Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ։ Ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներինծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը:

1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմիկուս կազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989 թվականից ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, իսկ 1992 թվականից` դրա հիման վրա ձևավորված և ԼՂՀ պաշտպանության բանակի հիմքըդ արձած ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999 թվականներին` ՀՀ ներքի նգործերի և ազգայի նանվտանգության նախարար: 1999 թվականին` ՀՀ ազգայի նանվտանգության նախարար: 1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:

2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը: 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008 ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013 թվականի ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2018 թվականից ապրիլի 17-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում և Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել վարչապետ: 2018 թվականի ապրիլի 23-ին ներկայացրել է իր հրաժարականը հանրապետության ամբողջ տարածքում ծավալվող քաղաքացիական անհնազանդությունների ճնշման ներքո։

Առջևում ծանր, բայց և պատվաբեր պայքար է սպասվում․ Անկախության տոնը դեռ տոնելու ենք. Սերժ Սարգսյանի ուղերձը

Առջևում ծանր, բայց և պատվաբեր պայքար է սպասվում․ Անկախության տոնը դեռ տոնելու ենք. Սերժ Սարգսյանի ուղերձը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ։  «Անկախություն կերտած սերունդը, որ երեսուն տարի առաջ հիմք դրեց Հայաստանի երրորդ հանրապետությանը, և որի ներկայացուցիչը լինելու պատիվն ունեմ նաև ես, քաջ գիտակցում էր իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի և հետագա սերունդների առջև: Այս սերունդը ազգային արժեքներ կրող, հզոր ոգի և երազանք ունեցող սերուցքն է, որ ամեն ինչ արեց ինքնիշխան, ազատ, անկախ Հայոց պետությունը կայացնելու և պաշտպանելու համար: Անկախության սերնդի ներկայացուցիչների մի մասը հանուն հայրենիքի նահատակվեց, մի մասն ավարտեց երկրային կյանքը` պետականաշիության ճանապարհին իր մեծ ներդրումն ունենալով, իսկ ողջ մնացած և այդ գաղափարը սրբորեն կրող մի մասն էլ այսօր հալածվում ու հետապնդվում է գործող ապազգային իշխանությունների կողմից: Հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ անտարբեր և անպատասխանատու ներկայիս վարչախումբն ու նրանց համակիրները կարճ ժամանակում մսխեցին այն ձեռքբերումները, որոնք անցած տասնամյակներին անասելի դժվարությունների ու մաքառման ճանապարհով էին ստեղծվել: Նրանք լրջագույն հարվածի տակ դրեցին Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովրդի ծանր պայքարի արդյունքում ստեղծված Արցախի Հանրապետությունը, զազրելի արշավ սկսեցին ազգային պետության և հայոց ինքնության պահպանման համար կարևոր բաղադրիչների` լեզվի, եկեղեցու, հայոց պատմության, հայ ընտանիքի դեմ, թշնամուն հոժարակամ ներս թողեցին անկախ պետության սահմաններից ներս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ամեն օր ենթարկելով ստորացումների ու նվաստացումների՝ թշնամու և հենց իրենց` գործող վարչախմբի կողմից: Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու պետության անվտանգությունը խարխլված են, և պետության գոյությունը` դրված հարվածի տակ, հազարավոր երիտասարդ կյանքեր զոհաբերված կամ հաշմված` 44-օրյա պատերազմի ապաշնորհ կառավարման և թշնամու հետ կասկածելի «փոխըմբռնման» ու համաձայնությունների արդյունքում: Եվ այս ամենի ֆոնին գործող վարչախումբը ցինիկ ինքնագոհությամբ «գունագեղ» տոնախմբություն է անցկացնում: Իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած հազարավոր երիտասարդներին ևս ես անկախության սերունդ եմ համարում: Փա՛ռք անկախության համար նահատակված բոլոր հայորդիներին: Ազգային արժեքներին հավատարիմ և ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայ ժողովրդի սերուցքը չպետք է հանդուրժի արտաքին ու ներքին թշնամու այս ոտնձգությունները, անկախության սերունդը չի՛ կարող և չպե՛տք է պարտվի ստրկամիտներին: Հանուն սեփական պետության պայքարը նույնն է, ինչ կյանքի համար պայքարը, որի համար մարդը չի խնայում ոչինչ: Բախտախնդիր ապազգային և անբարո իշխանությունները լրջագույն խոչընդոտ են Հայոց պետականության պահպանման ու հզորացման ճանապարհին: Առջևում ծանր, բայց և պատվաբեր պայքար է սպասվում՝ հանուն ազգային արժանապատվության, հանուն սեփական հողում անվտանգ, ազատ, ինքնիշխան և արժանապատիվ ապրելու: Անկախության տոնը դեռ տոնելու ենք»:
09:51 - 21 սեպտեմբերի, 2021
Ունենք հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է հերթական հակահայկական կապիտուլյացիայի նոր փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում կամ պայմանավորվածություն․ Հայկ Մամիջանյան

Ունենք հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է հերթական հակահայկական կապիտուլյացիայի նոր փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում կամ պայմանավորվածություն․ Հայկ Մամիջանյան

Հայաստանի խորհրդարանն այս շաբաթ ավարտել է լիագումար նստաշրջանի աշխատանքները․ խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր հանդես են գալիս ճեպազրույցներով։ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ճեպազրույցի ժամանակ, ամփոփելով նախորդ շաբաթվա իրադարձությունները, խոսեց Սերժ Սարգսյանի վերաբերյալ հրապարակման մասին, ըստ որի՝ վերջինս Ապրիլյան պատերազմի ավարտին հաջորդող օրը գտնվել է Բադեն-Բադեն քաղաքում, որը հետո հերքել էր Սարգսյանի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը՝ պնդելով, որ 3-րդ նախագահը մեկնել է Գերմանիա, վայրէջք է կատարել Բեռլինի ռազմական օդանավակայանում, հանդիպել է Անգելա Մերկելի եւ այլ անձանց հետ․ «Երբ այդ ամենը նոր սկսվեց, մեր մտքով առաջին միտքն այն անցավ, որ դա օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ հետագայում դատարանում սպասվելիք պարտությունը մեղմելուն էր ուղղված, իսկ ես հիշեցնեմ՝ Սուքիասյանն ասել էր՝ իբր նախագահ Սարգսյանը խաղատուն է հաճախել, այլ ոչ թե առհասարկ Բադեն-Բադենի մասին է խոսք գնացել։ Հաշվի առնելով, որ օլիգարխ պատգամավորի՝ նախկինում տեքստեր գրող, դեղին մամուլով հերքումներ եւ նորություններ տպող անձն այս պահին զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը, հավանաբար ժամանակ էր պետք շահել, որպեսզի հիշյալ օլիգարխը հասցնի ներողության տեքստը պատրաստի, երբ դատարանում պարտվի»,- ասաց Մամիջանյանն ու շարունակեց․ «Երբ արշավին միացան ֆեյքային բանակներն ու կիսաֆեյք լրատվականները, ֆեյք քաղաքագետները, ես ենթադրեցի, որ խոսքը մեր երկրի առաջ ծառացած ընթացիկ խնդիրներից ուշադրությունը շեղելու համար է էդ արշավը, բայց երբ օրվա ավարտին արշավին միացան նիկոլական քարոզչամեքենայի այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսին են «Ազատությունը», «Հանրայինը», եւ երկուսից էլ ակնկալում եմ, որ նույնքան ժամանակ կլուսաբանեն հերքումը, ինչքան լուսաբանել են կեղծիքը, ես հասկացա, որ մենք ունենք հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է հերթական հակահայկական կապիտուլյացիայի նոր փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում կամ պայմանավորվածություն, ինչի մասին երեկոյան նյութ եղավ, որը վերաբերում է խաղաղության համաձայնագրի, որը պատերազմից բացի՝ ոչինչ չի բերի մեր երկրին։ Հրապարակման մեջ նշվում էր՝ դրա բանակցություններն արդեն իսկ ավարտված են։ Չեմ կարող չհիշատակել նաեւ ողջ արշավի ճարտարապետին՝ Սորոսից գրանտներ վաստակող Դանիել Իոաննիսյանին, եթե նա այդքան սիրահար է հետաքննությունների, ես խորհուրդ կտամ՝ հետաքննություն սկսի, թե ինչպես եղավ, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը երկու գերշքեղ եւ գերթանկարժեք ամենաբարձր դասի «Մերսեդես» գնեց իրեն սպասարկելու համար, ինչպե՞ս ստացվեց, որ Սերժ Սարգսյանի՝ պետության կողմից տրամադրված առանձնատունն իր համար բավարար վերանորոգված չէր, եւ դրա վերանորոգման համար ահռելի գումարներ ծախսվեցին։ Երբ ինքը խոսում է պետական միջոցների վատնման մասին ու դիմում է ՀՔԾ, թող ձեռքի հետ էլ դիմի նաեւ այն կետով, որ քարոզարշավի ժամանակ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը Սյունիք մեկնում էր 40-50 մեքենաներից բաղկացած շարասյունով»,- ասաց «Պատիվ ունեմ»-ի պատգամավվորը։ Նա անդրադարձավ նաեւ նրան, որ «Պատիվ ունեմ»-ը հայտարարել էր՝ նախաձեռնելու է խորհրդարանակն քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը զբաղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ պատերազի ընթացքում եւ դրան հաջորդող շրջանում միջոցների ծախսման եւ տնօրինման արդյունավետության հետ․ «Քննության առարկա են դարձվելու ոչ միայն բուն միջոցները, իսկ մենք գիտենք, որ մամուլում առկախված տեղեկություններ կան, որ տեղի են ունեցել հանցավոր կանխիկացումներ՝ թե՛ հիմնադրամից, թե՛ պետբյուջեից, հիմնադրամից տեղի է ունեցել ուղիղ բյուջետային ֆինանսավորում հիմնադրամից, եւ մենք հիմանվոր կասկած ունենք, որ պետբյուջեում պարզապես գումար չկար, եւ հերթական պարգեւավճարների դոզան այն ժամանակ սարսափած խունտայի ներկայացուցիչներին տալու համար անհրաժեշտ էր պարգեւավճարներ տալ, իսկ դրա համար անհրաժեշտ էր մեր հերոս տղերքի համար ուղղած մեր բոլորի գումարներն ուղղել պետբյուջե»,- հայտարարեց Հայկ Մամիջանյանը։ Վերջինս նաեւ նշեց, որ արդեն հրապարակվեց ԱԺ պաշտոնական պատվիրակությունը՝ ՌԴ պետդումայի ընտրությունների մշտադիտարկման առաքելության համար, սական պարզվեց՝ պատվիրակության կազմում որեւէ ընդդիմադիր չկա․ «ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող անձը, հիմնվելով շատ ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ իմ դեմ բացված քաղաքական քրգործերի հետ կապված երկրից բացակայելու արգելքի վրա, պարզապես ընդդիմադիր գործիչ չի ներառել պատվիրակության կազմում։ Հիշեցնեմ նաեւ, որ շուրջ տասն օր առաջ քննչական մարմինն իմ դիմումի հիման վրա արտոնել էր իմ ելքը երկրից՝ կուսակցական դիվանագիտության խողովակով իրականացվող մի այցի շրջանակում, որից հետո ես վերադարձել եմ, որեւէ խնդիր չի առաջացել։ Իմ հիշողության մեջ առաջին անգամ խորհրդարանական պատվիրակության մեջ ներառված չէ գոնե մեկ ընդդիմադիր գործիչ»։   Լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից
11:43 - 17 սեպտեմբերի, 2021
Սերժ Սարգսյանը ապրիլի 5-ին չի ժամանել Կարլսռուհե, չի գիշերել Բադեն-Բադենում, և սա անհերքելի փաստ է․ Սերժ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ

Սերժ Սարգսյանը ապրիլի 5-ին չի ժամանել Կարլսռուհե, չի գիշերել Բադեն-Բադենում, և սա անհերքելի փաստ է․ Սերժ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես խոստացել էի` ՀՀ երրորդ Նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի անվան շուրջ ակնհայտ միտումնավորությամբ և հստակ հրահանգավորմամբ տարածվող ստերի հետևից մեկ առ մեկ գնալու ենք, ոչինչ անհետևանք չի մնալու: Նույն համատեքստում անդրադառնալով այսօր լրատվական դաշտում տարածվող ակնհայտ ուղղորդված այն հերյուրանքին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թվականի ապրիլի 6-ին Բեռլին կատարելիք պաշտոնական այցից առաջ` ապրիլի 5-ին իբր մեկնել է Բադեն-Բադեն քաղաք, հայտնում եմ, որ ներկայացվածը ուղղորդված հերթական բացարձակ զրպարտչական ապատեղեկատվությունն է։ ՀՀ Նախագահի հիշյալ պաշտոնական այցի ողջ ընթացքը րոպեի ճշգրտությամբ ամրագրված է իրավասու մարմիններում, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ-ի, Պետական արարողակարգի ծառայության արխիվներում։ Ինչ վերաբերում է Քաղաքացիական ավիացիայի կողմից տրամադրված տեղեկանքին, ապա այն կամ միտումնավոր կեպով, կամ անփութության արդյունքում ճշգրիտ չէ և չի արտացոլում 2016թ. ապրիլի 5-ին Սերժ Սարգսյանի ԳԴՀ կատարած պաշտոնական այցի փաստացի երթուղին: Ավելին` նախագահ Սարգսյանի այցը Գերմանիա մեկնարկել է ապրիլի 5-ի երեկոյան Բեռլինի օդանավակայանի ռազմական մաս ժամանմամբ։ Սույն փաստը ապացուցվում է ինչպես պաշտոնական ծրագրով, այնպես էլ կարող է հաստատվել պատվիրակության այլ անդամների և նախագահին այցի ընթացքում ուղեկցող լրագրողների կողմից։ Հետևաբար` Սերժ Սարգսյանը ապրիլի 5-ին չի ժամանել Կարլսռուհե, չի գիշերել Բադեն-Բադենում, և սա անհերքելի փաստ է։ Ուստի, ճիշտ կլիներ, որ մինչև սուտ տեղեկություններ տարածելու առաջարկություն ստանալն ու համաձայնություն տալը, իրավական ուղեկցում ունենալու նպատակով նախ և առաջ պարզվեր համապատասխան որակավորում ունեցող փաստաբանների զբաղվածության աստիճանը: Միաժամանակ հորդորում եմ ԶԼՄ-ներին չտարածել ակնհայտ զրպարտչական տեղեկատվությունը` հակառակ պայմաններում ստիպված կլինեմ դիմել օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմերի օգնությանը: Կից ներկայացնում եմ նաև հիշյալ պաշտոնական այցի ծրագրից արտատպվածքներ»:  
15:45 - 16 սեպտեմբերի, 2021
Մի քաղաքի ու նախագահի պատմություն․ Սերժ Սարգսյանի բոլոր ճանապարհները տանում էին Բադեն-Բադեն |fip.am|

Մի քաղաքի ու նախագահի պատմություն․ Սերժ Սարգսյանի բոլոր ճանապարհները տանում էին Բադեն-Բադեն |fip.am|

fip.am: Ազգային ժողովի օգոստոսի 25-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով նախկին իշխանությունների կողմից կոռուպցիոն դրսևորումներին, հիշատակեց նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պնդելով, թե վերջինս 100 մլն դոլար է տանուլ տվել Բադեն-Բադեն քաղաքում գտնվող խաղատանը։ «Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավելի կազինոներում կրվել ա, նույն Բադեն-Բադենում»-, հայտարարեց Սուքիասյանը։ Հաջորդ օրը Սուքիասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ոչ միայն վերահաստատեց իր ելույթում արված պնդումները, այլև հայտնեց նոր մանրամասներ. «Մեր պետական օդանավը եկել է համապատասխան տեղից, որտեղ կազինո կա, էստեղից գումարները մեշոկներով տարել են, որ վճարեն: Կարող ես խաղալ, հետո վճարել»: Սարգսյանին՝ Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում միլիոններ վատնելու մեջ բազմաթիվ անգամներ մեղադրել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարկ է նաև նշել, որ 2021 թ. արտահերթ ընտրություններից առաջ, պատասխանելով այս մեղադրանքներին, Սարգսյանը չէր հերքել իր՝ Բադենում լինելը, բայց և նշել էր, որ այն առողջարանային և մշակութային քաղաք է, իսկ նա մշտապես շրջանցել է այն փողոցները, որտեղ խաղատներ կան։ «Փաստերի ստուգման հարթակը» հարցումներ է ուղարկել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ խնդրելով տրամադրել ՀՀ նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա 2008 թ. հունվարի 1-ից մինչև 2018 թ. հունվարի 1 նախագահական ինքնաթիռի թռիչքների մասին տեղեկատվությունը, և ուսումնասիրել է, թե որ ուղղություններով է այն թռել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին։ Որոշ թռիչքների բացահայտման համար օգտագործվել են նաև բաց աղբյուրներ։ Բադենի ամենամյա հանգստի առեղծվածը Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքը Սկսած 2008 թվականից՝ Սերժ Սարգսյանն ամեն տարի, իսկ ընդհանուր՝ ավելի քան 16 անգամ կառավարական օդանավով թռիչք է կատարել դեպի գերմանական Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքների օդանավակայան։ Այս մասին տեղեկանում ենք Քաղավիացիայի կոմիտեից FIP.am-ին տրամադրած տվյալներից։ Հարկ է նշել, որ չնայած տրամադրած տվյալների մի մասում որպես ժամանման քաղաք նշված է «Բադեն», մյուսներում՝ «Բադեն-Բադեն», իսկ որոշ դեպքերում նաև «Կարլսռուhե», սակայն ուսումնասիրելով այդ թռիչքների ժամանակագրությունը և համադրելով համացանցում եղած լուսանկարները՝ պարզ է դառնում, որ բոլոր դեպքերում խոսքը Գերմանիայի Բադեն տարածաշրջանում Բադեն-Բադեն և Կարլսռուհե քաղաքների միջև գտնվող Կարլսռուհե/Բադեն-Բադեն (Flughafen Karlsruhe/Baden-Baden) օդանավակայանի մասին է: Այսպես, առաջին անգամ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն իր հանգստի համար Հայաստանի հարկատուների հաշվին պետական օդանավը օգտագործել է 2008 թ. օգոստոսին՝ Բադեն-Բադեն մեկնելու համար։ Համաձայն նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ նախագահը երկշաբաթյա արձակուրդ էր մեկնել օգոստոսի 4-ին։ Նշված էր, որ Սարգսյանը երկու օր կանցկացնի Եվրոպայում, ինչից հետո կմեկնի Պեկին՝ պաշտոնական հանդիպման։ Թռիչքը, սակայն, իրականում տեղի էր ունեցել հայտարարությունից մեկ օր առաջ։ Օգոստոսի 3-ին EK-RA01 գրանցման համարով հայկական կառավարական օդանավը գերմանացի լուսանկարչի կողմից նկատվել էր առողջարաններով և խաղատներով հայտնի գերմանական Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքների օդանավակայանում վայրէջք կատարելիս։ Երկու օր անց՝ օգոստոսի 5-ին, մեկ այլ լուսանկարիչ կրկին ֆիքսել էր հայկական օդանավը նույն օդանավակայանում՝ հայտնելով, որ Հայաստանի նախագահը այնտեղ է մնացել 3 օր։ Հատկանշական է, որ Քաղավիացիայի կոմիտեի տրամադրած ցուցակում առկա չէ այս թռիչքը, ինչպես որ բացակայում են հաջորդ տարվա՝ 2009-ի օգոստոսին նախագահի արտերկրյա արձակուրդի թռիչքի տվյալները: Կարմիրով նշված են կառավարական օդանավի փաստացի կատարած, բայց Քաղավիացիայի տրամադրած տվյալներում բացակայող թռիչքները Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ նախագահն արձակուրդ էր մեկնել 2009 թ. օգոստոսի 11-ին, իսկ արդեն օգոստոսի 15-ին կառավարական օդանավը ֆիքսել էին Բադեն-Բադեն և Կարլսռուհե քաղաքների օդանավակայանում։ Թե որքա՞ն է այնտեղ մնացել Սարգսյանը՝ հայտնի չէ։ Ժամանում պաշտոնական այցով Սանկտ-Պետերբուրգում, 2016 թ․ Նույն տարում՝ չորս ամիս անց, Սարգսյանը, օգտագործելով պաշտոնական հանդիպման առիթը, կրկին թռել է Բադեն։ Մյունխենում 2009 թ. նոյեմբերի 22-ին պլանավորված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը՝ Ղարաբաղյան խնդրով բանակցությունների համար։ Այս հանդիպման կազմակերպման համար նախագահը Քաղավիացիայի վարչությանը կարգադրել էր պատվիրակության համար կազմակերպել Երևան-Մյունխեն և Մյունխեն-Երևան հատուկ չվերթերը։ Ընդ որում, ըստ կարգադրության, հանդիպումից 4 օր առաջ նախապես մեկնում են միայն նախագահ Ս․ Սարգսյանը, աշխատակազմի ղեկավար Ա․Ղահրամանյանը, ՊՊԾ պետի տեղակալ Վ. Ղազարյանը (Սերժի Վաչո) և անվտանգության ևս 5 աշխատակիցներ։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մյունխենում, 2009 թ․ Սակայն պատվիրակությունն ուղիղ մեկնում է ոչ թե Մյունխեն, ինչպես նշված էր հաղորդագրության մեջ, այլ Բադեն-Բադեն քաղաք, և ինքնաթիռը միայն նոյեմբերի 22-ին է նկատվում Մյունխենի օդանավակայանում։ Այսինքն՝ Ալիևի հետ հանդիպումից մի քանի օր առաջ Սարգսյանը ժամանակ է անցկացրել Բադեն-Բադենում, որտեղից էլ մեկնել է պաշտոնական հանդիպման։ Սարգսյանի հաջորդ այցը Բադեն-Բադեն կայացել է 2010 թ. հուլիսին՝ արձակուրդի ընթացքում։ Ըստ հաղորդագրության՝ Սարգսյանը հուլիսի 24-ին մեկնելու էր «կարճատև արձակուրդի», որի «միայն մի մասը» պետք է անցկացներ արտերկրում: Սակայն ի հակառակ աշխատակազմի հաղորդագրության, Սարգսյանն արձակուրդի ողջ ընթացքում մնում է արտերկրում։ Համաձայն թռիչքների ժամանակագրության՝  կառավարական ինքնաթիռը Երևանից մեկնել է հուլիսի 24-ին և մինչև օգոստոսի 8-ը մնացել Բադեն-Բադենի օդանավակայանում։ Այս շրջանում նախագահական կայքում ևս բացակայում են նախագահի մասին մամուլի հաղորդագրությունները։ Այստեղ, սակայն, ուշագրավ է ոչ այնքան առողջարանային այս քաղաքում երկու շաբաթ գտնվելու փաստը, այլ օգոստոսի 8-ին նախագահական օդանավի «տարօրինակ» թռիչքը, որը նույն օրում Բադենից թռիչք է կատարել դեպի Երևան, հետո հետ թռել Բադեն-Բադեն և կրկին վերադարձել Երևան։ Այս փաստը ակնառու է հատկապես Խաչատուր Սուքիասյանի՝ օդանավով խաղատուն գումար տեղափոխելու հայտարարության շրջանակում, քանի որ անհասկանալի է, թե ինչ նպատակով է այս թռիչքն իրականացվել։ Բադեն-Բադեն ամենամյա այցելությունների շրջանակում 2011 թվականը ևս բացառություն չէր։ Նախագահը մեկնել էր «կարճատև» արձակուրդի։ Հուլիսի 30-ին նախագահական օդանավը մեկնել էր Բադեն-Բադեն։ Հատկանշական է, այս դեպքում թռիչքը դեպի գերմանական այս քաղաք նախագահի համապատասխան հրամանագրում չէր թաքցվում, ինչպես նախորդ անգամ։ Սարգսյանի «կարճատև» հանգիստը գերմանական այս քաղաքում տևում է հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 11-ը և ավարտվում Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, որտեղ նախագահը ժամանել էր աշխատանքային այցով։ 2012 թ. հուլիսի 26-ին մեկնարկած Մեծ Բրիտանիա պաշտոնական այցի առիթը Սարգսյանը նույնպես հաջողացրել էր օգտագործել կրկին Բադեն-Բադեն այցելելու համար։ Այսպես, նախագահը պետք է ներկա գտնվեր Լոնդոնում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Պաշտոնական այցի վերջում, սակայն, պետական ինքնաթիռը ոչ թե վերադառնում է Երևան, այլ վայրէջք կատարում Բադեն-Բադեն/Կարլսռուհե օդանավակայանում։ Արդեն օգոստոսի 2-ին նախագահականը հաղորդագրություն է տարածում՝ հայտնելով, որ նախագահը մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում։ Օգոստոսի 7-ին, ընդհատելով հանգիստը, 3-րդ նախագահը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա, որտեղ հանդիպում է ՌԴ նախագահի հետ։ Այս թռիչքը, սակայն, Քաղավիացիայից ստացած տվյալներում բացակայում է, և հարց է ծագում, թե ի՞նչ օդանավով և որտեղից է Սարգսյանը մեկնել Մոսկվա հանդիպման։ Հետաքրքրական է նաև պետական օդանավի՝ օգոստոսի 15-ին իրականացրած Երևան-Կալյարի-Երևան չվերթը, որի մասին տեղեկություն չկա ո՛չ նախագահականի հաղորդագրություններում, ո՛չ էլ կարգադրություններում։ Անհասկանալի է, թե ինչ նպատակով է կառավարական ինքնաթիռը թռիչք կատարել իտալական Կալյարի հանգստյան քաղաք, որը հայտնի է իր տեսարժան վայրերով և խաղատներով։ 2013 թվականին Սարգսյանը, վերընտրվելով նախագահի պաշտոնում, չխախտելով ավանդույթը, հանգիստը կրկին անցկացրել է Բադեն-Բադենում։ Նախագահական օդանավը նրան հունիսի 12-ին տարել է գերմանական այս քաղաք։ Ուշագրավ է, որ օդանավը միանգամից չի վերադարձել Երևան, այլ կանգառ է արել Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։ Մեկ շաբաթ անց՝ հունիսի 20-ին, Երևանից պետական օդանավը մեկնել է Բադեն-Բադեն/Կարլսռուհե օդանավակայան, որտեղից նրան տարել է Վիեննա՝ նույն օրը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որի ավարտից հետո՝ նույն օրը, Սարգսյանին վերադարձրել է Երևան: Սակայն պաշտոնական հանդիպումներով խաթարված իր հունիսյան հանգիստը Սարգսյանը շարունակել է մյուս ամիս։ Այսպես, հուլիսի 22-ին պետական օդանավը Սարգսյանին տարել է Բադեն-Բադեն, թողել նրան այնտեղ և տրանզիտային վայրէջք կատարելով Հունաստանի մայրաքաղաք Աթենքում՝ վերադարձել է Երևան։ Այս անգամ ևս նախագահի հանգիստը ընդհատվել է աշխատանքային այցով. օգոստոսի 4-ին Սարգսյանը մեկնել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը։ Պետական օդանավը, սակայն, նախագահին վերցրել է ոչ թե Բադեն-Բադենից, որտեղ նրան թողել էր, այլ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքից, որը գտնվում է Բադեն-Բադենից ընդամենը 150 կմ դեպի հարավ։ Թե ինչու՞ և ինչպե՞ս էր նախագահը հայտնվել աշխարհի ֆինանսական և բանկային կենտրոն համարվող շվեյցարական այս քաղաքում՝ անհայտ է։ Սակայն երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո նա կրկին Ցյուրիխ է վերադառնում՝ ևս մեկ շաբաթ արձակուրդ անցկացնելու։ Մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 11-ին, նախագահին արձակուրդից վերադարձնելու համար Երևանից Ցյուրիխ է մեկնում  պետական օդանավը, որը հետ գալու ճանապարհին վայրէջք է կատարում նաև Աթենքում, ամենայն հավանականությամբ՝ վերցնելու այն ուղևորին/ներին, որոնց թողել էր այնտեղ ավելի քան 20 օր առաջ։ Սերժ Սարգսյանն ու կառավարական օդանավը 2014 թվականի օգոստոսի 3-ին նախագահը երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Բրյուսել, որտեղից էլ պետք է մեկներ Սոչի՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման։ Ուշագրավ է սակայն, որ Սարգսյանը, Ալիևի հետ հանդիպումից առաջ կրկին մեկնում է Բադեն-Բադեն։ Նա այնտեղ մնում է երեք օր՝ օգոստոսի 5-8-ը, որից հետո մեկնում է Սոչի, որտեղ կայացած եռօրյա հանդիպումներից հետո՝ օգոստոսի 11-ին, վերադառնում է ոչ թե Երևան, այլ Բադեն-Բադեն։ Նույն օրը նախագահականը հայտնում է նրա՝ կարճատև արձակուրդ մեկնելու մասին։ 2015 թ. ամռանը, չխախտելով ավանդույթը, Սարգսյանը արձակուրդը անցկացրել է Բադեն-Բադենում՝ պետական օդանավով այնտեղ մեկնելով հուլիսի 24-ին։ Պետական օդանավը այնտեղ մնում է երկու շաբաթ. Սարգսյանը օգոստոսի 1-ին վերադառնում է Երևան՝ արարողության մասնակցելու համար։ Երկու օր անց պետական օդանավը նրան տանում է Ցյուրիխ, որտեղ Սարգսյանը մնում է մինչև օգոստոսի 15-ը։ Նկատենք, որ օդանավակայանում պետական օդանավի կայանման համար անհրաժեշտ է վճարել  կայանման վճար։ Իր ղեկավարման վերջին երկու տարիներին՝ 2016 և 2017 թվականներին, Սարգսյանն այցելում էր Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքներ արդեն տարեկան երկուական անգամ։ Սակայն ամենաուշագրավը Սերժ Սարգսյանի այցն է Բադեն-Բադեն Ապրիլյան պատերազմի ֆորմալ ավարտից մի քանի ժամ անց՝ ապրիլի 5-ին։ Հիշեցնենք, որ 2016 թ. ապրիլի 5-ին հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերվեց, սակայն, փաստացի, լարված իրավիճակը և ռազմական գործողությունները շփման գծի ողջ երկայնքով դեռ շարունակվում էին։ Ավելին՝ հակառակորդը շարունակում էր խոշոր տրամաչափի զենք կիրառել, հայկական կողմից գրանցվում էին զոհեր, իսկ բազմաթիվ զինվորներ կյանքի համար պայքար էին տալիս։ Եվ այս ծանր իրավիճակում, պարզվում է, Սարգսյանը ապրիլի 6-7-ին դեպի Գերմանիա նախատեսված պաշտոնական այցը օգտագործել է կրկին Բադեն-Բադեն մեկնելու համար։ Ապրիլի 5-ին Սարգսյանը «Եռաբլուրում» հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հուղարկավորությանը մասնակցելուց հետո մեկնել է ոչ թե Բեռլին՝ պաշտոնական այցի, այլ Բադեն-Բադեն և մեկ օր անց միայն՝ ապրիլի 6-ին հայտնվել Բեռլինում։ Ի՞նչ էր անում Սարգսյանը Բադեն-Բադենում երկրի համար այդ սարսափելի ժամանակահատվածում և ինչու՞ Երևանից մեկնեց հանդիպումից մեկ օր առաջ՝ կրկին հայտնի չէ։ 2016 թ. օգոստոսին նախագահը կրկին մեկնում է Բադեն-Բադեն՝ Բրազիլիա կատարած պաշտոնական այցից անմիմիջապես հետո։ Սարգսյանը Բադեն-Բադեն է մեկնել անմիջապես Բրազիլիայից, բայց ոչ նախագահական օդանավով։ Սակայն արդեն օգոստոսի 25-ին Երևանից մեկնած պետական օդանավը վերադարձրել է նրան Երևան։ 2017 թ. ամանորյա տոները նախագահը կրկին որոշում է անցկացնել արդեն հարազատ դարձած գերմանական քաղաքում և հունվարի 5-ին, հայտարարելով իր արձակուրդի մասին, պետական օդանավով մեկնում է Բադեն-Բադեն/Կարլսռուհեի օդանավակայան։ Պետական օդանավով Սերժ Սարգսյանի վերջին արձակուրդային թռիչքը դեպի Բադեն-Բադեն տեղի է ունեցել 2017 թ. հուլիսի 22-ին, ընդ որում՝ պաշտոնապես արձակուրդի հայտարարումից երկու օր շուտ։ Արդեն օգոստոսի 5-ին Սարգսյանն ընդհատում է արձակուրդը և գործարար Սամվել Կարապետյանին պատկանող օդանավով մեկնում է (կառավարական օդանավը խափանվել էր Գերմանիայում) Թեհրան՝ մասնակցելու Իրանի՝ վերընտրված նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը։ Այնուհետև Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, մեկնում է Ցյուրիխ, որտեղից օգոստոսի 14-ին պետական օդանավով վերադառնում է Երևան։ Շարունակությունը՝ fip.am-ում
13:25 - 16 սեպտեմբերի, 2021
2010 թվականից Անկախության օրվա առթիվ Արցախ այցելած հայաստանյան պատվիրակությունները

2010 թվականից Անկախության օրվա առթիվ Արցախ այցելած հայաստանյան պատվիրակությունները

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից, 2016 թվական1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որի ժամանակ ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային Միության Գերագույն խորհրդի «Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: Այն ենթադրում էր Խորհրդային Միության կազմից դուրս գալու հանրաքվեի իրականացում այն պարագայում, երբ միութենական հանրապետությունը ցանկանում էր դուրս գալ ԽՄ կազմից: Այդպիսով նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ անկախության հանրաքվե․ «Համաձա՞յն եք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն» հարցին «այո» էր քվեարկել ավելի քան 108 հազար հոգի, դեմ՝ միայն 24-ը։ Արցախն այսօր նշում է անկախության հռչակման 30-ամյակը։ Հայաստանի Հանրապետությունից խորհրդարանական պատվիրակություն է ժամանաել Արցախի Հանրապետություն։ Պատվիրակության կազմում են խորհրդարանական 3 խմբակցությունների պատգամավորներ, պատվիրակությունը գլխավորում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Ստորեւ ներկայացնում ենք, թե Արցախի Անկախության օրվա առիթով 2010 թվականից սկսած Հայաստանից ինչ պատվիրակություններ են ժամանել Արցախ։ Այսպես, 2010 թվականին ԼՂՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր ժամանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։ 2011 թվական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա էր գտնվել 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարությանը: 2012 թվականի սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ էր Ստեփանակերտում՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Պատվիրակության կազմում են եղել ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Ռուբիկ Հակոբյանը, Մարգարիտ Եսայանը, Միքայել Մելքումյանը, Վահան Հովհաննիսյանը եւ այլք: 2013 թվականին դարձյալ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Սարգսյանը ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել էր ԼՂՀ ՊԲ N զորամաս: Կառավարության ղեկավարը շրջել է զորամասով, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին, ստեղծված պայմաններին, ճաշել զինծառայողների հետ: Սարգսյանը մասնակցել էր ԼՂՀ-ի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Առավոտյան ՀՀ վարչապետը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները եւ ՀՀ կառավարության պատվիրակության անդամները Վերածննդի հրապարակից երթով շարժվել են դեպի քաղաքային հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: 2014 թվականին Արցախում էր Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։ 2015 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի Հանրապետության հռչակման 24-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության եւ արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել էր Ստեփանակերտի հուշահամալիր: Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք էր մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ դրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: 2016 թվականին Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր դարձյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նա մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել էր ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:  2017 թվականին Արցախում Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին կրկին Սերժ Սարգսյանն էր մասնակցում։ Իսկ ահա 2018 թվականին տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր ՀՀ հաջորդ նախագահը՝ Արմեն Սարգսյանը, նա սեպտեմբերի 2-ի առավոտյան Արցախի նախագահի նստավայրում հանդիպում էր ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ 2018-ին Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ՝ սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով Արցախում էր նաեւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը հանդիպում էր ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը ներկա էին եղել նաեւ կառավարության մի խումբ անդամներ: 2019 թվականին Արցախ էր ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, որը սեպտեմբերի 2-ին հանդիպում էր ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ավարտից հետո պատվիրակության անդամները մասնակցել էին տոնական երթին։ Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ էր տեղադրել Ստեփանակերտի հուշահամալիրի մոտ: Նախորդ տարի՝ 44-օրյա պատերազմի սկսվելուց 25 օր առաջ, դարձյալ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էր Արցախի Հանրապետությում։ Նա հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս տարի՝ Արցախի Անկախության 30-ամյակին, Հայաստանի բարձրագույն ղեկավարությունից Ստեփանակերտ չեն ժամանել։ Հայաստանյան պատվիրակությունն, ինչպես նշեցինք, ԱԺ փոխնախագահն է գլխավորում։ Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ն արձակուրդում է։ Նա շնորհավորական ուղերձ է հղել այսօրվա կապակցությամբ։ Ի դեպ՝ ՀՀ կառավարության սեպտեմբերի 2-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու բարձրագույն իշխանությունն այսօր՝ Արցախի Անկախության 30-րդ տարեդարձին, Արցախում չէ, նշել է, որ այդպիսի որոշում է կայացվել․ «Ուրեմն, որոշում կա, տենց ա պետք, քաղաքական որոշում ա կայացվել էդ ձևով անել։ ՀՀ իշխանությունը, կառավարությունը որոշել է այսօրվա հետ կապված միջոցառումներն այդ ձև անել»,- ասել է նա։ Հայարփի Բաղդասարյան
14:48 - 02 սեպտեմբերի, 2021
Հռչակագրով ամրագրված Անկախությունը պետք է հավատամք և արժանապատվորեն ապրելու ու զարգանալու պայման դառնա յուրաքանչյուր հայի համար. Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը

Հռչակագրով ամրագրված Անկախությունը պետք է հավատամք և արժանապատվորեն ապրելու ու զարգանալու պայման դառնա յուրաքանչյուր հայի համար. Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը

Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ․ «Երեսուն տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, երբ Ստեփանակերտում կայացած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին փաստաթուղթը, դա արցախահայությանը բնաջնջումից փրկելու և իր պատմական հայրենիքի մի հատվածում ազատ, անկախ, արժանապատիվ ապրելու առաջին կարևոր քայլերից էր, որին ամիսներ հետո պիտի հաջորդեր Լեռնային Ղարաբաղի անկախության հաստատման հանրաքվեն: Ժամանակին ապօրինաբար Ադրբեջանին բռնակցված ԼՂԻՄ-ը հայատյաց Ադրբեջանի կազմից հանելու արցախահայության կամարտահայտությունը հիմնված էր պատմական դառը դասերի վրա. ոչ ոք չէր մոռացել Ադրբեջանի կազմում նույն հակաօրինական ձևով 1921թ. ընդգրկված Հայաստանի մեկ այլ հատվածի` Նախիջևանի իսպառ հայաթափումը, հայկական հազարամյա հուշարձանների հիմնահատակ ոչնչացումը, Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում հայերի ջարդերը, բռնի տեղահանումներն ու ԼՂԻՄ տարածքում ադրբեջանցիների նպատակային ակտիվ վերաբնակեցումը: Արցախը ևս կարժանանար Նախիջևանի ճակատագրին, որտեղ այսօր գեթ մեկ հայ չկա, եթե մենք ինքնապաշտպանության նպատակով չստեղծեինք հայ աշխարհազորայինների առաջին խմբերն ու ջոկատները, իսկ ավելի ուշ` դրանց հիման վրա` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, որն արժանի հակահարված տվեց իր օջախ ներխուժած թշնամուն, դուրս շպրտեց հայրենիքի սահմաններից, և Արցախը լծվեց պետականաշինության գործին, սկսեց զարգանալ համայն հայության աջակցությամբ: 2020թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմը և Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից գաղտագողի միանձնյա որոշմամբ ստորագրված՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը Արցախի և Հայաստանի համար մի նոր վտանգավոր շրջափուլ բացեցին, որի հետևանքները Արցախում և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում զգում ենք ամեն օր: Խաղաղության և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, կայուն և անվտանգ զարգացման հերթական սուտ խոստումներով գործող իշխանությունները բթացնում են պատերազմի արհավիրքները գրեթե մեկ տարի առաջ տեսած ժողովրդի զգոնությունը, վախ և անվստահություն ներշնչում սեփական ուժերի նկատմամբ և հայկական երկու պետությունները տանում նոր վտանգների: Մինչդեռ թշնամի պետության նախագահն ինքն էր խոստովանում, և ոչ մեկ անգամ, թե ինչպես էին «փակ դռների ետևում իրեն ստիպում ճանաչել ԼՂ անկախությունը»:  Ասել եմ տարիներ առաջ՝ 1990-ականների ծանր, բայց և հաղթական պատերազմի մասին և կկրկնեմ այսօր` այն ժամանակ մենք հաղթեցինք տևական, ծանրագույն և անհավասար պատերազմում: Ոմանք ասում են` Ադրբեջանն ուներ ավելի շատ փող, զենք, զինամթերք, տեխնիկա և կենդանի ուժ: Դա ճիշտ է, բայց ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք: Ազատասերը կռվում էր զավթիչի դեմ, և ազատասերը մենք էինք: Արդարը կռվում էր անարդարի դեմ, և արդարության մարմնավորումը մենք էինք: Եվ մենք հաղթեցինք, որովհետև հավատացինք մեր ուժերին, արժանապատվորեն պաշտպանեցինք մեր հողն ու ընտանիքը և դարձյալ կհաղթեինք, եթե մինչ 44-օրյա պատերազմը չվարկաբեկեին մեր բանակը, կադրային ջարդ չիրականացնեին զինված ուժերում, փորձառու հրամանատարներին չփոխարինեին հարմարվողականներով, ապաշնորհ ձևով չկառավարեին պատերազմը, հայ ժողովրդին պատերազմի ամբողջ ընթացքում հաղթանակի սուտ խոստումներ չտային, իսկ հետո չկոտրեին ոգին ու թշնամուն չհանձնեին մեր հայրենիքի մի մասը, չզոհեին հազարավոր մեր զավակներին, անտերության չմատնեին գերեվարված հարյուրավոր մեր հայրենակիցներին: Երեսուն տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը, և նրա կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս անվտանգ ապրելն է, ինչի իրավունքը, անկասկած, արցախահայությունն էլ ունի: Կարգավիճակի շուրջ բանակցությունները պետք է միտված լինեն այս պարզ իրավունքը միջազգայնորեն ամրագրելուն` վերականգնելով արդարությունը իրավական ու պատմական տեսանկյունից, և ոչ հեռավոր անցյալի իրադարձությունները աչքի առաջ ունենալով` փրկել Արցախը հայաթափումից կամ իր իսկ բնօրրանում բնաջնջվելուց: Այս ամենը հնարավոր է միայն արժանապատիվ իշխանությունների, ուժեղ բանակի, արհեստավարժ դիվանագիտական կորպուսի և իր ազատությունն ամեն ինչից վեր դասող, իր հավատքն ու ազգային արժեքները աչքի լույսի պես պահող, իր հերոսներին ու հաղթանակները փառաբանող ազգի ամենօրյա տքնաջան աշխատանքի և սեփական ուժերին անվերապահորեն հավատալու պարագայում: Դա հնարավոր է, միանգամայն հնարավոր է, և դա մենք քանիցս ապացուցել ենք մեր հազարամյա ու նորագույն պատմության ընթացքում: Հռչակագրով ամրագրված Անկախությունը պետք է հավատամք և արժանապատվորեն ապրելու ու զարգանալու պայման դառնա յուրաքանչյուր հայի համար: Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է իր հարգանքի տուրքը մատուցել Անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Այդժամ կարող ենք ազգովի անվարան ու լիարժեքորեն շնորհավորել միմյանց Անկախության հռչակագրի ընդունման առթիվ և աներեր հավատով նայել ապագային»:
11:09 - 02 սեպտեմբերի, 2021
Մարիա Կարապետյանը կիսատ է ներկայացրել Սերժ Սարգսյանի՝ Արցախի կարգավիճակը որոշող հանրաքվեի մասին խոսքերը

Մարիա Կարապետյանը կիսատ է ներկայացրել Սերժ Սարգսյանի՝ Արցախի կարգավիճակը որոշող հանրաքվեի մասին խոսքերը

Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ելույթում, անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների քննադատություններին, ասաց․  «Տիկին Աննա Մկրտչյանը («Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր- խմբ․) որպես այն փառահեղ բանակցային ժառանգության առհավատչյա, որը Սերժ Սարգսյանը թողել է մեզ, մեջբերում է Ալիևի խոսքերն առ այն, թե նրան փակ դռների հետևում ստիպում էին ճանաչել Արցախը։ Ես նախընտրում եմ վկայակոչել Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ Ապրիլյան պատերազմից հետո (իր հարցազրույցում նա այս մասին բաց տեքստով խոսել է) ևս մի զիջում է արել՝ հանրաքվեի հարցի սահմանափակ կամ ոչ սահմանափակ լինելու մասով։ Մասնավորապես, նա ասել է, իր խոսքերն են, որ քանի որ Ադրբեջանի սահմանադրությունը թույլ չէր տալիս հարցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ արդյոք նրանք ցանկանո՞ւմ են լինել անկախ, թե՞ ոչ, ինքը համաձայնել է այս հարցը դուրս թողնել փաթեթից և ստորագրել այլ փաստաթուղթ։ Այպիսի հոյակապ ժառանգություն եք դուք մեզ թողել»։ ԱԺ նիստի ընթացքում Մարիա Կարապետյանի ելույթին արձագանքեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ պնդելով, որ Կարապետյանը ոչ ամբողջական է մեջբերել Սերժ Սարգսյանի խոսքերը։ «Կազանի բանակցային գործընթացի պարագայում խոսքը երեք իրարից անբաժանելի փաստաթղթերի մասին է՝ երկու երկրների միջև, Մինսկի խմբի համանախագահների միջև հայտարարություն և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտարարություն, որոնցից յուրաքանչյուրն ուներ մի մակարդակ և Հայաստանի համար շատ կարևոր կետերի բարձրաձայնումներ»,- ասաց Մամիջանյանը։ Մարիա Կարապետյանն իր ելույթում խոսում էր Սերժ Սարգսյանի՝ այս տարվա փետրվարին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի մասին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձել էր Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, կարգավորման փաթեթային և փուլային տարբերակներին, Մադրիդյան սկզբունքներին և Կազանյան փաստաթղթին։ Սարգսյանի խոսքով՝ ինքը պատրաստ էր ստորագրել հակամարտության կարգավորման մի փաստաթուղթ, որը ենթադրում էր 7 կամ 5+2 շրջանների վերադարձ Ադրբեջանին (կախված նրանից՝ կարգավորումը լինելու էր փաթեթայի՞ն, թե՞ փուլային տարբերակով)՝ Արցախի անկախության ճանաչման դիմաց։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես էր լուծվելու Արցախի ժողովրդի ինքնորոշման և Արցախի կարգավիճակի հարցը՝ Սարգսյանը նշել էր․ «Քանի որ Ադրբեջանը, պարզ է, շատ դժկամությամբ էր շարունակում բանակցություններն այդպիսի պայմանների շուրջ, մենք մտածեցինք տարբերակ՝ ունենալ երեք փաստաթուղթ․ մեկ փաստաթուղթ ստորագրել Ադրբեջանի հետ, որ ամբողջովին չէր բավարարում մեր նվազագույն ցանկությունները․ խոսքը հետևյալի մասին է՝ առաջին կետը, երբ խոսում էր ԼՂ բնակչության ազատ կամարտահայտության մասին, ձևակերպված էր, ինչպես ասացի, հետևյալ կերպ, որ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվում է ԼՂ բնակիչների ազատ կամարտահայտությամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Այս վերջին պարբերությունը, վերջին բառակապակցությունը կտրականապես Ադրբեջանին չէր բավարարում, ինչո՞ւ, որովհետև առաջին երկու ձևակերպումները տեղավորվում էին իր Սահմանադրության շրջանակներում, բացի դրանից՝ վերջում Ադրբեջանը շատ հանգիստ կարող էր ասել՝ այո, ազատ կամարտահայտությամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ, բայց, հաշվի առնելով Ադրբեջանի Սահմանադրությունը, չի կարող լինել հանրաքվե՝ Ադրբեջանի տարածքային ամբողջությանը վերաբերող։ Դրա համար մտածվել էր հետևյալ գաղափարը, որ Ադրբեջանի հետ ստորագրվի փաստաթուղթ՝ առանց այս վերջին իմ ասած մտքի՝ «օրակարգը ոչնչով չի սահմանափակվում», դրան անմիջապես զուգահեռ ունենալ համանախագահ երկրների հայտարարությունը՝ այս պարբերությամբ հանդերձ, և ողջամիտ ժամկետներում ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը՝ համանախագահների հայտարարության հիման վրա»։ Սարգսյանը, փաստորեն, հարցազրույցում իրոք ասել է, որ համաձայնել է Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթղթից հանել կետը, որով հանրաքվեի «օրակարգը ոչնչով չի սահմանափակվում»․ սա այսօրվա իր ելույթում արձանագրեց նաև Մարիա Կարապետյանը։   Սակայն վերջինս Սերժ Սարգսյանի խոսքից մեջբերեց միայն մի հատված՝ բաց թողնելով այն մասը, որտեղ Սարգսյանը պնդում է, թե Ադրբեջանի հետ ստորագրվող փաստաթղթում բացակայող հատվածը լինելու է համանախագահ երկրների հայտարարությունում, որի հիման վրա էլ ընդունվելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը։ Հիշյալ հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշում է․ «Այդ պայմանավորվածությունը մենք ունեինք արդեն 2016-ի աշնանը՝ Ապրիլյան պատերազմից հետո։ Այսինքն՝ սրանով ևս մեկ անգամ հերքվում է այն հիմար միտքը, որ Ապրիլյան պատերազմի արդյունքներով մենք, իբր, պայմանավորվել էինք հենց այնպես Ադրբեջանին վերադարձնել յոթ շրջան»։  Ամփոփելով՝ նշենք, որ Մարիա Կարապետյանը Սերժ Սարգսյանի՝ Արցախի կարգավիճակը որոշող հանրքավեին վերաբերող խոսքերը ներկայացնում է ոչ ամբողջական՝ այդպիսով տպավորություն ստեղծելով, թե Սարգսյանը համաձայնել է համաձայնագրից ամբողջովին հանել հանրաքվեի օրակարգի սահմանափակ լինել/չլինելու հարցը, մինչդեռ այդ հարցն, ըստ Սարգսյանի, պետք է ներառվեր համանախագահների հայտարարության մեջ, ոչ թե առհասարակ չլիներ։ Աննա Սահակյան  
15:55 - 11 օգոստոսի, 2021
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստում սկսվել է ապացույցների հետազոտման փուլը |armenpress.am|

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստում սկսվել է ապացույցների հետազոտման փուլը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր  Վահե Միսակյանի նախագահությամբ, Սերժ Սարգսյանի և մյուսների գործով սկսել է ապացույցների հետազոտման փուլը:  Սերժ Սարգսյանը ներկայացել է դատական նիստին: Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ, «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 մլն 391 հազար 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 մլն 160 հազար դրամը:
16:11 - 05 օգոստոսի, 2021
ՀՀԿ-ն միջազգային գործընկերներին կիրազեկի Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների մասին

ՀՀԿ-ն միջազգային գործընկերներին կիրազեկի Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների մասին

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հուլիսի 28-ին հերթական նիստն է գումարել, որը վարել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի արեւելյան սահմաններին, ինչպես նաեւ նախիջեւանյան հատվածում ստեղծված իրավիճակը, որի մասին գնահատականները արդեն հնչեցվել էին երկու ընդդիմադիր դաշինքների համատեղ հայտարարության մեջ։ «Հանձնարարվել է պատշաճ կերպով իրազեկել կուսակցության միջազգային գործընկերներին տարածաշրջանային լարվածության կտրուկ աճի եւ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների վերաբերյալ։ Անթույլատրելի է համարվել ՀՀ ԱԳՆ-ի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացության փոխարեն «Լեռնային Ղարաբաղի տարածք» բառակապակցության գործածման ընդգծումը։ Զեկուցվել են ԱԺ առաջին նստաշրջանին կուսակցության կողմից առաջադրված պատգամավորների առաջիկա գործունեության հետ կապված հարցերը։ Կարեւորվել է Ազգային Ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման եւ լիարժեք աշխատանքի հարցը»,- ասվում է ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարության մեջ։    
20:45 - 28 հուլիսի, 2021
Ի վերջո ԶՈՒ զարգացման պլանը փոխվե՞լ է, թե՞ ոչ․ ՊՆ-ն հրաժարվում է պատասխանել

Ի վերջո ԶՈՒ զարգացման պլանը փոխվե՞լ է, թե՞ ոչ․ ՊՆ-ն հրաժարվում է պատասխանել

Հայաստանի նախկին ու ներկա ղեկավարները՝ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով միմյանց հայտարարություններին, որոշ ժամանակ առաջ խոսել էին ՀՀ ԶՈՒ 2018-24թթ․ զարգացման պլանի մասին՝ մի կողմից պնդելով, որ այն փոփոխվել է ու իշխանափոխությունից հետո ձեռք չեն բերվել մի շարք տեխնիկաներ, որ նախատեսված էին այդ պլանով, մյուս կողմից՝ հակառակը։ Մասնավորապես, Այս տարվա փետրվարի 16-ին Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը, որտեղ, ի թիվս այլնի, խոսել էր  նաեւ իր կառավարման օրոք ռազմական ոլորոտում պլանավորվող կամ իրականացվող աշխատանքների մասին։ Նա հայտարարել էր, որ իրենք հաստատել էին 2018-2024 թվականների համար երկու փաստաթուղթ՝ զինված ուժերի զարգացման պլան՝ ինչ պետք անել, ինչ փոփոխություն պետք է մտցնել զինված ուժերում  եւ որ զինատեսակները պետք է զարգացնել։ Ըստ նրա՝ այս փաստաթղթի հիման վրա կազմվել էր ռազմական տեխնիկայի  եւ սպառազինության ձեռքբերման պլան, որի համար նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար,  իսկ այդ միջոցների աղբյուրները, Սարգսյանի վստահեցմամբ, հստակորեն կային։ Վերջինիս հայտարարության համաձայն՝ նախատեսված էր մինչեւ 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք, ընդ որում՝ 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի ԱԹՍ՝ ե՛ւ հարվածային, ե՛ւ հետախուզական: Սակայն, նրա համոզմամբ, կառավարող նոր ուժը եկել ու փոխել է ամբողջ պլանը։  Արձագանքելով Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սպառազինության եւ տեխնիկայի գնման պլանում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Սակայն այս հայտարարություններից որն էր համապատասխանում իրականությանը՝ պաշտոնապես պարզել չհաջողվեց, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարությունը թեմայի վերաբերյալ որեւէ տեղեկություն համարեց գաղտնի։ Եւ թեեւ ՊՆ-ն հրաժարվել էր մեզ տրամադրել տեղեկություններ՝ հիմնավորելով, որ դրանք պարունակում են պետական գաղտնիք, այդ թվում հարցը՝ զարգացման պլանը փոխվե՞լ է, թե՞ ոչ, Ռազմական ոստիկանությունն, այնուամենայնիվ, նյութերի նախապատրաստման արդյունքում եկավ այն եզրակացության, որ մասնավորապես Սերժ Սարգսյանի հայտարարություններում հանցակազմ չկա, այսինքն՝ չկա գաղտնիքի բացահայտում։ Զուգահեռաբար՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էինք՝ Փաշինյանի՝ Սարգսյանի ասածն ուղղակիորեն հերքող հայտարարությունը դիտարկվո՞ւմ է որպես պետական գաղտնիքի բացահայտում։ Դատախազությունից հայտնել էին, որ հարցի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում՝ նկատի ունենալով Սարգսյանի հայտարարությունների մասով իրավական գործընթացը, իսկ նյութերի նախապատրաստման արդյունքում, ինչպես նշեցինք, իրավապահները հանցակազմ չեն տեսել, ուստի քրգործի հարուցումը մերժվել է, ինչը նշանակում է, որ Փաշինյանի հայտարարությունը, որը, ՊՆ-ի տրամաբանությամբ առաջանորդվելու դեպքում, եւս պետական գաղտնիքի տարր ունի, ՌՈ-ի համոզմամբ՝ գաղտնիքի բացահայտում չէ։  Ուստի ՀՀ պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեցինք՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները, որոնցում Ռազմական ոստիկանությունը հանցակազմ չի տեսնում, իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ, դրանք ճի՞շտ են, թե՞ ոչ։ Պաշտպանության նախարարությունից դարձյալ մերժել են տեղեկություն տրամադրել՝ նշելով, որ հայցված տեղեկությունները պարունակում են պետական գաղտնիք։ ՊՆ-ն, մասնավորապես, հղում են արել հետեւյալ իրավական ակտերին․ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ (մերժվում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, ․․․ գաղտնիք), «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետ եւ 12-րդ հոդված (ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց արտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին տեղեկությունները դասվում են պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին), ՀՀ կառավարության 13.03.1998 N173 որոշմամբ հաստատված ցանկի 6-րդ կետ (պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ), ՀՀ պաշտպանության նախարարի 09.07.2015թ․ N 9-ՆԳ հրամանով գործողության դրված «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի» 25-րդ, 26-րդ, 27-րդ, 30-րդ կետերի պահանջներ։ Այն, որ ՊՆ-ն տեղեկություն չի տալիս ԶՈՒ զարգացման պլանի փոփոխության վերաբերյալ ՀՀ նախկին ու ներկա ղեկավարների հայտարարույթունների իսկության մասին, անպատասխան է թողնում հարցը՝ ի վերջո նրանցից ով է ճիշտն ասում։ Թյուրիմացության մեջ է պահում նաեւ այն հանգամանքը, որ ՊՆ-ն համարում է, որ այդ հայտարարությունները կամ դրանց վերաբերյալ տեղեկությունները գաղտնիք են պարունակում, իսկ Ռազմական ոստիկանությունը պնդում է՝ նախկին ու ներկա պաշտոնյաների հայտարարություններում հանցակազմ չկա։ Սա առնվազն նշանակում է, որ կամ նրանք սխալ տեղեկություն են տալիս, դրա համար ՌՈ-ն չի համարում, որ այդ հայտարարություններում կա գաղտնիքի տարր, կամ նրանցից որեւէ մեկը ճիշտ տեղեկություն է տալիս, եւ որպեսզի դրա մասին պաշտոնապես չհայտարարվի, ՊՆ-ն գաղտնիք պարունակելու հիմքով առհասարակ մերժում է տեղեկություն տրամադրել։ Այդուհանդերձ, նրանցից մեկի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը։ Հայարփի Բաղդասարյան
17:47 - 21 հուլիսի, 2021
Լեռնային Ղարաբաղի հարցով Կազանի գագաթնաժողով. Սերժ Սարգսյանի հոդվածը 10 տարի անց

Լեռնային Ղարաբաղի հարցով Կազանի գագաթնաժողով. Սերժ Սարգսյանի հոդվածը 10 տարի անց

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կազանի նշանավոր գագաթնաժողովից (որտեղ Հայաստանին ու Ադրբեջանին մեկ քայլ էր բաժանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների համաձայնեցումից) 10 տարի անց Sputnik Արմենիային է փոխանցել հեղինակային հոդվածը 2018-ին նախորդած ու հաջորդած իրադարձությունների վերաբերյալ։   Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ։   2020-ի աշնանը Ադրբեջանի չարանենգ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ և այդ 44-օրյա պատերազմի արդյունքները ստիպում են մեկ անգամ ևս բարձրաձայնել հայկական դիվանագիտության այն մոտեցումները, որոնցով առաջնորդվում էր հայկական պետությունը և միջազգային մակարդակով ըմբռնում և աջակցություն ստանում մինչև 2018-ի ապրիլը: 2018-ին Երևանի և այլ քաղաքների փողոցներում զանգվածային բողոքի ցույցերը, որոնք խրախուսվում էին ինչպես ներսից, այնպես էլ դրսից, Հայաստանում իշխանության բերեցին մարդկանց, որոնք իրենց անխոհեմ և անպատասխանատու գործողություններով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականորեն բարդ տարածաշրջանում գործարկեցին վառոդի տակառի ժամանակաչափը. տակառը պայթեցվեց 2020 թվականի սեպտեմբերին: Ես կփորձեմ ներկայացնել բարդ դիվանագիտական աշխատանքի հիմնական պարամետրերը, որը նախորդել էր 2011 թվականի հունիսի 24-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Կազանի գագաթնաժողովին, որը կարող էր դառնալ, բայց չդարձավ շրջադարձային կետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:   Ի՞նչ նախորդեց Կազանի գագաթնաժողովին   Կազանի գագաթնաժողովին նախորդեց գրեթե երեք տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) և հատկապես Ռուսաստանի նախագահի ու արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ ինտենսիվ բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Տեղի են ունեցել իմ 14 հանդիպումները Ադրբեջանի նախագահի հետ՝ երկկողմ և եռակողմ (Ռուսաստանի նախագահի հետ համատեղ) ձևաչափերով, ինչպես նաև երեք տասնյակ հանդիպումներ արտգործնախարարների մակարդակով: Բանակցությունների ընթացքում ծավալուն աշխատանք է տարվել հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնեցման ուղղությամբ, որի նախագիծը համանախագահները կողմերին են ներկայացրել 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում: Այս քրտնաջան աշխատանքի արդյունքում մենք Կազանի գագաթնաժողովին եկանք հիմնովին համաձայնեցված նախագծով, որը պարունակում էր մի շարք էական փոփոխություններ՝ համեմատած 2007-ի Մադրիդյան նախնական փաստաթղթի հետ:   Մեջբերեմ այդ աշխատանքի ցուցիչ արդյունքներից մեկը. 2007թ. Մադրիդյան փաստաթղթում առաջարկվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշել Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումն արտացոլող պլեբիսցիտի միջոցով։ Միևնույն ժամանակ, հղում էր կատարվում Արևմտյան Սահարայի հարցով միջազգային դատարանի 1975թ. խորհրդատվական եզրակացությանը, ինչը Բաքվում գնահատում էին որպես «նեվերենդում» անվանելու առիթ՝ նկատի ունենալով, որ այն երբեք չի կայանա, ինչպես և Արևմտյան Սահարայում: Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը պնդում էր, որ ցանկացած դեպքում պլեբիսցիտը չի կարող պարտադիր ուժ ունենալ: Իսկ 2011թ. Կազանյան փաստաթղթում ոչ միայն անդրադարձ չկար Արևմտյան Սահարայի օրինակին, այլև շեշտվում էր, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո անցկացվող համաժողովրդական քվեարկության միջոցով, որը կարտացոլի Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումը և կունենա իրավական պարտադիր բնույթ»: Այս ձևակերպումը գործնականում կանխորոշում էր, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող մնալ Ադրբեջանի կազմում, և դա բոլորը հասկանում էին: Հակամարտություններով զբաղվող փորձագետները գիտեն, որ սեցեսիոն բնույթի հակամարտությունների ճնշող մեծամասնությունն ավարտվում է նորանկախ պետության լեգիտիմացմամբ ոչ թե այն պատճառով, որ նախկին մետրոպոլիան տալիս է իր համաձայնությունը, այլ ավելի շուտ այն պատճառով, որ միջազգային հանրության մակարդակով այդ հարցում կոնսենսուս է ձեռք բերվում: Եվ այդպիսի անջատման ամենաժողովրդավարական ճանապարհը հանրաքվեի անցկացումն է՝ կամքի ազատ արտահայտմամբ, որի հնարավորությանը մենք հասանք 2011 թվականին: Հայաստանը բազմիցս շեշտել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավոր չէ հասնել համապարփակ և երկարաժամկետ կարգավորման: Եվ դա արտացոլվեց Կազանյան փաստաթղթի նախաբանում, որտեղ նշվում էր խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագծի նախապատրաստման գործում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության մասին: Մադրիդյան տարբերակում այս դրույթը բացակայում էր: Ավելին, եթե 2007-ի նոյեմբերի տեքստում առաջարկվում էր խաղաղ համաձայնագրի մշակման աշխատանքները սկսել երկու երկրների նախագահների կողմից հիմնական սկզբունքները հաստատվելուց անմիջապես հետո, ապա Կազանյան տարբերակում շեշտվում էր, որ խաղաղության համաձայնագրի նախագծի վրա աշխատանքները կսկսվեն բոլոր կողմերի կողմից Հիմնարար սկզբունքների հաստատումից հետո, այսինքն՝ դա ենթադրում էր հաստատում, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի կողմից: Համանախագահները հավատարիմ էին այս մոտեցմանը մինչ 2018-ի ապրիլը: Դիվանագիտությունը գործընթաց է, որը չի հանդուրժում սնապարծներին և պոպուլիստներին: Երբ Հայաստանի պոպուլիստ նոր առաջնորդը 2018-ի մայիսին, համաժողովրդական աջակցությունից արբեցած, սկսեց հայտարարել, որ չի բանակցելու առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, համանախագահները դա որոշակի տարակուսանքով ընդունեցին: Իսկ այսօր, երբ Ալիևը հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր գոյություն չունի», Հայաստանի իշխանությունները լռում են՝ բերանները ջուր առած: Կազանի փաստաթղթում կատարվել են շուրջ երեք տասնյակ այլ փոփոխություններ: Միանշանակ, այն մեր երազանքների փաստաթուղթը չէր, բայց կարող էր կոնսենսուսային դառնալ թե՛ կողմերի, թե՛ երեք առաջատար տերությունների ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահների համար: Կարևոր է շեշտել, որ որպես կարգավորման հիմք պահպանվել են դեռևս Մադրիդում ներկայացված միջազգային իրավունքի երեք սկզբունքները՝ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Առաջ անցնելով՝ ես կցանկանայի այստեղ հատուկ շեշտել, որ 2018թ. դեկտեմբերին՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, նոր իշխանությունները գնացին անհավատալի արկածախնդրության՝ երկրորդ պլան մղելով վերոհիշյալ երեք սկզբունքները և համաձայնելով լուծել հակամարտությունը վերացական «արդարության սկզբունքի» հիմքով, ինչով փաստացի խաչ քաշեցին 2000-ականների սկզբից տարվող ամբողջ դիվանագիտական աշխատանքների վրա և մոտեցրին 2020թ. պատերազմը:   Կազանի գագաթնաժողովին նախորդող երեք տարիների ընթացքում, ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Լ'Աքվիլայում, Մուսկոկայում և Դովիլում ընդունվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունները, ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնգակողմ հայտարարությունը, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեք հայտարարությունները Մայնդորֆում, Աստրախանում և Սոչիում: Մենք ողջունեցինք այս բոլոր հայտարարությունները և պատրաստակամություն հայտնեցինք շարունակել բանակցությունները կարգավորման շուրջ՝ դրանցում պարունակվող առաջարկությունների հիման վրա: Միջազգային միջնորդների շրջանում որոշակի դրական ակնկալիքներ դրսևորվեցին:   Ո՞վ ձախողեց Կազանի գագաթնաժողովը   Կազանում գագաթնաժողովն անցկացվեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ, իսկ նախագահներ Բարաք Օբաման և Նիկոլա Սարկոզին օգտագործեցին իրենց ողջ քաղաքական կշիռը՝ զորակցություն հայտնելով գալիք գագաթնաժողովին: Դրանից մեկ ամիս առաջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները մայիսի 26-ին Դովիլի գագաթնաժողովում հանդես եկան համատեղ հայտարարությամբ` կոչ անելով Ադրբեջանին և Հայաստանին Կազանի հանդիպմանը «ավարտին հասցնել» կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծի մասին համաձայնագիրը, «պատրաստել ժողովուրդներին խաղաղության, ոչ թե պատերազմի», որով միանշանակ զգուշացնում էին Բաքվին (ինչպես նաև Անկարային, որը բացահայտորեն իր կրտսեր դաշնակցին դրդում էր առճակատման): Այստեղ, իհարկե, պետք է հատկապես նշել Դ.Ա.Մեդվեդևի և Ս.Վ. Լավրովի ջանքերը, որոնք առավելագույն հետևողական ջանքեր գործադրեցին` փորձելով կողմերի դիրքորոշումները մերձեցնել, գտնել ընդունելի ձևակերպումներ: Կազանում ներկայացված տեքստը գործնականում արդեն համաձայնեցված էր կողմերի միջև, և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հունիսի 20-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին ուղղված նամակում նշում էր, որ, ինչպես պայմանավորված է, առաջիկա հանդիպմանը կողմերը նոր փոփոխություններ չեն առաջադրելու Հիմնարար սկզբունքների տեքստում: Նախագահ Օբաման հունիսի 23-ին իմ և Ի. Ալիևի հետ հեռախոսազրույցներում, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նույն օրը մեզ ուղարկած գրավոր ուղերձներում մեզ հորդորում էին հավանություն տալ Կազանում ներկայացված փաստաթղթին: Կազանի հանդիպման նախօրեին ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում՝ ես հայտարարեցի, որ Կազանում դրական արդյունքներ կարելի է ակնկալել, եթե Ադրբեջանը նոր փոփոխություններ չառաջարկի: Չնայած միջազգային հանրության մեծ սպասումներին՝ Կազանի գագաթնաժողովի ժամանակ չհաջողվեց բեկման հասնել, քանի որ վերջին պահին Ի. Ալիևը տասից ավելի փոփոխություններ առաջարկեց՝ հիմնականում արդեն համաձայնեցված տեքստում։ Դա նշանակում էր նախորդ երեք տարիների ինտենսիվ աշխատանքի ձախողում։ Կազանում Ադրբեջանը փաստացի մարտահրավեր նետեց միջազգային հանրությանը։ Միջազգային միջնորդները լրջորեն հիասթափված էին Բաքվի այդօրինակ մոտեցումից և Ալիևից հարցնում էին, թե ինչպես նա կարող է, արդեն որերորդ անգամ, հրաժարվել ձեռք բերված պայմանավորվածություններից։ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը չէր ամրապնդում նրա դիրքերը բանակցային գործընթացում, այլ հակառակը։ Եվ պատահական չէ, որ համանախագահների ու Հայաստանի մոտեցումները ավելի ու ավելի համահունչ էին դառնում, ինչի մասին մենք բազմիցս հայտարարել ենք։ Միջազգային հանրությունն ու Հայաստանը գործնականում սկսել էին խոսել նույն լեզվով. խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը՝ հիմնված Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ու իրացման և նրա անվտանգության երաշխիքների վրա, այլընտրանք չունի։   Կազանից հետո   Չնայած Կազանում Ադրբեջանի կողմից նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների մերժմանը՝ համանախագահ երկրները և հատկապես Ռուսաստանը շարունակում էին լուծումներ գտնելուն միտված ակտիվ աշխատանքը կողմերի հետ: 2011 թվականից հետո՝ մինչև 2018 թվականը, շարունակվում էին ինտենսիվ բանակցությունները. 10 գագաթնաժողով, արտգործնախարարների երեք տասնյակից ավելի հանդիպումներ, համանախագահների տասնյակ ուղևորություններ դեպի Բաքու, Ստեփանակերտ և Երևան: Ընդ որում, Կազանյան փաստաթղթում առկա բոլոր տարրերը, որոնք վերաբերում էին վերջնական կարգավիճակին, միջանկյալ կարգավիճակին, անվտանգության երաշխիքներին, միջանցքին և այլ դրույթներին, չնայած ադրբեջանական կողմի դժգոհությանը, միջազգային միջնորդների պնդմամբ մնում էին բանակցային գործընթացի կենտրոնում։ Փաստացիորեն, նաև Կազանից հետո ձախողվելով դիվանագիտական ճակատում ՝ Ադրբեջանը գնաց հակամարտության գոտում լարվածության սրման՝ հույս ունենալով, որ այդ կերպ կկարողանա ստիպել հայկական կողմերին պակաս պահանջկոտ լինել կամ էլ հրահրել միջնորդների ճնշումը Հայաստանի նկատմամբ։ Այդ փուլի գագաթնակետը դարձան 2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ագրեսիվ գործողությունները՝ շփման գծի ողջ երկայնքով։ Հաջորդիվ, երբ նաև այս ագրեսիան ձախողվեց և ռազմական գործողությունների չորրորդ օրը Բաքուն Մոսկվայի միջոցով հրադադար խնդրեց, ադրբեջանական դիվանագիտությունը փորձում էր ՄԱԿ-ի և ԵԱՀԿ կենտրոնակայաններում առաջ քաշել այն գաղափարը, թե իբր հրադադարի բանավոր պայմանավորվածությունը իրենից ներկայացնում էր «նոր համաձայնագիր»՝ գործընթացի լուսանցքում թողնելով Լեռնային Ղարաբաղի իշխանություններին։ Չգիտես ինչու, Հայաստանի ընդդիմադիրները, որոնք այսօր գտնվում են իշխանության ղեկին, մեզ մեղադրում էին նույն բանում։ Եվ հետագայում 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին ադրբեջանական խոսույթը հայկական քաղաքական դաշտ բերելու փորձերը, չգիտես ինչու, դարձան նոր իշխանությունների հիմնական նպատակը։ Հատկանշական է, որ համանախագահները միանգամից արձագանքեցին՝ պաշտոնական նամակներ ուղղելով ՄԱԿ-ի և ԵԱՀԿ քարտուղարություններ, հետագայում նաև մի շարք համատեղ հայտարարություններ անելով, որոնցում ընդգծվում էր, որ 2016-ի բանավոր համաձայնությունը ոչ միայն չի չեղարկում 1994-95թթ. Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ անժամկետ համաձայնագրերը, այլև հրամայական է դարձնում դրանց անվերապահ կատարումը։ Այսպիսով, 2016-ի ապրիլյան պատերազմը նույնպես Ադրբեջանին չմոտեցրեց իր նպատակին ո՛չ քաղաքական, ո՛չ էլ ռազմական առումով: Նրանց չհաջողվեց ուժային միջոցներով պարտադրել իրենց մոտեցումները բանակցային գործընթացի շրջանակներում: 2016-ի մայիսին Վիեննայում, 2016-ի հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների արդյունքները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետագա բազմաթիվ հայտարարությունները վերահաստատում են դա: Ադրբեջանը բանակցային գործընթացում իրեն ավելի ու ավելի էր փակուղի մտցնում։ Ընդ որում, հրադադարի բազմակի խախտումների, բանակցային գործընթացը տորպեդահարելու միջոցով Ադրբեջանը պարբերաբար Երևանին հրահրում էր հրաժարվել բանակցություններից, որպեսզի խաղաղ գործընթացի տապալման մեղքը գցի Հայաստանի վրա։ Սակայն ադրբեջանական կողմին դա ոչ մի կերպ չէր հաջողվում։ Թվում էր՝ Ադրբեջանը ինքն իրեն անելանելի վիճակում է դրել՝ հակադրվելով ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային միջնորդներին։ Մյուս կողմից՝ մեկ անգամ չէ, որ Հայաստանը հրապարակավ հայտարարել էր, որ պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկների հիման վրա։ Ես բազմիցս բարձրաձայնել եմ (օրինակ՝ համաշխարհային առաջատար բուհերի հայ շրջանավարտներին ուղղված նամակում), որ 2018-ին ինքս ինձ համար բարդ որոշում եմ կայացրել մնալ իշխանության ղեկին՝ վարչապետի կարգավիճակով և ընթացող բանակցային գործընթացը հասցնել «արժանապատիվ հանգուցալուծման»։ Պատրաստ լինելով ինձ վրա վերցնելու պատմական պատասխանատվություն՝ ես ուզում էի հաջորդ սերունդներին թողնել անվտանգ և ծաղկուն, հարևանների հետ խաղաղության մեջ ապրող երկու հայկական պետություն։ 2018թ. գարնանը մենք դրա համար ունեինք բոլոր նախադրյալները. առկա էր համանախագահների հետ փոխըմբռնում, համանախագահների հովանու ներքո մշակված փաստաթղթեր, որոնք ճանապարհ էին հարթում դեպի ողջամիտ և արժանապատիվ փոխզիջում, և ամենակարևորը՝ այդ նպատակին հասնելու ճանապարհին ժողովրդի միասնական կամքը։ Սակայն անպատասխանատու պոպուլիստներն ու նրանց արտասահմանյան հովանավորները, որոնք մինչև հիմա մեր ժողովրդի մի մասին մոլորության մեջ են պահում, այդ ժամանակ կարողացան կաթվածահար անել մեր պետականության հիմքերը, թուլացնել երկիրը և 2018-ի ապրիլ-մայիսի կեղծ հեղափոխական փողոցային բողոքի ալիքի վրա խորապես պառակտել մեր հասարակությունը։ Իսկ դա միանգամից նոր շունչ հաղորդեց Ադրբեջանի դիվանագիտությանը այնպիսի պայմաններում, երբ թվում էր, թե Ադրբեջանը ինքն իրեն անելանելի վիճակում է դրել՝ հակադրվելով ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային միջնորդներին։ Սկսած 2018թ. մայիսից՝ Հայաստանի նոր իշխանության կոպտագույն դիվանագիտական վրիպումների, անխոհեմ հայտարարությունների ու գործողությունների արդյունքում իրավիճակը սկսվեց փոփոխվել ոչ հոգուտ Երևանի, որը միջազգային հանրության աչքերում սկսեց դիտարկվել որպես բանակցային գործընթացի ապակառուցողական կողմ։ Բաքուն ստացավ այն, ինչ իրեն չէր հաջողվում տասնամյակներ շարունակ՝ որպես կազուս բելլի (casusbelli - պատերազմի առիթ) Հայաստանին մեղադրել բանակցություններից հրաժարվելու մեջ։ Ես բազմիցս խոսել եմ 2020-ի սեպտեմբերին Թուրքիայի անմիջական աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված հանցավոր պատերազմի հետևանքների, դրանում պարտության պատճառների մասին, այն մասին, թե ինչու հնարավոր չեղավ կանխել, դադարեցնել այն, ռազմական հրեշավոր սխալների մասին, բայց դրա խոր ուսումնասիրությունն ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի որոնումը առանձին թեմա է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին անկյունաքարային խնդրի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հարցի լուծման։ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Կարգավորման համար միջնորդության միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափ հանդիսացող համանախագահների 2020 թ. դեկտեմբերի 3-ի հայտարարությունը ճիշտ ուղղությամբ շատ կարևոր ազդանշան է։ Միջազգային հանրությունը չպետք է ճանաչի թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքները, այլ պետք է ջանքեր գործադրի հասնելու համար իրական, համապարփակ և երկարաժամկետ կարգավորման: Հայաստանի ներկա ղեկավարությունը, որն իշխանությունը պահպանելու համար պատրաստ է ամեն ինչի, փորձում է իր անխոհեմ գործողությունների արդյունքում Հայաստանի ու Արցախի կրած հսկայական, ողբերգական կորուստների պատասխանատվությունը գցել «նախկինների», համանախագահների, Աստված գիտի, թե էլ ում վրա։ Ակնհայտ է, որ այս իշխանությունների վրա հնարավոր չէ դնել ստեղծված իրավիճակից դուրս գալու, առավել ևս մեր ժողովրդի և պետության ապագայի պատասխանատվությունը։ Որոշ ուժեր՝ առաջին հերթին ադրբեջանաթուրքական տանդեմը, փորձում են առավելագույնս կապիտալիզացնել Հայաստանի և Արցախի դեմ վերջին ագրեսիայի հետևանքներն ու արդյունքները, հայ հասարակությանը պարտադրել, այսպես կոչված, «նոր իրողությունները»՝ որպես տարածաշրջանում կայացած փաստ։ Սակայն Հարավային Կովկասի ապագան, տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատումը չեն կարող կառուցվել հայ ժողովրդի ազգային շահերի անտեսման վրա։ Հայաստանի գործող իշխանությունների համար, որոնք սեփական դիրքերը պահպանելու համար Հայաստանն ու Արցախը դարձրել են տարածաշրջանում սակարկությունների առարկա, սա երկրորդական է թվում։ Սակայն Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայերի, մեր ժողովրդի համար սա առաջնային խնդիր է։
10:31 - 07 հուլիսի, 2021
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով կողմերն անցան ապացույցների հետազոտման փուլին
 |factor.am|

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով կողմերն անցան ապացույցների հետազոտման փուլին |factor.am|

factor.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ հուլիսի 1-ին տեղի ունեցավ հերթական դատական նիստը: Այսօրվա նիստին մեղադրող կողմը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որից հետո ամբաստանյալները հայտնեցին դիրքորոշում: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մեղադրանքը չի ընդունում։ «Իշխանությունների կողմից պատվիրված քաղաքական հետապնդում է»,- ասաց նա։ Բարսեղ Բեգլարյանը և ամբաստանյալ Գևորգ Հարությունյանը ևս չընդունեցին մեղադրանքները՝ դրանք որակելով շինծու: Սահմանվեց ապացույցների հետազոտման հետևյալ կարգը․ նախ՝ կուսումնասիրվեն գործում առկա ապացույցները, հետո կհարցաքննվեն վկաները, որից հետո կհարցաքննվեն նաև ամբաստանյալները: Շարունակությունը՝ factor.am-ում։ 
17:39 - 01 հուլիսի, 2021
Ես պատրաստ էի կրել դավաճանի պիտակը, բայց լուծել Ղարաբաղի հարցը․ Սերժ Սարգսյանը՝ BBC-ին տված հարցազրույցում |civilnet.am|

Ես պատրաստ էի կրել դավաճանի պիտակը, բայց լուծել Ղարաբաղի հարցը․ Սերժ Սարգսյանը՝ BBC-ին տված հարցազրույցում |civilnet.am|

civilnet.am: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել BBC-ի ռուսական ծառայության թղթակից Գրիգոր Աթանեսյանին։ Նա խոսել է իր օրոք բանակցային գործընթացի մասին և բացահայտել մանրամասներ։ Հարցազրույցից հատված թարգմանաբար ներկայացվում է ստորև։ – Մենք շատ բովանդակային բանակցություններ ենք վարել, ոչ ոք չի կարող մեզ մեղադրել, որ ոչմիթիզականության կողմնակից էինք կամ ձգձգում էինք բանակցային գործընթացը։ Որևէ պարագայում ինձնից չէիք կարող լսել, որ մենք երբեք չենք վերադարձնի այդ հողերը։ Ես անգամ 2000-ին Ազգային ժողովում հայտարարեցի, որ Աղդամը իմ հայրենիքը չէ։ Ավելի բացահայտ կարելի՞ էր միթե արտահայտել դա։ Ես պատրաստ էի կրել դավաճանի պիտակը, բայց լուծել հարցը, որպեսզի մենք չարժանանանք նման բախտի։ Ես չէի մտածում ոչ իմ վարկանիշի, ոչ պատմության մեջ մնալու մասին։ Ես մտածում էի խնդրի լուծման մասին։ Ես վարչապետ մնացի՝ ընդառաջելով գործընկերներիս հորդորներին՝ միայն հանուն նրա, որ հասցնեմ բանակցային գործընթացը մի կետի, երբ հարցի լուծումը կախված չէր լինի բանակցողի փոխարինումից։ Բայց ցավոք սրտի ինձ դա չհաջողվեց։ – Այսինքն մնացիք հարցի լուծման համա՞ր, և ես եզրակացնում եմ, որ շատ ինտենսիվ բանակցություններ էին ընթանում, և դուք շատ շուտով ակնկալում էիք ինչ-որ փաստաթղթի ստորագրո՞ւմ։ – Այո։ – Ի՞նչ կարելի էր սպասել։ – Ադրբեջանցիները, իհարկե, պետք է ճանաչեին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտման ճանապարհով, որը անպայման պետք է ունենար իրավական ուժ և որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում՝ առանց կամարտահայտման օրը նշելու։ Դա կլիներ մեր նվազագույն շեմը։ Մենք կպարտավորվեինք Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները, ամուր կկապեինք երկու շրջանի վերադարձը հանրաքվեի անցկացման օրվա հետ՝ բացառությամբ միջանցնքի, որն ապահովում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը։ Կտեղակայվեին խաղաղապահ ուժեր, և մենք կսկսեինք հաշտեցման գործընթաց։ – Նախագահ Ալիևը համաձա՞յն էր։ – Գրեթե։ Ադրբեջանի նախագահը 2016-ի աշնանը՝ ապրիլյան դեպքերից հետո, հայտարարել էր, որ փակ դռների հետևում նրան ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Սա մեկ։ Երկրորդ՝ 2020-ի պատերազմից հետո, երբ նա Լաչինի շրջանում էր, նա ասել էր, որ ենթադրվում էր՝ Լաչինն ու Քելբաջարը թողնել հայերին։ Դա իր ասածներն են։ Ալիևը կարող էր չհամաձայնել, բայց դրա համար գոյություն ունի միջազգային հանրությունը, Մինսկի խմբի համանախագահները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Խաղաղապահները կկանգնեին մեր կողմից, և կարծում եմ՝ խնդիրը կլուծվեր։   Լուսանկարը՝ Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից։
21:14 - 24 հունիսի, 2021
Սերժ Սարգսյանը քվեարկեց հանուն անվտանգ, տնտեսապես զարգացած ՀՀ-ի և Արցախի |armenpress.am|

Սերժ Սարգսյանը քվեարկեց հանուն անվտանգ, տնտեսապես զարգացած ՀՀ-ի և Արցախի |armenpress.am|

armenpress.am: Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 29/45 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:Նա նշեց, որ իր ընտրությունը կատարել է դեռ 33 տարի առաջ, այսօր էլ իր վերաբերմունքը չի փոխվել: «Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի, Արցախի հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության, հանուն մեր հասարակության հաշտեցման»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ կարևորելով հասարակության պառակտվածության խնդիրը լուծելը: Նա ընդգծեց, որ պառակտված հասարակության պարագայում հնարավոր չէ ինչ-որ բանի հասնել՝ ոչ անվտանգություն, ոչ տնտեսական առաջընթաց: Անդրադառնալով ընտրությունների ընթացքին՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ ամբողջ իրավապահ համակարգը, հատկապես քարոզարշավի վերջին օրերին, լծված է իրենց դաշինքի դեմ բիրտ ուժ կիրառելու գործին՝ անօրինական խուզարկություններ, ձերբակալություններ: «Պատիվ ունեմ» դաշինքն ուշադիր հետևում է իրադարձություններին: Սերժ Սարգսյանը նշեց, որ օրվա երկրորդ կեսին միջանկյալ հայտարարությամբ հանդես կգան: Հարցին, թե խորհրդարանում որ այլ ուժերի հետ է «Պատիվ ունեմ» դաշինքը պատկերացնում համագործակցության հնարավորությունը, Սերժ Սարգսյանը նշեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը: «Այս ընտրությունները նախորդներից զգալիորեն տարբերվում են, և հիմա շանսերի վերաբերյալ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է: Ընտրությունների արդյունքներից հետո կխոսենք նման հարցերի մասին»,-ասաց Սերժ Սարգսյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը չի սատարում «Պատիվ ունեմ» դաշինքին, այլ սատարում է «Հայաստան» դաշինքին, Սերժ Սարգսյանը նշեց, որ դա Կարեն Կարապետյանին պետք է հարցնել: Քվեարկության ընթացքը նկարահանում էին նաև միջազգային լրատվամիջոցներ: Վրացական լրատվամիջոցներից մեկը հետաքրքրվեց հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման առնչությամբ ՀՀ երրորդ նախագահի դիտարկումներով: Սերժ Սարգսյանը նշեց, որ, ըստ երևույթին, աշխարհում դժվար է որպես օրինակ գտնել պետություններ, որոնք հազարամյակներ ապրել են կողք կողքի և միմյանց դեմ լուրջ պատերազմներ չեն մղել: «Մենք պետք է դա հասկանանք ու զարգացնենք»,-ասաց Սերժ Սարգսյանը:
13:58 - 20 հունիսի, 2021
Ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր և իմ մարտական ընկերներին ասել՝ Հայրենիքը փրկված է օտարի շահը սպասարկող իշխանություններից․ Սերժ Սարգսյան |tert.am|

Ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր և իմ մարտական ընկերներին ասել՝ Հայրենիքը փրկված է օտարի շահը սպասարկող իշխանություններից․ Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Ես ձեր կողքին եմ լինելու դժվարին ճանապարհին, օգնելու եմ իմ փորձով, գիտելիքներով, հնարավորություններով, ինչով կարող եմ՝ պետությունը վերակառուցելու ճանապարհին։ Այս մասին իր ելույթում ասել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ես քաղաքական խրամատը լքողը չեմ, այնպես, ինչպես պատերազմի ժամանակ չեմ լքել մեր երկրի պաշտպանության խրամատը։ Վստահ եղեք, որ պատվով սկսած գործը հաջողությամբ ավարտին ենք հասցնելու։ Ես հավատում եմ, որ չարը չի կարող հաղթել։ Թույլ չենք տալու, հայ ազգը երբեք չի համակերպվելու պատերազմի անարդար արդյունքների հետ։ Դիմում եմ մեր քաղաքացիներին, բոլոր նրանց, ովքեր երկու օր հետո կատարելու են իրենց քաղաքացիական պարտքը։ Հունիսի 20-ին ամեն ինչ ձեզնից է կախված, խոստումներ շռայլած ու ցինիկաբար խաբած օտարածին իշխանությունը մեզ կանգնեցրել է վտանգավոր ջրբաժանի առաջ։ Դուք եք որոշելու, թե ինչպիսին է լինելու մեր ապագան, կամ առանց չափազանցության, պետություն լինելու է, թե չէ»,-ասել է նա։ Սերժ Սարգսյանը կոչ է արել խոսել պատերազմից վերադարձած ծանոթների հետ, լսել նրանց պատմություններն ու համոզվել, թե ինչ տգետ ձևով են պատերազմ վարել այս իշխանությունները։ «Կրկին վստահել սրանց, նշանակում է սեփական ձեռքի մեջ ձգել նռնակի օղակն ու գնալ ինքնաոչնչացման։ Հարցրեք ձեզ` ինչի համար էիք դուրս եկել փողոց, ձեզ ինչեր էին խոստացել և ինչ ստացաք»,-ասել է նա։   «Ես ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր, գնալ Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն և իմ մարտական ընկերներին ասել, որ Հայրենիքը, որի համար իրենց կյանքը տվեցին, փրկված է՝ փրկված է վախկոտ, դավաճան, օտարի շահերը սպասարկող իշխանություններից, և մենք պատվով պահելու ենք մեր հող հայրենին»,-ասել է Սերժ Սարգսյանը։
22:30 - 18 հունիսի, 2021