ Նվիրատուների ցանկին, սակայն, հանրությունը կարող է ծանոթանալ միայն ընտրություններից 8 ամիս անց։ ԱԺ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով դրամահավաք-երեկոյի ընթացքում փոխանցումները կատարվել են անկանխիկ։ Նա հայտնեց, որ «Հայէկոնոմբանկի» հետ համագործակցությամբ տեղադրվել են վճարային տերմինալներ։ Բանկի աշխատակիցները վերցրել են կանխիկ գումարը և մուտքագրել կուսակցության հաշվեհամարին։ Այս միջոցառման ժամանակ նվիրաբերված գումարի մի մասը՝ մոտ 300 մլն դրամը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն իր անունից նվիրաբերել է կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին։ Այսինքն՝ 987 անձանց նվիրատվությունները փաստացի ներկայացվել են որպես ՔՊ նվիրատվություն։ Նախընտրական շրջանում մենք հարցում ուղարկեցինք ՔՊ՝ ստանալու նվիրատուների ցանկը։ Մեզ պատասխանեցին, որ իրենք իրավունք ունեն այդ ցանկը հրապարակել մինչև 2024 թվականի մայիսի 31-ը, ուստի կծանոթանանք ցանկին, երբ այն հրապարակվի։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, հանրային կապերի համակարգող, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հնգօրյա ժամկետում ցանկի տրամադրման մերժումը մեկնաբանեց՝ ասելով՝ «Տեղեկատվության ազատության» մասին օրենքը կուսակցություններին չի վերաբերում։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցով, սակայն, մեկ այլ իրավիճակում դատարանի վճիռը պարտավորեցրել է այն կուսակցություններին, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից, ենթարկվել «Տեղեկատվության ազատության» մասին օրենքին։ «Քաղաքացիական պայմանագիրը»  նույնպես պետբյուջեից ֆինանսավորվող կուսակցություն է։ Հետաքրքիր է, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դրամահավաք-երեկոյի մասին նախապես չի իրազեկել հանրությանը։  Դրամահավաքից օրեր անց կուսակցությունը միայն հրապարակել է արդյունքները։ Իրավագետ Հասմիկ Սարդարյանը կարծում է, որ թեև նման մոտեցումը նվազեցնում է հանրային վերահսկողության հնարավորությունները, սակայն այն հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ ապահովելու քաղաքացիների անխոչընդոտ մասնակցությունը քաղաքական գործընթացներին։ «Սակայն նվիրատուների իրավունքների և հանրային վերահսկողության շահերի միջև հավասարակշռություն ապահովելու նպատակով օրենսդրական փոփոխությունների մակարդակում կարող է դիտարկվել հանրային վերահսկողություն իրականացնող որոշ սուբյեկտներին նվիրատուների տվյալների նկատմամբ որոշակի պայմաններով հասանելիություն տրամադրելու հնարավորությունը»,- նշում է իրավագետը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ՔՊ նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որը նաև համահեղինակել է ԸՕ փոփոխությունները,  մեզ հետ զրույցում նշեց, որ կուսակցություններն օրենքին հակասող ոչինչ չեն արել, երբ նախընտրական հիմնադրամ մուտքերը կատարել են միայն կուսակցության անունից։ Իսկ հարցին՝ արդյո՞ք դա չի նվազեցնում գործընթացի թափանցիկությունը՝ հաշվի առնելով նախորդ տարիների լրագրողական հրապարակումներն ու բացահայտումները, Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Դե այդպես ասեք, որ մենք ուզում ենք, որպեսզի ընտրությունների արդյունքների վրա ազդենք։ Ձեր ցանկությունն է, որ երբ դուք որևէ հրապարակում կունենաք, որևէ բան կբացահայտեք որևէ կուսակցության հետ կապված, դա ազդի այդ կուսակցության ընտրության արդյունքների վրա։ Դուք քաղաքական ուժերին վերաբերվում եք որպես պոտենցիալ հանցագործների»։ Նա նաև հավելեց, որ որպես ԿԸՀ նախագահ կարծում է, որ ընտրական գործընթացը պետք է լինի թափանցիկ, միևնույն ժամանակ, ընտրության ընթացքի վրա արհեստական խոչընդոտ կամ ազդեցություն չպետք է լինի։  Հովակիմյանը կարծում է, որ եթե լրագրողների նպատակն է թափանցիկ գործընթաց ապահովելը, ապա իրենց համար մեծ տարբերություն պիտի չլինի՝ նվիրատուների ցանկը ուսումնասիրել ընտրությունների ընթացքու՞մ, թե՞ դրա ավարտից շուրջ 8 ամիս անց։   Նախընտրական ֆինանսների հանրային վերահսկողություն չկա, իսկ կա՞ պետական վերահսկողություն Քանի որ ԿԸՀ նախագահը լրատվամիջոցների՝ ռիսկային նվիրատվությունների վերաբերյալ հրապարակումները համարում է ընտրական գործընթացի վրա ազդեցություն կամ արհեստական խոչընդոտ, հարց է առաջանում, թե արդյո՞ք նախընտրական ֆինանսների պետական վերահսկողությունն անխոչընդոտ իրականացվում է։  Նախկինում նախընտրական հիմնադրամների նվիրատվություններն ու ծախսերը վերահսկում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը (ՎՎԾ)։ Ընտրական ցուցակների գրանցումից հետո` 3 աշխատանքային օրը մեկ, բանկերը նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանք էին ներկայացնում ՎՎԾ, իսկ վերջինս ամփոփում էր այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում ԿԸՀ կայքում: Օրենքի փոփոխությամբ ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության վերահսկողական որոշ լիազորություններ փոխանցվեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ)։ Նշենք, որ սրան նախորդած  «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններով արդեն ԿԿՀ-ին էր փոխանցվել կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողությունը։ Իսկ նախընտրական հիմնադրամների մուտքերի ու ելքերի վերահսկողության փոխանցումը ԿԿՀ-ին պայմանավորված էր նրանով, որ վերջինս օրենքով օժտված է ինստիտուցիոնալ անկախությամբ, մասնագիտացված է կոռուպցիոն ռիսկերի գնահատման հարցերում, ունի կոռուպցիայի դեմ պայքարի համար օրենքով վերապահված անհրաժեշտ գործիքակազմ, այդ թվում՝ բանկային գաղտնիքի հասանելիություն։ Այսպիսով, գնահատվել էր, որ վերոնշյալ կարողությունները ԿԿՀ-ին հնարավորություն են տալիս պատշաճորեն իրականացնել նախընտրական քարոզարշավի ֆինանսների  վերահսկողական գործառույթը։  Այս փոփոխության պատճառաբանություններից մեկն էլ այն էր, որ ԿԸՀ ենթակայությամբ գործող Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամբողջովին անկախ չի կարող գործել։ Դեռ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում հրապարակված զեկույցում ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) անդրադարձել էր ՎՎԾ կարգավիճակին. «Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ՎՎԾ-ն պետք է գործի ԿԸՀ-ից անկախ, սակայն օրենքը հստակ չի սահմանում նրա ինստիտուցիոնալ կարգավիճակը կամ աշխատակարգը: ՎՎԾ-ն ԿԸՀ-ից ունի իրական անկախության պակաս, քանի որ վերջինս է նշանակում ու պաշտոնից ազատում ՎՎԾ ղեկավարին: Բացի այդ, ՎՎԾ-ն չի կարող իր նախաձեռնությամբ որևէ վարչական վարույթ սկսել կամ վիճարկել ԿԸՀ որոշումները»,- նշված է զեկույցում։ Թեև շուրջ 2.5 տարի առաջ ԿԸՀ որոշ լիազորություններ փոխանցվեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, սակայն վերջինս այդպես էլ այդ լիազորությունները չիրացրեց։ Փոփոխությունները պիտի ուժի մեջ մտնեին 2023 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝  սեպտեմբերին անցկացված Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ֆինանսների վերահսկողությունը պետք է իրականացներ ԿԿՀ-ն։ Սակայն հետագա փոփոխությամբ լիազորությունների ստանձնումը  ևս մեկ տարով հետաձգվեց։  Մեզ հետ զրույցում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշեց, որ «Կուսակցությունների մասին» օրենքի և ԸՕ փոփոխությունները համարում է «ոչ գրագետ»։ Հայկուհի Հարությունյանը Հանձնաժողովին նախընտրական վերահսկողության լիազորությունը հանձնելը ճիշտ չի համարում, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող ազդել որևէ քաղաքական ուժի՝ ընտրապայքարում լինելու կամ դրանից դուրս մնալու գործընթացի վրա. «Կանխարգելումն այդտեղ այն է, որ եթե կուսակցությունն անօրինական գործողություն է անում, իշխանություն չդառնա։ Իսկ այդ հարցում ԿԸՀ-ն է բացառապես իրավասություն ունեցող մարմին՝ որոշելու թեկնածուն կամ կուսակցությունը ընտրապայքարից դուրս գա՞, թե՞ շարունակի ընտրապայքարին մասնակցել։ Հիմա եթե կուսակցությունը խախտում է արել, ու իրեն շարունակում ենք հանդուրժել, այդ կանխարգելման ավելացված արժեքը ո՞րն է։ Իմաստը ո՞րն է մի ամբողջ մարմնի ռեսուրս ծախսել պետական բյուջեից, ասել ստուգի, որ այդ գումարը անօրինական է,  եզրակացություն տուր, բայց ոչինչ, թող ինքը շարունակի մասնակցել ընտրություններին»,- բացատրում է Հանձնաժողովի նախագահը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նշում է, որ ի սկզբանե կողմ չի եղել ԿԸՀ լիազորությունները ԿԿՀ-ին փոխանցելուն. «Եթե ընտրությունների ֆինանսավորումը վերահսկում է ԿԿՀ-ն, մենք Սահմանադրության խնդիր ենք ունենում։ Ես այն ժամանակ էլ էի ասում, որ ինչ անում է ԿԿՀ-ն, պիտի ընտրությունների արդյունքների վրա որևէ ազդեցություն չունենա։ Սահմանադրությունն ընտրությունների օրինականության վերահսկողությունը պատվիրակում է բացառապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովին»,- ասում է ԿԸՀ նախագահը։ Վահագն Հովակիմյանին հարցրինք՝ եթե ընդունված օրենքի դրույթներից մեկի սահմանադրականության վերաբերյալ մտահոգություններ կան, ինչու՞, օրինակ, նախագահը ստորագրելուց առաջ այն Սահմանադրական դատարան չի ուղարկել։ ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ 2021 թվականի մայիսին մոտենում էին արտահերթ ընտրությունները ու բարեփոխումը չէին կարող հետաձգել։ Այդ ժամանակ, ըստ նրա, եղել է ընդհանուր համաձայնություն՝ ընդունելու օրենքը, իսկ հետո՝ մինչև հաջորդ սպասվող ընտրությունները, շուրջ մեկ տարի ժամանակ կլինի ավելի մանրամասն քննարկումներ ծավալելու, և անհրաժեշտության դեպքում, փոփոխություններ անելու։  «2021-ի առաջին կեսը գնաց նախընտրական եռուզեռի վրա, երկրորդ կեսն էլ արդեն նոր խորհրդարան, նոր իրողություն, նոր քաղաքական պայմաններ։ 2022 հունվարին օրենքը, որ ուժի մեջ մտավ, ինչ խնդիրներ որ նախկինում տեսել էինք, քննարկման կարիք կար, բայց շտկելու հնարավորություն 2021-ին չեղավ»,- նշեց Վահագն Հովակիմյանը։   Նախընտրական և ընտրական բոլոր գործառույթները չի կարող ԿԸՀ-ն միայնակ իրականացնել. այս կարծիքին է քաղհասարակությունը, որը մասնակցել է օրենքի փոփոխությանը   Ընտրական օրենսգրքի փոփոխություններում ակտիվ ներգրավված են եղել նաև քաղհասարկության ներկայացուցիչները։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդական ինստիտուտի մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը, որը մասնակցություն է ունեցել օրենքի փոփոխության քննարկումներին, կարծում է, որ նախընտրական ֆինանսների հանրային վերահսկողությունը կարևոր է. «Եթե կուսակցությունը մի մարդու կուսակցություն է, դրա մասին պետք է խոսել, որովհետև դա նշանակում է, որ ընտրողը տեղեկացված է, իրազեկված է ու իրազեկված որոշում է կայացնում։ Ինձ համար, որպես քաղաքացի, շատ կարևոր է իմանալ, որ ինչ-որ կուսակցություն, օրինակ, մենակ դրսից է ֆինանսավորվում։ Ու դրա իմանալը շատ ավելի լավ ազդեցություն կունենա ընտրությունների վրա, քան այդ ֆինանսավորումը»,- մանրամասնում է Գրիգորյանը։ Նա նշում է, որ Ավագանու ընտրությունների ժամանակ իրենք տեղեկություն ունեին, որ որոշ մարդիկ պարտադրված են եղել մասնակցելու ՔՊ կազմակերպած դրամահավաքին և նվազագույնը 20 000 դրամ նվիրատվություն անելու։  Վարդինե Գրիգորյանը նշում է, որ դեռևս 2011 թվականից քաղհասարակության ներկայացուցիչները, հետագայում նաև Վենետիկի հանձնաժողովը հայտնել են այն կարծիքը, որ քաղաքական ֆինանսավորման վերահսկողությունը չպետք է լինի ԿԸՀ ենթակայության տակ։ Անդրադառնալով օրենքի սահմանադրականության վերաբերյալ մտահոգություններին՝  քաղհասարակության ներկայացուցիչը՝ նշում է. «Դա սուտ փաստարկ է իրականում, որովհետև դա կնշանակեր, որ ընտրական հանցագործություններ, ամեն ինչ ԿԸՀ-ն պետք է քննի։ Ու ընդհանրապես, ընտրությունների հետ կապված՝ ուրիշ ոչ մեկը ոչ մի գործ չպետք է ունենա»,- ասում է Վարդինե Գրիգորյանը։  Օրենքի սկզբնական քննարկումների ժամանակ Վարդինե Գրիգորյանն առաջարկել է նաև, որ ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը, որպես կառույց, տեղափոխվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ենթակայության տակ։ Այդ տարբերակը, սակայն, չի դիտարկվել։    Մեկ տարի անց՝ կրկին փոփոխություններ ընտրական օրենսգրքում. ո՞վ է ի վերջո վերահսկողը 2022 թվականի նոյեմբերին Ազգային ժողովն ընդունեց պատգամավորներ Արփինե Դավոյանի և Ալխաս Ղազարյանի հեղինակած «Ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը։ Այս օրենքով ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի հունավարի 1-ը, նախընտրական հիմնադրամների ֆինանսական վերահսկողությունն իրականացնելու է ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը։ Օրենքի նախագծում լրացումը հիմնավորվում էր կիրառվելիք օրենսդրական կարգավորումների սահմանադրականության վերաբերյալ մտահոգություններով։  ՔՊ պատգամավոր Արփինե Դավոյանը հրաժարվեց հարցազրույց տալ՝ մեկնաբանելու օրենքի իր հեղինակած փոփոխությունը։ Մեզ պատասխանեց նրա օգնականը՝ նշելով, որ առաջիկա ամսվա ընթացքում Դավոյանը զբաղված է լինելու բժշկական հարցերով։ 2022 թվականի նոյեմբերի փոփոխությունը փաստացի ազատեց ԿԿՀ-ին Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական հիմնադրամների միջոցների վերահսկողությունից։ Իսկ ԿԸՀ-ն հրապարակեց միայն նվիրատվությունների և ծախսերի ընդհանրական հայտարարագրեր՝ առանց իրական նվիրատուների բացվածքի։   Վահագն Հովակիմյանին հարցրինք՝ ինչ նպատակ ուներ այդ փոփոխությունը, արդյո՞ք ավելի նպատակահարմար չէր լինի ԿԿՀ-ին հնարավորություն տալ Ավագանու ընտրությունների ընթացքում իրագործել վերահսկողության լիազորությունները։ ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ գործնականում դրա կիրառությունը չափելու էր միայն վնասի աստիճանը։ Ներկայիս կարգավորումներով՝ 2024 թվականի հունվարի 1-ից ԿԿՀ-ն պիտի ստանձնի այդ լիազորությունները։ Հայաստանում հաջորդ ընտրությունները սպասվում են 2026 թվականին։ Այժմ շրջանառվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նոր փաթեթ, որը դեռ Խորհրդարան չի մտել, գտնվում է լրամշակումների փուլում։ Սպասվող այս փոփոխություններով նախընտրական հիմնադրամների ֆինանսական վերահսկողությունը կվերադարձվի ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը։ Ի դեպ՝  մտցվել է ևս մեկ սահմանափակում. կուսակցությունների նախընտրական հիմնադրամներ փոխանցումներ կկարողանան կատարել միայն կուսակցությունները։ Թեկնածուները, ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց նվիրատվությունները պիտի կատարեն կուսակցությանը, իսկ կուսակցությունն իր անունից՝ նախընտրական հիմնադրամին։  ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով փոփոխությունների նոր փաթեթի շուրջ քննարկումների արդյունքում հանգեցին այն եզրակացությանը, որ խնդիրն ունի շատ պարզ լուծում. համամասնական ընտրությունների դեպքում նախընտրական հիմնադրամ փոխանցում կատարելու իրավունք կունենա բացառապես կուսակցությունը։ Կուսակցություններ կատարված նվիրատվությունները «Կուսակցությունների մասին» օրենքով ամբողջովին կմնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ենթակայությանը։ Կուսակցության մուտքերը կվերահսկի ԿԿՀ-ն, իսկ նախընտրական հիմնադրամից կատարված ծախսերը՝ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը։ Պարոն Հովակիմյանի պնդմամբ թափանցիկության հետ կապված խնդիրն ամբողջովին կլուծվի, երբ անցնենք համընդհանուր հայտարարագրման համակարգին. «Եթե նայենք այն հեռանկարը, որ սպասվում է, որ 2024 թվականից Հայաստանում բոլորը հայտարարագրեր են ներկայացնելու, թեման փակվում է»,- ասում է ԿԸՀ նախագահը։   Միջազգայիններն առաջարկում են վերանայել ֆիզիկական անձանց նվիրատվությունները չթույլատրող «պարզ լուծումը»  2023 թվականի հոկտեմբերի 9-ին հրապարակված Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքում նշվում է, որ պարզ չէ, թե քաղաքական կուսակցությունների ընտրական հիմնադրամներին ֆիզիկական անձանց կողմից կատարված նվիրատվությունները ինչու այլևս չպետք է թույլատրվեն: Հաշվի առնելով, որ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումը քաղաքական մասնակցայնության ձև է, և որ կուսակցությունների համար նպատակահարմար է սահմանված պայմաններով դիմել մասնավոր ֆինանսական նվիրատվություններ ստանալու՝ Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը առաջարկում են վերանայել այս փոփոխությունը։ Անդրադառալով ԿԿՀ-ին փոխանցված լիազորությունները ՎՎԾ-ին վերադարձնելուն՝ նշվում է, որ Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ավելի վաղ ի գիտություն էին ընդունել քարոզարշավների վերահսկողության, ինչպես նաև կուսակցությունների ընդհանուր ֆինանսավորման վերահսկողության պատասխանատվությունն ապագայում ԿԿՀ-ում կենտրոնացման ծրագրերը: Փոփոխությունների ներկայիս նախագիծը չի իրականացնում այդ ծրագրերը։ Ըստ օրենքի նախագծի հիմնավորման՝ անհրաժեշտ է տարանջատել կուսակցությունների ամենօրյա ֆինանսական գործունեության վերահսկողությունը նախընտրական քարոզչության հիմնադրամներում կատարվող վճարների, ծախսերի և դրանց հաշվարկների վերահսկումից և միայն նախընտրական քարոզչության ֆինանսավորման վերահսկողությունը փոխանցել ՎՎԾ-ին։ Թեև հստակ միջազգային ստանդարտներ չկան, որոնք պահանջում են որոշակի ինստիտուցիոնալ կառուցվածք, Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն այն կարծիքին են, որ կուսակցությունների ընդհանուր ֆինանսների և նույն մարմնի (ԿԿՀ) կողմից ընտրարշավների ֆինանսավորման վերահսկումը որոշակի առավելություններ կունենար արդյունավետության և հետևողականության առումով: Առաջարկվում է փոփոխությունների այս հատվածը նույնպես վերանայել։ Համատեղ կարծիքով կառույցներն անդրադառնում են նաև նվիրատուների անունների ոչ հրապարակային լինելուն։ Մասնավորապես նշվում է, որ թեև նվիրատուների անձնական տվյալները հրապարակելու պահանջը կբարձրացնի թափանցիկությունը, օրենսդրությունը նաև պետք է հավասարակշռություն ապահովի այդ պահանջի և անհատ նվիրատուների գաղտնիության վերաբերյալ մտահոգությունների միջև այն դեպքերում, երբ սպառնալիքների, ոտնձգությունների կամ բռնաճնշումների ողջամիտ հավանականություն կա: Կառույցներն առաջարկում են նաև հնարավոր լուծման տարբերակ։ Կարող է սահմանվել շեմ, որից ցածր նվիրատվությունների տվյալները չեն հրապարակվի, որ պաշտպանվեն փոքր գումար նվիրաբերողների գաղտնիությունը։ Ավելի մեծ նվիրատվությունները հրապարակելը կբարձրացնի քարոզարշավների նվիրատվությունների թափանցիկությունը:  ԿԸՀ նախագահին կրկին հարցրինք հանրային վերահսկողության խնդրի մասին՝ նշելով, որ ԿԿՀ-ն կուսակցությունների մուտքերի վերաբերյալ հաշվետվությունը հրապարակում է ընտրություններից ամիսներ անց։ Վահագն Հովակիմյանը նախ պատասխանեց. «Դուք էդ համոզմունքը ունե՞ք, որ եթե անունները հրապարակվի, տվյալ անձինք հետապնդման չեն ենթարկվելու»։ Հետո նաև ավելացրեց, որ իրենք մի միտք էլ ունեն, որ եթե նախընտրական շրջանում կուսակցության հաշվեհամարին ֆիզիկական անձից մուտքեր լինեն, դա կարող է հրապարակվել, ինչպես նախընտրական հիմնադրամի մուտքերը. «Դա կարող է տրվել ՎՎԾ-ին, ՎՎԾ-ն հրապարակի՝ անուն-ազգանուն, գումարի չափ»։   Հասկանալի չէ՝ ի վերջո, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարծիքով տվյալները պե՞տք է հրապարակվեն, թե՞ ոչ, և ո՞ր մարմինը պիտի իրականացնի նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների վերահսկողությունը։ Ակնհայտ է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեծ ցանկություն չունի դրանով զբաղվելու, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ցանկանում է զբաղվել վերահսկողությամբ, իսկ քաղհասարակությունն ու միջազգային կառույցները կարծում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը չունի բավարար անկախություն և գործիքակազմ՝ վերահսկողությունն իրականացնելու համար։ Լյուսի Մանվելյան
17:16 - 29 նոյեմբերի, 2023
Հայտնի է՝ ովքեր կփոխարինեն Անդրանիկ Թևանյանին և Թաթուլ Պետրոսյանին Երևանի ավագանիում

Հայտնի է՝ ովքեր կփոխարինեն Անդրանիկ Թևանյանին և Թաթուլ Պետրոսյանին Երևանի ավագանիում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում մանդատներ է տրամադրել վաղաժամկետ լիազորությունները դադարեցրած՝ Երևանի «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամներ Անդրանիկ Թևանյանի և Թաթուլ Պետրոսյանի փոխարեն։ Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու 2 անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 2 արձանագրություն։ Դրանք քննարկվել են նոյեմբերի 20-ի արտահերթ նիստում։ Այսպիսով, Երևանի ավագանու անդամներ Թաթուլ Պետրոսյանի և Անդրանիկ Թևանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են, և մանդատները փոխանցվել են «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Աննա Ռաֆիկի Ավետիսյանին և Արշակ Աշոտի Սարգսյանին»,- ասված է հաղորդագրությունում։ 
17:10 - 20 նոյեմբերի, 2023
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները հյուրընկալվել են ԿԸՀ-ում

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները հյուրընկալվել են ԿԸՀ-ում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը, Բորիանա Աբերգը և ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինը նոյեմբերի 7-ին այցելել են ԿԸՀ: ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել հանձնաժողովի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կայացած ընտրությունների ընթացքը։ Խոսելով Երևանի ավագանու՝ սեպտեմբերին տեղի ունեցած ընտրությունների մասին՝ ԿԸՀ նախագահն ընդգծել է՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային դիտորդները դրական են գնահատել։ Հովակիմյանը նաև հավելել է, որ ընտրություններին մասնակից 14 ուժից որևէ մեկը չի բողոքարկել ընտրությունների արդյունքները։ ԵԽԽՎ համազեկուցողներն ընդգծել են՝ հետևել են ընտրությունների ընթացքին և կարող են արձանագրել, որ ընտրությունները լավ էին կազմակերպվել։ Անդրադարձ է եղել Ընտրական օրենսգրքի  փոփոխությունների նոր փաթեթին, որի վերաբերյալ դրական եզրակացություն է տվել Վենետիկի հանձնաժողովը։ Հյուրերին հետաքրքիր է եղել նաև ԿԸՀ կառուցվածքային առանձնահատկությունները, ինչպես նաև ընտրական գործընթացի կազմակերպչական մի շարք հարցեր։
19:05 - 07 նոյեմբերի, 2023
«Հայաստան» դաշինքից 3 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ցուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն է
 |armenpress.am|

«Հայաստան» դաշինքից 3 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ցուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն է |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ երեք թեկնածուները, որոնք պետք է ստանձնեին պատգամավորական մանդատը, ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը տեղեկացրեց, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ երեք թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:  Ինքնաբացարկների դիմումները կքննարկվեն  ԿԸՀ-ի նոյեմբերի 6-ի նիստում: Նշենք, որ ընտրական ցուցակի հաջորդ համարը Լևոն Քոչարյանն է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին: Լևոն Քոչարյանն այժմ կալանավորված է: Նա կասկածվում է ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
15:40 - 03 նոյեմբերի, 2023
Հայտնի են Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները

Հայտնի են Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները

2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում կայացել են համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ։ Քվեարկության նախնական արդյունքները հետևյալն են․ Վերին Դվին համայնք- համայնքի ղեկավարի թեկնածուներ Զաքարյան Դմիտրի Միխայիլի 42 քվե Յակովլեվ Վյաչեսլավ Իվանի 138 թվե Պետրովա Լյուդմիլա Ալեքսանդրի 626 քվե Ընտրողների ընդհանուր թիվը՝1545, քվեարկությանը մասնակցել է 818-ը։ Վերին Դվին համայնք- ավագանու անդամի թեկնածուներ Ամիրյան Նաիրա Մարտինի 35 քվե Գևորգյան Արամ Իշխանի 97 քվե Թամրազով Սարգոն Հակոբի 81 քվե Միխաիլով Սերգեյ Միխայիլի 91 քվե Միրզոեւ Ստեփան Արսենի 32 քվե Յակովլեւ Մարկ Պավելի 67 քվե Յակովլեւա Ջուլետտա Ալեքսեյի 30 քվե Յուխանաեւ Վլադիսլավ Վալենտինի 59 քվե Նիկոլաեւ Յուրա Կոնստանտինի 45 քվե Պետրովա Անյա Լյովայի 100 քվե Սարգսյան Աշոտ Սենիկի 36 քվե Վլասյան Կարեն Սամվելի 45 քվե Տամրազով Վասիլի Ռոլանդի 55 քվե Արզնի համայնք- համայնքի ղեկավարի թեկածուներ Ավագյան Վարդան Ալբերտի 236 քվե Իվանով Էմիլ Տիմոֆեյի-113 քվե Միրզոեւ Ալեքսանդր Գեորգիի 292 քվե Միրզոեւ Ֆելիքս Վալերիեւիչ 372 քվե Չոբանյան Կորյուն Աղասարի 103 քվե Արզնի համայնքում ընտրողների թիվը 2132 է, քվեարկությանը մասնակցել է 1164-ը։
11:24 - 30 հոկտեմբերի, 2023
Վերին Դվին և Արզնի համայնքներում մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են

Վերին Դվին և Արզնի համայնքներում մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են

Այսօր Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: ԿԸՀ-ից տեղեկանում ենք՝ Վերին Դվին համայնքի ընտրողների թիվը 1545 է, իսկ Արզնի համայնքինը՝ 2132։ Նշված ընտրություններն անցկացնելու համար Վերին Դվին համայնքում կազմավորվել է 1, Արզնի համայնքում՝ 2 տեղամաս: Առավոտյան` ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված  3 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 7 տեխնիկական սարքավորում: Ընտրությունները լուսաբանելու համար որևէ ԶԼՄ չի հավատարմագրվել։ Չեն հավատարմագրվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։ Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած, երեքժամյա պարբերականությամբ կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:
10:28 - 29 հոկտեմբերի, 2023
ԿԸՀ-ն ավագանու անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու հինգ արձանագրություն է ստացել

ԿԸՀ-ն ավագանու անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու հինգ արձանագրություն է ստացել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել Երևանի ավագանու անդամի մի շարք թեկնածուների գրանցումները՝ վերջիններիս ինքնաբացարկի դիմումների հիմա վրա։ Այսպիսով, 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ՝ Անդրանիկ Գագիկի Գասպարյանի,Արտակ Գրիգորի Հովակիմյանի, Սամվել Էդուարդի Ղուկասյանի,Վահե Մանվելի Հակոբյանի, Միքայել Ռաֆայելի Օհանյանի, Արմեն Պետրոսի Մհերյանի, Լուսինե Վիկտորի Դայանի, Ռազմիկ Սամվելի Մկրտչյանի, Ռոման Վարազդատի Համբարձումյանի գրանցումներն ուժը կորցված են ճանաչվել։  Ինքնաբացարկի դիմումներն օրենքով սահմանված կարգով վավերացված  են եղել նոտարական կարգով, հետևաբար վերոնշյալ անձինք նիստին չեն ներկայացել (բացառությամբ Ռոման Համբարձումյանի, որը ներկայացել է նիստին)։ ԿԸՀ-ն Երևան համայնքի ղեկավարից ստացել է ավագանու անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու հինգ արձանագրություն։ ԿԸՀ-ից հայտնում են, որ Երևանի ավագանու  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Կամսար Բաբինյանը, Հակոբ Բալայանը,Արամ Ազատյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։ Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել է կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արման Գագիկի Բարխուդարյանին, Հեղինե Մկրտիչի Ոսկանյանին, Զինա Վարդանի Չալիկյանին։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Ադրինե Ավագյանը և Դուստրիկ Մխիթարյանն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։ Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ՝ Արմեն Մանվելի Քոչարյանին, Գրիգոր Գագիկի Իսկանդարյանին։ Թիվ 1, 2, 3, 4, 6, 7, 8, 10 ԸԸՀ-ներն առաջարկել են Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ խախտումներ արձանագրած ՏԸՀ անդամներին զրկել լիցենզիայից։ ԿԸՀ-ն բավարարել է դիմումների մի մասը՝ լիցենզիայից զրկելով 14 անձի։
17:58 - 20 հոկտեմբերի, 2023
ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած ստորագրությունների վավերականությունը

ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած ստորագրությունների վավերականությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 29-ի նիստում հաստատել է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած պահանջվող քանակի ստորագրությունների վավերականությունը։  Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հիշեցնում են, որ հունիսի 20-ին ԿԸՀ-ն գրանցել էր 66 քաղաքացիների դիմումը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը (Հարցը) քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ»։ Նախաձեռնող խումբը ստորագրությունների հավաքման համար ուներ 60 օր՝ հունիսի 21-ից օգոստոսի 19-ը ներառյալ։ Քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները օգոստոսի 31-ին ստորագրությունների լրացված ձևաթղթերի 5 տուփ էին ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ ԿԸՀ-ն ուներ մեկ ամիս՝ ստորագրված ձևաթերթիկների ստուգման համար։ Հանձնաժողովից տեղեկացնում են, որ ԿԸՀ-ն օգտագործել է տեխնիկածրագրային միջոցներ, իրականացրել ստորագրությունների վավերականության ստուգում՝ այդ թվում ստորագրած ձևաթերթիկների տվյալները համադրելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տիրապետման ներքո գտնվող հասանելի տեղեկությունների հետ։ Գործընթացին հետևել են նախաձեռնության ներկայացուցիչները։ «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստորագրությունների վավերականությունը հաստատելու դեպքում համապատասխան որոշումը եռօրյա ժամկետում ուղարկում է քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչին, եթե ԿԸՀ նիստի ընթացքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը չի ստացել որոշումը: Իսկ քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը ստորագրությունների վավերականությունը հաստատելու վերաբերյալ որոշումը ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, համապատասխան նախագիծը ներկայացնում է Ազգային ժողով:
17:33 - 29 սեպտեմբերի, 2023
ԿԸՀ-ն բաշխել է հոկտեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում ՏԸՀ նախագահի և քարտուղարի պաշտոնները

ԿԸՀ-ն բաշխել է հոկտեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում ՏԸՀ նախագահի և քարտուղարի պաշտոնները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել է 2023 թվականի հոկտեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։ Արարատի մարզի Վերին Դվին և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում հոկտեմբերի 29-ին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով բաշխվել են հետևյալ համամասնությամբ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 2 -ական, «Հայաստան» կուսակցությունների դաշինք` 1-ական, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 0 -ական։ Բաշխումն իրականացվում է ԱԺ խմբակցությունների ստացած մանդատների համամասնությամբ։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2023 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը` մինչև ժամը 18.00-ն: Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ կարող են նշանակել միայն ԱԺ խմբակցությունները և Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները (յուրաքանչյուրը 2 անդամ): ԿԸՀ-ն ՏԸՀ անդամ նշանակելու իրավասություն չունի։
16:34 - 29 սեպտեմբերի, 2023
ԿԸՀ-ն հաստատել է նորընտիր ավագանու կազմը

ԿԸՀ-ն հաստատել է նորընտիր ավագանու կազմը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերի համամասնական ցուցակներում ընդգրկված անձանց ինքնաբացարկների դիմումները։ Ինքնաբացարկի դիմում են ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Վահագն Կարապետի Հայրապետյանը, Մարգարիտ Վահանի Խաչատրյանը, Ռուզաննա Գրիգորի Երեմյանը։ Քանի որ ներկայացված ինքնաբացարկի դիմումները վավերացված  են եղել նոտարական կարգով, վերջիններս չեն մասնակցել նիստին։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել ԿԸՀ աշխատակազմին, Երևանի ԸԸՀ-ներին, ՏԸՀ-ներին և առհասարակ ընտրական համակարգում ընդգրկված բոլոր աշխատակիցներին՝ ազատ ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար։ Սեպտեմբերի 27-ին լրացել է ընտրությունների արդյունքները դատական կարգով բողոքարկելու ժամկետը, և ընտրությունների մասնակից 14 ուժերից որևէ մեկը բողոքարկման պահանջով Վարչական դատարան դիմում չի ներկայացրել։ Այնուհետև ԿԸՀ-ն հաստատել է նորընտիր ավագանու կազմը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն Ավինյան Տիգրան Արմենի Փամբուխչյան Արմեն Սոկրատի Վարդանյան Նուարդ Գևորգի Հովհաննիսյան Լևոն Արմեն Գրիգորյան Սուրեն Սամվելի Գալջյան Արմեն Խաչատուրի Իսպիրյան Արթուր Դավթի Քերոբյան Դիանա Արամի Բադալյան Ալեքսանդր Արտյոմի Հովակիմյան Տաթև Կարենի Թոխյան Մարատ Պապիկի Միրզոյան Հայկ Հովհաննեսի Կիրակոսյան Վլադիմիր Խաչիկի Բաբաջանյան Արման Սաշիկի Աղաջանյան Զարուհի Էդուարդի Հարությունյան Արման Էդուարդի Մանուկյան Նարեկ Վարուժանի Սինորյան Նատալյա Արամի Ազատյան Արամ Ռաֆիկի Բաբինյան Կամսար Յուրիկի Գևորգյան Լուսինե Արտաշի Բալայան Հակոբ Սարոյի Աբրահամյան Կիմա Աբրահամի Սարգսյան Լուսինե Կառլենի «Ազգային առաջընթաց» կուսակցություն Մարության Հայկ Հրաչյայի Գրիգորյան Հայկ Մնացականի Աբգարյան Իզաբելլա Վաչեյի Երիցյան Գրիգորի Աշոտի Վարդանյան Քրիստինա Կարենի Զարոկյան Պեդրո Հադանի Կուբատյան Իոսիֆ Գեորգիի Մելիքյան Սամվել Սարգսի Դիլանյան Արաքսի Ստեփանի շԹորոսյան Արամ Սուրենի Ծովյան Ռոբերտ Վահանի Արամյան Նարինե Միքայելի Պետրոսյան Տիգրան Գագիկի Տեր-Մինասյան Սեդա Լևոնի «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք Թևանյան Անդրանիկ Նորիկի Փոստանջյան Զարուհի Համազասպի Սուքիասյան Մանուկ Հենրիկի Հարոյան Սամվել Անուշավանի Մխիթարյան Դուստրիկ Վանուշի Մանուկյան Մեսրոպ Գևորգի Հակոբյան Սամվել Ռուբիկի Ավագյան Ադրինե Էդուարդի Պետրոսյան Թաթուլ Ռուշանի Աղեկյան Սոննա Սուրենի Ստեփանյան Գևորգ Արմենակի Հայրապետյան Նարինե Սլավիկի «Հանրապետություն» կուսակցություն Զեյնալյան Արտակ Հայկազի Մադաթյան Սարգիս Գրիգորի Խաչատրյան Անի Արշալույսի Տեր-Մարգարյան Տիգրան Գեղամի Մխիթարյան Ռոմիկ Կառլենի Բալդրյան Գոհար Արամայիսի Սահակյան Հայկ Սամվելի Ղարդյան Նելլի Հակոբի «Հանրային ձայն» կուսակցություն Գալստյան Արտակ Գավրուշայի Ուրիխանյան Տիգրան Խաչատուրի Սարգսյան Ամալյա Գագիկի Ավագյան Վահան Արմենի Եսայան Վահե Կառլենի Խուդավերդյան Անույշ Ռուբիկի Գինոսյան Անուշ Մարզպետունու
18:17 - 28 սեպտեմբերի, 2023