2010 թվականից Անկախության օրվա առթիվ Արցախ այցելած հայաստանյան պատվիրակությունները
14:48 - 02 սեպտեմբերի, 2021

2010 թվականից Անկախության օրվա առթիվ Արցախ այցելած հայաստանյան պատվիրակությունները

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից, 2016 թվական

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որի ժամանակ ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային Միության Գերագույն խորհրդի «Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: Այն ենթադրում էր Խորհրդային Միության կազմից դուրս գալու հանրաքվեի իրականացում այն պարագայում, երբ միութենական հանրապետությունը ցանկանում էր դուրս գալ ԽՄ կազմից: Այդպիսով նույն թվականի
դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ անկախության հանրաքվե․ «Համաձա՞յն եք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն» հարցին «այո» էր քվեարկել ավելի քան 108 հազար հոգի, դեմ՝ միայն 24-ը։

Արցախն այսօր նշում է անկախության հռչակման 30-ամյակը։ Հայաստանի Հանրապետությունից խորհրդարանական պատվիրակություն է ժամանաել Արցախի Հանրապետություն։ Պատվիրակության կազմում են խորհրդարանական 3 խմբակցությունների պատգամավորներ, պատվիրակությունը գլխավորում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ստորեւ ներկայացնում ենք, թե Արցախի Անկախության օրվա առիթով 2010 թվականից սկսած Հայաստանից ինչ պատվիրակություններ են ժամանել Արցախ։

Այսպես, 2010 թվականին ԼՂՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր ժամանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։

2011 թվական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա էր գտնվել 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարությանը:

2012 թվականի սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ էր Ստեփանակերտում՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Պատվիրակության կազմում են եղել ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Ռուբիկ Հակոբյանը, Մարգարիտ Եսայանը, Միքայել Մելքումյանը, Վահան Հովհաննիսյանը եւ այլք:

2013 թվականին դարձյալ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Սարգսյանը ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել էր ԼՂՀ ՊԲ N զորամաս: Կառավարության ղեկավարը շրջել է զորամասով, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին, ստեղծված պայմաններին, ճաշել զինծառայողների հետ: Սարգսյանը մասնակցել էր ԼՂՀ-ի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Առավոտյան ՀՀ վարչապետը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները եւ ՀՀ կառավարության պատվիրակության անդամները Վերածննդի հրապարակից երթով շարժվել են դեպի քաղաքային հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

2014 թվականին Արցախում էր Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։

2015 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի Հանրապետության հռչակման 24-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության եւ արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել էր Ստեփանակերտի հուշահամալիր: Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք էր մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ դրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:

2016 թվականին Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր դարձյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նա մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել էր ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: 



2017 թվականին Արցախում Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին կրկին Սերժ Սարգսյանն էր մասնակցում։

Իսկ ահա 2018 թվականին տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր ՀՀ հաջորդ նախագահը՝ Արմեն Սարգսյանը, նա սեպտեմբերի 2-ի առավոտյան Արցախի նախագահի նստավայրում հանդիպում էր ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։

2018-ին Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ՝ սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով Արցախում էր նաեւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը հանդիպում էր ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը ներկա էին եղել նաեւ կառավարության մի խումբ անդամներ:

2019 թվականին Արցախ էր ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, որը սեպտեմբերի 2-ին հանդիպում էր ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ավարտից հետո պատվիրակության անդամները մասնակցել էին տոնական երթին։ Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ էր տեղադրել Ստեփանակերտի հուշահամալիրի մոտ:

Նախորդ տարի՝ 44-օրյա պատերազմի սկսվելուց 25 օր առաջ, դարձյալ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էր Արցախի Հանրապետությում։ Նա հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։

Այս տարի՝ Արցախի Անկախության 30-ամյակին, Հայաստանի բարձրագույն ղեկավարությունից Ստեփանակերտ չեն ժամանել։ Հայաստանյան պատվիրակությունն, ինչպես նշեցինք, ԱԺ փոխնախագահն է գլխավորում։ Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ն արձակուրդում է։ Նա շնորհավորական ուղերձ է հղել այսօրվա կապակցությամբ։

Ի դեպ՝ ՀՀ կառավարության սեպտեմբերի 2-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու բարձրագույն իշխանությունն այսօր՝ Արցախի Անկախության 30-րդ տարեդարձին, Արցախում չէ, նշել է, որ այդպիսի որոշում է կայացվել․ «Ուրեմն, որոշում կա, տենց ա պետք, քաղաքական որոշում ա կայացվել էդ ձևով անել։ ՀՀ իշխանությունը, կառավարությունը որոշել է այսօրվա հետ կապված միջոցառումներն այդ ձև անել»,- ասել է նա։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել