Ռուստամ Բաքոյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր է՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1986թ. փետրվարի 6-ին Արարատի մարզի Նոր կյանք գյուղում:

2004թ. զորակոչվել է ՀՀ զինված ուժեր: Նույն թվականին զորացրվել է առողջական խնդիրների պատճառով:

2009թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական-աշխարահագրական ֆակուլտետի աշխարհագրության բաժինը: Պատմաաշխարհագրագետ:

2011թ. ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի մագիստրատուրան: Արեւելագետ (իրանագետ):

2010-2012թթ. եղել է ՀՀ ԳԱԱ գիտաշխատող: 2010-2013թթ.՝ Եվրոպական քոլեջի (Վեդու մասնաճյուղ) դասախոս: 2016թ. նոյեմբեր-դեկտեմբեր՝ Նոր կյանք համայնքի ղեկավարի տեղակալ: 2017-2018թթ.՝ «Լալըշ» հեռուստաընկերության տնօրեն, Երեւանի մասնաճյուղի համակարգող, «Կարծիքների խաչմերուկ» վերլուծական եւ «Գյուղից գյուղ» հաղորդաշարերի հեղինակ եւ վարող: 2018-2019թթ.՝ Հայաստանի հանրային ռադիոընկերության խմբագիր-թարգմանիչ:

2007թ. «Շամս» հայ-եզդիական երիտասարդական շարժման համահիմնադիր, 2014թ.՝ նախագահ: 2014թ. կազմակերպել է Շանգալի եզդիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործընթացը:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Հավելյալ հանրայնացումը այս գործընթացին միայն խանգարելու է. Ալեքսանյանը՝ գերիների վերադարձի հետ կապված Կառավարության լռության մասին
 |1lurer.am|

Հավելյալ հանրայնացումը այս գործընթացին միայն խանգարելու է. Ալեքսանյանը՝ գերիների վերադարձի հետ կապված Կառավարության լռության մասին |1lurer.am|

1lurer.am: Մեր խմբակցությունից եղել է արձագանք այդ թեմայով: Ռուստամ Բաքոյանը մեր խմբակցության անդամ չէ՞, մեր թիմի անդամն է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանությունը բարձր մակարդակով հայտարարություններ չարեց Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով Բաքվում ընթացող դատավարության վերաբերյալ:  Հարցին՝ արդյոք Բաքոյանն արտահայտե՞լ է ՔՊ խմբակցության դիրքորոշումը, պատասխանեց. «Մենք նմանատիպ քննարկում ու որոշում չենք ունեցել, բայց ես վստահ եմ, որ խմբակցությունում ոչ մեկը տարաձայնություն չունի պարոն Բաքոյանի այս հայտարարության հետ»: Դիտարկմանը, թե Բաքոյանը ներգրավված չէ ո՛չ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններում, ո՛չ բանակցություններում, ասաց՝ այդ թեմայով չպետք է խոսեին վարչապետը, ԱԳ նախարարը կամ փոխվարչապետը, այլ պետք է խոսեին այն մարդիկ, որոնք ներգրավված չեն բանակցություններում: «Այստեղ դիվանագիտական նյուանս կա, հարգելի ընկերներ: Այսքան ժամանակ, երբ մենք խոսել ենք գերիներին վերադարձնելու մասին, մենք մշտապես ասել ենք, որ ամենօրյա աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ, և հավելյալ հանրայնությունը այս գործընթացին միայն խանգարելու է: Հիմա եթե սրտհովանքի համար կարծում եք, որ պետք էր մեկ-երկու շատ կոշտ արտահայտություն անել, ու դրանով դա օգնելու էր մեր գերիների վերադարձին, դուք սխալվում եք: Հավելյալ հանրայնությունը, հանրայնացումը այս պրոցեսին միայն ու միայն խանգարելու է, և վստահեցնում եմ, որ ՀՀ Կառավարությունը ոչ մի վայրկյան չի դադարել և չի դադարելու աշխատել այս ուղղությամբ»,- հայտարարեց պատգամավորը: Ինչ վերաբերում է դիտարկմանը՝ Բաքվում հայ գերիների լուսանկարների տեսարանն իր մեջ՝ որպես իշխանության անդամ, որևէ մեղքի զգացողություն չի՞ առաջացրել, Ալեքսանյանն արձագանքեց. «Չեմ հասկանում այդ հարցի իմաստը: Ես չեմ հասկանում այդ մեղքի զգացողության մասին հարցը: Ասենք՝ այս հարցը ընդդիմությանը տվե՞լ եք»: Նրա խոսքով՝ այդ հրապարակված կադրերը տեսնելը շատ մեծ ցավ էր. «Բնականաբար, ես շատ կուզենայի, որ այդ ամեն ինչը տեղի ունեցած չլիներ, շատ կուզենայի, որ Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերները ժամանակին լսեին մեզ ու գնային Սոֆիա՝ բանակցելու և ոչ թե լսեին Հայաստանի ընդդիմադիր ուժերին ու չգնային Սոֆիա: Ես շատ կուզենայի, որ ամեն ինչ ընթանար այնպես, ինչպես արդեն ասացի»: Նրա խոսքով՝ Կառավարության լռությունը առհասարակ գերիների վերադարձի հետ կապված պայմանավորված է նրանով, որ պրոցեսի լավագույն շահից է բխում հնարավորինս քիչ հանրայնացումը:
14:39 - 20 հունվարի, 2025
Արձանագրվում են մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներ, որոնք հակասում են արդար դատաքննության սկզբունքներին․ Բաքոյան

Արձանագրվում են մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներ, որոնք հակասում են արդար դատաքննության սկզբունքներին․ Բաքոյան

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը անդրադարձել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների՝ Ադրբեջանում ընթացող շինծու դատավարությանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի, Դավիթ Ալավերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի և Ռուբեն Վարդանյանի երկարատև կալանքը, նրանց պահման պայմանների մասին տեղեկությունները, Բաքվում մեկնարկած նրանց դատավարությունը անհանգստություն և խոր մտահոգություն են առաջացնում։ «Արձանագրվում են մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներ, որոնք հակասում են միջազգային նորմերին և արդար դատաքննության սկզբունքներին։ Փաստերը վկայում են, որ հայազգի ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող խտրականությունը պայմանավորված է ազգային պատկանելությամբ։ Հարկ եմ համարում նշել, որ միջազգային նորմերի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանությունը՝ անկախ նրա էթնիկական պատկանելությունից, առաջնային պարտականություն է։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիան պարտավորեցնում են պետություններին ապահովել արդար դատաքննության իրավունք, խոշտանգումներից և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքից ազատ լինելու իրավունք։ Մարդու իրավունքների խախտումը որևէ պարագայում չի կարող արդարացվել, և բոլոր պետություններն ունեն պարտավորություն՝ երաշխավորելու արդարությունը և հարգանքը յուրաքանչյուր անհատի նկատմամբ՝ անկախ նրա էթնիկ կամ ազգային պատկանելությունից։ Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»,- գրել է պատգամավորը:
12:30 - 18 հունվարի, 2025
Ռուստամ Բաքոյանն առաջարկում է բացառել վաղ ամուսնությունները. նախագիծը ներկայացվեց խորհրդարանում
 |1lurer.am|

Ռուստամ Բաքոյանն առաջարկում է բացառել վաղ ամուսնությունները. նախագիծը ներկայացվեց խորհրդարանում |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: «Գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքային նվազագույն շեմը 18 տարեկանն է, բայց բացառություններով՝ 16 և 17 տարեկաններում: Նախագծով առաջարկում ենք օրենքներից հանել բոլոր այն կարգավորումները, որոնք վերաբերում են անչափահաս ամուսիններին կամ ամուսնություններին»,- տեղեկացրեց հիմնական զեկուցող, պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Նրա խոսքով՝ խնդիրը չի վերաբերում միայն եզդիական համայնքին, այլ այն իր ծավալներով շատ ավելին էր, քան պատկերացնում էին: «Գրանցված ամուսնությունների թիվը անչափահասների շրջանում 18-ն է, օրինակ՝ 2018-ին, բայց միայնակ մայրերի դեպքում՝ 151-ը: Այս տվյալները մինչև 2023-ը գրեթե նույն տեմպերով շարունակվում են: Սա նշանակում է, որ մենք խնդիր ունենք ամուսնությունների տարիքային շեմի բարձրացմամբ, այսինքն՝ 18 տարեկանը թողնելը՝ առանց բացառությունների, նշանակում է, որ մենք այս խնդիրը մեծամասամբ օրենսդրական կարգավորմամբ կկարգավորենք, բայց խնդիրն ամբողջությամբ հնարավոր չէ լուծել միայն օրենսդրական կարգավորմամբ»,- ասաց պատգամավորը: ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, կարևորելով ամուսնական տարիքի շեմի բարձրացումը, առաջարկեց նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցում անցնելիս ուշադրություն դարձնել մի փաստի՝ կլինեն դեպքեր, երբ կլինի կնոջ հղիություն, կամ երբ զույգն արդեն ունի երեխա, ապա այդ դեպքերի համար նախատեսել, որ թույլատրվի ամուսնության կնքումը օրինական ներկայացուցիչների համաձայնության պարագայում: Ի պատասխան՝ Ռուստամ  Բաքոյանը նկատեց՝ կարող են դա քննարկել առաջինից երկրորդ ընթերցում, բայց եթե գնանք այդ տրամաբանությամբ և հղիությունների դեպքում գրանցենք ամուսնությունները, կհանգենք նույն իրավիճակին, որն առկա է այս պահի դրությամբ:  «Նպատակը վաղ ամուսնությունները բացառելն է»,- ընդգծեց Բաքոյանը: Նրա խոսքով՝ երբ ուսումնասիրություններ էին անում եզդիական համայնքում, շատերն ասում էին՝ այս համայնքում դա ազգային ավանդույթ է:  «Պաշտոնապես հայտարարում եմ՝ եզդիական համայնքում նման ազգային ավանդույթ գոյություն չունի, այլ եզդիների պետության բացակայության պայմաններում, որպես փակ համայնք, այս երևույթը ժամանակի ընթացքում եթե հայերի և մյուս ազգերի մոտ շատ արագ վերացել է, եզդիական համայնքի մոտ դա ավելի դանդաղ է տեղի ունեցել և հիմա էլ գոյություն ունի»,- ասաց պատգամավորը:  Բաքոյանի խոսքով՝ եզդիական համայնքում վաղ տարիքից ամուսնանալով՝ եզդի աղջիկները բառացիորեն զրկվում են դպրոց հաճախելուց, կրթություն ստանալուց, և, որպես եզդիական համայնքի ներկայացուցիչ, ինքը համոզված է՝ իր համայնքում պետք չէ, որ լինեն վաղ ամուսնություններ:  «Առհասարակ, ՀՀ քաղաքացիները չպետք է վաղ ամուսնանան, չպետք է կրթություն չստանան և չպետք է ունենան առողջական լուրջ խնդիրներ երիտասարդ տարիքում, և դրա հետևանքով ունենանք անառողջ և կրթություն չստացած քաղաքացիներ: ՀՀ-ին պետք է զարգացած, գրագետ և առողջ համայնք»,- նշեց Բաքոյանը: Նա մտահոգություն հայտնեց նաև անչափահաս մայրերի շրջանում կատարված ուսումնասիրության վերաբերյալ, որ երեխաների մահացության դեպքերը ավելի շատ են, և այդ դեպքերը պետք է կանխել: Հարակից զեկուցող, պետաիրավական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը կոչ արեց կողմ քվեարկել նախագծին՝ ելնելով երեխայի լավագույն շահից: Օրենքների նախագծերը մշակվել են շահագրգիռ մարմինների հետ մի շարք աշխատանքային քննարկումների, խորհրդարանական լսումների իրականացման արդյունքում: ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է: Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ: ԿԳՄՍ նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ 2023-2024 թթ. ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական դպրոցներում սովորող 1319 ազգությամբ եզդի աղջիկներից միայն 2023 թ. ընթացքում 171-ը դուրս է եկել կրթական համակարգից: Երեխաների՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու շարժն առավել ակնհայտ է ավագ դպրոցում. մասնավորապես 10-րդ դասարանում նախորդ տարիների համեմատ նկատվում է սովորողների 52,7% չափով նվազում, 11-րդ դասարանում՝ 69,5%, 12-րդ դասարանում՝ 88,2%: Խնդիրը համատարած բնույթ է կրում, անչափահասների ամուսնությունն առկա է ոչ միայն ազգային փոքրամասնությունների, այլ նաև ազգությամբ հայերի շրջանում: 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 30 անչափահասի ամուսնության ակտային գրանցում, իսկ 2023 թվականի ընթացքում՝ 27:  
13:18 - 11 հունիսի, 2024
Հայաստանում ամուսնության տարիքային նվազագույն շեմ կսահմանվի 18 տարեկանը՝ առանց բացառությունների․ նախագիծ |news.am|

Հայաստանում ամուսնության տարիքային նվազագույն շեմ կսահմանվի 18 տարեկանը՝ առանց բացառությունների․ նախագիծ |news.am|

news.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է Հայաստանում ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների։ Պատգամավորը Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը ներկայացրեց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ «Գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքային շեմը 18 տարեկանն է, բայց կան բացառություններ, երբ 16 և 17 տարեկաններում անձը կարող է ամուսնանալ, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է: Մեր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների։ Ըստ այդմ՝ առաջարկում եմ հանել այն բոլոր կարգավորումները, որոնք վերաբերվում են վաղ ամուսնություններին և անչափահաս ամուսիններին»,- ասաց պատգամավորը։ Բաքոյանի խոսքով՝ ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել լրջագույն խնդիրներ, և ամուսնության տարիքային շեմը պետք է փոխվի։ «Եթե ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանենք 18 տարեկանը՝ առանց բացառությունների, և օրենքին խիստ հետևենք, ապա վաղ ամուսնությունները բացառվելու են և դրանից բխող բոլոր բացասական հետևանքները կարող են նվազել, առավելագույն դեպքում մենք դրանք կարող ենք բացառել»,-եզրափակեց Բաքոյանը։ Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն։
13:00 - 07 հունիսի, 2024
Հայաստանում օգոստոսի 3–ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ԱԺ–ն ընդունեց նախագիծը
 |armenpress.am|

Հայաստանում օգոստոսի 3–ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ԱԺ–ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օգոստոսի 3-ը որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը: «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց միաձայն՝ ստանալով 79 կողմ ձայն: Նախագիծը ներկայացրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնեց կառավարության հավանություն ու ընդգծեց այդ նախաձեռնության նշանակությունը՝ ցեղասպանությունների կանխարգելման գործում ու նպաստը՝ հայ և եզդի ժողովուրդների բարեկամական կապերի էլ ավելի ամրապնդման գործում: Նիստում ելույթ ունեցավ նաև Սինջարում տեղի ունեցած ցեղասպանության ականատեսներից Ֆեյրալ Սայիդ Թալալը՝ Հայաստանին խորհրդարանին շնորհակալություն հայտնելով եզդի ժողովրդին աջակցության համար: «Ես խնդրում եմ՝ մշտապես պաշտպանեք մեր ժողովրդին՝ որքանով, որ հնարավոր է: Մենք ճամբարներում ենք, մենք չենք կարողանում Սինջարում էլ տեղ գտնել: Մենք չպետք է մեր բնակավայրերից տեղահանվենք: Ով կարող է, թող մեզ աջակցի, որ վերջ տրվի մեր նկատմամբ շարունակվող ցեղասպանությանը»,–ասաց ականատեսը: 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տեղի են ունեցել հարձակումներ եզդիներով բնակեցված Իրաքի Սինջար քաղաքի վրա, որտեղ սպանվել են ավելի քան երեք հազար մարդ: Սովի, ծարավի և անտանելի շոգի հետևանքով մահացել է լեռներում ապաստան գտած մոտ հազար մարդ, ավելի քան 200 հազար եզդիներ դարձել են փախստական, առևանգվել են 13-ից 56 տարեկան շուրջ 5000 կանայք և աղջիկներ: Վերջիններիս կյանքի պահպանման նախապայման է եղել իսլամի ընդունումը և ամուսնությունը ջիհադիստների հետ:  
16:37 - 16 ապրիլի, 2024
Հակոբ Արշակյանն աշխատանքային այցով Սիրիայում է

Հակոբ Արշակյանն աշխատանքային այցով Սիրիայում է

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը աշխատանքային այցով գտնվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում։ Այս մասին Հակոբ Արշակյանը տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում։ «ԱԺ պատվիրակության կազմում ընդգրկված են պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը և Արեն Մկրտչյանը։ Դամասկոսի Հայաստանի դեսպանատանը Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի հետ հանդիպեցինք Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևոր հայրերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև ընդգծեցինք Հայաստանի առջև կանգնած արտաքին և անվտանգային մարտահրավերների հաղթահարման շուրջ բոլորիս ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։ Դամասկոս այցի ընթացքում նաև Նախատեսվում են մի շարք պաշտոնական հանդիպումներ, որոնց մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»,-նշված է հրապարակման մեջ։
11:04 - 13 նոյեմբերի, 2023
Ռուստամ Բաքոյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր

Ռուստամ Բաքոյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը և Լիլիթ Ստեփանյանը հոկտեմբերի 31-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Ողջունելով հյուրերին՝ Ռուստամ Բաքոյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Հանձնաժողովի փոխնախագահը երախտագիտություն է հայտնել ֆրանսիական կողմին Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին շարունակաբար աջակցելու և սատարելու համար: «Մեր երկու երկրներն ունեն երկարամյա բազմաբևեռ ամուր և առանձնահատուկ հարաբերություններ: Դրա վառ ապացույցն է օրեր առաջ հակաօդային պաշտպանության ոլորտում ֆրանսիական սպառազինությունների մատակարարման մասին մտադրությունների նամակի ստորագրումը»,- ասել է Ռուստամ Բաքոյանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանն ու բռնի տեղահանությանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին ու հայ բնակչության բռնի տեղահանությանը՝ նշվել է, որ դա տեղի է ունեցել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտում, և տեղի ունեցածը եռակողմ պայմանագրի չկատարման հետևանք է: Դեսպանը վերահաստատել է բարեկամ երկրի տեսակետը և շեշտել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն ուժի կիրառման հետևանքով է տեղահանվել: «ԼՂ բնակչության բռնի տեղահանությունը տեղի է ունեցել 9-ամսյա պաշարումից հետո: Կարևոր է հաշվի առնել այն փաստը, որ Ադրբեջանն այս քայլին գնաց Ռուսաստանի Դաշնության մեղսակցությամբ և Թուրքիայի աջակցությամբ ու սատարմամբ»,- ասել է դեսպանը: Այս համատեքստում հայ խորհրդարանականները կարևորել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը: Հանդիպման մասնակիցները բարձրացրել են ԼՂ-ից տեղահանված հայ բնակչությանը երկարաժամկետ աջակցություն տրամադրելու հարցն ու շեշտել, որ այդ հարցում ՀՀ-ն միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունի: Դեսպանը նշել է, որ Ֆրանսիան հայ ժողովրդի կողքին էր ինչպես ԼՂ շրջափակման 9 ամիսներին, այնպես էլ դրանից հետո: Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հյուրերին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու խնդրել այն իրականացնելու հարցում միջազգային գործընկերների աջակցությունը: Խորհրդարանական Լիլիթ Ստեփանյանն էլ ներկաների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ սեպտեմբերի 19-ից հետո անհրաժեշտություն է առաջացել ապահովել ԼՂ հայության վերադարձն ու անվտանգությունը: Նա կոչ է արել, որ միջազգային գործընկերները հասցեական կոչեր հնչեցնեն: Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին, ԼՂ-ից բռնի տեղահանվածների ինտեգրմանը և ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող հարցեր:   
09:42 - 01 նոյեմբերի, 2023
Ռուստամ Բաքոյանը Ռենատա Ալտի հետ հանդիպմանը բարձրաձայնել է եզդիական համայնքին մտահոգող մի շարք խնդիրների մասին

Ռուստամ Բաքոյանը Ռենատա Ալտի հետ հանդիպմանը բարձրաձայնել է եզդիական համայնքին մտահոգող մի շարք խնդիրների մասին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Բունդեսթագի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է եզդիական համայնքին մտահոգող մի շարք խնդիրների: «Հայրենակիցներիս՝ եզդի համայնքի ներկայացուցիչներին մտահոգող խնդիրներ եմ բարձրաձայնել Բունդեսթագի Մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնաժողովի նախագահ տիկին Ռենատա Ալտի և հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում։ Սինջարի ցեղասպանությունից փրկված եզդիները, ովքեր բնակություն են հաստատել Եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, մտահոգություն ունեն, որ իրենց ետ կվերադարձնեն Իրաք, որի հետևանքով իրենք կբախվեն մի շարք խնդիրների․ 1․ եզդի համայնքի ներկայացուցիչները կենթարկվեն ազատազրկման, քանի որ Եվրոպայում նրանք բարձրաձայնել են իրենց հետ կատարված անարդարությունները և տեղի ունեցածը, 2․ Իրաքում Իսլամական պետության ահաբեկիչները գտնվում են ազատության մեջ, և բնականաբար հազարավոր աղջիկներ և կանայք, ովքեր փախել են սեռական ստրկությունից, վերադարձի դեպքում վստահաբար ծանր հոգեկան ապրումների մեջ կընկնեն՝ իրենց բռնության ենթարկած անձանց տեսնելու դեպքում, 3․Սինջարում եզդիները չունեն ապրելու որևէ տեղ, քանի որ նրանց տները ավերված են, որևէ ենթակառուցվածք չի աշխատում, նրանց ուղարկելու են փախստականների ճամբար, որտեղ անմարդկային պայմաններ են։ Ի պատասխան՝ տիկին Ալտը խոստացել է իր ուշադրության կենտրոնում պահել վերը թվարկված խնդիրները»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա: 
11:11 - 22 հոկտեմբերի, 2023
Հոջաթոլլահ Աբդոլմալեքին ՀՀ ՊԵԿ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման կարևորությունը

Հոջաթոլլահ Աբդոլմալեքին ՀՀ ՊԵԿ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման կարևորությունը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն օգոստոսի 25-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ՊԵԿ-ը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձել են Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի միջև ծագող խնդիրների արագ և արդյունավետ լուծմանը միտված մեխանիզմներին, բեռնատարների համար երկիր մուտք գործելու տուրքի զրոյացման հնարավորությանը, ինչպես նաև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման գործընթացն առավել իրատեսական դարձնելու հարցերին։ ԻԻՀ նախագահի խորհրդական, ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքին ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային մարմինների միջև սերտ համագործակցության կարևորությունը՝ երկու երկրների միջև փոխադարձ առևտրի, ապրանքաշրջանառության ծավալների մեծացման խթանման, ինչպես նաև հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման համատեքստում։ Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հետևողականորեն շարունակել աշխատանքային հանդիպումները՝ առարկայական արդյունքներ արձանագրելու նպատակով։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ մաքսային ոլորտում հայ-իրանական համագործակցությունն ընդլայնելու հարցում։
18:15 - 25 օգոստոսի, 2023
2014-ի ողբերգությունը, որ տեղի է ունեցել եզդի ժողովրդի հետ, հանցագործություն է ընդդեմ համայն մարդկության. ՄԻՊ

2014-ի ողբերգությունը, որ տեղի է ունեցել եզդի ժողովրդի հետ, հանցագործություն է ընդդեմ համայն մարդկության. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, խորհրդարանում Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանն այսօր՝ օգոստոսի 3-ին, այցելել են Արմավիրի մարզի Ակնալճի եզդիների հոգևոր կենտրոն՝ հարգանքի տուրք մատուցելու 2014 թ. Իրաքի Սինջար քաղաքում ցեղասպանության զոհ դարձած եզդիների հիշատակին: Պաշտպանն ու ԱԺ պատգամավորը ծաղիկներ են խոնարհել Իրաքում ԴԱԻՇԻ-ի կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին` հարգելով նրանց հիշատակը:   «2014 թվականի ողբերգությունը, որ տեղի է ունեցել եզդի ժողովրդի հետ, ազգություն չի ճանաչում և հանցագործություն է ընդդեմ համայն մարդկության: Նման երևույթներն այլևս երբեք չպետք է կրկնվեն, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ վերջիններս քաղաքակիրթ աշխարհի կողմից ճանաչվեն և դատապարտվեն: Այսօր ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև»,- ասել է Պաշտպանը:   Անահիտ Մանասյանը շրջել է հոգևոր կենտրոնի տարածքով, նրան ներկայացվել են Հայաստանում եզդիական համայնքի պատմությունն ու հայ եղբայրների հետ անցած ուղին:   Պաշտպանը նաև նշել է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը գտնվում է իր ուշադրության կենտրոնում:
18:55 - 03 օգոստոսի, 2023
Իմ դիմումը ՀՀ գլխավոր դատախազին վերջապես ուղարկվեց. Թագուհի Թովմասյան

Իմ դիմումը ՀՀ գլխավոր դատախազին վերջապես ուղարկվեց. Թագուհի Թովմասյան

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստը պատմական խայտառակություն էր, որի մասով իմ դիմումը ՀՀ գլխավոր դատախազին վերջապես ուղարկվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Հիշեցնենք, որ երեկ Թովմասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ իր՝ գլխավոր դատախազին ուղղված դիմումը, որտեղ 7 էջ շարադրված է, թե «ինչ ենթադրյալ հանցանքներ է թույլ տվել ՔՊ-ի քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ապրիլի 4-ին կայացած հանձնաժողովի նիստում, չի գնացել»․ «Աշխատակազմից ասում են՝ մենք չգիտեինք, որ մինչև հիմա հանձնաժողովի նախագահը բլանկ չունի: Մենք պետք է հանձնաժողովի բլանկ սարքենք, դրանով ուղարկեք, որովհետեւ եթե հանձնաժողովի բլանկով եք ուղարկում, պետք է հանձնաժողովի բոլոր անդամները քվեարկեն: Այսինքն ես հիմա պետք է սա ուղարկեմ ՔՊ-ին, ասեմ՝ ՔՊ-ի պատգամավորները կողմ քվեարկեն, որ Արթուր Հովհաննիսյանին պատժեն: Տաֆտալոգիա է»։ Ավելի վաղ պատգամավորը հայտնել էր, որ ընդդիմադիրները գրություն են ուղարկելու դատախազինԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին տեղի ունեցածին քրեաիրավական գնահատական տալու համար։ «Իհարկե ԱԺ-ը փորձեց խոչընդոտել գլխավոր դատախազին ուղղված իմ գրության ուղարկմանը, բայց դիմումն արդեն Աննա Վարդապետյանին հասել է։ Բայց դրանից՝ այդ օրը տեղի ունեցավ մեկ այլ քաղաքական պլանի ձախողում, որի մասին տեսանյութ եմ պատրաստել։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների միասնական թեկնածուին թույլ չտրվեց ներկայացնել իր ծրագրային ելույթը։ Երբ նա նախադասություն էր ձևակերպում, իշխանական պատգամավորներն անմիջապես բղավում էին 15-20 հոգով, որոնք մեր հանձնաժողովի անդամներ չէին, վիրավորում՝ ծաղրածու, խեղկատակ, արա լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ և այլ՝ պատգամավորին ոչ հարիր բառեր արտաբերելով։ Այդ օրը իշխանական 4 պատգամավորներ ինձ ակնարկեցին, առաջարկեցին և սպառնացին, որ իմ հետագա պաշտոնավարման հարցը պետք է բարձրացնեն, քանի որ ինձ պաշտոնազրկելու քաղաքական որոշմամբ էին եկել այդ նիստին»,- գրել է Թովմասյանը և մեջբերել իր հասցեին հնչած սպառնալիքները. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյան - Մենք ձեզ ընտրել ենք հանձնաժողովի նախագահ, այստեղ հավաքվածներն են մեր խմբակցության պատգամավորները․․ եթե նիստը չվարեք այնպես, ինչպես հարկն է, մենք հանգիստ կարող ենք ձեր անվստահության հարցը բարձրացնել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան - Դուք չեք կարողանում իրացնել հանձնաժողովի նախագահի ձեր պարտականությունները․․․ Նախորդիվ էլ կար հանձնաժողովի նախագահ, ով փորձեց անվանարկել ժողովրդին, և ըստ էության երբ դուք չեք զսպում թեկնածուին, նշանակում է՝ կիսում եք պատասխանատվությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյան - կարող եմ առաջարկել նաև, որ կոնսենսուսային քվեարկություն լինի, և դուք էլ քվեարկեք կողմ տիկին Մանասյանին։ Տվյալ պարագայում ճանապարհ կհարթեք և ձեր հետագա գործունեության համար․․․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյան - Ձեզանից առաջ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը հայ ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին անվանում է ժեխ, և Ձեր գլխավորած նիստին և մեր մասնակցությամբ նիստին թեկնածուներից մեկը մեր ժողովրդին՝ 100000-ավոր ՀՀ քաղաքացիների և հայերի անվանում ադրբեջանա-թուրքական, ես կարծում եմ՝ ձեր կողմից հստակ գնահատականներ պետք է հնչեն՝ որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, այս արտահայտությունը անթույլատրելի է և դատապարտելի»: Թագուհի Թովմասյանը նշում է, որ ինքը նիստի ընթացքում 4-5 անգամ ներողություն է խնդրել հնչած բոլոր վիրավորանքների և անթույլատրելի բառերի համար, և իշխանական պատգամավորների սցենարը չիրականացավ. «ՆՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ ՀԻՄՔ՝ ընդհանրապես խոսելու իմ հրաժարականի մասին։Ընդհակառակը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պետք է օրենքով կրի իր բաժին պատիժը, քանի որ նա իր պահվածքով և գործունեությամբ խախտեց ՀՀ օրենսդրությունը։ Այդ օրը Արթուր Հովհաննիսյանի կողմից խախտվեց ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը՝ Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք (…), «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի շատ կետեր․ մասնավորապես՝ դրսևորել պատգամավորին հարիր վարքագիծ, պահպանել ԱԺ հանձնաժողովի նիստերի անցկացման կարգը, ՀԱՐԳԱԼԻՑ վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։ Վնաս հասցվեցին նաև ՀՀ քրեական օրենսգրքով պաշտպանվող իրավահարաբերություններին, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով սահմանված, երբ հնչեց մարդու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք՝ պայմանավորված ՄԻՊ թեկնածուի հայացքներով՝ (...) լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ և այլն, ոտնահարվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածով պաշտպանող անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները՝ օգտագործելով իշխանական լիազորությունները, և վերջապես ակնհայտ դրսևորվեց նույն օրենսգրքի 297-րդ հոդվածով նախատեսված խուլիգանություն։ Ահա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հասցեագրված գրության հիմնավորումներից մի հատված»։ Հիշեցնենք՝ ապրիլի 4-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր ԱԺ-ին ՄԻՊ թեկնածու առաջարկելու հարցը։ Ընդդիմության միասնական թեկնածուն Էդգար Ղազարյանն էր, իսկ ՔՊ առաջադրած թեկնածուն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը։ Էդգար Ղազարյանն իր ելույթի ժամանակ քննադատում էր իշխանությանը՝ նրանց անվանելով «հանցավոր ռեժիմ», «խուլիգանական խմբակ», ինչի հետևանքով նիստին ներկա ՔՊ պատգամավորները աղմուկ էին բարձրացնում ու կոչ անում Թագուհի Թովմասյանին թույլ չտալու նման արտահայտություններ անել։ Վերջինս միայն իշխանական պատգամավորների խոսքերից հետո, Ղազարյանին դիմելով, կոչ էր անում որակավորումներ չտալու։ Ղազարյանի եզարափակիչ ելույթի ժամանակ ՔՊ պատգամավորները դուրս եկան նիստերի սենյակից ու վերադարձան ելույթների ժամանակ։ Այնուհետև ՔՊ-ն առաջադրեց Անահիտ Մանասյանի թեկնածությունը ՄԻՊ պաշտոնում առաջարկելու համար, ինչը դրական եզրակացություն ստացավ։ Էդգար Ղազարյանի թեկնածության կողմ քվեարկեց միայն Թագուհի Թովմասյանը։ Ընդդիմադիր այլ պատգամավոր նիստին ներկա չէր։ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, ի պատասխան իր ու իր ելույթի մասին Թագուհի Թովմասյանի խոսքերի, ապրիլի 5-ին հայտարարել է, որ «հանձնաժողովի ընդդիմադիր նախագահը ծրագրված չի ապահովել նիստի բնականոն ընթացքը, իր գործողություններով հնարավորություն է ստեղծել վիրավորել հայ ժողովրդին ու ծաղրել մարդու իրավունքները։ Ինքս՝ որպես հանձնաժողովական, շարունակելու եմ ուշիուշով հետևել և կարգի հրավիրել առաջին հերթին հանձնաժողովի նախագահին և նաև այլոց, ովքեր կփորձեն ապալեգիտիմացնել ԱԺ-ն կամ, առավել ևս, վիրավորել մեր ժողովրդին»։
10:27 - 08 ապրիլի, 2023
Հայ-իրաքյան քաղաքական երկխոսության զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Բաքոյան

Հայ-իրաքյան քաղաքական երկխոսության զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Բաքոյան

Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը փետրվարի 2-ին ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մուզեր Խալիլ Ալ-Ջուբուրիին: Հանդիպման օրակարգում եղել են հայ-իրաքյան հարաբերությունների, դրանց զարգացման ու ամրապնդման համար ակտիվ աշխատանքի, փոխգործակցության ակտիվացման հարցերը: Ռուստամ Բաքոյանն արձանագրել է երկրների միջև հարաբերությունների զարգացման դինամիկան, որը տարիների աշխատանքի արդյունք է, նախանշել այն տեսլականը, որ Հայաստանի և Իրաքի միջև գոյություն ունեցող ու տարեցտարի ամրապնդվող համագործակցությունն առաջիկայում եւս կլինի ավելի հստակ ու նպատակային՝ առկա հարաբերություններին նոր որակ ու արդյունավետություն հաղորդելու առումով: Արձանագրվել է, որ երկուստեք համագործակցությունը կնպաստի նաև երկու երկրների հարաբերությունների, համատեղ ու միասնական աշխատանքի էլ ավելի զարգացմանն ու ամրապնդմանը, ինչն էլ, իր հերթին, կմարմնավորի ամուր հոգեգիտակցական կապ և կայուն երկխոսություն, որն այսօր ծավալման ընթացքում է: Գնահատելով Մերձավոր Արևելքի ռազմավարական կարևոր նշանակությունը Հայաստանի համար՝ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Իրաքն առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության համատեքստում. Հայաստանը մշտապես հետաքրքրված է մերձավորարևելյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումներով ու իրողություններով, այդուհանդերձ, կողմնակից է Իրաքում խաղաղության հաստատմանը: Իսկ հայ-իրաքյան քաղաքական երկխոսության զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկն է: Այս համատեքստում իր անուրանալի ավանդն ունի նաև Իրաքի հայկական համայնքը, որը ոչ միայն կապող օղակ է երկու պետությունների հարաբերություններում, այլև լուրջ դերակատարում ունի հարաբերությունների սերտացմանն ուղղված աշխատանքներում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ալ-Ջուբուրին կարևորել է այսօրինակ հանդիպումների և քննարկումների կազմակերպումը` միտված երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի և համատեղ օրակարգի ձևակերպմանն ու սահմանմանը` առավել արդյունավետ աշխատանքի, համագործակցության խթանման համար: Այս առումով առաջիկա քայլերից է լինելու համատեղ օրակարգով ու աշխատանքով մարտ ամսին Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պաշտոնական այցի կազմակերպումը, որը կլինի խորհրդարանական մակարդակում երկու երկրների հարաբերությունների ամրապնդման հերթական հավաստումն ու խթան կհաղորդի դրանց շարունակականությանը: Նշվել է, որ նաև նկատելի է ակտիվացում երկրների տնտեսական հարաբերություններում, սակայն կա չիրացված ներուժ, որը պետք է իրականություն դառնա նոր պայմանավորվածությունների, երկու կողմերի նախաձեռնողականության արդյունքում: Հանդիպումը եզրափակվել է կողմերի` անձնական աջակցության ու պատրաստակամության հավաստմամբ` երկու երկրների միջև բազմաբնույթ ու բազմոլորտ կապերի ու հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ` նմանօրինակ հանդիպումների, այցերի և այլ հնարավոր միջոցներով: Կողմերը համոզմունք են հայտնել, որ առկա է չիրացված ներուժ, և կա հնարավորություն` միասնական աշխատանքի և փոխգործակցության միջոցով նոր հաջողություններ գրանցել երկու պետությունների` այսօր ծավալում ստացած երկկողմ հարաբերությունների համատեքստում:
16:54 - 02 փետրվարի, 2023
Հայաստանի ՊԵԿ նախագահն ու Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարը քննարկել են փոխգործակցության հարցեր

Հայաստանի ՊԵԿ նախագահն ու Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարը քննարկել են փոխգործակցության հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, Ռուստամ Բադասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է հայկական և վրացական կողմերի միջև մաքսային վարչարարության ընթացքում տեղեկատվության ավտոմատ փոխանակման առկայությունը։ Լևան Կակավան նշել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ, վերջին շրջանում կողմերի միջև համագործակցությունն առանձնահատուկ մակարդակի է հասել՝ ընդգծելով հարկային համակարգում կատարված բարեփոխումները:  Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ՊԵԿ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության վերլուծական հաշվետվությունների համակարգի,  ինչպես նաև հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունում ներդրված մոնիթորինգի չափանիշների, կամերալ ստուգումների վերաբերյալ հարցեր։ Քննարկումներ են ծավալվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։ Միաժամանակ, դիտարկվել են հարկային աուդիտի արդյունավետության բարձրացմանը, տարանցիկ փոխադրումներին առնչվող սահմանափակումների կիրառմանը, ինչպես նաև արագ փչացող ապրանքների մաքսային վարչարարությանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրության դրույթների իրագործման ընթացքին՝ ընդգծելով երկու երկրների միջև ներդրված տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի կարևորությունը։ Երկկողմ բանակցությունների օրակարգում էր նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև Հայաստանի և Վրաստանի տարածքներով տեղափոխվող բեռնատար տրանսպորտային միջոցների վրա էլեկտրոնային կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի ստորագրման հարցը։ Քննարկվել են նաև Գոգավան-Գուգութի սահմանային անցակետերի համատեղ կառավարմանն ուղղված հարցեր։ Ռուստամ Բադասյանը և Լևան Կակավան կարևորել են երկու երկրների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել՝ ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու և փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: 
17:56 - 22 դեկտեմբերի, 2022
Ռուստամ Բաքոյանը և Իրաքյան Քրդստանի նախարարը քննարկել են համագործակցության խորացման մի շարք հարցեր

Ռուստամ Բաքոյանը և Իրաքյան Քրդստանի նախարարը քննարկել են համագործակցության խորացման մի շարք հարցեր

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանն օգոստոսի 10-ին ընդունել է Իրաքյան Քրդստանի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Մուհամմադ Սաիդ Ալիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը, Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Ռուստամ Բաքոյանը կարևորել է պատվիրակության այցը Հայաստան: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ այն արդյունավետ է լինելու և նպաստելու է երկու երկրների հարաբերությունների ակտիվացմանը: Ռուստամ Բաքոյանը խոսել է տարբեր ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունից: «Մեզ համար շատ կարևոր է Մերձավոր Արևելքի տարածաշրջանը. այնտեղ ապրում են տարբեր ազգեր, այդ թվում` հայեր ու եզդիներ»,- ընդգծել է Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավարը: Իրաքյան Քրդստանի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Մուհամմադ Սաիդ Ալին ընդգծել է, որ վերջին օրերին կայացած հանդիպումների ընթացքում նկատել է, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են: Հյուրը նշել է, որ հայերն ու քրդերն ունեն մի շարք ընդհանրություններ, պատմության նմանատիպ էջեր: Նախարարը ցավակցություն է հայտնել Շանգալի եզդիների ցեղասպանության առնչությամբ: Անդրադարձ է եղել խորհրդարաններում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների աշխատանքի կարևորությանը` հօգուտ տվյալ համայնքի շահերի պաշտպանության և մշակութային արժեքների պահպանության: Կողմերը կարևորել են Իրաքյան Քրդստանի հայ համայնքի դերակատարությունը երկրի հասարակական և մշակութային կյանքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր:
15:42 - 10 օգոստոսի, 2022
Այս օրերի և այս պահի սահմանային իրավիճակը ադրբեջանական ռազմական հռետորաբանության շարունակությունն է. Ռուստամ Բաքոյան

Այս օրերի և այս պահի սահմանային իրավիճակը ադրբեջանական ռազմական հռետորաբանության շարունակությունն է. Ռուստամ Բաքոյան

Այս օրերի և այս պահի սահմանային իրավիճակը ադրբեջանական ռազմական հռետորաբանության շարունակությունն է, որի թիրախում Լաչինի միջանցքն է։  Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: «Արդեն երրորդ օրն է, ինչ ադրբեջանական կողմը խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ կրկին դիմելով ագրեսիայի։ Այս պահի դրությամբ Արցախի ՊԲ-ն ունի զոհեր, վիրավորներ: Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության խախտումն անթույլատրելի ու դատապարտելի է: Ռուսական խաղաղապահները պետք է զսպող հստակ գործողություններ իրականացնեն` ապահովելու իրենց պատասխանատվության գոտում խաղաղությունը և կայունությանը՝ իրենց մանդատին համապատասխան»,- գրել է Բաքոյանը:
19:37 - 03 օգոստոսի, 2022